Ստանիսլավ Շեգլովի աշխատանքների ցուցադրությունը

«Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները»` Գյումրիում

54
Ճանաչված գեղանկարիչ, օֆորտի և լինոփորագրության վարպետ Ստանիսլավ Շեգլովի հավաքածուի ընտրանին Գյումրիում է։ Գեղարվեստի սիրահարները կարող են սեփական աչքերով տեսնել վարպետի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Ստանիսլավ Շեգլովի հավաքածուի ընտրանին՝ 21 գրաֆիկական աշխատանքներով, որոնք 2005 թվականին թանգարանին են նվիրել Սամարայի մարզի ղեկավարությունը և հեղինակը՝ Ստանիսլավ Շեգլովը, Գյումրիում է։

Վոլգայի մերձափնյա գեղեցկագույն քաղաքներից մեկը համարվող Սամարայի XIX դարավերջի-XX դարասկզբի ճարտարապետական հուշարձաններից շատերը ստալինյան ժամանակներում ոչնչացվել են: Ստանիսլավ Շեգլովն իր գործերում խնամքով վերարտադրում է նախահեղափոխական քաղաքային բնապատկերը՝ բացահայտելով կորսված ճարտարապետության ինքնատիպությունն ու ողջ հմայքը՝ ժանեկազարդ նրբին գծագրմամբ ու կատարողական մեծ վարպետությամբ:

Выставка Станислава Щеглова
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Ստանիսլավ Շեգլովի աշխատանքների ցուցադրությունը

«Ալեքսանդրապոլը կայսերական կարևորագույն նահանգային քաղաքներից էր: Գյումրու ընտրությունը պատահական չի եղել. ցուցադրության համար Գյումրին ենք ընտրել, քանի որ այն ավանդաբար թե՛ պատմաքաղաքական, թե՛ մշակութային լայն առնչություններ է ունեցել Ռուսաստանի հետ: Իբրև այդ ավանդույթի շարունակություն` Հայաստանում գործող «Ռուսական արվեստի թանգարանը» միջթանգարանային համագործակցության միջոցով Շիրակի մարզի ազգաբնակչությանն է ներկայացնում հայտնի գեղանկարիչ, օֆորտի և լինոփորագրության վարպետ, Ստանիսլավ Շեգլովի փորագրությունների հավաքածուի մի փայլուն ընտրանի»,- իր խոսքում նշեց Երևանի Ռուսական արվեստի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Մկրտչյանը՝ կարևորելով նաև Գյումրիում ռուսական ամենամեծ համայնքը ունենալու հանգամանքը:

Շեգլովի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» փորագրությունների ցուցահանդեսը հանդիսատեսին հրավիրում է ճամփորդել Սամարայում: Ցուցադրության հիմքը «Հին Սամարա» շարքի օֆորտներն են: Ցուցահանդեսում նաև ներկայացված են 1970-80-ական թվականներին լինոփորագրության տեխնիկայով կատարված Ժիգուլևյան բարձունքները, Մոլոդեցկի բլրի, Բախիլովյան բացատի տեսարաններով բնապատկերները:

«Կարծում եմ` նմանատիպ շրջիկ ցուցադրությունները պետք է շարունակական բնույթ կրեն: Մենք պետք է ամեն տարի կարողանանք մեր հավաքածուն ներկայացնել հանրապետության մարզերում, թանգարանի պահոցին ծանոթանալու և թանգարանների հետ կապը պահելու հնարավորություն տանք մարզերի բնակիչներին»,- նշեց Երևանի «Ռուսական արվեստի թանգարանի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Մկրտչյանը:

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում հունիսի 15-ին բացված ցուցահանդեսը նվիրված է Ստանիսլավ Շեգլովի 80-ամյակին և Ռուսաստանի օրվան: Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 22-ը:

Выставка Станислава Щеглова
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Ստանիսլավ Շեգլովի աշխատանքների ցուցադրության ժամանակ
54