Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում

Պատերազմով մթագնված տոն, կամ ինչ է սովորեցնում Առաջին հանրապետության փորձը

176
(Թարմացված է 22:38 28.05.2021)
Հայաստանն այսօր բախվել է վտանգների, որոնցից շատերը նման են ավելի քան մեկ դար առաջվա սպառնալիքներին։ Սակայն հանրապետության դիրքերն այսօր շատ ավելի լավ են, քան 103 տարի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հայաստանն ու հայ ժողովուրդը մայիսի 28-ին տոնում են Առաջին հանրապետության հռչակման 103-ամյակը: Այդ ճակատագրական օրերին՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում հայերի զանգվածային բնաջնջումից երեք տարի անց, իսկապես կյանքի ու մահվան հարց էր լուծվում. վտանգված էր հիմա էլ Արևելյան Հայաստանը։

Սակայն Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Դրաստամատ Կանայանի, Դանիել Բեկ-Փիրումյանի, Թովմաս Նազարբեկյանի և ժողովրդի այլ ականավոր զավակների կամքի ու ոգու շնորհիվ հայ ժողովուրդը դիմակայեց։ Եվ ոչ միայն դիմակայեց, այլև կարողացավ 1375 թվականից, այսինքն՝ Կիլիկիայի թագավորության անկումից հետո առաջին անգամ պետություն ստեղծել։ Ցավոք, այդ պետության ուղին երկար չէր՝ 1920-ին այն նույն թուրքական բանակի հարվածների տակ ընկավ։ Առաջին Հանրապետության կյանքը չնայած կարճ, բայց հայոց պատմության ամենավառ էջերից է։

Այս տոնը, ցավոք, այսօր մթագնված է մեզ հայտնի իրադարձություններով։ Հայաստանը շատ առումներով նմանատիպ մարտահրավերների է բախվել։ Ութ ամիս առաջ Ադրբեջանը Թուրքիայի ռազմական և ռազմատեխնիկական աջակցությամբ դիմեց ղարաբաղյան խնդրի լուծման ուժային տարբերակի։ Արդյունքում հայկական բանակը մեկ դար անց կրկին բախվեց թուրքական ագրեսիային։ Պատերազմն հայկական պետության համար անհաջող էր։ Ինչպես և Առաջին հանրապետության շրջանում, այժմ ևս տարածքային կորուստներ եղան (քարտեզի վրա կարող եք տեսնել՝ ինչպես են սահմանները փոխվել այն ժամանակ և հիմա):

Հայաստանի Առաջին Հանրապետության քարտեզը
© Sputnik / Shushanik Avdalyan
Հայաստանի Առաջին հանրապետության քարտեզը

Հայաստանը դեռ չի ապաքինվել պարտությունից, և պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ զգացնել կտան։ Դրան գումարվում է քաղաքական, կառավարչական քաոսը, ադրբեջանական զորքերի ներկայությունը սահմանամերձ հայկական տարածքներում, Ադրբեջանում գերիների մեծ քանակությունը (գումարած ևս 6 նոր գերի)։ Այս բոլոր հանգամանքներն իսկական փորձություն են դարձել պետության համար ու ստուգում են դրա ամրությունը։

Այնուամենայնիվ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ այսօրվա մարտահրավերները մեծ հաշվով այնգամ մոտ չեն այն սպառնալիքին, որը 1918-ին, ապա երկու տարի անց, կախվեց հայ ժողովրդի գլխին: Անշուշտ և՛ այն ժամանակ, և՛ հիմա Հայաստանի և դրա պետականության հիմնական սպառնալիքը կապված է թուրքական գործոնի հետ։ Եվ ինչպես պարզվեց, ամենավճռական պահին Երևանը ստիպված էր գրեթե միայնակ դիմակայել Արցախում թուրք-ադրբեջանական հարձակմանը։ Սակայն պատմաբանը կարծում է, որ Հայաստանի մեկնարկային դիրքերն այսօր շատ ավելի ուժեղ ու բարենպաստ են, քան 100 տարի առաջ։

Խոզնավարից մինչև Սև լիճ. հայ զինվորները պարով են նշել Առաջին հանրապետության օրը. տեսանյութ

«Մեզ նույն համախմբվածությունն է պետք։ Մենք այսօր ունենք պետություն, ունենք հայկական բանակ, որը թեև փոքր-ինչ թուլացած է, բայց, այնուամենայնիվ, պահպանում է իր մարտունակությունը։ Այս ամենը 1918-1920 թվականներին այդ մակարդակի վրա չի եղել, հետևաբար չի կարելի հուսահատվել, պետք է ստեղծված իրավիճակից ելք փնտրել։ Վստահ եմ, որ մի քանի փոքր հաջողություններ ու հաղթանակներ, և մենք կկարողանանք ուղղել մեր մեջքը»,- Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Մելքոնյանը։

Որոշակի նմանություն կարելի է գտնել այսօրվա իշխանության ու Առաջին հանրապետության ղեկավարության արտաքին քաղաքական վեկտորների միջև։ Մելքոնյանը նշում է, որ Առաջին հանրապետության իշխանությունը շեշտը դրել էր Արևմուտքի, Անտանտի երկրների վրա։ 1920-ի ապրիլին Սան Ռեմոյում Անտանտի հրավիրած խորհրդաժողովի, ինչպես նաև 1920 -ի օգոստոսին ստորագրված Սևրի պայմանագրի արդյունքում Հայաստանը պետք է ստանար չորս նահանգ՝ Տրապիզոն, Վան, Բիթլիս և Էրզրում։ Հայաստանը ելք էր ստանում Տրապիզոնով դեպի Սև ծով։ Հետևաբար, Հանրապետությունը կողմնորոշվել է Անտանտի երկրների վրա, առավել ևս, որ նրանք հաղթել էին Առաջին համաշխարհային պատերազմում։ Բայց բոլորիս հայտնի է, թե ինչ եղավ հետո։ Տեղի ունեցավ խորհրդայնացում, և Հայաստանը զրկվեց պետականությունից։ Ըստ Մելքոնյանի՝ արևմտամետ կողմնորոշման որոշակի տարրեր նկատվում են նաև այսօր։

«Հայաստանի իշխանությունը թեև Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին հավատարմություն է ցույց տալիս, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ Ռուսաստանը երբեք վստահություն չի ունեցել այն քաղաքական թիմի նկատմամբ, որը մինչև 2018-ի իրադարձությունները եղել է ընդդիմության շարքերում։ Կարծում եմ, որ նաև այս հանգամանքի պատճառով Ռուսաստանը կարող էր Հայաստանի շահերը պաշտպանելու լիարժեք ցանկություն չունենալ»,-ասաց Մելքոնյանը։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ իր հերթին համոզված է, որ Առաջին հանրապետության «արձագանքը» միշտ կլսվի հայ ժողովրդի գիտակցության մեջ: Մայիսի 28-ի տոնը մարմնավորում է ժողովրդի անկոտրում կամքը և ազատության ու անկախության ձգտումը, ուստի արդիական է լինելու բոլոր ժամանակներում։ Սակայն նա նշում է, որ հայկական պետականությունը լուրջ վտանգի է բախվել։ Եվ առաջին հերթին դա կապված է ներկայիս ղեկավարության գործողությունների հետ։

«Հայաստանը հայտնվել է այն մարդկանց իշխանության ներքո, որոնք թշնամու համար են աշխատում։ Մենք ամեն օր նոր կորուստներ ունենք։ Այս առումով մայիսի 28-ի տոնը կարող է դավաճան իշխանությունից ազատվելու և պետականության սպառնալիքի վերացման խորհրդանիշ դառնալ»,-ասաց Մելիք-Շահնազարյանը։

Մայիսի 28-ը պետություն ունենալու մեր ժողովրդի կամքի դրսևորումն է. քաղաքագետ

Նրա կարծիքով՝ Հայաստանը ո՛չ 1918 թվականին, ո՛չ հիմա արտաքին աջակցություն չունի, բայց եթե այն ժամանակ դա մեծ մասամբ օբյեկտիվ պատճառներ ուներ, ապա հիմա իշխանությունն իր դավաճանական գործողություններով «վախեցրել» է պոտենցիալ և իրական դաշնակիցներին։ Այնուամենայնիվ, 100 տարվա վաղեմության փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենածանր վիճակից կարելի է ելք գտնել, պետություն կառուցել կամ էլ ամրապնդել արդեն գոյություն ունեցող պետության խարխլված հիմքերը։

176
թեգերը:
Պատերազմ, տոն, Հայաստանի 1–ին Հանրապետություն
Ըստ թեմայի
Երբ միասնական ենք, կարողանում ենք հաղթել․ ՀՀ նախագահը ուղերձ է հղել
«Ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առջև». Ռոբերտ Քոչարյանի ուղերձը
Թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ ԱԺ

Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը