Հայկական գորգ

Եվրոպացիները կկարողանան ծանոթանալ ղարաբաղյան գորգագործական մշակույթին

37
(Թարմացված է 21:12 04.06.2016)
Գերմանիայում հրատարակած «Արցախի գորգագործական մշակույթը» գրքի շնորհանդեսը Երևանում տեղի ունեցավ հունիսի 4-ին: Միջոցառման հյուրերն ու կազմակերպիչները կարևորեցին հայկական և ղարաբաղյան գորգագործության հնագույն պատմության տարածման հարցը

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Առաջին անգամ Եվրոպայում անգլերենով հրատարակվել է Հայաստանի և Ղարաբաղի գորգագործական արվեստի մասին պատմող Աշխունջ Պողոսյանի գիրքը: Այս մասին «Արցախի գորգագործական մշակույթը» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը: 

Նրա խոսքով` գիրքը Գերմանիայում լույս է տեսել շուրջ 30 հազար տպաքանակով, ինչը թույլ կտա եվրոպացի ընթերցողին մոտիկից ծանոթանալ հայկական գորգագործական մշակույթին:

«Կարևոր է ոչ միայն վաճառել գորգը, այլև տարբեր միջոցառումներ անցկացնել: Օրինակ` վերջերս գորգագործությանը նվիրված գիտաժողովներ տեղի ունեցան: Վերջին գիտաժողովը միջազգային էր», — ասաց Հովեյանը:

Նա նշեց, որ այս տարվա նոյեմբերին լինելու է նաև միջազգային հանրապետական գիտաժողով, որտեղ մասնակիցներ կլինեն նաև Լեռնային Ղարաբաղից:

Գրքի հեղինակ, «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի» գլխավոր մասնագետ Աշխունջ Պողոսյանն իր հերթին նշեց, որ անգլերենով գրքի թողարկումը մեծ ձեռքբերում էր: 

Автор сборника — главный специалист ГНКО Центр экспертизы культурных ценностей, кандидат наук Ашхундж Погосян
© Sputnik/ Ани Липаритян
«Արցախի գորգագործական մշակույթը» գրքի հեղինակ Աշխունջ Պողոսյան

«Այս գործը պետք է զարգացնի ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ կազմակերպություն: Այս հարցին պետք է միանա նաև պետությունը», — ասաց Պողոսյանը: 

Մասնագետն ավելացրեց, որ իսկապես պետք է աշխարհին ցույց տալ և ապացուցել, որ Հայկական լեռնաշխարհը գորգագործության հայրենիքներից մեկն է:

«Այս հարցում միայն մեկ գիրքը չի օգնի, անհրաժեշտ է մի շարք հրատարակություններ իրականացնել, որոնք հիմնված կլինեն համապատասխան ուսումնասիրությունների վրա», — ասաց գրքի հեղինակը:

Պողոսյանը նշեց, որ ժամանակն է, որպեսզի հայկական գորգագործական մշակույթը վերածնվի, մասնագետները լուրջ աշխատանք պետք է տանեն այս ուղղությամբ, որպեսզի «մերը կրկին մերը դառնա»։

37