Ռեջեփ Թայիփ Էրդողան

Մեծ Թուրանի հավաք էր. Էրդողանի` քարտեզը վերաձևելու քայլերը և ՀՀ իշխանություններ «սիրախաղը»

1613
(Թարմացված է 21:18 08.04.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ Հայաստանում երևի երբեք այդքան թեժ վիճաբանություններ չեն ծավալվել, որքան վերջին տարվա ընթացքում։
Ամենևին էլ դյուրահավատ ազգ չենք, քանզի չենք հավատում նույնիսկ այնպիսի բաների, որոնք մեր աչքի առջև իրողություն են դառնում

Պատճառն էլ հաստատ գիտեք՝ Անկարան բացարձակ որևէ ակնարկ չի արել, որ կարող է երբևէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, փոխհատուցման մասին խոսք անգամ չի եղել, ավելին՝ Թուրքիան ամեն կերպ նպաստել է ադրբեջանցիների հաղթանակին, Էրդողանն էլ հայտարարել է, որ ամենամոտ ժամանակներս գալու է Արցախ՝ տեսնելու այն քաղաքը, որին Երևանում ամենաբարձր ամբիոնից «դժգույն ու դժբախտ» են անվանել, մինչդեռ հայաստանցի ղեկավարները հարաբերությունների «շտկումների» մասին են խոսում։ Համաձայնեք՝ բացարձակ անհասկանալի է, թե ինչու պիտի հենց մենք մեր մոտեցումները շտկենք, այլ ոչ թե Թուրքիան։

​Հանուն ճշմարտության փաստենք, որ Թուրքիայի մասին ոչ միայն Հայաստանում են սկսել շատ ակտիվ խոսել։ Ավելին՝ տարբեր երկրներ, միջազգային ատյաններ և բարձրաստիճան պաշտոնյաներ կրկին անդրադառնում են Մեծ Թուրանի ստեղծման հին գաղափարին։ Դրա համար, ինչպես պնդում են որոշ վերլուծաբաններ, առնվազն երկու պատճառ կա, որոնցից մեկը հենց արցախյան վերջին պատերազմի հետ է կապված։ Ակնհայտ է, որ Թուրան հզոր պետություն ստեղծելու համար Թուրքիան նախևառաջ պետք է անմիջական ցամաքային կապ հաստատի Ադրբեջանի հետ, հետո նոր մտածի Կասպից ծովից անդին տարածվելու մասին։

Մասնագետ չեմ ու չեմ կարող ասել, թե որքանով է իրական Սյունիքի տարածքով ճանապարհի ստեղծումը Ադրբեջանի և Նախիջևանի միջև, համենայնդեպս գոնե Բաքվում դրա մասին անընդհատ խոսում են։ Իսկ եթե նման ճանապարհ բացվի, Թուրքիան, որը վաղուց արդեն մի փոքր սահման ունի Նախիջևանի հետ, պարզապես կմիանա Ադրբեջանին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Հայաստանը Լաչինի միջանցքով միացավ Արցախի հետ։

​Թուրանի մասին հիշելու երկրորդ պատճառը, թերևս, այն առցանց հանդիպումն էր, որը կայացավ մոտ մեկ շաբաթ առաջ՝ մարտի 31-ին։ Այն կոչվում էր Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողով, ավելի կարճ՝ Թուրքական խորհուրդ։  Լրատվամիջոցներից մեկն այս իրադարձությանը նվիրված իր ծավալուն հոդվածն այսպես էր վերնագրել. «Թուրքիան գումարել էր Մեծ Թուրանի հավաքը»։ Իսկապես, եթե գոնե թռուցիկ հայացք ձգեք մասնակիցների կազմի վրա, կտեսնեք, որ դրանք հենց այն պետություններն են, որոնց Թուրքիան տեսնում է որպես ապագա Մեծ Թուրանի բաղադրիչ մասեր։

Մեզ համար սպառնալիք է ոչ այնքան Թուրքիան, որքան ՀՀ գործող իշխանությունը. Լոքմագյոզյան

Այսինքն` բացի Ադրբեջանից, նաև Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր պետությունները։ Իհարկե, առաջին հայացքից անսովոր երկու հանգամանք կար՝ այս վիրտուալ հանդիպմանը մասնակցում էր նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, բայց դրա բացատրությունը կա. թեև 10 միլիոնանոց այդ եվրոպական երկրում բնակվում է ընդամենը մոտ 2500 թուրք, բայց Հունգարիան դիտորդի կարգավիճակ ունի տվյալ կազմակերպությունում։

​Ավելի զարմանալի էր Պակիստանի բացակայությունը։ Իհարկե, միանգամից կհարցնեք՝ Պակիստանը ի՞նչ կապ ունի թուրքալեզու պետությունների հետ։ Պատասխանն այսպիսին է. «որովհետև Թուրքիան, նաև Ադրբեջանն ամեն կերպ փորձում են Պակիստանին մասնակից դարձնել Մեծ Թուրանի կերտմանը։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե Թուրան պետությունը ստեղծվի ու նրա մեջ մտած պետությունները միավորեն իրենց զինված ուժերը, կառաջանա մի աննախադեպ բանակ՝ մոտ 2,5 միլիոն թվաքանակով։ Բայց այդ հզորագույն բանակը այնուամենայնիվ չի ունենա մի շատ կարևոր զենք՝ միջուկային ռումբ։ Իսկ ո՞վ ունի այդ բաղձալի ատոմային ռումբը։ Այո՛, շատ ճիշտ եք՝ Պակիստանը։

​Շատ-շատերն աշխարհում չեն հավատում, որ Թուրքիային, մասնավորապես Ռեջեփ Էրդողանին երբևէ կհաջողվի ստեղծել իր փափագած Թուրանը, որը լիովին կփոխի աշխարհի քարտեզը։ Պարզապես հիշեցնեմ՝ դեռ մոտ 10 տարի առաջ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը փաստել էր. «Մենք ունենք մոտ 200 միլիոն ցեղակիցներ, որոնք բնակվում են Միջերկրական ծովից մինչև Ալթայ։ Եթե նրանք միավորվեին, մենք կունենայինք շատ մեծ ու շատ ազդեցիկ մի պետություն»։

Հայերի փրկության բանաձևը, կամ ի՞նչ կլինի, եթե կիրառենք Աշխարհաժողովի սկզբունքները

Անկեղծ ասենք, Հայաստանում էլ շատերը չեն հավատում, որ նման մի ազդեցիկ պետություն երբևէ կհայտնվի աշխարհի քարտեզի վրա։ Բայց, կներեք, դեռ մեկ տարի առաջ շատերը Հայաստանում չէին հավատում նաև, որ ադրբեջանցիները կգրավեն Շուշին ու Արցախի մի զգալի մասը։ Էնպես որ, կարծում եմ, չարաչար սխալվում են նրանք, ովքեր պնդում են, թե մենք, հայերս, շատ դյուրահավատ ազգ ենք։ Հակառակը՝ չենք հավատում նույնիսկ այնպիսի բաների, որոնք հենց մեր աչքի առաջ իրականություն են դառնում։

1613
թեգերը:
Պակիստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Նախիջևան, Հայաստան, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Մեծ Թուրան, Թուրքիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (350)
Ըստ թեմայի
Մահափորձը որպես սիրո ամենամեծ դրսևորում, կամ ինչու էր տղամարդն ուզում սպանել ԱՄՆ նախագահին
Չգիտեմ ում ընտրել, բայց հաստատ գիտեմ՝ ում չպետք է ընտրել
Գնացե′ք, ձեզ ոչ ոք չի բռնել. ինչպես է հաջողվել Շոտլանդիայում ձախողել անկախացման գործընթացը
Ֆերդինանդ Կարապետյանը

Ում պարտվել էր, հետո հաղթեց. ինչպես է Կարապետյանը պատրաստվում ադրբեջանցիների հետ մարտին

154
(Թարմացված է 09:01 13.04.2021)
2015 թվականից սկսելով հանդես գալ Հայաստանի ձյուդոյի հավաքականի կազմում` Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է հաղթող ու մրցանակակիր տարբեր կարգի մրցումներում։ 2018–ին հայ ձյուդոիստն արդեն Եվրոպայի չեմպիոն էր։ Բայց Կարապետյանի գլխավոր երազանքը դեռևս իրականացված չէ։

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը երազում է մասնակցել օլիմպիական խաղերին ու նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ֆերդինանդը պատմել է, թե ինչպես է հայտնվել ձյուդոյում։

Ձյուդոիստ հարևանները

Ֆերդինանդի կյանքում մեծ դերակատարում են ունեցել Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի մարզիկ, օլիմպիական խաղերի և աշխարհի փոխչեմպիոն Տամեռլան Տմենովն ու նրա մայրը։ Վլադիկավկազում նրանք միևնույն բակում էին ապրում։ «Տամեռլան Տմենովի ընտանիքի հետ շատ լավ հարաբերություններ ունեինք և ունենք։

Մայրս խնդրել էր Տամեռնալնի մորը ինձ ձյուդոյի տանել։ Մի օր ես ու եղբայրս խաղում էինք բակում, Տամեռլանի մայրը մեզ կանչեց ու գրանցել տվեց մոտակայքում գործող ձյուդոյի սեկցիայում։ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո ես հանդիպել եմ և՛ Տամեռլանին, և՛ նրա մորը։ Ինձ շնորհավորել են, հիշել ենք անցած օրերը (ժպտում է)», - պատմում է Ֆերդինանդը։

Օսեթիան` երկրորդ հայրենիք

Ապրելով ու մարզվելով Վլադիկավկազում` հայ ձյուդոիստն իրեն միշտ էլ յուրային է զգացել Օսեթիայի մայրաքաղաքում։ «Վլադիկավկազում երբեք չեմ զգացել, որ տարբերություն դնեն հայի կամ օսի միջև։ Ի սկզբանե ես Ռուսաստանի անձնագիր չունեի, դրա համար էլ շատ մրցաշարեր եմ բաց թողել։ Նկատի ունեմ պատանի ու երիտասարդ տարիքային խմբերը։

23 տարեկանում, երբ ստացա անձնագիր, Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում մեդալ նվաճեցի, իսկ մեծահասակների եզրափակչում, կարելի է ասել, ինձ մրցավարները հաղթեցին։ Դենիս Լավրենտևին պարտվեցի մրցավարական սխալի պատճառով, իսկ երբ տեղափոխվեցի Հայաստանի հավաքական, հենց առաջին միջազգային մրցաշարում մրցեցի Լավրենտևի հետ ու հաղթեցի նրան», - նշում է Կարապետյանը։

Հայաստանի հավաքական տեղափոխվելը

Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու հրավեր Ֆերդինանդը բազմիցս ստացել է, բայց տեղափոխվել է 2015–ին։ «Ռուսաստանում մրցակցությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Ես անընդհատ հավաքների մեջ էի, բայց մրցաշարի մասնակցելու հնարավորություն չէի ստանում։ Ոչ մեկին էլ չէի զիջում, բայց ինձ հանդես գալու հնարավորություն չէին տալիս»,–ասում է հայ ձյուդոիստը և հավելում, որ շատ բաներից զրկվեց Ռուսաստանը թողնելուց հետո, բայց ուզում էր իրեն ցույց տալ միջազգային մրցումներում։

Фотосессия дзюдоиста Фердинанда Карапетяна в проекте Нац.олимпийского комитета Армении Дорога в Минск
Ֆերդինանդ Կարապետյանը

Մարզիկի դիտարկմամբ` հիմա Հայաստանում բարձրակարգ ձյուդոիստների թիվը խիստ կրճատվել է ֆինանսական խնդիրների պատճառով։

Դպրոցների տարբերությունը

Ֆերդինանդ Կարապետյանը երկար ժամանակ մարզվել է Ռուսաստանում, դարձել Ռուսաստանի առաջնության փոխչեմպիոն։ Հիմա ներկայացնելով Հայաստանը` հայ ձյուդոիստը մեծ տարբերություններ է տեսնում երկու երկրների ձյուդոյի դպրոցների միջև։ «Ցավոք սրտի, մեծ տարբերություն կա Ռուսաստանի ու Հայաստանի ձյուդոյի դպրոցների միջև, և դա Հայաստանի օգտին չէ։ Հայաստանում ձյուդոիստների համար պրոֆեսիոնալ ակումբ չկա։ Կոնկրետ պատճառներ չեմ կարող ասել, բայց Հայաստանը հետ է մնում ձյուդոյի զարգացման առումով», - ասում է նա։

Սկզբունքային գոտեմարտերը

Կարապետյանի կարծիքով` ձյուդոյում հաջողության հասնելու համար հարկավոր է նվազագույնի հասցնել վրիպումները։ Բոլոր գոտեմարտերին էլ հայ ձյուդոիստը նախապատրաստվում է առավելագույն ուշադրությամբ, բայց ադրբեջանցի ձյուդոիստների հետ գոտեմարտերը, միևնույնն է, տարբերվում են մյուսներից։

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

«Թե՛ ես, թե՛ իրենք յուրովի ենք տրամադրվում այդ գոտեմարտերին։ Անչափ ուշադիր եմ գործում, երբ մրցակիցս ադրբեջանցի է։ Օրինակ` Ռուստամ Օրուժովին, որը հայտնի ձյուդոիստ է և իմ սկզբունքային մրցակիցը, մինչև Տաշքենդի գրան պրին պարտվել էի նրան, բայց Ուզբեկստանի մայրաքաղաքում հաղթեցի մաքուր գցումով», - պատմում է Կարապետյանը։

Պարող ձյուդոիստը

Կարծես թե ընդունված բան է, որ ըմբիշները շատ լավ պարում են, Կարապետյանը գտնում է, որ ձյուդոիստներն էլ կարող են հետ չմնալ, հատկապես որ կովկասցիները կրակոտ պարերի սիրահար են, ու ինքը բացառություն չէ այդ առումով։

«Կովկասում շատ տարածված է լեզգինկա պարը։ Ես էլ և՛ սիրում եմ, և՛ պարում։ Չեմ կարող ասել, որ շատ լավ եմ պարում, բայց լսելով երաժշտությունը, միշտ էլ ոտքի եմ կանգնում ու տեղ տալիս էմոցիաներին, առանց որի լեզգինկան չի լինում»,- ասում  է Ֆերդինանդը։

Ընտանիքի և պետության աջակցությունը

Ֆերդինանդը գտնում է, որ իր հաջողությունների մեջ մեծ ներդրում ունեն իր ընտանիքին ու պետությունը։ «Եղբայրներս միշտ հետևում են իմ գոտեմարտերին, իսկ ծնողներս չեն կարողանում են դիտել, միայն անհամբեր սպասում են արդյունքներին։ Բացի այդ նաև պետության աջակցությունն եմ զգում։ Ես ամեն ինչ անում եմ, որ Հայաստանի դրոշը բարձրանա ու հնչի մեր օրհներգը։ Առանց աջակցության ես ոչ մի արդյունքի չեմ կարող հասնել, դրա համար էլ բոլորից շնորհակալ եմ»,- ասում է ձյուդոիստը։

Օլիմպիական խաղերին մասնակցելու շանսեր Ֆերդինանդ  Կարապետյանը դեռ ունի։ Միջազգային մրցաշարերում արդյունքի հասնելով ու միավորներ վաստակելով` նա կարող է բարելավել իր վարկանիշն ու ընդհուպ մոտենալ առայժմ անհասանելի երազանքին՝ օլիմպիական մեդալին։ Մինչև Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկը դեռևս կան կարևորագույն մրցաշարեր, որոնց հայ ձյուդոիստը նախապատրաստվում է ամենայն լրջությամբ։

154
թեգերը:
Օլիմպիական խաղեր, մարզիկ, Ռուսաստան, Հայաստան, Ֆերդինանդ Կարապետյան, ձյուդո
Ըստ թեմայի
«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում
ՀՖՖ-ն գործում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ հայկական ֆուտբոլի
Հայաստանում լույս է տեսել ֆուտբոլային բացառիկ անթոլոգիա. նման ձեռնարկ երբևէ չի հրատարակվել
Спутник_Юрий Гагарин – человек, первым побывавший в космосе. Кадры из архива

Եկեք ուտենք գագարինավարի. աշխարհի առաջին տիեզերագնացը գերել էր թագուհի Եղիսաբեթ 2-րդին

157
(Թարմացված է 22:03 12.04.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Փշոտ էր մարդկության ճանապարհը դեպի տիեզերք, բայց նաև արտառոց, միգուցե ինչ-որ տեղ նույնիսկ զավեշտական պահերով լի։
Էլիզաբեթ երկրորդ. «Եկեք ուտենք գագարինավարի»

Շատերը երևի կհիշեն, որ Յուրի Գագարինից առաջ մեր մոլորակի ուղեծիր բարձրացան շները՝ Բելկան ու Ստրելկան։ Երբ որոշվեց տիեզերանավի մեջ շուն նստեցնել, սկսվեց ընտրության երկարատև գործընթացը. շները պետք է համապատասխանեին շատ կոնկրետ պահանջների՝ քաշը մինչև 6 կիլոգրամ, բարձրությունը 35 սանտիմետր, տարիքը 2-ից 6 տարեկան և այլն։ Գտան էդպիսի 12 շուն, որոնց թվում ամենահավանական թեկնածուն էր համարվում Սմելին, այսինքն՝ Անվախը։ Բայց այդ Անվախն ի վերջո բավական վախկոտ դուրս եկավ, և մի օր, երբ նրան հերթական անգամ տանում էին տիեզերանավի մոտ, պարզապես պոկվեց ու տռճիկ տվեց։ Այն էլ այնպես, որ նրան հետո չկարողացան գտնել։ Իսկ եթե չփախչեր, ոչ միայն պատմության և դպրոցական դասագրքերի մեջ կմտներ, այլև լիովին կարդարացներ իր անունը՝ Սմելիյ։

Բելկայի ու Ստրելկայի թռիչքից մեկ տարի անց, ուղիղ 60 տարի առաջ՝ 1961 թվականի ապրիլի 12-ին, Երկրի շուրջը առաջին անգամ պտույտ գործեց Յուրի Գագարինը։ Մի անգամ նա հանդիպեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ, որը բազմիցս է խոստովանել, որ աշխարհի առաջին տիեզերագնացը պարզապես գերել է իրեն։ Գագարինը շատ անմիջական էր, բայց և գլուխ չէր հանում այն կանոններից, որոնք հյուրերը պարտադիր պիտի պահպանեն պաշտոնական ընդունելությունների ժամանակ։

Ու երբ Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում ճաշկերույթ կազմակերպվեց նրա պատվին, ուղղակի գաղափար չուներ, թե որ գդալը, պատառաքաղն ու դանակը որ ուտեստի հետ են օգտագործում։ Տակից դուրս եկավ։ Բոլոր ներկաներին առաջարկեց. «Տիկնա՛յք և պարոնա՛յք, եկեք պարզապես ուտենք այնպես, ինչպես մեզ մոտ՝ Ռուսաստանում են ուտում»։ Վերցրեց ամենամեծ գդալը և դրանով մի բոլ աղցան լցրեց սեփական ափսեի մեջ։ Թագուհին անմիջապես աջակցեց տիեզերագնացին՝ ասելով. «Եկեք բոլորս գագարինավարի ուտենք»։ Հետո թեքվեց դեպի Գագարինը և շշնջաց նրա ականջին. «Ուզում եմ խոստովանել, որ ես էլ երբեք գլուխ չեմ հանել այս բազմաթիվ մեծ ու փոքր գդալներից։ Ինձ միշտ մատուցողներն են տալիս ճիշտ գդալը»։

Քչերը գիտեն, որ խորհրդային տիեզերագնացները էսպիսի ավանդույթ ունեն՝ Երկիր վերադառնալուց հետո  իրենց հետ վարժանքներ անցկացրած հրահանգչին անպայման նվիրում են մի բան, որը եղել է տիեզերքում։ Շատ ճիշտ եք, սովորաբար դա ժամացույցն է։ Երբ տիեզերագնաց Վլադիմիր Լյախովը պիտի վերադառնար թռիչքից, հանկարծ հայտնաբերում է, որ ժամացույցը չկա։ Մտածում է՝ երևի օդի հոսանքները տարել են դեպի օդափոխիչ անցքերը, սկսում է բացել այդ անցքերը փակող բոլոր մետաղե ցանցերը։

Մնում է վերջինը՝ ամենադժվար բացվողը, քանզի ցանցը ամրացված էր, չեք պատկերացնի՝ 50 պտուտակներով։ Մի ժամ չարչարվելուց հետո հասնում է վերջին պտուտակին և երբ հանում է այն, ներսում հայտնաբերում է թղթի մի կտոր, որի վրա մատիտով գրված էր. «Ես այստեղ արդեն փնտրել եմ»։ Գրության տակ էլ նախորդ անձնակազմի անդամներից մեկի ազգանունը՝ Կովալյոնոկ։  

Այն ժամանակվա երկու հզորագույն տերությունների միջև մրցակցությունը, այսպես ասած, «տիեզերական առաջնությունում» հաղթելու համար վաղուց արդեն սկսվել էր։ Պատմում են, որ դեռ 1957 թվականին, երբ Խորհրդային Միությունը ուղեծիր էր դուրս բերում առաջին արբանյակը՝ Սպուտնիկը, ինչը նախատեսված էր  հոկտեմբերի 6-ին, նշանավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը թերթերից մեկում կարդաց, որ ամերիկացիներն իրենց արբանյակը մտադիր են ուղեծիր դուրս բերել մեկ օր շուտ՝ հոկտեմբերի 5-ին և ասաց. «Չէ՛, մենք առաջինը պիտի լինենք»։ Արդյունքում սովետական արբանյակն ուղեծիր դուրս բերվեց հոկտեմբերի 4-ին, իսկ ամերիկացիների փորձը տապալվեց։ Սակայն 60-ականների վերջում էլ ամերիկացիները Սովետից առաջ անցան՝ վայրէջք կատարելով Լուսնի վրա։

Գագարինի թռիչքի 60-ամյակը․ տիեզերագնացները միջազգային տիեզերակայանից շնորհավորել են տոնը

Ու ծնվեց այն ժամանակվա ամենահայտնի անեկդոտներից մեկը։ Երևի լսել եք. «Կենտկոմի քաղբյուրոյում, իմանալով, որ ամերիկացիներն իջել են Լուսնի վրա, որոշում են՝ մենք էլ պիտի Արեգակը նվաճենք։ Ու երբ սարսափած մասնագետները  փաստում են՝ բայց ախր արևը կվառի մեր տիեզերանավը, քաղբյուրոյի անդամները խորհրդակցելուց հետո պատասխանում են՝ արևը չի այրի մեր տիեզերանավը, մենք մեր թռիչքը գիշերով կիրականացնենք»։

157
թեգերը:
Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, ԽՍՀՄ, տիեզերք, տիեզերագնաց, Յուրի Գագարին, թագուհի, Եղիսաբեթ 2-րդ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (350)
Ըստ թեմայի
«Սերը կորոնավիրուսի ժամանակ», կամ ինչ շտկումներ է մտցրել աշխարհում համավարակը
Գնացե′ք, ձեզ ոչ ոք չի բռնել. ինչպես է հաջողվել Շոտլանդիայում ձախողել անկախացման գործընթացը
Մեծ Թուրանի հավաք էր. Էրդողանի` քարտեզը վերաձևելու քայլերը և ՀՀ իշխանություններ «սիրախաղը»
Միքայել Մելքումյան. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ իջավ դոլարի գինը, ի՞նչ է կատարվում երկրում․ պատգամավորը ԿԲ-ից պատասխան է պահանջում

0
(Թարմացված է 18:06 13.04.2021)
Երբ ԱԺ-ում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրեցին, թե արդյո՞ք դոլարի փոխարժեքի բարձրացումն ուՀՀ-ում գրանցվող գնաճը կառավարելի են, Երիցյանն ասաց, որ հակառակ դեպքում ինքն ԱԺ չէր գա ու կզբաղվեր այդ գործով։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Դոլարի փոխարժեքը շուրջ կես տարի անընդմեջ բարձրանալուց հետո վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում նվազել է շուրջ 15-20 դրամով։ Այսօր այս խնդրին ԱԺ-ի ամբիոնից անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ արձանագրելով, որ նման անսպասելի անկման պատճառը եղել է այն, որ ԿԲ-ն միանգամից 56 մլն դոլարի ներարկում է արել ՀՀ ֆինանսական շուկա։

«Ես ուզում եմ հասկանալ՝ երբ դոլարի գինը 530-532 դրամից 2 օրվա մեջ հասավ 545-547 դրամի, դա օրինաչա՞փ երևույթ էր»,- ասաց Մելքումյանը, ԿԲ-ից պահանջելով հրապարակավ մեկնաբանել, թե ինչ է կատարվում ՀՀ ֆինանսական շուկայում, և ի վերջո ԿԲ-ն իր գործառույթներն իրականացրե՞լ է, թե՞ ոչ։

«2 օր դու հետևում ես, որ անընդհատ աճում է ու մի կախարդական փայտիկի հարվածով իջեցնում են։ Հիմա մենք չգիտենք, թե հաջորդիվ ինչ է լինելու, 56 մլն-ը բավարա՞ր էր, թե՞ չէ։ Թող բացատրեն։ Արտարժույթ չկա՞ երկրում»,- ասաց Մելքումյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ դոլարի փոխարժեքի շարունակվող բարձրացումը հետևանք է արտահանման ծավալների կրճատման, ներդրումների դադարեցման, շինարարության ծավալների անկման և այլն, ԿԲ-ից ակնկալելով այս բոլոր հարցերի պատասխանները։

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին, երբ ԱԺ-ում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրին, թե արդյո՞ք դոլարի փոխարժեքի բարձրացումն ու ՀՀ-ում գրանցվող գնաճը կառավարելի են, Երիցյանն ասաց․ «Իրավիճակը կառավարելի է, հակառակ դեպքում ես այսօր չէի գա, կզբաղվեինք այդ գործով»։

Երկու օր անց՝ ապրիլի 8-ին, ԿԲ-ն հայտարարեց, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։

Այդ գործառնությունների արդյունքում դոլարի փոխարժեքը Հայաստանում միանգամից նվազեց շուրջ 20 դրամով։

Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում

0
թեգերը:
տնտեսություն, Հայաստան, դոլար, Կենտրոնական բանկ (ԿԲ), Միքայել Մելքումյան
Ըստ թեմայի
ԿԲ-ն դոլար կներարկի շուկա. Թունյանը բացատրել է` ինչ է պատրաստվում անել գլխավոր դրամատունը
ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Քոչարյան
Քերոբյանի խոստացած 30 մլն դոլարանոց գյուղատնտեսական ծրագիրն արդեն մեկնարկել է