Գովազդային վահանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Բենիամին Նեթանյահուի նկարներով

Հայկական հարցն ու հրեական լոբբիի քայլը. Էրդողանի և Նեթանյահուի դարաշրջանն ավարտվո՞ւմ է

350
(Թարմացված է 23:44 30.04.2021)
Հայոց Ցեղասպանության մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը կարող է հանգեցնել ոչ այնքան իրավական, որքան քաղաքական հետևանքների ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար։

Ամերիկայի նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչումը, ինչպես և սպասվում էր, մեծ աղմուկ բարձրացրեց։ Փորձագետները, միմյանց հերթ չտալով, կարծիքներ են հայտնում այն մասին, թե ինչ հետևանքների, հատկապես իրավական հետևանքների կհանգեցնի այդ որոշումը։ Օրինակ՝ արդյո՞ք դա կարող է բերել հենց Թուրքիայի կողմից պատմական փաստի ճանաչման և հետագայում փոխհատուցման վճարման։

Եթե համեմատենք Հոլոքստի թեմայի հետ, ապա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շատ ավելի բարդ է։ Ի տարբերություն Գերմանիայի, որը պարտություն կրեց Երկրորդ համաշխարհայինում և ճանաչեց Հոլոքոստը, Թուրքիան, որն իրեն ավելի ու ավելի ինքնավստահ է զգում և ամրապնդում է իր դիրքերն աշխարհում, զղջալու մտադրություն չունի։

Անիմաստ է հուսալ, որ Անկարան (թեկուզ ոչ հիմա, թեկուզ հետո), տանջվելով խղճի խայթից, կսկսի հայերին փոխահտուցում վճարել։ Այս առումով հայերն իրենց ճանապարհն ունեն, որը տարբերվում է հրեա ժողովրդի ճանապարհից։

Ճանաչման և իրավական հետևանքների մասին հնարավոր կլինի խոսել միայն թուլացած, լուրջ պարտության դառնությունը զգացած Թուրքիայի հետ։ Իսկ առայժմ դրանք միայն անիրականանալի սպասելիքներ են։

Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան 1 դար․ ՀՀ նախագահը՝ Ջո Բայդենին

Այնուամենայնիվ, չի կարելի թերագնահատել Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին, հաշվի առնելով այդ որոշման ոչ թե իրավական, այլ քաղաքական հետևանքները։

Հարված Էրդողանին

Պաշտոնական Անկարայի ագրեսիվ արտաքին քաղաքականությունն աստիճանաբար փակուղի է տանում նրան։ Չնայած արտասահմանյան դիվանագետների խիստ նրբանկատ արտահայտություններին և զգուշավոր գնահատականներին, Արևմուտքը խիստ դժգոհ է Թուրքիայից։

ՆԱՏՕ-ի դաշնակիցներին (ինչպես Եվրոպայում, այնպես էլ օվկիանոսից այն կողմ), նյարդայնացնում են Անկարայի գործողությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Ռուսաստանի հետ զենքի գործարքները, գործողությունները Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։

Մենք արդեն գրել ենք այն մասին, որ եթե ապրիլի 24-ին Բայդենը ճանաչի հայերի Ցեղասպանությունը, դա «սև բիծ» կդառնա թուրքական սուլթանի համար։ Այդպես էլ եղավ։

Եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակվում էր Էրդողանին զգուշացումներ տալով՝ «քեզ լավ տղա մի երևակայիր, հիմար մի եղիր», «ես քեզ ավելի ուշ կզանգեմ» ոճով, ապա Սպիտակ տան ներկայիս ղեկավարը որոշեց ժամանակ չծախսել սին խոսքերի վրա, այլ միանգամից «բռնել ցլի կոտոշներից»։ Սկզբում ԱՄՆ-ն Թուրքիային տեղեկացրեց հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից նրան հեռացնելու մասին, այնուհետև ԱՄՆ նախագահը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Անհնազանդ «սուլթանին» ակնհայտորեն հոգնել են հետ համոզել։ Ավելի հեշտ է նրան հեռացնել պաշտոնից, քան «վերադաստիարակել»։ Այնպես որ, Բայդենի հայտարարությունը ուղղակիորեն դիմում է թուրքական ընդդիմությանը, որն Էրդողանի օրոք լուրջ ճնշման և հետապնդումների է ենթարկվում։ Իզուր չէ, որ Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), արդեն քննադատությամբ է հանդես եկել նախագահի հասցեին՝ նրան մեղադրելով Բայդենի հայտարարությանը չափազանց մեղմ արձագանքելու համար։

Ջո Բայդենի հայտարարության իրական արժեքը կախված է Հայաստանից. ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ

Միանգամայն հնարավոր է, որ մենք դեռ լսենք, թե ինչպես են ընդդիմադիր տրամադրված ուժերը Էրդողանին մեղադրում, որ հենց նրա՝ արտաքին դաշտում սխալ մարտավարությունն է հանգեցրել նրան, որ ԱՄՆ-ում այդ իրադարձությունից 106 տարի անց այնուամենայնիվ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը։

Ավելին, դա ազդանշան է հենց այն «խորքային պետությանը», որից այսքան վախենում է ներկայիս նախագահը։ Չի բացառվում, որ տեսանելի ապագայում Թուրքիայից հաղորդագրություններ ստացվեն բանակում, համալսարանական և գիտական շրջանակներում նոր «մաքրումների» մասին։ Էլ չենք խոսում ընդդիմությունից։

Այստեղ չեն օգնի նաև Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությունները, որը, հիշեցնելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումը, արհամարհանքով նշեց, որ ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից նույնպես ոչ մի նշանակություն չունի և որևէ իրավական հետևանքների չի հանգեցնի։ Միաժամանակ նա «մոռացավ» ասել, որ Գերմանիան Օսմանյան կայսրության հանցակիցն է եղել և այսօր Թուրքիայից ոչինչ պահանջել չի կարող։

Նույնը չես ասի Միացյալ Նահանգների մասին, որը ցանկացած պահի ելնելով առաջին հերթին սեփական շահերից, կարող է Թուրքիային հայերի իրավունքների վերականգնման հետ կապված պահանջներ ներկայացնել։ Այնպես որ, Թուրքիան և նրա ներկայիս առաջնորդը, որի իշխանությունը կարող է սկսել տատանվել ցանկացած պահի, վախենալու բան ունեն։

Բայց ավարտվում է ոչ միայն Էրդողանի, այլև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «դարաշրջանը»։ 

Հրեական լոբբին և Իսրայելի դիրքորոշումը

Չի կարելի ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի հզոր հրեական լոբբին (որի մի մասը երկար տարիներ պաշտպանում էր Թուրքիայի շահերը և կտրականապես դեմ էր հանդես գալիս հայերի ցեղասպանության ճանաչմանը) այս տարի մի կողմ քաշվեց և չխանգարեց ԱՄՆ առաջնորդին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը։ Ինչո՞ւ «մի կողմ քաշվեց», այլ ոչ թե «հետ քաշվեց»։ Այն պատճառով, որ Իսրայելը, ինչպես և ԱՄՆ-ն, չի շտապում ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը։ Արդյո՞ք դա տեղի կունենա մոտակա ժամանակներում։ Երկրի ներկայիս վարչապետի օրոք՝ հազիվ թե։

Ամեն դեպքում, Նեթանյահուի դարաշրջանը հավերժական չէ, առավել ևս, որ Իսրայելի քաղաքականությունը ոչ միշտ է համապատասխանում Միացյալ Նահանգների շահերին։ Մեծ հաշվով, Բայդենի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը ուղերձ է ոչ միայն Էրդողանին, այլև Նեթանյահուին։

Դա ազդանշան է այն մասին, որ ԱՄՆ-ն փոխում է մարտավարությունը Մերձավոր Արևելքում, նշանակում է՝ Իսրայելը ստիպված կլինի շտկումներ մտցնել իր արտաքին քաղաքական կուրսում։ Դա առաջին հերթին վերաբերում է Իրանին։ Իսրայելի կոշտ կուրսն արդեն այսօր խանգարում է Սպիտակ տանը կամուրջներ գցել և վերականգնել Իրանի հետ «միջուկային գործարքը»։

Ի դեպ, ի տարբերություն Էրդողանի, Նեթանյահուն դեռևս իշխանության մնալու շանս ունի (թեկուզև կորցնելով լիազորությունների զգալի մասը), օրինակ՝ նստելով նախագահի աթոռին։ Այդ պաշտոնում նա կարող է փոխարինել գործող նախագահ Ռըուվեն Ռիվլինին, որն արդեն 81 տարեկան է։

Շատ ոգևորվել պետք չէ. ի՞նչ է թաքնված Բայդենի ուղերձի տողատակում

Ի դեպ, մինիստրների կաբինետի փոփոխությունից և կուրսի մեղմացումից հետո միանգամայն հավանական է, որ Իսրայելը կհետևի ԱՄՆ-ի օրինակին և կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Դա արդեն ժամանակի հարց կդառնա։ Հենց այդ ժամանակ էլ «կախարդանքով» արդիական կդառնա Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացումը։

Այսօր արդեն մի բան է պարզ․ Մերձավոր Արևելքում «ուժեղ առաջնորդների» ժամանակն անցնում է և Միացյալ Նահանգները կանեն ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ ազատվեն նրանցից։

Սփյուռքը պետք է կենտրոնանա նոր խնդրի վրա

Անգամ հաշվի առնելով աշխարհաքաղաքական գործոնները, անարդար կլիներ չնշել և չգնահատել սփյուռքի հսկայական աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այն կրկին ապացուցեց իր ուժը և ցուցադրեց իր ներուժը որպես հզոր ցանցային կառույց, որն ի վիճակի է հուսալի հենարան դառնալ հայկական պետության համար։ Սփյուռքի հնարավորությունները, կուտակած փորձը, կապերն ու ազդեցությունը դեռ բազմիցս պետք կգան ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի զարգացման և հզորացման գործընթացում։

Չմոռանանք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքը տասնամյակներ շարունակ իրականացվել է մեթոդաբար, անշեղորեն և, չնայած բազմաթիվ անհաջողություններին ու հիասթափություններին, ի վերջո ցանկալի արդյունք է տվել։

Սակայն հիմա նոր փուլ է սկսվում, և Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշումն անվերջ մեջբերելու փոխարեն, սփյուռքը պետք է փորձի մեկ այլ խնդիր լուծել․ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Այդ գործընթացը նույնպես պետք է լինի համակարգված և նպատակաուղղված։ Իհարկե, սփյուռքը հիմա էլ ինչ-ինչ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, բայց այս նպատակը դեռևս շարունակում է գտնվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ստվերում։

Մինչդեռ, ինչպես հայտնի է` նույն Ֆրանսիայում, որտեղ նույնպես բավականին ուժեղ հայ համայնք կա, խոհրդարանի երկու պալատներն արդեն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձևեր են ընդունել։ Դա նշանակում է, որ հարմար առիթով Ֆրանսիայի կառավարությունը ևս կարող է ընդունել այդ որոշումը։ Զուր չէ, որ Ֆրանսիայի իշխանությունները բացեիբաց հայտարարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին։

Ինչո՞ւ էրդողանն այդքան մեղմ արձագանքեց Բայդենի ուղերձին, կամ ի՞նչն է մտահոգել Երևանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո խաղաղ գործընթացի ձևաչափի վերականգնման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բոլորովին վերջերս խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանց կողմից էլ այս հարցում ակտիվացում է սպասվում, մանավանդ որ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Բայդենն արդեն հասկացրել է Էրդողանին, որ մտադիր է արգելակել նրա ակտիվությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում։

Եթե արդյունքում Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, նրան կհետևեն Ֆրանկոֆոնիայի երկրները, և գործընթացն արդեն անդառնալի կլինի։ Այո, դա բավականին շատ ժամանակ կտևի, հնարավոր է, որ տարիներ պահանջվեն, բայց, ինչպես և Հայոց ցեղասպանության հարցում, այստեղ ևս պետք է ջանքեր գործադրել և կամք ցուցաբերել, չէ՞ որ նպատակն արժանի է դրան։

Հետևաբար, արդեն հիմա Հայաստանն ու սփյուռքը պետք է հստակ հայեցակարգ մշակեն և համատեղ հզոր արշավ կազմակերպեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ։

Ցեղասպանության հերքումը կարող է քրեականացվել. Բայդենի ուղերձի բերած հնարավորությունները

350
թեգերը:
Բինյամին Նեթանյահու, Ռեջեփ Թայիփ Էրդողան, լոբբինգ, հրեա, Հայոց ցեղասպանություն
Ըստ թեմայի
Էրդողանի խորամանկ ծրագիրը, կամ միջազգային հանրության վրա հույս դնող միամիտներ էլի կան
Էրդողանը խորապես վշտացած է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ
Թուրքիայի ընդդիմությունը քննադատել է Էրդողանին Բայդենի հայտարարության համար
Երևան, 1960-ականներ

Մելքոնյանին գործից հանեցին սառնարանի պատճառով, կամ կոռուպցիոն տարիների ժամանակագրություն

221
(Թարմացված է 09:08 07.05.2021)
Ինչպե՞ս էին կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանում ԽՍՀՄ-ի տարիներին։ Եվ ինչու պայքար, ըստ էության, չկար և հիմա էլ չկա, իսկ կոռուպցիան կար և հիմա էլ կա։

Ինչպես էլ դասավորվի հետընտրական պասյանսը, ով էլ իշխանության գա Հայաստանում, անպայման հիշեցնելու է այդ չարիքի մասին։

Խորհրդային Հայաստանի 16 առաջին դեմքերից 10-ն են եղել իմ կյանքի ընթացքում (հետխորհրդայիններից՝ չորսը), բայց եթե Գրիգորի Հարությունովի ժամանակ (1937-1953թթ․) ես դեռ դպրոց էի գնում, ապա Սուրեն Թովմասյանի ժամանակ (1953-1960թթ,) արդեն ուսանող էի և սկսել էի պատկերացնել, թե Հայաստանում ինչն ինչից հետո է, ինչու մշտապես կոռուպցիայի դեմ պայքար կար։

Ութսունականներից առաջ դա կոչվում էր «պայքար սոցիալիստական ունեցվածքը թալանողների դեմ», բայց հարցը ունեցվածքի տեսակը չէր, այլ մի բան թռցնելու ցանկությունը։ Միշտ էլ տարել են, հարցը մասշտաբներն են։

Սուրեն Թովմասյանի և Յակով Զարոբյանի օրոք ավելի քիչ էին գողանում ոչ միայն այն պատճառով, որ դեռ հետստալինյան ժամանակներ էին, և օրենքներն ավելի խիստ էին, այլ որովհետև Հայաստանն ավելի աղքատ էր, կենսակերպը պուրիտանականի էր նման, բարոյական արժեքները նյութական արժեքներից բարձր էին։

Պատերազմից հետո, ինչպես ասում են, յուղի մեջ լող տալու ժամանակը չէ, ողջ ես՝ արդեն լավ է, իսկ լավ ապրելը, երբ շուրջբոլորը աղքատություն է, ավերածություններ ու սով, կարելի է ասել՝ անպարկեշտ է։ Հիշում եմ, որ դպրոց էինք գնում հայրիկների կոշիկներով, և դա ոչ մեկին չէր զարմացնում։ Հարցեր էին առաջանում, եթե լավ էիր հագնվում։

Կրքեր բրենդի շուրջ, կամ Կոնյակ քաղաքը կլուծե՞ր հայկական խմիչքի հարցը

Անտոն Քոչինյանը Հայաստանի առաջին դեմքը դարձավ 1966թ․-ին, երբ շինարարությունն ու զանազան բարձր տեխնոլոգիական (այն ժամանակների համար) արտադրությունները սկսեցին ամբողջ ուժով ընդլայնվել, և ի հայտ եկան մեր տնտեսական, գիտական և մշակութային հզորության առաջին նշանները։

«Եթե ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ազնիվ ապրել չի ուզում»,-երգում էինք այդ տարիներին՝ զարմանքով նկատելով, որ այդպիսիք, պարզվում է, ամենևին էլ քիչ չէին։ Բայց հույս էր ներշնչում միլիցիային նվիրված հանրահայտ երգի հաջորդ տողը․ «Ուրեմն մենք նրանց դեմ անտեսանելի կռիվ ենք մղելու»։ Հետո հայտնվեցին առաջին «ցեխավիկները»՝ մեծ փողերով, բայց առաջին հերթին՝ կուսակցական-կառավարական շրջանակներում ունեցած կապերով, ու սկսվե՜ց․․․

Կարեն Դեմիրճանը հերթապահության անցավ 1974թ․-ին, երբ ժողովուրդը սկսեց Անտոն Երվանդովիչին անվանել Անտոն Բրիլյանտովիչ, բայց այդքանով հանդերձ Քոչինյանն իրենից հետո ծաղկուն երկիր թողեց, և Երևանում կանգնեցված նրա արձանը միանգամայն տեղին է։

Ինչի՞ց սկսեց Դեմիրճյանը, երբ զբաղեցրեց Հայաստանի գլխավոր մենեջերի աթոռը։ Ճիշտ է, սկսեց պայքարել կոռուպցիայի դեմ։ Դա միշտ էլ ականջ է շոյում, բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել կատարել խոստումը։ Այնուամենայնիվ, Դեմիրճյանի ժամանակ հարցը շարունակում էր օրակարգում մնալ, բայց գլխավոր ջանքերն ամեն դեպքում տնտեսության զարգացմանն էին ուղղված։

Կոռուպցիայի դեմ պայքարը ամենից լավ ստացվեց Կենտկոմի վերջին առաջին քատուղար Սուրեն Հարությունյանի մոտ․ Սպիտակի երկրաշարժ, «Ղարաբաղ» շարժում, ԽՍՀՄ-ի փլուզում․․․ կոռուպցիայի ժամանակը չէր, թեև այն ոչ մի տեղ էլ չէր անհետացել։

Ամփոփեմ իմ աչքի առաջ տեղի ունեցած հակակոռուպցիոն արշավները։ Աղմուկը շատ էր, օգուտը՝ քիչ։ Երկու աղմկահարույց գործ եղավ, որոնք, ներկայիս չափորոշիչներով, մի հոտած ձու չարժեին։ Կենտկոմի քարտուղար Մհեր Մելքոնյանը Երևանում կայացած միջազգային ցուցահանդեսում գնել էր բոլոր երևանցիների երկնագույն երազանքը՝ ֆիննական «Ռոզենլև» սառնարանը (ցուցանմուշները հետ չէին տանում, այլ, որպես կանոն, տեղում վաճառում էին)։ Սառնարանը դռնից չէր մտել, վերամբարձ կռունկով բարձրացրել էին, որ պատուհանից մտցնեն, ով պետք է՝ տեսել էր, լուսանկարել, ուղարկել Մոսկվա։ Մելքոնյանին աշխատանքից հանեցին։

Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան

Երևանի «Բաքվի 26 կոմիսարների» շրջանի առաջին քարտուղար Միխայիլ Մինասյանը բնակարան էր ստացել Սայաթ-Նովա փողոցում, մի թեթև ձևափոխել էր ու բնակտարածքն ավելացրել լրացուցիչ տարածքի հաշվին։

Մինասյանին ազատեցին պաշտոնից։ Այսօրվա պատկերացումնեով՝ դատարկ բան է, եփավ հավի ծիծաղը կգա, ի՞նչ կոռուպցիա, գրողը տանի․․․ այնուամենայնիվ, գրանցեցին որպես ծառայողական դիրքի չարաշահում, ինչը կոռուպցիայի դեմ պայքարի բաղկացուցիչ է համարվում։

Միևնույն ժամանակ, եթե նույն «Ռոզենլևը» գներ կամ հյուրասենյակը միջանցքի հաշվին (կամ էլ հակառակը) մեծացներ Երևանի «Հայէլեկտրոմաշի» խառատը, ոչ մի խնդիր չէր լինի։ Մոտեցումն այսպիսին է՝ այն, ինչ կարելի է հասարակ մահկանացուներին, պաշտոնյային չի կարելի։ Համաձայնեք՝ ինչ-որ տրամաբանություն կա։

Եկան հետխորհրդային ժամանակները։ Լևոն Տեր-Պետրոսյան։ Հայաստանն ավերածությունների մեջ է, շրջափակում, սով, հացը՝ կտրոնով, մութ։ Նոր իշխանությունը նախկին իշխանություններին գող ու ավազակ անվանեց, ինչի պատճառով «թալանի՛ր թալանվածը» վիճակում ինչ-որ ռոբինհուդյան տրամադրություն ծնվեց։

Արցախում պատերազմ էր, հայրենիքը՝ վտանգի մեջ, թվում էր՝ գողանալու ժամանակը չէ, բայց, ինչպես կասեր իմ բազմափորձ ընկերներից մեկը․ «Ժողովուրդ, խուճապի չմատնվեք․ ռազմական դրության պայմաններում բոլոր կոռուպցիոն սխեմաները աշխատում են սովորական ռեժիմով»։

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

Խառնաշփոթի մեջ ձեռնարկությունները սեփականաշնորհվում էին, ջարդոնի վերածվում, երկրից դուրս էին բերվում ու վաճառվում թանկարժեք սարքավորումները։ Կոռուպցիայի մասին խոսակցությունները չէին դադարել, բայց մի տեսակ խեղճացել էին, մարել, լուծվել դժվար ժամանակների հոգսերում։

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Երկիրը ոտքի էր կանգնում, բայց կոռուպցիոները չէր ննջում։ ԽԾԲ-ի, ընտանեկան ու հովանավորչական կապերի մասին խոսում էին բոլորը, բացի հանրային հեռուստատեսությունից։ Անուններ էին հնչում, որոնք հետո բնորոշիչ դարձան՝ «Սաշիկ», «Լֆիկ Սամո», «Նեմեց Ռուբո»․․․
․․․ Սերժ Սարգսյանը գնաց, եկավ Նիկոլ Փաշինյանը։ Ասաց․ «Ասֆալտին կփռեմ», «Արմատախիլ կանեմ» ու էլի մի շարք բաներ՝ կապիտալիստական ունեցվածքը թալանողների դեմ պայքարողի ողջ կրքով։

Կարճ ժամանակ անցավ, ու հանկարծ․ «Հայաստանում ընդհանուր առմամբ կոռուպցիա այլևս չկա»։ Բոլորը ծիծաղեցին։ Ամերիկայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Չինաստանում, Սինգապուրում չկարողացան, իսկ մենք մեկուկես տարում՝ խնդրեմ, համեցեք․․․

221
թեգերը:
պաշտոն, կոռուպցիա, Հայաստան
Ըստ թեմայի
Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը
«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»
Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

352
(Թարմացված է 23:44 06.05.2021)

Ադրբեջանցի պաշտոնյաներն անուղղակիորեն ընդունել են այն փաստը, որ Շուշիի հայկական գլխավոր խորհրդանիշի՝ Սուրբ Ամենափրկիչ տաճարի, որն ավելի հայտնի է որպես Ղազանչեցոց եկեղեցի, տեսքի փոփոխության մասին քաղաքական ղեկավարության կարգադրություն կա: Վերականգնման աշխատանքների պատրվակով արդեն ջնջվել են հայկական ավանդական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ գծերը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է հասկանալ՝ ինչպես են Բաքվում պատրաստվում արդարացնել այդ վանդալիզմը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Շուշիում, որը ռազմական գործողությունների արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ապամոնտաժվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու սրածայր գմբեթը և դրա փոխարեն կլոր մի կառույց է տեղադրվել։ Մինչ այդ եկեղեցու պատերի մոտ արդեն շինհրապարակ էր ծավալվել։ Բաքվում հայտարարել են, որ տաճարը վերականգնվում է, քանի որ այն տուժել է պատերազմի ժամանակ։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ուժերը երկու թիրախային հրթիռային հարված հասցրեցին տաճարին։ Արդյունքում վիրավորվել էին եկեղեցում աղոթող մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ռուսաստանցի երեք լրագրողներ։ Վնասվել էր տաճարի գմբեթը։ Վնասված գմբեթը վերականգնելու փոխարեն այն վերականգնման պատրվակով ամբողջությամբ վերացվել է։ Բաքվում պնդում են, թե, իբր, տաճարն ի սկզբանե այդպիսի տեսք ուներ մինչ «հայերի կողմից հայաֆիկացվելը»։

Մտահաղացման վերջնական նպատակի վերաբերյալ մի քանի վարկած կա։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի կարծիքով, հնարավոր է, որ տաճարը մահմեդական մզկիթի վերածվի: «Չի կարելի բացառել այդ հավանականությունը։ Հիշենք թուրքական իշխանության կողմից մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այն ամենը, ինչ անում է ավագ եղբայրը, հետո օրինակ է ծառայում կրտսերի համար»,- ասել է Բաբայանը։

Նույն ձեռագիրն է, որով Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի. ԱԺ–ն արձագանքեց Շուշիում կատարվածին

Ըստ մեկ այլ վարկածի՝ տաճարի ճարտարապետական կերպարը խեղելուց հետո պատրաստվում են հայտարարել, որ այն ալբանական է ու փոխանցել ձևավորվող ուդիների քրիստոնեական համայնքին։ Այս մասին է վկայում, մասնավորապես, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի ելույթը, որը հունվարի կեսերին ասել էր, որ «Շուշիի Ղազանչի եկեղեցին, ինչպես և Ղարաբաղի ալբանական մյուս եկեղեցիները, կվերականգնվեն ու կփոխանցվեն օրինական տերերին»:

Церковь Сурб Казанчецоц на фото-открытке 1911 года
© Photo : Public domain
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, 1911 թվականի բացիկ

Նույն ոճով են արտահայտվում նաև Բաքվի իշխանամետ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակախոսությունների հեղինակները։ Ահա թե ինչ է գրում Haqqin.az-ը. «Ադրբեջանական իշխանությունն ուղղում է սխալները։ Սկսվել է Շուշիի տաճարի վերականգնումը։ Դրա հետագա ճակատագիրը կորոշեն ադրբեջանցի քրիստոնյաները՝ հին ալբանների ժառանգները ՝ ուդիները»։ Եվ դա այն դեպքում, երբ կովկասյան ալբանացիները ձուլվել են Ղազանչեցոց եկեղեցու կառուցումից շատ առաջ, իսկ ալբանացիների հետնորդ ուդիներն ապրում են Շուշիից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Երրորդ վարկածի համաձայն ՝ տաճարը պատրաստվում են ներկայացնել որպես ուղղափառ ու հետագայում հանձնել ՌՈՒԵ Բաքվի թեմին: Դրա համար վաղուց են հող պատրաստում։ Դեռ խորհրդային տարիներին ադրբեջանցի պատմաբանները փորձել են զգուշորեն խոսակցություններ սկսել այն մասին, թե իբր Ղազանչեցոցն ի սկզբանե ուղղափառ է, ու այն կառուցել են ոչ թե հայերը, այլ ռուսները։ Դա հաստատում են լուսանկարներով, որոնցում տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի։ Այս ձևով այն հեռվից նման է ուղղափառ եկեղեցու։ Հենց այդ ֆոտոշարքերն են դրված ներկայումս ակտիվորեն շահագործվող լեգենդի հիմքում։

Церковь Сурб Казанчецоц, 1990-е годы
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին 1990-ականներին

«Վերականգնողական աշխատանքները կատարվում են ինքնատիպ ճարտարապետական ոճով Շուշա քաղաքի պատմական տեսքը վերստեղծելու նպատակով», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: «Եկեղեցին կվերականգնվի սկզբնական տեսքով, ինչպես նախկինում էր, առանց սրածայր գմբեթի», - պարզաբանել է Ադրբեջանի եվրաինտեգրման կոմիտեի անդամ Տողրուլ Ջուվարլին: «Հայերը փոխել են եկեղեցու տեսքը։ Նրանք վերակառուցել են այն և կառուցել սրածայր գմբեթը, որը նախկինում չկար։ Այժմ աշխատանքներ են տարվում եկեղեցին սկզբնական տեսքի վերադարձնելու ուղղությամբ», - ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը, որը խնդրել է չհիշատակել իր անունը։

Ի՞նչ է եղել իրականում։ Լուսանկարները, որոնց վրա տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի, իրական են։ Տաճարը դրանց վրա պատկերված է 1920 թվականի հայերի կոտորածից հետո։ Հայտնի է, որ ջարդերի օրերին տեղի թաթարները քանդել են Ղազանցոց եկեղեցու գմբեթը և հանել խաչը։ Մերկացված ներքին կառույցը, որի վրա հենվում էր գմբեթը, կլորացված էր և արտաքնապես հիշեցնում էր ուղղափառ եկեղեցու գմբեթի ձևը։ Տաճարն այդպիսի տեսք ուներ մինչև 1992 թվականը, երբ դրա նախնական տեսքը վերականգնվեց։ Վերականգնումն իրականացվել է 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի լուսանկարների հիման վրա։ Բազմաթիվ արխիվային նյութեր հաստատում են, որ ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանցը տաճարը նախագծել է հենց սուր գմբեթով։ Այսպիսին է այն կառուցել գլխավոր շինարար Ավետիս Երամիշյանցը։

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

Ճարտարապետի և շինարարի անունները փորագրված են եկեղեցու խորանի ճակատային հատվածում։ Հարավային հատվածի վերին մասի արձանագրությունը փաստում է, որ տաճարը կառուցվել է ծխականների միջոցներով և նվիրատվություններով։ Այնտեղ նշվում է, որ շինարարությունը սկսվել է 1868-ին Գևորգ Դ կաթողիկոսի օրոք և ավարտվել 1887-ին ՝ պատրիարք Մակար Ա-ի օրոք։ Տաճարից մի փոքր ավելի վաղ կառուցված զանգակատան արևելյան պատին փորագրված է․ «Կառուցվել է զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասանի և որդիների՝ Արուպի և Ստեփանի և բոլոր ղազանչեցիների հիշատակին: Փառք Աստծուն, և թող փրկվեն բոլոր ողջերի և մահացածների հոգիները: 1858 թվականի ամառ»: Բոլոր գրությունները բնականաբար հայերեն են։ Այս ամենով հանդերձ ինչպե՞ս կարելի է պնդել, թե եկեղեցին հայերը չեն կառուցել, ու որ այն գործել է որպես ուղղափառ տաճար։

Պարզվում է ՝ առասպելն այն մասին, որ Ղազանչեցոցը ռուսական ուղղափառ եկեղեցի էր, շարունակություն ունի։ 

Ադրբեջանի Ճարտարապետների միության վարչության անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի պրոֆեսոր Ֆաիգ Իսմայիլովը պնդում է, որ ռուսներն էլ իրենց հերթին են գողացել տաճարի շենքը: Նկարագրելով Ղազանչեցոց եկեղեցու ծագման պատմությունը՝ ճարտարապետը պնդում է. «Երբ Ղարաբաղում գտնվող ռուս զինվորների համար եկեղեցի հիմնելու անհրաժեշտություն առաջացավ, բանակային ղեկավարությունը զանգ կախեց Ղարաբաղյան խանի պալատի աշտարակին և այստեղ երկրպագելու պայմաններ ստեղծեց։ Ժամանակի ընթացքում ղարաբաղյան խանության շենքը ռուսական բանակի հրամանատարության հրամանով վերանորոգվել է և հարմարեցվել է եկեղեցական ոճին»։ Կարելի է, իհարկե, այս ամենին հումորով վերաբերել։ Բայց Շուշիից գաղթած հայերի ծիծաղը չի գալիս։

Շուշիում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելու Ադրբեջանի իշխանության փորձերը, մեղմ ասած, դժվարությամբ են տեղավորվում Բաքվից հնչող հավաստիացումների ենթատեքստում, թե նրանք պատրաստ են պայմաններ ստեղծել Արցախում երկու համայնքների խաղաղ գոյակցության համար: Ադրբեջանի իշխանության շարունակական վանդալիզմի ֆոնին ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական առաքելության՝ տարածաշրջան այցին խոչընդոտելու փաստը հատուկ իմաստ է ստանում: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական մոտեցումն այս հարցում միանշանակ է։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ կապակցության հստակ է արտահայտվել․ «Մեր սկզբունքային դիրքորոշումն այսպիսին է՝ մենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր նշանակության օբյեկտների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կողմնակից ենք: Մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգեւոր արժեքների պահպանմանը։ Մենք հաստատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության՝ տարածաշրջան այցը շուտափույթ կազմակերպելու կարևորությունը »։ Միայն թե դա շուտ լինի։

352
թեգերը:
Շուշի, Ադրբեջան, Արցախ, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի)
Ըստ թեմայի
Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչել է հայկական բանակի օրհներգը
Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին

0
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Միրզոյանի խոսքով`դա վկայում է արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին:

«Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով այն անվտանգային սպառնալիքները, որոնց առերեսվեցինք Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի ընթացքում»,–գրել է Միրզոյանը:

Խորհրդարանի խոսնակը հավելել է՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված զանգվածային վայրագությունները, պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ անպատժելիությունը պարարտ հող է ստեղծում անցյալի հանցանքների կրկնության համար:

Հիշեցնենք` մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Որոշմանը կողմ էին արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը։

 

 

0
թեգերը:
Լատվիա, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Էրդողանը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը` ԱՄՆ-ից ինչ–որ բան կորզելու համար
Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ
«Հայաստանը ժողովրդավար երկիր է». Փաշինյանը` Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին