Մահաթմա Գանդիի հուշարձանը Երևանում

Ինչո՞ւ նախօրոք չկազմակերպվեց հանրային քննարկում. Մահաթմա Գանդիի վիճելի հուշարձանը Երևանում

683
​Եկեք անկեղծ լինենք։ Երևանյան արձանները, որոնք տեղադրվել են նորանկախ Հայաստանում, միշտ էլ թեժ վեճերի առիթ են տվել։

 

Երևանյան հերթական վիճահարույց հուշարձանը. այս անգամ՝ Աջափնյակում

Հեռու չգնանք։ Ընդամենը մի քանի օր առաջ կառավարական շենքերից մեկի մուտքի մոտ հայտնված բրոնզաձույլ «Անվախ աղջկա» մասին ինչ ասես ասացին։ Եթե այդ խեղճ աղջիկը կարողանար խոսել, հաստատ կհիշեցներ մեզ. «Ախր դուք Նժդեհի արձանն էլ չէիք ընդունում, ասում էիք սա Նժդեհը չի, Պետրոս առաջինն է, ու նաև հեգնական ժպիտով հարցնում էիք. «Բա ինչո՞ւ է մեջքով շրջվել դեպի Հանրապետականների կենտրոնակայանը, որոնք իրենց նվիրյալ նժդեհական են համարում»»։

 

Ի դեպ, անվախ այդ աղջկա մյուս կողմում էլ մի քանի տարի առաջ բացվեց Արամ Մանուկյանի արձանը, որը նույնպես հայտնվեց որոշ մարդկանց քննադատության թիրախում։ Էլ չեմ ասում Առնո Բաբաջանյանի արձանի մասին՝ ախր «Տերմինատոր» էին անվանում։

​Այս ամենը հաշվի առնելով` համաձայնե՛ք, այլևս զարմանք չի առաջացնում այն հանգամանքը, որ, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել նաև Մահաթմա Գանդիի հուշարձանի տեղադրումը Երևանի Աջափնյակ թաղամասում՝ Հանրապետական հիվանդանոցի դիմացի այգում։ Իհարկե, որևէ մեկը չի կարող հերքել, որ Գանդին բացառիկ անձնավորություն է եղել, 5 անգամ ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Ճիշտ է, այդպես էլ չի ստացել այդ մրցանակը, բայց 2006 թվականին Նոբելյան կոմիտեի անդամները խոստովանել են՝ դա անարդար էր, նա միանշանակ պիտի Նոբելյան դափնեկիր հռչակվեր։ Իհարկե, նույնիսկ այն հայտնի գործիչները, որոնք լիովին ընդունում էին Գանդիի ուսմունքը, բավական վիճահարույց էին համարում այդ ուսմունքի որոշ դրույթներ։ Օրինակ` բրիտանացի գրող Ջորջ Օրուելը խոստովանում էր, որ իր համար անընդունելի է Գանդիի այն միտքը, թե մարդը չպիտի շատ սիրի իր հարազատներին և ընկերներին, որպեսզի կախման մեջ չընկնի նրանցից։

​Չգիտեմ, միգուցե Երևանի քաղաքապետարանն այնուամենայնիվ սխալ գործեց, որ նախօրոք չկազմակերպեց հանրային քննարկում։ Ախր դրա նախադեպերը կան։ Ընդամենը երկու ամիս առաջ Ռուսաստանում առցանց հանրաքվե անցկացվեց՝ ո՞ւմ արձանը տեղադրել Մոսկվայի Լուբյանկայում՝ Ֆելիքս Ձերժինսկո՞ւ, թե՞ Ալեքսանդր Նևսկու։ Ի վերջո ոչ մի արձան էլ չկանգնեցվեց։ Եվ ինչու հեռուն գնանք. տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանն արդեն որոշում էր կայացրել ու մտադիր էր տեղադրել Անաստաս Միկոյանի հուշարձանը, որպես հայտնի գործչի, որը ոչ միայն մեծ դեր է խաղացել Խորհրդային Միության տնտեսության զարգացման գործում, այլև 60-ականների սկզբներին անմիջականորեն մասնակցել է, այսպես կոչված՝ Կարիբյան ճգնաժամի կարգավորմանը` անձամբ բանակցելով Ջոն Քենեդիի հետ։

Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»

Սակայն ընդդիմախոսները հիշեցրին, որ 30-ականների ռեպրեսիաների ժամանակ, երբ Կրեմլը հանձնարարել էր Հայաստանում ձերբակալել և գնդակահարել 500 մարդու, Միկոյանը նամակ էր գրել Իոսիֆ Ստալինին՝ առաջարկելով կրկնապատկել այդ թիվը։ Այս հուշարձանից էլ ի վերջո մնաց միայն դրա տեղադրման մասին չկատարված որոշումը։

​Չմոռանանք, որ հուշարձանները նաև հանում են։ Չէ՛, խոսքը Վլադիմիր Իլիչի հսկա արձանը նրա անվան երևանյան հրապարակից հանելու մասին չէ։ Շատերը, հավանաբար, կհիշեն Մեքսիկայի մայրաքաղաքի Կենտրոնական զբոսայգում բացված՝ Հեյդար Ալիևի հուշարձանի հետ կապված պատմությունը։ Ադրբեջանի իշխանությունները խոստացել էին մեքսիկացիներին՝ մեր նախկին առաջնորդի արձանը տեղադրելու դիմաց մենք պարտավորվում ենք բարեկարգել ամբողջ զբոսայգին և նրան հարող տարածքները, հետո էլ ամեն տարի պատկառելի գումար հատկացնել այգին խնամելու համար։ Բայց ի վերջո Ալիևին հանեցին, երբ Մեքսիկայի մայրաքաղաքի բնակիչները սկսեցին բողոքել՝ լավ, ի՞նչ է արել այս բռնակալը մեր երկրի համար, որ մենք նրան նման պատվի ենք արժանացնում։

​Համաձայնեք, սա շատ լուրջ հարց է՝ իսկ ի՞նչ է արել այս մարդը մեր երկրի համար։ Երբ տարիներ առաջ Երևանի կենտրոնում կանգնեցվեց հայտնի բևեռախույզ, գիտնական և հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին, ո՞ւմ մտքով կանցներ նման հարց հնչեցնել։ Ախր նույնիսկ դպրոցականները գիտեն, թե ինչեր է արել նորվեգացին հայերիս համար։ Չեմ ուզում հիշեցնել այն հազարավոր հայ փախստականների մասին, որոնք, այսպես կոչված, «Նանսենյան անձնագրեր» ստացան։ Թույլ տվեք պարզապես մեջբերել Նանսենին. «Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որն իր հավասարն ունենա 1915 թվականին սկսված ջարդերի հետ։

Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը

Բայց չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը»։ Այս խոսքերը Նանսենն արտասանել է այն ժամանակ, երբ աշխարհի բազմաթիվ հայտնի, շատ հայտնի գործիչներ ուղղակի խուսափում էին խոսել Հայոց ցեղասպանության մասին։

683
թեգերը:
Հուշարձան, Երևան, Մահաթմա Գանդի
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (371)
Ըստ թեմայի
Երկու հեղափոխությունների արանքում. ավելի լավ է պետական պաշտոնյա դառնալ
«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»
Եվրոպացիների հռչակած «պատմական հաշտությունը» Վրաստանում. իրականությո՞ւն, թե՞ պատրանք
Էդգար Մարկոսյանը` մոր հետ

Մայրը լուրերից իմացավ, որ Էդգարն Արցախի հերոս է. ինչպես խոցեց առաջին ու հաջորդ 9 տանկերը

300
(Թարմացված է 22:32 12.05.2021)
Սերժանտ Էդգար Մարկոսյանը պատերազմի առաջին րոպեներից թեժ կռվի մեջ էր, բայց ընտանիքին ասել էր, թե իրենք բունկերներում են, կռվին չեն մասնակցում։

Բարձրահասակ, թիկնեղ, հաստաբազուկ․ մոտավորապես այսպես ենք պատկերացնում հերոսներին։ Արի ու տես, որ բացառիկ խիզախությունը, ուժն ու հերոսականությունը փոքր մարմնում էլ են տեղավորվում։ Ժամկետային զինծառայող, սերժանտ Էդգար Մարկոսյանն Արցախյան վերջին պատերազմում ընդամենը 5 օրերի ընթացքում թշնամու 10 տանկ է խոցել։ Հոկտեմբերի 4-ին՝ պատերազմի թեժ օրերին, 23-ամյա հրետանավոր Էդգարին շնորհվեց Արցախի բարձրագույն պետական կոչումը՝ «Արցախի հերոս»։

Боевая медаль героя карабахской войны сержанта Эдгара Маркосяна
© Sputnik / Andranik Ghazaryan
Էդգար Մարկոսյանը շքանշանը

«Պարտք մնալ չեմ սիրում»

Էդգարը շփվող է, մարդամոտ, բայց իր հերոսության մասին պատմելիս քչախոս է դառնում։ Ասում է՝ շատ տղաներ կային առաջնագծում, որոնք բացառիկ հերոսություններ են արել, բայց նրանց մասին հայտնի չէ, չի խոսվում։

Պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը գերազանց ավարտելուց հետո անվճար ընդունվում է մագիստրատուրա, բայց որոշում է հայրենիքի առջև պարտքը կատարել, հետո շարունակել ուսումը։

Эдгар Маркосян с соратниками во время войны в Карабахе
© Photo : provided by Edgar Markosyan
Էդգար Մարկոսյանը բանակում

 «Յուրաքանչյուր հայ տղայի պարտքն է ծառայել բանակում, ես պարտք մնալ չեմ սիրում(հեղ․ ծիծաղում է)։ Եթե ոչ ես, իմ ընկերը, էն մյուսը, բա էլ ո՞վ պետք է մեր երկրի անվտանգությունը պահի»,- ասում է Էդգարը։

2019 թվականի հուլիսին Էդգարը զորակոչվում է բանակ։ Ծառայության կեսից ավելին հետևում էր մնացել, երբ սկսվեց պատերազմը։ Ասում է՝ մոտալուտ պատերազմը սպասելի էր, անսպասելին պատերազմի ուժգնությունն էր, սահմանագծի ամբողջ երկայնքով հարձակումը։

Эдгар Маркосян в окопе с товарищем во время войны в Карабахе
© Photo : provided by Edgar Markosyan
Էդգար Մարկոսյանը` դիրքերում

«Պատերազմի առաջին մի 10 րոպեն շոկային էր, մեր կենտրոնացման շրջանում էինք, ես՝ որպես հերթապահ հաշվարկ, բարձր դիրքում էի։ Որ սկսվեց, դուրս եկանք սարի վրա, բաց տեղ էր։ Զարմանքից նայում էինք, թե ինչ է կատարվում, անգամ կինոներում չէինք տեսել նման բան։ Էն պահին ենք ուշքի եկել, որ մեզնից մի 80-100 մետրի վրա սնարյադ պայթեց....ու անցանք գործի»։

Հերթով...

Պատերազմի առաջին օրերն Էդգարն անցկացրել է Թալիշում, հետո Մատաղիս, Եղնիկներ... Իր խոսքով՝ լայն գծով էին կռվում։ Իրեն «Արցախի հերոս» կոչումը բերած 10 տանկերն էլ Թալիշում է խոցել։

-10 տանկ․․․ ինչպե՞ս։

-Հերթով,- համեստաբար ասում է Էդգարը։

Герой карабахской войны сержант Эдгар Маркосян рассказывает о днях войны
© Sputnik / Andranik Ghazaryan
Էդգար Մարկոսյանը

Մինչև պատերազմը հակատանկային «Կորնետ» զենքից չէր կրակել։  Սկսել էին դիրքավորվել, երբ տեսան՝ դեպի իրենց միանգամից 3 տանկ են առաջ գալիս։ Առաջին տանկի խոցումը երբեք չի մոռանա։

«Ռակետը կառավարվող է․առաջինը խփեցի, տարա մինչև տանկը, կպավ բաշնյայի տակին, բաշնյան միանգամից շպրտեց մի 150 մետր... Ասեցի՝ էլ հետ գնալու ճանապարհ չկա, տղերք, ռակետները տվեք»։

Այդպես Էդգարը մոտ 2 րոպեում միանգամից 3 տանկ խոցեց։ Ինչպես ասում են, ձեռքը բացվեց։ Մի քանի անգամ տանկային շարասյուներ է կանգնեցրել․խոցել է առաջին տանկն, ու դրանից հետո մեր հրետանին ոչնչացրել է մյուսներին։

«Որ մասը ես պահում էի, հրամանատարական դիտակետն էր, կռվի ժամանակ հիմնական նպատակը հրամանատարներին շարքից հանելն է, որ կռիվը դառնա անկառավարելի։ Իրենց նպատակն էլ էդ դիտակետն էր։ Իրենք էդ ուղղությամբ հարձակվում էին թե օդով, թե ցամաքով, ջուր լիներ, ջրով էլ կգային»։

Խոստովանում է՝ ամեն անգամ տանկին դեմ հանդիման դուրս գալիս գիտակցել է, որ կարող է դա իր կյանքում արած վերջին բանը լինի։

«Որ դուրս ես գալիս տանկի դիմաց,  թիրախ ես դառնում, քո վրա աշխատում են օդից, ցամաքից։ Եղել է, որ հրամայվել է «թողնել»` զուտ ինձ չվտանգելու համար, բայց չեմ ենթարկվել հրամանին։  Պոստերում մի 400 երեխա, հրամանատարական դիտակետում... Գիտակցել եմ, որ էդ մի տանկը կարող է շատերին սպանել, եթե ես կարող եմ կանգնեցնել, ուրեմն պետք է անեմ»։

Էդգարը ոչնչացրել է 8 հատ T-72(անձնակազմը՝ 5 հոգի)  և 2 հատ T-90 (անձնակազմը՝ 6 հոգի) տանկեր։ Բոլորն էլ շարժման ընթացքում են եղել, նշանակում է՝ անձնակազմով։ Ամենահեռու խոցումը եղել է 7 կմ հեռավորության վրա, ամենամոտը՝ 1,2կմ։

Արցախի հերոս

Ընտանիքը չգիտեր, որ Էդգարը պատերազմի առաջին րոպեներից թեժ կռվի մեջ է և հերթով-կարգով ադրբեջանական տանկեր է ոչնչացնում։ Մորն ասել էր, թե իրենք երկրորդ գծում են, իսկ կռիվն էլ դեռ առաջին գծում է։ Կապ էլ չկա, որովհետև բունկերում են լինում, տուն զանգելու համար ստիպված է լինում բունկերից դուրս գալ։

Герой карабахской войны сержант Эдгар Маркосян с улыбкой рассказывает о страшных днях войны
© Sputnik / Andranik Ghazaryan
Էդգար Մարկոսյանը

«Հոկտեմբերի 4-ին Մարտակերտում էինք` դիտարկում անելու, հետագայում կրակ վարելու տեղ էինք ընտրում։ Եկավ դիվիզիայի հրամանատար գեներալ Շաքարյանը, հոգնած, տանջված, մի կողմի պառկած էի։ Ի դեպ, Շաքարյանն էն գեներալներից է, որ զինվորի կողքին հավասար կռիվ է արել։ Որ տանկ էի խփում, կողքից բալետ էր անում՝ Մարկոսյան խփի։ Շաքարյանն ասաց՝ «Մարկոսյան, արի», մոտեցա, ասեց՝ «մեզ նկարեք»։ Այդպես Էդգարն իմանում է, որ իրեն մեդալով են պարգևատրելու, բայց «Արցախի հերոս» մտքով էլ չէր անցնում։ Րոպեներ անց ընկերոջից զանգ է ստանում՝ «հեռուստացույցով նախագահը հայտարարեց, դու Արցախի հերոս ես»։

Грамота от президента НКР герою карабахской войны сержанту Эдгару Маркосяну
© Sputnik / Andranik Ghazaryan
Արցախի նախագահի հրամանագիրը` Էդգար Մարկոսյանին «Արցախի հերոս» կոչումը տալու

«Վայ, մամաս...»,- Էդգարը հասկանում է, որ «բունկեր» ու «երկրորդ գիծ» արտահայտություններով այլևս մորը չի հանգստացնի։

«Էդգարի ընկերը զանգեց. «Անահիտ տյոտյա, աչքներդ լույս, Էդգարն Արցախի հերոս է դարձել»։ Ես չեմ հասկանում, թե ինչ է ասում ընկերը, մեկ էլ տեսնեմ հեռուստացույցով Էդգարի նկարը։ Էլ ոչինչ չեմ լսում, հիստերիկ լաց է սկսվում մոտս...»,- հիշում է տիկին Անահիտը։

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

«Ու սկսվեցին զանգերը, պապիս զանգեց լացակումած․ ես երբեք նրան լաց լինելիս չեմ տեսել»,–պատմում է Էդգարը։

«Ու սկսվեցին ամենադաժան օրերը... Ամեն օր եկեղեցի էի գնում, խորանի առջև ծնկի գալիս ու խնդրում, որ տղաս հետ գա»,–ասում է մայրը։

Ողնաշարի վնասվածքն ու ավարտված կռիվը

Էդգարը հեռախոսի մեջ մետաղաջարդոնի լուսանկար է ցույց տալիս, ասում է՝ իրենց մեքենան է։ Զենքը տեղավորել էին, գնացել հրթիռների հետևից, 2 րոպե անց վերադարձան ու տեսան՝ մեքենայից ոչինչ չի մնացել։ Մոտ մեկ շաբաթ ստիպված են եղել հիմնականում ոտքով տեղաշարժվել։

Эдгар Маркосян с товарищем во время войны в Карабахе
© Photo : provided by Edgar Markosyan
Էդգար Մարկոսյանենց մեքենան

«Ամեն արկը 35-40 կգ, զենք, զրահաբաճկոն, մագազիններ 4-5 հատ, կասկա, ռացիա, հեռադիտակ. ու այդքանը վրադ վազում ես։ Ես էլ քթի միջնապատի խնդիր ունեմ, մի 300 մետր վազում էինք, ընկնում էի համարյա ուշագնաց, շունչս տեղը բերում, որ էլի շարունակեմ»։

Эдгар Маркосян с соратниками во время войны в Карабахе
© Photo : provided by Edgar Markosyan
Էդգար Մարկոսյանը` դիրքերում

Հոկտեմբերի 10-11-ը Էդգարը ողնաշարում սուր ցավ է զգում։  Կարծում է՝ մկանային է, կանցնի։ Հրաժարվում է հոսպիտալ իջնել։ Գիշերում են խրամատում, առավոտյան անտանելի ցավով է արթնանում, անգամ նստել չի կարողանում։ Շտապօգնության մեքենան սարը բարձրանալ չի կարող, ուստի իրենք պետք է իջնեին։ Սուր ցավերով, մի կերպ հասնում են բժիշկներին։ Մարտակերտի հոսպիտալից տեղափոխում են Ստեփանակերտ` ռենտգենի համար։ Սակայն բժիշկներն առաջարկում են Երևան տեղափոխել և ՄՌՏ անել։ Էդգարը համաձայնում է, բայց մի պայմանով՝ ՄՌՏ-ն կանեն, խնդիրը կպարզեն, կբուժվի ու հետ կվերադառնա իր հաշվարկի տղաների մոտ (հաշվարկի հրամանատարն էր)։ Արդեն Երևանում ՄՌՏ-ն ցույց է տալիս, որ ողնաշարի ճաք ունի։

«Ծանրությունն էր պատճառը։ Բժիշկն ասեց՝ մի քանի կիլոյի տարբերությամբ ողնաշարս չի փշրվել, չեմ պարալիզացվել։ Աստված է պահել։ Առհասարակ, ով էնտեղից հետ է եկել, Աստված է պահել»։

Պատերազմից հետո

«Միշտ մտածում ես՝ այնպես դաստիարակես երեխային, որ արժանի զավակ լինի, իսկ հիմա մտածում ենք՝ մենք իրեն արժանի լինենք։ Հիմա ես Արցախի հերոսի մամա եմ»,- ասում է տիկին Անահիտը։

Էդգարը վերջերս ողնաշարի լուրջ վիրահատություն է տարել, հիմա վերականգնողական փուլում է։ Իր բժիշկը՝ Արման Պարգևիչը, հրաժարվել է ընտանիքից վերցնել այն գումարը, որը պետպատվերով նախատեսված չէր։ Ասում են՝ ընտանիքի համար հարազատ մարդ է դարձել։

Էդգարը սկսել է անգլերենի, ծրագրավորման պարապմունքները, շարունակելու է ուսումը մագիստրատուրայում։ Հիմա կյանքի ամեն ժամն ապրում է ավելի գիտակված ու մեծ պատասխանատվությամբ։ Պատերազմի դաշտում շատ ընկերներ է կորցրել, ոմանք մինչև այսօր անհետ կորած են։

«44 օրը պահվել է տղերքի խելքի, ուժի, դաստիարակության, հայրենասիրության շնորհիվ։ Որ ասենք՝ տենց զենքերով փայլում էինք, որ կարողանայինք էդքան դիմանալ, չէ...Ու հիմնականում 18-20 տարեկան երեխեքն էին։ Էդ որ ասում են՝ անիմաստ էր էս ամեն ինչը, էդպես չէ։ Իրենց պլաններում կար հոկտեմբերի 2-3-ին Ստեփանակերտում լինել, բայց իրենք մինչև այսօր Ստեփանակերտում չեն։ Ոչինչ անիմաստ չի եղել, ուղղակի ափսոս տղերքը... Բայց եկեք չմոռանանք, որ պատերազմել ենք մի քանի երկրի հետ։ Արդեն խփածից կարողանում էինք տարբերակել՝ հրամանատարն ադրբեջանցի է, թուրք է, թե...»։

Руки матери Эдгара Маркосяна
© Sputnik / Andranik Ghazaryan
Էդգարի մոր ձեռքերը

Էդգարը վստահ է՝ պատերազմը չի ավարտվել։ Եղածից պետք է դասեր քաղենք, հզորանանք ու միշտ հիշենք՝ եթե խաղաղություն ենք ուզում,  պետք է պատրաստ լինենք պատերազմի։

300
թեգերը:
«Արցախի հերոս» բարձրագույն կոչում, սերժանտ, Ադրբեջան, Արցախյան պատերազմ, Արցախ, տանկ, Վիրավոր, զինծառայող, Զինվոր, Հայաստան
Ըստ թեմայի
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին...
«Նեմեսիսի» չբացահայտված լիդերներից մեկը․ ո՞վ էր ծախսատար օպերացիայի ֆինանսական տնօրենը
«Ողջ եմ, ուրեմն հաղթել եմ». 3 վերջույթը կորցրած փոխգնդապետը մարզում է զինհաշմանդամներին
Բողոքի երթ Թբիլիսիում. արխիվային լուսանկար

«Նախկիններ, նախկիններ...» ստեղծագործությունը իշխանությունների քաղաքական հիթն է դարձել

62
(Թարմացված է 22:12 12.05.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Այսօր Երևան ժամանած Իրակլի Ղարիբաշվիլին դժվար թե երկրորդ անգամ դառնար Վրաստանի վարչապետ, եթե իշխանությունները չձերբակալեին ընդդիմության առաջնորդ Նիկանոր Մելիային։

Եվրոպան, որը ոչինչ չարեց ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, շատ ավելի հաճելի առաքելություն ստանձնեց Վրաստանում

Եվ այս շաբաթ մեկուսարանից դուրս եկած Նիկան, ինչպես նրան անվանում են մերձավորները, հիմա իրավամբ կարող է գլուխ գովել. «Տեսա՞ք ինչ արեցի՝ ոչ միայն վարչապետ փոխեցի, այլև ստիպեցի եվրոպացիներին իմ փոխարեն վճարել գրավը»։

Համաձայնե′ք, իսկապես արտասովոր փաստ է՝ Եվրամիությունը համաձայնեց գրեթե 12 հազար դոլար վճարել, միայն թե Վրաստանի իշխանությունները ազատ արձակեն ընդդիմադիր գործչին, որի սպասվող ձերբակալման դեմ բողոքելով հրաժարական տվեց նախկին վարչապետ Գեորգի Գախարիան։

​Հիմա բոլորը սպասում են, թե պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Մելիան ինչպես է դադարեցնելու ընդդիմության բոյկոտը և վերադառնալու խորհրդարան, և ինչպես է նույն Մելիան իրագործելու ճաղերի հետևից իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչեցրած սպառնալիքը. «Հենց որ դուրս գամ մեկուսարանից, ես ձեզնով կզբաղվեմ»։

Իշխանավորների մեծ մասն ի պատասխան հեգնում է. «Ինչ լավ է, որ եվրոպացիները նպաստեցին այս մարդու ազատ արձակմանը, թե չէ՝ նա արդեն օրեցօր ավելի ու ավելի ծիծաղելի էր դառնում»։ Սակայն որոշ վերլուծաբաններ պաշտպանում են Մելիային՝ հիմնավորելով. «Ախր, եթե այս մարդը չլիներ, Եվրոպան չէր էլ հիշելու ո′չ մեր ընդդիմության, ո′չ էլ Վրաստանի մասին ընդհանրապես»։

Հայաստանի կայունությունը և զարգացումը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար. Ղարիբաշվիլի

​Մեկնաբանները փաստում են, որ հակառակ իշխանությունների և ընդդիմության երկարատև առճակատման, վրացիները, որոնք ժամանակին իրականացրին Վարդերի հեղափոխությունը, այժմ արդեն նոր հեղափոխություն չեն ուզում։ Թույլ տվեք ենթադրություն անել, որ նրանք հաշվի են առնում նաև Հայաստանի վերջին տարիների փորձը՝ հեղափոխություն, հետո էլ՝ տարածքների անսպասելի ու աննախադեպ կորուստ։ Ճիշտ է, ճգնաժամը հաղթահարելու ծրագիրը, որը եվրոպացիներն առաջարկում են վրացիներին, նույնպես կարելի է բնորոշել որպես «անսպասելի ու աննախադեպ»։

​Դատե′ք ինքներդ։ Ըստ այդ եվրոպական ծրագրի, մի քանի ամսից Վրաստանում անցկացվում են տեղական ընտրություններ, և եթե իշխանական ուժը, որին ընդդիմությունը մեղադրում է պառլամենտական վերջին ընտրությունները կեղծելու մեջ, հավաքում է 43 տոկոսից պակաս ձայն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։ Ճիշտ է, որոշ փորձագետներ համոզված են, որ իշխող «Վրացական երազանքի» համար այդ 43 տոկոսը բոլորովին խնդիր չէ, բայց էստեղ շատ կարեոր ու դրական մեկ այլ հանգամանք կա՝ զգալիորեն մեծանում է տեղական ընտրությունների նշանակությունը, որը մեր՝ հայաստանյան ընդդիմությունը, սկսել է գիտակցել միայն վերջին տարիներին։

​Տեսե′ք։ Տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ տեղական ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեզ մոտ խիստ միակողմանի էր։ Իշխանությունները հրաշալի հասկանում էին, որ ավագանու հավատարիմ անդամներ և հավատարիմ գյուղապետ ունենալը չափազանց կարևոր է հաջորդ ընտրություններում։ Այնինչ ընդդիմությունը միշտ էլ, կներե′ք, թքած է ունեցել տեղական ընտրությունների վրա։

Եվ միայն մի քանի տարի առաջ այն ժամանակվա ընդդիմությունը փաստորեն առաջին անգամ մեր նորանկախ պատմության ընթացքում որոշեց ամենայն լրջությամբ մոտենալ տեղական ընտրություններին։ Թվում էր, թե առաջին փորձը տապալվեց հիմնովին. հիշում եք երևի՝ 2016-ին «Քաղաքացիական պայմանագրի» սատարած թեկնածուներից ընդամենը մեկը հաղթեց Նոր կյանք գյուղում։ Բայց հենց դրանից սկսվեց այդ կուսակցության հաղթարշավը, որը երկու տարի անց ավարտվեց Ազգային ժողովի գրեթե լիակատար գրավումով։

​Եվ էլի մի հարցում վրացի ընդդիմադիրները, իմ կարծիքով, հաշվի են առնում մեր ընդդիմության ոչ այնքան հաջող փորձը։

Ինչպես Բաղրամյան 26-ում դիմավորեցին Վրաստանի վարչապետին. լուսանկարներ

Թբիլիսիում հիմա ավելի ու ավելի հաճախ է հնչում մի գաղափար. «Եկեք ընդդիմադիրներով միավորվենք, դաշինք կազմենք, բայց առանց նախկինների, այսինքն, առանց Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժման»։

Համաձայնե′ք, ռացիոնալ հատիկ կա այս առաջարկում։ Չէ՞ որ եթե առաջ Տիգրան Կարապետյանը իր հեռուստատեսության եթերում հրաշալի կատարում էր «Ծաղիկներ, ծաղիկներ, ծաղիկներ» երգը, ապա այժմ «Նախկիններ, նախկիններ, նախկիններ» ստեղծագործությունը իշխանությունների քաղաքական հիթն է դարձել։ Ճիշտ է, Կարապետիչի կատարման չափ գեղեցիկ չի հնչում, բայց որոշ մարդկանց վրա ակնհայտորեն ազդում է։

62
թեգերը:
ընդդիմություն, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (371)
Ըստ թեմայի
Վրաստանում Արցախից հետո գիտակցեցին ՀՀ–ի կարևորությունը. ինչու Սարգսյանն այցելեց Թբիլիսի
Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին
Ողջույնից մինչև հրաժեշտ․ Արմեն Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցի ֆոտոհաշվետվությունը
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին

171
(Թարմացված է 00:35 13.05.2021)
ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային, բայց կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Սյունիքում կատարվածն իր բնույթով դիվերսիոն անցում է։ Այսպես է գնահատել ադրբեջանական ԶՈւ գործողությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի մասին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշեցրել է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր` ըստ էության, փորձ անելով պարփակել Սև լիճը:

«Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ, և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում:

«Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»,–ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ՀՀ–ն որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվի այս պահին առկա իրավիճակն ու հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները:

Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա և պարտադրել իր պահանջները

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է, և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: «Ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

171
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Իշխանասար, Սյունիք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին