Ռոնալդ Ռեյգանն ու Քեն Խաչիկյանը

Ռեյգանի հայ սպիչռայթերի շնորհիվ ԱՄՆ–ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1982 թ–ին

858
(Թարմացված է 22:13 23.04.2021)
Ամերիկյան ԶԼՄ–ները գնալով հակվում են նրան, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը ապրիլի 24–ին իր ավանդական ուղերձում 1915 թ–ի իրադարձությունները կանվանի ցեղասպանություն։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահի կողմից հայ ժողովրդի ողբերգությունը գնահատելիս «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու նախադեպը ստեղծվել է դեռ 1982 թ–ին։ Այդ մասին ավելի մանրամասն` Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։

Ամենից առաջ նշենք, որ ցեղասպանության փաստն ընդունած երկրների մեծամասնությունում 1915 թ–ի իրադարձություններին գնահատական են տվել օրենսդիր իշխանության մարմինները, այլ ոչ թե պետության ղեկավարները։ Եթե այդպես է, ապա մենք կարող էինք Միացյալ Նահանգները դասել այդ շարքը դեռ երկու տարի առաջ։ Չէ՞ որ 2019 թ–ի հոկտեմբերին ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատը, այնուհետև, նույն տարվա դեկտեմբերին, Կոնգրեսի սենատն ընդունեցին բանաձևեր, որոնք երիտթուրքերի ոճրագործությունը որակում են որպես ցեղասպանություն։

Եթե դատել գործադիր իշխանության կառույցների գործողություններից, ապա կարող ենք պնդել, որ պաշտոնական Վաշինգտոնը փաստացի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1951 թ–ին, երբ ԱՄՆ–ը դիմել է ՄԱԿ Միջազգային դատարան` 20–րդ դարում իրագործված ցեղասպանությունների զոհերին աջակցելու հայտարարությամբ։

Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Wall Street Journal

Այդ փաստաթղթում ոչ միայն հիշատակվել են Օսմանյան կայսրության կառավարիչների հանցագործությունները հայերի, հույների և ասորիների նկատմամբ, այլ նաև ընդգծվել է դրանց համապատասխանությունը ՄԱԿ-ի 1948 թ–ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի չափանիշներին։

«Թուրքերի կողմից հայերի և այլ քրիստոնյաների կոտորածները, միլիոնավոր հրեաների և լեհերի ջարդերը` իրականացված ֆաշիստների կողմից, ցեղասպանության վառ օրինակներ են», – նշվել է հայտարարությունում։

Ավելի հստակ անհնար է ասել։ Այնպես որ, բոլորովին պարտադիր չէ սպասել Բայդենի կողմից «ցեղասպանություն» տերմինն ասելուն, որպեսզի ԱՄՆ–ը համարենք այդ պատմական փաստը պաշտոնապես ընդունած գերտերություն։

Թեպետ հայերի նկատմամբ երիտթուրքական ռեժիմի գործողությունների իրավական գնահատականներ ԱՄՆ–ում հնչել են նաև պետության ղեկավարի մակարդակում։

Այդ մասին անցած շաբաթ հիշեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ «որոշ ամերիկյան նախագահներ նախկինում էլ են անդրադարձել այդ հարցին»։ Այստեղ Չավուշօղլուն լիովին իրավացի է։

1915 թ–ին հայերի կոտորածները որպես ցեղասպանություն որակած առաջին ամերիկյան նախագահը Ռոնալդ Ռեյգանն էր։ Բայց չգիտես ինչու` ընդունված է համարել, որ 1982 թ–ին նրա կողմից հնչեցրած գնահատականը չի կարող համարվել ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչում։ Այդ մասին արտահայտվում են ոչ միայն թուրք, այլ նույնիսկ հայ փորձագետները։

Այսպես. հայտնի քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վերջերս Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ռեյգանը ժամանակին օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը, սակայն դա ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը չի եղել, քանի որ «ցեղասպանություն» բառը ելույթի տեքստում ներառել է Սպիտակ տան ղեկավարի օգնականներից մեկը` ծագումով հայ»։ Ոչ մի դեպքում չցանկանալով նսեմացնել Սարգսյանի հեղինակությունը, որը ղեկավարում է Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնը, թույլ տվեք չհամաձայնել նրա հետ:

Ձախողել չկա. թանգարանը «գնացել» է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով

Կառարկեմ` ձեռքիս տակ ունենալով փաստեր։ Բանն այն է, որ 2012 թ–ի գարնանը Լոս Անջելեսում ես հնարավորություն ունեցա անձամբ շփվել Սպիտակ տան այդ հայի հետ։ Նրա հետ զրույցը լույս սփռեց գրեթե 30–ամյա վաղեմության իրադարձությունների վրա։

Ծնունդով Կեսարիայից և Խարբերդից հայ փախստականների հետնորդը` հայտնի քաղտեխնոլոգ Քեն Խաչիկյանը, 1982 թ–ին գլխավորել է Սպիտակ տան սպիչռայթերների բաժինը։ Հենց նա է գրել ԱՄՆ 40–րդ նախագահի ելույթների մեծ մասի տեքստերը։ Հոլոքոստի զոհերի հիշատակի հերթական օրվա նախօրեին Ռեյգանը հանձնարարել է նրան ուղերձ պատրաստել հրեա ժողովրդի համար (արխիվներում այդ փաստաթուղթը նշվում է որպես «1981 թ–ի ապրիլի 22–ի №4838 հռչակագիր»)։

Рональд Рейган со своим спичрайтером Кеном Хачикяном
© Photo : из личного архива Кеннета Хачикяна и Артема Ерканяна
Ռոնալդ Ռեյգանն ու Քեն Խաչիկյանը

Նախագահը Խաչիկյանի հետ քննարկել է միայն ուղերձի հիմնական շեշտադրումը։ Ռեյգանը խնդրել է տեքստը հնարավորինս սրտառուչ և համոզիչ դարձնել։ Նման դեպքերում զգացմունքները բոլորովին չեն խանգարում։ Ողբերգության ծավալները և դրա պատշաճ իրավական ու քաղաքական գնահատականի նշանակությունը ներկայացնելու համար Խաչիկյանը որոշել է հիշեցնել նաև ցեղասպանությունների մասին, որոնք իրենց մասշտաբով նման են Հոլոքոստին։

ՄԱԿ-ը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին լուրը

Ստորև ներկայացնում եմ մի հատված հարցազրույցից, որն ինձ անձամբ տվել է նախագահի սպիչռայթերը.

«Ես մտածեցի, որ դա Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու լավ առիթ է։ Ես այն հիշատակել եմ 1975 թ–ին կամբոջացիների կոտորածների և մյուս նմանատիպ հանցագործությունների հետ միասին։ Ես նշել եմ, որ հայերի հետ կատարվածն իսկական ցեղասպանություն էր, որն իրագործվել է նույն միջոցներով և նույն նպատակով, ինչ Հոլոքոստը»։

Վերջնական խմբագրմամբ նախագահի ելույթի այդ պարբերությունն ուներ հետևյալ տեսքը. «Այսօր մենք պետք է գիտակցենք և հասկանանք, որ հանցավոր կառավարությունները, որոնք իրագործել են ցեղասպանություններ, պետք է ընդունեն իրենց անցյալը և զղջան։ Այսօր դրանք ոչ միայն պատմության սպիներ են, այլ նաև մարդկության հավերժ պարտք նրանց առաջ, ովքեր իրենց մաշկի վրա են զգացել այդ սարսափները։ Հոլոքոստի, ինչպես նաև դրանից առաջ իրագործված Հայոց ցեղասպանության, դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանության, ինչպես նաև մյուս ազգերի նկատմամբ բազմաթիվ հալածանքների դասերը երբեք չի կարելի մոռանալ»։

Спичрайтер Рональда Рейгана – Кен Хачикян (слева) с журналистом Артёмом Ерканяном
© Photo : из личного архива Кеннета Хачикяна и Артема Ерканяна
Քեն Խաչիկյանն ու Արտյոմ Երկանյանը

Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև զուգահեռն իսկապես եղել է «Սպիտակ տան էթնիկ հայի» նախաձեռնությունը։ Բայց դա չի նշանակում, որ նրա ընտրած ձևակերպումներն արհեստականորեն պարտադրվել են Սպիտակ տանը։

Չէ՞ որ ուղերձի տեքստը նախագահի վերջնական հաստատմանը ներկայացնելուց առաջ Խաչիկյանը համաձայնեցրել է բոլոր զգայուն հարցերը պետքարտուղարի տեղակալի օգնականի, ինչպես նաև նախագահի` ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի հետ։ Այդ ժամանակ այդ պաշտոնը զբաղեցրել է Ուիլյամ Կլարկը, որն ավելի ուշ դարձել է ԱՄՆ ներքին գործերի նախարար։

Խաչիկյանն ինձ պատմեց, որ Կլարկին խնդրել է ուշադրություն դարձնել հատկապես հայերի կոտորածների մասին նախադասությանը, որպեսզի հետագայում նրա նախաձեռնությունը սխալ չմեկնաբանվի։ Կլարկի մոտ հարցեր չեն ծագել։ Նա նույնիսկ զարմացել է, որ սպիչռայթերն ավելորդ զգուշություն է ցուցաբերում։

«Բայց չէ՞ որ այն, ինչ գրել ես, բացարձակ ճշմարտություն է», – ասել է նա։

Ռեյգանը նույնպես ուշադրություն է դարձրել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև զուգահեռին։ Ոչ մի խնդիր չտեսնելով, նախագահը հավանություն է տվել տեքստին` հաստատելով իր ստորագրությամբ։ Ապրիլի 22–ին (Հայոց ցեղասպանության 82–րդ տարելիցից երկու օր առաջ) Ռեյգանն ընթերցել է հրեաներին հասցեագրված ուղերձը իրեն բնորոշ արտիստիզմով` ճիշտ ընդգծելով բոլոր իմաստային շեշտադրումները։

Հայոց ցեղասպանության քարտեզը Օսմանյան կայսրությունում

Խաչիկյանը հիշում է. «Ես պարտավոր էի ամեն ինչ համաձայեցնել նրանց հետ, ովքեր պատասխանատու են երկրի արտաքին քաղաքականության համար։ Ես կարողացա նրանց համոզել, որ իմ նախաձեռնության մեջ ոչինչ չկար, որը կարող էր հակասել ԱՄՆ պաշտոնական մոտեցումներին։ Թուրքերը, իհարկե, վրդովված էին։ Բայց ես վստահ եմ, որ օգտակար գործ եմ արել ոչ միայն հայերի, այլ նաև բոլոր ժողովուրդների համար, քանի որ ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումն օգնում է կանխել դրանց կրկնությունը»։

Ինչպե՞ս չհամաձայնել Խաչիկյանի հետ։

Մեր հայրենակիցն անգնահատելի ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Նրա գրած ելույթը ոչ միայն բարձրացրել է ցեղասպանության թեմայի նկատմամբ հետաքրքրությունը, այլ նաև ստիպել ամբողջ աշխարհի հայերին հավատալ նրան, որ արդարության հասնելուն ուղղված նրանց ջանքերը կարող են արդյունքի հանգեցնել։

Նույն 1982 թ–ի ապրիլի 24–ին ԱՄՆ նախագահն առաջին անգամ ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին ուղղված ուղերձով։ Դրանից հետո այդ ուղերձն ավանդական է դարձել։ Եվ եթե այս տարի ԱՄՆ 46–րդ նախագահը հաստատի գրեթե 30 տարի առաջ Ռեյգանի հնչեցրած գնահատականը, ապա դա շատ առումներով կլինի Խաչիկյանի շնորհիվ։

ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է սաստել Թուրքիային. Հարություն Մարության

858
թեգերը:
Թուրքիա, ԱՄՆ, Ռոնալդ Ռեյգան, Ցեղասպանություն
Ըստ թեմայի
Հայաստանը դիվանագիտական սխալի սահմանին․ ի՞նչը կխանգարի Բայդենին ճանաչել Ցեղասպանությունը
«Բայդենի կողմից «ցեղասպանություն» տերմինի կիրառումը մեր նպատակի վերջնակետը չէ». Մելքոնյան
Բրիտանական «Young Turks»–ը փոխել է անվանումը` հաշվի առնելով Հայոց ցեղասպանությունը
Ցեղասպանության տարելիցի նախաշեմին Էրդողանը ստամբուլահայերին առաջ է մղում. ո՞րն է նպատակը
Արխիվային լուսանկար

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

153
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե մի քանի օր առաջ Լոնդոնում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեր Բաքվում ծնված Քամրան Բալաևը, ադրբեջանցիները հիմք կունենային հպարտությամբ հայտարարելու՝ անցած մեկ տարին մեր տարին էր։
Ադրբեջանցին Լոնդոնի քաղաքապետ չդարձավ, վերընտրվեց պակիստանցին

Մանավանդ, որ ամռանը կայանալիք Պուտին-Բայդեն հանդիպման հնարավոր վայրերի թվում որոշ աղբյուրներ նշում են Բաքուն։ Սակայն Քեմբրիջն ավարտած Բալաևը, որը հավակնում էր Լոնդոնի քաղաքապետի պաշտոնին, ի վերջո, իհարկե, զբաղեցրեց երրորդ տեղը, բայց երրորդ տեղը վերջից՝  20 թեկնածուների մեջ։ Իսկ Լոնդոնի քաղաքապետ վերընտրվեց Սադիկ խանը, որը մայրաքաղաքը գլխավորում է 2016 թվականից և կպաշտոնավարի մինչև 2024 թվականը։ Ինչո՞ւ 4-ի փոխարեն ընդամենը 3 տարի։

Դե, որովհետև, իրականում քաղաքապետի ընտրությունները պիտի կայանային անցած տարի, բայց հետաձգվեցին կորոնավիրուսի պատճառով։ Համաձայնե′ք` սա արդեն արտառոց է. Օսկարների հանձնումը հետաձգեցին մի քանի ամսով` հասկացանք, Օլիմպիադան անցած տարի չանցկացրեցին ու մինչև հիմա էլ որոշ կասկածներ կան` էլի հասկացանք, բայց ընտրություն հետաձգել մի քաղաքում, որն իր բնակչության թվով երեք անգամ մեծ է Հայաստանից

​Սակայն եթե խոսում ենք ոչ կոնվենցիոնալ փաստերի մասին, արձանագրենք նաև, որ Սադիկ Խանը պակիստանցի է, Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում առաջին մահմեդականը, և որ մեզ համար ամենազարմանալին է՝ բոլորովին չի ներկայացնում իշխող մեծամասնությունը. ինչպես գիտեք` Մեծ Բրիտանիայի կառավարությունը Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ կազմավորել են պահպանողականները, այնինչ Սադիկ Խանը դեռ 15 տարեկան հասակում, այսինքն՝ դպրոցում, համալրել է լեյբորիստների շարքերը։

Պատկերացնո՞ւմ եք, որ մեզ մոտ առաջիկա ընտրություններում հաղթեր, ասենք, Ռոբերտ Քոչարյանի թիմը, իսկ Երևանի քաղաքապետ մնար նախկինում հայտնի դերասանը, որը բոլորովին այլ քաղաքական ուժի աջակիցն է։  

Ես անձամբ լավ էլ պատկերացնում եմ, ավելի′ն։ Նման դասավորությունը շատ շահեկան է։ Արդեն երևի երրորդ դասարանցին էլ գիտի, թե որն է մեր ներկա իշխանությունների ամենասիրած արտահայտությունը։ Այո′, շատ ճիշտ եք. «Նախկիններն են մեղավոր»։ Պատերազմը տանուլ տվեցինք՝ նախկիններն են մեղավոր, պետական պարտքը հսկայական է՝ նախկիններն են մեղավոր, արտագա՞ղթ. բա իհարկե` միայն ու միայն նախկիններն են մեղավոր։ Դուք կզարմանաք, բայց Սադիկ խանի կողմնակիցները ճիշտ նույնկերպ էին պատասխանում ընտրարշավի ժամանակ նրա հասցեին հնչող քննադատությանը։ Միայն թե «Նախկիններն են մեղավոր»-ի փոխարեն ասում էին. «Կառավարությունն է մեղավոր»։

Համաձայնեք՝ միանգամայն տրամաբանական է՝ եթե դու լեյբորիստ քաղաքապետ ես, շատ հեշտ է ամեն ինչ բարդել պահպանողական կառավարության վրա։ Միայն մի օրինակ բերեմ։ Երբ Սադիկ խանին քննադատում էին` ախր ձեր պաշտոնավարման ժամանակ Լոնդոնում կտրուկ աճել է հանցագործությունների թիվը, նա շատ հանգիստ պատասխանում էր.

«Բա ի՞նչ եք ուզում՝ պահպանողականների կառավարությունը բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար խիստ կրճատել է ոստիկանության ֆինանսավորումը, էլ ինչո՞ւ եք զարմանում, որ հանցագործները սկսել են իրենց ավելի ապահով զգալ։ Հո ես չե՞մ մեղավորը»։

Եվ քանի որ մոտ 40 օրից մեզ արտահերթ ընտրություններ են սպասում, մի երկու խոսք՝ կորոնավիրուսի պայմաններում ընտրություններ անցկացնելու բրիտանական փորձի մասին։

3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​

Բոլոր ընտրատեղամասերում տեղական ընտրական հանձնաժողովի անդամները ընտրողներից մեկուսացված էին թափանցիկ նյութից պատրաստված արգելապատնեշով։ Ընտրողների հոսքն այնպես էր կազմակերպված, որպեսզի մտնողները և դուրս եկողները տարբեր դռներից օգտվեին ու չշփվեին միմյանց հետ։ Դիմակը բոլորի համար պարտադիր էր։ Քվեարկությունից առաջ ընտրողներին նաև հորդորել էին գալ իրենց սեփական գրիչով կամ մատիտով։

Բայց նկատե′ք` 9-միլիոնանոց Լոնդոնում որևէ մեկն այդպես էլ չբողոքեց, թե իրեն թույլ չտվեցին քվեարկել այն պատճառով, որ տանն էր մոռացել դիմակը կամ գրիչը։ Էդպիսի դեպք պարզապես չի եղել, որովհետև իշխանության որդեգրած հիմնական  սկզբունքը սա էր՝ ընտրելու սահմանադրական իրավունքը վեր է ամեն ինչից։ Եվ սա այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիան կանոնակարգված սահմանադրություն էլ չունի։

Բայց ամենահետաքրքիրը։ Թեև քաղաքապետի ընտրություններում երկրորդ փուլ գոյություն չունի, յուրաքանչյուր ընտրող, ընդամենը մեկ անգամ գնալով ընտրատեղամաս, կարող է երկու ընտրություն կատարել։ Այո-այո, դուք ընտրում եք ձեր նախընտրածին, նրա անվան դիմաց «ծիտիկ» եք դնում, հետո էլ մեկ այլ «ծիտիկով» նշում եք ձեր երկրորդ նախընտրածին։ Սկզբից առաջինի ձայներն են հաշվում՝ եթե 50 տոկոսից ավելի չեղավ, սկսում են հաշվել երկրորդի օգտին տրված քվեները։ Ափսոս, Լոնդոնում չենք ապրում, թե չէ՝ մի շատ կառուցողական առաջարկ կանեի բոլոր նրանց, ովքեր հիմա ասում են՝ չգիտեմ էլ, թե ում ընտրեմ հունիսի 20-ին։

Չգիտեմ ում ընտրել, բայց հաստատ գիտեմ՝ ում չպետք է ընտրել

Ելք կա՝ ձեր մի ձայնը նվիրեք իշխանության ներկայացուցչին, երկրորդ ձայնն էլ՝ ընդդիմությանը։ Ու երբ հերթական անգամ մեղադրանք կլսեք՝ դուք եք մեղավոր, որ իշխանության բերեցիք այս մարդկանց, կարող եք շատ հանգիստ արդարանալ՝ ես բոլորի օգտին էլ քվեարկել եմ։

153
թեգերը:
Պակիստան, քաղաքապետ, Լոնդոն, ադրբեջանցի
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
10 հատ ձու, անվճար օղի. պատվաստումը խթանելու ինչ եղանակներ են կիրառվում տարբեր երկրներում
Ամեն մեկն իր սեփական, մյուսներից տարբերվող վարկածն է պատմում, կամ բեն Լադենի սպանությունը
Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները
Վիգեն Էուլջեքչյան

Լիբանանահայի միակ «մեղքը». Բաքվում դատելու են նրան որպես վարձկան

97
(Թարմացված է 23:19 11.05.2021)

Մայիսի 16-ին Բաքվում կսկսվի Հայաստանի քաղաքացի Վիգեն Էուլջեքչյանի գործով դատավարությունը, որին հարևան երկրի իրավապահները միջազգային ահաբեկիչ են հայտարարել: Գործը միջազգային արձագանք է ստանում՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը ծնունդով Բեյրութից է, և Ադրբեջանում նրան համարում են Լիբանանի քաղաքացի։

Հետաքննությունը վարում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Անցած շաբաթ հաղորդվել է նախաքննության ավարտի և գործը դատարան հանձնելու մասին։ ՊԱԾ-ն և գլխավոր դատախազությունը նախօրեին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որից հետևում է, որ մեր հայրենակցին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով: Մեղադրանքների թվում են «ռազմական հակամարտությանը որպես վարձկան մասնակցելը» և «ահաբեկչական գործունեությունը հանցավոր միավորման կազմում»: Դատախազությունը դեռ չի հայտարարել, թե կոնկրետ ինչ պատիժ է առաջարկում ամբաստանյալի համար։

Սակայն հիշյալ հոդվածները թույլ են տալիս ցմահ ազատազրկում պահանջել ամբաստանյալի համար։ Կասկած չկա, որ այդպես էլ կլինի։ Հատկանշական է, որ դատարանի նախագահումը վստահվել է Էլբեյ Ալլահվերդիևին։ Նա դատավոր էր հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի գործով։ 2015թ․-ի մայիսին Ալլահվերդիևը պատանդին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով այս հանգամանքը, Թեմիս աստվածուհու վրա առանձնապես հույս դնել պետք չէ:

Մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։ Այդ ցուցմունքների հիմնական թեզերը Վիգեն Էուլջեքչյանը ներկայացրել է տեսախցիկի առջև։

ԿՄԽԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին օգնում է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ

Տեսանյութը ցուցադրում էին Բաքվի բոլոր հեռուստաալիքներով։ Ահաբեկիչ հռչակված հայը պատմում է, թե իբր սեպտեմբերի 29-ին իրեն հավաքագրել է Բեյրութի մի բնակիչ՝ Հովակ Քիքիյան անունով։ Մինչ այդ, իբր, նա ապրում էր Լիբանանում, որի քաղաքացին է։ Էուլջեքչյանը «խոստովանում է», որ իրեն Ղարաբաղ է բերել բացառապես փողի ծարավը։

Նրան, իբր, Հայաստանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար 2500 դոլար է խոստացվել։ Այնուհետև Վիգենը պատմում է, որ իրեն և իր նման «ահաբեկիչ վարձկաններին» են տեղափոխել Հայաստանի տարածքով Ղարաբաղ, որտեղ նրանց զենք-զինամթերք են տվել և հրամայել են սպանել ադրբեջանցիներին։

Վիգենը տեսախցիկի առջև բավականին հոդաբաշխ է խոսում։ Բայց մի շարք մանրամասներ թույլ են տալիս համոզվել, որ նա դա հարկադրաբար է անում։ Օրինակ՝ Շուշի քաղաքը նա անվանում է «Շուշա», ինչպես ադրբեջանցիները։ Վիգենի համար «լեգենդ» գրողների հերթական վրիպումն է։

Էուլջեքչյանը պատմում է, որ իրեն Հայաստան են տեղափոխել սեպտեմբերի 29-ին, այսինքն՝ ռազմական գործողությունների սկսվելուց երկու օր անց։ Մինչդեռ «ահաբեկչի» անձնագրում դրոշմակնիքներն ակնհայտորեն այլ բան են վկայում։ Բանն այն է, որ Վիգենը Լիբանանից հեռացել է պատերազմից շատ առաջ։ Դա ապացուցելը դժվար չէ։ Եթե Էուլջեքչյանը նորմալ փաստաբան ունենար, նա կարող էր դիմել Լիբանանի միգրացիոն իշխանություններին, և նրանք կհաստատեին այն փաստը, որ ամբաստանյալի խոստովանական ցուցմունքները սուտ են։

Ուրեմն, ո՞վ է իրականում Վիգեն Էուլջեքչյանը և ի՞նչ էր նա անում Արցախում։ Փորձանքի մեջ հայտնված մեր հայրենակիցը 42 տարեկան է։ Ծնվել է Բեյրութում, Ցեղասպանությունից հրաշքով փրկված փախստականների ժառանգ է։ 2015թ․-ին Էուլջեքչյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այդ անժխտելի փաստն ինքնին արդեն քանդում է նրան ներկայացված մեղադրանքի կառուցվածքը։

Սակայն Ադրբեջանում հերքում են ամբաստանյալի հայկական անձնագրի առկայությունը և պատրաստվում են նրան դատել որպես Լիբանանի քաղաքացի։ Նրանց այդպես ձեռնտու է։ Մինչդեռ հեշտ է ապացուցել, որ վերջին տարիներին Վիգենը Լիբանանում չի ապրել։ 2019թ․-ի նոյեմբերին նա տեղափոխվել է Երևան և հաստատվել այստեղ։ Հայաստանում իր փոքր բիզնեսն էր սկսել։ 7 տեղանոց մինիվեն էր գնել և դրանով արտասահմանցի զբոսաշրջիկներ էր տեղափոխում Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր։

Ավելի ուշ, արդեն լինելով Երևանի բնակիչ, Էուլջեքչյանը տեղեկացել է Արցախի կառավարության ծրագրի մասին, որի շրջանակներում էթնիկ հայերը, հանրապետության գյուղական շրջաններում բնակություն հաստատելու պատրաստակամության դեպքում, կարող էին անվճար բնակարան ակնկալել: Վիգենը գրանցվել է։ Չսպասելով հերթին՝ ինքնուրույն մեկնել է Արցախ և բնակություն հաստատել Շուշիում։ Արդեն ծրագրել էր Բեյրութից իր մոտ տեղափոխել դստերը և որդուն։ Չհասցրեց։ Պատերազմը խանգարեց։

Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար

Թե ինչ է եղել հետո՝ իմանում ենք լիբանանահայ Մարալ Նաջարյանի պատմածից, ով գերության պահին եղել է Վիգենի հետ։ Նոյեմբերի 10-ի առավոտյան, այսինքն՝ արդեն զինադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, Մարալը և Վիգենը, չիմանալով, որ Շուշի քաղաքն արդեն վերջնականապես անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, գնում են այնտեղ՝ անձնական իրերը դուրս բերելու նպատակով։ Ադրբեջանցիները նրանց գերի են վերցրել Բերձորում (Լաչինում)։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մարալ Նաջարյանը պատմում էր․ «Վիգենին ծեծեցին։ Հետո մեզ ջիպ նստեցրին։ Մեքենայի պատուհանները ծածկեցին։ Վիգենի աչքերը կապեցին։ Ես մտածեցի, որ մեզ ողջ-ողջ այրելու են...»։

Մարտի 10-ին, չորս ամիս գերությունից հետո, Մարալ Նաջարյանն ազատ արձակվեց։ Դա Բաքվի վրա միջազգային լուրջ ճնշման և Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հսկայական ջանքերի արդյունքն է։ Վիգենին դուրս բերել չի հաջողվել։

Այս ամբողջ ընթացքում Կարմիր խաչի առաքելության աշխատակիցների հաստատակամության շնորհիվ գերուն երեք անգամ թույլ են տվել հեռախոսով խոսել որդու հետ և մեկ անգամ՝ նամակ գրել տարեց մորը։ «Բարև, մայրիկ։ Ես եմ, Վիգենը։ Բարևիր Սերժին և Թինային, եղբայրներիս։ Բոլորին ասա, որ ինձ հետ ամեն ինչ լավ է...»,-գրում է Վիգենը։

Ադրբեջանցի զինվորականների բախտը բերել է, քանի որ նրանց ձեռքն ընկել է մի մարդ, ում կարելի է օգտագործել որպես հայերի կողմից օտարերկրյա վարձկանների օգտագործման մասին լեգենդի «ապացույց»։ Վիգեն Էուլջեքչյանը, հավանաբար, իսկապես մասնակցել է պաշտպանական մարտերին։

Համենայնդեպս, Բաքվի լրատվամիջոցները լուսանկարներ են տարածել, որտեղ նա պատկերված է զինվորական համազգեստով և զենքով։ Բայց ինքնապաշտպանությանը մասնակցելը նրա օրինական իրավունքն է՝ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի և որպես Արցախի բնակիչ։ Նույնիսկ եթե նա իսկապես մասնակցել է ռազմական գործողություններին (ինչը ապացուցված չէ), ապա նրա վրա պետք է տարածվեն ռազմագերիների կարգավիճակը կարգավորող միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։

Այսինքն, Ժնևի կոնվենցիայի համաձայն, նրան պետք է անհապաղ ազատ արձակեն։ Դա են պահանջում նաև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները։ Բայց Բաքվում հրաժարվում են Էուլջեքչյանին ռազմագերի ճանաչել։

Նշենք, որ նույնիսկ եթե հիմք ընդունենք Ադրբեջանի ՊԱԾ-ի անհեթեթ վարկածը, մեր հայրենակիցը ոչ մեկին չի սպանել։ Որքան ես հասկանում եմ, դրա հետ համաձայն է նաև Ադրբեջանի դատախազությունը։ Չնայած այս ամենին՝ նրան մեղադրանքներ են ներկայացվում, որոնք առավելագույն պատիժ են նախատեսում։

Հատկանշական է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը գործը դատարան է հանձնել անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանում դատավճիռ է կայացվել երկու սիրիացի վարձկանների նկատմամբ, որոնց հավաքագրել էին թուրքական հատուկ ծառայությունները՝ Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու համար:

«Մենք ձեզ չե՞նք խանգարում». Լավրովը դիտողություն է արել Բաքվում

Նրանց մասնակցությունը ահաբեկչական գործողություններին լիովին ապացուցված է։ Նրանք իրենց մեղքը խոստովանել են։ Միջազգային իրավապաշտպանները ոչ մի կասկած չունեն, որ դատավճիռը միանգամայն արդարացված է։ Ցմահ պատիժը համարժեք պատիժ է նրանց կատարած ծանր հանցագործության համար։ Իսկ Բաքվում որոշել են Երևանին հայելային պատասխան տալ՝ նմանատիպ մեղադրանքներ առաջադրելով դժբախտ մարդուն, որի միակ մեղքն այն է, որ սխալ ժամանակ սխալ տեղում է հայտնվել։

97
թեգերը:
Բաքու, Լիբանան, գերի, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան
ԵԱՀԿ նախագահը ողջունել է հայ գերիներին ազատ արձակելու որոշումը
Գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների. Լավրով
Ամերիկացի զինծառայողներ

Ամերիկացիները «աֆղանական ռումբը» Ռուսաստանի՞ն են նետում

0
Եթե Աֆղանստանում լայնածավալ քաղաքացիական պատերազմ սկսվի, իսկ նման վտանգ կա, հրդեհը կհասնի Միջին Ասիա, ու Ռուսաստանը ստիպված կլինի մարել այն: Մանրամասները՝ ՌԻԱ Նովոստիի նյութում։

Պյոտր Ակոպով

Այն բանից հետո, երբ ապրիլի կեսերին Ջո Բայդենը հայտնեց Աֆղանստանից զորքերի ամբողջական դուրսբերման ամսաթիվը մայիսի 1-ից սեպտեմբերի 11-ը տեղափոխելու որոշման մասին, երկրում ավելի ու ավելի շատ արյուն է թափվում՝ բռնության կտրուկ աճ, հարյուրավոր զոհեր: Միայն մայիսի 8-ին Քաբուլի Դաշտ-է -Բարչի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է գրեթե վաթսուն մարդ, հիմնականում 11-15 տարեկան աշակերտուհիներ: Ի՞նչ է տեղի ունենում։ Ինչ-որ մեկը չի՞ ուզում զորքերը դուրս բերել, թե՞ ընդհակառակը՝ ինչ-որ մեկն արագացնում է ամերիկացիներին, դրդում է դուրս գալ։ Իսկ ի՞նչ կլինի նրանց հեռանալուց հետո։

Ռուսաստանի համար դա կարևոր հարց է։ Չնայած ԽՍՀՄ փլուզմանը, Ռուսաստանն Աֆղանստանի հետ, ըստ էության, նախկինի պես ընդհանուր սահման ունի։ Տաջիկստանը, որին բաժին է ընկնում Աֆղանստանի հետ նախկին խորհրդային սահմանի մեծ մասը, մտնում է ՀԱՊԿ-ի մեջ, այսինքն՝ ՌԴ ռազմական դաշնակիցն է։ Ուզբեկստանն ու Թուրքմենստանը, որոնք սահմանակից են Աֆղանստանին, նույնպես մտնում են ռուսական ազգային շահերի և ռուսական պատասխանատվության գոտու մեջ։ Եթե Աֆղանստանում լայնածավալ քաղաքացիական պատերազմ բռնկվի, դրա հրդեհի ծուխը կծածկի ամբողջ Միջին Ասիան, իսկ վատագույն դեպքում կրակն էլ կհասնի դրան, չէ՞ որ Աֆղանստանում ապրում են նույն ժողովուրդները, ինչ հիշատակված նախկին խորհրդային բոլոր երեք հանրապետություններում։

Ռուսաստանում նույնիսկ կարծիքներ են հնչում, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը պարտություն չէ, այլ գրեթե դիվերսիա ՌԴ-ի դեմ. իբր, Վաշինգտոնն այդ կերպ շեղում է Կրեմլի ուշադրությունը դեպի արևելք, որտեղ հիմա ամեն ինչ կբռնկվի, և ռուսները ստիպված կլինեն բոլոր ուժերը նետել միջինասիական մղձավանջի մարմանը։ Գուցե ընդհանրապես խնդրենք, որ ամերիկացիներին մնան։

Նման կեղծ դավադրության տեսությունը ծիծաղելի է. ամերիկացիներն Աֆղանստանում իրենց ուզածից ոչ մի բանի չեն հասել։

«Ալ-Քաիդան»* վերացրե՞լ են, թե՞ այն եղել և մնում է ցանցային կազմակերպություն, որը միավորում է տարբեր կառույցներ և խմբավորումներ իսլամական աշխարհի տարբեր մասերում։ Այո, դրանք ծայրահեղական խմբավորումներ են, բայց չէ՞ որ Աֆղանստանի օկուպացիան ամերիկացիների կողմից իսլամական աշխարհում միայն ուժեղացրել է ատելությունը յանկիների հանդեպ, այսինքն՝ փաստացի աշխատել է ջիհադականների ազդեցության աճի վրա։

Ինչո՞ւ Ջո Բայդենը որոշեց Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել

Հաղթեցի՞ն թալիբներին։ Բայց նրանք ամերիկացիների հեռանալուց հետո մոտ ժամանակներս իշխանության կգան Քաբուլում  կա՛մ խաղաղ ճանապարհով, որպես կոալիցիոն կառավարության մաս, կա՛մ ռազմական, այդ դեպքում արդեն՝ միանձնյա։

Ամերիկացիներն ուզում էին Աֆղանստանից ճնշում գործադրել Ռուսաստանի և Չինաստանի (ինչպես նաև Իրանի) վրա, պլացդարմ կառուցել Եվրասիայի առանցքային տարածաշրջանում մշտական ներկայության համա՞ր։ Ուզում էին, բայց դրա համար պետք էր Աֆղանստանին իրապես ենթարկել ու վերահսկողության տակ վերցնել։ Նման բան չեղավ։ Ամերիկացիները ստիպված կլինեն ոչ միայն հեռանալ, վատագույն դեպքում նրանք ստիպված կլինեն իրենց հետ տանել տասնյակ հազարավոր աֆղանցիների, որոնք աշխատում էին նրանց համար։ Այն նույն կոլաբորացիոնիստներին՝ օկուպանտների աջակիցներին, չէ՞ որ նրանց հենց այդպես են վերաբերվում ոչ միայն թալիբները։ Այսինքն՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի դիրքերը ոչ թե պարզապես խարխլվելու, այլև ոչնչացվելու են։

Բայց չէ որ ԱՄՆ-ն դուրս գալուց հետո ուզում է ամրապնդվել հարևան երկրներում։ Ահա և The Wall Street Journal-ը մայիսի 8-ին հաղորդել է, որ Վաշինգտոնը «փնտրում է տարածաշրջանային պլացդարմներ՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո զորքեր տեղակայելու ու թալիբների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար»: Դիտարկվող տարբերակների թվում են ինչպես հարևան, այնպես էլ ավելի հեռավոր երկրներ, օրինակ՝ ԱՄԷ-ն, դիտարկվում են Պարսից ծոցում ռազմածովային ուժերի նավերի տեղակայման հնարավորությունները:

Բայդենն արդեն խոստացել է, որ եթե «Ալ-Քաիդան» կամ «Իսլամական պետությունը»* Աֆղանստանում սպառնալիք ներկայացնեն Ամերիկայի կամ դրա շահերի համար, ապա Նահանգները ավիահարվածներ կհասցնեն: Բայց ամերիկացիներն ուզում են արագ արձագանքման հնարավորություն ունենալ, չէ որ սեպտեմբերի 11-ից հետո (իսկ խոսում են նույնիսկ հուլիսի կեսերի մասին) Աֆղանստանում չի մնա ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ ընդհանրապես որևէ օտար զորք, և ինչ անել ամերիկյան դեսպանատան (որտեղ ուզում են մինչև 1000 մարդ թողնել) վրա հարձակման դեպքում։ Օգնություն ուղարկել Պակիստանի՞ց: Հեռու է, ու դրա հետ հարաբերությունները գնալով վատանում են, ուստի «ռազմաբազաների ստեղծման համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ Ուզբեկստանն ու Տաջիկստանը, որոնք անմիջական սահման ունեն Աֆղանստանի հետ, ու անհրաժեշտության դեպքում կապահովեին զորքերի արագ տեղաշարժը»:

Սակայն The Wall Street Journal-ը նշում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են խանգարել ամերիկյան ծրագրերի իրականացմանը։ Իհարկե, այդպես էլ կա. ոչ ոք ամերիկացիներին թույլ չի տա ամրապնդվել Կենտրոնական Ասիայում։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո Ռուսաստանը թույլ տվեց Նահանգներին բազաներ ստեղծել Ղրղզստանում և Ուզբեկստանում, բայց այդ ժամանակ Ռուսաստանը թույլ էր, և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ակտիվ առճակատման մեջ չէին։ Այժմ Միջին Ասիայում ամերիկացիների ոչ մի, նույնիսկ ժամանակավոր ամրագրման մասին խոսք լինել չի կարող. Աֆղանստանի 20-ամյա օկուպացիայից հետո նրանք ստիպված կլինեն ամբողջովին հեռանալ տարածաշրջանից, որի անվտանգության համար պատասխանատու կլինի Ռուսաստանի ու Չինաստանի կողմից ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպությունը։  ՇՀԿ-ի մեջ մտնում են ոչ միայն Կենտրոնական Ասիայի բոլոր հանրապետությունները, այլև Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ շուտով լիարժեք մասնակցի կարգավիճակ կստանա նաև Իրանը:

Պակիստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ տրամադրել Թուրքիային․ հնդկական ԶԼՄ-ներ

Այսինքն՝ Աֆղանստանն ամբողջովին շրջապատված կլինի ՇՀԿ անդամ երկրներով, այն դեպքում, երբ այն միայն դիտորդի կարգավիճակ ունի։ Քաբուլը ՇՀԿ չի մտել միանգամայն օբյեկտիվ ցուցանիշներով. օկուպացված և լիարժեք ինքնիշխանությունից զուրկ երկիրը դաշինքի անդամ չի կարող լինել։ ՇՀԿ-ի նպատակը Ասիայում խաղաղության պահպանումն է, առաջին հերթին խոսքը Կենտրոնական Ասիայի մասին է։ ՇՀԿ-ն առայժմ իր խաղաղապահները չունի, ու Աֆղանստան զորք մտցնելու կարիք էլ չկա՝ մի օկուպանտներին մյուսով փոխարինելով։

Աֆղանցիներն արդեն ավելի քան քառասուն տարի կռվում են միմյանց դեմ, իսկ 28 տարի՝ նաև օտարերկրյա զորքերի դեմ։ Պետք է քաղաքական պայմաններ ապահովել ներաֆղանական լիարժեք երկխոսության և եթե ոչ հաշտեցման, ապա գոնե տարբեր ժողովուրդների, քաղաքական, կրոնական, ցեղային և կլանային կառույցների թեկուզ զինված, բայց խաղաղ գոյակցության համար։ Առանց արտաքին, առավել ևս՝ ատլանտյան միջամտության, բայց բոլոր հարևանների ու մերձավոր երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Իրանի ու Հնդկաստանի ակտիվ մասնակցությամբ (և ազդեցությամբ):

Թեև ԱՄՆ-ն նույնպես կարող է և պետք է մասնակցի աֆղանցիների հաշտեցմանը, բայց ահա Աֆղանստանում նրանց կողմնակիցների նկատմամբ վերաբերմունքը զորքերի դուրսբերումից հետո կարող է խոչընդոտել ցանկացած երկխոսության։ Ինչևէ, ամերիկացիների հեռանալուց հետո Աֆղանստանի համար պատասխանատվության հիմնական բեռը կդրվի ՇՀԿ-ի և հատկապես դրա երեք մասնակիցների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի վրա։ Դա և՛ նրանց, և՛ Աֆղանստանի ժողովրդի շահերից է բխում։ Աֆղանստանում ներքին բարդագույն հակասությունները առիթ չեն դրա վրա խաչ քաշելու կամ դրանից ռազմական պատով առանձնանալու համար։ Երկրորդը պարզապես անհնար է, իսկ առաջինը չի համապատասխանում Քաբուլի հարևանների և Ասիայի մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի շահերին։

ՇՀԿ-ի նվազագույն խնդիրը այն է, որ թույլ չտա աֆղանական հիմնախնդրին դուրս գալ երկրի սահմաններից ու հասնել այն մակարդակին, երբ ՀԱՊԿ-ը ստիպված կլինի զբաղվել դրանով։ Իսկ առավելագույն խնդիրն է աֆղանական բոլոր կողմերին դրդել իրական հաշտեցման և նոր դաշնային Աֆղանստանի կառուցման։ Քաջարի ու այդքան վիշտ տեսած ժողովուրդը պետք է վերջապես ապրի հանգիստ, ինքնուրույն ու խաղաղ կյանքով իր լեռնային երկրում։ Իհարկե, ոչ Շվեյցարիայի պես։

Թուրքերը պահանջում են դուրս բերել ամերիկյան ռազմակայանները. հանրահավաք «Ինջիրլիքում»

Աֆղանստանը Շվեյցարիա չի դառնա. երկրում արևմտյան չափանիշներ հաստատելու փորձերը միայն վնասել են նրան, բայց այն լիարժեք իրավունք ունի Կենտրոնական Ասիայի համար լարվածության օջախից վերածվելու իր բոլոր ընկերների համար խաղաղ հարևանի: Պետք է միայն օգնել աֆղանցիներին վերադառնալ ինքնուրույն խաղաղ կյանքին՝ իրենց համար, այլ ոչ թե հանուն աշխարհաքաղաքական շահերի և օտար ստրատեգների փորձարկումների։

* Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն

0
թեգերը:
Չինաստան, Ռուսաստան, Աֆղանստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ամերիկացիները պատրաստվում են ակտիվանալ Արկտիկայում
Ինչու է ԱՄՆ–ը տանուլ տալիս բոլոր պատերազմները
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում