«Միայնության նախարարություն», կամ ծնողներն այնքան մոտ թիրախ են, որ վրիպելն անհնար է

165
(Թարմացված է 18:40 21.04.2021)
Հայաստանում տարեց մարդիկ գնալով շատանում են. երեխաներն ու թոռները հեռանում են, ծերերը մնում են տանը, և բոլորը չէ, որ շրջապատված են պատշաճ ուշադրությամբ և հոգատարությամբ։

Սուրեն Պապիկյանի (Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,–խմբ.) ճապոնացի գործընկերը համատեղության կարգով դարձել է նաև տխուր անվանումով «Միայնության նախարարության» ղեկավարը։

Ճապոնացիներն առաջին հերթին պատրաստվում են անցկացնել բնակչության հաշվեհամար, պարզել, թե երկրում քանի միայնակ մարդ կա, հայտ նախապատրաստել բյուջեի համար և որոշել աշխատանքի գլխավոր ուղղությունները։

Կարծում եմ, որ Հայաստանում նման մարդիկ ավելի քիչ չեն, քան Ճապոնիայում, բայց հաստատ չեմ կարող ասել` մեզ մոտ ինչ–որ մեկը հաշվե՞լ է։ Կարող ենք ասել, որ վերջին երեք տարիներին Հայաստանում բնական աճը խիստ դանդաղել է. 2018 թ–ին` 4087 մարդ, 2020 թ–ին` 2394 (տնտեսագետ Արա Գալոյանի տեղեկություններով)։ Որքան քիչ են երեխաները, այնքան քիչ է արժանավայել կյանքի հույսը, երբ ծնողները ծերանան։

Մեր օրերում Հայաստանում ծերանում են ոչ միայն տարիների բնական ընթացքով, այլ նաև օբյեկտիվ պատճառներով. նայեք արցախյան պատերազմի ընթացքում երեխա կորցրած ծնողներին և կհասկանաք, թե ինչ եմ ասում։ Բայց միան դա չէ։

Քանի որ վաղուց եմ գրում, էլ ավելի երկար ապրում եմ, կարող եմ նշել ծերացման այլ նշաններ։ Ուշադրություն դարձրեք մարդկանց մեղավոր–ամաչկոտ ժպիտներին, որոնք ընդամենը մոտենում են յոթանասունին. դե հիմա հասել ենք այս տարիքին, ի՞նչ արած...

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

Կամ մեկ այլ բան։ «Հայրս միշտ խոսում էր սեղանի մոտ, սիրում էր հյուրերին տարբեր պատմություններ պատմել և հանկարծ դադարեց։ Ի՞նչ պատահեց։ – Ծերացել եմ արդեն, վատ եմ լսում և երևի ինձ էլ չեն լսում», – բացատրեց հայրս։

-Բայց ես հասկանում էի, – պատմում էր ընկերս, – բանն այն էր, որ մենք ենք դադարել լսել նրան։ Նա անընդհատ փորձում էր ինչ–որ բան ասել, իսկ մենք ուշադրություն չէինք դարձնում... Այո, մենք նախկինի նման նստեցնում ենք հայրիկին սեղանի գլխին, բայց կիսատ–պռատ ենք լսում։ Իսկ տարեց մարդիկ երեխայի նման նեղացկոտ են, ամեն ինչ նկատում են։

Ահա ձեզ միայնության նախարարության ևս մի այցելու, որովհետև միայնակ կարելի է լինել նաև այն ժամանակ, երբ շուրջբոլորդ շատ մարդ կա։

Հայաստանում սկսել են ավելի շատ ամուսնալուծվել (ամուսինները երկարատև արտագնա աշխատանքի են հեռավոր երկրներում, կանայք կողակիցներին սպասելիս միշտ չէ, որ կարոտով դուրս են նայում պատուհանից, դրան ավելացրած` բարքերի ակնհայտ անկումը), և փաստ չէ, որ բաժանվածները գտնում են իրենց կեսին։ Իսկ տարիներն անցնում են, նոր հայրիկներ ու մայրիկներ ստացած երեխաները մնում են առանց ծնողներից մեկի արյունակցական կապերի` այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Ավելի լավ է` լիներ Ամերիկայի մեծ հայ գրողի նման։

«Գտեք գրքերը»․ ինչպես գյումրեցի երիտասարդը գողացավ Մատենադարանի արժեքավոր «գանձերը»

Հարցազրույցներից մեկում Վիլյամ Սարոյանն ասել է, որ երկու անգամ ամուսնացած է եղել։

–Քանի՞ երեխա ունեք առաջին կնոջից, – գրողին հարցրել է լրագրողը։

– Երկու։

–Իսկ երկրորդի՞ց։

–Երկու։

–Չորս երեխա ունե՞ք։

–Ոչ, երկու։

–Այդ ինչպե՞ս։

–Երկրորդ անգամ ես նորից ամուսնացել եմ առաջին կնոջս հետ։ Երբ ուզեցի երկրորդ անգամ ամուսնանալ, մտածեցի` որտեղից առաջին կնոջս նման կին գտնեմ։ Եվ կրկին ամուսնացա նրա հետ։

Հասկանալի է, որ Վիլյամ Սարոյանի նման նշանավոր անձին աղքատ ծերություն չէր սպառնում, բայց մենակ կարող են լինել ոչ միայն աղքատները։ 

Տարեսկզբին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է պապիկների, տատիկների և տարեց մարդկանց միջազգային օր ստեղծելու որոշման մասին։ Ինչո՞ւ։ «Ծերերը հաճախ մոռացության են մատնվում, իսկ մենք հաճախ մոռանում ենք, որ նրանք մեր արմատների ու արժեքների հարստությունն են, որոնք փոխանցվում են գալիք սերունդներին։ Ծերությունը նվեր է»,– ասել է Հռոմի պապը` նշելով տատիկների ու պապիկների հետ հանդիպումների կարևորությունը։

Մեր խնդիրը խորացել է նաև նրանով, որ, ի հեճուկս տրամաբանության, շատ հայ տատիկ–պապիկներ (էլ չասած հայրերի ու մայրերի մասին) ստիպված կլինեն իրենց օրերն ապրել առանց արցախյան պատերազմում զոհված թոռների։

Երևում է, որ շատ երիտասարդ աշխատունակ հայեր կորոնավիրուսից հետո ավելի մեծ խանդավառությամբ կմեկնեն ուրիշ երկրներ, և դժվար թե տարեցները ցանկանան կամ կարողանան նրանց հետ գնալ, և այդ ժամանակ Հայաստանը կսկսի ծերանալ աչքի առաջ։

Իրավիճակը հաստատուն քայլերով մտնում է փակուղի, իշխանությունը վճռականորեն անգործության է մատնված, իսկ այդ ընթացքում Ճապոնիայում բացում են միայնության նախարարության, Հռոմի պապը ստեղծում է պապիկների և տատիկների օր, իսկ մենք ի՞նչ անենք։ Առնվազն փորձենք բարի լինել ծնողների նկատմամբ, քանզի ամենայն հավանականությամբ նրանք մեզանից շուտ կմահանան։

«Թող անցյալը մոռացվի», կամ ինչու գյումրեցին մատնեց ամենամոտ ընկերոջը

Իսկ եթե շատ եք ուզում ցուցադրել ըմբոստ բնավորությունը, ապա, ինչպես բացատրել է բանաստեղծ Բրոդսկին, հիշեք. ծնողները չափազանց մոտ թիրախ են, հեռավորությունն այնպիսին է, որ վրիպելն անհնար է։

165
թեգերը:
երեխա, ծերացում, ծեր, Հայաստան
Ըստ թեմայի
Իմ Գագարինը, հայերն ու տիեզերքը
Կրքեր բրենդի շուրջ, կամ Կոնյակ քաղաքը կլուծե՞ր հայկական խմիչքի հարցը
Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան
Սև լիճ

Ինչպես էին ուզում Սև լճի խնդիրը լուծել խորհրդային տարիներին

436
(Թարմացված է 18:54 17.05.2021)
Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի իշխանությունները գնահատում են որպես ճգնաժամ, որի ելքն առայժմ գտնված չէ։ Մինչդեռ այս լճի շուրջ վեճեր էին ծագում դեռևս խորհրդային ժամանակներում։ Պատմության մանրամասները հիշում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Հայաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվել է Սև լճի խնդիրը լուծել «երկու եղբայրական հանրապետությունների համար փոխշահավետ պայմաններով և այն պահպանել ապագա սերունդների համար»։

Ինչի՞ մասին ենք խոսում։ Խոսում ենք 1986 թ․-ի մասին, երբ ՀՀ վարչապետի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռ դպրոց էր գնում, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր-նոր էր ավարտել ՄՄՀՊԻ-ն (МГИМО):

Ամեն ինչ սկսվեց Լաչինի շրջանի Ղարաքաշի դպրոցի ուսուցիչ Չելքաշ Մեհրալիևի՝ «Իզվեստիա» թերթին ուղղված նամակից։ Ահա մի հատված այդ նամակից․ «Ավելի քան քսան տարի է՝ անհանգստացած եմ Ղարա-գյոլ բացառիկ լճի ճակատագրով, որը երկու եղբայրական հանրապետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին է։ Նախկինում այնտեղի ջուրը մաքուր էր, թափանցիկ, իսկ հիմա ծաղկել է, պղտորվել, լիճն աստիճանաբար մեռնում է։ Հայկական ափին պոմպակայան կա, որը ջուրը մղում է դեպի Գորիս և շրջակա գյուղեր, լիճն ու այն շրջապատող ալպիական մարգագետինները ջրազրկվում են։ Պետք է ինչ-որ բան անել»։

Արեցին։ Դեռևս թերթին ուղղված նամակից առաջ՝ 1973թ․-ին, Հայաստանից և Ադրբեջանից համատեղ հանձնախումբ էր այցելել Սև լիճ, զբոսնել էին, նայել․․․ Այցից հետո Ադրբեջանը իր ափին նույնպես պոմպակայան տեղադրեց, և արդեն երկու կայան, ասես միմյանց հետ մրցելով, վնաս էին հասցնում լճին։

Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին

Պետք է ասել, որ Սև լճի ջուրը վերականգնվում էր միայն ձնհալների և անձրևների հաշվին, իսկ շուրջը գտնվող արոտավայրերում ոչխարի հոտեր էին արածում (այն ժամանակների հաշվարկներով՝ ավելի քան հարյուր հազար գլուխ), և նրանք մարդկանցից ոչ պակաս ջուր էին խմում։

Հիմա՝ միջկառավարական նամակագրության ժանրից։ Մեհրալիևի նամակը «Իզվեստիայից» գնաց Բաքու և Երևան։

Ադրբեջանի նախարարների խորհրդի փոխնախագահ ընկեր Մամեդովը հայտնեց` այո, լճի շուրջը պետք է սանիտարական գոտի ստեղծել, ջրագծային համակարգ կառուցել լճի շրջակայքի արոտավայրերում։ Սակայն լճի մակարդակի իջեցման հիմնական պատճառը (այդպես էր ստացվում նամակից) հենց բնությունն էր։ Մասնավորապես՝ վերջին տարիների չոր եղանակը։

Այնուհետև ընկեր Մամեդովն առաջարկում էր, ինչպես ընդունված էր այն ժամանակ, «լճի ուսումնասիրության և դրա բնական վիճակի վերականգնմանն ուղղված միջոցառումների մշակման նպատակով» համատեղ հանձնաժողով ստեղծել։

Քննարկմանը հայկական կողմը ներկայացնում էր նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Խոջամիրյանը։ Նա «Իզվեստիային» ուղղված նամակում նույնպես խոսում էր սանիտարական գոտու, անասուններին անմիջապես ջրավազանից ջուր խմելն արգելելու և այլ բաների մասին` միաժամանակ տեղեկացնելով, որ ջրային տնտեսության նախարարությունը սկսել է նախատեսված աշխատանքները, թեև դրանք պետք է կատարվեին պարիտետային հիմունքներով: Էլ չասած, որ Ադրբեջանի գյուղնախարարությունը պետք է աղտոտող դիզելային պոմպակայանը փոխարիներ էլեկտրական պոմպակայանով, բայց չարեց դա։

«Իզվեստիայում» կարդացին գրածները և իրենց կարծիքն ասացին․ «Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները տոգորված են այն ըմբռնումով, թե որքան կարևոր է պահպանել եզակի բնական օբյեկտները ժառանգների համար (և ժամանակակիցների համար նույնպես)։ Այնուամենայնիվ, «հանձնաժողովի ըմբռնումը և նույնիսկ որոշումը մի բան է, իսկ լճի փրկության գործնական վճռական միջոցները, ինչի մասին գրում է ընկեր Մեհրալիևը, այլ բան»,-Սև լճի թեմայով հարևանների թեթևակի կշտամբեց Մոսկվան։

Հայաստանում և Ադրբեջանում «Իզվեստիայի» սեփական թղթակիցներին առաջարկեցին մեկ տարի հետո գնալ լիճ և տեսնել, թե ինչպես և ինչով է այն ապրում։ Առջևում 1988 թվականն էր, արդեն նշմարվում էր Ղարաբաղյան շարժումը, նույն տարում տեղի ունեցավ երկրաշարժը, և արդեն Սև լճի ժամանակը չէր։

․․․Այսօր լճում և լճի շուրջ իրադարձությունները միանգամայն այլ սցենարով են զարգանում։ Ադրբեջանական բանակն ավելի քան երեք կիլոմետր խորացել է Հայաստանի տարածքում (ո՞ւմ են հետաքրքրում 102 տեսակի ծաղիկները) և կտրել է Սև լիճը երկրի մնացած մասից։ Ինչպես և վերը նկարագրված դեպքում, կրկին որպես դատավոր է հանդես գալիս Ռուսաստանը։

Վերջին տվյալներով՝ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ ռազմաքաղաքական իրավիճակը մայիսի 12-ից սկսած ընդհանուր առմամբ անփոփոխ է մնում, թեև ադրբեջանցի զինծառայողների որոշ խմբեր լքել են հանրապետության սահմանները: Բանակցությունները կվերսկսվեն մայիսի 19-ին։ Երևանի դիրքորոշումն անսասան է` ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի սահմանները։

Մելքոնյանին գործից հանեցին սառնարանի պատճառով, կամ կոռուպցիոն տարիների ժամանակագրություն

436
թեգերը:
Ադրբեջան, Որոտան, Սև լիճ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական սահմանին ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ չեն եղել. Փաշինյան
Վաղարշակ Հարությունյանը խոսել է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության տնօրենի հետ
ՌԴ–ն մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Պեսկովը ներկայացրել է Պուտինի տեսակետը
Գազայի հատված

Վտանգն ուրիշ տեղ է, կամ ո՞ւր է տանում Իսրայելում հրեաների և արաբների բախումը

411
Soutnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանն անդրադարձել է իսրայելա–պաղեստինյան վերջին բախումներին և Հայաստանում կատարվողի հանդեպ աշխարհի անտարբերությանը։
Իսրայելի հրեաները և արաբները՝ քաղաքացիական պատերազմի եզրին

Եկեք անկեղծ լինենք։ Աշխարհն այնքան էլ մեծ ուշադրություն չդարձրեց Հայաստանի արևելյան սահմանին կատարվող իրադարձություններին ոչ միայն այն պատճառով, որ օտարի համար խոսքն ընդամենը մի լճի մասին է, որի տեղը, խոստովանենք` մինչև վերջերս իսկի հայերից շատերը չգիտեին։ Ուղղակի Ադրբեջանի տասնյակ զինվորների ներխուժումը  Հայաստանի տարածք համընկավ Իսրայելում տեղի ունեցող վտանգավոր իրադարձությունների հետ։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ միջազգային հանրությունը սկսում է արձագանքել հիմնականում այդ դեպքում, երբ որևէ հակատարտության ժամանակ առնվազն տասնյակ զոհեր են լինում։ Այնինչ, հայաստանցի պաշտոնյաներն այս օրերին ամեն առիթով կրկնում էին, իրենց կարծիքով, հանգստացնող տեղեկատվությունը՝ ճիշտ է, ադրբեջանցիները մտել են Սյունիք, բայց չի եղել ո՛չ մի կրակոց, ո՛չ մի զոհ, ո՛չ մի վիրավոր։

​Մերձավոր Արևելքում զոհեր կան։ Արդեն ուղիղ մեկ շաբաթ շարունակվող փոխադարձ ռմբակոծությունների հետևանքով պաղեստինցիները կորցրել են ավելի քան 180 մարդ, իսրայելցիները՝ մոտ 10 մարդ։ Իհարկե, հրեաները տարիների, նույնիսկ տասնամյակների ընթացքում այնքան են սովորել Գազայի կողմից հարվածներին, որ վաղուց արդեն ստեղծել են հրթիռները չեզոքացնող շատ արդյունավետ համակարգ՝ «Երկաթե գմբեթ»։ Եվ այս նոր բախման ժամանակ էլ կարողանում են խոցել պաղեստինցիների արձակած հրթիռների 90 տոկոսը։ Եթե դրան ավելացնենք այն հանգամանքը, որ Գազայից արձակված մոտ 2000 հրթիռներից 200-ը տեղ չի հասել և ընկել է հենց Գազայի տարածքում, կարելի է փաստել, որ հիմնականում ինքնաշեն հրթիռները, որոնց զգալի մասը պատրաստվում է տեղի արհեստանոցներում, այնուամենայնիվ սարսափելի վտանգ չեն ներկայացնում Իսրայելի համար։ Վտանգն ուրիշ տեղ է։

​Դպրոցական քարտեզից էլ գիտենք, որ Իսրայելը պայմանականորեն երեք մասից է բաղկացած՝ բուն Իսրայել և երկու տարածք, որտեղ բնակվում են պաղեստինցիները՝ Հորդանան գետի արևմտյան ափ ու Գազայի հատված։ Սակայն չմոռանանք, որ բուն Իսրայելում, եթե կարելի է այդպես ասել՝ հրեական Իսրայելում էլ են արաբներ ապրում, որոնց այդպես էլ անվանում են՝ Իսրայելի արաբներ։ Նրանք բավական շատ են՝ գրեթե 2 միլիոն։ Հիմա եթե ձեզ հարցնեն՝ ո՞րն է արաբների կրոնը, երևի առանց վարանելու կպատասխանեք՝ իհարկե, մահմեդականությունը։ Այնինչ, այդ երկու միլիոն արաբների համարյա 10 տոկոսը կաթոլիկ քրիստոնյա է։

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Ռաֆախի և Գազայի հատվածում գտնվող շենքերին. տեսանյութ

​Իսրայելի արաբները, բնականաբար, ունեն Իսրայելի քաղաքացիություն և օգտվում են պետության սոցիալական ու առողջապահական բոլոր ծրագրերից։ Ավելին, նրանք հարկային արտոնություններ ունեն, այսինքն` պետությունը, միլիարդավոր դոլարներ ծախսելով, ամեն ինչ անում է նրանց ինտեգրելու համար։ Ոմանք ասում են՝ է, եթե իրենք Իսրայելի լիիրավ քաղաքացիներ են, մի բան էլ ավելի, թող գնան իսրայելական բանակում ծառայելու։ Սակայն արաբները չեն ուզում ծառայել՝ բերելով շատ պարզ փաստարկ՝ մենք այս պետությանը ոչինչ պարտք չենք, որովհետեւ միշտ ապրել ենք այս մեր պապենական հողերում, որտեղ հրեաները որոշել են ստեղծել իրենց պետությունը։ Ճիշտն ասած, արաբներին զինվորական կամ գոնե այլընտրանքային ծառայությունում ընդգրկելու մի քանի անհաջող փորձից հետո կառավարությունը արաբներին հանգիստ է թողել։

​Բայց այժմ առանց այն էլ լարված իրավիճակը պարզապես պայթյունավտանգ է դարձել. Իսրայելի արաբներն ընդվզել են ու անկարգություններ սկսել՝ տարբեր բնակավայրերում, հենց փողոցում դանակահարում են հրեաներին, այրում նրանց պատկանող ավտոմեքենաները և խանութները։ Հրեաների արձագանքը միանգամայն կանխատեսելի էր. ինչպե՞ս թե՝ դարերով մեզ հետապնդել, հալածել ու սպանել են աշխարհի տարբեր երկրներում, հիմա էլ մե՞ր սեփական պետությունում են ուզում նույնն անել։

Երբ մի քանի օր առաջ հրեաների ամբոխը կանգնեցրեց տաքսի մեքենան, դուրս քաշեց արաբ-վարորդին, սկսեց անողոքաբար ծեծել նրան, և այդ ամենն իր եթերում ցույց տվեց հեռուստաընկերություններից մեկը, չդիմացավ նույնիսկ վարչապետ Բենյամին Նեթանյահուն. «Հետո՞ ինչ, որ ձեր արյունը եռում է, որքան ուզում է՝ թող եռա, բայց դուք իրավունք չունեք ձեր ձեռքը վերցնելու օրենքը։ Դուք իրավունք չունեք Լինչի դատաստանի ենթարկելու արաբներին, ինչպես որ նաև նրանք իրավունք չունեն նույնկերպ վարվելու հրեաների հետ»։

​Քաղաքական գործիչները զգուշացնում են՝ սա քաղաքացիական պատերազմի սկիզբն է, իսկ քաղաքացիական պատերազմը Իսրայելի ներսում հազար անգամ ավելի վտանգավոր կարող է լինել, քան փոխադարձ հրետակոծությունները։

411
թեգերը:
Ադրբեջան, Պատերազմ, աշխարհ, Սյունիք, Հայաստան, Պաղեստին, Իսրայել
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
«Նախկիններ, նախկիններ...» ստեղծագործությունը իշխանությունների քաղաքական հիթն է դարձել
Ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը, կամ հայրենիքի վտանգի դեպքում պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները
Արայիկ Հարությունյան

ՊԲ-ն կա և մնալու է. Արցախի նախագահը բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

19
(Թարմացված է 17:53 18.05.2021)
Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախը հանդես է գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են բանակաշինությանը, երկրի պաշտպանունակությանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:

Նախագահը խորին երախտագիտություն է հայտնել ՊԲ բանակի ողջ անձնակազմին իր առաքելությունը անձնվիրաբար իրականացնելու ու ուժերի ներածին չափով թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից հայրենիքը պաշտպանելու համար:

«Մենք հանդես ենք գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով, սակայն դրա համար անհրաժեշտ են նաև անվտանգային երաշխիքներ: Ուստի ՊԲ-ն կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ: Նախատեսված բարեփոխումների արդյունքում ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կարևոր դերակատարություն են ունենալու պայմանագրային զինծառայողները»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ առավելագույն ջանք է ներդրվելու Արցախի անվտանգային համակարգի հետևողական ու արագ բարելավման համար:

Խոսելով զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման մասին՝ Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականը ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաների բնակարանային ապահովման խնդիրը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ:

Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

19
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը. Լևոն Տեր–Պետրոսյանի վարկածը
Միրզոյանն ու Վոլոդինը Մոսկվայում քննարկել են Արցախի թեման ու երկկողմ հարաբերությունները
Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է արցախյան խնդիրը