Ազնավուրը «Հաջողության ջենտլմենների» հետ

Ուր տարավ Ազնավուրը Ջենտլմեններին

96
(Թարմացված է 19:05 04.06.2016)
Հայտնի շանսոնիե Շառլ Ազնավուրի այցից հետո անհետացել են խորհրդային «Հաջողության ջենտլմեններ» ֆիլմի վոլգան և արձանը, որոնք ժամանակին տեղադրված էին Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում: Sputnik Արմենիայի թղթակիցը որոշել է պարզել, թե ուր են կորել լեգենդար Ալի Բաբաևիչը, Կոսոյը, Խմիրն ու Դոցենտը:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Երևանի կենտրոնական փողոցներից մեկում` մայրաքաղաքի գլխավոր հրապարակի հարևանությամբ, «կանգնած» են խորհրդային «Կովկասի գերուհին» ֆիլմի երեք հերոսները: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նրանց կողքին էին նաև «Հաջողության ջենտլմեններ» ֆիլմի հերոսներն ու հայտնի Վոլգա մակնիշի ավտոմեքենան:

Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում այս փոքրիկ անկյունը երկար տարիներ Երևանի անբաժանելի մասն էր կազմում` քաղաքին յուրահատուկ կոլորիտ հաղորդելով:

Քանի որ մեր գրասենյակը գտնվում է խորհրդային ֆիլմի հերոսների հարևանությամբ, ամեն երեկո մենք տեսնում էինք, թե խորհրդային դասական հերոսներն ինչ հաջողություն էին վայելում ժողովրդի և զբոսաշրջիկների մոտ: Հատկապես ամռանը զբոսաշրջիկները հերթ էին կանգնում, որպեսզի լուսանկարվեին լեգենդար Կոսոյի, Խմիրի, Ալի Բաբաևիչի և Դոցենտի հետ:

Վերջինն, ով տեսել է հերոսներին, և ում հաջողվել է լուսանկարվել «ջենտլմենների» հետ, ֆրանսիահայ մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրն է: Շանսոնիեն մեկնեց, անհետացան նաև արձանները: «Կովկասցի» եռյակը կրկին մենակ մնաց: Առանց ջենտլմենների անգամ մի տեսակ տխուր է:

Խորհրդային հերոսների քանդակների պատմությունը

Ժամանակին այս փողոցում` նույն տեղում, որտեղ ջենտլմեններն էին կանգնած, բնիկ երևանցիներին պատկանող հին հայկական տուն էր:

Տեղը մինչ օրս պահպանվել է, սակայն տունը վաղուց է իր գործառույթը փոխել, և այսօր այն բոլորի համար հասանելի մի վայր է: Կարոտը տանտերերին դրդեց ստեղծել կորած խորհրդային անցյալի մի անկյուն:

«Սկզբում միտք առաջացավ, այնուհետև մենք այն կյանքի կոչեցինք` պատվիրելով արձանները: Երկար աշխատանքից հետո հերոսները, որոնց դուք պարբերաբար տեսնում եք, ստեղծվեցին պոլիմերային կավից»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց շինության տերը:

Ինչպես պարզվեց, Ազնավուրը միակը չէր, ով իր հետ լուսանկար տարավ խորհրդային կինոյի հերոսների հետ: Մի անգամ Երևան էր եկել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի ընկերը: Նրան, ավանդաբար, Երևանով զբոսնելու տարան:

«Նա այնքան էր տպավորված քանդակներով, որ միանգամից լուսանկարն ուղարկեց ռեժիսորին: Դանելիան հետո դեռ երկար էր մեզ շնորհակալություն հայտնում, որ մենք անմահացրել ենք նրա ֆիլմի հիշատակը»,- խոստովանեց մեր զրուցակիցը:

Մի քիչ Երևանի կոլորիտի մասին

Առանց ջենտլմենների տխրել են ոչ միայն իմ գործընկերները, այլև անցորդները: Աղմկոտ հերթեր և մանկական ուրախ հայացքներ արդեն չկան: Շատ բան է փոխվել, այդ թվում նաև Երևանի կոլորիտը:

Երևանյան փողոցներով զբոսնելիս կարելի է զարմանալի հակասություն տեսնել: Երբեմն թվում է, որ Երևանը սպառողների քաղաք է: Սպառողական ոգին զգացվում է յուրաքանչյուր սյան, խանութի և ճարտարապետական հուշարձանի մոտ: Քաղաքի սրտում կենտրոնացած բազմաթիվ ռեստորանների, սրճարանների ու սննդի կետերի հոտերը «դուրս են մղում» օդը, այնպես, ինչպես հանգամանքները Երևանից «դուրս մղեցին» «Ջենտլմեններին»:

Ջենտլմենները մեկնել են Կրասնոդար` իրենց հետ տանելով Ամիրյան և Զաքյան խաչմերուկի կոլորիտը, սակայն ինչպես մեզ հայտնեցին աղբյուրները, նրանք խոստացել են վերադառնալ:

96
թեմա:
Հանրահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր (47)