Պատվաստում

Պատվաստման թվային անձնագրերը և Հայաստանի խայտառակ ցուցանիշը. կորոնավիրուսային ամառ

208
Եկեք անկեղծ լինենք։ Լավատեսները համոզված են, որ 2021 թվականը ողջ աշխարհում կարող է դառնալ համավարակի դեմ պայքարում ձեռքբերված բավական լուրջ, միգուցե նույնիսկ վճռորոշ հաջողությունների տարի։
Կորոնավիրուսային ամառը մտնում է անցագրային փուլ

Բառացիորեն օր-օրի ավելանում է այն պետությունների թիվը, որոնք հրաժարվում են հիվանդության տարածումը կանխելու նպատակով մտցված սահմանափակումներից։ Հոռետեսներն, ինչպես միշտ, խիստ կասկածամիտ են։ «Նախ,– փաստում են նրանք, –էդ ամենը մենք արդեն անցել ենք ու հրաշալի գիտենք, որ սահմանափակումների մեղմացմանն անխուսափելիորեն հետևում է համավարակի նոր ալիքը։ Եվ երկրորդ, ախր ամառն է եկել, երբ սկսվում է զբոսաշրջային սեզոնը, ու խիստ միջոցներից հրաժարվելն ընդամենը մի նպատակ ունի՝ հնարավորինս մեծ գումարներ պոկել տուրիստներից»։

​Միգուցե այս հիմնավորումները որոշ չափով արդարացված են, սակայն հո չե՞ն ստում մասնագետները, որոնք փաստում են՝ դատելով օբյեկտիվ տվյալներից, կորոնավիրուսը գոնե առանձին երկրներում այնուամենայնիվ տեղի է տալիս։ Խոստովանեմ՝ երբեք աչքի չեմ ընկել ավելորդ լավատեսությամբ, բայց, համաձայնե՛ք, հայաստանյան ցուցանիշներն էլ են ինչ-որ հույսեր ներշնչում՝ վերջին ժամանակներս նոր վարակվածների թիվը բավական ցածր է՝ 100-ի սահմաններում, իսկ անցած շաբաթ մեկ օր եղավ, երբ կորոնավիրուսով պայմանավորված մահվան ոչ մի դեպք չգրանցեցինք։

​Բոլոր դեպքերում, համաճարակային իրավիճակի որոշակի բարելավումը որոշ պետություններում փորձագետներն առաջին հերթին կապում են պատվաստման ծավալների էական մեծացման հետ։ Մենք այդ տեսակետից ամենևին չենք փայլում. պատվաստվածների թիվը Հայաստանում այս շաբաթ հազիվ հասավ 50 հազարի, ինչը ոմանք բնութագրում են որպես խայտառակ ցուցանիշ։

Մյուս կողմից, մեկ-մեկ լսում ես պարզապես անհեթեթության հասնող առաջարկներ, որոնք հնչում են ամենաբարձր ամբիոններից, նույնիսկ խորհրդարանում՝ եկեք տարեցներին թոշակ չտանք մինչև չպատվաստվեն։ Այնինչ, օրինակ, Ռուսաստանի Կուրսկի մարզում հակառակ ճանապարհն են ընտրել, որոշել են պատվաստվելու դեպքում ծերերին բոնուս՝ պարգև տալ 3000 ռուբլու չափով։ Հիմա կասեք՝ դե լավ, 20 հազար դրամին համարժեք այդ գումարն ինչ է որ։ Կներե՛ք, դուք երևի դեռ բավական երիտասարդ եք ու չգիտեք, թե ինչ է նշանակում հայաստանցի թոշակառուի համար այդ 20 հազարը։

Չինաստանը զիջում է դիրքերը Հնդկաստանին, բայց մասնագետները պնդում են՝ չկա չարիք առանց բարիք

​Իսկ աշխարհի երկրները շարունակում են մրցակցել պատվաստման լավագույն ցուցանիշների համար և, այո՛, կամաց-կամաց բացվում են զբոսաշրջային սեզոնին ընդառաջ։ Իսրայելն, օրինակ,  այնքան է առաջ գնացել, որ նույնիսկ եվրոպացիներից հսկայական ջանքեր կպահանջվեն այդ երկրին հասնելու համար։ Տեսե՛ք։ Երեքշաբթի օրը Եվրախորհրդարանը որոշեց առաջիկա շաբաթների ընթացքում շրջանառության մեջ դնել այսպես կոչված պատվաստման թվային անձնագրերը, որտեղ նշված կլինեն երկու ամենակարևոր հանգամանքները՝ արդյոք ստուգվե՞լ եք, և բժիշկները հաստատե՞լ են, որ դուք հիվանդ չեք, եւ երկրորդ՝ պատվաստվե՞լ եք, թե՞ ոչ, և եթե՝ այո, ապա ինչո՞վ եք պատվաստվել։

​Այս անձնագիրը, որն, իհարկե, մեր իմացած թղթային անձնագրի նման չէ, այլ պարզապես մի հավելված է բջջային հեռախոսի մեջ, կոչված է լիովին վերականգնելու Շենգենի գոտին, որը քանդվել էր արդեն երկրորդ անգամ։ Հիշում եք երևի, որ առաջին անգամ եվրոպացիները սկսեցին փակել միմյանց սահմանները մի քանի տարի առաջ՝ փորձելով կանխել ներգաղթյալների անկառավարելի հոսքը։ Շենգենի երկրորդ փորձության պատճառը կորոնավիրուսն էր։

Հույս ունենանք, որ պատվաստման  անձնագրերը իրոք կնպաստեն սահմանային պրոբլեմների կարգավորմանը, ու Եվրոպա մեկնող հայաստանցին առաջվա պես գործ կունենա ողջ Շենգենի տարածքում գործող միասնական ու հասկանալի կանոնների հետ։ Բայց ինչն է հետաքրքիր՝ մինչ  Եվրոպայում այդ անձնագրերը նոր են շրջանառության մեջ դրվում, Իսրայելում դրանք ընդհակառակը՝ վերացվում են։ Իշխանությունները համոզված են՝ այսպես կոչված կանաչ անձնագրերը, որոնցով կարելի էր գնալ ռեստորան, կինո կամ թատրոն, այլևս պետք չեն, որովհետեւ արդեն պատվաստված է իսրայելցիների ավելի քան 60 տոկոսը։

​Այս տեսակետից Իսրայելի հիմնական մրցակիցը Ամերիկան է։ Դեռ 10 օր առաջ՝ մայիսի ամենավերջին, Միացյալ նահանգներում առնվազն մեկ պատվաստում էր ստացել բնակչության կեսը, իսկ նախագահ Ջո Բայդենը վաղուց արդեն խոստացել էր՝ մինչեւ Անկախության օրը, որն, ինչպես գիտեք, նշվում է հուլիսի 4-ին, կորոնավիրուսի դեմ ներարկված է լինելու ամերիկացիների 70 տոկոսը։ Համեմատեք հայաստանյան ընդամենը 50 հազարի հետ, որը մեր իշխանությունները խոստացել են 600 հազար դարձնել մինչև տարեվերջ։ Կդարձնե՞ն արդյոք։ Համաձայնե՛ք՝ այսօր շատ դժվար է պատասխանել այդ հարցին. մենք իսկի չգիտենք, թե 10 օրից ինչպիսի իշխանություններ ենք ունենալու։

208
թեգերը:
պատվաստումներ, պատվաստանյութ, աշխարհ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (398)
Ըստ թեմայի
Ընդամենը 2 կուսակցություն խորհրդարանում. սա մեր անցյա՞լն է, թե՞ ապագան
Արտահերթ, բայց ոչ արտառոց. հոլանդական ընտրություններն ու հայ «չգործարար» թեկնածուները
Նահանջի տեղ չկա, վտանգ ես զգում, պիտի առաջինը հարձակվես, կամ Իսրայելի հաղթանակի բանաձևը
ՀՀ ԱԺ

Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը