Համերգ

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի դափնեկիրները

10
Այս տարի Արամ Խաչատրյանի անվան մրցույթում հաղթողի կոչումը կիսել են երիտասարդ դիրիժորներ Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) և Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա)

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հունիսի 14-ին հանդիսավորությամբ ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը։ Գալա համերգին ներկա էր ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, որի բարձր հովանու ներքո էլ անցկացվում է Խաչատրյանի անվան մրցույթը։ Այս մասին հայտնում են մրցույթի կազմակերպիչները։

Մրցույթի հաղթողի կոչումը շնորհվել է երիտասարդ դիրիժորներ Միրան Վոպոտիչին (Խորվաթիա) և Ջուն Սան Պարկին (Հարավային Կորեա/Գերմանիա):

Ժյուրիի անդամ Միխալիս Իկոնոմուի և Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի սահմանած «Հայդնի 102-րդ սիմֆոնիայի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել Միրան Վոպոտիչին, որը հաջորդ համերգաշրջանում ելույթ կունենա Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հատուկ մրցույթի համար Էդվարդ Հայրապետյանի գրած «Պավան պիեսի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում հատուկ մրցանակ էին սահմանել ժյուրիի անդամ Կոստանտին Օրբելյանը և Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Այս անվանակարգում մրցանակի է արժանացել Ջուն Սան Պարկը, որը հրավիրվել է նաև Կաունաս՝ հանդես գալու Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սահմանած «Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի Ադաջիոյի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջուն Սան Պարկը։

«Նվագախմբի համակրանք» մրցանակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից հանձնվել է Ջուն Սան Պարկին, նա 2016-2016թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես կգա որպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավիրյալ դիրիժոր։

Նվագախմբի որոշմամբ՝ 2016-2017թթ. համերգաշրջանի ընթացքում Իտալիայից ժամանած մասնակից Բեատրիս Վենեցին կհանդիսանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորի ասիստենտ։ Լյուդվիգ վան Բեթհովենի ասոցիացիան սահմանած հատուկ մրցանակը շնորհել է Միրան Վոպոտիչին և Տոսիֆումի Կանաին (Ճապոնիա)։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Բուն Հուա Լիենին (Սինգապուր)։

Մրցանակ է շնորհվել նաև Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին։ Ժյուրիի անդամ, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), ժյուրի կողմից հանձնելով մրցանակը նվագախմբին, նշել է, որ մրցույթի հերոսներն իրականում հենց այս կոլեկտիվի երաժիշտներն են, որոնք ամենօրյա տևական փորձեր, համերգներ են ունեցել մրցույթի 12 դիրիժորների հետ։ «Երիտասարդական նվագախումբ անվանելը բավարար չէ։ Աշխարհի ամենահիանալի նվագախմբերից մեկն այստեղ է՝ ձեր քաղաքում։ Ուստի գովեստի խոսք եմ ուզում ուղղել բոլոր երաժիշտներին, ովքեր եռանդուն աշխատանքի շնորհիվ ապահովեցին այս մրցույթի հաջողությունը»,- նշել է Մարկ Հիլդրյուն։

«Դիրիժորություն» մասնագիտությունը խաչատրյանական մրցույթում այս տարի առաջին անգամ էր ընդգրկվել։ Մասնակցության հայտ ներկայացրած 57 դիրիժորներից ընտրվել և մրցույթին մասնակցել են 12-ը, նրանցից 4-ն անցել էին եզրափակիչ փուլ։

Արամ Խաչատրյանի անվան մրցույթը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։

 

10