Շառլ դը Գոլը

Մի հրաժարականի պատմություն, կամ պատիվը կյանքից թանկ է

727
(Թարմացված է 22:53 28.04.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Ինչ հրաժարական ասես, որ չտեսանք նորանկախ Հայաստանի 30-ամյա գոյության ընթացքում։
Մի հրաժարականի պատմություն. «Պատիվը կյանքից կարևոր է»

Հրաժարական, որի պատճառն էին մեզ բոլորիս «հայտնի ուժերը», հրաժարական, որը ուղեկցվել է սեփական սխալի խոստովանությամբ։ Եվ վերջապես արդեն երկրորդ անգամ ականատեսն ենք լինում, այսպես ասենք՝ ոչ կոնվենցիոնալ հրաժարականի, երբ երկար ժամանակ ամեն կողմից հնչող գնալու հորդորներին համառորեն դիմակայելուց հետո նա, ում հրաժարականը պահանջում են, վերջապես հայտարարում է. «Ուզում եք, որ գնա՞մ։ Շատ բարի՝գնում եմ, բայց մնում եմ»։

​Այս առիթով թույլ տվեք անդրադառնալ այն մարդուն, որը նույնպես ժամանակին հրաժարական տվեց, բայց այժմ հայրենակիցները նրան Ֆրանսիայի պատմության ամենակարեւոր գործիչն են անվանում։ Այո՛, խոսքը Հինգերորդ հանրապետության առաջին նախագահ Շառլ դը Գոլի մասին է, որին վարկանշային ցուցակում մեծապես զիջում է ոչ միայն Լյուդովիկոս 14-րդը, այլ նաև Նապոլեոնը։ Գեներալի անվան հետ կապված բազմաթիվ հետաքրքիր փաստեր կան, բայց դրանցից մեկը հիրավի ցնցող է։ Գիտեի՞ք արդյոք, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին  Շառլ դը Գոլը մահվան է դատապարտվել՝ հայրենիքը պաշտպանելու կոչ անելու համար։ Չէ՛, դուք գոնե կարո՞ղ եք պատկերացնել՝ հայերին կոչ եք անում պաշտպանել հայկական հողերը,  և իշխանական հայերը դրա համար ձեզ մահվան են դատապարտում։ Ասենք, արդեն այնքան անսովոր բաներ ենք տեսել, որ դա էլ ենք պատկերացնում։

​Իրականությունն այն է, որ 1940 թվականին, երբ Ադոլֆ Հիտլերի բանակը օկուպացրել էր Ֆրանսիան, Շառլ դը Գոլը գտնվում էր Լոնդոնում և «ԲիԲիՍի» ռադիոկայանով դիմում է հայրենակիցներին՝ հորդորելով բոլոր միջոցներով դիմադրություն ցույց տալ նացիստներին։ Սա ամենևին դուր չի գալիս Ֆրանսիայի վարչապետ Ֆիլիպ Պետենին, որը որդեգրել էր կոլաբորացիայի քաղաքականությունը, այսինքն` պարզապես համագործակցում էր Ադոլֆ Հիտլերի հետ։ Եվ Ֆրանսիայի զինվորական տրիբունալը Շառլ դե Գոլին հեռակա կարգով դատապարտում է մահապատժի։ Հետաքրքիր է, որ պատերազմի ավարտից հետո հենց Ֆիլիպ Պետենն է մահվան դատապարտվում, բայց իշխանությունները, հաշվի առնելով նախկին վարչապետի տարիքը, մահապատիժը փոխարինում են ցմահ բանտարկությամբ։

​Իսկ Շառլ դը Գոլը նախագահ է դառնում և 65 թվականի նախագահական ընտրություններում էլ հաղթում է սոցիալիստ Ֆրանսուա Միտերանին։ Կարող էր մի քանի տարի էլ պաշտոնավարել, քանզի այն ժամանակ նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարի էր։ Բայց գիտակցում էր, որ հենց ինքն է պատասխանատու 1968 թվականի Ֆրանսիայում ծայր առած խորը ներքաղաքական ճգնաժամի համար և չէր կարողացել կանխատեսել դրա հետեւանքները։ Դատեք ինքներդ։

Ինչով են նման ՀՀ–ն ու Ճապոնիան, կամ չնայած բնակչության 70 %–ը դեմ է` Օլիմպիադան կկայանա

Երբ սկսվեցին ուսանողների աննախադեպ բողոքի ակցիաները՝ դասադուլները և ցույցերը, որոնք ուղեկցվում էին անկարգություններով, Շառլ դը Գոլը սառնասրտորեն ասում էր. «Երեխայություն է այս ամենը։ Նախաձեռնողներն ընդամենը մի քանի ուսանողներ են, որոնք վախենում են քննություն հանձնելուց»։ Ճիշտ է, չէր պնդում, որ նախկիններն են ուղղորդում ուսանողներին, որովհետև ուսանողական շարժումը շատ արագ վերածվեց համազգային բողոքի, և մայիսին արդեն տարբեր քաղաքներում գործադուլ անողների թիվը հասավ 10 միլիոնի, իսկ Փարիզում բազմահազարանոց ցույցերի մասնակիցները պաստառներ էին տանում, որոնց վրա գրված էր. «դը Գոլին ուղարկենք արխիվ»,  «Մնաս բարով, դը Գոլ», «Շա՛ռլ, դու պարտավոր ես հեռանալ»։

​Եվ Շառլ դը Գոլն ի վերջո եկավ այն եզրակացության, որ պետք չէ սպասել մինչեւ հերթական նախագահական ընտրությունները, ուղղակի անհրաժեշտ է հենց հիմա պարզել՝  ի՞նչ է ուզում ֆրանսիացիների մեծամասնությունը՝ ինքը մնա՞, թե՞ գնա։ Եվ ապրիլի 27-ին կազմակերպվեց հանրաքվե, որը նախագահին անմիջականորեն չէր վերաբերում, Սենատի բարեփոխման մասին էր հարցը։ Բայց գեներալը հրաշալի հասկանում էր՝ պառլամենտի վերին պալատի հարցը հասարակ ֆրանսիացուն այնքան էլ չի հետաքրքրում, և հանրաքվեի ժամանակ  «Ոչ» ասողները հենց իրեն՝ նախագահին են այդ «Ոչ»-ն ասելու։

Շառլ դը Գոլը հրաժարական տվեց ուղիղ 52 տարի առաջ՝ 1969 թվականի ապրիլի 28-ին։ Նախագահի նստավայրում՝ Ելիսեյան պալատում 10 տարուց ավելի անցկացնելուց հետո նա ոչ մի ելույթ կամ հրաժեշտի ուղերձ չարտասանեց, պարզապես վարչապետին մի կարճ երկտող փոխանցեց. «Դադարեցնում եմ հանրապետության նախագահի պարտականությունների կատարումը։ Այս որոշումը ուժի մեջ է մտնում այսօր կեսօրին»։ Մերձավորները վկայում են՝ հրաժարական տալու որոշումը պայմանավորված էր նաեւ նրանով, որ գեներալի դավանած գլխավոր սկզբունքը սա էր. «Կյանքից ավելի կարևոր բան էլ կա՝ պատի՛վը»։

727
թեգերը:
Շառլ դը Գոլ, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Ֆրանսիա, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (369)
Ըստ թեմայի
Երկու հեղափոխությունների արանքում. ավելի լավ է պետական պաշտոնյա դառնալ
Եվրոպացիների հռչակած «պատմական հաշտությունը» Վրաստանում. իրականությո՞ւն, թե՞ պատրանք
Ինչո՞ւ նախօրոք չկազմակերպվեց հանրային քննարկում. Մահաթմա Գանդիի վիճելի հուշարձանը Երևանում
Արխիվային լուսանկար

10 հատ ձու, անվճար օղի. պատվաստումը խթանելու ինչ եղանակներ են կիրառվում տարբեր երկրներում

268
(Թարմացված է 21:24 10.05.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Անընդհատ ասում ու ասում ենք, որ կորոնավիրուսին վերջ տալու ամենաճիշտ և արդյունավետ ձևը պատվաստումն է, այնինչ գաղտնիք չէ, որ Հայաստանում այդ գործը ճռռալով է առաջ գնում։
Պատվաստվե՞լ եք… Խնդրեմ՝ 10 հատ ձու կամ մի ըմպանակ անվճար օղի

Ու այս դեպքում մեր, այսպես ասած, առողջապահական այրերը մեծ պատրաստակամությամբ և հաճույքով ընդօրինակում են այն կասկածելի հնարքը, որը տասնամյակներ շարունակ կիրառել են մեր բոլոր իշխանությունները, երբ մեզ հպարտությամբ ասում են՝ տարեվերջին տնտեսության աճը աննախադեպ կլինի և կկազմի 90 տոկոս։

Ընդամենը մի փոքր նրբություն են լռության մատնում՝ ախր անցած տարի տնտեսության վիճակն այնքան անմխիթար է եղել, որ դրա համեմատությամբ այս տարվա ցուցանիշն իրոք ֆանտաստիկ կարող է թվալ։

Միշտ հիշեք այս մասին, երբ հերթական անգամ պաշտոնյաներից կլսեք, թե վերջին օրերին նկատվում է լուրջ դրական տեղաշարժ՝ ավելի շատ մարդ է պատվաստվել, քան, ասենք, նախանցած շաբաթ։

Թվում էր, թե Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով պատվաստումների վիճակագրության իրոք որ խայտառակ վիճակը, օրիգինալ մեթոդներ կմշակեին պատվաստման նկատմամբ հետաքրքրությունը խթանելու համար։

Օրինակ, Ռուսաստանի Խաբարովսկի մարզում մի քանի օր առաջ՝ Զատիկի նախօրեին, 10-ական ձու էին բաժանել բոլոր պատվաստվածներին, որոնց տարիքը 60-ն անց է։ Կասեք՝ ծիծաղելի՞ է։ Դուք պարզապես արդեն մոռացել եք, թե ինչ աժիոտաժ էր տիրում Հայաստանում մեր Զատիկից առաջ, երբ մեկ ձվի գինը 200 դրամի էր հասել։ Բա ձու առաջարկեիք մարդկանց, վազելով կգնային պատվաստվելու։

Որն է հոգեպես ավելի ազնիվ. թույլ տալ` մարդը տանջվի՞, թե՞ վերջին ներարկումն անել նրան

Ի դեպ, պատվաստման խթանման տարբեր եղանակներ են կիրառվում նաև այն երկրներում, որտեղ Հայաստանի նման շատ ցածր չէ պատվաստվածների թիվը։ Իսրայելում մրգերով և բանջարեղենով լի տոպրակներ են բաժանում պատվաստման մասին ապացույցներ ներկայացնելու դեպքում, թեև այդ պետության մեծ հաջողությունները համավարակի դեմ պայքարում ակնհայտ են։

Միացյալ Նահանգներում էլ երկու անգամ պատվաստվել է ավելի քան 100 միլիոն մարդ, բայց միևնույնն է` BBC-ի վկայությամբ՝ պատվաստվելու դեպքում դուք կարող եք որոշ նահանգներում ըմբոշխնել հորթի անվճար խորոված, այլ նահանգներում ձեզ կառաջարկեն գարեջուր կամ առնվազն մի բաժակ թունդ խմիչք։ Մերիլենդ նահանգի ղեկավարն անխտիր բոլոր պետական ծառայողներին առաջարկել է 100 դոլար՝ պատվաստվելու դիմաց։

​Իսկ Դեթրոյթ քաղաքի տեղական իշխանությունները ավելի հեռուն են գնացել՝ նրանք 50 դոլար են առաջարկում ոչ թե պատվաստվածին, այլ այն վարորդին, որն իր մեքենայով քաղաքացուն կբերի պատվաստման։ Մարդ լրջորեն մտածում է՝ չգնա՞մ Ամերիկա և պատվաստվողներին բերելու բիզնես բացեմ։ Պատկերացնո՞ւմ եք՝ օրական 10 մարդ հասցնեմ պատվաստման վայրը՝ 500 դոլար։ Կրկնեմ՝ մեկ օրում։

Հիմա կասեք՝ դե Ամերիկան հարուստ երկիր է, կարող է իրեն նման ճոխություն թույլ տալ։ Բայց շատ երկրներում իշխանություններն ընդամենը գաղափարն են տալիս, մնացածը կարգավորվում է փոխադարձ շահի կանոններով։

Ժպտացեք անծանոթներին ու երջանիկ կլինեք, կամ հայուհիները չե՞ն տարբերվում մյուսներից

Տեսեք։ Ենթադրենք, թե ես ռեստորանի կամ սրճարանի տերն եմ։ Գործերս արդեն երկրորդ տարին է` լավ չեն գնում կորոնավիրուսի պատճառով. կա′մ պետությունն է խիստ սահմանափակումներ մտցնում, նույնիսկ ժամանակավորապես փակում է ռեստորանս, կա′մ էլ մարդիկ են խուսափում այս վտանգավոր ժամանակաշրջանում հավաքվել ռեստորանում։ Եվ երբ ես պատվաստման դիմաց մարդկանց 25-տոկոսանոց զեղչ եմ առաջարկում, կամ ընդհանրապես ձրի ճաշ եմ բաժանում, ես, ախր, միանգամից երկու նապաստակ են խփում՝ մի կողմից նպաստում եմ հայրենի երկրիս քաղաքացիների առողջացմանը, մյուս կողմից էլ իմ օգուտի մասին եմ մտածում՝ որքան ավելի արագ հաղթահարվի կորոնավիրուսը մեր քաղաքում, այնքան ավելի շատ մարդ կհաճախի ռեստորանս, եկամուտս էլ կբարձրանա։

Ինչպես տեսնում եք` պատվաստումը խթանելու ձևերն աշխարհում բազմազան են, մնում է ընդօրինակել, կամ նույնիսկ նորերը մշակել։

Սակայն համաձայնեք` գոնե այս ոլորտում մեր իշխանությունների երևակայության և մտքի փայլատակումներն առանձնապես չեն երևում, իսկ երբեմն նույնիսկ պարտադրանքի սպառնալիքներ են հնչում։ Ինչ վերաբերում է գոնե ուրիշների մշակած ձևերի ընդօրինակմանը, ապա վաղուց արդեն հայտնի է մեր հարազատ իշխանությունների որդեգրած գործելաոճը՝ սեփական անգործությունը և ստեղծագործական մոտեցման իսպառ բացակայությունը բացատրել 1000 ու մի պատճառով։

Օրինակ, եթե առաջարկեմ իշխանություններին գոնե 10 հատ ձու բաժանել, հաստատ կհակադարձեն՝ ի՞նչ է, ուզում եք, որ նախկիններն ասեն՝ տեսեք-տեսեք` ընտրությունների նախօրեին կաշառք են բաժանում։

Այնպես որ, հարգելի′ հայաստանցիներ, մի′ սպասեք, որ ձեզ կխթանեն, ուղղակի գնացեք ու պատվաստվեք։

որոնավիրուսին վերաբերող բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են, կամ հակասական թվեր

268
թեգերը:
Հայաստան, պատվաստումներ, կորոնավիրուս
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (369)
Ըստ թեմայի
Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է
Ռադիոյի օգտակար և վնասակար կողմերը, կամ ինչպես Էյֆելյան աշտարակը փրկվեց ռադիոյի շնորհիվ
Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները
Արցախյան առաջին պատերազմում խփված տանկ Շուշիի մոտ

Այս ամենը ցավոտ է. հիշում են Շուշին ազատագրած կամավորները

218
(Թարմացված է 20:19 09.05.2021)
Շուշիի ազատագրումը հիմք դարձավ Արցախյան առաջին պատերազմում հետագա հաղթանակների համար։ Հիմա քաղաքն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Պատերազմի վետերանները հիշելու շատ բան ունեն, իսկ նշելու բան արդեն չունեն։

Գրեթե 30 տարի շարունակ ամբողջ աշխարհի հայերը մայիսի 9-ին եռատոն են նշել՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Արցախի բանակի ձևավորման օրն ու Շուշիի ազատագրումը։ Ամենք տարի «Հարսանիք լեռներում» գործողության մասնակիցները նախկին հրամանատարի՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևորսյանի (Կոմանդոսի) հետ մեկնում էին Շուշի, նշում էին և անպայման այցելում Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որի բակում միշտ կարելի էր հանդիպել մարտական ընկերներին։

Այս տարի առաջին անգամ այդ օրը կանցնի առանց Տեր-Թադևոսյանի և առանց Շուշիի։ Արցախյան վերջին պատերազմից հետո քաղաքն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, բայց վետերանները հիշում են, թե ինչպես էին գրավում այն 1992թ․-ին և գիտեն, թե ինչ են անելու այս տարի։

Танк Տ-72, памятник, ознаменующий победу в Шуши, Нагорный Карабах
© Sputnik / Aram Nersesyan
Շուշիի ազատագրումը խորհրդանշող Տ-72 տանկը

Կյանքի կեսը Շուշիում

Մայիսի 9-ը շուշեցիների սիրելի տոնն էր։ Տոնակատարությունները սկսվում էին վաղ առավոտյան և ավարտվում կեսգիշերից հետո։ Բացի պաշտոնական արարողություններից, նշում էին նաև յուրաքանչյուրի տանը՝ ճոխ սեղանով։ Այդպես էր նաև Սարո Սարյանի ընտանիքում։ Նրա ընտանիքն Արցախ էր տեղափոխվել Բաքվի ջարդերից հետո։

Նա ինքը Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից է և հիշում է, թե ինչպես էին հայերն ամբողջ աշխարհից գալիս Արցախ՝ հուսալով միանալ Շուշին ազատագրող վաշտերին և անհապաղ մեկնել մարտական գործողությունների։ Սարյանն էլ Ռուսաստանում ուսումն ավարտելուն պես միացավ հայրենիքի պաշտպաններին։ Նա մարտնչել է Ջանասան-Քեսալար ուղղությամբ՝ լեգենդար հրամանատար Յուրա Հովհաննսիյանի 26-րդ դիրքում։ Հովհաննիսյանի պահուստային ստորաբաժանումը պահում էր թիկունքը, և թշնամին չկարողացավ քաղաք մտնել։

«Եթե մինչև Շուշիի ազատագրումը նախատեսում էի ուսումս շարունակել Սանկտ-Պետերբուրգում, ապա հետո ուղղակի սիրահարվեցի քաղաքին, դրա կամարների անկշռությանը։ Ներքին ձայնս ասաց․ «Դու պետք է մնաս»։ 30 տարի մնացի, երեխաներիս մեծացրի և տուն կառուցեցի։ Այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի, ամենասարսափելի երազում էլ չէինք կարող պատկերացնել»,-պատմում է նա։

Սարյանին Շուշիի հետ կապում են ոչ միայն վերջին 30 տարիներին և ազատագրման մասին հուշերը, այլև գենետիկ հիշողությունը, քանի որ նրա ընտանիքն այդ քաղաքում ապրել է դեռ 1920թ․-ի ջարդերից առաջ։ Նրա տատիկը հաճախ էր պատմում քաղաքի, շուշեցիների և ջարդերի մասին։ Այն ժամանակ նրա պապը վերադարձել էր ծխացող քաղաք՝ գորգերը փրկելու, իսկ ինքն անգամ ամենաթանկը վերցնել չհասցրեց՝ մարտական դիրքերում էր։ Կինը լքել էր տունը ուժգին ռմբակոծությունից հետո՝ չհասցնելով վերցնել անգամ փաստաթղթերի և զարդերի մի մասը։

-Ի՞նչը կվերցնեիք առաջին հերթին։

-Հորս ձեռագրերն ու լուսանկարները։ Մենք կարողացել էինք դրանք բերել Բաքվից, բայց այս անգամ հավատում էինք, որ կվերադառնանք։

Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար

-Մայիսի 9-ը նշելո՞ւ եք։

-Այո, ինչպես նշել ենք, այդպես էլ շարունակելու ենք։ Դա շատ կարևոր օր է։

Երկու եղբայր՝ Շուշիի համար մարտում

Արարատ Խանդոյանը գրեթե ամեն տարի մարտական ընկերների և ավագ եղբոր՝ Արայիկի հետ, որը հայտնի էր Միայնակ Գայլ անունով, մեկնում էր Շուշի՝ մայիսի 9-ը նշելու։ Միայն 2020թ․-ին չկարողացավ անել դա՝ համավարակի պատճառով։

Մայիսի 9-ը նրա համար ասոցացվում է Շուշիում Պարգև Մարտիրոսյանի առաջին աղոթքի, համընդհանուր ուրախության հետ։ Նրանք տների դարպասներին իրենց անուններն էին գրում, որպեսզի վերադառնան և հաստատվեն քաղաքում։

«Դա կարևոր իրադարձություն էր, քանի որ ջարդի ենթարկված հայն ազատագրում էր իր քաղաքը և բացում թևերը։ Մենք պետք է միշտ հիշենք նրա մասին, որպեսզի վերադառնանք»,-ասաց նա։

«Հարսանիք լեռներում» գործողությունը մայիսի 2-ին էր նախատեսված, բայց ձյուն եկավ, և այն մի քանի օրով հետաձգեցին։ Կամավորներին դա չշփոթեցրեց։ Համընդհանուր ոգևորություն կար։ Կամավորները մարտի էին նետվում, և ոչ ոք մահվան մասին չէր մտածում։ Խանդոյան եղբայրներից յուրաքանչյուրը մյուսին համոզում էր, որ մարտին չմասնակցի, որպեսզի մեկի զոհվելու դեպքում մյուսը հոգ տանի ընտանիքի մասին։

Բայց երկուսն էլ չզիջեցին։ Արարատը հիշում է, որ քաղաքի ազատագրումից հետո մեծագույն ցանկությունը եղբորը ողջ գտնելն էր։ Արայիկը թեթև վիրավոր էր, բայց ողջ էր։ «Վերջին անգամ Շուշիում եղել եմ վանքի ռմբակոծությունից հետո (2020թ․-ի հոկտեմբեր)։ Մարտակերտի մարտական դիրքերից անմիջապես այնտեղ գնացի։ Ցավալի էր տեսնել վնասված վանքը։ Ընդհանրապես, այս ամենը ցավոտ է, բայց բոլորս գիտենք, որ սա ժամանակավոր է»,-ասաց Խանդոյանը։

Պատերազմի վերջին օրերին իր մարտական ընկերների հետ մեկնել է Շոշ գյուղ՝ հրետանիով աջակցելով քաղաքը պաշտպանող ստորաբաժանումներին։ Խանդոյանը խոստովանում է, որ հենց Շուշին է համարում մեծագույն կորուստը, բայց կոչ է անում չհուսահատվել։

-Իսկ դուք նշելո՞ւ եք։

-Այո, անպայման։

-Ինչպե՞ս։

-Երթով դեպի «Եռաբլուր», որտեղ թաղված են եղբայրս և մեր բոլոր հերոսները։

Շուշիի ազատագրումը ապագա հաղթանակների հիմք ծառայեց և կարևոր նշաձող դարձավ հայկական ռազմական փառքի վերածննդի գործում։ 2020թ․-ի աշնանը Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքում քաղաքն ադրբեջանական բանակի վերահսկողության տակ անցավ։

218
թեգերը:
Արցախ, կամավոր, Շուշի
Ըստ թեմայի
Շուշին պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը. Արարարտ Միրզոյան
Եթե կորցնենք Շուշին վերադարձնելու հույսը, կդավաճանենք զոհվածներին. Շուշիի նախկին քաղաքապետ
Այսօր Շուշին մեզ հետ չէ, մենք սգում ենք նրա գերությունը. Փաշինյանն ուղերձ է հղել
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է

0
(Թարմացված է 21:43 11.05.2021)
Վթարի հետևանքով տուժածներ կան։ Նրանց տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 11:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի  45 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ, 25-ամյա Կարեն Գալստյանի վարած Opel Astra մակնիշի, 34-ամյա Անժելա Գրիգորյանի վարած Hyundai Sonata մակնիշի և 42-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Audi մակնիշի  ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով Կ. Գալստյանի ուղևոր, Վանաձորի բնակիչ, 67-ամյա Գյուլիզար Մուրադյանը և Դ. Ավետիքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Վանաձորի բժշկական կենտրոն:

0