Արխիվային լուսանկար

«Գիտեմ, թե ինչպես են վարվել ձեր նախնիների հետ իմ հայրենիքում։ Ներե՛ք, եթե կարող եք»

370
Եկեք անկեղծ լինենք։ Ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի անց այդ ողբերգությունը վերապրած ու այժմ դեռ ապրողներին երևի թե կարելի է երկու ձեռքերի մատների վրա հաշվել։
Անսպասելի խոստովանություն. «Գիտեմ, թե ինչպես են վարվել ձեր նախնիների հետ իմ հայրենիքում։ Ներե′ք, եթե կարող եք»

Հետագա սերունդների բազմաթիվ ներկայացուցիչներ, սակայն, Ցեղասպանության հետ անմիջականորեն կապված իրենց պատմություններն ունեն։ Իմը սա է։

​1965 թվականին սովորում էի Չարենցի անվան դպրոցի հինգերորդ դասարանում։ Այսօրվա նման տաք էր ապրիլի վերջը, բացել էինք առաջին հարկում գտնվող մեր դասարանի բոլոր պատուհանները։ Ու հանկարծ տարօրինակ աղմուկ լսեցինք և տեսանք այն, ինչ առաջ երբեք չէինք տեսել։ «Հողե՛րը, հողե՛րը» բացականչելով՝ Ամիրյան փողոցի հենց երթևեկելի մասով հարյուրավոր, միգուցե նույնիսկ հազարավոր մարդիկ շարժվում էին դեպի Լենինի հրապարակ։

Ուսուցչուհին իսկույն հրահանգեց փակել բոլոր պատուհանները, լուռ նստել դասարանում և ոչ մի դեպքում դուրս չգալ։

Հասկացանք, որ ինչ-որ աննախադեպ բան է կատարվում, որովհետև բազմամարդ ցույցեր մայիսի 1-ին ու նոյեմբերի 7-ին շատ էինք տեսել, մեզ էլ ստիպում էին «Ուռա» գոռալով վազել և ծաղիկներ նվիրել համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի հուշարձանի պատվանդանին կանգնած ղեկավարներին։ Բայց այս մի երթը խիստ տարբերվում էր, այն ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ էր։ Իսկ անկառավարելի բաները Սովետում բացառվում էին։ Ցույցն, իհարկե, ի վերջո ցրեցին, սակայն Ծիծեռնակաբերդի բարձունքում սկսվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցումը, որն ավարտվեց երկու տարի անց։ Ու երբ պարզ դարձավ, որ ցեղասպանության թեման այլևս արգելված կամ անտեսված չէ, սկսվեց մի նոր պայքար՝ պատմական իրողության ճանաչման համար պայքարը։

Մի անգամ համացանցում մի հետազոտություն հանդիպեցի, որի հեղինակները աշխարհի երկրները դասակարգել էին այսպես. «Պետություններ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը», «Պետություններ, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և… ուշադրություն…«Պետություններ, որոնք մասամբ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։

Այս վերջին ձևակերպումն ինձ սկզբում շատ զարմացրեց և նույնիսկ անհեթեթ թվաց՝ այսինքն ինչպես թե «մասամբ»՝ տեղ-տեղ ճանաչում եմ, տեղ-տեղ չե՞մ ճանաչում։ Բայց հետո ինքս ինձ հարց տվեցի. «Իսկ, օրինակ, աշխարհի հզորագույն պետությունը՝ Ամերիկան, որտեղ նաև հարյուր հազարավոր հայեր են ապրում, ճանաչե՞լ է, թե՞ չի ճանաչել։ Իրականությունը շատ լավ գիտեք՝ 50 նահանգներից 49-ը այս կամ այն կերպ ճանաչել է, մնում է, կարծեմ, միայն Միսիսիպին։ Հիմա ասեք խնդրեմ՝ եթե այդ վերջին նահանգն էլ ճանաչի, արդյոք իրավունք կունենա՞նք հայտարարելու՝ Ամերիկան ճանաչել է։ Իսկ եթե չճանաչի՞։ Ի դեպ, բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Կոնգրեսն էլ է երկու տարի առաջ ճանաչել, բայց Ամերիկան նախագահական պետություն է։

Բաքվում հայտարարել են, որ կտրուկ կդատապարտեն ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում

Ընդունված է ասել՝ Ռոնալդ Ռեյգանը արտասանել է «ցեղասպանություն» բառը։ Կներեք, բայց ախր սա էլ ճշմարտության կեսն է։ Նախ, հայերի ջարդերի մասին խոսել են ամերիկացի մի քանի նախագահներ՝ Թեոդոր Ռուզվելտը, Հերբերտ Հուվերը, Ջիմի Քարթերը և ավագ Ջորջ Բուշը, բայց այն ժամանակ մենք չէինք պնդում՝ ԱՄՆ-ը ճանաչել է։

Ինչ վերաբերում է Ռոնալդ Ռեյգանին, ապա ուղիղ 40 տարի առաջ՝ 1981 թվականի ապրիլին նա իրոք ասել է, մեջբերեմ.

«Հոլոքոստի դասերը, որին նախորդել է հայերի ցեղասպանությունը և որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն»: Մեջբերման ավարտը։  Հիմա եթե ես ուզում եմ ապացուցել, որ Ռեյգանը իսկապես արտասանել է մեր ուզած բառակապակցությունը, դա շատ հեշտ է՝ նայեք, պարզ գրված է հայտարարության տեքստում։ Բայց եթե դա ինձ չի բավարարում, միշտ կարող եմ փաստել՝ ախր այս նախադասությունը հրեաների հոլոքոստի մասին է և ասված է հոլոքաստի տարելիցի կապակցությամբ։

Ինչևէ, համաձայնեք՝ եթե նույնիսկ վաղը՝ ապրիլի 24-ին, Ջո Բայդենը արտասանի «ցեղասպանություն» բառը, մենք ասելու ենք՝ ո՛չ, Թուրքիան պիտի ճանաչի։

Տարիներ առաջ մի քննարկման ժամանակ կանխատեսեցի՝ Թուրքիան, շատ հավանական է, ի վերջո կճանաչի, որ հայերի հետ վատ բաներ են կատարվել Օսմանյան կայսրությունում, բայց վա՛յ այդ ճանաչելուն՝ էնպես կանի, որ մենք՝ հայերս, կմտածենք՝ ավելի լավ է իսկի չճանաչեր։ Մոտավորապես հենց էդպիսի բովանդակության են Ռեջեփ Էրդողանի վերջին տարիներին հայերին հասցեագրված ապրիլյան ուղերձները՝ դե պատերազմ էր, երկու ժողովուրդներն էլ տառապել ու կորուստներ են կրել։ Այս միտքը շատ ավելի կոնկրետ է ձևակերպվում Թուրքիայի արտգործնախարարության պատրաստած ծավալուն տեղեկանքում։ Մի՛ ալարեք, մտեք իրենց արտգործնախարարության կայքը ու կիմանաք, որ, այո՛, 10 տարվա ընթացքում՝ 1912-ից մինչև 1922 թվականը, կյանքից զրկվել է մոտ 600 հազար հայ, բայց այդ նույն տարիներին մահմեդականների կորուստներն անհամեմատ ավելին են եղել՝ 2,5 միլիոն։ Իսկ Ադոլֆ Հիտլերն էլ՝ հակառակ հայկական պնդումների, ընդհանրապես երբեք ոչ մի բան չի ասել հայերի կոտորածների մասին։ 

Ուզում եմ այսօր մի բան խոստովանել, չգիտեմ ինչպես կընդունվի, բայց անկեղծ ասեմ՝ իրականում ինձ այնքան էլ չի հետաքրքրում՝ կճանաչե՞ն Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանությունը, թե՞ չեն ճանաչի։ Իսկական ճանաչումը ես տեսել եմ Պրահայում, որտեղ տարիներ առաջ աշխատում էի։ Հայերով գնացել էինք մի ռեստորան, որի տերը թուրք էր։ Երևի հասկացավ, որ հայերեն ենք խոսում, մոտեցավ մեր սեղանին ու ասաց. «Որքան էլ մեր իշխանությունները պնդեն, թե ոչինչ չի եղել, շատ լավ գիտեմ, թե ինչպես են վարվել ձեր նախնիների հետ իմ հայրենիքում։ Ու մեր ողջ ազգի անունից ներողություն եմ խնդրում։ Ներե՛ք, եթե, իհարկե, կարող եք»։ Ու գնաց։ Ես հասկացա՝ գոնե ինձ համար ա՛յ սա էր իսկական ճանաչումը։

 

370
թեգերը:
Հայաստան, Հայոց ցեղասպանություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (374)
Ըստ թեմայի
ՄԱԿ-ը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին լուրը
Հայոց ցեղասպանության քարտեզը Օսմանյան կայսրությունում
Քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Սև լիճ

Ինչպես էին ուզում Սև լճի խնդիրը լուծել խորհրդային տարիներին

442
(Թարմացված է 18:54 17.05.2021)
Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի իշխանությունները գնահատում են որպես ճգնաժամ, որի ելքն առայժմ գտնված չէ։ Մինչդեռ այս լճի շուրջ վեճեր էին ծագում դեռևս խորհրդային ժամանակներում։ Պատմության մանրամասները հիշում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Հայաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվել է Սև լճի խնդիրը լուծել «երկու եղբայրական հանրապետությունների համար փոխշահավետ պայմաններով և այն պահպանել ապագա սերունդների համար»։

Ինչի՞ մասին ենք խոսում։ Խոսում ենք 1986 թ․-ի մասին, երբ ՀՀ վարչապետի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռ դպրոց էր գնում, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր-նոր էր ավարտել ՄՄՀՊԻ-ն (МГИМО):

Ամեն ինչ սկսվեց Լաչինի շրջանի Ղարաքաշի դպրոցի ուսուցիչ Չելքաշ Մեհրալիևի՝ «Իզվեստիա» թերթին ուղղված նամակից։ Ահա մի հատված այդ նամակից․ «Ավելի քան քսան տարի է՝ անհանգստացած եմ Ղարա-գյոլ բացառիկ լճի ճակատագրով, որը երկու եղբայրական հանրապետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին է։ Նախկինում այնտեղի ջուրը մաքուր էր, թափանցիկ, իսկ հիմա ծաղկել է, պղտորվել, լիճն աստիճանաբար մեռնում է։ Հայկական ափին պոմպակայան կա, որը ջուրը մղում է դեպի Գորիս և շրջակա գյուղեր, լիճն ու այն շրջապատող ալպիական մարգագետինները ջրազրկվում են։ Պետք է ինչ-որ բան անել»։

Արեցին։ Դեռևս թերթին ուղղված նամակից առաջ՝ 1973թ․-ին, Հայաստանից և Ադրբեջանից համատեղ հանձնախումբ էր այցելել Սև լիճ, զբոսնել էին, նայել․․․ Այցից հետո Ադրբեջանը իր ափին նույնպես պոմպակայան տեղադրեց, և արդեն երկու կայան, ասես միմյանց հետ մրցելով, վնաս էին հասցնում լճին։

Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին

Պետք է ասել, որ Սև լճի ջուրը վերականգնվում էր միայն ձնհալների և անձրևների հաշվին, իսկ շուրջը գտնվող արոտավայրերում ոչխարի հոտեր էին արածում (այն ժամանակների հաշվարկներով՝ ավելի քան հարյուր հազար գլուխ), և նրանք մարդկանցից ոչ պակաս ջուր էին խմում։

Հիմա՝ միջկառավարական նամակագրության ժանրից։ Մեհրալիևի նամակը «Իզվեստիայից» գնաց Բաքու և Երևան։

Ադրբեջանի նախարարների խորհրդի փոխնախագահ ընկեր Մամեդովը հայտնեց` այո, լճի շուրջը պետք է սանիտարական գոտի ստեղծել, ջրագծային համակարգ կառուցել լճի շրջակայքի արոտավայրերում։ Սակայն լճի մակարդակի իջեցման հիմնական պատճառը (այդպես էր ստացվում նամակից) հենց բնությունն էր։ Մասնավորապես՝ վերջին տարիների չոր եղանակը։

Այնուհետև ընկեր Մամեդովն առաջարկում էր, ինչպես ընդունված էր այն ժամանակ, «լճի ուսումնասիրության և դրա բնական վիճակի վերականգնմանն ուղղված միջոցառումների մշակման նպատակով» համատեղ հանձնաժողով ստեղծել։

Քննարկմանը հայկական կողմը ներկայացնում էր նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Խոջամիրյանը։ Նա «Իզվեստիային» ուղղված նամակում նույնպես խոսում էր սանիտարական գոտու, անասուններին անմիջապես ջրավազանից ջուր խմելն արգելելու և այլ բաների մասին` միաժամանակ տեղեկացնելով, որ ջրային տնտեսության նախարարությունը սկսել է նախատեսված աշխատանքները, թեև դրանք պետք է կատարվեին պարիտետային հիմունքներով: Էլ չասած, որ Ադրբեջանի գյուղնախարարությունը պետք է աղտոտող դիզելային պոմպակայանը փոխարիներ էլեկտրական պոմպակայանով, բայց չարեց դա։

«Իզվեստիայում» կարդացին գրածները և իրենց կարծիքն ասացին․ «Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները տոգորված են այն ըմբռնումով, թե որքան կարևոր է պահպանել եզակի բնական օբյեկտները ժառանգների համար (և ժամանակակիցների համար նույնպես)։ Այնուամենայնիվ, «հանձնաժողովի ըմբռնումը և նույնիսկ որոշումը մի բան է, իսկ լճի փրկության գործնական վճռական միջոցները, ինչի մասին գրում է ընկեր Մեհրալիևը, այլ բան»,-Սև լճի թեմայով հարևանների թեթևակի կշտամբեց Մոսկվան։

Հայաստանում և Ադրբեջանում «Իզվեստիայի» սեփական թղթակիցներին առաջարկեցին մեկ տարի հետո գնալ լիճ և տեսնել, թե ինչպես և ինչով է այն ապրում։ Առջևում 1988 թվականն էր, արդեն նշմարվում էր Ղարաբաղյան շարժումը, նույն տարում տեղի ունեցավ երկրաշարժը, և արդեն Սև լճի ժամանակը չէր։

․․․Այսօր լճում և լճի շուրջ իրադարձությունները միանգամայն այլ սցենարով են զարգանում։ Ադրբեջանական բանակն ավելի քան երեք կիլոմետր խորացել է Հայաստանի տարածքում (ո՞ւմ են հետաքրքրում 102 տեսակի ծաղիկները) և կտրել է Սև լիճը երկրի մնացած մասից։ Ինչպես և վերը նկարագրված դեպքում, կրկին որպես դատավոր է հանդես գալիս Ռուսաստանը։

Վերջին տվյալներով՝ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ ռազմաքաղաքական իրավիճակը մայիսի 12-ից սկսած ընդհանուր առմամբ անփոփոխ է մնում, թեև ադրբեջանցի զինծառայողների որոշ խմբեր լքել են հանրապետության սահմանները: Բանակցությունները կվերսկսվեն մայիսի 19-ին։ Երևանի դիրքորոշումն անսասան է` ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի սահմանները։

Մելքոնյանին գործից հանեցին սառնարանի պատճառով, կամ կոռուպցիոն տարիների ժամանակագրություն

442
թեգերը:
Ադրբեջան, Որոտան, Սև լիճ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական սահմանին ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ չեն եղել. Փաշինյան
Վաղարշակ Հարությունյանը խոսել է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության տնօրենի հետ
ՌԴ–ն մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Պեսկովը ներկայացրել է Պուտինի տեսակետը
Գազայի հատված

Վտանգն ուրիշ տեղ է, կամ ո՞ւր է տանում Իսրայելում հրեաների և արաբների բախումը

417
Soutnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանն անդրադարձել է իսրայելա–պաղեստինյան վերջին բախումներին և Հայաստանում կատարվողի հանդեպ աշխարհի անտարբերությանը։
Իսրայելի հրեաները և արաբները՝ քաղաքացիական պատերազմի եզրին

Եկեք անկեղծ լինենք։ Աշխարհն այնքան էլ մեծ ուշադրություն չդարձրեց Հայաստանի արևելյան սահմանին կատարվող իրադարձություններին ոչ միայն այն պատճառով, որ օտարի համար խոսքն ընդամենը մի լճի մասին է, որի տեղը, խոստովանենք` մինչև վերջերս իսկի հայերից շատերը չգիտեին։ Ուղղակի Ադրբեջանի տասնյակ զինվորների ներխուժումը  Հայաստանի տարածք համընկավ Իսրայելում տեղի ունեցող վտանգավոր իրադարձությունների հետ։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ միջազգային հանրությունը սկսում է արձագանքել հիմնականում այդ դեպքում, երբ որևէ հակատարտության ժամանակ առնվազն տասնյակ զոհեր են լինում։ Այնինչ, հայաստանցի պաշտոնյաներն այս օրերին ամեն առիթով կրկնում էին, իրենց կարծիքով, հանգստացնող տեղեկատվությունը՝ ճիշտ է, ադրբեջանցիները մտել են Սյունիք, բայց չի եղել ո՛չ մի կրակոց, ո՛չ մի զոհ, ո՛չ մի վիրավոր։

​Մերձավոր Արևելքում զոհեր կան։ Արդեն ուղիղ մեկ շաբաթ շարունակվող փոխադարձ ռմբակոծությունների հետևանքով պաղեստինցիները կորցրել են ավելի քան 180 մարդ, իսրայելցիները՝ մոտ 10 մարդ։ Իհարկե, հրեաները տարիների, նույնիսկ տասնամյակների ընթացքում այնքան են սովորել Գազայի կողմից հարվածներին, որ վաղուց արդեն ստեղծել են հրթիռները չեզոքացնող շատ արդյունավետ համակարգ՝ «Երկաթե գմբեթ»։ Եվ այս նոր բախման ժամանակ էլ կարողանում են խոցել պաղեստինցիների արձակած հրթիռների 90 տոկոսը։ Եթե դրան ավելացնենք այն հանգամանքը, որ Գազայից արձակված մոտ 2000 հրթիռներից 200-ը տեղ չի հասել և ընկել է հենց Գազայի տարածքում, կարելի է փաստել, որ հիմնականում ինքնաշեն հրթիռները, որոնց զգալի մասը պատրաստվում է տեղի արհեստանոցներում, այնուամենայնիվ սարսափելի վտանգ չեն ներկայացնում Իսրայելի համար։ Վտանգն ուրիշ տեղ է։

​Դպրոցական քարտեզից էլ գիտենք, որ Իսրայելը պայմանականորեն երեք մասից է բաղկացած՝ բուն Իսրայել և երկու տարածք, որտեղ բնակվում են պաղեստինցիները՝ Հորդանան գետի արևմտյան ափ ու Գազայի հատված։ Սակայն չմոռանանք, որ բուն Իսրայելում, եթե կարելի է այդպես ասել՝ հրեական Իսրայելում էլ են արաբներ ապրում, որոնց այդպես էլ անվանում են՝ Իսրայելի արաբներ։ Նրանք բավական շատ են՝ գրեթե 2 միլիոն։ Հիմա եթե ձեզ հարցնեն՝ ո՞րն է արաբների կրոնը, երևի առանց վարանելու կպատասխանեք՝ իհարկե, մահմեդականությունը։ Այնինչ, այդ երկու միլիոն արաբների համարյա 10 տոկոսը կաթոլիկ քրիստոնյա է։

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Ռաֆախի և Գազայի հատվածում գտնվող շենքերին. տեսանյութ

​Իսրայելի արաբները, բնականաբար, ունեն Իսրայելի քաղաքացիություն և օգտվում են պետության սոցիալական ու առողջապահական բոլոր ծրագրերից։ Ավելին, նրանք հարկային արտոնություններ ունեն, այսինքն` պետությունը, միլիարդավոր դոլարներ ծախսելով, ամեն ինչ անում է նրանց ինտեգրելու համար։ Ոմանք ասում են՝ է, եթե իրենք Իսրայելի լիիրավ քաղաքացիներ են, մի բան էլ ավելի, թող գնան իսրայելական բանակում ծառայելու։ Սակայն արաբները չեն ուզում ծառայել՝ բերելով շատ պարզ փաստարկ՝ մենք այս պետությանը ոչինչ պարտք չենք, որովհետեւ միշտ ապրել ենք այս մեր պապենական հողերում, որտեղ հրեաները որոշել են ստեղծել իրենց պետությունը։ Ճիշտն ասած, արաբներին զինվորական կամ գոնե այլընտրանքային ծառայությունում ընդգրկելու մի քանի անհաջող փորձից հետո կառավարությունը արաբներին հանգիստ է թողել։

​Բայց այժմ առանց այն էլ լարված իրավիճակը պարզապես պայթյունավտանգ է դարձել. Իսրայելի արաբներն ընդվզել են ու անկարգություններ սկսել՝ տարբեր բնակավայրերում, հենց փողոցում դանակահարում են հրեաներին, այրում նրանց պատկանող ավտոմեքենաները և խանութները։ Հրեաների արձագանքը միանգամայն կանխատեսելի էր. ինչպե՞ս թե՝ դարերով մեզ հետապնդել, հալածել ու սպանել են աշխարհի տարբեր երկրներում, հիմա էլ մե՞ր սեփական պետությունում են ուզում նույնն անել։

Երբ մի քանի օր առաջ հրեաների ամբոխը կանգնեցրեց տաքսի մեքենան, դուրս քաշեց արաբ-վարորդին, սկսեց անողոքաբար ծեծել նրան, և այդ ամենն իր եթերում ցույց տվեց հեռուստաընկերություններից մեկը, չդիմացավ նույնիսկ վարչապետ Բենյամին Նեթանյահուն. «Հետո՞ ինչ, որ ձեր արյունը եռում է, որքան ուզում է՝ թող եռա, բայց դուք իրավունք չունեք ձեր ձեռքը վերցնելու օրենքը։ Դուք իրավունք չունեք Լինչի դատաստանի ենթարկելու արաբներին, ինչպես որ նաև նրանք իրավունք չունեն նույնկերպ վարվելու հրեաների հետ»։

​Քաղաքական գործիչները զգուշացնում են՝ սա քաղաքացիական պատերազմի սկիզբն է, իսկ քաղաքացիական պատերազմը Իսրայելի ներսում հազար անգամ ավելի վտանգավոր կարող է լինել, քան փոխադարձ հրետակոծությունները։

417
թեգերը:
Ադրբեջան, Պատերազմ, աշխարհ, Սյունիք, Հայաստան, Պաղեստին, Իսրայել
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (374)
Ըստ թեմայի
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
«Նախկիններ, նախկիններ...» ստեղծագործությունը իշխանությունների քաղաքական հիթն է դարձել
Ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը, կամ հայրենիքի վտանգի դեպքում պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները
Թաղավարդ

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Թաղավարդ գյուղի ուղղությամբ

94
(Թարմացված է 18:27 18.05.2021)
Ադրբեջանական դիրքերից մի քանի կրակոց է արձակվել հայաբնակ գյուղի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Խաչատրյանը:

«Կրակում էին գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքից», - ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ զոհեր ու վիրավորներ չեն եղել, գյուղացիները դեռ չեն գտել, թե որտեղ է դիպել գնդակը։

Կրակոցները հնչել են այսօր առավոտյան` ժամը 09: 00-10: 00-ի սահմանում։ Հնչել է մի քանի կրակոց: Այժմ գյուղում հարաբերական անդորր է, բայց իրավիճակը շարունակում է մտահոգել թաղավարդցիներին։

Նշենք, որ գրեթե միաժամանակ հարակից Կարմիր շուկա գյուղի տարածքում արձանագրվել է դեպի Շուշի հիմնական ճանապարհով ադրբեջանական բազմաթիվ ավտոմեքենաներից բաղկացած շարասյան շարժ։ Գյուղացիներին անհանգստացրել է ադրբեջանական ավտոմեքենաների անցումը իրենց գյուղի տարածքով։ Նրանք այդ խնդրով դիմել են ռուս խաղաղապահներին։

Ինչպես Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը, լարվածության պատճառը բացառապես ադրբեջանցիների պահվածքն է։

«Մենք խոսեցինք խաղաղապահների հետ, որ նրանք ևս մեկ անգամ զգուշացնեն ադրբեջանցիներին՝ մի փոքր զսպեն նրանց, որ հանգիստ անցնեն: Օրինակ` չնկարեն», - ասաց Աթայանը:

Ավելի վաղ արդեն գրել էինք, որ ադրբեջանական շարասյուների տեղաշարժը լարվածություն է ստեղծում Կարմիր շուկա և Շոշ գյուղերի բնակիչների շրջանում: Նկարահանված տեսանյութերում երևում է, որ ադրբեջանցիները գյուղով անցնելիս ոչ միայն նկարահանում են իրենց անցումը գյուղով, այլև վիրավորական արտահայտություններ բղավում հայերի հասցեին։

94
թեգերը:
կրակոց, Թաղավարդ, ադրբեջանցի, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ԱԽ–ն հերքում է լուրը, թե ադրբեջանական ԶՈւ–ն դիրքերն առաջ է տվել նաև Արցախում
ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Հայաստան` Արցախում պատերազմի հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու
ՊԲ-ն կա և մնալու է. Արցախի նախագահը բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել