Հրայր Եգանյանի հիշատակի անկյունը

«Տղաս ո՜նց կցնծար հիմա». հերոսաբար զոհված Հրայրի մահից 6 ամիս անց ծնվել է նրա առաջնեկը

1186
Հրայր Եգանյանն իրենց ջոկատի հրամանատարն էր։ Թշնամու հերթական հարձակման ժամանակ նահանջի հրաման են տվել. Հրայրը չի փախել, սպասել է մինչև իր խմբի վերջին տղան դուրս գա վտանգավոր տարածքից, սակայն իր հեռանալու համար արդեն ուշ է եղել։ Հրայրն իրենց խմբի միակ զոհն էր։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Ապրիլի 26-ին Եգանյանների ընտանիքում լացն ու ուրախությունն իրար էին խառնվել` ծնվել էր պատերազմում զոհված Հրայր Եգանյանի առաջնեկը։ Պատերազմ մեկնելիս Հրայրն արդեն գիտեր` երեխայի են սպասում, սակայն սեռը դեռ պարզ չէր։ Ասել էր` եթե տղա լինի Նարեկ, իսկ աղջկա դեպքում Նարե պիտի անվանակոչեն. հոր կամքով էլ նորածնին Նարեկ են կոչել։

Հրայրենց տանն ենք. հյուրասենյակի սեղանին շոկոլադ և խմիչք է դրված, ուղիղ դրա դիմաց Հրայրի` շրջանակի մեջ դրված նկարն է` առջևում վառվող մոմեր։ Հրայրի մայրը` տիկին Շուշանը, բացատրում է` թոռնիկի ծննդյան կապակցությամբ մի փոքր մաղարիչ են արել։ Տիկին Շուշանը դեռ զննում է տղայի հուշ–անկյունը, և ասում, որ որդու զոհվելուց հետո այդ տանն այլևս չի ապրում` փոքր տղայի տուն է տեղափոխվել։

Грайр Еганян со своей мамой, Шушан
© Photo : provided by Hrayr Yeganyan's family
Հրայր Եգանյանը` մոր հետ

«Այստեղ ամեն ինչ որդուս է հիշեցնում, իսկ ես չեմ հարմարվում նրա բացակայությանը»,–արցունքոտ աչքերով ասում է Հրայրի մայրն ու շատ արագ հավաքում իրեն. «Ես ուժեղ կին եմ, ամուր եմ, բան չկա»։

Տիկին Շուշանը պատմում է` պատերազմը սկսվելու պահից որդին շատ անհանգիստ էր և որոշել էր կամավորագրվել։ Երբ մայրն ասել է`գուցե սպասի մինչև ծանուցում ուղարկեն, Հրայրը սրտնեղել է. «Ամոթ է, 18 տարեկան տղերքն են զոհվում, ծանուցագրի՞ եմ սպասելու»։ Հրայրը մորից ծածուկ կամավորագրվել էր հոկտեմբերի 1-ին նրան կանչել են զինկոմիսարիատ։

Уголок памяти погибшего в карабахской войне Грайра Еганяна
© Sputnik / Asatur Yesayants
Հրայր Եգանյանի հիշատակի անկյունը

«Կամավորների երեք ավտոբուս կար, երեքին էլ ծափերով ճանապարհեցինք։ Հիմա հիշում և  մեղադրում եմ ինձ, թե ինչու նրան չկանգնեցրի։ Մյուս կողմից, ես այդ պահին մտածում էի` որդիս չգնա, մյուսը չգնա, բա ո՞վ պետք է երկիրը պաշտպանի»,–ասում է տիկին Շուշանը։

Грайр Еганян
© Photo : provided by Hrayr Yeganyan's family
Հրայր Եգանյանը

Հրայրը նոր էր ամուսնացել, երբ պատերազմը սկսվեց` օգոստոսի 9-ին նրա հարսանիքն էր։ Կորոնավիրուսային պայմաններում դժվար էր ամեն ինչ լավ կազմակերպել, սակայն Հրայրն ուզում էր դհոլ–զուռնայով հարսանիք ունենալ, ինչին էլ հասել է։ Իսկ Հրայրի կինը` Լյուդմիլա Գյուրջյանը, նոր էր ամուսնուն հայր դառնալու լուրը հայտնել. Հրայրին, սակայն, ոչինչ հետ չէր պահել պատերազմ մեկնելու մտքից։

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

Բայց նրան դուր չի եկել, որ իրեն Արարատի մարզ են տարել` Նախիջևանի հետ սահմանը հսկելու։ Նեղվում էր` բուն գործողությունները տեղի էին ունենում Արցախում, իսկ իրեն Արարատ են բերել։ Արցախ գնալու համար մի քանի անգամ կամավորագրվելուց հետո մի օր էլ հայտարարել են`ովքե՞ր են ցանկանում Արցախ մեկնել. հոկտեմբերի 15-ին Հրայրը 30` Ջաբրայիլ մեկնողների շարքում էր։

Грайр Еганян с женой Людмилой Гюрджян
© Photo : provided by Hrayr Yeganyan's family
Հրայր Եգանյանը` կնոջ հետ

«Ես բավական հանգիստ էի, քանի որ Հրայրն ինչպես կամավորագրվելը, այնպես էլ Արցախ տեղափոխվելն էր թաքուն պահել ինձնից։ Մի բան էր փոխվել` սկսել էր ավելի կարճ խոսել ինձ հետ ու ավելի շատ ինձնից էր հետաքրքրվում` ո՞նց եմ, ի՞նչ գործերով»,–պատմում է տիկին Շուշանն ու նորից աչքերը լցվում են։

«Չեմ հավատում, որ տղաս զոհվել է. դեռ սպասում եմ հրաշքի». Նարեկն այսօր 20 տարեկան է դառնում

Հրայրը ջոկատի հրամանատարն էր, և իրենց ջոկի յուրաքանչյուր տղայի համար մեծ էր պատասխանատվությունը։ Ջաբրայիլում Հրայրն ու իր ջոկատը երկար չեն մնացել` արդեն ուր գնում էին, կարճ ժամանակ անց նահանջի հրաման էին ստանում։ Նույնը կատարվել է նաև հոկտեմբերի 18-ին. թշնամու հերթական հարձակման ժամանակ նահանջի հրաման է տրվել։ Հրայրն ինքը չի նահանջել` չի փախել մինչև իր ջոկի բոլոր տղաները կհասցնեին իրենց դիրքերից հետ գնալ, իսկ հետո արդեն ուշ է եղել իր փախչելու համար. Հրայրն իրենց ջոկատի միակն զոհն էր...

Հրայրի մորն ու կնոջն ընկերներն ասել են, թե վիրավոր է։

Грайр Еганян (слева) с сортаниками во время карабахской войны
© Photo : provided by Hrayr Yeganyan's family
Հրայր Եգանյանը բանակում

«Տղայիս ընկերները մեր տանն էին։ Շտապօգնություն կանչեցին և հարսիս տեղափոխեցին հիվանդանոց, որպեսզի բժիշկների հսկողության ներքո հայտնեն ամուսնու զոհվելու լուրը. երեխայի կյանքը պահպանել էր պետք։ Հոգեհանգստին ու թաղմանն էլ կարճ ժամանակով բժիշկների ուղեկցությամբ հարսս եկավ հիվանդանոցից, ու նորից հոսպիտալացրին` բավական երկար ժամանակ նա հիվանդանոցում է եղել, քանի որ վտանգի տակ էր երեխայի կյանքը»,–ասում է տիկին Շուշանն ու հավելում` փառք ու պատիվ հարսին, որ կարողացավ այսքան դժվարությունների միջով անցնել և երեխային լույս աշխարհ բերել։

Տիկին Շուշանը հոգոց է հանում և ասում` գոնե այս ամենից հետո պետք է հաղթած լինեինք, որ արժևորվեր տղաների թափված արյունը։ Իսկ հիմա ուղղակի կարկամում ես` մի շարք հարցերի պատասխաններ չգիտես։

Семейное фото Грайра Еганяна
© Photo : provided by Hrayr Yeganyan's family
Ընտանեկան լուսանկար

Հրայրն, ի դեպ, մասնագիտությամբ տնտեսագետ էր, բանկում էր աշխատում, իսկ վերջին շրջանում պատրաստվում էր, որպեսզի բանկի կառավարչի մրցույթին դիմեր։ Մայրն ասում է` տունը վերանորոգել էր, իր սիրած գործով էր զբաղվում, ամուսնացել էր, շուտով որդի էլ կունենար, եկել էր կյանքը վայելելու շրջանը, բայց... Մայրը պատմում է, որ Հրայրը երեխաների շատ էր սիրում. նա մանկատուն էր այցելում, փոքրիկներին նվերներ, հագուստ տանում, բայց այդ ամենը ծածուկ էր պահում բոլորից։

«3 երեխաներիս ի՞նչ անեմ». հայրն ու որդին զոհվել են նույն օրը` պաշտպանելով սեփական գյուղը

«Որքա՜ն պիտի իր տղայի ծնվելով ուրախանար։ Ոնց կցնծար որդու ծննդյան լուրից»,–ասում է տիկին Շուշանը` փորձելով ինչ–որ բան հավելել, բայց հուզմունքը սեղմում է կոկորդը։ 

Եգանյանների ընտանիքի միակ ուրախությունը` փոքրիկ Նարեկը, լույս աշխարհ է եկել Գեորգի Օկոևի ջանքերի շնորհիվ` 3.6 կգ քաշով, 53 սմ հասակով։

Свадебное фото Грайра Еганяна и Людмилы Гюрджян
© Photo : provided by Hrayr Yeganyan's family
Հրայր Եգանյանի հարսանեկան լուսանկարը

Տիկին Շուշանն ասում է, որ այժմ միակ երազանքն է, որ թոռն ու հարսն իր հետ ապրեն այն տանը, որտեղ Հրայրի շունչը կա։ «Հարսս դեռ չի կարողանում հաղթահարել ցավն ու այս տուն գալ։ Կուզեի միասին այստեղ ապրեինք, կուզեի, որ թոռս այս տանը մեծանար»,–ասում է տիկին Շուշանը։

Հ. Գ. Մինչ գրում էինք նյութը, տիկին Շուշանը զանգեց և լավ լուր հայտնեց` փոքրիկ Նարեկին և նրա մայրիկին` Լյուդմիլային, այսօր (ապրիլի 30-ին) դուրս են գրել հիվանդանոցից։

  • Հրայր Եգանյանի շքանշանները
    Հրայր Եգանյանի շքանշանները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հրայր Եգանյանի լուսանկարները
    Հրայր Եգանյանի լուսանկարները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հրայր Եգանյանի մայրը
    Հրայր Եգանյանի մայրը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հրայր Եգանյանի հիշատակի անկյունը
    Հրայր Եգանյանի հիշատակի անկյունը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հրայր Եգանյանի հիշատակի անկյունը
    Հրայր Եգանյանի հիշատակի անկյունը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հրայր Եգանյանի լուսանկարները
    Հրայր Եգանյանի լուսանկարները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հրայր Եգանյանը` մարտական ընկերների հետ
    Հրայր Եգանյանը` մարտական ընկերների հետ
    © Photo : provided by Hrayr Yeganyan's family
  • Հրայր Եգանյանը` մարտական ընկերոջ հետ
    Հրայր Եգանյանը` մարտական ընկերոջ հետ
    © Photo : provided by Hrayr Yeganyan's family
  • Հրայր Եգանյանը` կնոջ` Լյուդմիլայի հետ
    Հրայր Եգանյանը` կնոջ` Լյուդմիլայի հետ
    © Photo : provided by Hrayr Yeganyan's family
  • Հրայր Եգանյան
    Հրայր Եգանյան
    © Photo : provided by Hrayr Yeganyan's family
1 / 10
© Sputnik / Asatur Yesayants
Հրայր Եգանյանի շքանշանները
1186
թեգերը:
նորածին, որդի, Կին, Հայաստան, Զոհ, զինծառայող, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
«Ողջ եմ, ուրեմն հաղթել եմ». 3 վերջույթը կորցրած փոխգնդապետը մարզում է զինհաշմանդամներին
Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած
19 օր թշնամու ահն ու սարսափն էր․ Ավագ Նազարյանը չեմպիոն էր, հերոս դարձավ
Խաչատուր Սուքիասյան. արխիվային լուսանկար

Ինչու են օլիգարխներն էլի ուզում ԱԺ մտնել, կամ հարուստներ և հայտնիներ ԱՄՆ-ի սենատում էլ կան

293
(Թարմացված է 10:19 15.05.2021)
Դատելով ԶԼՄ-ների հրապարակումներից՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր նախընտրական ցուցակում հայտնի գործարարների ընդգրկել: Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է՝ ինչի է գործարարին պատգամավորի մանդատ պետք, արդյոք նրանք կարող են երկրին օգուտ տալ։

Հանուն ինչի՞ են միլիոնատերերը խորհրդարան մտնում։ Հարցվածների վարկածները մի քանիսն են՝ երաշխավորել դրամապանակում ունեցածի ապահովությունը, օգտագործել քաղաքական լծակները՝ դրամապանակում եղածը մեծացնելու համար, օգտագործել պատգամավորական անձեռնմխելիությունը հնարավոր քրեական հետապնդումների դեպքում, բավարարել անձնական հավակնությունները:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ ոչ ոք չասաց, թե  հարուստները խորհրդարան են մտնում, որպեսզի զբաղվեն օրենսդրական գործունեությամբ, ներկայացնեն իրենց ընտրողների ու ընդհանրապես հասարակության շահերը։

Նույն մարդկանց հարցրի՝ իսկ իշխանությանը ինչի՞ն է պետք միլիոնատերերի ներկայությունը խորհրդարանում։ Պատասխանողներն ինձ ուղղեցին՝ ոչ միայն միլիոնատերերի, այլև հայտնի մարդկանց (երգիչներ, արտիստներ, մարզիկներ)։

Օլիգարխների դեպքում կարևոր է ֆինանսական ռեսուրսը։ Իսկ դերասանները, մարզիկները, երգիչներն իրենց թիկունքում հարյուր հազարավոր երկրպագուներ ունեն, այդ ձայները պետք են այն կուսակցությանը, որի ցուցակում հայտնվել է շատերի կուռքը։

Վերջին լուրերից․«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտադիր է որոշ գործարարների ընդգրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսանյակում։

Միանգամից մտքովս անցնում են Խաչատուր Սուքիասյանի և Սամվել Ալեքսանյանի անունները․նրանց դասում են Փաշինյանի ընտանիքի մտերիմների շարքում։

Երկուսն էլ արդեն ԱԺ-ում եղել են, բայց դժվար է ասել, թե աչքի են ընկել նախաձեռնություններով և արդյունավետ աշխատանքով։

Երկրորդ անգամ նույն գետը մտնելով (եթե ԶԼՄ-ները չեն սխալվում)՝ «հայկական Ֆորբսի» ցուցակի մարդիկ, իհարկե, կարող են իրենց որպես խորհրդարանականներ ավելի համոզիչ, վառ դրսևորել։ Բայց կա մի «բայց». իրեն բիզնեսին նվիրած մարդը հազիվ թե կարողանա նույն հաջողությամբ իրեն նվիրել պատգամավորական աշխատանքին։ Իսկ գումար վաստակելն այդ կարգի գործարարների համար ամեն դեպքում ավելի կարևոր է, քան օրենքներ կազմելը։ Դա հավասարապես վերաբերում է ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների գործունեության այլ ոլորտներին։

Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին

Օրինակ՝ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը իրենց լավ էին դրսևորում մարտի դաշտում, բայց ոչ ԱԺ պատգամավորի դերում։ Մի դեպքում զբաղվում էին իրենց գործով, մյուս դեպքում՝ պատվավոր «պարտականություն» էին կատարում։

Սա խորհրդային տարիներից պահպանված ավանդույթ է. ականավոր մարզիկ Յուրի Վարդանյանին ժամանակին ընտրել են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, այնուհետև նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, որից հետո որպես դեսպան Վրաստան էին ուղարկել: Եվրոպայի հնգակի, աշխարհի յոթնակի չեմպիոն, աշխարհի 43-ակի ռեկորդակիրը քաղաքականության մեջ ոչ մի «քաշ» չբարձրացրեց, բայց մարդկանց հիշողության մեջ մնաց որպես ականավոր մարզիկ։ Մի՞թե դա քիչ է։

Իսկ ահա Դոնալդ Թրամփը՝ հաջողակ գործարար, մագնատ, միլիարդատեր։ Ուզեց նախագահ դառնալ, դարձավ։ Քարոզարշավի համար իր փողերը բավական էին, գերտերության կառավարման հմտությունների և միջազգային գործերում հաջողությունների մասին կլռենք։ Հեռացավ՝ երկիրը հասցնելով այն վիճակին, որ մոլեգնող ամբոխը փորձեց գրավել Կապիտոլիումի շենքը։ Այդ երկրում նման բան նրան դեռ չէր եղել։

Ասում են, եթե մարդը բիզնեսի մեջ ակնառու հաջողությունների է հասնում, ուրեմն խելացի է, փորձառու, խորաթափանց։ Պարզվեց`եթե մարդ մի գործում խելացի, փորձառու և խորաթափանց է, պարտադիր չէ, որ նա նույն հատկությունները դրսևորի  նաև պետական գործերում։

Մյուս կողմից՝ ԱՄՆ Կոնգրեսի, Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընդհանուր թվով 268 անդամ ավելի քան մեկ միլիոն դոլարի ակտիվներ ունեն։ Յուրաքանչյուր երկիր իր ավանդույթներ ունի:

«Մեր քաղաքացիների՝ Վաշինգտոնում իրենց շահերի պաշտպանությունն ունևոր մարդկանց վստահելու հակվածությունն անփոփոխ է։ Ֆինանսական բարեկեցությունը նաև անհրաժեշտ պայման է նախընտրական քարոզարշավներ վարելու համար»,-ասել է Պատասխանատու քաղաքականության կենտրոնի տնօրեն Շեյլա Կրումհոլցը «Ֆրանս Պրես» գործակալությանը:

Հարկ է նաև նշել, որ մի կողմից ամերիկացիների եկամուտների ընդհանուր աճի, մյուս կողմից գնաճային գործընթացների ֆոնին մեր օրերում միլիոն դոլարն այնքան էլ պատկառելի գումար չէ, որքան Մորգանի և Ռոքֆելերի ժամանակներում:

Մեզ մոտ լրիվ այլ է։ Հայաստանում պատգամավորի հաշվին մեկ միլիոն դոլարի առկայությունն անմիջապես լուրջ հարց է առաջացնում՝ որտեղի՞ց։ Եթե կուտակել է պատգամավոր դառնալուց առաջ, ապա հասկանալի է, իսկ եթե եկել է դատարկ գրպանով, ու կապիտալն աճում է, ապա հանուն ինչի՞ է եկել։

Պատերազմի բեկորները, կամ ինչպես փոխգնդապետ Ստեփանյանն օգնեց ճանաչել հայերին

Վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները բացահայտեցին ընտրողների վստահությունը վայելող մի քանի տասնյակ կայացած գործիչների՝ իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, սոցիոլոգների, որոնց ներկայությունը Ազգային ժողովում ոչ միայն տեղին է, այլև անհրաժեշտ։ Եթե նրանք զբաղեցնեն իրենց տեղերը, «հանուն ինչի՞ են եկել» հարցը ինքնաբերաբար կվերանա։ Եկել են երկիրը ոտքի կանգնեցնելու, ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու, արժանապատվության զգացումը վերադարձնելու և այնպես անելու, որ բոլորը ենթարկվեն երկրի օրենքներին։ Ու որ «որտեղի՞ց է նրանց բանկային հաշվին առկա գումարը»  հարցը չառաջանա։ Եվ ահա այդ դեպքում ազնվորեն վաստակած գումարն ու իշխանության գալը հակոտնյա չեն լինի։

293
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Պատգամավոր, ԱՄՆ, օլիգարխ, Հայաստան
Ըստ թեմայի
Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան
«Միայնության նախարարություն», կամ ծնողներն այնքան մոտ թիրախ են, որ վրիպելն անհնար է
Տիկին Քուքին ու «Գրին քարտը». ո՞ւր պիտի գնան հայերը, որ լավ ապրեն
Իսրայելի վարչապետը որդու հետ

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

1090
Թել Ավիվը կրկին փորձում է Հայոց ցեղասպանության թեման օգտագործել որպես Թուրքիայի կառավարության վրա քաղաքական ճնշման գործիք։ Թուրքիան պաղեստինցիների հետ առճակատման հարցում հակադրվում է Իսրայելին։

Այս անգամ հայկական խաղաքարտը որոշել են շահարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդու` Յաիրի ձեռքով։ Նրան հանձնարարել են ակնարկել այն, ինչը վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչներն իրենց թույլ չեն տալիս։

Իսրայելի և Թուրքիայի միջև հերթական սրված առճակատման պատճառը Երուսաղեմում տեղի ունեցած բախումներն են և դրանց հաջորդած հրթիռակոծությունները։ Անկարան, ինչպես միշտ, սատարել է պաղեստինցիներին` իսրայելցիների գլխին թափելով հնարավոր բոլոր կշտամբանքները։

Թուրք–իսրայելական դիմակայությունը դեռ շարունակվում է փոխադարձ վիրավորանքների մակարդակով։ Հարցը չի սահմանափակվել միայն արտգործնախարարությունների հայտարարություններով, ներգրավվել են նաև ոչ ավանդական նյուսմեյքերները։

Երեկ խոսեց Իսրայելի վարչապետի ավագ որդին` 30-ամյա Յաիր Նեթանյահուն։ Բանավեճի մեջ մտնելով Twitter–ի թուրք օգտատերերի հետ` նա հասկացրեց, որ Անկարայի դեմ պայքարի մեթոդների զինանոցում կա նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը։

«Դուք Անատոլիայում չեք ծնվել։ Դուք եկել եք Կենտրոնական Ասիայից և ցեղասպանություն իրականացրել տեղի քրիստոնյա բնակչության նկատմամբ։ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիսն է, և դուք այն ապօրինաբար եք օկուպացրել։ Դուք եք կազմակերպել Հայոց ցեղասպանությունը։ Ձեր երկիրը ղեկավարում է մի բռնապետ, որը կրկին ուզում է օկուպացնել և հալածել արաբական աշխարհը, ինչպես Օսմանյան կայսրության տարիներին», – հայտարարեց Յաիրը` դիմելով թուրքերին։

Ի՞նչ է նշանակում Իսրայելի ղեկավարի որդու ասածը։ Արդյոք պե՞տք է նրա գնահատականները ընկալել որպես մասնավոր անձի կարծիք, թե՞ դա այնուամենայնիվ որոշակի ազդանշան է, որը վկայում է Թուրքիայի դեմ Իսրայելի պայքարի մեթոդաբանության հնարավոր վերանայման մասին։

Յաիր Նեթանյահուն իր հոր ղեկավարած վարչակազմում որևէ պաշտոն չունի, բայց Իսրայելի քաղաքական դաշտում նա ամենևին էլ վերջին խաղացողը չէ։ Պետության ղեկավարը որդու շուրթերով շատ հաճախ է այնպիսի ուղերձներ հնչեցնում, որոնք ցանկանում է հասցնել այս կամ այն գործիչներին կամ երկրներին։ Կրտսեր Նեթանյահուի թվիթերյան շեշտադրումները սովորաբար ամենևին էլ պատահական չեն լինում և քողարկված ուղերձներ են պարունակում։ Նման միջնորդավորված ազդանշանների առավելությունն այն է, որ միշտ կարելի է հայտարարել, թե ղեկավարի ընտանիքի անդամի գնահատականը կառավարության պաշտոնական տեսակետը չէ։ Վարչապետի վարչակազմն արդեն բազմաթիվ անգամ է դիմել նման հնարքի։

Դա հաշվի առնելով` տեղին է ենթադրել, որ Յաիր Նեթանյահուի միկրոբլոգի տեքստը գրել է իրականում ոչ թե անձամբ ինքը, այլ վարչապետի խորհրդականներից մեկը։ Ամեն դեպքում կարելի է չկասկածել, որ այդ նախաձեռնությունն առնվազն համաձայնեցված է քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ։ Հետևաբար Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը պետք է ընկալել որպես Իսրայելի ղեկավարի կողմից Էրդողանին հասցեագրված ազդանշան։

Նկատենք` կրտսեր Նեթանյահուն առաջին անգամ չէ, որ հիշում է Ցեղասպանության մասին։ 2018 թվականի մայիսին ի պատասխան Էրդողանի այն հայտարարություններին, որ Իսրայելը «ահաբեկչական պետություն է», Յաիրը Facebook–ում գրել էր. «Թուրքիա, դու ես պատասխանատու Հայոց ցեղասպանության և հույների ու քրդերի նկատմամբ իրագործած աներևակայելի վայրագությունների համար։ Թուրքեր, դուք եք ապօրինաբար գրավել քրիստոնյա ժողովուրդների հողերը Փոքր Ասիայում: Այնպես որ, ձայնդ կտրի՛ր...»։

Լիբանանահայի միակ «մեղքը». Բաքվում դատելու են նրան որպես վարձկան

Վարչապետի որդին նույն թեմային է վերադարձել 2019 թվականի մարտին։ Այն ժամանակ Յաիրը, արձագանքելով իր հոր հասցեին Էրդողանի վիրավորական արտահայտություններին, Twitter–ում գրել էր. «Ուզում եմ հիշեցնել Էրդողանին, որ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիս անվանումով քաղաքն է։ Նախքան թուրքական օկուպացիան այն ավելի քան հազար տարի քրիստոնեության կենտրոնն է եղել։ Ես նրան հիշեցնում եմ նաև թուրքերի կողմից հույների, ասորիների և հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանության մասին։ Նրանք Փոքր Ասիայում քրիստոնյաների էթնիկ զտումներ են իրականացրել...»։

Էրդողանը դրան բավական նյարդային էր արձագանքել։ Նա կրտսեր Նեթանյահուին անվանել էր «ծայրահեղ թուրքատյաց» և համեմատել նրան նորզելանդական սերիական մարդասպան Բրենթոն Տարանտի հետ, որը Քրայսչերչ քաղաքում 50 մուսուլման էր սպանել։

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահը պահանջել էր, որ Իսրայելի վարչապետը «քաշի իր որդու ականջները»` սպառնալով, որ հակառակ դեպքում անձամբ կանի դա։ «Եթե սահմանն անցնեք, մենք կդիմենք արդյունավետ դաստիարակչական մեթոդների և ձեզ արժանի դաս կտանք», – հայտարարել էր Էրդողանը։

Ավագ Նեթանյահուն նույնպես մի քանի անգամ իր հրապարակային ելույթներում հիշել է հայերի նկատմամբ երիտթուրքական ռեժիմի հրեշավոր հանցագործությունների մասին, սակայն, ի տարբերություն որդու, նա խուսափել է «ցեղասպանություն» բառից։ Վերջին անգամ Իսրայելի վարչապետը 1915 թվականի իրադարձությունները հիշատակել է 2019 թվականի սեպտեմբերին, անմիջապես այն բանից հետո, երբ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ–ի ԳԱ 74-րդ նստաշրջանում, պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողությունները համեմատել էր հիտլերյան նացիստների մեթոդների հետ։

«Գազայի լողափերում խաղացող երեխաներին ռմբակոծելը նույնքան լուրջ հանցագործություն է մարդկության դեմ, ինչպես Հոլոքոստը», – հայտարարել էր այն ժամանակ Թուրքիայի նախագահը։ Ի պատասխան Բենիամին Նեթանյահուն նրան ուղղված կարճ տեսաուղերձ էր ձայնագրել և նշել, որ նա, ով քրդերի է սպանում և հերքում հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, Իսրայելին դաս տալու իրավունք չունի։

Իսրայելի առաջնորդները հայերի կոտորածի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ Թուրքիային վախեցնելու կարիք են ունենում։ Իսկ անձամբ իրենք մինչ օրս որևէ գործուն քայլ չեն ձեռնարկել այդ հանցագործության ճանաչման և դատապարտման համար։ ՀՀ ԱԳՆ–ն մեկ անգամ արդեն արձագանքել է Երուսաղեմի ղեկավարների կողմից ցեղասպանության թեման որպես վախեցնելու գործիք օգտագործելու փորձերին։

907 անգամ չափիր, մեկ անգամ կտրիր. Բաքվին ցուցաբերվող ամերիկյան օգնության մութ կողմերը

Երկու տարի առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշել էր. «Մեզ համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին»։ Պաշտոնական ԱԳՆ–ն հասկացրել էր, որ Իսրայելի քաղաքական գործիչների շուրթերից հնչող մեղադրանքները ավելի տեղին կլինեին, եթե Իսրայելն անձամբ ճանաչեր և դատապարտեր երիտթուրքերի իրագործած ցեղասպանության փաստը։

Համաշխարհային մամուլը նույնպես բազմաթիվ անգամ անդրադարձել է Բենիամին Նեթանյահուի անհետևողականությանը։ 2019 թվականի սեպտեմբերին Russia Today ռուսական միջազգային հեռուստաալիքը «Անհարմար է. Նեթանյահուն կշտամբում է Էրդողանին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, որը Իսրայելը ևս չի ճանաչել» վերտառությամբ հոդված էր հրապարակել։

«Մեղադրանքն ավելի անկեղծ կլիներ, եթե Նեթանյահուն անցած տարի անձամբ չարգելափակեր Քնեսեթի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փորձը», – ասվում է հոդվածում։

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի տապալման հարցում Բենիամին Նեթանյահուի դերը իսկապես վճռական էր։ Հենց վարչապետի վարչակազմի ճնշման տակ խորհրդարանի քարտուղարությունը համաձայնեց չեղարկել Ցեղասպանության ճանաչման հարցով 2018 թվականի հունիսի 26-ին նախանշված քվեարկությունը։ Եթե քվեարկությունը կայանար, պատգամավոր Իցիկ Շմուլիի ներկայացրած բանաձևը անկասկած կընդունվեր, քանի որ նախօրեին դրան աջակցել էր ավելի քան 50 խորհրդարանական։

Հարց է ծագում` ինչպե՞ս կարելի է բնութագրել այն քաղաքական գործչին, որը մյուսներին մեղադրում է մի բանը մերժելու համար, ինչը ինքն անձամբ չի ճանաչում և թույլ չի տալիս, որ ճանաչեն։ Բոլորից լավ այդ հարցին պատասխանել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի հեղինակ Իցիկ Շմուլին։

«Քվեարկությունը տապալելով` Նեթանյահուն համերաշխություն հայտնեց Էրդողանին Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հարցում», – հայտարարել է նա։

Դժվար է չհամաձայնել պատգամավորի հետ։

Գործող վարչապետի նախկին հավատարիմ համախոհ, աշխատանքի նախկին նախարար Նաթան Շչարանսկին մի քանի տարի առաջ ինձ տված հարցազրույցում խորին համոզմունք հայտնեց, որ Նեթանյահուն առանց վարանելու, պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, եթե դա անեն Միացյալ Նահանգների ղեկավարները։

Վաշինգտոնն այդ հարցում հետևողականություն դրսևորեց, սակայն Իսրայելի վարչապետը շարունակում է պոչ խաղացնել։ Ցավոք, հիմքեր չկան հուսալու, որ Բենիամին Նեթանյահուի մոտեցումները առաջիկայում արմատական փոփոխությունների կենթարկվեն։ Բայց դա չի նշանակում, որ Իսրայելից պետք չէ հայկական հարցի վերաբերյալ սկզբունքային ու բարոյական դիրքորոշում ակնկալել։ Չէ՞ որ Նեթանյահուն հավերժ չէ, իսկ այդ հարցում նրա բոլոր ընդդիմախոսների մոտեցումները շատ ավելի առաջադեմ են։

ԱՄՆ-ի «կտրող-ծակող» փաստարկները, կամ ինչ է թաքնված Հայոց ցեղասպանության ճանաչման հետևում

Օրերս հայտնի դարձավ, որ Նեթանյահուն կրկին չի կարողացել խորհրդարանական մեծամասնություն կազմել, և իշխող կոալիցիայի ձևավորումը վստահել է «Եշ Աթիդ» ցենտրիստական կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդին։

Հիշեցնեմ, որ Լապիդը Ցեղասպանության ճանաչման մասին օրինագծերից մեկի հեղինակն էր, հենց նա էր Քնեսեթում Թուրքիայի նկատմամբ կոշտ գծի առավել հետևողական կողմնակիցը։ Այժմ Լապիդը կառավարությունը գլխավորելու շանսեր ունի։ Եթե Երուսաղեմում իշխանափոխություն տեղի ունենա, մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների նկատմամբ Իսրայելի կառավարության մոտեցումներում կարող են արմատական փոփոխություններ տեղի ունենալ։ Այս անգամ դա միանգամայն իրատեսական է։

1090
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Բինյամին Նեթանյահու, Իսրայել, Թուրքիա
Ըստ թեմայի
Ռեյգանի հայ սպիչռայթերի շնորհիվ ԱՄՆ–ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1982 թ–ին
Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր
Քաղաքականացված էներգետիկան, կամ ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցմանը Բաքուն ամեն կերպ խանգարելու է
Վիգեն Էուլջեքչյան

Ադրբեջանում սկսվել է գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը

0
(Թարմացված է 16:29 16.05.2021)
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված սփյուռքահային մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:

Ադրբեջանական կողմը Էուլջեքյանի «խոստովանական ցուցմունքներով»  տեսանյութ է տարածել:

«Ես` Վիգեն Աբրահամի Վիգեն Էուլջեքչյանս, ծնված 1979թ–ին  Բեյրութում, Լիբանանի քաղաքացի եմ»,–տեսանյութում ասում է հայ գերին։

Այնուհետև նա «խոստովանում է», որ ոմն լիբանանահայ Հովակ Քիքյանը` Ղարաբաղի պատերազմի մասնակից էր, իրեն էլ առաջարկել գնալ Արցախ և ասել, որ «2500 դոլոր են տալիս»։

«Համաձայնությունից հետո ինձ տեղափոխեցին Շուշի, այնտեղից մեզ Մարտունի տարան` զորամաս, զինվորական շորեր և զենքեր տվեցին։ Մեզ` 85 հոգի` մեր պես օտար մարդիկ, տարան պատերազմ։ Պատերազմին ես զգացի, որ մենք Ադրբեջանի ուժը չունենք» - տեսանյութում ասում է Վիգենը։

Հետաքննությունը վարում էր Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը։ Անցած շաբաթ ավարտվել է գործի նախաքննությունը և փոխանցվել  դատարանին։ Դատարանը նախագահելու է Էլբեյ Ալլահվերդիևը: Նա հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի գործով դատավորն է։ 2015-ի մայիսին Ալլահվերդիևը պատանդին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։

«Freedom House»-ն Ադրբեջանին հորդորել է գերիների մասին տեղեկություններ տրամադրել ՄԻԵԴ-ին

Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։

Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին ադրբեջանցի զինվորականները նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել։ Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ արձակվեց։ Sputnik Արմենիան ավելի վաղ հրապարկել էր մի նյութ, որում ներկայացված է Վիգեն Էուլջեքչյանի պատմությունը։

0
թեգերը:
դատ, Դատարան, սփյուռքահայ, Լիբանան, Ադրբեջան
Ըստ թեմայի
Պետք էր գերեվարել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին և փոխանակել մեր գերիների հետ. Մարուքյան
Հայ գերիների հարցը Եվրախորհրդարանում կրկին կքննարկվի. հայտնի է օրը
Ոստիկանությունն արձագանքել է Մարալ Նաջարյանին ՀՀ-ում անձնագիր չտալու հրապարակմանը