Բոլոր մրցավարները դժոխք են գնում, կամ ֆուտբոլային զավեշտալի պատմություններ

194
​Եկեք անկեղծ լինենք։ Բոլորս անհամբերությամբ սպասում ենք կիրակի օրվան, երբ տեղի կունենա Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը ու հաճախ մոռանում ենք, որ հենց նույն օրը կորոշվի մեկ այլ խոշոր մրցաշարի՝ Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթողը։
Ինքն իրեն դաշտից հեռացնող մրցավար, Բրազիլիային գոլ խփած երկրպագու եւ ֆուտբոլային այլ անհավանական պատմություններ

Մինչդեռ այդ գավաթը, որը նախկինում կոչվում էր Հարավային Ամերիկայի առաջնություն, շատ ավելի հարուստ պատմություն ունի, որովհետև առաջին չեմպիոնատը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ՝ 1916 թվականին։

Եվ քանզի այս կիրակի կայանալիք եզրափակիչում հանդիպելու են Ամերիկայի, իմ կարծիքով, ուժեղագույն թիմերը՝ Բրազիլիան և Արգենտինան, թույլ տվեք հիշեցնել, թե ինչ աննախադեպ բան կատարվեց այդ նույն երկու թիմերի հանդիպման ժամանակ 1916 թվականին։

​Խաղից բառացիորեն րոպեներ առաջ պարզվեց, որ Արգենտինայի առաջատար հարձակվողներից մեկը ինչ-ինչ պատճառներով չի կարողացել ներկայանալ, նրան փոխարինող էլ չկա։ Դուք ի՞նչ կանեիք։ Արգենտինացիների մարզիչները  արտառոց որոշում կայացրին և պարզապես դիմեցին տրիբունաներում նստած երկրպագուներին. «Եթե որևէ մեկդ լավ խաղալ գիտի, օգնե՛ք մեզ»։

Դա Խոսե Մանուել Լագունայի աստեղային ժամն էր։ Այդ մարդը, որը նախկինում իհարկե խաղացել էր սիրողական թիմերում, բայց ազգային հավաքականի կազմում հայտնվելու մասին, բնականաբար, երազել անգամ չէր կարող, իջավ տրիբունայից, մարզազգեստ հագավ հանդերձարանում և դուրս եկավ դաշտ։ Տասը րոպե էլ չէր անցել, երբ նա խոցեց բրազիլացիների դարպասը։ Ու թեև խաղն ավարտվեց 1։1 հաշվով, Լագունան մեկ օրում ազգային հերոս դարձավ։ Համաձայնեք՝ արժանի էր։ Էլ ո՞վ կարող է գալ մարզադաշտ՝ սիրելի թիմին երկրպագելու և գոլ խփել։ Այն էլ ում՝ բրազիլացիներին։

​Ճիշտ է, այն ժամանակ՝ անցած դարի առաջին կեսին, Լատինական Ամերիկայում ծաղկում էին մաֆիոզ խմբավորումները, որոնք ինչ-որ չափով վերահսկում էին նաև ֆուտբոլը։ Այս դեպքը պատահել է Մեքսիկայում։ Երկու թիմերի խաղից առաջ գանգստերների պարագլուխը հրավիրում է մրցավարին և ասում. «Կամ այնպես կանես, որ մեր թիմը հաղթի, և այդ դեպքում կլորիկ գումար կստանաս, կամ…»։ Ու սկսում է թվարկել այն բոլոր սպառնալիքները, որոնք հիմա արդեն անգիր գիտեն նույնիսկ հայաստանցի դպրոցականները՝ պատին կծեփենք, ասֆալտին կփռենք և այլն։ Խաղը սկսվում է, և մրցավարն իրենից կախված ամեն ինչ անում է, որ այդ թիմը հաղթի՝ նույնիսկ խիստ կասկածելի 11-մետրանոց է նշանակում, բայց դա էլ չեն կարողանում իրացնել։

ԱՄՆ-ում` ընդհակառակը, կամ ինչպես ամրագրվեց անընդունելի իշխանություններին տապալելու դրույթը

Եվ խաղի վերջին րոպեին պատահում է անպատկերացնելին՝ անկյունայինի խաղարկման ժամանակ մրցավարը հմտորեն ցատկում է ու գլխի գեղեցիկ հարվածով  գնդակն ուղղում հակառակորդի դարպասի ցանցի մեջ։ Իհարկե, որակազրկվում է մինչև կյանքի վերջը, բայց հո գանգստերները մուրճով գլխին չէի՞ն տալու, ընդհակառակը առատորեն պարգևատրում են։

​Սովորաբար, իհարկե, հենց մրցավարներն են պատժում ուրիշներին։ Բայց չեք հավատա՝ եղել է առնվազն մի դեպք, երբ մրցավարը պատժել է… ինքն իրեն։ Դա պատահել է 1998 թվականին, Լոնդոնից ոչ հեռու գտնվող Չարլթոն քաղաքում, որտեղ հանդիպում էին երկու սիրողական թիմեր։ Խաղացողներն անընդհատ բողոքում էին մրցավարի որոշումներից, թեժ վիճաբանությունների մեջ մտնում նրա հետ։

Եվ ի վերջո մարդը չդիմացավ։ Երբ հերթական սուլոցից հետո խաղացողներից մեկը մոտեցավ, հայհոյեց ու հրեց իրեն, մրցավարն այնպիսի  ուժգին հարված հասցրեց նրա դեմքին, որ անպատկառ ֆուտբոլիստը հայտնվեց նոկաուտում։ Գիտակցելով, թե ինչ է արել` մրցավարն անմիջապես հանեց կարմիր քարտը և ինքն իրեն հեռացրեց խաղադաշտից։ Համաձայնե՛ք, գովելի արարք՝ կարող էր, չէ՞, սկսել համոզել բոլորին՝ այո՛, ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ։ Չարեց, որովհետև ազնիվ մարդ էր, իսկ ազնիվ մարդը քաջ գիտակցում է՝ ամեն մեկը պիտի անպայման պատասխան տա արածի համար։

​Եվ քանզի գերազանցապես մրցավարների մասին խոսեցինք, թույլ տվեք ավարտել մի անեկդոտով։ Դժոխքից մի պատվիրակություն է գալիս դրախտ և առաջարկում. «Եկեք այս կիրակի ֆուտբոլային հանդիպում կազմակերպենք»։ Դրախտցիները ժպտում են. «Խաղալը կխաղանք, բայց ախր դուք էլ հրաշալի գիտեք, որ լավագույն ֆուտբոլիստները մեզ մոտ են՝ դրախտում»։ Դժոխքցիներն էլ ժպտում ու սառնասրտորեն արձագանքում են. «Բայց ախր դուք էլ հրաշալի գիտեք, որ բոլոր մրցավարները մեզ մոտ են՝ դժոխքում»։

194
թեգերը:
ֆուտբոլ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ, երկրպագու, մրցավար, գոլ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (429)
Ըստ թեմայի
Եթե բոլոր նախկինները փոխել են, ինչու ներկաները չպետք է փոխեն Սահմանադրությունը
Վճարովի պրոֆեսիոնալ բանակ. եթե ազգովի «կպնենք», տակից դուրս չե՞նք գա
«Հաշվապահի քույրը հո չի՞ խաբում…». ահա թե ինչու են մարդիկ խուսափում պատվաստվելուց
Սիրիլ Նորքթոն Փարքինսոն

Նոր կառավարությունը կազմավորելիս բրիտանացի Փարքինսոնին էլ լսեք