Թթի օղի

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

724
(Թարմացված է 23:02 11.04.2021)
Հայաստանի հատուկ ծառայությունները վերջին շրջանում հաճախ են բավականին կոշտ քննադատության ենթարկվում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է մի դրվագ, որը ցույց է տալիս՝ ինչպես է հանրապետության ՊԱԿ-ն աշխատել խորհրդային ժամանակներում։

Վերջերս անընդհատ լսում ես՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաճախ իր գործով չի զբաղված, լրտեսներին բռնելու, գործակալական ցանցերը վնասազերծելու, սահմանն ու պետական գաղտնիքները փակի տակ պահելու փոխարեն շեղվում է երկրորդական հարցերի վրա, մանր-մունր բաներով է զբաղվում։ Եթե այսպես շարունակվի, ապա, ինչպես պնդում են քննադատները, կարելի է կորցնել նախորդ սերունդների փորձը, ավանդույթները և մոռանալ «մկներին բռնելու» ունակությունը։

Աշնանային մի գեղեցիկ օր Երևանից ոչ հեռու գտնվող Ջանֆիդա գյուղ հեռագիր եկավ․ «Կայծ շեշտ․ Շտապ ծանր ջուր ուղարկի կետ․ Ֆանը կատաղած է կետ․ Շատ ապակե տարաներով բեռնեք կետ․ Ժամկետն անցել է կետ»։ Ստորագրությունը՝ Արթուր, Սերժ։

Այն ժամանակ Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող գյուղը կոչվում էր Ջանֆիդա։ Տեղի բնակչությունը ապրում էր խիստ սահմանային ռեժիմի կանոններով։ Մուտք գործելուց անցագիր էր հարկավոր, դուրս գալուց՝ հեռանալու թույլտվություն, բնապատկերներ լուսանկարելը խստիվ արգելվում էր, այլ քաղաքներից ժամանած հյուրերին կարելի էր ընդունել միայն ուղեկալի պետի իմացությամբ։ Եվ հանկարծ այդ հեռախոսագիրը։

Հեռագրի հետևանքներն առաջինը զգաց «Կայծը»՝ Ռոբերտ Արամայիսի Կայծունին, Ջանֆիդա գյուղի դպրոցի (այն ժամանակ՝ Հոկտեմբերյանի շրջանի, այժմ՝ Արմավիրի մարզի) ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչը։

«Ձեզ հետևում են»,- գաղտնի նրա ականջին շշնջացել էր հարևան գյուղատնտեսը։

Անտեսելով հաղորդագրությունը՝ Կայծունին շարունակում էր երեխաներին գիր ու գրականություն սովորեցնել, ընդունել գյուղացիների հարսանիքների ու ծննդյան օրերի հրավերներն ու ընկերություն անել ուղեկալի պետի՝ կապիտան Զուբկովի հետ։

Անհանգստության առիթ չունեին նաև այս տարօրինակ հեռագիրն ուղարկողները։ Արթուր Կիրակոսյանն ու «Սերժը» (ձեր սյունակագիրը) ասես ոչինչ չի եղել՝ հաճախում էին Երևանի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսություններին, իսկ երեկոյան գնում էին աշխատանքի։

Աշխատանքի վայրը Հայկական ԽՍՀ կապի նախարարությունն էր, որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Հանրապետության հրապարակում։ Արթուրը երկրորդ հարկում հեռագրիչ էր, ես էլ (մի հարկ վերև) գծային-ապարատային դահլիճում միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի։ Այնպես չէ, որ լավ էին վարձատրում, բայց կրթաթոշակի հետ գրպանի ծախսերի համար բավականացնում էր։

Հերոսից` հակահերոս, կամ ինչպես կարողացան բռնել Հայկ Բժշկյանցին ու «կոտրել» նրան

... Այն ժամանակ հայերը շատ էին կարդում, իսկ բանասիրական ֆակուլտետի ուսանողները՝ ավելի շատ, և ահա անգլերենից թարգմանաբար լույս տեսավ Ռոբերտ Յունգի «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը։ Բոլորը կարդում էին այն։

Յունգը պատմում է նախապատերազմական ֆիզիկայի մեջ ատոմային զենքի գաղափարի զարգացման, հաջողության չհասած գերմանական միջուկային ծրագրի, ԱՄՆ-ում միջուկային զենքի շուրջ բուռն քաղաքական բանավեճով Մանհեթենի նախագծի մասին: Մանրամասն նկարագրված է նաև Ռոբերտ Օպենհեյմերի դատավարությունը։ Մի խոսքով, ընթերցողին ամեն ինչ հետաքրքիր ու ճանաչողական էր, բայց երեք անգամ ավելի հետաքրքիր կլիներ, եթե իմանայինք, որ ծանր ջրի հիմքով ռեակտորի ստեղծման խորհրդային նախագծի ղեկավարը մեր հայրենակից Արտյոմ Ալիխանովն էր։

Մի խոսքով, կարդալով ու նույնիսկ վերընթերցելով Յունգի գիրքը, որոշեցինք, որ ատոմային ֆիզիկայի «ծանր ջրի» արժանի անալոգը կենցաղում կարող է լինել թթի օղին, իսկ այն սարքում էին ոչ միայն Քարահունջում, այլև Ջանֆիդայում: Կայծը, որը չնչին գումարով էր գնում այն համագյուղացիներից, ուղարկում էր օղին կամ ինքն էր բերում Երևան։ Բայց հանկարծ սրտամաշ դադար առաջացավ, բջջային հեռախոսներ այն ժամանակ չկային, բայց կար Արթուրը՝ հեռագրի վրա աշխատող ու պատկան մարմիններին վախեցնող մեր ընկերը։

Այստեղ պետք է նշել. ՊԱԿ-ում, իհարկե, հասկանում էին, որ բաց տեքստով նման հաղորդագրություն ուղարկելու համար պետք է ապուշ լինել, իսկ ԿՀՎ-ում կամ այլ օտարերկրյա հետախուզությունում ապուշների դժվար թե պահեն։ Այնուամենայնիվ, հեռագրում «ծանր ջուր» կար, հայկական ԱԷԿ-ը Ջանֆիդայի մոտակայքում է, ֆրանսիական հնչողություն ունեցող «Սերժն» էլ ամեն դեպքում մեր հայկական Սերոժը չէր: Իսկ դա նշանակում է, որ սա այն դեպքն է, երբ ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել վտանգը։

Արտաքին վերահսկողության որևէ նշան մեզանից ոչ ոք չէր զգացել, բայց նախազգուշացնող «ձեզ հետևում են» արտահայտությունը տեղին էր, ինչի մասին ուղեկալի ղեկավարը, կապիտան Զուբկովը մի անգամ ասել էր Ռոբերտին, քանի որ նրանք հին ընկերներ էին։

Բարեխղճորեն ավարտելով հետաքննությունը՝ պետանվտանգության կոմիտեն պետական դավաճանության փորձի նշաններ չգտավ, պարզվեց՝ «ծանր ջրի» պատմությունը թթի օղու վերաբերյալ հիմարություն էր, սակայն կանխարգելիչ միջոցառումներ ամեն դեպքում ձեռնարկվեցին:

Արթուր Կիրակոսյանին ազատեցին աշխատանքից։

«Երիտասարդները պետք է ոչ թե գիրք կարդան, այլ գործ անեն», - ասաց հեռագրատան տնօրեն, ընկեր Բաչաչյանը՝ ակնարկելով «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը:

Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային

Ինձ չկայացած հանցագործության հանցակից ճանաչելու հիմքեր չկային, ու ես ինչպես միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի, այդպես էլ մնացի մինչ ուսմանս ավարտը։

Անհրաժեշտ բացատրություն. «ծանր ջրի», հեռագրի և օղու պատմությունն այն բանի մասին է, որ երբ խոսքը վերաբերում է երկրի անվտանգությանը, հատուկ ծառայությունները պարտավոր են հավասարապես լուրջ ու պատասխանատու վերաբերվել ցանկացած տեղեկատվության: Հաստատվեց՝ լավ է, չհաստատվեց՝ նույնպես լավ, գուցե նույնիսկ ավելի լավ է։ Հարցն այլ է՝ որքանով կարող է ԱԱԾ-ն հաջողությամբ հաղթահարել այդ խնդիրը, եթե վերջին երկու տարում հինգ տնօրեն է փոխվել և, ինչպես պնդում են, ուր որ է կնշանակվի վեցերորդը։

724
թեգերը:
օղի, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, լրտես
Ըստ թեմայի
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին
Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում
Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է, կամ ինչով են նման Հայաստանն ու Շվեյցարիան
Խաչատուր Սուքիասյան. արխիվային լուսանկար

Ինչու են օլիգարխներն էլի ուզում ԱԺ մտնել, կամ հարուստներ և հայտնիներ ԱՄՆ-ի սենատում էլ կան

117
(Թարմացված է 10:19 15.05.2021)
Դատելով ԶԼՄ-ների հրապարակումներից՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր նախընտրական ցուցակում հայտնի գործարարների ընդգրկել: Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է՝ ինչի է գործարարին պատգամավորի մանդատ պետք, արդյոք նրանք կարող են երկրին օգուտ տալ։

Հանուն ինչի՞ են միլիոնատերերը խորհրդարան մտնում։ Հարցվածների վարկածները մի քանիսն են՝ երաշխավորել դրամապանակում ունեցածի ապահովությունը, օգտագործել քաղաքական լծակները՝ դրամապանակում եղածը մեծացնելու համար, օգտագործել պատգամավորական անձեռնմխելիությունը հնարավոր քրեական հետապնդումների դեպքում, բավարարել անձնական հավակնությունները:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ ոչ ոք չասաց, թե  հարուստները խորհրդարան են մտնում, որպեսզի զբաղվեն օրենսդրական գործունեությամբ, ներկայացնեն իրենց ընտրողների ու ընդհանրապես հասարակության շահերը։

Նույն մարդկանց հարցրի՝ իսկ իշխանությանը ինչի՞ն է պետք միլիոնատերերի ներկայությունը խորհրդարանում։ Պատասխանողներն ինձ ուղղեցին՝ ոչ միայն միլիոնատերերի, այլև հայտնի մարդկանց (երգիչներ, արտիստներ, մարզիկներ)։

Օլիգարխների դեպքում կարևոր է ֆինանսական ռեսուրսը։ Իսկ դերասանները, մարզիկները, երգիչներն իրենց թիկունքում հարյուր հազարավոր երկրպագուներ ունեն, այդ ձայները պետք են այն կուսակցությանը, որի ցուցակում հայտնվել է շատերի կուռքը։

Վերջին լուրերից․«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտադիր է որոշ գործարարների ընդգրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսանյակում։

Միանգամից մտքովս անցնում են Խաչատուր Սուքիասյանի և Սամվել Ալեքսանյանի անունները․նրանց դասում են Փաշինյանի ընտանիքի մտերիմների շարքում։

Երկուսն էլ արդեն ԱԺ-ում եղել են, բայց դժվար է ասել, թե աչքի են ընկել նախաձեռնություններով և արդյունավետ աշխատանքով։

Երկրորդ անգամ նույն գետը մտնելով (եթե ԶԼՄ-ները չեն սխալվում)՝ «հայկական Ֆորբսի» ցուցակի մարդիկ, իհարկե, կարող են իրենց որպես խորհրդարանականներ ավելի համոզիչ, վառ դրսևորել։ Բայց կա մի «բայց». իրեն բիզնեսին նվիրած մարդը հազիվ թե կարողանա նույն հաջողությամբ իրեն նվիրել պատգամավորական աշխատանքին։ Իսկ գումար վաստակելն այդ կարգի գործարարների համար ամեն դեպքում ավելի կարևոր է, քան օրենքներ կազմելը։ Դա հավասարապես վերաբերում է ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների գործունեության այլ ոլորտներին։

Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին

Օրինակ՝ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը իրենց լավ էին դրսևորում մարտի դաշտում, բայց ոչ ԱԺ պատգամավորի դերում։ Մի դեպքում զբաղվում էին իրենց գործով, մյուս դեպքում՝ պատվավոր «պարտականություն» էին կատարում։

Սա խորհրդային տարիներից պահպանված ավանդույթ է. ականավոր մարզիկ Յուրի Վարդանյանին ժամանակին ընտրել են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, այնուհետև նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, որից հետո որպես դեսպան Վրաստան էին ուղարկել: Եվրոպայի հնգակի, աշխարհի յոթնակի չեմպիոն, աշխարհի 43-ակի ռեկորդակիրը քաղաքականության մեջ ոչ մի «քաշ» չբարձրացրեց, բայց մարդկանց հիշողության մեջ մնաց որպես ականավոր մարզիկ։ Մի՞թե դա քիչ է։

Իսկ ահա Դոնալդ Թրամփը՝ հաջողակ գործարար, մագնատ, միլիարդատեր։ Ուզեց նախագահ դառնալ, դարձավ։ Քարոզարշավի համար իր փողերը բավական էին, գերտերության կառավարման հմտությունների և միջազգային գործերում հաջողությունների մասին կլռենք։ Հեռացավ՝ երկիրը հասցնելով այն վիճակին, որ մոլեգնող ամբոխը փորձեց գրավել Կապիտոլիումի շենքը։ Այդ երկրում նման բան նրան դեռ չէր եղել։

Ասում են, եթե մարդը բիզնեսի մեջ ակնառու հաջողությունների է հասնում, ուրեմն խելացի է, փորձառու, խորաթափանց։ Պարզվեց`եթե մարդ մի գործում խելացի, փորձառու և խորաթափանց է, պարտադիր չէ, որ նա նույն հատկությունները դրսևորի  նաև պետական գործերում։

Մյուս կողմից՝ ԱՄՆ Կոնգրեսի, Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընդհանուր թվով 268 անդամ ավելի քան մեկ միլիոն դոլարի ակտիվներ ունեն։ Յուրաքանչյուր երկիր իր ավանդույթներ ունի:

«Մեր քաղաքացիների՝ Վաշինգտոնում իրենց շահերի պաշտպանությունն ունևոր մարդկանց վստահելու հակվածությունն անփոփոխ է։ Ֆինանսական բարեկեցությունը նաև անհրաժեշտ պայման է նախընտրական քարոզարշավներ վարելու համար»,-ասել է Պատասխանատու քաղաքականության կենտրոնի տնօրեն Շեյլա Կրումհոլցը «Ֆրանս Պրես» գործակալությանը:

Հարկ է նաև նշել, որ մի կողմից ամերիկացիների եկամուտների ընդհանուր աճի, մյուս կողմից գնաճային գործընթացների ֆոնին մեր օրերում միլիոն դոլարն այնքան էլ պատկառելի գումար չէ, որքան Մորգանի և Ռոքֆելերի ժամանակներում:

Մեզ մոտ լրիվ այլ է։ Հայաստանում պատգամավորի հաշվին մեկ միլիոն դոլարի առկայությունն անմիջապես լուրջ հարց է առաջացնում՝ որտեղի՞ց։ Եթե կուտակել է պատգամավոր դառնալուց առաջ, ապա հասկանալի է, իսկ եթե եկել է դատարկ գրպանով, ու կապիտալն աճում է, ապա հանուն ինչի՞ է եկել։

Պատերազմի բեկորները, կամ ինչպես փոխգնդապետ Ստեփանյանն օգնեց ճանաչել հայերին

Վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները բացահայտեցին ընտրողների վստահությունը վայելող մի քանի տասնյակ կայացած գործիչների՝ իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, սոցիոլոգների, որոնց ներկայությունը Ազգային ժողովում ոչ միայն տեղին է, այլև անհրաժեշտ։ Եթե նրանք զբաղեցնեն իրենց տեղերը, «հանուն ինչի՞ են եկել» հարցը ինքնաբերաբար կվերանա։ Եկել են երկիրը ոտքի կանգնեցնելու, ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու, արժանապատվության զգացումը վերադարձնելու և այնպես անելու, որ բոլորը ենթարկվեն երկրի օրենքներին։ Ու որ «որտեղի՞ց է նրանց բանկային հաշվին առկա գումարը»  հարցը չառաջանա։ Եվ ահա այդ դեպքում ազնվորեն վաստակած գումարն ու իշխանության գալը հակոտնյա չեն լինի։

117
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Պատգամավոր, ԱՄՆ, օլիգարխ, Հայաստան
Ըստ թեմայի
Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան
«Միայնության նախարարություն», կամ ծնողներն այնքան մոտ թիրախ են, որ վրիպելն անհնար է
Տիկին Քուքին ու «Գրին քարտը». ո՞ւր պիտի գնան հայերը, որ լավ ապրեն
Իսրայելի վարչապետը որդու հետ

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

867
Թել Ավիվը կրկին փորձում է Հայոց ցեղասպանության թեման օգտագործել որպես Թուրքիայի կառավարության վրա քաղաքական ճնշման գործիք։ Թուրքիան պաղեստինցիների հետ առճակատման հարցում հակադրվում է Իսրայելին։

Այս անգամ հայկական խաղաքարտը որոշել են շահարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդու` Յաիրի ձեռքով։ Նրան հանձնարարել են ակնարկել այն, ինչը վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչներն իրենց թույլ չեն տալիս։

Իսրայելի և Թուրքիայի միջև հերթական սրված առճակատման պատճառը Երուսաղեմում տեղի ունեցած բախումներն են և դրանց հաջորդած հրթիռակոծությունները։ Անկարան, ինչպես միշտ, սատարել է պաղեստինցիներին` իսրայելցիների գլխին թափելով հնարավոր բոլոր կշտամբանքները։

Թուրք–իսրայելական դիմակայությունը դեռ շարունակվում է փոխադարձ վիրավորանքների մակարդակով։ Հարցը չի սահմանափակվել միայն արտգործնախարարությունների հայտարարություններով, ներգրավվել են նաև ոչ ավանդական նյուսմեյքերները։

Երեկ խոսեց Իսրայելի վարչապետի ավագ որդին` 30-ամյա Յաիր Նեթանյահուն։ Բանավեճի մեջ մտնելով Twitter–ի թուրք օգտատերերի հետ` նա հասկացրեց, որ Անկարայի դեմ պայքարի մեթոդների զինանոցում կա նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը։

«Դուք Անատոլիայում չեք ծնվել։ Դուք եկել եք Կենտրոնական Ասիայից և ցեղասպանություն իրականացրել տեղի քրիստոնյա բնակչության նկատմամբ։ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիսն է, և դուք այն ապօրինաբար եք օկուպացրել։ Դուք եք կազմակերպել Հայոց ցեղասպանությունը։ Ձեր երկիրը ղեկավարում է մի բռնապետ, որը կրկին ուզում է օկուպացնել և հալածել արաբական աշխարհը, ինչպես Օսմանյան կայսրության տարիներին», – հայտարարեց Յաիրը` դիմելով թուրքերին։

Ի՞նչ է նշանակում Իսրայելի ղեկավարի որդու ասածը։ Արդյոք պե՞տք է նրա գնահատականները ընկալել որպես մասնավոր անձի կարծիք, թե՞ դա այնուամենայնիվ որոշակի ազդանշան է, որը վկայում է Թուրքիայի դեմ Իսրայելի պայքարի մեթոդաբանության հնարավոր վերանայման մասին։

Յաիր Նեթանյահուն իր հոր ղեկավարած վարչակազմում որևէ պաշտոն չունի, բայց Իսրայելի քաղաքական դաշտում նա ամենևին էլ վերջին խաղացողը չէ։ Պետության ղեկավարը որդու շուրթերով շատ հաճախ է այնպիսի ուղերձներ հնչեցնում, որոնք ցանկանում է հասցնել այս կամ այն գործիչներին կամ երկրներին։ Կրտսեր Նեթանյահուի թվիթերյան շեշտադրումները սովորաբար ամենևին էլ պատահական չեն լինում և քողարկված ուղերձներ են պարունակում։ Նման միջնորդավորված ազդանշանների առավելությունն այն է, որ միշտ կարելի է հայտարարել, թե ղեկավարի ընտանիքի անդամի գնահատականը կառավարության պաշտոնական տեսակետը չէ։ Վարչապետի վարչակազմն արդեն բազմաթիվ անգամ է դիմել նման հնարքի։

Դա հաշվի առնելով` տեղին է ենթադրել, որ Յաիր Նեթանյահուի միկրոբլոգի տեքստը գրել է իրականում ոչ թե անձամբ ինքը, այլ վարչապետի խորհրդականներից մեկը։ Ամեն դեպքում կարելի է չկասկածել, որ այդ նախաձեռնությունն առնվազն համաձայնեցված է քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ։ Հետևաբար Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը պետք է ընկալել որպես Իսրայելի ղեկավարի կողմից Էրդողանին հասցեագրված ազդանշան։

Նկատենք` կրտսեր Նեթանյահուն առաջին անգամ չէ, որ հիշում է Ցեղասպանության մասին։ 2018 թվականի մայիսին ի պատասխան Էրդողանի այն հայտարարություններին, որ Իսրայելը «ահաբեկչական պետություն է», Յաիրը Facebook–ում գրել էր. «Թուրքիա, դու ես պատասխանատու Հայոց ցեղասպանության և հույների ու քրդերի նկատմամբ իրագործած աներևակայելի վայրագությունների համար։ Թուրքեր, դուք եք ապօրինաբար գրավել քրիստոնյա ժողովուրդների հողերը Փոքր Ասիայում: Այնպես որ, ձայնդ կտրի՛ր...»։

Լիբանանահայի միակ «մեղքը». Բաքվում դատելու են նրան որպես վարձկան

Վարչապետի որդին նույն թեմային է վերադարձել 2019 թվականի մարտին։ Այն ժամանակ Յաիրը, արձագանքելով իր հոր հասցեին Էրդողանի վիրավորական արտահայտություններին, Twitter–ում գրել էր. «Ուզում եմ հիշեցնել Էրդողանին, որ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիս անվանումով քաղաքն է։ Նախքան թուրքական օկուպացիան այն ավելի քան հազար տարի քրիստոնեության կենտրոնն է եղել։ Ես նրան հիշեցնում եմ նաև թուրքերի կողմից հույների, ասորիների և հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանության մասին։ Նրանք Փոքր Ասիայում քրիստոնյաների էթնիկ զտումներ են իրականացրել...»։

Էրդողանը դրան բավական նյարդային էր արձագանքել։ Նա կրտսեր Նեթանյահուին անվանել էր «ծայրահեղ թուրքատյաց» և համեմատել նրան նորզելանդական սերիական մարդասպան Բրենթոն Տարանտի հետ, որը Քրայսչերչ քաղաքում 50 մուսուլման էր սպանել։

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահը պահանջել էր, որ Իսրայելի վարչապետը «քաշի իր որդու ականջները»` սպառնալով, որ հակառակ դեպքում անձամբ կանի դա։ «Եթե սահմանն անցնեք, մենք կդիմենք արդյունավետ դաստիարակչական մեթոդների և ձեզ արժանի դաս կտանք», – հայտարարել էր Էրդողանը։

Ավագ Նեթանյահուն նույնպես մի քանի անգամ իր հրապարակային ելույթներում հիշել է հայերի նկատմամբ երիտթուրքական ռեժիմի հրեշավոր հանցագործությունների մասին, սակայն, ի տարբերություն որդու, նա խուսափել է «ցեղասպանություն» բառից։ Վերջին անգամ Իսրայելի վարչապետը 1915 թվականի իրադարձությունները հիշատակել է 2019 թվականի սեպտեմբերին, անմիջապես այն բանից հետո, երբ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ–ի ԳԱ 74-րդ նստաշրջանում, պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողությունները համեմատել էր հիտլերյան նացիստների մեթոդների հետ։

«Գազայի լողափերում խաղացող երեխաներին ռմբակոծելը նույնքան լուրջ հանցագործություն է մարդկության դեմ, ինչպես Հոլոքոստը», – հայտարարել էր այն ժամանակ Թուրքիայի նախագահը։ Ի պատասխան Բենիամին Նեթանյահուն նրան ուղղված կարճ տեսաուղերձ էր ձայնագրել և նշել, որ նա, ով քրդերի է սպանում և հերքում հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, Իսրայելին դաս տալու իրավունք չունի։

Իսրայելի առաջնորդները հայերի կոտորածի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ Թուրքիային վախեցնելու կարիք են ունենում։ Իսկ անձամբ իրենք մինչ օրս որևէ գործուն քայլ չեն ձեռնարկել այդ հանցագործության ճանաչման և դատապարտման համար։ ՀՀ ԱԳՆ–ն մեկ անգամ արդեն արձագանքել է Երուսաղեմի ղեկավարների կողմից ցեղասպանության թեման որպես վախեցնելու գործիք օգտագործելու փորձերին։

907 անգամ չափիր, մեկ անգամ կտրիր. Բաքվին ցուցաբերվող ամերիկյան օգնության մութ կողմերը

Երկու տարի առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշել էր. «Մեզ համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին»։ Պաշտոնական ԱԳՆ–ն հասկացրել էր, որ Իսրայելի քաղաքական գործիչների շուրթերից հնչող մեղադրանքները ավելի տեղին կլինեին, եթե Իսրայելն անձամբ ճանաչեր և դատապարտեր երիտթուրքերի իրագործած ցեղասպանության փաստը։

Համաշխարհային մամուլը նույնպես բազմաթիվ անգամ անդրադարձել է Բենիամին Նեթանյահուի անհետևողականությանը։ 2019 թվականի սեպտեմբերին Russia Today ռուսական միջազգային հեռուստաալիքը «Անհարմար է. Նեթանյահուն կշտամբում է Էրդողանին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, որը Իսրայելը ևս չի ճանաչել» վերտառությամբ հոդված էր հրապարակել։

«Մեղադրանքն ավելի անկեղծ կլիներ, եթե Նեթանյահուն անցած տարի անձամբ չարգելափակեր Քնեսեթի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փորձը», – ասվում է հոդվածում։

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի տապալման հարցում Բենիամին Նեթանյահուի դերը իսկապես վճռական էր։ Հենց վարչապետի վարչակազմի ճնշման տակ խորհրդարանի քարտուղարությունը համաձայնեց չեղարկել Ցեղասպանության ճանաչման հարցով 2018 թվականի հունիսի 26-ին նախանշված քվեարկությունը։ Եթե քվեարկությունը կայանար, պատգամավոր Իցիկ Շմուլիի ներկայացրած բանաձևը անկասկած կընդունվեր, քանի որ նախօրեին դրան աջակցել էր ավելի քան 50 խորհրդարանական։

Հարց է ծագում` ինչպե՞ս կարելի է բնութագրել այն քաղաքական գործչին, որը մյուսներին մեղադրում է մի բանը մերժելու համար, ինչը ինքն անձամբ չի ճանաչում և թույլ չի տալիս, որ ճանաչեն։ Բոլորից լավ այդ հարցին պատասխանել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի հեղինակ Իցիկ Շմուլին։

«Քվեարկությունը տապալելով` Նեթանյահուն համերաշխություն հայտնեց Էրդողանին Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հարցում», – հայտարարել է նա։

Դժվար է չհամաձայնել պատգամավորի հետ։

Գործող վարչապետի նախկին հավատարիմ համախոհ, աշխատանքի նախկին նախարար Նաթան Շչարանսկին մի քանի տարի առաջ ինձ տված հարցազրույցում խորին համոզմունք հայտնեց, որ Նեթանյահուն առանց վարանելու, պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, եթե դա անեն Միացյալ Նահանգների ղեկավարները։

Վաշինգտոնն այդ հարցում հետևողականություն դրսևորեց, սակայն Իսրայելի վարչապետը շարունակում է պոչ խաղացնել։ Ցավոք, հիմքեր չկան հուսալու, որ Բենիամին Նեթանյահուի մոտեցումները առաջիկայում արմատական փոփոխությունների կենթարկվեն։ Բայց դա չի նշանակում, որ Իսրայելից պետք չէ հայկական հարցի վերաբերյալ սկզբունքային ու բարոյական դիրքորոշում ակնկալել։ Չէ՞ որ Նեթանյահուն հավերժ չէ, իսկ այդ հարցում նրա բոլոր ընդդիմախոսների մոտեցումները շատ ավելի առաջադեմ են։

ԱՄՆ-ի «կտրող-ծակող» փաստարկները, կամ ինչ է թաքնված Հայոց ցեղասպանության ճանաչման հետևում

Օրերս հայտնի դարձավ, որ Նեթանյահուն կրկին չի կարողացել խորհրդարանական մեծամասնություն կազմել, և իշխող կոալիցիայի ձևավորումը վստահել է «Եշ Աթիդ» ցենտրիստական կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդին։

Հիշեցնեմ, որ Լապիդը Ցեղասպանության ճանաչման մասին օրինագծերից մեկի հեղինակն էր, հենց նա էր Քնեսեթում Թուրքիայի նկատմամբ կոշտ գծի առավել հետևողական կողմնակիցը։ Այժմ Լապիդը կառավարությունը գլխավորելու շանսեր ունի։ Եթե Երուսաղեմում իշխանափոխություն տեղի ունենա, մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների նկատմամբ Իսրայելի կառավարության մոտեցումներում կարող են արմատական փոփոխություններ տեղի ունենալ։ Այս անգամ դա միանգամայն իրատեսական է։

867
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Բինյամին Նեթանյահու, Իսրայել, Թուրքիա
Ըստ թեմայի
Ռեյգանի հայ սպիչռայթերի շնորհիվ ԱՄՆ–ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1982 թ–ին
Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր
Քաղաքականացված էներգետիկան, կամ ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցմանը Բաքուն ամեն կերպ խանգարելու է
Դավիթ Հարությունյան. արխիվային լուսանկար

Կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Հարությունյանը` Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին

24
(Թարմացված է 14:30 15.05.2021)
Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ համագործակցում են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ իրենց նպատակը նույնն է։ Նա չբացառեց նաև ՀԱԿ–ի հետ դաշինք կազմելը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքը չմիավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ կան որոշակի մոտեցումներ, որոնք տարբերվում են։ Այս մասին հայտնեց «Պատիվ ունեմ» նախընտրական շտաբի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ դաշինք չկազմեցին Քոչարյանի հետ։

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունն այսօր դաշինք կազմավորելու մասին հուշագիր ստորագրեցին։ Նրանք ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով:

«Մեր նպատակները նույնն են` ունենալ անվտանգ և զարգացող Հայաստան, հեռացնել գործող իշխանություններին։ Սակայն կան մոտեցումներ էլ, որ տարբեր են, բայց սա չի նշանակում, որ մենք չենք համագործակցում։ Մենք համագործակցում ենք, սակայն ընտրողներին նաև այլընտրանք են առաջարկել»,–ասաց Հարությունյանը։

Հարությունյանը հավելեց` այն, որ ընդդիմադիր ուժերը տարբեր ճակատներով են պայքարի գնում, ամենևին էլ չի նշանակում ուժերի փոշիացում։ Ավելին, իրենք կարծում են, որ այդպես ավելի ճիշտ և արդյունավետ է։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ–ն էլ միանա իրենց դաշինքին` Հարությունյանը նշեց, որ ոչինչ չի բացառում և միայն իշխանության կողմից ստեղծված կեղծ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունն են բացառում։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

24
թեգերը:
«Հայրենիք» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), «Պատիվ ունեմ» դաշինք, Ռոբերտ Քոչարյան, Դավիթ Հարությունյան
Ըստ թեմայի
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
Ի՞նչ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը
Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»