Արխիվային լուսանկար

Ի՞նչ էր հայտնաբերել Ռոն Ուայեթը Արարատից ոչ հեռու

959
(Թարմացված է 23:22 25.04.2021)
Այն մասին, թե ինչպես են գիտնականները տարիներ շարունակել որոնել Նոյյան տապանը Արարատ լեռան վրա։ Այն մասին, թե ինչ է հաջողվել հայտնաբերել և որքան հաճախ ենք մենք ցանկալին ընդունում որպես իրականություն։

Անգլիացի բանաստեղծ և ժողովուրդների ազատության համար պայքարող Ջորջ Բայրոնը 19–րդ դարում իզուր չի ասել Հայաստանի մասին. «Աշխարհում չկա այդքան հրաշքներով լի երկիր, որքան Հայաստանը»։ Նույն միտքը 20–րդ դարում արտահայտել է ամերիկյան նկարիչ, գրող և հասարակական գործիչ Ռոքուել Քենթը. «Հայաստանը հրաշքների երկիր է... Եթե ինձ հարցնեն, թե մեր մոլորակում որտեղ կարելի է ամենից շատ հրաշքներ տեսնել, ես, իհարկե, առաջին հերթին կնշեմ Հայաստանը...

Ակամա ապշում ես, որ աշխարհի նման գողտրիկ անկյունում կարելի է հանդիպել նման հուշարձանների և մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդը և հպարտությունը։ Երիցս թող փառավորի հայոց հողը` տաղանդների ու մեծ նվաճումների բնօրրանը»։

Հենց հայերի համար, որոնք գոյության պայքար են մղում թշնամական հարևանների կողմից շրջափակման պայմաններում, միշտ չէ, որ ակնհայտ է` որքան հիանալի է ու զարմանահրաշ մեր երկիրը, ինչպես են ընկալում այն խորաթափանց օտարերկրացիները։

Այդ ամենը տեսնելու համար պետք է նայել թարմ հայացքով` չպղտորված սովորական առօրեական ընկալմամբ։ Սովորաբար այդպես լինում է երկարատև բացակայությունից հետո հայրենիք վերադառնալու ժամանակ կամ օտարերկրացիների միջավայրում, որոնք ամեն ինչ առաջին անգամ են տեսնում և անկեղծորեն արտահայտում են իրենց տպավորությունները։

Նրանք իրենց հետ տուն են տանում հրաշալի տպավորություններ, որոնք երկար կհիշվեն։ Եվ դա վերաբերում է ոչ միայն մեր երկրին, այլ նաև ամբողջ պատմական Հայաստանին, որի մի մասնիկն է այն։ Հետաքրքրասեր արտասահմանցին նման հրաշքներ կարող է բացահայտել նաև Արևմտյան Հայաստանում, բայց այնտեղ արդեն հարց է ծագում, թե ինչպիսի հետևություններ նա կանի և ինչ կասի աշխարհին։

Աստվածաշնչից բոլորին հայտնի է, որ Հայաստանը Ջրհեղեղից հետո եղել է մարդկության փրկության և վերածննդի, կամ ժամանակակից լեզվով ասած՝ գլոբալ փոփոխությունների վայր։ Նոյյան տապանը սովորաբար որոնում են Արարատի վրա։ Ոմանք պնդում են, որ գտել են, ընդ որում՝ բացարձակապես տարբեր վայրերում, մյուսները ոչինչ չեն գտնում և հայտարարում են, որ այնտեղ տապան չկա, և պետք է ուրիշ տեղ փնտրել։ Տապանի գտնվելու մեկ այլ հավանական վայր է Թոնդրակ ստրատոհրաբխի շրջակայքը` Արարատ լեռից մոտ 30 կմ հարավ (39°26′26″ լայնություն, 44°14′04″ երկարություն HGЯO)։

Պեղումները լուրջ շերտեր կբացահայտեն ուրարտական ժամանակաշրջանի վերաբերյալ. Բադալյան

1957 թ–ին հրապարակվել են լուսանկարներ, որոնք վերևից նկարել է թուրքական բանակի օդաչու Իլհամ Դյուրուպինարը։ Պատկերի վրա երևում են 157 մ երկարությամբ անհասկանալի գոյացություններ, որոնք հիշեցնում են նավի մնացորդներ։ Բայց շուտով այնտեղ ուղևորված ամերիկացի և թուրք գիտնականների արշավախումբը չի կարողացել գտնել օբյեկտի արհեստականորեն առաջացման ապացույցներ, և ժամանակի ընթացքում դրա նկատմամբ հետաքրքրությունը մարել է։

Ամերիկացի անեսթեզիոլոգ Ռոն Ուայեթը` աստվածաշնչյան հնագիտության մեծ սիրահարը, տեսել է այդ լուսանկարը և որոշել, որ հենց դա էլ Նոյյան տապանն է։ 1977 թ–ին Արարատից ոչ հեռու ընկած լեռներում նա գտել է այն տեղը, որը լուսանկարել է թուրք օդաչուն։ Հսկայական նավանման օբյեկտը շրջապատված է եղել կավե պատերով, որոնք Ուայեթը համարել է տապանի փայտային մնացորդներ։

Նա ապարի նմուշը հանձնել է երկրաբանության պրոֆեսոր Լարի Քոլինզին, որը եզրակացություն է արել, որ դա կավի նմուշ է և ընդհանուր ոչինչ չունի քարացած փայտի հետ։ Դրանից հետո գիտնականների շարքում ընդունված է համարել, որ Ուայեթի բոլոր հայտարարությունները և եզրակացությունները սխալ են։ Չնայած դրան` Ռոն Ուայեթը շարունակել է իր ուղևորությունները և հետազոտությունները։

Ավելի ուշ նա հիմնում է «Ուայեթի հնագիտական հետազոտություններ» հասարակական կազմակերպությունն ու մինչև կյանքի վերջը մոլեռանդորեն հավատում էր, որ գտել է հենց Նոյյան տապանը։

Ռոնը կարողացել է մեծ քանակությամբ նմուշներ վերցնել, որոնք, ինչպես պնդել է, մետաղական դետալների մաս են եղել։ Եթե Նոյը տապանը կառուցել է Աստվածաշնչում նշված չափերով, ապա Ռոնը ենթադրել է, որ նա փայտյա դետալների հետ միասին օգտագործել է նաև մետաղական դետալներ։ Նրան չի շփոթեցրել այն փաստը, կամ միգուցե նա պատմությունից չի իմացել, որ հին հասարակությունները 40 մետր և ավելի երկարությամբ մեծ նավեր սկսել են կառուցել միայն այն ժամանակ, երբ հայտնվել են Եգիպտոսի, Հունաստանի և Հռոմի բավականաչափ զարգացած քաղաքակրթությունները։

Այսինքն, այն ժամանակ, երբ արդեն հին արտադրություններ էին գործում։ Շատ հավատացյալների նման Ռոնը հավատացել է, որ մի մարդն իր որդիների հետ կարող էր կառուցել 150 մետր երկարությամբ նավ։ Համեմատության համար` Տիտանիկի երկարությունը 270 մետր է։

Քանի որ ինժեներները պնդել են, որ նման մեծության նավը, եթե այն պատրաստված է փայտից, ուղղակի կքանդվի մեծ ալիքների վրա, իսկ մետաղական կմախքը կարող է դիմանալ, նշանակում է, որ պետք էր գտնել մետաղական մնացորդներ։

Հետաքրքիր է նաև այն, որ նյութը, որը Ռոնի կարծիքով նավի բալաստն էր, սովորական քար չի եղել, այլ 31,44 տոկոսով կազմված է եղել մանգանից, 41,95 տոկոսով` տիտանից, 11,33 տոկոսով` երկաթից, 7,19 տոկոսով` ալյումինից։ Դա արդեն հիշեցնում է դպրոցականի մասին անեկդոտը, որը 3 տառ ունեցող բառում 4 ուղղագրական սխալ է արել։ Տիտանը  դժվարահալ նյութ է, ու գործնականում հայտնի չեն հնում դրա օգտագործման ապացուցված դեպքեր։

Տիտանը` որպես տարր, բացահայտվել է անգլիացի Ուիլյամ Գրեգորի կողմից 1791 թ–ին։ Իսկ այն արդյունաբերական ճանապարհով ստանալու գործընթացը հայտնի է դարձել միայն 1938 թ–ին լյուքսեմբուրգի մետաղագործ Ուիլյամ Ջասթին Քրոլի աշխատանքների շնորհիվ։ 20–րդ դարի կեսին այն սկսել են կիրառել ձուլվածքներում գերձայնային ռեակտիվ ինքնաթիռներ ստեղծելու համար, քանի որ մեծ արագություններում սովորական դյուրալյումինն ուղղակի կհալվեր։

Ինչ վերաբերում է ալյումինին, ապա այն հայտնաբերվել է դանիացի ֆիզիկոս Հանս Էստեդի կողմից 1825 թ–ին, իսկ 1856 թ–ից այն արտադրում են էլեկտրոլիզի եղանակով։ Հայտնի են Հին Չինաստանի և Հռոմի գտածոների կազմում ալյումին հայտնաբերելու մի քանի դեպքեր, և դրանք մինչև հիմա առեղծված են մնում պատմության համար։

Բայց ենթադրել, որ ծերուկ Նոյը ոչ միայն ինժեներ էր, հսկայական և անգամ անտիկ չափանիշներով անհավանական նավերի շինարար, այլ նաև արտադրում էր դյուրահալ ձուլվածքներ և էլեկտրոլիզով ալյումին էր ստանում, արդեն չափազանց է։ Համ էլ նրան ինչու էր ալյումին պետք, եթե տապան էր կառուցում, այլ ոչ թե ինքնաթիռ։

Արտաքուստ այդ «բալաստի» նյութը հիշեցնում էր մետաղագործական արտադրության թափոն։ Դա հանգեցրել է այդ վայրը մետաղ որոնող սարքերով հետազոտելու մտքին, և 1985 թ–ին Ռոն  Ուայեթն ուսումնասիրել է տարածքը «Ուայթս Էլեկտրոնիքս» ընկերության մետաղի հաղորդիչների օգնությամբ` գտնելով բազմաթիվ նմուշներ, որոնք հաղորդիչներին արձագանքել են որպես «կռածո երկաթ»։ Իսկ 1991 թ–ին հայտնաբերվել են կառույցներ, որոնք հիշեցրել են դուրգամներ` ալյումինի և տիտանի պարունակությամբ։

Շուտով գտնվել են նաև Նյոյան տապանի մեծ քարի «խարիսխները», ընդ որում դրանց վրա փորագրված խաչերով։ Թուրքերն, իհարկե, ոչինչ չեն ասել այն մասին, որ դրանք տեղի բնիկ քրիստոնյաների հետքեր են։

Իսկ Ռոնը թեև հավանաբար հիշում էր, թե որտեղ է գտնվում, բայց չի համարձակվել բարձրաձայն ինչ–որ բան ասել հայերի և Հայաստանի մասին։ Հնարավոր է, որ նրան նույնիսկ զգուշացրել են, ինչպես ուրիշներին, որ նման դեպքերում ուղղակի թույլ չեն տա ուսումնասիրություններ անել։

Այդ ամենից բացի, այն, ինչը Ռոնը Նոյյան տապանի քարացած փայտ էր համարում, ուներ ևս մի յուրահատուկ բնութագիր. դրա վրա բացակայում էին տարիները շերտերը, որոնք առաջանում են տարվա եղանակայինի փոփոխությունների պատճառով։ Ռոնի կողմնակիցներն այդ խնդրին պարզ ու հասարակ բացատրություն են տվել` մինչջրհեղեղյան կլիմայի յուրահատկություն։

«Նամակ անցյալից». Հայաստանում պեղված դամբարանադաշտը կարող է փոխել մեր պատկերացումները

Իբր այդ ժամանակ անձրևներ չեն եղել, ուստի տարեկան օղակներ էլ չկան։ Որպես ապացույց` Ծննդոց գրքից մեջբերում են արել այն մասին, որ այդ ժամանակ երկրի վրա ընդհանրապես դաշտային խոտ չկար, «այն չէր աճում, քանզի Աստված անձրև չէր ուղարկում երկիր, և մարդ չկար հողը մշակելու համար, բայց գետնից գոլորշի էր բարձրանում և ոռոգում երկրի երեսը» (Ծննդոց 2;5-6)։

Բայց ի՞նչ կապ ունեն դրա հետ Ջրհեղեղի ժամանակները։ Մի՞թե ինչ–որ մեկը կարող է հավատել, որ Նոյը սկսել է կառուցել իր տապանը մինչ մարդկության ու բուսականության հայտնվելը։ Նման մատից ծծած ենթադրությունները չեն կարող փաստարկներ համարվել նույնիսկ սիրողական հետազոտողների շրջանում։ Իսկ գիտության մեջ նմանատիպ ապացույցները ոչ ոք լուրջ չի ընդունում։ Բայց հետո իրադարձություններն ավելի «հրաշալի» ընթացք են ստանում։

1987 թ-ի հունիսի 20–ին թուրքական կառավարությունը ճանաչել է Ուայեթի հետազոտությունների արդյունքները, և պաշտոնատար անձանց և լրագրողների ներկայությամբ կայացել է «Նոյյան տապան» թանգարանի և զբոսաշրջային կենտրոնի բացումը մոտակա Նասար բնակավայրի հարևանությամբ։ Արդյունքում Ռոնն ի լուր աշխարհի հայտարարել է, որ գտել է տապանը, ինչին շատերը հավատացել են, իսկ նա այդ մասին ֆիլմ է նկարել և տարածել։

«Հրաշքների» նման ցանկից հետո հարց է ծագում. այս ի՞նչ էր։ Ի՞նչ են հայտնաբերել այդ էնտուզիաստները, մի՞թե դա իսկապես ինչ–որ մեկին կարող է թվալ Նոյյան տապանի մնացորդ։ Ընդ որում` հայտնաբերված ոչ Արարատ լեռան վրա։ Բացի դրանից, հենց Արարատ լեռան տարբեր հատվածներում հայտնաբերվել են մի քանի նման Նոյյան տապաններ։ Բայց այն հարցը, թե Նոյն իրականում քանի տապան է կառուցել կամ քանի Նոյ է եղել երկրի տարբեր անկյուններում, չափազանց մեծ է նույնիսկ մեկ առանձին հոդվածի համար։ Ուստի հիմա փորձենք պարզել, թե իսկապես ինչ է գտել Ռոն Ուայեթը։

Ամենաառաջին և պարզ պատասխանը, իհարկե, կապված է «խարիսխների» հետ։ Եթե Ռոնը լիներ Արևելյան Հայաստանում և տեսներ թեկուզ Քարահունջ հին համալիրը, ապա նա տրամաբանորեն ստիպված կլիներ եզրակացնել, որ դա նավաշինարան է կամ նույն Նոյի ժամանակների բազմաթիվ հին նավեր կառուցելու կայանատեղ։ Իսկ Հայաստանի բնակիչների համար պարզ է, որ դրանք ընդամենը վերևում անցքերով քարեր են։ Տվյալ դեպքում կարևոր չէ, թե ինչի համար` աստղերին հետևելո՞ւ, թե՞ ինչ–որ բաներ ամրացնելու, ինչպես կարծում են որոշ հոռետես հնագետներ։ Բայց հաստատ՝ ոչ խարիսխներ։ Բացի դրանից, այստեղ այնքան վաղուց է ծով եղել, որ հայտնի չէ` այդ ժամանակ մարդիկ կային, թե ոչ։

Ինչ վերաբերում է նրան, որը Ռոնի կարծիքով նավի բալաստ էր և բաղկացած էր մանգանից, տիտանից, երկաթից ու այլ նյութերից, ապա դա լիովին կարող էր լինել հին մետաղագործական արտադրության մնացորդ։ Բնականաբար, տիտանից և ալյումինից բացի, որոնք կամ սխալ են որոշել կամ եղել են հանքանյութերի կազմում։ Հետազոտողներին հայտնի են տարբեր երկրներում նման գտածոներ։ Օրինակ, Եգիպտոսում պեղումների ժամանակ, որոնք գլխավորել է երկրաբան Կորյուն Մկրտչյանը, բնակավայրի տարածքում գտել են պղնձաձուլական խարամ, ինչը հաստատել է այստեղ հին պղնձաձուլական և բրոնզաձուլական համալիրի առկայությունը։

Դուրգամներ հիշեցնող քարե ձևերը։ Հայկական լեռնաշխարհում քարերն իրենց կազմում ունեն մետաղի օքսիդների խառնուրդներ։ Ուստի եթե սկանավորենք դրանք մետաղ որոնող սարքերով, ապա ինչ ասես կարող է երևալ։ 2012թ–ի ամռանը Հայաստան էր ժամանել երկրախույզների ջոկատ ՌԴ–ում հնագույն՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի Արևելաբոսֆորյան հնագիտական արշավախմբից։ Նրանք օգտագործում էին «Օկո» գեոռադար։

Մակերեսին մոտ մի քանի օբյեկտներում, ինչպիսիք են դամբանադաշտերը, գերեզմանոցները, հետազոտությունների արդյունքները վատ չեն եղել և օգտակար են եղել հնագետների համար։ Սակայն մասնագետներն ասել են, որ հողի տակ ավելի խորը շերտերում մետաղներ որոնելն անհնար է։ Նրանք պատմել են նաև մեզ մոտ աշխատանքի մեկ այլ բարդության մասին։

Պոմպեյ քաղաքի տեղում գրեթե ամբողջությամբ պահպանված կառք են հայտնաբերել. լուսանկարներ

Ընդհանրապես սարերում շատ են հանքանյութերը, որոնք մետաղների և ոչ մետաղների հետ թթվածնի միացություններ են։ Դրանք կոչվում են ալյումինի, մանգանի, տիտանի, քրոմի և այլնի օքսիդներ և հիդրօքսիդներ:

Դժվար չէ հասկանալ, որ նման տեղերը մետաղի դետեկտորով հետազոտելու դեպքում կարելի է «հայտնաբերել» ոչ միայն դուրգամներ, այլ ինչ ասես։

Եվ վերջապես, հենց այդ գոյացությունը, որը հայտարարել են «Նոյյան տապան» և նույնիսկ հարևանությամբ թանգարան բացել։ Աշխարհում շատ են հավատացյալները, որոնք զբաղվում են հնագիտությամբ։ 2009 թ–ին Էնդրյուսի համալսարանի ադվենտիստական ​​ուսումնական գլխավոր հաստատության հնագիտության ինստիտուտը արշավախումբ է ուղարկել Ռոն Ուայեթի «բացահայտումների» հետքերով։

Դրա արդյունքները հայտարարվել են շնորհանդեսի ժամանակ` անցկացված 2009 թ–ի դեկտեմբերին աստվածաշնչյան համաժողովի ժամանակ և շարադրվել են «Ռոն Ուայեթի հնագիտությունը. սենսացիա՞, թե՞ թյուրիմացություն» հոդվածում։

Ահա մեջբերում. «Ռոն Ուայեթը կարծում է, որ նա գտել է Նոյյան տապանը։ Բայց նման գոյացումներ` որպես սեյսմիկ գործունեության արդյունք, Արարատյան լեռներում շատ են»։

Ափսոս է, իհարկե, որ այդքան եռանդ, միջոցներ, ժամանակ և էնտուզիազմ է ծախսվել թվացյալ, այլ ոչ թե իրական հրաշքներ ուսումնասիրելու վրա, որոնցով լի է պատմական Հայաստանի ամբողջ տարածքը։ Այդ վայրում կարող էր լինել նեոլիթյան բնակավայր կամ հին մետաղագործական համալիր, ինչպես Շենգավիթում կամ Մեծամորում։ Մի օր դա կպարզվի։

Իսկ այսօր բազմաթիվ մարդիկ հավատում են, որ Ռոն Ուայեթը գտել է Նոյյան տապանը։ Ինչպես կասեր 20–րդ դարի մեծագույն հոգեբան Կառլ Գուստավ Յունգը, Նոր Ավետարանի խոսքերը` «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ», բանաձև է այն մասին, որ հոգեկանի օրենքները նույնքան իրական են ներքին աշխարհի համար, որքան արտաքինի համար ֆիզիկայի օրենքները։ Ուստի յուրաքանչյուրը կարող է հավատալ ինչի ուզում է։ Եվ նույնիսկ թանգարան բացել։

Բայց մարդկության համար իսկապես կարևոր մեծ հայտնագործություններ կատարելու համար ամեն դեպքում պետք է կարողունակության և օբյեկտիվության բարձր մակարդակ, այսինքն՝ իրական հետազոտություններ։ Ինչ վերաբերում է Նոյյան տապանի մասին հավատալիքին, ապա այդ փրկության խորհրդանշանի հետևում կա իրական տեղեկությունների և բացահայտումների այնպիսի հսկայական շերտ, որ այդ մասին կարելի է ոչ թե հոդվածներ գրել, այլ մեծափոր գրքեր ու նոր ֆիլմեր նկարել։ Ինչն էլ ժամանակի ընթացքում կարվի։

959
թեգերը:
Նոյյան տապան, Արարատ լեռ
Ըստ թեմայի
Ի՞նչ ճակատագիր կունենան Ադրբեջանի տիրապետության տակ անցած պատմամշակութային հուշարձանները
Խոր Վիրապի մոտ հյուրանոց կկառուցվի, շվեդներն էլ մտադիր են գործարան կառուցել ՀՀ–ում
Հոլանդացին Նոյյան տապան է կառուցել և ուզում է հսկա նավն ուղարկել Իսրայել. լուսանկար
Արխիվային լուսանկար

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

710
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե մի քանի օր առաջ Լոնդոնում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեր Բաքվում ծնված Քամրան Բալաևը, ադրբեջանցիները հիմք կունենային հպարտությամբ հայտարարելու՝ անցած մեկ տարին մեր տարին էր։
Ադրբեջանցին Լոնդոնի քաղաքապետ չդարձավ, վերընտրվեց պակիստանցին

Մանավանդ, որ ամռանը կայանալիք Պուտին-Բայդեն հանդիպման հնարավոր վայրերի թվում որոշ աղբյուրներ նշում են Բաքուն։ Սակայն Քեմբրիջն ավարտած Բալաևը, որը հավակնում էր Լոնդոնի քաղաքապետի պաշտոնին, ի վերջո, իհարկե, զբաղեցրեց երրորդ տեղը, բայց երրորդ տեղը վերջից՝  20 թեկնածուների մեջ։ Իսկ Լոնդոնի քաղաքապետ վերընտրվեց Սադիկ խանը, որը մայրաքաղաքը գլխավորում է 2016 թվականից և կպաշտոնավարի մինչև 2024 թվականը։ Ինչո՞ւ 4-ի փոխարեն ընդամենը 3 տարի։

Դե, որովհետև, իրականում քաղաքապետի ընտրությունները պիտի կայանային անցած տարի, բայց հետաձգվեցին կորոնավիրուսի պատճառով։ Համաձայնե′ք` սա արդեն արտառոց է. Օսկարների հանձնումը հետաձգեցին մի քանի ամսով` հասկացանք, Օլիմպիադան անցած տարի չանցկացրեցին ու մինչև հիմա էլ որոշ կասկածներ կան` էլի հասկացանք, բայց ընտրություն հետաձգել մի քաղաքում, որն իր բնակչության թվով երեք անգամ մեծ է Հայաստանից

​Սակայն եթե խոսում ենք ոչ կոնվենցիոնալ փաստերի մասին, արձանագրենք նաև, որ Սադիկ Խանը պակիստանցի է, Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում առաջին մահմեդականը, և որ մեզ համար ամենազարմանալին է՝ բոլորովին չի ներկայացնում իշխող մեծամասնությունը. ինչպես գիտեք` Մեծ Բրիտանիայի կառավարությունը Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ կազմավորել են պահպանողականները, այնինչ Սադիկ Խանը դեռ 15 տարեկան հասակում, այսինքն՝ դպրոցում, համալրել է լեյբորիստների շարքերը։

Պատկերացնո՞ւմ եք, որ մեզ մոտ առաջիկա ընտրություններում հաղթեր, ասենք, Ռոբերտ Քոչարյանի թիմը, իսկ Երևանի քաղաքապետ մնար նախկինում հայտնի դերասանը, որը բոլորովին այլ քաղաքական ուժի աջակիցն է։  

Ես անձամբ լավ էլ պատկերացնում եմ, ավելի′ն։ Նման դասավորությունը շատ շահեկան է։ Արդեն երևի երրորդ դասարանցին էլ գիտի, թե որն է մեր ներկա իշխանությունների ամենասիրած արտահայտությունը։ Այո′, շատ ճիշտ եք. «Նախկիններն են մեղավոր»։ Պատերազմը տանուլ տվեցինք՝ նախկիններն են մեղավոր, պետական պարտքը հսկայական է՝ նախկիններն են մեղավոր, արտագա՞ղթ. բա իհարկե` միայն ու միայն նախկիններն են մեղավոր։ Դուք կզարմանաք, բայց Սադիկ խանի կողմնակիցները ճիշտ նույնկերպ էին պատասխանում ընտրարշավի ժամանակ նրա հասցեին հնչող քննադատությանը։ Միայն թե «Նախկիններն են մեղավոր»-ի փոխարեն ասում էին. «Կառավարությունն է մեղավոր»։

Համաձայնեք՝ միանգամայն տրամաբանական է՝ եթե դու լեյբորիստ քաղաքապետ ես, շատ հեշտ է ամեն ինչ բարդել պահպանողական կառավարության վրա։ Միայն մի օրինակ բերեմ։ Երբ Սադիկ խանին քննադատում էին` ախր ձեր պաշտոնավարման ժամանակ Լոնդոնում կտրուկ աճել է հանցագործությունների թիվը, նա շատ հանգիստ պատասխանում էր.

«Բա ի՞նչ եք ուզում՝ պահպանողականների կառավարությունը բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար խիստ կրճատել է ոստիկանության ֆինանսավորումը, էլ ինչո՞ւ եք զարմանում, որ հանցագործները սկսել են իրենց ավելի ապահով զգալ։ Հո ես չե՞մ մեղավորը»։

Եվ քանի որ մոտ 40 օրից մեզ արտահերթ ընտրություններ են սպասում, մի երկու խոսք՝ կորոնավիրուսի պայմաններում ընտրություններ անցկացնելու բրիտանական փորձի մասին։

3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​

Բոլոր ընտրատեղամասերում տեղական ընտրական հանձնաժողովի անդամները ընտրողներից մեկուսացված էին թափանցիկ նյութից պատրաստված արգելապատնեշով։ Ընտրողների հոսքն այնպես էր կազմակերպված, որպեսզի մտնողները և դուրս եկողները տարբեր դռներից օգտվեին ու չշփվեին միմյանց հետ։ Դիմակը բոլորի համար պարտադիր էր։ Քվեարկությունից առաջ ընտրողներին նաև հորդորել էին գալ իրենց սեփական գրիչով կամ մատիտով։

Բայց նկատե′ք` 9-միլիոնանոց Լոնդոնում որևէ մեկն այդպես էլ չբողոքեց, թե իրեն թույլ չտվեցին քվեարկել այն պատճառով, որ տանն էր մոռացել դիմակը կամ գրիչը։ Էդպիսի դեպք պարզապես չի եղել, որովհետև իշխանության որդեգրած հիմնական  սկզբունքը սա էր՝ ընտրելու սահմանադրական իրավունքը վեր է ամեն ինչից։ Եվ սա այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիան կանոնակարգված սահմանադրություն էլ չունի։

Բայց ամենահետաքրքիրը։ Թեև քաղաքապետի ընտրություններում երկրորդ փուլ գոյություն չունի, յուրաքանչյուր ընտրող, ընդամենը մեկ անգամ գնալով ընտրատեղամաս, կարող է երկու ընտրություն կատարել։ Այո-այո, դուք ընտրում եք ձեր նախընտրածին, նրա անվան դիմաց «ծիտիկ» եք դնում, հետո էլ մեկ այլ «ծիտիկով» նշում եք ձեր երկրորդ նախընտրածին։ Սկզբից առաջինի ձայներն են հաշվում՝ եթե 50 տոկոսից ավելի չեղավ, սկսում են հաշվել երկրորդի օգտին տրված քվեները։ Ափսոս, Լոնդոնում չենք ապրում, թե չէ՝ մի շատ կառուցողական առաջարկ կանեի բոլոր նրանց, ովքեր հիմա ասում են՝ չգիտեմ էլ, թե ում ընտրեմ հունիսի 20-ին։

Չգիտեմ ում ընտրել, բայց հաստատ գիտեմ՝ ում չպետք է ընտրել

Ելք կա՝ ձեր մի ձայնը նվիրեք իշխանության ներկայացուցչին, երկրորդ ձայնն էլ՝ ընդդիմությանը։ Ու երբ հերթական անգամ մեղադրանք կլսեք՝ դուք եք մեղավոր, որ իշխանության բերեցիք այս մարդկանց, կարող եք շատ հանգիստ արդարանալ՝ ես բոլորի օգտին էլ քվեարկել եմ։

710
թեգերը:
Պակիստան, քաղաքապետ, Լոնդոն, ադրբեջանցի
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
10 հատ ձու, անվճար օղի. պատվաստումը խթանելու ինչ եղանակներ են կիրառվում տարբեր երկրներում
Ամեն մեկն իր սեփական, մյուսներից տարբերվող վարկածն է պատմում, կամ բեն Լադենի սպանությունը
Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները
Վիգեն Էուլջեքչյան

Լիբանանահայի միակ «մեղքը». Բաքվում դատելու են նրան որպես վարձկան

250
(Թարմացված է 23:19 11.05.2021)

Մայիսի 16-ին Բաքվում կսկսվի Հայաստանի քաղաքացի Վիգեն Էուլջեքչյանի գործով դատավարությունը, որին հարևան երկրի իրավապահները միջազգային ահաբեկիչ են հայտարարել: Գործը միջազգային արձագանք է ստանում՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը ծնունդով Բեյրութից է, և Ադրբեջանում նրան համարում են Լիբանանի քաղաքացի։

Հետաքննությունը վարում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Անցած շաբաթ հաղորդվել է նախաքննության ավարտի և գործը դատարան հանձնելու մասին։ ՊԱԾ-ն և գլխավոր դատախազությունը նախօրեին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որից հետևում է, որ մեր հայրենակցին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով: Մեղադրանքների թվում են «ռազմական հակամարտությանը որպես վարձկան մասնակցելը» և «ահաբեկչական գործունեությունը հանցավոր միավորման կազմում»: Դատախազությունը դեռ չի հայտարարել, թե կոնկրետ ինչ պատիժ է առաջարկում ամբաստանյալի համար։

Սակայն հիշյալ հոդվածները թույլ են տալիս ցմահ ազատազրկում պահանջել ամբաստանյալի համար։ Կասկած չկա, որ այդպես էլ կլինի։ Հատկանշական է, որ դատարանի նախագահումը վստահվել է Էլբեյ Ալլահվերդիևին։ Նա դատավոր էր հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի գործով։ 2015թ․-ի մայիսին Ալլահվերդիևը պատանդին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով այս հանգամանքը, Թեմիս աստվածուհու վրա առանձնապես հույս դնել պետք չէ:

Մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։ Այդ ցուցմունքների հիմնական թեզերը Վիգեն Էուլջեքչյանը ներկայացրել է տեսախցիկի առջև։

ԿՄԽԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին օգնում է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ

Տեսանյութը ցուցադրում էին Բաքվի բոլոր հեռուստաալիքներով։ Ահաբեկիչ հռչակված հայը պատմում է, թե իբր սեպտեմբերի 29-ին իրեն հավաքագրել է Բեյրութի մի բնակիչ՝ Հովակ Քիքիյան անունով։ Մինչ այդ, իբր, նա ապրում էր Լիբանանում, որի քաղաքացին է։ Էուլջեքչյանը «խոստովանում է», որ իրեն Ղարաբաղ է բերել բացառապես փողի ծարավը։

Նրան, իբր, Հայաստանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար 2500 դոլար է խոստացվել։ Այնուհետև Վիգենը պատմում է, որ իրեն և իր նման «ահաբեկիչ վարձկաններին» են տեղափոխել Հայաստանի տարածքով Ղարաբաղ, որտեղ նրանց զենք-զինամթերք են տվել և հրամայել են սպանել ադրբեջանցիներին։

Վիգենը տեսախցիկի առջև բավականին հոդաբաշխ է խոսում։ Բայց մի շարք մանրամասներ թույլ են տալիս համոզվել, որ նա դա հարկադրաբար է անում։ Օրինակ՝ Շուշի քաղաքը նա անվանում է «Շուշա», ինչպես ադրբեջանցիները։ Վիգենի համար «լեգենդ» գրողների հերթական վրիպումն է։

Էուլջեքչյանը պատմում է, որ իրեն Հայաստան են տեղափոխել սեպտեմբերի 29-ին, այսինքն՝ ռազմական գործողությունների սկսվելուց երկու օր անց։ Մինչդեռ «ահաբեկչի» անձնագրում դրոշմակնիքներն ակնհայտորեն այլ բան են վկայում։ Բանն այն է, որ Վիգենը Լիբանանից հեռացել է պատերազմից շատ առաջ։ Դա ապացուցելը դժվար չէ։ Եթե Էուլջեքչյանը նորմալ փաստաբան ունենար, նա կարող էր դիմել Լիբանանի միգրացիոն իշխանություններին, և նրանք կհաստատեին այն փաստը, որ ամբաստանյալի խոստովանական ցուցմունքները սուտ են։

Ուրեմն, ո՞վ է իրականում Վիգեն Էուլջեքչյանը և ի՞նչ էր նա անում Արցախում։ Փորձանքի մեջ հայտնված մեր հայրենակիցը 42 տարեկան է։ Ծնվել է Բեյրութում, Ցեղասպանությունից հրաշքով փրկված փախստականների ժառանգ է։ 2015թ․-ին Էուլջեքչյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այդ անժխտելի փաստն ինքնին արդեն քանդում է նրան ներկայացված մեղադրանքի կառուցվածքը։

Սակայն Ադրբեջանում հերքում են ամբաստանյալի հայկական անձնագրի առկայությունը և պատրաստվում են նրան դատել որպես Լիբանանի քաղաքացի։ Նրանց այդպես ձեռնտու է։ Մինչդեռ հեշտ է ապացուցել, որ վերջին տարիներին Վիգենը Լիբանանում չի ապրել։ 2019թ․-ի նոյեմբերին նա տեղափոխվել է Երևան և հաստատվել այստեղ։ Հայաստանում իր փոքր բիզնեսն էր սկսել։ 7 տեղանոց մինիվեն էր գնել և դրանով արտասահմանցի զբոսաշրջիկներ էր տեղափոխում Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր։

Ավելի ուշ, արդեն լինելով Երևանի բնակիչ, Էուլջեքչյանը տեղեկացել է Արցախի կառավարության ծրագրի մասին, որի շրջանակներում էթնիկ հայերը, հանրապետության գյուղական շրջաններում բնակություն հաստատելու պատրաստակամության դեպքում, կարող էին անվճար բնակարան ակնկալել: Վիգենը գրանցվել է։ Չսպասելով հերթին՝ ինքնուրույն մեկնել է Արցախ և բնակություն հաստատել Շուշիում։ Արդեն ծրագրել էր Բեյրութից իր մոտ տեղափոխել դստերը և որդուն։ Չհասցրեց։ Պատերազմը խանգարեց։

Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար

Թե ինչ է եղել հետո՝ իմանում ենք լիբանանահայ Մարալ Նաջարյանի պատմածից, ով գերության պահին եղել է Վիգենի հետ։ Նոյեմբերի 10-ի առավոտյան, այսինքն՝ արդեն զինադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, Մարալը և Վիգենը, չիմանալով, որ Շուշի քաղաքն արդեն վերջնականապես անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, գնում են այնտեղ՝ անձնական իրերը դուրս բերելու նպատակով։ Ադրբեջանցիները նրանց գերի են վերցրել Բերձորում (Լաչինում)։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մարալ Նաջարյանը պատմում էր․ «Վիգենին ծեծեցին։ Հետո մեզ ջիպ նստեցրին։ Մեքենայի պատուհանները ծածկեցին։ Վիգենի աչքերը կապեցին։ Ես մտածեցի, որ մեզ ողջ-ողջ այրելու են...»։

Մարտի 10-ին, չորս ամիս գերությունից հետո, Մարալ Նաջարյանն ազատ արձակվեց։ Դա Բաքվի վրա միջազգային լուրջ ճնշման և Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հսկայական ջանքերի արդյունքն է։ Վիգենին դուրս բերել չի հաջողվել։

Այս ամբողջ ընթացքում Կարմիր խաչի առաքելության աշխատակիցների հաստատակամության շնորհիվ գերուն երեք անգամ թույլ են տվել հեռախոսով խոսել որդու հետ և մեկ անգամ՝ նամակ գրել տարեց մորը։ «Բարև, մայրիկ։ Ես եմ, Վիգենը։ Բարևիր Սերժին և Թինային, եղբայրներիս։ Բոլորին ասա, որ ինձ հետ ամեն ինչ լավ է...»,-գրում է Վիգենը։

Ադրբեջանցի զինվորականների բախտը բերել է, քանի որ նրանց ձեռքն ընկել է մի մարդ, ում կարելի է օգտագործել որպես հայերի կողմից օտարերկրյա վարձկանների օգտագործման մասին լեգենդի «ապացույց»։ Վիգեն Էուլջեքչյանը, հավանաբար, իսկապես մասնակցել է պաշտպանական մարտերին։

Համենայնդեպս, Բաքվի լրատվամիջոցները լուսանկարներ են տարածել, որտեղ նա պատկերված է զինվորական համազգեստով և զենքով։ Բայց ինքնապաշտպանությանը մասնակցելը նրա օրինական իրավունքն է՝ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի և որպես Արցախի բնակիչ։ Նույնիսկ եթե նա իսկապես մասնակցել է ռազմական գործողություններին (ինչը ապացուցված չէ), ապա նրա վրա պետք է տարածվեն ռազմագերիների կարգավիճակը կարգավորող միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։

Այսինքն, Ժնևի կոնվենցիայի համաձայն, նրան պետք է անհապաղ ազատ արձակեն։ Դա են պահանջում նաև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները։ Բայց Բաքվում հրաժարվում են Էուլջեքչյանին ռազմագերի ճանաչել։

Նշենք, որ նույնիսկ եթե հիմք ընդունենք Ադրբեջանի ՊԱԾ-ի անհեթեթ վարկածը, մեր հայրենակիցը ոչ մեկին չի սպանել։ Որքան ես հասկանում եմ, դրա հետ համաձայն է նաև Ադրբեջանի դատախազությունը։ Չնայած այս ամենին՝ նրան մեղադրանքներ են ներկայացվում, որոնք առավելագույն պատիժ են նախատեսում։

Հատկանշական է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը գործը դատարան է հանձնել անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանում դատավճիռ է կայացվել երկու սիրիացի վարձկանների նկատմամբ, որոնց հավաքագրել էին թուրքական հատուկ ծառայությունները՝ Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու համար:

«Մենք ձեզ չե՞նք խանգարում». Լավրովը դիտողություն է արել Բաքվում

Նրանց մասնակցությունը ահաբեկչական գործողություններին լիովին ապացուցված է։ Նրանք իրենց մեղքը խոստովանել են։ Միջազգային իրավապաշտպանները ոչ մի կասկած չունեն, որ դատավճիռը միանգամայն արդարացված է։ Ցմահ պատիժը համարժեք պատիժ է նրանց կատարած ծանր հանցագործության համար։ Իսկ Բաքվում որոշել են Երևանին հայելային պատասխան տալ՝ նմանատիպ մեղադրանքներ առաջադրելով դժբախտ մարդուն, որի միակ մեղքն այն է, որ սխալ ժամանակ սխալ տեղում է հայտնվել։

250
թեգերը:
Բաքու, Լիբանան, գերի, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան
ԵԱՀԿ նախագահը ողջունել է հայ գերիներին ազատ արձակելու որոշումը
Գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների. Լավրով

Ի՞նչն է ստիպել Ռուսաստանին սկսել Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը

0
Մինչև 2020 թվականի նոյեմբերը ավելի քան 30 երկիր մասնակցում էին դրան, բայց հետո ԱՄՆ-ն դուրս եկավ պայմանագրից:

Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ՌԴ Պետդումայում Ռուսաստանի կողմից Բաց երկնքի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը։ Համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին «սառը պատերազմից» հետո Եվրոպայում վստահության ամրապնդման համար։ Մինչև 2020 թվականի նոյեմբերը ավելի քան 30 երկիր մասնակցում էին դրան, բայց հետո ԱՄՆ-ն դուրս եկավ պայմանագրից: Ռուսաստանն այս տարվա հունվարի կեսերին նմանատիպ ընթացակարգ է սկսել։ Մեր տեսանյութում դիտեք՝ ինչու՞ է Մոսկվան որոշել դուրս գալ պայմանագրից։

ԱՄՆ-ն ուզում է բաց երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ. Պետդեպ

0
թեգերը:
Պայմանագիր, ԱՄՆ, Ռուսաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն նորից ուզում է բոլորին ապրել սովորեցնել․ Ռուսաստանն ու Չինաստանը հրավիրյալներ են
Ինչու է ԱՄՆ-ն վախեցել Ռուսաստանի «Ումկա-2021» արկտիկական գիտարշավից
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները