«Զուլալ» ակապելլա տրիո

«Նուբարը» չխանգարեց «Զուլալի» ստեղծագործական ուղուն

121
(Թարմացված է 17:51 13.07.2016)
Ամերիկայում բնակվող երեք հայուհիներ` «Զուլալ» ակապելլայի անդամներն առաջին անգամ համերգ կունենան հայրենիքում։ Տոմսերը համերգից երկու օր առաջ արդեն սպառված են։ Երգչուհիների հաջորդ երազանքը պատմական հայրենիքում հայ երգարվեստի նոր նմուշներ հայտնաբերելն է։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. «Զուլալ» ակապելլա եռյակի անդամները` Անայիս Տեկերյանը, Թենի Ապելյանն ու Երազ Մարգարյանն իրենց ստեղծագործական միությունը ճակատագրի գործ են համարում` նշելով, որ առաջին իսկ հանդիպումից են գիտակցել, որ միասին ուղի ունեն անցնելու։ Իսկ ուղին հեռավոր ամերիկայում հայկական երգարվեստը ներկայացնելն էր։

Ստեղծագործական առաջին հանդիպումը տեղի ունեցավ 14 տարի առաջ Ապելյանի Մանհեթենի բնակարանում։ Առաջին կատարման համար ընտրվեց «Բինգյոլ» երգը, որն էլ դարձավ տրիոյի հաջողակ ուղու սկիզբը։

«Երգերը հավաքում ենք արխիվներից, երբեմն նաև մարդիկ են առաջարկում իրենց ունեցածը. մեկը մեղեդի է բերում, փորձում ենք միասին կատարել։ Եթե գտնում ենք այդ երգի բանալին, այն մեզ հաջողվում է կատարել, ուրեմն բախտավոր ենք, եթե չգտնենք, չենք կարող կատարել»,- ասաց Ապելյանը։

Իսկ Երազ Մարգարյանը հիշեց` կար մի երգ, որը համերգների ժամանակ կատարել են, բայց հետո հրաժարվել են դրանից` ընդունելով, որ այն թերևս իրենցը չէ։

«Շատ էինք ուզում «Նուբարը» երգել, բայց չստացվեց, ձայները փոխեցինք, Թենին միջին ձայն էր երգում, ես ցածր, փոխեցինք, փորձեցինք, երկու-երեք տարի այս երգը տարանք-բերեցինք, դրեցինք համերգի մեջ, հանեցինք, բայց չստացվեց»,- ասաց Երազը։

Մասնագիտությամբ երաժշտության ուսուցիչ, հոգեբան և թատերագիր երեք հայուհիներն այսօր էլ չեն հրաժարվել իրենց հիմնական զբաղմունքից, իսկ երգարվեստը համարում են իրենց հոգևոր աշխատանքը։ Եվ, իհարկե, հարց ծագեց, թե ինչպես են 14 տարի շարունակ երեք կանայք անխռով համագործակցում միմյանց հետ։

Зулал трио
Нелли Даниелян
«Զուլալ» ակապելլա տրիո

«Շատ բաների միջով ենք անցել 14 տարվա ընթացքում։ Ընկեր ենք, քույր ենք։ Բայց այս լավ արդյունքը, որ տեսնում եք, երեք կողմի հավասարակշռությունն է։ Փորձում ենք այնպես անել, որ երեք ձայները հավասար հնչեն»,- իրենց համերաշխության գաղտնիքը բացահայտեց Երազ Մարգարյանը։

Երեք հայուհիներն այսօր Հայաստանում են, «Զուլալ» ակապելլա եռյակն առաջին անգամ է համերգային ծրագրով հանդես գալու հայրենիքում։ Ծրագիրը բաղկացած է շուրջ 2 տասնյակ երգերից` Կոմիտաս, աշուղական, ժողովրդական, ծանոթ ու ոչ այնքան անծանոթ երգեր։

«Մեր համերգներն աշխարհի շատ երկրներում ավելի շատ օտարազգի ունկնդիրներին հայ երգը ներկայացնելու առաքելությունն ունեն։ Մեր ունկնդիրն առավել հաճախ հենց նրանք են, և ոչ հայերը։ Եվ Հայաստանում հայերի համար երգելը մեզ համար յուրահատուկ առիթ է»,- ասաց խմբի անդամ Ապելյանը։

Իսկ մինչև բեմելը Sputnik Արմենիայի խնդրանքով ամերիկահայ երգչուհիները հայրենիքում առաջին կատարումը նվիրեցին ասուլիսին ներկա լրագրողներին։

121