Հայաստանի դրոշ

Ո՞վ կարող է լուծել մեր հարցերը, կամ «հույս» բառի իմաստը հասկանում ես Նորշենի եռագույնի տակ

124
(Թարմացված է 22:30 01.05.2021)
Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանն այցելել է սահմանամերձ Նորշեն գյուղ, որտեղ Անի անունով 51-րդ աղջնակը հայոց եռագույնն է բարձրացրել հայ–թուրքական սահմանին։

Կոմանդոսն արմատներով Նորշեն սահմանամերձ գյուղից է: Ասում են` պապը եղել է գյուղի քահանան և կառուցել գյուղի ծխական եկեղեցին: Սահմանային գյուղ ազատ մտնել ներկա պահին հնարավոր չէ, պարտադիր պետք է ստանալ սահմանապահ ուղեկալի թույլտվությունը: Նորշենը ,շատ մոտ գտնվելով Անիին, հրաշալի դիտակետ է։ Գյուղն ունի մեկ բնակչ՝ 83-ամյա Վահանդուխտ տատը, որի լուսահոգի ամուսինը դեռ խորհրդային տարիներին ծառայել է տեղի սահմանապահ զորքերում: Այժմյան սահմանապահները հատուկ ուշադրությամբ ու հոգատարությամբ են վերաբերվում նրան:

... Ապրիլի քսանչորսի առավոտյան զանգահարեց վաղեմի բարեկամս` սահմանամերձ Անիավանի գյուղապետ Մարտիրոս Մրոյանը և հրավիրեց Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպվող ամենամյա միջոցառմանը: Ուղեկալում փոխելու էին ու կրկին բարձրացնեին մեր եռագույնը: Հատուկ նշեց, որ արարողությունը նվիրվելու է պատերազմում զոհված զինվորներին, ինչպես նաև լեգենդար համագյուղացի Կոմանդոսին` Արկադի Տեր-Թադևոսյանին։

Ես, որդիս՝ Լևոնը, եղբայրս՝ երգիչ Արամոն, և երգահան Արա Գևորգյանն իր դստեր` Անիի հետ ուղևորվեցինք Նորշեն: Հետո պարզվելու էր, որ Անի անունով 51-րդ աղջնակն է ՀՀ դրոշը բարձրացնում պետական սահմանին: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը հայ-թուրքական սահմանին, պատմական Անի մայրաքաղաքին շատ մոտ 21 մետր բարձրության վրա վեր է խոյանում հայոց եռագույնը, որն, ի դեպ, Հայաստանում տեղադրված ամենամեծ դրոշներից է, շատ հստակ երևում է սահմանից այն կողմ:

Կոմանդոսը ցանկանում էր, որ մեր պետությունը դուրս գար ամեն ինչից հաղթանակած․ նախարար

Շիրակի Անիավան խոշորացված համայնքի ղեկավար Մարտիրոս Միրոյանը շատ տարիներ առաջ է եռագույնը տեղադրել հայ-թուրքական սահմանին գտնվող Նորշենում, որն ավելի շատ հայտնի է Խարկով անունով: Դրոշի տեղադրման նախաձեռնությունը հետաքրքիր պատմություն ունի: 1990-ականներին տեղաբնակ Մարտիրոսը նկատում է, որ գետի մյուս ափին` բերդաքաղաքի ավերակների մոտ գտնվող թուրքական Օջաքլ գյուղում, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին, ամեն ամիս թուրքական կիսալուսնով դրոշ է բարձրացվում: Որոշում է՝ ինչ գնով էլ լինի, գետի այս ափից ծածանել եռագույնը: Իր ուժերով և քաղաքաբնակ, հայրենադարձ երկու դերձակ եղբայրների ջանքերով հաջորդ տարի իրականացնում են միջոցառումը, որը հետագայում դառնում է պարտադիր արարողություն:

Կանգնած ենք սահմանապահ ուղեկալի փշալարերի դիմաց: Ռուս սահմանապահ սպան ջերմորեն բարևում է և հավաքում անձնագրերը: Ներկաների մեջ են նաև նախաձեռնության հովանավորները` ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների անդամները: Պարզվում է, որ այս միջոցառումն ու նախաձեռնությունը, ցավոք, չունի պետական հովանավորում։ Նախաձեռնությունը հնարավոր է դարձել նշված ընտանիքների աջակցության շնորհիվ:

Մոտ երեսուն հոգի ենք: Շուտով սպան վերադառնում է, բացում դարպասները: Մեքենաներով մտնում ենք ներս: Տարօրինակ ու նոր զգացում է` արյամբ և մտքով փոխադրվում ես անցյալ, դեպի նախնիներիդ գիրկն ու Էրգիրը: Տղաս անշարժ քարացել է՝ Անին ափի մեջ է: Երևի ամբողջ կյանքում կհիշի այս ապրիլի 24-ը: Բոլորի մոտ նույն զգացողությունն է: Խունկ ենք ծխում հսկայական դրոշի կողքին տեղադրված խաչքարի տակ: Մարտիրոսը սկսում է արարողությունը:

Թիֆլիսցի տղան, կամ ինչու Արկադի Տեր-Թադևոսյանը այդպես էլ չայցելեց հայրենի Թբիլիսի

Դիմացս Անին է, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաքը։ Երևի պատմական Հայաստանի ամենագեղեցիկ մայրաքաղաքն է, բայց, ցավոք, գտնվում է Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է 961-1045 թվականներին Ախուրյան գետի աջ ափին գտնվող եռանկյունաձև սարահարթի վրա` որպես Բագրատունիների թագավորանիստ մայրաքաղաք։ Անին հայտնի է որպես «Հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնց թվում է նաև կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը (Միջագետք), Դամասկոսը (Սիրիա), Կոստանդնուպոլիսը (Բյուզանդական կայսրություն), Կորդովան (Արաբական Իսպանիա)։ Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Այժմ այն բնակեցված չէ:

Փոխում ենք դրոշը ու բարձրացնում: Նոր եմ հասկանում «հույս» բառի իմաստը: Վեցամսյա հիասթափություններից հետո ինքնություն պահպանելու հույսը փյունիկի պես հառնում է մոխրից ու դրոշի ձևով ծածանվում` խորհրդանշելով ապրելու և արարելու մղումը: Տղաս հենց հիմա ու այստեղ խոստանում է, որ հայոց պատմությունն ու հայոց լեզուն անթերի է սովորելու: Ինքնամաքրում ու վեհացում: Բոլորս ենք դա զգում: Մոտենում եմ Արամոյին ու Արային: Գլխումս հնչում է Արայի հայտնի «Արցախ ստեղծագործությունը», ինչն այս պահին առավել քան խորհրդանշական է....

Տպավորված և հույսով լցված`վերադառնում ենք Երևան: Երևի ինչ-որ բան կփոխվի դեպի լավը: Հույսը վերջինն է մեռնում: Լուռ ենք: Ռադիոընդունիչը բարձր միացրած է: Լսում ենք վերջին նորությունները: Վերջապես ԱՄՆ նախագահն արտասանեց «ցեղասպանություն» բառը: Իրավական տեսանկյունից ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում, ասում է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել է ունեցել 1915 թվականին։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվեց 1951 թվականին, և մեր ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ Ինչ վերաբերում է թուրք–ամերիկյան հարաբերություններին, ապա Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակում։ Այսպես է եղել անցյալ դարի քսանական թվականներին:

Պատմությունը նույնությամբ կրկնվում է: Զուգադիպություն: Չէի ասի: Կորցրինք Անին, Վանը, Մուշը, Բիթլիսը... Հիմա էլ Շուշին, Դադիվանքը, Դիզափայտը... Արդեն վտանգի տակ է Սյունիքը: Մինչև ո՞ւր ու ինչքա՞ն... Պետք է հասկանանք պահի լրջությունը: Կորցրել ենք մեր պետության սուբյեկտայնությունը և ազգային ինքնությունը, ինչն արդեն փաստ է, հիմա էլ սուվերեն պետության տարածքները կտոր-կտոր են անում, մինչև ո՞ւր...

Հույսը, ինչպես նշում էր լուսահոգի լեգենդար Կոմանդոսը, նոր սերունդն է, որը կմեծանա ազգային արժեքների գնահատմամբ ու կատարվածի հիշողությամբ, կկարողանա թեքել պատմության անիվը ի օգուտ մեզ`դեպի ազգաստեղծ ու ազգապահպան գործը: Եթե գեթ մեկ անգամ կանգնեք դեպի երկինք սլացող եռագույնի տակ ու ձեր առջև հառնեն ժամանակի ամենահզոր մայրաքաղաքի ավերակները, որն այժմ թշնամի պետության տարածքում է, կհասկանաք պահի լրջությունն ու ողբերգությունը: Ոչ ոք և ոչ մի երկիր չի տալու և չի կարող տալ այս հարցերի լուծումը, բացի մեզնից: Հույսով մնանք։

124
թեգերը:
Թուրքիա, Անի, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս), դրոշ, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Կոմանդոսին սպանեց Շուշին հանձնելու ցավը․ մարտական ընկերները՝ Արցախի լեգենդար հերոսի մասին
Հայաստանը հրաժեշտ տվեց Շուշին ազատագրած լեգենդար Կոմանդոսին. լուսանկարներ
Արխիվային լուսանկար

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

81
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե մի քանի օր առաջ Լոնդոնում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեր Բաքվում ծնված Քամրան Բալաևը, ադրբեջանցիները հիմք կունենային հպարտությամբ հայտարարելու՝ անցած մեկ տարին մեր տարին էր։
Ադրբեջանցին Լոնդոնի քաղաքապետ չդարձավ, վերընտրվեց պակիստանցին

Մանավանդ, որ ամռանը կայանալիք Պուտին-Բայդեն հանդիպման հնարավոր վայրերի թվում որոշ աղբյուրներ նշում են Բաքուն։ Սակայն Քեմբրիջն ավարտած Բալաևը, որը հավակնում էր Լոնդոնի քաղաքապետի պաշտոնին, ի վերջո, իհարկե, զբաղեցրեց երրորդ տեղը, բայց երրորդ տեղը վերջից՝  20 թեկնածուների մեջ։ Իսկ Լոնդոնի քաղաքապետ վերընտրվեց Սադիկ խանը, որը մայրաքաղաքը գլխավորում է 2016 թվականից և կպաշտոնավարի մինչև 2024 թվականը։ Ինչո՞ւ 4-ի փոխարեն ընդամենը 3 տարի։

Դե, որովհետև, իրականում քաղաքապետի ընտրությունները պիտի կայանային անցած տարի, բայց հետաձգվեցին կորոնավիրուսի պատճառով։ Համաձայնե′ք` սա արդեն արտառոց է. Օսկարների հանձնումը հետաձգեցին մի քանի ամսով` հասկացանք, Օլիմպիադան անցած տարի չանցկացրեցին ու մինչև հիմա էլ որոշ կասկածներ կան` էլի հասկացանք, բայց ընտրություն հետաձգել մի քաղաքում, որն իր բնակչության թվով երեք անգամ մեծ է Հայաստանից

​Սակայն եթե խոսում ենք ոչ կոնվենցիոնալ փաստերի մասին, արձանագրենք նաև, որ Սադիկ Խանը պակիստանցի է, Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում առաջին մահմեդականը, և որ մեզ համար ամենազարմանալին է՝ բոլորովին չի ներկայացնում իշխող մեծամասնությունը. ինչպես գիտեք` Մեծ Բրիտանիայի կառավարությունը Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ կազմավորել են պահպանողականները, այնինչ Սադիկ Խանը դեռ 15 տարեկան հասակում, այսինքն՝ դպրոցում, համալրել է լեյբորիստների շարքերը։

Պատկերացնո՞ւմ եք, որ մեզ մոտ առաջիկա ընտրություններում հաղթեր, ասենք, Ռոբերտ Քոչարյանի թիմը, իսկ Երևանի քաղաքապետ մնար նախկինում հայտնի դերասանը, որը բոլորովին այլ քաղաքական ուժի աջակիցն է։  

Ես անձամբ լավ էլ պատկերացնում եմ, ավելի′ն։ Նման դասավորությունը շատ շահեկան է։ Արդեն երևի երրորդ դասարանցին էլ գիտի, թե որն է մեր ներկա իշխանությունների ամենասիրած արտահայտությունը։ Այո′, շատ ճիշտ եք. «Նախկիններն են մեղավոր»։ Պատերազմը տանուլ տվեցինք՝ նախկիններն են մեղավոր, պետական պարտքը հսկայական է՝ նախկիններն են մեղավոր, արտագա՞ղթ. բա իհարկե` միայն ու միայն նախկիններն են մեղավոր։ Դուք կզարմանաք, բայց Սադիկ խանի կողմնակիցները ճիշտ նույնկերպ էին պատասխանում ընտրարշավի ժամանակ նրա հասցեին հնչող քննադատությանը։ Միայն թե «Նախկիններն են մեղավոր»-ի փոխարեն ասում էին. «Կառավարությունն է մեղավոր»։

Համաձայնեք՝ միանգամայն տրամաբանական է՝ եթե դու լեյբորիստ քաղաքապետ ես, շատ հեշտ է ամեն ինչ բարդել պահպանողական կառավարության վրա։ Միայն մի օրինակ բերեմ։ Երբ Սադիկ խանին քննադատում էին` ախր ձեր պաշտոնավարման ժամանակ Լոնդոնում կտրուկ աճել է հանցագործությունների թիվը, նա շատ հանգիստ պատասխանում էր.

«Բա ի՞նչ եք ուզում՝ պահպանողականների կառավարությունը բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար խիստ կրճատել է ոստիկանության ֆինանսավորումը, էլ ինչո՞ւ եք զարմանում, որ հանցագործները սկսել են իրենց ավելի ապահով զգալ։ Հո ես չե՞մ մեղավորը»։

Եվ քանի որ մոտ 40 օրից մեզ արտահերթ ընտրություններ են սպասում, մի երկու խոսք՝ կորոնավիրուսի պայմաններում ընտրություններ անցկացնելու բրիտանական փորձի մասին։

3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​

Բոլոր ընտրատեղամասերում տեղական ընտրական հանձնաժողովի անդամները ընտրողներից մեկուսացված էին թափանցիկ նյութից պատրաստված արգելապատնեշով։ Ընտրողների հոսքն այնպես էր կազմակերպված, որպեսզի մտնողները և դուրս եկողները տարբեր դռներից օգտվեին ու չշփվեին միմյանց հետ։ Դիմակը բոլորի համար պարտադիր էր։ Քվեարկությունից առաջ ընտրողներին նաև հորդորել էին գալ իրենց սեփական գրիչով կամ մատիտով։

Բայց նկատե′ք` 9-միլիոնանոց Լոնդոնում որևէ մեկն այդպես էլ չբողոքեց, թե իրեն թույլ չտվեցին քվեարկել այն պատճառով, որ տանն էր մոռացել դիմակը կամ գրիչը։ Էդպիսի դեպք պարզապես չի եղել, որովհետև իշխանության որդեգրած հիմնական  սկզբունքը սա էր՝ ընտրելու սահմանադրական իրավունքը վեր է ամեն ինչից։ Եվ սա այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիան կանոնակարգված սահմանադրություն էլ չունի։

Բայց ամենահետաքրքիրը։ Թեև քաղաքապետի ընտրություններում երկրորդ փուլ գոյություն չունի, յուրաքանչյուր ընտրող, ընդամենը մեկ անգամ գնալով ընտրատեղամաս, կարող է երկու ընտրություն կատարել։ Այո-այո, դուք ընտրում եք ձեր նախընտրածին, նրա անվան դիմաց «ծիտիկ» եք դնում, հետո էլ մեկ այլ «ծիտիկով» նշում եք ձեր երկրորդ նախընտրածին։ Սկզբից առաջինի ձայներն են հաշվում՝ եթե 50 տոկոսից ավելի չեղավ, սկսում են հաշվել երկրորդի օգտին տրված քվեները։ Ափսոս, Լոնդոնում չենք ապրում, թե չէ՝ մի շատ կառուցողական առաջարկ կանեի բոլոր նրանց, ովքեր հիմա ասում են՝ չգիտեմ էլ, թե ում ընտրեմ հունիսի 20-ին։

Չգիտեմ ում ընտրել, բայց հաստատ գիտեմ՝ ում չպետք է ընտրել

Ելք կա՝ ձեր մի ձայնը նվիրեք իշխանության ներկայացուցչին, երկրորդ ձայնն էլ՝ ընդդիմությանը։ Ու երբ հերթական անգամ մեղադրանք կլսեք՝ դուք եք մեղավոր, որ իշխանության բերեցիք այս մարդկանց, կարող եք շատ հանգիստ արդարանալ՝ ես բոլորի օգտին էլ քվեարկել եմ։

81
թեգերը:
Պակիստան, քաղաքապետ, Լոնդոն, ադրբեջանցի
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
10 հատ ձու, անվճար օղի. պատվաստումը խթանելու ինչ եղանակներ են կիրառվում տարբեր երկրներում
Ամեն մեկն իր սեփական, մյուսներից տարբերվող վարկածն է պատմում, կամ բեն Լադենի սպանությունը
Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները
Վիգեն Էուլջեքչյան

Լիբանանահայի միակ «մեղքը». Բաքվում դատելու են նրան որպես վարձկան

73
(Թարմացված է 23:19 11.05.2021)

Մայիսի 16-ին Բաքվում կսկսվի Հայաստանի քաղաքացի Վիգեն Էուլջեքչյանի գործով դատավարությունը, որին հարևան երկրի իրավապահները միջազգային ահաբեկիչ են հայտարարել: Գործը միջազգային արձագանք է ստանում՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը ծնունդով Բեյրութից է, և Ադրբեջանում նրան համարում են Լիբանանի քաղաքացի։

Հետաքննությունը վարում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Անցած շաբաթ հաղորդվել է նախաքննության ավարտի և գործը դատարան հանձնելու մասին։ ՊԱԾ-ն և գլխավոր դատախազությունը նախօրեին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որից հետևում է, որ մեր հայրենակցին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով: Մեղադրանքների թվում են «ռազմական հակամարտությանը որպես վարձկան մասնակցելը» և «ահաբեկչական գործունեությունը հանցավոր միավորման կազմում»: Դատախազությունը դեռ չի հայտարարել, թե կոնկրետ ինչ պատիժ է առաջարկում ամբաստանյալի համար։

Սակայն հիշյալ հոդվածները թույլ են տալիս ցմահ ազատազրկում պահանջել ամբաստանյալի համար։ Կասկած չկա, որ այդպես էլ կլինի։ Հատկանշական է, որ դատարանի նախագահումը վստահվել է Էլբեյ Ալլահվերդիևին։ Նա դատավոր էր հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի գործով։ 2015թ․-ի մայիսին Ալլահվերդիևը պատանդին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով այս հանգամանքը, Թեմիս աստվածուհու վրա առանձնապես հույս դնել պետք չէ:

Մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։ Այդ ցուցմունքների հիմնական թեզերը Վիգեն Էուլջեքչյանը ներկայացրել է տեսախցիկի առջև։

ԿՄԽԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին օգնում է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ

Տեսանյութը ցուցադրում էին Բաքվի բոլոր հեռուստաալիքներով։ Ահաբեկիչ հռչակված հայը պատմում է, թե իբր սեպտեմբերի 29-ին իրեն հավաքագրել է Բեյրութի մի բնակիչ՝ Հովակ Քիքիյան անունով։ Մինչ այդ, իբր, նա ապրում էր Լիբանանում, որի քաղաքացին է։ Էուլջեքչյանը «խոստովանում է», որ իրեն Ղարաբաղ է բերել բացառապես փողի ծարավը։

Նրան, իբր, Հայաստանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար 2500 դոլար է խոստացվել։ Այնուհետև Վիգենը պատմում է, որ իրեն և իր նման «ահաբեկիչ վարձկաններին» են տեղափոխել Հայաստանի տարածքով Ղարաբաղ, որտեղ նրանց զենք-զինամթերք են տվել և հրամայել են սպանել ադրբեջանցիներին։

Վիգենը տեսախցիկի առջև բավականին հոդաբաշխ է խոսում։ Բայց մի շարք մանրամասներ թույլ են տալիս համոզվել, որ նա դա հարկադրաբար է անում։ Օրինակ՝ Շուշի քաղաքը նա անվանում է «Շուշա», ինչպես ադրբեջանցիները։ Վիգենի համար «լեգենդ» գրողների հերթական վրիպումն է։

Էուլջեքչյանը պատմում է, որ իրեն Հայաստան են տեղափոխել սեպտեմբերի 29-ին, այսինքն՝ ռազմական գործողությունների սկսվելուց երկու օր անց։ Մինչդեռ «ահաբեկչի» անձնագրում դրոշմակնիքներն ակնհայտորեն այլ բան են վկայում։ Բանն այն է, որ Վիգենը Լիբանանից հեռացել է պատերազմից շատ առաջ։ Դա ապացուցելը դժվար չէ։ Եթե Էուլջեքչյանը նորմալ փաստաբան ունենար, նա կարող էր դիմել Լիբանանի միգրացիոն իշխանություններին, և նրանք կհաստատեին այն փաստը, որ ամբաստանյալի խոստովանական ցուցմունքները սուտ են։

Ուրեմն, ո՞վ է իրականում Վիգեն Էուլջեքչյանը և ի՞նչ էր նա անում Արցախում։ Փորձանքի մեջ հայտնված մեր հայրենակիցը 42 տարեկան է։ Ծնվել է Բեյրութում, Ցեղասպանությունից հրաշքով փրկված փախստականների ժառանգ է։ 2015թ․-ին Էուլջեքչյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այդ անժխտելի փաստն ինքնին արդեն քանդում է նրան ներկայացված մեղադրանքի կառուցվածքը։

Սակայն Ադրբեջանում հերքում են ամբաստանյալի հայկական անձնագրի առկայությունը և պատրաստվում են նրան դատել որպես Լիբանանի քաղաքացի։ Նրանց այդպես ձեռնտու է։ Մինչդեռ հեշտ է ապացուցել, որ վերջին տարիներին Վիգենը Լիբանանում չի ապրել։ 2019թ․-ի նոյեմբերին նա տեղափոխվել է Երևան և հաստատվել այստեղ։ Հայաստանում իր փոքր բիզնեսն էր սկսել։ 7 տեղանոց մինիվեն էր գնել և դրանով արտասահմանցի զբոսաշրջիկներ էր տեղափոխում Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր։

Ավելի ուշ, արդեն լինելով Երևանի բնակիչ, Էուլջեքչյանը տեղեկացել է Արցախի կառավարության ծրագրի մասին, որի շրջանակներում էթնիկ հայերը, հանրապետության գյուղական շրջաններում բնակություն հաստատելու պատրաստակամության դեպքում, կարող էին անվճար բնակարան ակնկալել: Վիգենը գրանցվել է։ Չսպասելով հերթին՝ ինքնուրույն մեկնել է Արցախ և բնակություն հաստատել Շուշիում։ Արդեն ծրագրել էր Բեյրութից իր մոտ տեղափոխել դստերը և որդուն։ Չհասցրեց։ Պատերազմը խանգարեց։

Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար

Թե ինչ է եղել հետո՝ իմանում ենք լիբանանահայ Մարալ Նաջարյանի պատմածից, ով գերության պահին եղել է Վիգենի հետ։ Նոյեմբերի 10-ի առավոտյան, այսինքն՝ արդեն զինադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, Մարալը և Վիգենը, չիմանալով, որ Շուշի քաղաքն արդեն վերջնականապես անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, գնում են այնտեղ՝ անձնական իրերը դուրս բերելու նպատակով։ Ադրբեջանցիները նրանց գերի են վերցրել Բերձորում (Լաչինում)։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մարալ Նաջարյանը պատմում էր․ «Վիգենին ծեծեցին։ Հետո մեզ ջիպ նստեցրին։ Մեքենայի պատուհանները ծածկեցին։ Վիգենի աչքերը կապեցին։ Ես մտածեցի, որ մեզ ողջ-ողջ այրելու են...»։

Մարտի 10-ին, չորս ամիս գերությունից հետո, Մարալ Նաջարյանն ազատ արձակվեց։ Դա Բաքվի վրա միջազգային լուրջ ճնշման և Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հսկայական ջանքերի արդյունքն է։ Վիգենին դուրս բերել չի հաջողվել։

Այս ամբողջ ընթացքում Կարմիր խաչի առաքելության աշխատակիցների հաստատակամության շնորհիվ գերուն երեք անգամ թույլ են տվել հեռախոսով խոսել որդու հետ և մեկ անգամ՝ նամակ գրել տարեց մորը։ «Բարև, մայրիկ։ Ես եմ, Վիգենը։ Բարևիր Սերժին և Թինային, եղբայրներիս։ Բոլորին ասա, որ ինձ հետ ամեն ինչ լավ է...»,-գրում է Վիգենը։

Ադրբեջանցի զինվորականների բախտը բերել է, քանի որ նրանց ձեռքն ընկել է մի մարդ, ում կարելի է օգտագործել որպես հայերի կողմից օտարերկրյա վարձկանների օգտագործման մասին լեգենդի «ապացույց»։ Վիգեն Էուլջեքչյանը, հավանաբար, իսկապես մասնակցել է պաշտպանական մարտերին։

Համենայնդեպս, Բաքվի լրատվամիջոցները լուսանկարներ են տարածել, որտեղ նա պատկերված է զինվորական համազգեստով և զենքով։ Բայց ինքնապաշտպանությանը մասնակցելը նրա օրինական իրավունքն է՝ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի և որպես Արցախի բնակիչ։ Նույնիսկ եթե նա իսկապես մասնակցել է ռազմական գործողություններին (ինչը ապացուցված չէ), ապա նրա վրա պետք է տարածվեն ռազմագերիների կարգավիճակը կարգավորող միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։

Այսինքն, Ժնևի կոնվենցիայի համաձայն, նրան պետք է անհապաղ ազատ արձակեն։ Դա են պահանջում նաև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները։ Բայց Բաքվում հրաժարվում են Էուլջեքչյանին ռազմագերի ճանաչել։

Նշենք, որ նույնիսկ եթե հիմք ընդունենք Ադրբեջանի ՊԱԾ-ի անհեթեթ վարկածը, մեր հայրենակիցը ոչ մեկին չի սպանել։ Որքան ես հասկանում եմ, դրա հետ համաձայն է նաև Ադրբեջանի դատախազությունը։ Չնայած այս ամենին՝ նրան մեղադրանքներ են ներկայացվում, որոնք առավելագույն պատիժ են նախատեսում։

Հատկանշական է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը գործը դատարան է հանձնել անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանում դատավճիռ է կայացվել երկու սիրիացի վարձկանների նկատմամբ, որոնց հավաքագրել էին թուրքական հատուկ ծառայությունները՝ Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու համար:

«Մենք ձեզ չե՞նք խանգարում». Լավրովը դիտողություն է արել Բաքվում

Նրանց մասնակցությունը ահաբեկչական գործողություններին լիովին ապացուցված է։ Նրանք իրենց մեղքը խոստովանել են։ Միջազգային իրավապաշտպանները ոչ մի կասկած չունեն, որ դատավճիռը միանգամայն արդարացված է։ Ցմահ պատիժը համարժեք պատիժ է նրանց կատարած ծանր հանցագործության համար։ Իսկ Բաքվում որոշել են Երևանին հայելային պատասխան տալ՝ նմանատիպ մեղադրանքներ առաջադրելով դժբախտ մարդուն, որի միակ մեղքն այն է, որ սխալ ժամանակ սխալ տեղում է հայտնվել։

73
թեգերը:
Բաքու, Լիբանան, գերի, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան
ԵԱՀԿ նախագահը ողջունել է հայ գերիներին ազատ արձակելու որոշումը
Գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների. Լավրով

Իսրայելի Հոլոն քաղաքի վրա հրթիռային հարվածի հետևանքները. տեսանյութ

0
(Թարմացված է 00:00 12.05.2021)
Գազայի հատվածից բարձր ինտենսիվությամբ հրթիռակոծությունները Իսրայելի ուղղությամբ շարունակվել են։  Զինվորականները բնակիչներին խնդրում են թաքնվել ապաստարաններում։

Զինվորականների տվյալներով` վերջին 18 ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 300 հրթիռ է արձակվել, այսինքն գրեթե անդադար ռմբակոծել են` ամեն երեք րոպեն մեկ։

Հայտնում են, որ Աշկելոն և Աշդոդ քաղաքներում արկերն ընկել են անմիջապես բնակելի շենքերի վրա։

Երկրի կենտրոնական և հարավային մասերի բնակիչներին զինվորականները խորհուրդ են տվել թաքնվել ռմբապաստարաններում։ Որքան ժամանակ է այնտեղ պետք մնալ, դեռ հայտնի չէ։

Հոլոն քաղաքում հրթիռն ընկել է «Էգեդա» ավտոբուսի վրա, որից հրթիռակոծությունից առաջ ուղևորները հասցրել են դուրս գալ։ Վարորդը, լսելով տագնապի ազդանշանը, բացել է դռներն ու խնդրել ուղևորներին դուրս գալ, որից հետո ինքն էլ լքել է ավտոբուսը։ Ավտոբուսը բնակելի թաղամասում էր գտնվում, այն ամբողջությամբ այրվել է։

Հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ, այդ թվում 5 տարեկան երեխա։

0