Նիկոլ Փաշինյան. արծիվային լուսանկար

​3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​

241
(Թարմացված է 22:01 27.04.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ծանր է Սահմանադրության ճակատագիրը նորանկախ Հայաստանում։ Ամեն նոր իշխանություն փորձում է վերաձևել այդ կարևորագույն փաստաթուղթն այնպես, որ հենց իրեն հարմար լինի։
Արդյոք երբեւէ կունենա՞նք սահմանադրություն, որը գոնե առաձգական չի լինի

Իսկ վերջին տարիներին  դրան ավելացել է նույն Սահմանադրության նույն դրույթներին բոլորովին տարբեր մեկնաբանություններ տալու մոլուցքը։ Ախր գոնե տարբեր աղբյուրներ  տարբեր մեկնաբանություններ տային, դա ինչ-որ չափով հասկանալի կլիներ։ Բայց չէ՝ նույն դրույթների վերաբերյալ հակադիր մեկնաբանություններ են հնչում նույն աղբյուրից, ու ստացվում է, որ երեք տարի առաջ ճիշտ էր այն, ինչը երեք տարի հետո բոլորովին էլ ճիշտ չէ։ Այո՛, խոսքն այն մասին է, թե արդյոք հրաժարական տված վարչապետը իրավունք ունի՞ ինքն իրեն հռչակելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։

​Ի դեպ, չգիտեմ՝ նկատե՞լ եք, թե՞ ոչ, բայց մեր Սահմանադրական դատարանը, որի կազմում վերջերս բավական լուրջ փոփոխություններ կատարվեցին, նույնիսկ ղեկավարը փոխվեց, այնուամենայնիվ  առնվազն մի հարցում այդպես էլ չձերբազատվեց հին ու բարի գործելաոճից՝ չի կարողանում անմիջապես պատասխանել այն հարցերին, որոնք ամենից շատ են հուզում հանրությանը։ Երևի այդ դատարանի անդամները տրամաբանում են՝ դե քանի դեռ մեզ ոչ ոք չի դիմում, մենք էլ լուռ ենք մնում։ Եթե այնուամենայնիվ ինչ-որ տեղից դիմում ստանանք՝ իրավիճակը պարզաբանելու և գնահատական տալու խնդրանքով, կսկսենք քննարկել այդ հարցը ու մի երկու ամիս անց պատասխանը կտանք։ Իսկ ոչի՞նչ, որ այդ ընթացքում Հայաստանում արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան։ Ոչի՛նչ. մեր հիմնավորումը հաջորդ արտահերթ ընտրությունների ժամանակ պետք կգա։

​Ամերիկայում հեշտ է՝ հենց որ նախագահը հրաժարական է տալիս կամ այլ պատճառներով չի կարողանում այլևս շարունակել պաշտոնավարումը, նրան անմիջապես փոխարինում է փոխնախագահը։ Նման դեպքերն ԱՄՆ-ի պատմության ընթացքում եզակի չեն, մոտ 10 անգամ էդպիսի բան է պատահել, ընդ որում, նկատեք՝ փոխնախագահը դառնում է ոչ թե ժամանակավոր պաշտոնակատար, այլ հենց նախագահ, որովհետև այդպես է ամրագրված Սահմանադրությամբ, որտեղ բացակայում է «acting» բառը, ինչը նշանակում է՝ պաշտոնակատար։

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար չպետք է լինի. հրաժարականի իմաստը հենց դա է

​Այո՛, շատ ճիշտ եք, Ամերիկան՝ ի տարբերություն Հայաստանի, զուտ նախագահական երկիր է։ Իսկ վարչապետական երկրներում հարցը տարբեր կերպ է լուծվում՝ ելնելով  այդ պետությունների առանձնահատկություններից։ Օրինակ` Բելգիայում անցած տասնամյակում, եթե հիշում եք, երկու անգամ կառավարական ճգնաժամ եղավ։ Էն էլ ինչ ճգնաժամեր էին՝ մեկը տևեց գրեթե 600 օր, մյուսը՝ 600 օրից ավելի։ Հո բելգիացիները այդքան ժամանակ առանց կառավարության չե՞ն մնացել։

Երբ 2018 թվականին հրաժարական տվեց Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, որը դարձավ Եվրոպական խորհրդի ղեկավար և , ի դեպ օրերս Թբիլիսի էր եկել վրացական քաղաքական ճգնաժամը կարգավորելու նպատակով՝ թագավորը հանձնարարեց կառավարության անդամներին շարունակել իրենց պարտականությունների կատարումը, բայց, ուշադրություն դարձրեք, այդ ժամանակավոր կառավարությունը պաշտոնապես անվանվում էր «ընթացիկ գործերի կառավարություն», այսինքն՝ զուտ տեխնիկական գործառույթներով էր զբաղված և քաղաքական խնդիրների հետ որևէ առնչություն չուներ։

​Մեծ Բրիտանիայում հատուկ մարդ կա կառավարությունում՝ պետական քարտուղարը, որը կսկսի կատարել վարչապետի պարտականությունները, եթե հանկարծ Բորիս Ջոնսոնը ինչ-ինչ պատճառներով որոշի հրաժարական տալ։ Էդպես է նաև Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որոնց պետական համակարգը գրեթե հար և նման է բրիտանականին։ Կանադայում էլ թագուհուն ներկայացնող գլխավոր նահանգապետը իշխող կուսակցության երկրորդ դեմքին կհանձնարարի կատարել վարչապետի պարտականությունները, եթե անսպասելիորեն հրաժարական տա Ջասթին Տրյուդոն, որին, եթե հիշում եք, մեր վարչապետը Հայաստանի դրոշի գույներով գուլպա է նվիրել։

​Վերջապես, ըստ ԲիԲիՍի-ի, բավական նուրբ հարցեր կան կապված այն իրադրության հետ, երբ վարչապետը հրաժարական է տալիս, իսկ կառավարության անդամները «acting» են դառնում։ Օրինակ` արդյոք լրի՞վ չափով պետք է պահպանվի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը։ Եթե այո, ապա ո՞րն է սկզբունքային տարբերությունը նախարարի և նրա «ժամանակավոր պաշտոնակատար» տարբերակի միջև։ Բայց ամենագլխավոր հարցը երևի թե սա է՝ ինչո՞ւ է հրաժարական տված վարչապետը անպայման ցանկանում ժամանակավոր պաշտոնակատար մնալ մինչև ընտրությունները։

«Գնում ենք մենակ, գնում ենք հաղթելու». Գագիկ Ծառուկյանը խոսեց ընտրությունների մասին

Եթե ես, օրինակ, նպատակ ունենայի փարատել ինձ հետ կապված բոլոր կասկածները, սկզբից հրաժարական կտայի վարչապետի պաշտոնից, հետո էլ՝ կհրաժարվեի «վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի» կարգավիճակից։ Եվ արտահերթ ընտրությունների նախօրեին հենց դրանով կշահեի բազմաթիվ ընտրողների սրտերը։

241
թեգերը:
Վարչապետ, Նիկոլ Փաշինյան, Ազգային ժողովի ընտրություններ, Սահմանադրություն, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (373)
Ըստ թեմայի
Եվրոպացիների հռչակած «պատմական հաշտությունը» Վրաստանում. իրականությո՞ւն, թե՞ պատրանք
Ինչո՞ւ նախօրոք չկազմակերպվեց հանրային քննարկում. Մահաթմա Գանդիի վիճելի հուշարձանը Երևանում
Ինչով են նման ՀՀ–ն ու Ճապոնիան, կամ չնայած բնակչության 70 %–ը դեմ է` Օլիմպիադան կկայանա
Խաչատուր Սուքիասյան. արխիվային լուսանկար

Ինչու են օլիգարխներն էլի ուզում ԱԺ մտնել, կամ հարուստներ և հայտնիներ ԱՄՆ-ի սենատում էլ կան

286
(Թարմացված է 10:19 15.05.2021)
Դատելով ԶԼՄ-ների հրապարակումներից՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր նախընտրական ցուցակում հայտնի գործարարների ընդգրկել: Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է՝ ինչի է գործարարին պատգամավորի մանդատ պետք, արդյոք նրանք կարող են երկրին օգուտ տալ։

Հանուն ինչի՞ են միլիոնատերերը խորհրդարան մտնում։ Հարցվածների վարկածները մի քանիսն են՝ երաշխավորել դրամապանակում ունեցածի ապահովությունը, օգտագործել քաղաքական լծակները՝ դրամապանակում եղածը մեծացնելու համար, օգտագործել պատգամավորական անձեռնմխելիությունը հնարավոր քրեական հետապնդումների դեպքում, բավարարել անձնական հավակնությունները:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ ոչ ոք չասաց, թե  հարուստները խորհրդարան են մտնում, որպեսզի զբաղվեն օրենսդրական գործունեությամբ, ներկայացնեն իրենց ընտրողների ու ընդհանրապես հասարակության շահերը։

Նույն մարդկանց հարցրի՝ իսկ իշխանությանը ինչի՞ն է պետք միլիոնատերերի ներկայությունը խորհրդարանում։ Պատասխանողներն ինձ ուղղեցին՝ ոչ միայն միլիոնատերերի, այլև հայտնի մարդկանց (երգիչներ, արտիստներ, մարզիկներ)։

Օլիգարխների դեպքում կարևոր է ֆինանսական ռեսուրսը։ Իսկ դերասանները, մարզիկները, երգիչներն իրենց թիկունքում հարյուր հազարավոր երկրպագուներ ունեն, այդ ձայները պետք են այն կուսակցությանը, որի ցուցակում հայտնվել է շատերի կուռքը։

Վերջին լուրերից․«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտադիր է որոշ գործարարների ընդգրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսանյակում։

Միանգամից մտքովս անցնում են Խաչատուր Սուքիասյանի և Սամվել Ալեքսանյանի անունները․նրանց դասում են Փաշինյանի ընտանիքի մտերիմների շարքում։

Երկուսն էլ արդեն ԱԺ-ում եղել են, բայց դժվար է ասել, թե աչքի են ընկել նախաձեռնություններով և արդյունավետ աշխատանքով։

Երկրորդ անգամ նույն գետը մտնելով (եթե ԶԼՄ-ները չեն սխալվում)՝ «հայկական Ֆորբսի» ցուցակի մարդիկ, իհարկե, կարող են իրենց որպես խորհրդարանականներ ավելի համոզիչ, վառ դրսևորել։ Բայց կա մի «բայց». իրեն բիզնեսին նվիրած մարդը հազիվ թե կարողանա նույն հաջողությամբ իրեն նվիրել պատգամավորական աշխատանքին։ Իսկ գումար վաստակելն այդ կարգի գործարարների համար ամեն դեպքում ավելի կարևոր է, քան օրենքներ կազմելը։ Դա հավասարապես վերաբերում է ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների գործունեության այլ ոլորտներին։

Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին

Օրինակ՝ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը իրենց լավ էին դրսևորում մարտի դաշտում, բայց ոչ ԱԺ պատգամավորի դերում։ Մի դեպքում զբաղվում էին իրենց գործով, մյուս դեպքում՝ պատվավոր «պարտականություն» էին կատարում։

Սա խորհրդային տարիներից պահպանված ավանդույթ է. ականավոր մարզիկ Յուրի Վարդանյանին ժամանակին ընտրել են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, այնուհետև նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, որից հետո որպես դեսպան Վրաստան էին ուղարկել: Եվրոպայի հնգակի, աշխարհի յոթնակի չեմպիոն, աշխարհի 43-ակի ռեկորդակիրը քաղաքականության մեջ ոչ մի «քաշ» չբարձրացրեց, բայց մարդկանց հիշողության մեջ մնաց որպես ականավոր մարզիկ։ Մի՞թե դա քիչ է։

Իսկ ահա Դոնալդ Թրամփը՝ հաջողակ գործարար, մագնատ, միլիարդատեր։ Ուզեց նախագահ դառնալ, դարձավ։ Քարոզարշավի համար իր փողերը բավական էին, գերտերության կառավարման հմտությունների և միջազգային գործերում հաջողությունների մասին կլռենք։ Հեռացավ՝ երկիրը հասցնելով այն վիճակին, որ մոլեգնող ամբոխը փորձեց գրավել Կապիտոլիումի շենքը։ Այդ երկրում նման բան նրան դեռ չէր եղել։

Ասում են, եթե մարդը բիզնեսի մեջ ակնառու հաջողությունների է հասնում, ուրեմն խելացի է, փորձառու, խորաթափանց։ Պարզվեց`եթե մարդ մի գործում խելացի, փորձառու և խորաթափանց է, պարտադիր չէ, որ նա նույն հատկությունները դրսևորի  նաև պետական գործերում։

Մյուս կողմից՝ ԱՄՆ Կոնգրեսի, Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընդհանուր թվով 268 անդամ ավելի քան մեկ միլիոն դոլարի ակտիվներ ունեն։ Յուրաքանչյուր երկիր իր ավանդույթներ ունի:

«Մեր քաղաքացիների՝ Վաշինգտոնում իրենց շահերի պաշտպանությունն ունևոր մարդկանց վստահելու հակվածությունն անփոփոխ է։ Ֆինանսական բարեկեցությունը նաև անհրաժեշտ պայման է նախընտրական քարոզարշավներ վարելու համար»,-ասել է Պատասխանատու քաղաքականության կենտրոնի տնօրեն Շեյլա Կրումհոլցը «Ֆրանս Պրես» գործակալությանը:

Հարկ է նաև նշել, որ մի կողմից ամերիկացիների եկամուտների ընդհանուր աճի, մյուս կողմից գնաճային գործընթացների ֆոնին մեր օրերում միլիոն դոլարն այնքան էլ պատկառելի գումար չէ, որքան Մորգանի և Ռոքֆելերի ժամանակներում:

Մեզ մոտ լրիվ այլ է։ Հայաստանում պատգամավորի հաշվին մեկ միլիոն դոլարի առկայությունն անմիջապես լուրջ հարց է առաջացնում՝ որտեղի՞ց։ Եթե կուտակել է պատգամավոր դառնալուց առաջ, ապա հասկանալի է, իսկ եթե եկել է դատարկ գրպանով, ու կապիտալն աճում է, ապա հանուն ինչի՞ է եկել։

Պատերազմի բեկորները, կամ ինչպես փոխգնդապետ Ստեփանյանն օգնեց ճանաչել հայերին

Վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները բացահայտեցին ընտրողների վստահությունը վայելող մի քանի տասնյակ կայացած գործիչների՝ իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, սոցիոլոգների, որոնց ներկայությունը Ազգային ժողովում ոչ միայն տեղին է, այլև անհրաժեշտ։ Եթե նրանք զբաղեցնեն իրենց տեղերը, «հանուն ինչի՞ են եկել» հարցը ինքնաբերաբար կվերանա։ Եկել են երկիրը ոտքի կանգնեցնելու, ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու, արժանապատվության զգացումը վերադարձնելու և այնպես անելու, որ բոլորը ենթարկվեն երկրի օրենքներին։ Ու որ «որտեղի՞ց է նրանց բանկային հաշվին առկա գումարը»  հարցը չառաջանա։ Եվ ահա այդ դեպքում ազնվորեն վաստակած գումարն ու իշխանության գալը հակոտնյա չեն լինի։

286
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Պատգամավոր, ԱՄՆ, օլիգարխ, Հայաստան
Ըստ թեմայի
Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան
«Միայնության նախարարություն», կամ ծնողներն այնքան մոտ թիրախ են, որ վրիպելն անհնար է
Տիկին Քուքին ու «Գրին քարտը». ո՞ւր պիտի գնան հայերը, որ լավ ապրեն
Իսրայելի վարչապետը որդու հետ

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

1078
Թել Ավիվը կրկին փորձում է Հայոց ցեղասպանության թեման օգտագործել որպես Թուրքիայի կառավարության վրա քաղաքական ճնշման գործիք։ Թուրքիան պաղեստինցիների հետ առճակատման հարցում հակադրվում է Իսրայելին։

Այս անգամ հայկական խաղաքարտը որոշել են շահարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդու` Յաիրի ձեռքով։ Նրան հանձնարարել են ակնարկել այն, ինչը վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչներն իրենց թույլ չեն տալիս։

Իսրայելի և Թուրքիայի միջև հերթական սրված առճակատման պատճառը Երուսաղեմում տեղի ունեցած բախումներն են և դրանց հաջորդած հրթիռակոծությունները։ Անկարան, ինչպես միշտ, սատարել է պաղեստինցիներին` իսրայելցիների գլխին թափելով հնարավոր բոլոր կշտամբանքները։

Թուրք–իսրայելական դիմակայությունը դեռ շարունակվում է փոխադարձ վիրավորանքների մակարդակով։ Հարցը չի սահմանափակվել միայն արտգործնախարարությունների հայտարարություններով, ներգրավվել են նաև ոչ ավանդական նյուսմեյքերները։

Երեկ խոսեց Իսրայելի վարչապետի ավագ որդին` 30-ամյա Յաիր Նեթանյահուն։ Բանավեճի մեջ մտնելով Twitter–ի թուրք օգտատերերի հետ` նա հասկացրեց, որ Անկարայի դեմ պայքարի մեթոդների զինանոցում կա նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը։

«Դուք Անատոլիայում չեք ծնվել։ Դուք եկել եք Կենտրոնական Ասիայից և ցեղասպանություն իրականացրել տեղի քրիստոնյա բնակչության նկատմամբ։ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիսն է, և դուք այն ապօրինաբար եք օկուպացրել։ Դուք եք կազմակերպել Հայոց ցեղասպանությունը։ Ձեր երկիրը ղեկավարում է մի բռնապետ, որը կրկին ուզում է օկուպացնել և հալածել արաբական աշխարհը, ինչպես Օսմանյան կայսրության տարիներին», – հայտարարեց Յաիրը` դիմելով թուրքերին։

Ի՞նչ է նշանակում Իսրայելի ղեկավարի որդու ասածը։ Արդյոք պե՞տք է նրա գնահատականները ընկալել որպես մասնավոր անձի կարծիք, թե՞ դա այնուամենայնիվ որոշակի ազդանշան է, որը վկայում է Թուրքիայի դեմ Իսրայելի պայքարի մեթոդաբանության հնարավոր վերանայման մասին։

Յաիր Նեթանյահուն իր հոր ղեկավարած վարչակազմում որևէ պաշտոն չունի, բայց Իսրայելի քաղաքական դաշտում նա ամենևին էլ վերջին խաղացողը չէ։ Պետության ղեկավարը որդու շուրթերով շատ հաճախ է այնպիսի ուղերձներ հնչեցնում, որոնք ցանկանում է հասցնել այս կամ այն գործիչներին կամ երկրներին։ Կրտսեր Նեթանյահուի թվիթերյան շեշտադրումները սովորաբար ամենևին էլ պատահական չեն լինում և քողարկված ուղերձներ են պարունակում։ Նման միջնորդավորված ազդանշանների առավելությունն այն է, որ միշտ կարելի է հայտարարել, թե ղեկավարի ընտանիքի անդամի գնահատականը կառավարության պաշտոնական տեսակետը չէ։ Վարչապետի վարչակազմն արդեն բազմաթիվ անգամ է դիմել նման հնարքի։

Դա հաշվի առնելով` տեղին է ենթադրել, որ Յաիր Նեթանյահուի միկրոբլոգի տեքստը գրել է իրականում ոչ թե անձամբ ինքը, այլ վարչապետի խորհրդականներից մեկը։ Ամեն դեպքում կարելի է չկասկածել, որ այդ նախաձեռնությունն առնվազն համաձայնեցված է քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ։ Հետևաբար Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը պետք է ընկալել որպես Իսրայելի ղեկավարի կողմից Էրդողանին հասցեագրված ազդանշան։

Նկատենք` կրտսեր Նեթանյահուն առաջին անգամ չէ, որ հիշում է Ցեղասպանության մասին։ 2018 թվականի մայիսին ի պատասխան Էրդողանի այն հայտարարություններին, որ Իսրայելը «ահաբեկչական պետություն է», Յաիրը Facebook–ում գրել էր. «Թուրքիա, դու ես պատասխանատու Հայոց ցեղասպանության և հույների ու քրդերի նկատմամբ իրագործած աներևակայելի վայրագությունների համար։ Թուրքեր, դուք եք ապօրինաբար գրավել քրիստոնյա ժողովուրդների հողերը Փոքր Ասիայում: Այնպես որ, ձայնդ կտրի՛ր...»։

Լիբանանահայի միակ «մեղքը». Բաքվում դատելու են նրան որպես վարձկան

Վարչապետի որդին նույն թեմային է վերադարձել 2019 թվականի մարտին։ Այն ժամանակ Յաիրը, արձագանքելով իր հոր հասցեին Էրդողանի վիրավորական արտահայտություններին, Twitter–ում գրել էր. «Ուզում եմ հիշեցնել Էրդողանին, որ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիս անվանումով քաղաքն է։ Նախքան թուրքական օկուպացիան այն ավելի քան հազար տարի քրիստոնեության կենտրոնն է եղել։ Ես նրան հիշեցնում եմ նաև թուրքերի կողմից հույների, ասորիների և հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանության մասին։ Նրանք Փոքր Ասիայում քրիստոնյաների էթնիկ զտումներ են իրականացրել...»։

Էրդողանը դրան բավական նյարդային էր արձագանքել։ Նա կրտսեր Նեթանյահուին անվանել էր «ծայրահեղ թուրքատյաց» և համեմատել նրան նորզելանդական սերիական մարդասպան Բրենթոն Տարանտի հետ, որը Քրայսչերչ քաղաքում 50 մուսուլման էր սպանել։

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահը պահանջել էր, որ Իսրայելի վարչապետը «քաշի իր որդու ականջները»` սպառնալով, որ հակառակ դեպքում անձամբ կանի դա։ «Եթե սահմանն անցնեք, մենք կդիմենք արդյունավետ դաստիարակչական մեթոդների և ձեզ արժանի դաս կտանք», – հայտարարել էր Էրդողանը։

Ավագ Նեթանյահուն նույնպես մի քանի անգամ իր հրապարակային ելույթներում հիշել է հայերի նկատմամբ երիտթուրքական ռեժիմի հրեշավոր հանցագործությունների մասին, սակայն, ի տարբերություն որդու, նա խուսափել է «ցեղասպանություն» բառից։ Վերջին անգամ Իսրայելի վարչապետը 1915 թվականի իրադարձությունները հիշատակել է 2019 թվականի սեպտեմբերին, անմիջապես այն բանից հետո, երբ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ–ի ԳԱ 74-րդ նստաշրջանում, պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողությունները համեմատել էր հիտլերյան նացիստների մեթոդների հետ։

«Գազայի լողափերում խաղացող երեխաներին ռմբակոծելը նույնքան լուրջ հանցագործություն է մարդկության դեմ, ինչպես Հոլոքոստը», – հայտարարել էր այն ժամանակ Թուրքիայի նախագահը։ Ի պատասխան Բենիամին Նեթանյահուն նրան ուղղված կարճ տեսաուղերձ էր ձայնագրել և նշել, որ նա, ով քրդերի է սպանում և հերքում հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, Իսրայելին դաս տալու իրավունք չունի։

Իսրայելի առաջնորդները հայերի կոտորածի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ Թուրքիային վախեցնելու կարիք են ունենում։ Իսկ անձամբ իրենք մինչ օրս որևէ գործուն քայլ չեն ձեռնարկել այդ հանցագործության ճանաչման և դատապարտման համար։ ՀՀ ԱԳՆ–ն մեկ անգամ արդեն արձագանքել է Երուսաղեմի ղեկավարների կողմից ցեղասպանության թեման որպես վախեցնելու գործիք օգտագործելու փորձերին։

907 անգամ չափիր, մեկ անգամ կտրիր. Բաքվին ցուցաբերվող ամերիկյան օգնության մութ կողմերը

Երկու տարի առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշել էր. «Մեզ համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին»։ Պաշտոնական ԱԳՆ–ն հասկացրել էր, որ Իսրայելի քաղաքական գործիչների շուրթերից հնչող մեղադրանքները ավելի տեղին կլինեին, եթե Իսրայելն անձամբ ճանաչեր և դատապարտեր երիտթուրքերի իրագործած ցեղասպանության փաստը։

Համաշխարհային մամուլը նույնպես բազմաթիվ անգամ անդրադարձել է Բենիամին Նեթանյահուի անհետևողականությանը։ 2019 թվականի սեպտեմբերին Russia Today ռուսական միջազգային հեռուստաալիքը «Անհարմար է. Նեթանյահուն կշտամբում է Էրդողանին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, որը Իսրայելը ևս չի ճանաչել» վերտառությամբ հոդված էր հրապարակել։

«Մեղադրանքն ավելի անկեղծ կլիներ, եթե Նեթանյահուն անցած տարի անձամբ չարգելափակեր Քնեսեթի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փորձը», – ասվում է հոդվածում։

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի տապալման հարցում Բենիամին Նեթանյահուի դերը իսկապես վճռական էր։ Հենց վարչապետի վարչակազմի ճնշման տակ խորհրդարանի քարտուղարությունը համաձայնեց չեղարկել Ցեղասպանության ճանաչման հարցով 2018 թվականի հունիսի 26-ին նախանշված քվեարկությունը։ Եթե քվեարկությունը կայանար, պատգամավոր Իցիկ Շմուլիի ներկայացրած բանաձևը անկասկած կընդունվեր, քանի որ նախօրեին դրան աջակցել էր ավելի քան 50 խորհրդարանական։

Հարց է ծագում` ինչպե՞ս կարելի է բնութագրել այն քաղաքական գործչին, որը մյուսներին մեղադրում է մի բանը մերժելու համար, ինչը ինքն անձամբ չի ճանաչում և թույլ չի տալիս, որ ճանաչեն։ Բոլորից լավ այդ հարցին պատասխանել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի հեղինակ Իցիկ Շմուլին։

«Քվեարկությունը տապալելով` Նեթանյահուն համերաշխություն հայտնեց Էրդողանին Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հարցում», – հայտարարել է նա։

Դժվար է չհամաձայնել պատգամավորի հետ։

Գործող վարչապետի նախկին հավատարիմ համախոհ, աշխատանքի նախկին նախարար Նաթան Շչարանսկին մի քանի տարի առաջ ինձ տված հարցազրույցում խորին համոզմունք հայտնեց, որ Նեթանյահուն առանց վարանելու, պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, եթե դա անեն Միացյալ Նահանգների ղեկավարները։

Վաշինգտոնն այդ հարցում հետևողականություն դրսևորեց, սակայն Իսրայելի վարչապետը շարունակում է պոչ խաղացնել։ Ցավոք, հիմքեր չկան հուսալու, որ Բենիամին Նեթանյահուի մոտեցումները առաջիկայում արմատական փոփոխությունների կենթարկվեն։ Բայց դա չի նշանակում, որ Իսրայելից պետք չէ հայկական հարցի վերաբերյալ սկզբունքային ու բարոյական դիրքորոշում ակնկալել։ Չէ՞ որ Նեթանյահուն հավերժ չէ, իսկ այդ հարցում նրա բոլոր ընդդիմախոսների մոտեցումները շատ ավելի առաջադեմ են։

ԱՄՆ-ի «կտրող-ծակող» փաստարկները, կամ ինչ է թաքնված Հայոց ցեղասպանության ճանաչման հետևում

Օրերս հայտնի դարձավ, որ Նեթանյահուն կրկին չի կարողացել խորհրդարանական մեծամասնություն կազմել, և իշխող կոալիցիայի ձևավորումը վստահել է «Եշ Աթիդ» ցենտրիստական կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդին։

Հիշեցնեմ, որ Լապիդը Ցեղասպանության ճանաչման մասին օրինագծերից մեկի հեղինակն էր, հենց նա էր Քնեսեթում Թուրքիայի նկատմամբ կոշտ գծի առավել հետևողական կողմնակիցը։ Այժմ Լապիդը կառավարությունը գլխավորելու շանսեր ունի։ Եթե Երուսաղեմում իշխանափոխություն տեղի ունենա, մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների նկատմամբ Իսրայելի կառավարության մոտեցումներում կարող են արմատական փոփոխություններ տեղի ունենալ։ Այս անգամ դա միանգամայն իրատեսական է։

1078
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Բինյամին Նեթանյահու, Իսրայել, Թուրքիա
Ըստ թեմայի
Ռեյգանի հայ սպիչռայթերի շնորհիվ ԱՄՆ–ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1982 թ–ին
Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր
Քաղաքականացված էներգետիկան, կամ ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցմանը Բաքուն ամեն կերպ խանգարելու է
Արմեն Բադալյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անունը պատահական չէ. քաղտեխնոլոգը` ՀՀԿ–ի և Վանեցյանի միության մասին

0
(Թարմացված է 13:48 16.05.2021)
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների միջև ընտրական դաշինք ձևավորելուն և այդ համատեքստում սպասվելիք գործընթացներին։
Բադալյան. «ՀՀԿ–ի միացումը «Հայրենիքին» անշուշտ կազդի ընտրությունների կոնֆիգուրացիայի վրա»

Արմեն Բադալյանի դիտարկմամբ` նշված դաշինքի ձևավորման մասին խոսակցությունները մեկնարկել էին վաղուց և դե յուրե տեղի ունեցավ այն, ինչի մասին ասվում էր տևական ժամանակ։ Ըստ նրա` այդ դաշինքի ձևավորմամբ առաջիկա ընտրություններին մասնակցող հիմնական ուժերի ցանկն ավարտվեց և այս պահի դրությամբ ԱԺ անցնելու իրական հնարավորություն ունեն Քոչարյանի, Փաշինյանի, Վանեցյանի ու Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժերը։ 

«ՀՀԿ–ն ունի բավարար չափով ֆինանսական, մարդկային և կազմակերպչական ռեսուրսներ, ուստի նրա միացումը ցանկացած ուժի կարող է ազդել ԱԺ ապագա ընտրությունների կոնֆիգուրացիայի վրա։ Նորաստեղծ դաշինքը կունենա այնքան ձայն, որքան կստանա գրագետ քարոզարշավ իրականացնելու արդյունքում և կդառնա ավելի ազդեցիկ ուժ»,– նշեց քաղտեխնոլոգը։

Բադալյանի կարծիքով` դաշինքի անվանումը պատահական չի ընտրված և կապված է այն արտահայտության հետ, որն արեց ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը, երբ 2019 թվականին ներկայացրեց հրաժարականի դիմում ու հեռացավ իշխող քաղաքական թիմից։ Նա վերջում գրել էր. «Պատիվ ունեմ», ինչը սպայի ազնվությանը հատուկ արտահայտություն է և ցույց է տալիս, որ դաշինքի մեջ մտած ուժերը նպատակ ունեն լինել ազնիվ, կարգախոսին հարիր։

Անդրադառնալով այն հարցին, որ Սերժ Սարգսյանի անունը թեև չկա դաշինքի ցուցակում, այդուհանդերձ այն չի՞ ասոցացվում հենց երրորդ նախագահի հետ և այդ հանգամանքն արդյո՞ք բացասաբար չի ազդի դաշինքի հեղինակության վրա` Բադալյանն ընդգծեց, որ այդ հանգամանքը կունենա շատ քիչ ազդեցություն, տոկոսային առումով ոչ էական նշանակություն, որովհետև նախկինների թեման աշխատում էր 2018-19 թվականներին, սակայն կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարը, սոցիալ–տնտեսական ճգնաժամն ու Արցախյան պատերազմում կրած ծանր պարտությունն ուղղակի զրոյացրին նախկինների թեման։     

Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»

Նշենք, որ մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների միջև ընտրական դաշինք ստեղծելու հուշագիր ստորագրվեց, որն ունի «Պատիվ ունեմ» անվանումը։ Դաշինքի առաջին համարն առաջիկա ընտրություններում կլինի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցակում չկա։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

 

0
թեգերը:
«Պատիվ ունեմ» դաշինք, Արթուր Վանեցյան, Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Ընտրությունների հետ կապված դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ
Չեմ բացառում, որ ռազմական դրություն հայտարարվի, ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան
Պետք է պարզել` ռազմական դրությամբ ընտրությունների չեղարկումն արդյո՞ք բեմականացում չէ