Անին ու Միլան

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը

8824
(Թարմացված է 21:42 05.06.2021)
Հովհաննես Մարկոսյանը գիտեր, որ հայր է դառնալու, սակայն դա նրան հետ չպահեց, որ որպես կամավոր մեկնի պատերազմ։ Նա խոստացել էր երկու օրից տուն վերադառնալ, բայց մեկնելուց երկու օր անց զոհվեց դիպուկահարի կրակոցից։

Մարկոսյան Հովհաննեսն ու Անին 4 տարի բուժվում էին, պայքարում, որ երեխա ունենան. այս տարվա մայիսի 26-ին զույգի երազանքը կատարվեց` փոքրիկ Միլան լույս աշխարհ եկավ։ Միլան մայրիկի հետ մանկական երգերի ներքո է տուն մտել, սակայն ընտանիքում հակասական տրամադրություն էր. փոքրիկ ունենալու երջանկությունը վայելեց միայն Անին. Հովհաննեսը զոհվել էր պատերազմում...

Հովհաննեսենց տանն ենք. Միլան մեկ օր առաջ է մայրիկի հետ դուրս գրվել հիվանդանոցից։ Ընտանիքն արդեն առանձնացրել է Հովհաննեսի բոլոր անձնական իրերը, լուսանկարները և խնամքով տեղադրել անկյունում։

Уголок памяти погибшего добровольца Ованеса Маркосяна
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Մարկոսյանի անկյունը

Այդ ամենն առանձնացրել են փոքրիկ Միլային ցույց տալու, հոր մասին պատմելու համար, սակայն դեռ շատ շուտ է` Միլան հիմա մեծամասամբ անուշ քնում է, քնած ժամանակ ժպտում։

Дочь погибшего добровольца Ованеса Маркосяна Мила
© Sputnik / Asatur Yesayants
Փոքրիկ Միլան

Երբ պատերազմը սկսվել է, 26-ամյա Հովհաննեսն արդեն գիտեր` վերջապես հայր է դառնալու։ Պատերազմի առաջին օրերին ընտանիքին թվացել է, թե Հովհաննեսին կկարողանան համոզել, որ չմեկնի կռիվ։ Հովհաննեսն ինքն էլ շատ է խոսել պատերազմի մասին, բայց իր մեկնելու մասին դեռ ոչինչ չի ասել, իսկ պատճառն այն է եղել, որ որոշել էր` ընտանիքին ամեն ինչով ապահովել, եղած խնդիրները լուծել ու նոր միայն մեկնել։

Портрет погибшего добровольца Ованеса Маркосяна
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Մարկոսյանը

«Հրազդանից շատ զոհեր ունեցանք. Հովհաննեսը բոլորի հուղարկավորությանը գնում էր։ Ամեն անգամ ավելի զայրույթով ու միաժամանակ ավելի ընկճված էր վերադառնում։ Ասում էր` էս ինչ է կատարվում, 18-19 տարեկաններն են զոհվում։ Հետո արդեն` հոկտեմբերի 12-ն էր, ասաց, որ վաղն ինքն էլ որպես կամավոր կգնա Արցախ»,-պատմում է կինը և լռում. հավանաբար իրենց խոսակցությունն է հիշում։

Անին չի կարողացել համոզել ամուսնուն, որ չգնա, իսկ հղի լինելը լուրջ փաստարկ չի եղել։ Հովհաննեսն ասել է, որ եթե ինքը չգա, ո՞վ է իր երեխային պաշտպանելու։ «Պիտի գնամ ու վրեժ լուծեմ 18-19 տարեկանների համար»,– ասել է Հովհաննեսը կնոջը։

Հոկտեմբերի 13-ին մեկնել է Արցախ։ Կինը պատմում է` քանի որ ամուսինը զենքերից լավ է հասկացել, նրան փորձել են պահել Ստեփանակերտում, որպեսզի ոչ սարքին զենքերը կարգի բերի, որ նորից առաջնագիծ տեղափոխեն դրանք։ Սակայն Հովհաննեսը չի համաձայնել, և նրան տեղափոխել են Ջաբրայիլ։ Այստեղ Հովհաննեսի ձեռքի տակ է ընկել թշնամուց «նվեր մնացած», մի փոքր վնասված 3 ПК գնդացիր։ Նա դրանցից երկու գնդացիր է հավաքել ու հենց դրանով էլ անցել գործի` փորձելով կասեցնել թշնամու գրոհը։ Սակայն ընդամենը 2 օր անց` հոկտեմբերի 15-ին, թեժ մարտեր են սկսել. դիպուկահարը թիրախավորել է Հովհաննեսին, քանի որ նա թշնամու մեծաքանակ կենդանի ուժ է ոչնչացրել։

Мама погибшего добровольца Ованеса Маркосяна Анаит показывает фотографии сына
© Sputnik / Asatur Yesayants
Անին

«Ընկերները պատմել են, որ վերջին ժամերին միայն ջուր է ուզել, անընդհատ ասել, թե ջուր հասցրեք։ Գրպանում կոնֆետի թղթեր կային, հավանաբար դրանք է կերել մինչև ջուր կհասցնեին։ Ժամեր անց դիպուկահարը, սակայն, նրա գլխին է կրակել... Ասում են` 2 ժամ շունչը տեղն է եղել, բայց անգիտակից է եղել։ Բուժակն ասել է, որ 1 տոկոս էլ չի եղել ապրելու շանսը»,–պատմում է Անին և հավելում` երկու ժամ անց այդ դիրքն արդեն գրավել է թշնամին։

Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին

Անիին ամուսնու զոհվելու լուրը չեն հայտնել` ասելով, որ նա վիրավոր է։ Կինը չի հավատացել, քանի որ ներքին տագնապ է ունեցել և իրականությունը զգացել։ Իսկ լուրն իմանալուց հետո սկսվել է ամենադժվարը` պայքար փոքրիկի կյանքը փրկելու համար։ Անիին դեղեր են նշանակել, բժիշկների հսկողության տակ է եղել, բայց ամենաշատը հենց Անին է ինքն իրեն օգնել. ասում է` իրեն չէր ների, եթե երեխային մի բան լիներ։

  • Հովհաննես Մարկոսյանի ընտանեկան լուսանկարները
    Հովհաննես Մարկոսյանի ընտանեկան լուսանկարները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հովհաննես Մարկոսյանի կինն ու մայրը
    Հովհաննես Մարկոսյանի կինն ու մայրը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հովհաննես Մարկոսյանի կինը ամուսնու լուսանկարի ֆոնին
    Հովհաննես Մարկոսյանի կինը ամուսնու լուսանկարի ֆոնին
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հովհաննես Մարկոսյանի անկյունը
    Հովհաննես Մարկոսյանի անկյունը
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Մարկոսյանի ընտանեկան լուսանկարները

«Մեր կյանքի երազանքն էր երեխա ունենալը, թեկուզ կյանքիս գնով պետք է ունենայի նրան։ Իհարկե, գիտեմ, որ հեշտ չի լինելու, երբեմն վախենում եմ, որ չեմ կարողանա նրան ապահովել ամեն ինչով, բայց, միևնույնն է, նրա շարունակությունը պետք է լույս աշխարհ գար»,–ասում է Անին։

Հովհաննեսի մայրը` տիկին Անահիտը, պատերազմի օրերին Ռուսաստանում է եղել. մայրն ասում է` իրեն մեղավոր է զգում, որ չի կարողացել համոզել որդուն չգնալ պատերազմ։ Հովհաննեսը զանգել է մորը, շատ կարճ խոսել հետը ու հայտնել է կռիվ մեկնելու որոշման մասին։ Տղան ասել է, որ «փայտի գործով» է այդ պահին գնացել, որպեսզի մեկնելուց առաջ տունը ցախով ապահովի։ Մոր վերջին խոսակցությունը դա է եղել տղայի հետ։

Мама погибшего добровольца Ованеса Маркосяна Анаит показывает медаль сына За храбрость
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննեսի մայրը

«Հովոս ասաց` երկու օրով է գնում, ես էլ մեր հարևանին զանգեցի ու խնդրեցի` այդ օրերին հարսիս մոտ լինի, մենակ չթողնի նրան։ Ինչ իմանամ` սիրտն ի՞նչ էր վկայում տղայիս. երկու օր անց զոհվեց»,–հուզված պատմում է տիկին Անահիտը։

Հովհաննեսի մորը նույնպես սկզբում չեն հայտնել որդու մահվան լուրը, իսկ նրա` Ռուսաստանից Հայաստան գալը կազմակերպելիս էլ ասել են, թե իբր տիկին Անահիտի հայրն է մահացել։

«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը

Ի դեպ, մինչև պատերազմը Հովհաննեսը կնոջ հետ նույնպես Ռուսաստանում է ապրել, աշխատել. տղան կռունկավար է եղել։ Սակայն երբ կարճ ժամանակով Հայաստան են տեղափոխվել, Հովհաննեսը որոշել է այլևս չվերադառնալ ՌԴ։ Նա առհասարակ մեքենաների սիրահար էր, հատկապես` հին մեքենաների։ Վերջերս մի «21» էր գնել և որոշել նորոգել, ժամանակակից մեքենայի վերածել։ Հովհաննեսի կինն ասում է, որ հիմա ինքը կանի ամուսնու գործը` կնորոգի մեքենան և գուցե վարել էլ սովորի։ Անին ցածրաձայն նշում է` պիտի փորձի նաև ամուսնու սերը փոխանցել դստերը, քանի որ Հովհաննեսը երեխաներ շատ էր սիրում։

«Պատկերացնում եմ` մեր աղջկան ո՜նց էր սիրելու»,–ասում է Անին ու հուզմունքը թաքցնելու համար փոքրիկի մոտ գնում։

Ինչ վերաբերում է փոքրիկի անվանը, ապա մայրն ինքն է այն ընտրել, քանի որ կանխավ չեն պայմանավորվել ամուսիններով, թե ինչպես են կոչելու իրենց երեխաներին։ Երեխայի տատիկը, սակայն, յուրովի է մեկնաբանում Միլայի անունը.«Մենք շատ ենք լացել, նա գոնե չպետք է լացի` մի՛ լա»։

Дочь погибшего добровольца Ованеса Маркосяна Мила
© Sputnik / Asatur Yesayants
Փոքրիկ Միլան

«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել

8824
թեգերը:
Զոհ, կամավոր, Պատերազմ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Թշնամուն արհամարհական ժպիտ թողեց․ Գևորգը հաղթել էր թշնամուն՝ պահել էր Շուշին
«Ինքը սաղիս տուն բերեց, բայց հետ չեկավ»․ կապիտան Անվախ Աշոտին տանը դեռ սպասում են
«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց
Հայրենական մեծ պատերազմ

Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը