Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

496
(Թարմացված է 23:44 06.05.2021)

Ադրբեջանցի պաշտոնյաներն անուղղակիորեն ընդունել են այն փաստը, որ Շուշիի հայկական գլխավոր խորհրդանիշի՝ Սուրբ Ամենափրկիչ տաճարի, որն ավելի հայտնի է որպես Ղազանչեցոց եկեղեցի, տեսքի փոփոխության մասին քաղաքական ղեկավարության կարգադրություն կա: Վերականգնման աշխատանքների պատրվակով արդեն ջնջվել են հայկական ավանդական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ գծերը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է հասկանալ՝ ինչպես են Բաքվում պատրաստվում արդարացնել այդ վանդալիզմը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Շուշիում, որը ռազմական գործողությունների արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ապամոնտաժվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու սրածայր գմբեթը և դրա փոխարեն կլոր մի կառույց է տեղադրվել։ Մինչ այդ եկեղեցու պատերի մոտ արդեն շինհրապարակ էր ծավալվել։ Բաքվում հայտարարել են, որ տաճարը վերականգնվում է, քանի որ այն տուժել է պատերազմի ժամանակ։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ուժերը երկու թիրախային հրթիռային հարված հասցրեցին տաճարին։ Արդյունքում վիրավորվել էին եկեղեցում աղոթող մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ռուսաստանցի երեք լրագրողներ։ Վնասվել էր տաճարի գմբեթը։ Վնասված գմբեթը վերականգնելու փոխարեն այն վերականգնման պատրվակով ամբողջությամբ վերացվել է։ Բաքվում պնդում են, թե, իբր, տաճարն ի սկզբանե այդպիսի տեսք ուներ մինչ «հայերի կողմից հայաֆիկացվելը»։

Մտահաղացման վերջնական նպատակի վերաբերյալ մի քանի վարկած կա։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի կարծիքով, հնարավոր է, որ տաճարը մահմեդական մզկիթի վերածվի: «Չի կարելի բացառել այդ հավանականությունը։ Հիշենք թուրքական իշխանության կողմից մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այն ամենը, ինչ անում է ավագ եղբայրը, հետո օրինակ է ծառայում կրտսերի համար»,- ասել է Բաբայանը։

Նույն ձեռագիրն է, որով Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի. ԱԺ–ն արձագանքեց Շուշիում կատարվածին

Ըստ մեկ այլ վարկածի՝ տաճարի ճարտարապետական կերպարը խեղելուց հետո պատրաստվում են հայտարարել, որ այն ալբանական է ու փոխանցել ձևավորվող ուդիների քրիստոնեական համայնքին։ Այս մասին է վկայում, մասնավորապես, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի ելույթը, որը հունվարի կեսերին ասել էր, որ «Շուշիի Ղազանչի եկեղեցին, ինչպես և Ղարաբաղի ալբանական մյուս եկեղեցիները, կվերականգնվեն ու կփոխանցվեն օրինական տերերին»:

Церковь Сурб Казанчецоц на фото-открытке 1911 года
© Photo : Public domain
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, 1911 թվականի բացիկ

Նույն ոճով են արտահայտվում նաև Բաքվի իշխանամետ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակախոսությունների հեղինակները։ Ահա թե ինչ է գրում Haqqin.az-ը. «Ադրբեջանական իշխանությունն ուղղում է սխալները։ Սկսվել է Շուշիի տաճարի վերականգնումը։ Դրա հետագա ճակատագիրը կորոշեն ադրբեջանցի քրիստոնյաները՝ հին ալբանների ժառանգները ՝ ուդիները»։ Եվ դա այն դեպքում, երբ կովկասյան ալբանացիները ձուլվել են Ղազանչեցոց եկեղեցու կառուցումից շատ առաջ, իսկ ալբանացիների հետնորդ ուդիներն ապրում են Շուշիից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Երրորդ վարկածի համաձայն ՝ տաճարը պատրաստվում են ներկայացնել որպես ուղղափառ ու հետագայում հանձնել ՌՈՒԵ Բաքվի թեմին: Դրա համար վաղուց են հող պատրաստում։ Դեռ խորհրդային տարիներին ադրբեջանցի պատմաբանները փորձել են զգուշորեն խոսակցություններ սկսել այն մասին, թե իբր Ղազանչեցոցն ի սկզբանե ուղղափառ է, ու այն կառուցել են ոչ թե հայերը, այլ ռուսները։ Դա հաստատում են լուսանկարներով, որոնցում տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի։ Այս ձևով այն հեռվից նման է ուղղափառ եկեղեցու։ Հենց այդ ֆոտոշարքերն են դրված ներկայումս ակտիվորեն շահագործվող լեգենդի հիմքում։

Церковь Сурб Казанчецоц, 1990-е годы
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին 1990-ականներին

«Վերականգնողական աշխատանքները կատարվում են ինքնատիպ ճարտարապետական ոճով Շուշա քաղաքի պատմական տեսքը վերստեղծելու նպատակով», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: «Եկեղեցին կվերականգնվի սկզբնական տեսքով, ինչպես նախկինում էր, առանց սրածայր գմբեթի», - պարզաբանել է Ադրբեջանի եվրաինտեգրման կոմիտեի անդամ Տողրուլ Ջուվարլին: «Հայերը փոխել են եկեղեցու տեսքը։ Նրանք վերակառուցել են այն և կառուցել սրածայր գմբեթը, որը նախկինում չկար։ Այժմ աշխատանքներ են տարվում եկեղեցին սկզբնական տեսքի վերադարձնելու ուղղությամբ», - ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը, որը խնդրել է չհիշատակել իր անունը։

Ի՞նչ է եղել իրականում։ Լուսանկարները, որոնց վրա տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի, իրական են։ Տաճարը դրանց վրա պատկերված է 1920 թվականի հայերի կոտորածից հետո։ Հայտնի է, որ ջարդերի օրերին տեղի թաթարները քանդել են Ղազանցոց եկեղեցու գմբեթը և հանել խաչը։ Մերկացված ներքին կառույցը, որի վրա հենվում էր գմբեթը, կլորացված էր և արտաքնապես հիշեցնում էր ուղղափառ եկեղեցու գմբեթի ձևը։ Տաճարն այդպիսի տեսք ուներ մինչև 1992 թվականը, երբ դրա նախնական տեսքը վերականգնվեց։ Վերականգնումն իրականացվել է 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի լուսանկարների հիման վրա։ Բազմաթիվ արխիվային նյութեր հաստատում են, որ ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանցը տաճարը նախագծել է հենց սուր գմբեթով։ Այսպիսին է այն կառուցել գլխավոր շինարար Ավետիս Երամիշյանցը։

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

Ճարտարապետի և շինարարի անունները փորագրված են եկեղեցու խորանի ճակատային հատվածում։ Հարավային հատվածի վերին մասի արձանագրությունը փաստում է, որ տաճարը կառուցվել է ծխականների միջոցներով և նվիրատվություններով։ Այնտեղ նշվում է, որ շինարարությունը սկսվել է 1868-ին Գևորգ Դ կաթողիկոսի օրոք և ավարտվել 1887-ին ՝ պատրիարք Մակար Ա-ի օրոք։ Տաճարից մի փոքր ավելի վաղ կառուցված զանգակատան արևելյան պատին փորագրված է․ «Կառուցվել է զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասանի և որդիների՝ Արուպի և Ստեփանի և բոլոր ղազանչեցիների հիշատակին: Փառք Աստծուն, և թող փրկվեն բոլոր ողջերի և մահացածների հոգիները: 1858 թվականի ամառ»: Բոլոր գրությունները բնականաբար հայերեն են։ Այս ամենով հանդերձ ինչպե՞ս կարելի է պնդել, թե եկեղեցին հայերը չեն կառուցել, ու որ այն գործել է որպես ուղղափառ տաճար։

Պարզվում է ՝ առասպելն այն մասին, որ Ղազանչեցոցը ռուսական ուղղափառ եկեղեցի էր, շարունակություն ունի։ 

Ադրբեջանի Ճարտարապետների միության վարչության անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի պրոֆեսոր Ֆաիգ Իսմայիլովը պնդում է, որ ռուսներն էլ իրենց հերթին են գողացել տաճարի շենքը: Նկարագրելով Ղազանչեցոց եկեղեցու ծագման պատմությունը՝ ճարտարապետը պնդում է. «Երբ Ղարաբաղում գտնվող ռուս զինվորների համար եկեղեցի հիմնելու անհրաժեշտություն առաջացավ, բանակային ղեկավարությունը զանգ կախեց Ղարաբաղյան խանի պալատի աշտարակին և այստեղ երկրպագելու պայմաններ ստեղծեց։ Ժամանակի ընթացքում ղարաբաղյան խանության շենքը ռուսական բանակի հրամանատարության հրամանով վերանորոգվել է և հարմարեցվել է եկեղեցական ոճին»։ Կարելի է, իհարկե, այս ամենին հումորով վերաբերել։ Բայց Շուշիից գաղթած հայերի ծիծաղը չի գալիս։

Շուշիում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելու Ադրբեջանի իշխանության փորձերը, մեղմ ասած, դժվարությամբ են տեղավորվում Բաքվից հնչող հավաստիացումների ենթատեքստում, թե նրանք պատրաստ են պայմաններ ստեղծել Արցախում երկու համայնքների խաղաղ գոյակցության համար: Ադրբեջանի իշխանության շարունակական վանդալիզմի ֆոնին ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական առաքելության՝ տարածաշրջան այցին խոչընդոտելու փաստը հատուկ իմաստ է ստանում: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական մոտեցումն այս հարցում միանշանակ է։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ կապակցության հստակ է արտահայտվել․ «Մեր սկզբունքային դիրքորոշումն այսպիսին է՝ մենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր նշանակության օբյեկտների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կողմնակից ենք: Մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգեւոր արժեքների պահպանմանը։ Մենք հաստատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության՝ տարածաշրջան այցը շուտափույթ կազմակերպելու կարևորությունը »։ Միայն թե դա շուտ լինի։

496
թեգերը:
Շուշի, Ադրբեջան, Արցախ, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի)
Ըստ թեմայի
Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչել է հայկական բանակի օրհներգը
Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
«Գորշ գայլեր» խմբավորման կողմնակիցներ

Ինչու Գերմանիայի հայերը չկարողացան հասնել «Գորշ գայլերի» գործունեության արգելքին