Մեթը Կասկադում

«Քաղաքը, որտեղ զբոսնում են հաճույքի համար»․ բրիտանացի ամուսիններին հիացրել է Հայաստանը

337
(Թարմացված է 14:05 19.07.2021)
Մեթն ու Ջուլիան, ի տարբերություն մյուս վիդեոբլոգերների, սիրում են նոր երկրներում ոչ թե երեք-չորս օր և ոչ էլ նույնիսկ երկու շաբաթ, այլ մի ամբողջ ամիս անցկացնել։

«Ափսոս, որ չեմ կարող ձեզ կերակրել օպտիկական լինզայի միջով»,-տեսախցիկին ասում է հմայիչ շիկահերը՝ ցույց տալով սպասով գդալը։ Հայկական այդ ապուրից նրա հիացմունքը շատ խոսուն է։ Նրա ամուսինը նկարահանման ընդմիջումների ընթացքում հայկական խորոված է վայելում և համեմատելով այն իր համար ավանդական բարբեքյուի հետ՝ կարճ նկարագրում է․ «Սա․․․ վաու»։

Ամուսիններն ապրում են Բրիտանիայում, նրանց անվանում են Մեթ և Ջուլիա։ 2020թ․-ին, կորոնավիրուսի համավարակի հետևանքով, 9-5 աշխատանքի ռեժիմով ապրող ամուսինները որոշեցին վերանայել իրենց կյանքի ուղղությունը։ Եթե ավելի հստակ, նրանք․․․

«․․․աշխատանքից ազատվեցինք, վաճառեցինք մեր ամբողջ ունեցվածքը և ճամփա ընկանք մեր գաղտնի կրքի հետևից՝ ճամփորդելով մոլորակի ամենաանհավանական և անտեսանելի անկյուններով»։

Ամուսիններն իրենց համար տեսախցիկներ, բարձրախոսներ և մեծ ուսապարկեր գնեցին և վերաորակավորվեցին վիդեոբլոգերների։ Մեթն ու Ջուլիան, ի տարբերություն մյուսների, սիրում են նոր երկրներում ոչ թե երեք-չորս օր և ոչ էլ նույնիսկ երկու շաբաթ անցկացնել, այլ՝ մի ամբողջ ամիս։

Հայաստանում նրանք հունիսի 15-ից մինչև հուլիսի վերջն էին՝ Երևանի ամենաթեժ սեզոնին, ինչպես ուղիղ-եղանակային, այնպես էլ քաղաքական իմաստով։ Նրանք Հայաստանի մասին ութ հոլովակ են նկարել, որոնցից մեկում պատմում են Հանրապետության Հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքի մասին։

«Ուտելիքը փորձեցինք, տեսարժան վայրերը տեսանք, քաղաքական ակտիվիստ դառնալու ճիշտ ժամանակն է»,-կատակով ասում է Մեթը տեսախցիկին։

Ամուսինների մեկ ամբողջ տեսանյութ նվիրված է Գյումրիին, երկրորդը՝ Գառնի-Գեղարդին, երրորդը՝ Սևանին, իսկ մեկ այլ հոլովակում զույգը պատմում է, թե ինչպես են ապրում Տաթևի գյուղացիները։ Առանձին հոլովակ կա հայկական ուտելիքի մասին, իսկ մյուս բոլոր տեսանյութերում մեզ ցույց են տալիս Երևանը՝ Կասկադից մինչև հանրահավաքներ, Վերնիսաժից մինչև Դիանա Աբգարի անվան նոր այգին։

«Գառնի–Գեղարդն» անցյալում է. ի՞նչն է պակասում երիտասարդ զբոսաշրջիկներին Հայաստանում

«Այս քաղաքը ստեղծված է քայլելու համար։ Իհարկե, Երևանի գլխավոր տեսարժան վայրերի մեկը Կասկադն է, որն իրենից հսկայական աստիճան է ներկայացնում, որով մարդիկ առավոտից մինչև ուշ գիշեր բարձրանում-իջնում են, հենց այնպես՝ հաճույքի համար,-հիացմունքով տեսախցիկին ասում է Մեթը Երևան ժամանելու առաջին օրը,-հետաքրքիր է, որ թեև շատ շոգ է, բայց մարդիկ հաճույքով զբոսնում են ամբողջ քաղաքում, ուզում ես հետևել նրանց օրինակին և խուսափել տաքսիից և տրանսպորտից»։

«Այո, իսկապես, փողոցները շատ լիքն են, հարաբերական փոքր քաղաքի համար կենտրոնում ռիթմը խելահեղ է»,-համաձայնում է Ջուլիան։

Վերնիսաժում զբոսնելով, տեսնելով Կապույտ մզկիթը, նստելով Կենտրոնի սրճարաններում, ամուսինները եզրակացնում են, որ Երևանը «խորհրդային-մերձավորարևելյան ոճ ունի»։

«Մենք նման բան չենք զգացել ոչ Վրաստանում, ոչ մյուս երկրներում, որտեղ եղել ենք»,-ասում է Ջուլիան։

Ինչպես և զբոսաշրջիկների մեծամասնությանը՝ զույգին նույնպես ապշեցրել են մեր խմելու ջրի ցայտաղբյուրները, թող որ բոլոր 8 տեսանյութերում դրանք «պալպալակ» են անվանում։

Առանձին պետք է նշել, որ Երևանի մասին առաջին տեսանյութի վերջում ամուսինները ցույց են տալիս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրն ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Ակտիվ-երիտասարդական երաժշտությունը փոխվում է մելանխոլիկ երաժշտության, տեսախցիկի առջև կենսախինդ մեկնաբանությունները՝ կադրից դուրս ձայնին։

Վարդավառը սիրում են ոչ միայն հայերը, այլ նաև զբոսաշրջիկները. տոնի ուրախ լուսանկարները

«Անհնար է լինել Հայաստանում և հարգանքի տուրք չմատուցել այդ ժողովրդի մեծագույն ցավին»,-ընդհանրացնելով, ասում է Մեթը Ծիծառնակաբերդ այցելության վերջում։

Ջուլիան ռուսերեն է խոսում (նրա մինչամուսնական ազգանունը Չերնոգորովա է), և հենց նա է հարցեր տալիս հայերին, որոնց հանդիպում են։ Մեթն ու Ջուլիան Տաթևի մասին հոլովակ են նկարել, և դա ամենևին էլ այն չէ, ինչ կարելի է պատկերացնել, լսելով «զբոսաշրջիկները Տաթև են գնացել» արտահայտությունը։ Այստեղ կադրեր կան թե՛ Տաթևի վանական համալիրից, թե ճոպանուղուց, բայց տեսաժամանակի մեծ մասը ամուսինները զրուցում են գյուղի սովորական բնակիչների հետ, ցույց են տալիս, թե ինչ է նշանակում ապրել հայկական գյուղում։

«Այստեղ ապրելը դժվար է, ԽՍՀՄ-ի տարիներին ավելի հեշտ էր, գործարաններ կային, աշխատանք»,-ասում է Տաթևի բնակիչ Էդիկը։ Այդ ընթացքում նրա կինը դրսում լվացք է անում։ Ամուսինները ընտանիքին օգնում են տան գործերն անել, իսկ օրվա վերջում Ջուլիային նույնիսկ հրավիրում են ավանդական լավաշ թխելու։ Այդ գործը նրան դժվարությամբ է տրվում, բայց Ջուլիան չի շփոթվում։

Եվ չնայած ամուսինների արկածները Հայաստանում ավարտվել են և այս պահին նրանք արդեն Մակեդոնիայում են, նրանց «հայկական» պատմությունը շարունակվում է։ Զույգը նախատեսում է Հայաստանում ճամփորդության առցանց-գիդ թողարկել, որում կնշեն այն բոլոր տեսարժան վայրերը, ուտելիքը, քաղաքներն ու գյուղերը, որոնք անպայման պետք է տեսնել ու վերապրել Հայաստան այցելելիս։

337
թեգերը:
Հայաստան, Մեծ Բրիտանիա, Զբոսաշրջիկ
Ըստ թեմայի
Հայկական գինի էին խմում նաև «արքաներն» ու զբոսաշրջիկները. փառատոնը` լուսանկարներով
Զբոսաշրջություն անիվների վրա. հանդիպել են ՀԿԵ-ի և տուրիստական ընկերությունների ղեկավարները
Քերոբյանը մտածում է բժշկական զբոսաշրջության մասին. նրան ոգեշնչել են իրանցիների հերթերը
Սիրիլ Նորքթոն Փարքինսոն

Նոր կառավարությունը կազմավորելիս բրիտանացի Փարքինսոնին էլ լսեք