Արխիվային լուսանկար

«Հաշվապահի քույրը հո չի՞ խաբում…». ահա թե ինչու են մարդիկ խուսափում պատվաստվելուց

477
(Թարմացված է 22:14 07.07.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Այս վերջին տարին կարելի է ինքնաճանաչման տարի անվանել. այնքա՜ն նոր բաներ իմացանք ինքներս մեր մասին թե′ պատերազմի, թե′ ընտրությունների ժամանակ։
Ինչո՞ւ են մարդիկ խուսափում պատվաստվելուց

Մի նոր բացահայտում էլ համավարակն ավելացրեց. պարզվեց, որ չենք ուզում պատվաստվել։ Այս վերջինը, իհարկե, միայն հայաստանցիներին չի վերաբերում։ Մեզ տանջող ցավը շատերին է պատել ողջ աշխարհում, բայց այլ երկրներում գոնե փորձում են հասկանալ, թե որտեղ են թաքնված «հակապատվաստականների» շարժման արմատները, վերլուծում են հայտնի փաստերն ու կուտակված փորձը, կոնկրետ առաջարկներ են անում, որոնց նպատակն է հասկացնել մարդկանց՝ մի′ խուսափեք պատվաստումից, որպեսզի չվտանգեք ո′չ ձեր, ո′չ էլ ուրիշների առողջությունն ու կյանքը։

Իսկ մեզ մոտ ի՞նչ են անում այն մոլի հայրենասերները, որոնց գիշերն էլ հանգիստ չեն տալիս ժողովրդի դարդերը. կոչ են անում համազգային պարսավանքի ենթարկել մեզ՝ անգիտակից լրագրողներիս, որ ամեն օր սարսափազդու լուրեր ենք տարածում այն մասին, թե ինչ-որ երկրում մարդը մահացել է պատվաստվելուց հետո, մյուս երկրում պատվաստման կողմնակի էֆեկտներ են հայտնաբերվել, երրորդ երկիրն էլ պարզապես դադարեցրել է այսինչ պատվաստանյութի կիրառումը։ Ու չեն գիտակցում այդ մարդիկ, որ արգելելու փոխարեն անհրաժեշտ է պարզապես ստեղծել շարքային քաղաքացուն միանգամայն հասու համապարփակ տեղեկատվության կենտրոններ, որտեղ կարելի կլինի սպառիչ ու հրատապ տվյալներ քաղել այն մասին, որ մահերի թիվը խիստ չափազանցված է, կողմնակի էֆեկտները չնչին տոկոս են կազմում, իսկ պատվաստանյութի կիրառումը ժամանակավորապես դադարեցրած պետությունը վաղուց արդեն վերսկսել է դրա զանգվածային օգտագործումը։

Ասում եք՝ նման կենտրոններ ստեղծելու համար փող է պետք։ Այո′, Իսրայելում պատկառելի գումարներ են ծախսել հենց այս նպատակով, բայց արդյունքն ակնհայտ է՝ բնակչության մեծ մասը պատվաստված է։ Բայց շատ ճիշտ եք՝ ինչ էլ անենք, միևնույն է՝ կգտնվեն բազմաթիվ թերահավատներ, որոնց տարհամոզելը պարզապես անհնար է. «Չեմ հավատում ու վե'րջ»։

Պուտինն ասել է, թե որ դեղամիջոցով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Իսկ ի՞նչ են արել մեր իշխանությունները, որպեսզի մարդիկ նրանց հավատան։ Չէ՛, չէ՛, այն մասին չի խոսքը, որ աշնանային պատերազմի ողջ ընթացքում մեզ հավատացնում էին` «հաղթելո՛ւ ենք», վերջում էլ հլու-հնազանդ ընդունեցին կապիտուլյացիան։

Մեր թերահավատությունը դեռ սովետի ժամանակներից է գալիս, երբ կոմունիստ ղեկավարները, որոնք նստած էին այն շենքում, որտեղ հիմա պատգամավորներն են նստում, ժողովրդին ապահովում էին էժան, բայց անորակ «Դոկտորսի»-ով և «Լյուբիտելսկի»-ով, իսկ իրենք «Մոսկովյան» ապխտած երշիկ էին ըմբոշխնում։ Դրանից հետո ես ինչպե՞ս հակադարձեմ այն մարդուն, որը հիմա պնդում է. «Այս մեր ղեկավարները մեզ ինչ-որ անհայտ, անորակ պատվաստանյութ են հրամցնում, իսկ իրենք սրսկվում են արտասահմանից հատուկ իրենց համար բերված ամենաբարձրորակ պատվաստանյութով»։

Համաձայնե′ք, շատ ճիշտ է նկատել Ռուսաստանի հասարակական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդրա Արխիպովան.

«Պատվաստման վերաբերյալ ֆեյք տեղեկություններին հավատալը շատ ավելի հեշտ է ու հարմար, քան գիտական տվյալներին ծանոթանալը»։

Պարտադիր պատվաստմանը կողմ եմ, բայց անձամբ ինձ չփորձեք պարտադրել

Ինչո՞ւ։ Ախր հրաշալի գիտեք՝ խնդիրը ամիսներ շարունակ ամենայն մանրամասնությամբ հետազոտած պրոֆեսորը պատվաստման օգուտները բացատրում է շատ երկար ու անհասկանալի լեզվով ու չի էլ գիտակցում, որ իր վերջին արտահայտությունը՝ «բայց այս ամենը դեռ ուսումնասիրման կարիք ունի», ոմանց համար պատվաստումից խուսափելու հիասքանչ առիթ է։

Նրանք 1000 անգամ ավելի շատ են հավատում, այսպես ասած, ծանոթ բժշկին, որի մարմնացումը «հաշվապահի քույրն է»։

Ասում ես՝ բայց նա բժիշկ չէ։ Հակադարձում են՝ ինչպե՞ս թե բժիշկ չէ՝ բժշկական ուսումնարանում կես տարի սովորել է։ Բայց ախր ոչ մի օր չի աշխատել, միանգամից ամուսնացել է։ Ու ի պատասխան լսում ես անառարկելի, մահացու փաստարկը` բայց ինքը հաշվապահի քույրն է, հաշվապահի քույրը հո սուտ չի՞ ասի։

Բա հենց դրա համար էլ մարդիկ հավատում են, որ համավարակը տարածել է Բիլ Գեյթսը, որ պատվաստանյութի անվան տակ մեզ չիպ են ներարկում, վերջապես, որ կորոնավիրուսն իրականում ընդհանրապես գոյություն չունի։ Չէ՞ որ այս ամենը լսել են հաշվապահի քրոջից։ Իսկ հաշվապահի քույրն, ինչպես հայտնի է, երբեք սուտ չի ասում։

Անգամ պատվաստում ստանալուց հետո քաղաքացիները ստիպված կլինեն դիմակ դնել. ԱՀԿ ներկայացուցիչ

477
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, պատվաստանյութ, պատվաստումներ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (425)
Ըստ թեմայի
Հայտնի է` Հայաստանում քանի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Պատվաստանյութերի պատերազմ․ ինչպես է Եվրոպան պայքարում «Սպուտնիկ V»-ի դեմ
Պատվաստման հավաստագրերը չե՞ն ճանաչվում. ինչ խնդրի առաջ կարող ենք կանգնել արտերկիր գնալիս
Արմեն Սարգսյան

Օլիմպիադան և Պանդորայի արկղը, կամ երբ Սարգսյանը չի կարող բարձրաձայն քաջալերել մարզիկներին