Արշալույս Խանջյանի արձանը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքի մոտակայքում

«Երեխա չունեցա, բայց այստեղ հանգչող զինվորներն իմ որդիներն են». Արշալույս Խանջյան

346
(Թարմացված է 21:40 07.04.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանում, ցավոք, մինչև հիմա էլ շատ քչերն են լսել Արշալույս Խանջյանի մասին, այնինչ, Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքի մոտակայքում գտնվող խուտորներից մեկում կանգնեցրած է նրա բրոնզաձույլ արձանը։
Արշալույս Խանջյան. «Երեխա չունեցա, բայց այստեղ հանգչող հարյուրավոր զինվորներն իմ որդիներն են»

Անպաճույճ գլխաշորով կինը նստած է երկու մատուռների միջև. մեկը՝ ռուսական ուղղափառ, մյուսը՝ հայկական։ Ի դեպ, հենց տեղի բնակիչներն են 8 տարվա ընթացթքում հավաքել այն մեկ միլիոն ռուբլին, որն անհրաժեշտ էր արձանը պատրաստելու և տեղադրելու համար։ Հիմա Նավիսլա սարի ստորոտում ընկած փոքր հովտում, որը կոչվում է Պոդնավիսլա, հիմնականում լռություն է տիրում, այնինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942-ին և 43-ին, մոտակայքում թեժ մարտեր էին ընթանում. գերմանացիները ձգտում էին դեպի Սև ծով, դեպի Տուապսե։

Սկզբից Խանջյանների տուն բերեցին երկու վիրավորի, հետո՝ էլի երկուսին, իսկ մի քանի օր անց Արշալույսենց տանը այլևս տեղ չկար, և տասնյակ վիրավորներին պառկեցնում էին ուղղակի ծառերի տակ։ Հետո այս տունը վերածվեց 26-րդ հրաձգային գնդի բուժկետի, որտեղ Արշալույսը անում էր ամեն ինչ, բացի վիրահատություններից՝ ճաշ էր պատրաստում զինվորնականների համար և դույլերով գետից ջուր էր բերում, լվացք էր անում և վիրակապում էր վիրավորներին, հաց էր թխում և սեփական բանջարանոցում ու այգում աճեցրած կարտոֆիլ, խնձոր հյուրասիրում։ Գրքեր ու թերթեր էր կարդում մարտիկների համար, իսկ երբ նրանց ցավն անտանելի էր դառնում՝ երգում էր՝ փորձելով գոնե ինչ-որ չափով թեթևացնել վիրավորների վիճակը։

Պատերազմի ավարտից հետո շատերը դեռ երկար ժամանակ հիշում էին, թե ինչպես էր հայ կինը գդալով կերակրում իրենց, վառվող ճակատներին սառը թրջոց դնում։

Տարիներ առաջ այստեղ եկավ Նիկոլայ Սոլովեյը, և միասին արտասվելով հիշում էին, թե ինչպես՝ ուշքի գալով, Նիկոլայն առաջին անգամ տեսել էր, որ մի ոտքը չկա։ Թացացած աչքերով անհույս հարցրեց. «Բա լավ, հիմա ինչպե՞ս եմ ապրելու, հաշմանդամ եմ դարձել»։ Եվ Արշալույսը փորձեց նրան մխիթարել. «Բայց դու դպրոց ես ավարտել, չէ՞, շարունակիր ուսումդ ինստիտուտում, մանկավարժ կդառնաս, կաշխատես, կին-երեխա կունենաս»։ Արշալույսի ասածները կատարվեցին մեկը-մեկին՝ Նիկոլայն ավարտեց մանկավարժականը և, ի վերջո, դարձավ դպրոցի տնօրեն։

Աստծո զորակցությունն ենք հայցում կորուստների ու արհավիրքների ցավը կրող կանանց. Գարեգին Բ

Բայց ամենածանրը Արշալույսի համար, իհարկե, այն զինվորներին թաղելն էր, որոնց սառչող ձեռքը քիչ առաջ բռնել էր՝ համոզելով, որ ամեն ինչ լավ է լինելու։ Շատ հաճախ ստիպված էր մեն-մենակ փոս փորել ու զոհվածների դիերն իջեցնել գերեզման՝ հենց իր տան դիմացի բացատում։ Անհույս վիրավորներն այնքան շատ էին, որ հաճախ նրանց թաղում էին եղբայրական գերեզմաններում։ Իսկ գիտե՞ք, թե ինչպես հայտնի դարձավ այս ամենը. հոր՝ Գևորգ Խանջյանի հրացանի շնորհիվ, որը վաղուց, շատ վաղուց նվիրել էր աղջկան։

Արշալույսն այնքան համեստ էր, որ երբեք որևէ մեկին չէր պատմել պատերազմական տարիների իր դժվար կյանքի մասին, միայն շարունակում էր խնամել գերեզմանները, նույնիսկ չգիտեր էլ, որ իրեն կենսաթոշակ է հասնում։ 70-ական թվականներին ինչ-որ տեղական բարձրաստիճան չինովնիկներ եկան այստեղ, բայց բոլորովին ոչ Արշալույսին տեսնելու և նրան մեծարելու, այլ, այո,-այո′, շատ ճիշտ եք, այդ գեղատեսիլ հովտում իրենց համար ամառանոցներ կառուցելու ակնկալիքով։

Մի օր եկավ բուլդոզերը՝ հավասարեցնելու այն հատվածը, որտեղ հարյուրավոր զինվորներ էին թաղված։

Բերման ենթարկված ակտիվիստ կանայք ազատ են արձակվել

Ու հանկարծ բուլդոզերի առջև հայտնվեց Արշալույսը, որը օդ կրակեց հոր նվիրած հրացանից։ Բուլդոզերը հեռացավ, բայց հաջորդ օրը իրենց շքեղ ավտոմեքենաներով Արշալույսենց տանը մոտեցան տեղի ղեկավարները։ Հո նորից չէ՞ր կրակելու։ Պարզապես մոտեցավ քաղկոմի առաջին քարտուղար Մարիա Մորևային և պատմեց նրան, թե քանի զինվոր է թաղել իր տան դիմաց։

Կուսակցական ղեկավարը ներողություն խնդրեց և խոստացավ, որ այլևս երբեք Արշալույսին որևէ մեկը չի անհանգստացնի. հասկացող կին էր, ինքն էլ էր պատերազմում հարազատներ կորցրել։

Այսօր Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորենք բոլոր կանանց և հիշենք Արշալույս Խանջյանի խոսքերը. «Ի՞նչ արած, այդպես էլ չամուսնացա ու երեխա չունեցա, բայց այստեղ հանգչող հարյուրավոր զինվորները իմ որդիներն են»։

346
թեգերը:
Կին, Հայրենական մեծ պատերազմ, Վիրավոր, Զոհ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (349)
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանը մոր հետ լուսանկարներ է հրապարակել
«Հանգիստ շնչեք տղաներ, մնաց 11 ամիս». հայտնի կանայք շնորհավորում են
Մայրությունը վեր է ամեն կոչումներից․ Հռիփսիմե Հակոբյանը որդու հետ լուսանկար է հրապարակել
Յուրի Գագարին

Իմ Գագարինը, հայերն ու տիեզերքը

47
(Թարմացված է 09:30 12.04.2021)
Գագարինի, տիեզերքի ուսումնասիրման մեջ հայ գիտնականների ավանդի ու այն մասին, թե ինչպես էին հայերը փնտրում իրենց «կապը տիեզերքի հետ». Տիեզերագնացության օրն է:

1961 թվականի ապրիլի 12։ Դեռ նոր էին հայտարարել երկնքից երկիր Յուրի Գագարինի վերադարձի մասին, երբ հայերը սկսեցին զբաղվել սիրելի գործով՝ սկսեցին կապ փնտրել Հայաստանի և առաջին տիեզերագնացի միջև։ Երկար փնտրեցին, բայց ոչինչ չգտան։ Այդ ժամանակ փնտրտուքների շրջանակը լայնացրին՝ «հայերն ու տիեզերքը», և այստեղ հնարավոր եղավ փոքր-ինչ հուսադրող բան գտնել։

Կանցնեն տարիներ, և 2001 թվականին Տիեզերական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը կժամանի «Աստղային ավան»՝ տոնելու Գագարինի թռիչքի 40-ամյակը, և օդաչու-տիեզերագնաց Վալենտին Լեբեդևը Գուրզադյանին կնվիրի իր գիրքը հետևյալ մակագրությամբ․ «Հայ ժողովրդի մեծ զավակին, ով ճանապարհ է հարթել դեպի տիեզերական գիտություն։ Խորին հարգանքով ու երախտագիտությամբ։ Ձեր աշակերտ»։

Астрофизик Григор Гурзадян во время прогулки (1976 год)
© Sputnik / Шахбазян
Գրիգոր Գուրզադյան (1976 թ.)

Կապ կա

50-ականներին, երբ Գագարինը դեռ դպրոցական էր, Գուրզադյանը Բյուրականում բացառիկ աստղաֆիզիկական սարք ստեղծեց տիեզերքում աշխատելու համար, ապա մեկ այլ լաբորատորիա՝ Գառնիում, որը Տիեզերական աստղագիտության ինստիտուտ դարձավ։ Այստեղ են ծնվել «Օրիոն-1» և «Օրիոն-2» հայտնի ուղեծրային աստղադիտարանները։ Այստեղ՝ Գառնիում, իրենց նախաթռիչքային պատրաստությունն անցան նաև խորհրդային շուրջ 40 տիեզերագնացներ։

Ի՞նչ վատ կապ է

․․․ Այդ ընթացքում Հրազդան գետի ձախ ափին գտնվող քաղաքային տիպի Ծաղկունք ավանը կվերանվանեն Գագարին, առաջին տիեզերագնացի պատվին արձան կկանգնեցնեն, Հայաստանում նրա անվան փողոցներ, դպրոցներ ու այգիներ կհայտնվեն։ Ահա ևս մեկ կապ, այն էլ ինչպիսին։ Արդեն կարելի է համարձակ ասել՝ Գագարինը մերն է։

Երբեք չգիտես՝ որտեղ կհաջողես։ 50-ակաների վերջին, երբ դեռ դպրոցական էի, ինձ լողալ էր սովորեցնում Լևոն Փիրուզյանը, որն այդ ժամանակ Երևանի բժշկական համալսարանում էր սովորում։ Հետագայում նա մեկնեց Մոսկվա՝ ասպիրանտուրայում սովորելու, հետո դարձավ ինստիտուտի տնօրեն, Մեծ Ակադեմիայի ակադեմիկոս, համաշխարհային հեղինակություն՝ բժշկական կենսաֆիզիկայի ոլորտում։

Փիրուզյանը բազմաթիվ տիեզերագնացների հետ էր շփվում աշխատանքի բերումով և ճանաչում էր Գագարինին, իսկ ես գիտեի Լևոն Փիրուզյանին, նշանակում է ինչ-որ ձև, թեկուզ շատ հեռավոր, բայց մոտենում էի Գագարինին նաև ես։ Հայկական տրամաբանության ուղիներն անքննելի են։

Автомобиль Чайка на выставке Arm Auto Show Expo 2018
© Sputnik / Aram Nersesyan
«Չայկա» ավտոմեքենա

Մի բան էլ Գագարինի հետ վիրտուալ կապի ոլորտից: «Չայկա» լիմուզինն այն ժամանակ զուտ կառավարական մեքենա էր և մասնավոր անձանց վաճառքի ենթակա չէր, բայց Գագարինի համար բացառություն արեցին՝ մեքենան նրան նվիրեց խորհրդային կառավարությունը։ Որոշ ժամանակ անց աստղային «Չայկան» հայտնվեց Հայաստանում։ Չգիտեմ ինչու, բայց որոշ ժամանակ անց Գագարինը որոշեց վաճառել մեքենան, իսկ Էջմիածնից մեր հայրենակիցը՝ գնել։ Այսպես Հայաստանում հայտնվեց Գագարինի հանրահայտ «Չայկան»։ Ճիշտ է, այն տեսնելը հեշտ չէր, ճանապարհային ոստիկանությունը երկար ժամանակ ձգձգում էր համարանիշների տրամադրումը. սովորական մահկանացուն կառավարական լիմուզինի ղեկին՝ դա արդեն չափազանց էր։

...Մի անգամ զանգահարեց ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Պարիս Հերունին։

Ինչու էր Գագարինը հորից գաղտնի թռել տիեզերք, կամ ինչպես էին տղաները «վերևում» կոնյակ խմում

- Ինձ մոտ է տիեզերագնաց Սավինիխը, ուզու՞մ ես ծանոթանալ:

- Նա դեռ հարցնում է…

Գնացինք Գառնի, հետո՝ Հերունու տուն։ Տիեզերագնաց Սավինիխի կենացներից, որ հիշում եմ՝ ծնողների, իմաստուն, խելացի և պարզապես հայերի, Հայաստանի, Գագարինի կենացը։ Վիկտոր Սավինիխը հիշեց Մեսրոպ Մաշտոցին, Մարտիրոս Սարյանին, Արամ Գուրզադյանին, Տիգրան Պետրոսյանին…

... Իսկ ժամանակն անցնում էր, առաջնահերթությունները փոխվում էին, սակայն տիեզերքում հայի տեսնելու երազանք, ապա պարզապես ցանկությունը մնում էր։ Ասում են, որ եթե ոչ միայն շատ ուզես, այլև դրա համար ինչ-որ բան անես, անպայման կստացվի։ Ստացվեց։ 1989 թվականի մարտին ամբողջ մոլորակի վրա հայերենով հնչեց. «Իմ ժողովուրդ, իմ նախնիների երկիր, դուք միշտ սրտումս եք։ Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն ու բարեկեցություն»։

Джеймс Багян
Ջեյմս Բաղյան

Տիեզերքից հայերենով հեռարձակվող ձայնը ամերիկահայ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանինն էր, Մալաթիայից ԱՄՆ գաղթած Նազարեթի ու Սաթենիկի թոռանը։

Ընդհանրապես, նա Կունդեբաղյան է, բայց Հայաստանից Ամերիկա արտագաղթելիս հոր պապիկի ազգանունը միգրացիոն բյուրոյում կրճատել են «Բաղյան», ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հիշում էր տիեզերագնացը։

Ավելի ուշ Բաղյանը նաև այլ «տիեզերական ոդիսականներ» ունեցավ, բայց իր առաջին թռիչքը նա նվիրեց Հայաստանին։ Շնորհակալություն, Ջեյմս։ Այսօր Բաղյանը գլխավորում է Միչիգանի համալսարանի բժշկական ճարտարագիտության և հիվանդների անվտանգության կենտրոնը։

Ժամանակը կանգ չի առնում, և ահա՝ ծնունդով Մայկոպից Հարություն Կիվիրյանը հավակնում է դառնալ «Ռոսկոմոս» տիեզերագնացների ջոկատի անդամ։

Իսկ ի՞նչ է հայտնի նրա մասին։ 2015 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի «Վոենմեխը» «Հրթիռաշինություն» մասնագիտությամբ: Կիվիրյանների ընտանիքը համեստ է։ Հայրը զբաղվում է մեղվաբուծությամբ։ Մայրը՝ Անժելիկա Աշոտովնան, տնային տնտեսուհի է։ Կիվիրյանները փոքր բիզնես ունեն սննդամթերքի արտադրության, շինարարական աշխատանքների և բեռնափոխադրումների ոլորտում։ Ձեռնարկությունը բարեխիղճ հարկատուների թվում է։ Արդյո՞ք Կիվիրյանը խոսում է հայերեն՝ պարզել չի հաջողվել։

Космонавт Арутюн Кивирян
Հարություն Կիվիրյան

...Յոթանասունականների կեսերին, երբ Գագարինն այլևս չկար (մահացել է 1968-ի մարտին) հանգստանում էի «Ֆորոս» առողջարանում։ Մի անգամ զբոսնելիս հասա արահետի, որտեղ ազդեցիկ ցուցանակը զգուշացնում էր. «Ճանապարհ չկա»։ Առաջ գնացի, և երկու կիլոմետր անց հայտնվեցի ուղեփակոցի մոտ։ Պահակակետից դուրս եկավ կիսազինվորական համազգեստով մի մարդ։

- Որտեղի՞ց եք։

- «Ֆորոսից», հանգստացող եմ։ Կներեք, իսկ այստեղ ի՞նչ է։

- Տիեզերագնացների ամառանոցները։

-Գագարինի ամառանոցն է՞լ։

-Իհարկե։

- Կարո՞ղ եմ նայել։

Պահակը մտքերի մեջ ընկավ («Ֆորոսը», որը հայտնի է Միխայիլ Գորբաչովի արտաքսման պատմությունից, ԽՄԿԿ Կենտկոմի առողջարանն էր), բայց թույլ տվեց:

- Գագարինի ամառանոցը, - բացատրեց նա,- գլխավոր ծառուղով, աջ կողմում գտնվող երկրորդ տնակը:

Գնացի ծառուղով, գտա աջ կողմի երկրորդ տնակը, կանգնեցի:

Памятник Гагарину в селе Гагарин
© Sputnik / Asatur Yesayants
Գագարինի արձանը Հայաստանի Գագարին գյուղում

Հիշեցի Գագարին գյուղը՝ Սևանա լճի մոտ, առանց համարների «Չայկան» Էջմիածնից, ակադեմիկոսներ Գուրզադյանին, Օսիպյանին։ 1961 թվականը, երբ բոլոր բարձրախոսներից ՏԱՍՍ-ը հայտնեց ամբողջ աշխարհին․ «Ապրիլի 12-ին Խորհրդային Միությունում երկրի շուրջ ուղեծիր է դուրս բերվել աշխարհում առաջին տիեզերանավ-արբանյակը՝ «Վոստոկը», որում մարդ կա»:

Այդ ժամից մինչ օրս այդ մարդն ինձ համար մնում է «իմ Գագարինը»։

47
թեգերը:
հայ, Յուրի Գագարին, տիեզերագնաց
Ըստ թեմայի
Հայը կթռչի տիեզերք. ի՞նչ է հայտնի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանի մասին
Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները
Մերձերկրային ուղեծրում տիեզերական հյուրանոց կբացվի. ահա թե ինչ տեսք է այն ունենալու
Թթի օղի

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

461
(Թարմացված է 23:02 11.04.2021)
Հայաստանի հատուկ ծառայությունները վերջին շրջանում հաճախ են բավականին կոշտ քննադատության ենթարկվում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է մի դրվագ, որը ցույց է տալիս՝ ինչպես է հանրապետության ՊԱԿ-ն աշխատել խորհրդային ժամանակներում։

Վերջերս անընդհատ լսում ես՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաճախ իր գործով չի զբաղված, լրտեսներին բռնելու, գործակալական ցանցերը վնասազերծելու, սահմանն ու պետական գաղտնիքները փակի տակ պահելու փոխարեն շեղվում է երկրորդական հարցերի վրա, մանր-մունր բաներով է զբաղվում։ Եթե այսպես շարունակվի, ապա, ինչպես պնդում են քննադատները, կարելի է կորցնել նախորդ սերունդների փորձը, ավանդույթները և մոռանալ «մկներին բռնելու» ունակությունը։

Աշնանային մի գեղեցիկ օր Երևանից ոչ հեռու գտնվող Ջանֆիդա գյուղ հեռագիր եկավ․ «Կայծ շեշտ․ Շտապ ծանր ջուր ուղարկի կետ․ Ֆանը կատաղած է կետ․ Շատ ապակե տարաներով բեռնեք կետ․ Ժամկետն անցել է կետ»։ Ստորագրությունը՝ Արթուր, Սերժ։

Այն ժամանակ Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող գյուղը կոչվում էր Ջանֆիդա։ Տեղի բնակչությունը ապրում էր խիստ սահմանային ռեժիմի կանոններով։ Մուտք գործելուց անցագիր էր հարկավոր, դուրս գալուց՝ հեռանալու թույլտվություն, բնապատկերներ լուսանկարելը խստիվ արգելվում էր, այլ քաղաքներից ժամանած հյուրերին կարելի էր ընդունել միայն ուղեկալի պետի իմացությամբ։ Եվ հանկարծ այդ հեռախոսագիրը։

Հեռագրի հետևանքներն առաջինը զգաց «Կայծը»՝ Ռոբերտ Արամայիսի Կայծունին, Ջանֆիդա գյուղի դպրոցի (այն ժամանակ՝ Հոկտեմբերյանի շրջանի, այժմ՝ Արմավիրի մարզի) ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչը։

«Ձեզ հետևում են»,- գաղտնի նրա ականջին շշնջացել էր հարևան գյուղատնտեսը։

Անտեսելով հաղորդագրությունը՝ Կայծունին շարունակում էր երեխաներին գիր ու գրականություն սովորեցնել, ընդունել գյուղացիների հարսանիքների ու ծննդյան օրերի հրավերներն ու ընկերություն անել ուղեկալի պետի՝ կապիտան Զուբկովի հետ։

Անհանգստության առիթ չունեին նաև այս տարօրինակ հեռագիրն ուղարկողները։ Արթուր Կիրակոսյանն ու «Սերժը» (ձեր սյունակագիրը) ասես ոչինչ չի եղել՝ հաճախում էին Երևանի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսություններին, իսկ երեկոյան գնում էին աշխատանքի։

Աշխատանքի վայրը Հայկական ԽՍՀ կապի նախարարությունն էր, որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Հանրապետության հրապարակում։ Արթուրը երկրորդ հարկում հեռագրիչ էր, ես էլ (մի հարկ վերև) գծային-ապարատային դահլիճում միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի։ Այնպես չէ, որ լավ էին վարձատրում, բայց կրթաթոշակի հետ գրպանի ծախսերի համար բավականացնում էր։

Հերոսից` հակահերոս, կամ ինչպես կարողացան բռնել Հայկ Բժշկյանցին ու «կոտրել» նրան

... Այն ժամանակ հայերը շատ էին կարդում, իսկ բանասիրական ֆակուլտետի ուսանողները՝ ավելի շատ, և ահա անգլերենից թարգմանաբար լույս տեսավ Ռոբերտ Յունգի «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը։ Բոլորը կարդում էին այն։

Յունգը պատմում է նախապատերազմական ֆիզիկայի մեջ ատոմային զենքի գաղափարի զարգացման, հաջողության չհասած գերմանական միջուկային ծրագրի, ԱՄՆ-ում միջուկային զենքի շուրջ բուռն քաղաքական բանավեճով Մանհեթենի նախագծի մասին: Մանրամասն նկարագրված է նաև Ռոբերտ Օպենհեյմերի դատավարությունը։ Մի խոսքով, ընթերցողին ամեն ինչ հետաքրքիր ու ճանաչողական էր, բայց երեք անգամ ավելի հետաքրքիր կլիներ, եթե իմանայինք, որ ծանր ջրի հիմքով ռեակտորի ստեղծման խորհրդային նախագծի ղեկավարը մեր հայրենակից Արտյոմ Ալիխանովն էր։

Մի խոսքով, կարդալով ու նույնիսկ վերընթերցելով Յունգի գիրքը, որոշեցինք, որ ատոմային ֆիզիկայի «ծանր ջրի» արժանի անալոգը կենցաղում կարող է լինել թթի օղին, իսկ այն սարքում էին ոչ միայն Քարահունջում, այլև Ջանֆիդայում: Կայծը, որը չնչին գումարով էր գնում այն համագյուղացիներից, ուղարկում էր օղին կամ ինքն էր բերում Երևան։ Բայց հանկարծ սրտամաշ դադար առաջացավ, բջջային հեռախոսներ այն ժամանակ չկային, բայց կար Արթուրը՝ հեռագրի վրա աշխատող ու պատկան մարմիններին վախեցնող մեր ընկերը։

Այստեղ պետք է նշել. ՊԱԿ-ում, իհարկե, հասկանում էին, որ բաց տեքստով նման հաղորդագրություն ուղարկելու համար պետք է ապուշ լինել, իսկ ԿՀՎ-ում կամ այլ օտարերկրյա հետախուզությունում ապուշների դժվար թե պահեն։ Այնուամենայնիվ, հեռագրում «ծանր ջուր» կար, հայկական ԱԷԿ-ը Ջանֆիդայի մոտակայքում է, ֆրանսիական հնչողություն ունեցող «Սերժն» էլ ամեն դեպքում մեր հայկական Սերոժը չէր: Իսկ դա նշանակում է, որ սա այն դեպքն է, երբ ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել վտանգը։

Արտաքին վերահսկողության որևէ նշան մեզանից ոչ ոք չէր զգացել, բայց նախազգուշացնող «ձեզ հետևում են» արտահայտությունը տեղին էր, ինչի մասին ուղեկալի ղեկավարը, կապիտան Զուբկովը մի անգամ ասել էր Ռոբերտին, քանի որ նրանք հին ընկերներ էին։

Բարեխղճորեն ավարտելով հետաքննությունը՝ պետանվտանգության կոմիտեն պետական դավաճանության փորձի նշաններ չգտավ, պարզվեց՝ «ծանր ջրի» պատմությունը թթի օղու վերաբերյալ հիմարություն էր, սակայն կանխարգելիչ միջոցառումներ ամեն դեպքում ձեռնարկվեցին:

Արթուր Կիրակոսյանին ազատեցին աշխատանքից։

«Երիտասարդները պետք է ոչ թե գիրք կարդան, այլ գործ անեն», - ասաց հեռագրատան տնօրեն, ընկեր Բաչաչյանը՝ ակնարկելով «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը:

Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային

Ինձ չկայացած հանցագործության հանցակից ճանաչելու հիմքեր չկային, ու ես ինչպես միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի, այդպես էլ մնացի մինչ ուսմանս ավարտը։

Անհրաժեշտ բացատրություն. «ծանր ջրի», հեռագրի և օղու պատմությունն այն բանի մասին է, որ երբ խոսքը վերաբերում է երկրի անվտանգությանը, հատուկ ծառայությունները պարտավոր են հավասարապես լուրջ ու պատասխանատու վերաբերվել ցանկացած տեղեկատվության: Հաստատվեց՝ լավ է, չհաստատվեց՝ նույնպես լավ, գուցե նույնիսկ ավելի լավ է։ Հարցն այլ է՝ որքանով կարող է ԱԱԾ-ն հաջողությամբ հաղթահարել այդ խնդիրը, եթե վերջին երկու տարում հինգ տնօրեն է փոխվել և, ինչպես պնդում են, ուր որ է կնշանակվի վեցերորդը։

461
թեգերը:
օղի, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, լրտես
Ըստ թեմայի
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին
Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում
Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է, կամ ինչով են նման Հայաստանն ու Շվեյցարիան
Արխիվային լուսանկար

Լարսը բաց է, սակայն ռուսական կողմում դեռևս մեծ թվով բեռնատարներ կան կանգնած

0
Հայաստանի տարածքում դեռևս փակ են Արագածոտնի մարզի որոշ ավտոճանապարհներ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik.  ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Ճանապարհը բաց է, բայց հերթը չի պակասում․ ինչո՞ւ է Լարսում մի քանի հազար բեռնատար կուտակվել

0
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բեռնատար, Լարս, Հայաստան, Ճանապարհ
Ըստ թեմայի
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Ինչպես կարելի է բեռնաթափել «Վերին Լարսը». ՌԴ դեսպանը խոսել է հնարավոր ելքի մասին