Լին Թրեյսին` Ծիծեռնակաբերդում

Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը արժեզրկում Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

555
(Թարմացված է 01:03 30.04.2021)
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերջերս տված հարցազրույցում հայտարարել էր, որ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է իրավական հետևանքներ ունենա։ Ի՞նչ է թաքնված ԱՄՆ դեսպանի դիրքորոշման հետևում՝ փորձել է պարզել Sputnik Արմենիայի սյունակագիրը։

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից անմիջապես հետո ինչպես Ամերիկայում, այնպես էլ Թուրքիայում սկսեցին հայտարարություններ հնչել, որոնք փաստացի նվազեցնում են Ջո Բայդենի կայացրած որոշման կարևորությունը։ Դրանց էությունն այն է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու փաստի դատապարտումը ամենևին էլ չեն հանգեցնի այդ հանցագործությունը կատարած երկրի նկատմամբ որևէ իրավական հետևանքների։ Այսինքն, այդ տրամաբանությամբ, Բայդենի գնահատականը հիմք չի հանդիսանա մեր կողմից սպասված հետագա քայլերի համար։ Արդյո՞ք այդպես է իրականում։

Դատելով Անկարայի բավական զուսպ արձագանքից` կարելի է ենթադրել, որ ամերիկացիները կարողացել են համոզել թուրքական կողմին, որ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչումը թուրքերի համար կարող է և վտանգավոր հետևանքների չհանգեցնել, եթե նրանք ճիշտ եզրակացություններ անեն և վերանայեն իրենց քաղաքականությունը։

Նկատելի է, որ Սպիտակ տունն ամենևին էլ տրամադրված չէ հասնելու նրան, որ Թուրքիան պատասխանատվություն կրի 106 տարի առաջ իրականացրած հանցագործության համար։ Այդ մասին թույլ է տալիս դատել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ապրիլի 26-ի հարցազրույցը։ Նա հայտարարել է, որ Ցեղասպանության ճանաչումը չպետք է իրավական հետևանքներ առաջացնի, քանի որ հայերի կոտորածը տեղի է ունեցել նախքան ՄԱԿ–ի կողմից ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունումը։

«Իրավական տեսանկյունից կոնվենցիան հակառակ ուժ չունի», – նշել է Թրեյսին։

Ցեղասպանության տարելիցի նախաշեմին Էրդողանը ստամբուլահայերին առաջ է մղում. ո՞րն է նպատակը

Վիճելի պնդում է իհարկե։ Բայց չի կարելի չնկատել, որ հնչեցրած մոտեցումը տարեցտարի ավելի մեծ տարածում է ստանում։

Աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության անխուսափելի վերջնական ճանաչումը, կարծես, գիտակցում են արդեն նաև թուրքական էլիտայի ներկայացուցիչներից շատերը։ Նրանց միակ հույսն այն է, որ ոճրագործության դատապարտումը հիմք չի դառնա հայերի կողմից փոխհատուցման պահանջներ առաջ քաշելու համար։ Եվ այդ առումով ամերիկացի դիվանագետների շուրթերից հնչող հայտարարությունները հուսադրում են թուրքերին։

Գերտերությունները, օգտագործելով հայերի ողբերգությունը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և զիջումներ կորզելու նպատակով, ամենևին էլ մտադիր չեն հասնելու Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների վերականգնմանը։ Նրանց ավելորդ գլխացավանք պետք չէ։ Ե՛վ Ամերիկայում, և՛ Եվրոպայում գիտակցում են, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի փոխհատուցման հարցի քննարկումը կբացի Պանդորայի արկղը։

Ռոնալդ Ռեյգանն ու Քեն Խաչիկյանը
© Photo : из личного архива Кеннета Хачикяна и Артема Ерканяна

Փոխհատուցում կպահանջեն նաև մի շարք այլ ժողովուրդներ, որոնք տարբեր ժամանակների նման հանցագործությունների զոհ են դարձել։ Այդ իսկ պատճառով աշխարհի ուժեղները հասկացնում են, որ Ցեղասպանության ճանաչումը դա մի բան է, իսկ փոխհատուցումը նրանց, ովքեր ենթարկվել են ցեղասպանության, բոլորովին այլ բան։ Եվ եթե առաջին դեպքում իրենց աջակցության վրա հայերը կարող են հույս դնել, երկրորդ դեպքում ամեն ինչ ավելի բարդ է։

Տասնամյակներ շարունակ Ցեղասպանության ճանաչմանը ձգտող հայկական լոբբիստական կառույցների խնդիրը այժմ պետք է դառնա հակազդումը նման մոտեցումներին։ Հանցագործությանը գնահատական տալը, սակայն խոչընդոտելը, որ հանցագործին պատժեն՝ ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական։ Նույն Միացյալ Նահանգներում հայերը բազմաթիվ հուսալի գործընկերներ ունեն, որոնք կարող են պայքարել Ցեղասպանության հարցում ոչ հետևողական լինելու դեմ։ Միևնույն ժամանակ արդիական կարող է դառնալ նաև Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու թեման։ Այդ ուղղությամբ աշխատանքներն ավելի արդյունավետ կլինի տանել առանձին նահանգների օրենսդրական մարմինների մակարդակով։

Պետք է խոստովանել, որ Եվրոպայում այդ ջանքերն իրենց չարդարացրին։ Ֆրանսիայում ժխտողականությունը քրեականացնելու մասին օրենքը ձախողեց բարձրագույն դատական ատյանը, իսկ Շվեյցարիայում, որտեղ արդեն համապատասխան օրենքը գործում է, Ցեղասպանությունը ժխտող սադրիչների քրեական հետպնդումն անհնար դարձավ, քանի որ ՄԻԵԴ–ը դրանում խոսքի ազատության սահմանափակում տեսավ։ Սակայն այն, ինչ չի ստացվում Եվրոպայում, հաճախ հաջողվում է Ամերիկայում։

Թուրքերի թափանցիկ ակնարկները. ո՞ւմ դեմ են պատրաստվում օգտագործել «Մեծ թուրանի» բանակը

Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների հայկական կազմակերպությունները նույնպես ամերիկյան փորձից անհրաժեշտ հետևություններն արեցին և գիտեն, թե ինչով այժմ պետք է զբաղվեն։ Նախևառաջ անհրաժեշտ է Վաշինգտոնից ստացված ազդակն օգտագործել Ցեղասպանության ճանաչման նոր զանգվածային ալիք առաջացնելու համար։

Այժմ այդ առումով ուշադրությունը առաջին հերթին սևեռված է Լոնդոնի և Երուսաղեմի ուղղությամբ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մայիսին սպասվում է պատգամավոր Թիմ Լութենի նախապատրաստած համապատասխան բանաձևի նախագծի քննարկումը։ Իսրայելում հայամետ խորհրդարանականները մոբիլիզացնում են ռեսուրսները Հայոց ցեղասպանության մասին նոր փաստաթուղթը Քնեսեթի քննարկմանը ներկայացնելու համար։ Աշխատանքներ են տարվում նաև Ավստրալիայի, Լատվիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և նույնիսկ Եգիպտոսի խորհրդարաններում։ Հանգամանքների հաջող դասավորության դեպքում Հայոց ցեղասպանության դատապարտումը հնարավոր է նաև Սաուդյան Արաբիայի կողմից։

Երկրներում, որտեղ Ցեղասպանությունն արդեն ճանաչվել է օրենսդրական մարմինների մակարդակով, հայ լոբբիստները դեռ անելիքներ ունեն։ Նրանց հիմնական նպատակն այժմ խորհրդարանների որոշումներին համապատասխանեցնելն է գործադիր իշխանության մոտեցումները։ Գործադիր և օրենսդիր մարմինների միջև կոնսենսուսի դեպքում միայն մենք կկարողանանք համարձակորեն պնդել, որ կոնկրետ երկիր վերջնական և անդառնալիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իսկ մինչ այդ մենք դեռ մի շարք տհաճ նախադեպեր ունենք, երբ կառավարությունները բացահայտորեն անտեսում են խորհրդարանների որոշումները։

Թարմ օրինակ. Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն անցած շաբաթ 1915 թվականի իրադարձությունները «զանգվածային ագրեսիա» անվանեց, թեև Ռիքսդագը դեռ 2010 թվականին էր ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Նիդերլանդների ԱԳՆ նույնպես սկզբունքորեն խուսափում է «ցեղասպանություն» ձևակերպումից, անկախ 2018 թվականին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած բանաձևից։

Էրդողանը կկարողանա՞ ԱԷԿ-ն օգտագործել ատոմային ռումբ ստեղծելու համար

Նպաստելով Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում Ցեղասպանության ճանաչման թեմայի առաջխաղացմանը` պետք չէ թերագնահատել նաև թուրք հասարակության հետ աշխատանքներ տանելու կարևորությունը։ Թուրքիայում տիրող ժխտողականությանն այսօր որևէ լուրջ բան հակադրելը դեռ անիրատեսական է։ Սակայն քրդաբնակ նահանգներում Հայոց ցեղասպանության դատապարտման մասին արդեն բացահայտ կերպով խոսում են քաղաքական իշխանությունների մակարդակով։ Առավել ակտիվ ու համարձակ են դառնում հասարակական կառույցներն ու մասնագիտական միավորումները։ Այդ առումով օրինակելի է Դիարբեքիրի փաստաբանների միության կողմից Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունը։ Դե իսկ Թուրքիայի խորհրդարանի Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի նախաձեռնությունն ընդհանրապես աննախադեպ է։ 

Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու նրա ձեռնարկած փորձը, իհարկե, դեռ առանձնակի հեռանկարներ ունենալ չի կարող։ Բայց մի՞թե դեռ 20 տարի առաջ որևէ մեկը կարող էր պատկերացնել, որ թուրք օրենսդրականները ստիպված կլինեն նման փաստաթուղթ քննարկել։

555
թեգերը:
Լին Թրեյսի, Թուրքիա, ԱՄՆ, Ջո Բայդեն, Հայոց ցեղասպանություն
Ըստ թեմայի
Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան 1 դար․ ՀՀ նախագահը՝ Ջո Բայդենին
Ջո Բայդենի հայտարարության իրական արժեքը կախված է Հայաստանից. ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ
Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ ճանաչել է Ցեղասպանությունը. Բլինկեն
Ինչո՞ւ էրդողանն այդքան մեղմ արձագանքեց Բայդենի ուղերձին, կամ ի՞նչն է մտահոգել Երևանին
Երևան, 1960-ականներ

Մելքոնյանին գործից հանեցին սառնարանի պատճառով, կամ կոռուպցիոն տարիների ժամանակագրություն

221
(Թարմացված է 09:08 07.05.2021)
Ինչպե՞ս էին կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանում ԽՍՀՄ-ի տարիներին։ Եվ ինչու պայքար, ըստ էության, չկար և հիմա էլ չկա, իսկ կոռուպցիան կար և հիմա էլ կա։

Ինչպես էլ դասավորվի հետընտրական պասյանսը, ով էլ իշխանության գա Հայաստանում, անպայման հիշեցնելու է այդ չարիքի մասին։

Խորհրդային Հայաստանի 16 առաջին դեմքերից 10-ն են եղել իմ կյանքի ընթացքում (հետխորհրդայիններից՝ չորսը), բայց եթե Գրիգորի Հարությունովի ժամանակ (1937-1953թթ․) ես դեռ դպրոց էի գնում, ապա Սուրեն Թովմասյանի ժամանակ (1953-1960թթ,) արդեն ուսանող էի և սկսել էի պատկերացնել, թե Հայաստանում ինչն ինչից հետո է, ինչու մշտապես կոռուպցիայի դեմ պայքար կար։

Ութսունականներից առաջ դա կոչվում էր «պայքար սոցիալիստական ունեցվածքը թալանողների դեմ», բայց հարցը ունեցվածքի տեսակը չէր, այլ մի բան թռցնելու ցանկությունը։ Միշտ էլ տարել են, հարցը մասշտաբներն են։

Սուրեն Թովմասյանի և Յակով Զարոբյանի օրոք ավելի քիչ էին գողանում ոչ միայն այն պատճառով, որ դեռ հետստալինյան ժամանակներ էին, և օրենքներն ավելի խիստ էին, այլ որովհետև Հայաստանն ավելի աղքատ էր, կենսակերպը պուրիտանականի էր նման, բարոյական արժեքները նյութական արժեքներից բարձր էին։

Պատերազմից հետո, ինչպես ասում են, յուղի մեջ լող տալու ժամանակը չէ, ողջ ես՝ արդեն լավ է, իսկ լավ ապրելը, երբ շուրջբոլորը աղքատություն է, ավերածություններ ու սով, կարելի է ասել՝ անպարկեշտ է։ Հիշում եմ, որ դպրոց էինք գնում հայրիկների կոշիկներով, և դա ոչ մեկին չէր զարմացնում։ Հարցեր էին առաջանում, եթե լավ էիր հագնվում։

Կրքեր բրենդի շուրջ, կամ Կոնյակ քաղաքը կլուծե՞ր հայկական խմիչքի հարցը

Անտոն Քոչինյանը Հայաստանի առաջին դեմքը դարձավ 1966թ․-ին, երբ շինարարությունն ու զանազան բարձր տեխնոլոգիական (այն ժամանակների համար) արտադրությունները սկսեցին ամբողջ ուժով ընդլայնվել, և ի հայտ եկան մեր տնտեսական, գիտական և մշակութային հզորության առաջին նշանները։

«Եթե ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ազնիվ ապրել չի ուզում»,-երգում էինք այդ տարիներին՝ զարմանքով նկատելով, որ այդպիսիք, պարզվում է, ամենևին էլ քիչ չէին։ Բայց հույս էր ներշնչում միլիցիային նվիրված հանրահայտ երգի հաջորդ տողը․ «Ուրեմն մենք նրանց դեմ անտեսանելի կռիվ ենք մղելու»։ Հետո հայտնվեցին առաջին «ցեխավիկները»՝ մեծ փողերով, բայց առաջին հերթին՝ կուսակցական-կառավարական շրջանակներում ունեցած կապերով, ու սկսվե՜ց․․․

Կարեն Դեմիրճանը հերթապահության անցավ 1974թ․-ին, երբ ժողովուրդը սկսեց Անտոն Երվանդովիչին անվանել Անտոն Բրիլյանտովիչ, բայց այդքանով հանդերձ Քոչինյանն իրենից հետո ծաղկուն երկիր թողեց, և Երևանում կանգնեցված նրա արձանը միանգամայն տեղին է։

Ինչի՞ց սկսեց Դեմիրճյանը, երբ զբաղեցրեց Հայաստանի գլխավոր մենեջերի աթոռը։ Ճիշտ է, սկսեց պայքարել կոռուպցիայի դեմ։ Դա միշտ էլ ականջ է շոյում, բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել կատարել խոստումը։ Այնուամենայնիվ, Դեմիրճյանի ժամանակ հարցը շարունակում էր օրակարգում մնալ, բայց գլխավոր ջանքերն ամեն դեպքում տնտեսության զարգացմանն էին ուղղված։

Կոռուպցիայի դեմ պայքարը ամենից լավ ստացվեց Կենտկոմի վերջին առաջին քատուղար Սուրեն Հարությունյանի մոտ․ Սպիտակի երկրաշարժ, «Ղարաբաղ» շարժում, ԽՍՀՄ-ի փլուզում․․․ կոռուպցիայի ժամանակը չէր, թեև այն ոչ մի տեղ էլ չէր անհետացել։

Ամփոփեմ իմ աչքի առաջ տեղի ունեցած հակակոռուպցիոն արշավները։ Աղմուկը շատ էր, օգուտը՝ քիչ։ Երկու աղմկահարույց գործ եղավ, որոնք, ներկայիս չափորոշիչներով, մի հոտած ձու չարժեին։ Կենտկոմի քարտուղար Մհեր Մելքոնյանը Երևանում կայացած միջազգային ցուցահանդեսում գնել էր բոլոր երևանցիների երկնագույն երազանքը՝ ֆիննական «Ռոզենլև» սառնարանը (ցուցանմուշները հետ չէին տանում, այլ, որպես կանոն, տեղում վաճառում էին)։ Սառնարանը դռնից չէր մտել, վերամբարձ կռունկով բարձրացրել էին, որ պատուհանից մտցնեն, ով պետք է՝ տեսել էր, լուսանկարել, ուղարկել Մոսկվա։ Մելքոնյանին աշխատանքից հանեցին։

Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան

Երևանի «Բաքվի 26 կոմիսարների» շրջանի առաջին քարտուղար Միխայիլ Մինասյանը բնակարան էր ստացել Սայաթ-Նովա փողոցում, մի թեթև ձևափոխել էր ու բնակտարածքն ավելացրել լրացուցիչ տարածքի հաշվին։

Մինասյանին ազատեցին պաշտոնից։ Այսօրվա պատկերացումնեով՝ դատարկ բան է, եփավ հավի ծիծաղը կգա, ի՞նչ կոռուպցիա, գրողը տանի․․․ այնուամենայնիվ, գրանցեցին որպես ծառայողական դիրքի չարաշահում, ինչը կոռուպցիայի դեմ պայքարի բաղկացուցիչ է համարվում։

Միևնույն ժամանակ, եթե նույն «Ռոզենլևը» գներ կամ հյուրասենյակը միջանցքի հաշվին (կամ էլ հակառակը) մեծացներ Երևանի «Հայէլեկտրոմաշի» խառատը, ոչ մի խնդիր չէր լինի։ Մոտեցումն այսպիսին է՝ այն, ինչ կարելի է հասարակ մահկանացուներին, պաշտոնյային չի կարելի։ Համաձայնեք՝ ինչ-որ տրամաբանություն կա։

Եկան հետխորհրդային ժամանակները։ Լևոն Տեր-Պետրոսյան։ Հայաստանն ավերածությունների մեջ է, շրջափակում, սով, հացը՝ կտրոնով, մութ։ Նոր իշխանությունը նախկին իշխանություններին գող ու ավազակ անվանեց, ինչի պատճառով «թալանի՛ր թալանվածը» վիճակում ինչ-որ ռոբինհուդյան տրամադրություն ծնվեց։

Արցախում պատերազմ էր, հայրենիքը՝ վտանգի մեջ, թվում էր՝ գողանալու ժամանակը չէ, բայց, ինչպես կասեր իմ բազմափորձ ընկերներից մեկը․ «Ժողովուրդ, խուճապի չմատնվեք․ ռազմական դրության պայմաններում բոլոր կոռուպցիոն սխեմաները աշխատում են սովորական ռեժիմով»։

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

Խառնաշփոթի մեջ ձեռնարկությունները սեփականաշնորհվում էին, ջարդոնի վերածվում, երկրից դուրս էին բերվում ու վաճառվում թանկարժեք սարքավորումները։ Կոռուպցիայի մասին խոսակցությունները չէին դադարել, բայց մի տեսակ խեղճացել էին, մարել, լուծվել դժվար ժամանակների հոգսերում։

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Երկիրը ոտքի էր կանգնում, բայց կոռուպցիոները չէր ննջում։ ԽԾԲ-ի, ընտանեկան ու հովանավորչական կապերի մասին խոսում էին բոլորը, բացի հանրային հեռուստատեսությունից։ Անուններ էին հնչում, որոնք հետո բնորոշիչ դարձան՝ «Սաշիկ», «Լֆիկ Սամո», «Նեմեց Ռուբո»․․․
․․․ Սերժ Սարգսյանը գնաց, եկավ Նիկոլ Փաշինյանը։ Ասաց․ «Ասֆալտին կփռեմ», «Արմատախիլ կանեմ» ու էլի մի շարք բաներ՝ կապիտալիստական ունեցվածքը թալանողների դեմ պայքարողի ողջ կրքով։

Կարճ ժամանակ անցավ, ու հանկարծ․ «Հայաստանում ընդհանուր առմամբ կոռուպցիա այլևս չկա»։ Բոլորը ծիծաղեցին։ Ամերիկայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Չինաստանում, Սինգապուրում չկարողացան, իսկ մենք մեկուկես տարում՝ խնդրեմ, համեցեք․․․

221
թեգերը:
պաշտոն, կոռուպցիա, Հայաստան
Ըստ թեմայի
Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը
«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»
Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

352
(Թարմացված է 23:44 06.05.2021)

Ադրբեջանցի պաշտոնյաներն անուղղակիորեն ընդունել են այն փաստը, որ Շուշիի հայկական գլխավոր խորհրդանիշի՝ Սուրբ Ամենափրկիչ տաճարի, որն ավելի հայտնի է որպես Ղազանչեցոց եկեղեցի, տեսքի փոփոխության մասին քաղաքական ղեկավարության կարգադրություն կա: Վերականգնման աշխատանքների պատրվակով արդեն ջնջվել են հայկական ավանդական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ գծերը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է հասկանալ՝ ինչպես են Բաքվում պատրաստվում արդարացնել այդ վանդալիզմը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Շուշիում, որը ռազմական գործողությունների արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ապամոնտաժվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու սրածայր գմբեթը և դրա փոխարեն կլոր մի կառույց է տեղադրվել։ Մինչ այդ եկեղեցու պատերի մոտ արդեն շինհրապարակ էր ծավալվել։ Բաքվում հայտարարել են, որ տաճարը վերականգնվում է, քանի որ այն տուժել է պատերազմի ժամանակ։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ուժերը երկու թիրախային հրթիռային հարված հասցրեցին տաճարին։ Արդյունքում վիրավորվել էին եկեղեցում աղոթող մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ռուսաստանցի երեք լրագրողներ։ Վնասվել էր տաճարի գմբեթը։ Վնասված գմբեթը վերականգնելու փոխարեն այն վերականգնման պատրվակով ամբողջությամբ վերացվել է։ Բաքվում պնդում են, թե, իբր, տաճարն ի սկզբանե այդպիսի տեսք ուներ մինչ «հայերի կողմից հայաֆիկացվելը»։

Մտահաղացման վերջնական նպատակի վերաբերյալ մի քանի վարկած կա։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի կարծիքով, հնարավոր է, որ տաճարը մահմեդական մզկիթի վերածվի: «Չի կարելի բացառել այդ հավանականությունը։ Հիշենք թուրքական իշխանության կողմից մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այն ամենը, ինչ անում է ավագ եղբայրը, հետո օրինակ է ծառայում կրտսերի համար»,- ասել է Բաբայանը։

Նույն ձեռագիրն է, որով Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի. ԱԺ–ն արձագանքեց Շուշիում կատարվածին

Ըստ մեկ այլ վարկածի՝ տաճարի ճարտարապետական կերպարը խեղելուց հետո պատրաստվում են հայտարարել, որ այն ալբանական է ու փոխանցել ձևավորվող ուդիների քրիստոնեական համայնքին։ Այս մասին է վկայում, մասնավորապես, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի ելույթը, որը հունվարի կեսերին ասել էր, որ «Շուշիի Ղազանչի եկեղեցին, ինչպես և Ղարաբաղի ալբանական մյուս եկեղեցիները, կվերականգնվեն ու կփոխանցվեն օրինական տերերին»:

Церковь Сурб Казанчецоц на фото-открытке 1911 года
© Photo : Public domain
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, 1911 թվականի բացիկ

Նույն ոճով են արտահայտվում նաև Բաքվի իշխանամետ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակախոսությունների հեղինակները։ Ահա թե ինչ է գրում Haqqin.az-ը. «Ադրբեջանական իշխանությունն ուղղում է սխալները։ Սկսվել է Շուշիի տաճարի վերականգնումը։ Դրա հետագա ճակատագիրը կորոշեն ադրբեջանցի քրիստոնյաները՝ հին ալբանների ժառանգները ՝ ուդիները»։ Եվ դա այն դեպքում, երբ կովկասյան ալբանացիները ձուլվել են Ղազանչեցոց եկեղեցու կառուցումից շատ առաջ, իսկ ալբանացիների հետնորդ ուդիներն ապրում են Շուշիից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Երրորդ վարկածի համաձայն ՝ տաճարը պատրաստվում են ներկայացնել որպես ուղղափառ ու հետագայում հանձնել ՌՈՒԵ Բաքվի թեմին: Դրա համար վաղուց են հող պատրաստում։ Դեռ խորհրդային տարիներին ադրբեջանցի պատմաբանները փորձել են զգուշորեն խոսակցություններ սկսել այն մասին, թե իբր Ղազանչեցոցն ի սկզբանե ուղղափառ է, ու այն կառուցել են ոչ թե հայերը, այլ ռուսները։ Դա հաստատում են լուսանկարներով, որոնցում տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի։ Այս ձևով այն հեռվից նման է ուղղափառ եկեղեցու։ Հենց այդ ֆոտոշարքերն են դրված ներկայումս ակտիվորեն շահագործվող լեգենդի հիմքում։

Церковь Сурб Казанчецоц, 1990-е годы
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին 1990-ականներին

«Վերականգնողական աշխատանքները կատարվում են ինքնատիպ ճարտարապետական ոճով Շուշա քաղաքի պատմական տեսքը վերստեղծելու նպատակով», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: «Եկեղեցին կվերականգնվի սկզբնական տեսքով, ինչպես նախկինում էր, առանց սրածայր գմբեթի», - պարզաբանել է Ադրբեջանի եվրաինտեգրման կոմիտեի անդամ Տողրուլ Ջուվարլին: «Հայերը փոխել են եկեղեցու տեսքը։ Նրանք վերակառուցել են այն և կառուցել սրածայր գմբեթը, որը նախկինում չկար։ Այժմ աշխատանքներ են տարվում եկեղեցին սկզբնական տեսքի վերադարձնելու ուղղությամբ», - ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը, որը խնդրել է չհիշատակել իր անունը։

Ի՞նչ է եղել իրականում։ Լուսանկարները, որոնց վրա տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի, իրական են։ Տաճարը դրանց վրա պատկերված է 1920 թվականի հայերի կոտորածից հետո։ Հայտնի է, որ ջարդերի օրերին տեղի թաթարները քանդել են Ղազանցոց եկեղեցու գմբեթը և հանել խաչը։ Մերկացված ներքին կառույցը, որի վրա հենվում էր գմբեթը, կլորացված էր և արտաքնապես հիշեցնում էր ուղղափառ եկեղեցու գմբեթի ձևը։ Տաճարն այդպիսի տեսք ուներ մինչև 1992 թվականը, երբ դրա նախնական տեսքը վերականգնվեց։ Վերականգնումն իրականացվել է 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի լուսանկարների հիման վրա։ Բազմաթիվ արխիվային նյութեր հաստատում են, որ ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանցը տաճարը նախագծել է հենց սուր գմբեթով։ Այսպիսին է այն կառուցել գլխավոր շինարար Ավետիս Երամիշյանցը։

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

Ճարտարապետի և շինարարի անունները փորագրված են եկեղեցու խորանի ճակատային հատվածում։ Հարավային հատվածի վերին մասի արձանագրությունը փաստում է, որ տաճարը կառուցվել է ծխականների միջոցներով և նվիրատվություններով։ Այնտեղ նշվում է, որ շինարարությունը սկսվել է 1868-ին Գևորգ Դ կաթողիկոսի օրոք և ավարտվել 1887-ին ՝ պատրիարք Մակար Ա-ի օրոք։ Տաճարից մի փոքր ավելի վաղ կառուցված զանգակատան արևելյան պատին փորագրված է․ «Կառուցվել է զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասանի և որդիների՝ Արուպի և Ստեփանի և բոլոր ղազանչեցիների հիշատակին: Փառք Աստծուն, և թող փրկվեն բոլոր ողջերի և մահացածների հոգիները: 1858 թվականի ամառ»: Բոլոր գրությունները բնականաբար հայերեն են։ Այս ամենով հանդերձ ինչպե՞ս կարելի է պնդել, թե եկեղեցին հայերը չեն կառուցել, ու որ այն գործել է որպես ուղղափառ տաճար։

Պարզվում է ՝ առասպելն այն մասին, որ Ղազանչեցոցը ռուսական ուղղափառ եկեղեցի էր, շարունակություն ունի։ 

Ադրբեջանի Ճարտարապետների միության վարչության անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի պրոֆեսոր Ֆաիգ Իսմայիլովը պնդում է, որ ռուսներն էլ իրենց հերթին են գողացել տաճարի շենքը: Նկարագրելով Ղազանչեցոց եկեղեցու ծագման պատմությունը՝ ճարտարապետը պնդում է. «Երբ Ղարաբաղում գտնվող ռուս զինվորների համար եկեղեցի հիմնելու անհրաժեշտություն առաջացավ, բանակային ղեկավարությունը զանգ կախեց Ղարաբաղյան խանի պալատի աշտարակին և այստեղ երկրպագելու պայմաններ ստեղծեց։ Ժամանակի ընթացքում ղարաբաղյան խանության շենքը ռուսական բանակի հրամանատարության հրամանով վերանորոգվել է և հարմարեցվել է եկեղեցական ոճին»։ Կարելի է, իհարկե, այս ամենին հումորով վերաբերել։ Բայց Շուշիից գաղթած հայերի ծիծաղը չի գալիս։

Շուշիում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելու Ադրբեջանի իշխանության փորձերը, մեղմ ասած, դժվարությամբ են տեղավորվում Բաքվից հնչող հավաստիացումների ենթատեքստում, թե նրանք պատրաստ են պայմաններ ստեղծել Արցախում երկու համայնքների խաղաղ գոյակցության համար: Ադրբեջանի իշխանության շարունակական վանդալիզմի ֆոնին ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական առաքելության՝ տարածաշրջան այցին խոչընդոտելու փաստը հատուկ իմաստ է ստանում: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական մոտեցումն այս հարցում միանշանակ է։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ կապակցության հստակ է արտահայտվել․ «Մեր սկզբունքային դիրքորոշումն այսպիսին է՝ մենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր նշանակության օբյեկտների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կողմնակից ենք: Մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգեւոր արժեքների պահպանմանը։ Մենք հաստատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության՝ տարածաշրջան այցը շուտափույթ կազմակերպելու կարևորությունը »։ Միայն թե դա շուտ լինի։

352
թեգերը:
Շուշի, Ադրբեջան, Արցախ, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի)
Ըստ թեմայի
Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչել է հայկական բանակի օրհներգը
Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին

0
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Միրզոյանի խոսքով`դա վկայում է արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին:

«Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով այն անվտանգային սպառնալիքները, որոնց առերեսվեցինք Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի ընթացքում»,–գրել է Միրզոյանը:

Խորհրդարանի խոսնակը հավելել է՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված զանգվածային վայրագությունները, պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ անպատժելիությունը պարարտ հող է ստեղծում անցյալի հանցանքների կրկնության համար:

Հիշեցնենք` մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Որոշմանը կողմ էին արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը։

 

 

0
թեգերը:
Լատվիա, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Էրդողանը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը` ԱՄՆ-ից ինչ–որ բան կորզելու համար
Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ
«Հայաստանը ժողովրդավար երկիր է». Փաշինյանը` Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին