Նարեկ սարկավագ, պատերազմ, մահ, կին, դուստր, երեխա, narek sarkavag, pateazm, novosti armenii
Նարեկ սարկավագ

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

2202
(Թարմացված է 23:14 15.04.2021)
Սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք պատերազմի մեկնարկի մասին, կիրակի էր։ Նարեկ սարկավագը պատարագ ուներ, բայց շտապեց նախարարություն, երեկոյան տուն եկավ զինվորականի հագուստով։ Ուղիղ 1 ամիս նա զինվորների կողքին եղավ ու դեռ կլիներ, եթե թշնամու գնդակը չխլեր Նարեկի կյանքը։

Գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանն ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ վերջին պատերազմում զինվորներին մենակ չթողեց` մարտերը սկսվելուն պես շտապելով առաջնագիծ։ Այժմ էլ նա իր զինվորների կողքին է` Եռաբլուրում...

Նարեկ սարկավագի մասին պետք է զրուցեմ նրա կնոջ` Մարիամ Բզնունու հետ։ Մարիամը տրամադրված է հարցազրույցին, սկզբում անկեղծորեն ասում է` փակվել էր և մինչ այս չէր կարողանում մարդկանց հետ շփվել։ Զրույցի ընթացքում հանդարտորեն, մեղմ ժպիտով պատմում է ամուսնու մասին և, միայն երբեմն–երբեմն հուզվելով, լռում. ժամանակ է վերցնում` չուզենալով զգացմունքներին տեղիք տալ։

Дьякон Нарек Петросян с супругой Мариам Бзнуни
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը կնոջ հետ

Ապրիլյանի ժամանակ Մարիամն ու Նարեկ սարկավագը դեռ ամուսնացած չէին։ Կինը պատմում է, որ երբ Նարեկը հայտնել է առաջնագիծ մեկնելու մասին, շատ է անհանգստացել և խնդրել է, որ ինքն էլ հետը գնա։ Բայց Նարեկ սարկավագը վստահեցրել է` լավ է լինելու. Մարիամին մնում էր միայն օրուգիշեր աղոթել։

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

«Պատերազմի ավարտից հետո, սակայն, Նարեկը չշտապեց տուն վերադառնալ. նա դեռ երկար ժամանակ այնտեղ էր, որպեսզի օգներ զինվորներին. գառներ էր գնում և մատաղ անում։ Երբ առաջնագիծ «Սնիկերս» էին ուղարկում, ասում էր, որ դա սնունդ չի, պետք է օգտակար բաներ ուտեն։ Ուշքումիտքը զինվորներն էին»,–ասում է Մարիամը։

Ամեն ինչ այլ էր այս անգամ. Մարիամն արդեն ավելի քիչ էր անհանգստանում, քանի որ նախորդ անգամվա փորձն ուներ, մտածում էր` ապրիլյանի նման սա էլ մի քանի օր է տևելու. կաղոթի, և Նարեկը նորից կվերադառնա...

Дьякон Нарек Петросян с военнослужащими
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը զինծառայողների հետ

Պատերազմը սկսվելու օրը` առավոտյան, Նարեկ սարկավագը պատարագ ուներ, քանի որ կիրակի էր, սակայն իմանալով, որ մարտեր են սկսվել` շտապել է պաշտպանության նախարարություն։ Երեկոյան զինվորական համազգեստով է վերադարձել և այդպես` մի ձեռքին` զենք, մյուսին` խաչ, մեկնել է Արցախ։ 

Дьякон Нарек Петросян
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագ

«Ինձ ասաց` Մարիամս, իմացա, որ ամենաթեժ կետը Հադրութում է, որոշեցի այնտեղ մեկնել։ Իսկ երբ ասում էի` հետ արի, դու Մարիա ունես, ինձ պատասխանում էր, թե այստեղ բոլորը Մարիա ունեն. մինչև պատերազմը չվերջանա, հետ չեմ գա»,–հիշում է Մարիամը։

Дьякон Нарек Петросян с семьей
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը կնոջ ու դստեր հետ

Նարեկ սարկավագն առաջնագծում ազատ ժամանակ զինվորների համար սուրճ, թեյ էր պատրաստում, նրանց հետ Աստծո մասին զրուցում։ Երբ իմանում էր, որ զինվորը մկրտված չէ, նաև մկրտություն էր կազմակերպում` կանչում էր տեր հայրերին, իսկ երբ տղաներից մեկը հոգնած էր լինում, նրան էր փոխարինում, որ զինվորը քնի, հանգստանա։ Սոցցանցերում տարածվող լուսանկարներում Մարիամը մի օր տեսել է, որ ամուսինը խաչ է գցում զինվորներից մեկի վզին. Նարեկ սարկավագն Էդգար անունով մի զինվորի կնքահայրն է դարձել։ Հետագայում Մարիամը գտել է զինծառայողին, որն այս ամռանն է զորացրվելու։ Էդգարին մկրտելիս, ինչպես կարգն է պահանջում, սարկավագը նրան նոր անուն է տվել` Նարեկ...

Дьякон Нарек Петросян на передовой
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը զինծառայողների հետ

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

Պատերազմի ընթացքում Նարեկ սարկավագը տուն է եկել` կնոջն ու երեխային տեսնելու։ Մարիամն ասում է` լռակյաց էր դարձել, տխուր էր, հարցերին պատասխանում էր կարճ` այո կամ ոչ։

Дьякон Нарек Петросян с семьей
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը կնոջ ու դստեր հետ

«Երբ տուն եկավ, չէի հարցնում` գնալու է, թե ոչ, համբերատար սպասում էի, որ ինքն ասի որոշման մասին։ Մեր փոքրիկի` Մարիայի հետ մի լավ խաղաց, անգամ ինչ–որ տեսանյութ նկարեց հեռախոսով։ Հաջորդ օրն առավոտ շուտ նորից Արցախ գնաց, ասաց` պիտի իր զինվորների կողքին լինի»,–ասաց Մարիամը։

Дьякон Нарек Петросян
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագ

Չնայած ամուսինը տխուր էր, սակայն հաղթահարել էր մահվան վախը։ Մարիամը հիշում է` երբ Նարեկը Ճարտար համայնքում էր (Մարտունու շրջան), զանգել, ասել է, որ հիանալի վայր է` ասես դրախտ լինի, ուզում է հետագայում ընտանիքով այնտեղ տեղափոխվեն ապրելու։ Ի դեպ, Նարեկ սարկավագը ծնվել է հենց Արցախում` Մարտակերտի Վաղուհաս գյուղում, իսկ սովորել Շուշիի դպրոցներից մեկում. նրա համար Արցախի բնությունը նորություն չէր։

Дьякон Нарек Петросян с военнослужащими
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը զինծառայողների հետ

Նարեկ սարկավագը հարազատ Մարտունիում է զոհվել` պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց` հոկտեմբերի 29-ին։ Մարիամն ասում է` Նարեկն այնքան հոգատար և ուշադիր ամուսին էր, որ հիմա իրեն շատ դժվար է, և նրա բացակայությունն ամենուր է զգացվում։ Կենցաղային հարցերից սկսած` սարկավագը կնոջն աջակցում էր. Մարիամը հիշում է, երբ հղի էր, հետո էլ դուստրը ծնվեց, Նարեկը գնումներ անելիս ամեն ինչից երկու տարբերակ էր վերցնում, որպեսզի կինն ընտրի։

Дьякон Нарек Петросян с семьей
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագկնոջ ու դստեր հետ

«Հիմա ամեն ինչ իրեն է հիշեցնում` սենյակում մեր նկարները, պահարանում գտնվող կոշիկները, հագուստը, որոնք դեռ խնամքով դասավորում եմ։ Փետրվարի 4-ին մեր դստեր ծնունդն էր, 1 տարեկան դարձավ. նրա համար ամեն ինչ անում եմ, տարեդարձն էլ, ատամհատիկն էլ վառ գույներով կազմակերպեցի»,–ասում է Մարիամը։

Նրանց փոքրիկ դուստրը նույնպես կարոտում է հորը` նկարն ամեն անգամ տեսնելիս ժպտում է, շոյում, համբուրում։ Մարիամն ասում է` դուստրն իր հետ հիմա ավելի է կապվել և հայրիկի կարոտն էլ իրենից է ասես առնում։

«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ

Նարեկ սարկավագը երազում էր տեր հայր դառնալ, նախորդ ամռանը քննություն էր տվել։ Բացի այդ, երազում էր իր առանձնատունն ունենալ` հողատարածքով, որպեսզի բնական ու մաքուր սնունդ ապահովեր ընտանիքի համար, այգի մշակեր, ճագարներ պահեր... Ուզում էր 4 աղջիկ ունենալ, ինչպես կնոջ ընտանիքում էր։ Մարիամը պատմում է, որ ամուսինն ասում էր` իրենց տանը միշտ հանգիստ է, իսկ Նարեկենք 3 եղբայրն են եղել, երեքն էլ` աշխույժ։ Նարեկի եղբայրները նույնպես հոգևոր կրթություն են ստացել, բայց միայն Նարեկն է շարունակել այդ ճանապարհը։

Детская фотография Нарека Петросяна
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը մանուկ հասակում

Մինչ Մարիամը դադար է վերցնում, մեր զրույցին ներկա փոքրիկ Նարեկը (Նարեկ սարկավագի սանիկն է), որը մինչև այդ հազիվ էր իրեն զսպել ու լուռ մնացել, ասում է. «Գիտե՞ս, թագավորն ինձ թողնում էր, որ իր մեքենայի հետ խաղայի։ Ինձ նստեցնում էր իր մեքենան, միասին լավ ծիծաղում էինք։ Թագավորը միշտ իմ գլուխը շոյում էր»։

Նարեկն ու Նարեկ սարկավագն իրար «թագավոր»-ով էին դիմում, քանի որ տարիներ առաջ ցույց տալով սարկավագին` երեխային հարցրել են, թե կուզի՞ նրա պես «թագավոր մարդ» դառնալ։ Երեխան էլ, տեսնելով, որ սարկավագի գլխին թագ չկա, հագուստն էլ թագավորական չէ, մի փոքր հիասթափված պատասխանել է, թե թագավորներն այսպե՞ս են լինում իրականում։ Նարեկ սարկավագին այս պատմությունը շատ է դուր եկել, և նա դրանից հետո միշտ երեխային թագավոր է ասել, փոքրիկն էլ հակադարձել է` թագավորը դու ես։

Нарек, крестник дьякона Нарека Петросяна
© Sputnik / Andranik Ghazaryan
Նարեկ սարկավագի սանիկը

Երեխայի մայրը` Արփինե Մարուքյանը, պատմում է, որ Նարեկ սարկավագի հետ ծանոթացել է հաճախակի եկեղեցի այցելելով։ Առաջին իսկ հանդիպմանը Նարեկ սարկավագը հետաքրքրվել է` արդյոք փոքրիկը մկրտվա՞ծ է, և իմանալով, որ մկրտված չէ, գործի է անցել։ Մայրն ասում է, որ երկու Նարեկների կապն այնքան ուժեղ է, որ բոլորն են դա զգում։

«Նարեկ սարկավագին երեխաները շատ են սիրում, և եկեղեցում միշտ նրա շուրջն էին հավաքվում։ Հիմա տղայիս համար դժվար է պատարագի ժամանակ խորան բարձրանալ. Նարեկի բացակայությամբ 2 անգամ է գնացել։ Նարեկ սարկավագը մեր ընտանիքի լույսն է, նրա ներկայությունը միշտ զգում եմ պատարագների ժամանակ»,–ասում է Արփինեն։

Մոր խոսքն ընդհատում է փոքրիկ Նարեկը ու հարցնում` թագավորները հրեշտակ դառնո՞ւմ են։ Մայրն ի պատասխան գլխով նշան է անում, իսկ երեխան աշխուժանում է. «Ուրեմն թագավորը հիմա հրեշտակ է դարձել։ Իրեն մենակ թագավորական տեղն էր պակասում, որ նստեր»։

Нарек, крестник дьякона Нарека Петросяна
© Sputnik / Andranik Ghazaryan
Նարեկ սարկավագի սանիկը

... Նարեկ սարկավագի հայրն էլ Արցախյան առաջին պատերազմին է մասնակցել. նա անհետ կորած է համարվում։

2202
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո
Թշնամուն արհամարհական ժպիտ թողեց․ Գևորգը հաղթել էր թշնամուն՝ պահել էր Շուշին
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանական հրթիռակոծությունից հետո

Ադրբեջանը թույլատրում է ու նույնիսկ շտապեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այցելել իր վերահսկած տարածքներ