«Գրաֆիտե» բժիշկ՝ ԵՊԲՀ-ի մասնաշենքի պատին

«Հիվանդանոց հասանք, կանգնեցի, լրիվ արյուն էի, ոտքերս դողում էին»․ առանց դիպլոմ բժիշկները

488
(Թարմացված է 09:00 08.06.2021)
Պատերազմի օրերին և համավարակի ընթացքում ցուցաբերած անձնվիրության համար օրերս նախագահի հրամանագրով «Երախտագիտության մեդալի» արժանացան առողջապահության ոլորտի մի շարք աշխատակիցներ, նաև՝ ԵՊԲՀ մի քանի ուսանողներ։ Այս պատմությունը նրանցից երկուսի մասին է։

Պատերազմի առաջին իսկ օրվանից Սպիտակ բանակի շարքերը համալրեցին ոչ միայն արդեն փորձառու բժիշկները, այլև ապագա բժիշկները։ Նրանցից ոմանք պատերազմից չվերադարձան, իրենց կյանքը զոհեցին՝ կյանքեր փրկելու ճանապարհին։ Մյուսները պատերազմի դժոխքից դուրս եկան մի քանի օրում մի քանի տարով մեծացած․․․

Երբեք հոգեպես պատրաստ չեմ եղել նման բանի մեջ հայտնվելու․ Տաթևիկ Խաչատրյան, 5-րդ կուրս

Երբ դեռ երեխա էր, ուզում էր հասկանալ՝ ինչու է մայրիկն ակնոց կրում, իսկ մյուսները՝ ոչ։ Բժիշկ դառնալու մտքեր կային, իսկ որոշում՝ ոչ։ Տաթևիկն իրեն IT ոլորտում էր տեսնում․ 10-րդ դասարանում կտրուկ միտքը փոխեց։ Վերջին երկու տարիներին տեսածից ու ապրածից հետո առավել համոզված է՝ ճիշտ որոշում է կայացրել։ Խոստովանում է՝ թե համավարակի ժամանակ, թե պատերազմի օրերին մասնագիտության կարևորությունը զգալուց հետո բժշկությունն ավելի ու ավելի է ձգում, ավելի ստիպում կարդալ, սովորել, ամեն մանրուքին ուշադրություն դարձնել։

Награжденная президентской медалью Признательности, студентка ЕрГМУ Татевик Хачатрян
Asatur Yesayants
Տաթևիկ Խաչատրյան

«Երբեք չեմ զգացել, որ կարող եմ ինձ այսքան կարևոր զգալ՝ դեռ բժիշկ չդարձած»,- ասում է նա։

Տաթևիկի պատերազմը սկզբում կորոնավիրուսի դեմ էր։ Հենց առաջին օրերից որպես կամավոր աշխատում էր հյուրանոցներից մեկում, որտեղ մեկուսացվում էին կորոնավիրուսով հնարավոր հիվանդները։ Հետո աշխատանքը շարունակվեց արդեն հիվանդանոցում՝ ժամեր շարունակ հատուկ հանդերձանքով լինել, չքնել, օրական մեկ անգամ սնվել, սթրեսներ տանել։ Կարծում էր՝ դրանից վատ չի կարող լինել, բայց եկավ պատերազմը։

«Պատերազմը ստիպեց հասկանալ, որ կորոնավիրուսը վատագույնների մեջ լավագույնն էր։ Համավարակի հետևանքով մենք հիմնականում տատիկ-պապիկների էինք կորցնում, իսկ պատերազմի ժամանակ իմ տարիքի ու ինձանից էլ փոքր տղաներ էին»։

Սեպտեմբերի 27-ին տանն էր՝ Մարտունիում, պատերազմի լուրը լսելուն պես նստեց մեքենան ու Երևան շտապեց։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան արդեն Ստեփանակերտում էր։
«Միշտ լսել եմ պատերազմի մասին, կարդացել եմ, ֆիլմեր եմ դիտել, բայց սա ուրիշ էր։ Ոնց որ սառեց ամեն ինչ, քաղաքում մթություն էր, լռություն, մարդիկ շշուկով էին խոսում, նույնիսկ հիվանդանոցի լույսերն էին անջատված։ Ոնց որ իրական չլիներ»։

Խոստովանում է՝ երբեք հոգեպես պատրաստ չի եղել նման բանի մեջ հայտնվելու։ Կարծում է՝ եթե մինչև պատերազմը համաճարակային լարված իրավիճակում աշխատած չլիներ, միգուցե չդիմանար։ Որքան էլ տարօրինակ է, բայց համավարակն օգնեց պատերազմի օրերին ավելի արագ կողմնորոշվել ու գործել։ Չնայած սթրեսակայանությանը՝ լինում էին օրեր ու դեպքեր, երբ ուղղակի անհնար էր դառնում էմոցիաներին տիրապատելը։

Դեպրեսիան սկսվեց արդեն Մոսկվայում. բժիշկը չի հաշվել՝ քանի կյանք է Արցախում փրկվել

«Հադրութից մի զինվոր էինք տեղափոխում, ոտքերի մեջ բեկորներ էին։ Դեռ երկրորդ օրն էր, շատ բան չունեինք մեզ մոտ, որ կարողանայինք իրեն օգնություն ցույց տալ։  Ես էդ տղայի ոտքն ամբողջ ճանապարհին գրկել եմ, բարձր պահել ու խոսեցրել եմ, որ հանկարծ գիտակցությունը չկորցնի։ Երբ հասանք Ստեփանակերտի հիվանդանոց, ես կանգնեցի․ ամբողջովին արյուն էի, ոտքերս դողում էին»։

Տաթևը մի պահ մտովի հեռու է, երևի էլի Ստեփանակերտի հիվանդանոցում կանգնած, հետո սկսում է ժպտալ՝ տղան ողջ մնաց, մինչև հիմա կապ ունեն, գործընկերոջ հետ անգամ հասցրել է տղայի նշանադրությանը մասնակցել։

Այն, որ այս օրը կարող է վերջինը լինել, մի քանի անգամ է մտքով անցել, մի տեսակ համակերպվել էր այդ մտքին։ Միայն ծնողների մասին էր մտածում, ասում է՝ ավելի կարևոր բան չկար մտածելու՝ հայրենիք ու ընտանիք, հավասարազոր բաներ են։ Ամենաուժեղ ռմբակոծությունը, որ ապրել է, Տող գյուղում էր։ Այդ օրն ու տեսարանները երբեք չի մոռանա։

«Արվեստի դպրոցը վերածել էին հոսպիտալի, էդ տեսարանը լրիվ ֆիլմ էր՝ նկարներ, արվեստի գործեր, վիրահատական սեղան, արյունոտ հատակ։ Մի տղա բերեցին, միայն անունն եմ հիշում, թղթի վրա հասցրեցի կարդալ՝ Արա։ Արան անընդհատ գլուխը շարժում էր, ես բռնել էի, որ պարանոցից կատետրը միացնեին։ Ոտքերի մեջ բեկորներ կային, վիրահատարան տարան, ես չգիտեմ, թե ինչու մտածում էի՝ բեկորները կհեռացնեն, ոտքը չեն ամպուտացնի։ Բժիշկներից մեկն ասաց՝ ծնկափոսային զարկերակ են գտել, դա նշանակում էր՝ ոտքը չեն ամպուտացնի։ Հետո մեզ ասացին՝ ձեր հիվանդին բերում ենք, տարեք։ Բերեցին Արային՝ ոտքը ազդրից ամպուտացրած։ Ես ամբողջ ճանապարհին՝ Տողից մինչև Ստեփանակերտ, դեմքս մի կողմ էի շրջում ու լացում։ Ուզում էի ինձ պատկերացնել իր տեղում, արթնանաս ու տեսնես՝ ոտքդ չկա»։

Սա ասելուց հետո Տաթևի աչքերում էլի արցունքներ են հայտնվում։ Հոկտեմբերի 28-ին եկավ Հայաստան՝ մայրիկի ծնունդը շնորհավորելու։ Ճանապարհին վարակվել էր քովիդով վիրավոր զինվորից։ Ասում է՝ գիտեր, որ հիվանդ է, բայց պաշտպանվելու մասին չէր մտածում, ավելի կարևոր էր նրան օգնելը։ Ծրագրում էր նոյեմբերի 11-ին վերադառնալ Արցախ․․․

«Նոյեմբերի 9-ին ծնունդս էր, լուրերը կարդալուց հետո մի քանի օր լացել եմ։ Բացի էն, որ հայրենիք էինք կորցնում, ինձ համար էդ հաղթանակը կարևոր էր նրանով, որ շատ մայրերի համար դա սփոփանք էր դառնալու, իսկ հիմա․․․»։

Պատերազմից հետո շատ է փոխվել, սկսել է իր շուրջը եղածն այլ կերպ գնահատել։ Նշում է՝ «մի քանի օրում մի քանի տարով մեծացանք»։ Իր ապագա մասնագիտացման հարցում դեռ չի կողմնորոշվել․ տարբերակներից մեկը հոգեթերապևտ դառնալն է։ Նշում է՝ պատերազմի հոգեկան հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու, հետքերն այսքան շուտ չեն վերանա․․․

Չէր կարողանում քայլել, ասում էր՝ վիրակապեք, գնամ․ Արտակ Կիրակոսյան, 6-րդ կուրս

Մայրն ունի սրտի խնդիր ու զարկերակային գերճնշում։ Դեռ փոքրուց մտածում էր բժիշկ դառնալը՝ մայրիկին բուժելու համար։ Այն, որ ընտրությունը ճիշտ էր, միշտ է համոզված եղել, բայց համավարակն ու պատերազմը որոշումն ավելի հաստատուն դարձրեցին։ Որոշել է՝ համալսարանն ավարտելուց հետո երկու օրդինատուրաներ են սպասում՝ սրտի վիրաբույժ և ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ դառնալու համար։

Награжденный президентской медалью Признательности студент ЕрГМУ Артак Киракосян
Asatur Yesayants
Արտակ Կիրակոսյան

Ուսմանը զուգահեռ արդեն մի քանի տարի է՝ Արտակը նաև որպես բժիշկ է աշխատում։ Համավարակի օրերին թերևս ամենաբարդ վայրերից մեկում էր. անօթևանների կացարանի միակ բժիշկն էր։ Պատերազմի լուրը ստանալուն պես գրանցվեց որպես կամավոր։ Սեպտեմբերի 29-ից միացավ Սպիտակ բանակին որպես գծային բրիգադի բժիշկ։ Թիմի հետ մնացին Արցախում մինչև վերջին օրն ու ավելին։ Գնում էին Արցախի այն հատված, որտեղ իրենց կարիքը կար։ Ասում է՝ պատերազմի մասին լսելն ու պատրաստվելը մի բան էր, այն, ինչ տեղի էր ունենում՝ մեկ այլ բան։

«Մենք որ սովորում ենք համալսարանում ռազմաբժշկություն, բացատրում են, որ էս վնասվածքը քիչ է հանդիպում, էս՝ շատ։ Այ էս պատերազմում հիմնականում էդ քիչ հանդիպող վնասվածքներն էին։ Հրազենային վիրավորումները շատ քիչ էին, հիմնականում բեկորային, պայթյունների հետևանքով այրվածքներ, ֆոսֆորային այրվածքներ, վերջույթների անդամահատումներ»,- նշում է Արտակը։

Չի թաքցնում՝ նույնիսկ ամենաամուր տղամարդու համար դժվար էր միշտ ձիգ մնալ։ Հիշում է ֆոսֆորային այրվածքներով մի տղայի։

«Էդ այրվածքների դեպքում պետք է անընդհատ վերքերին հեղուկ լցնես, չթողնես, որ թթվածնի հետ շփվի, ուժեղանա։ Ախր էդ ցավը չգիտենք։ Որ մի վայրկյան ուշացնում էի․․․ Էդ երեխուն մինչև Երևան եմ հասցրել․․․․ Իր տանջանքները որ տեսնում էի, չէի կարողանում ինձ պահել, ահավոր վրաս ազդեց։ Երեխա կար, որ տեղափոխում էինք, անդամահատված էր, բայց դեղերի ազդեցության տակ չէր զգում։ Կարծեմ անունը Գևորգ էր»։

Արտակը մտքերով տեղափոխվում է շտապօգնության մեքենա, ֆիլմի նման աչքի առաջով անցնում են բոլոր 44 օրերը։ Հիշում է տարհանման ճանապարհին վիրավորների հետ զրույցները։ Հիմնականում երեխաներ էին, ամբողջ ճանապարհին խոսեցնում էր, թույլ չէր տալիս, որ իրենց մտքերի մեջ ընկնեին, նորից վերապրեին իրենց հետ կատարվածն, ու վիճակը չվատանար։ Նշում է՝ «բոլորի դուխն էլ տեղն էր»։

«Մի քյավառցի կար, վարորդ էր, ասում էր՝ բժիշկ ջան, ինձ երբ դուրս կգրես։ Ասում էի՝ խի, ասում էր՝ ամենալավ վարորդը ես եմ, գնամ, հասնեմ երեխեքին։ Ու լուրջ վնասվածքներ էին, թևի ու ոտքի բազմաբեկորային կոտրվածք, խփել էին ավտոյին, ինքը մոտն էր եղել, մեջը չէր եղել, էդ ալիքից լուրջ վնասվել էր։ Երեխեք կային, չէին կարողանում քայլել, ասում էին՝ վիրակապեք, գնամ։ Այ էդ էր, որ բացահայտում էր, երբեք չէիր մտածի, որ 18-19 տարեկան երեխան էդքան պինդ կլինի»։

Արտակը խոստովանում է՝ օրեր էլ են եղել, երբ թևաթափ է եղել ոչ թե պայթող ռումբերից, ոչ թե աչքերով տեսած արյունոտ դժոխքից, այլ․․․

Артак Киракосян со своей бригадой во время Карабахской войны
© Photo : provided by Artak Kirakosyan
Արտակ Կիրակոսյանն իր բրիգադի հետ Արցախում

«Սպա էր, պուճուր վնասվածք ուներ, թղթերով նենց վնասվածքներ էին գրել, մտածում ես՝ էս մարդը պետք է հիմա իրար չգա։ Դե ասացին՝ կոտրվածքներ ունի, պետք է տանեք։ Ճանապարհին նստում էլ էր․․․ Այ էդտեղ դուխս ընկավ, որ իր փոխարեն կարող էի բերել ավելի լուրջ վնասվածքներով երեխա»։

Արտակն իր թիմի հետ վերջին անգամ Արցախ գնաց նոյեմբերի 11-ին․ Քարվաճառում էին, ասացին՝ վիրավորներ էլ չկան։ Հայաստան վերադառնալու փոխարեն Արտակն առաջարկեց Դադիվանք գնալ, իրենց թիմին բժիշկների մի ուրիշ բրիգադ էլ միացավ։ Դադիվանքում մոմ վառեցին, աղոթեցին երկրի խաղաղության համար, վերջին անգամ գնացին նաև Տաք ջրեր։

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս

Ճանապարհին դրված խաչքար-հուշակոթող տեսան, որոշեցին՝ ինչ գնով էլ լինի, չեն թողնելու, իրենց հետ բերելու են։ Այդպես էլ արեցին։ Քարվաճառից հեռանալուց առաջ էլ միայն իրենց հայտնի վայրում բժիշկներով մի շիշ թաղեցին՝ ներսում մաղթանքներ ու երազանքներ։ Խոստացան՝ մի քանի տարի հետո վերադառնալու են նույն թիմով ու վերցնեն շիշը։

488
թեգերը:
Արցախյան պատերազմ, բժիշկ
Ըստ թեմայի
44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ. Գեղամ Փաշիկյան
Որ զոհվածների տեղն էլ ապրենք. հոգեբանի շնորհիվ վիրավոր տղաները կփորձեն մոռանալ մղձավանջը
Բժիշկ-կամավորականները հիմնադրամ են ստեղծել Արցախում վիրավորված զինվորներին օգնելու համար
Նուբարաշենի աղբավայրը

Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում