Պատմական քվեստ-ի մասնակիցները․ արխիվային լուսանկար

Հայերի փրկության բանաձևը, կամ ի՞նչ կլինի, եթե կիրառենք Աշխարհաժողովի սկզբունքները

480
Մեր նախնիները ժամանակին ժողովրդավարության սեփական բանաձևն են ունեցել, որը կարելի է հիմա էլ կիրառել ու օրինակ դառնալ ամբողջ աշխարհի համար։

Հայաստանում ընդունված խորհրդարանական կառավարման ձևը Եվրոպայում շատ արդիական էր դարձել Երկրորդ Համաշխարհայինից հետո։ Մուսսոլինիի և Հիտլերի ոչնչացումից հետո պետք էր մի կարևոր հարց լուծել` ի՞նչ անել, որ ապագայում բացառվի երկիրն անդունդ տանող պոպուլիստների իշխանության գալը և նրանք նոր բռնապետներ չդառնան։

Հենց խորհրդարանական կառավարման ձևը դարձավ այն համակարգը, որը կարող է հեռացնել կառավարությանը, եթե գործադիր մարմինը գլուխ չհանի խնդիրներից, կորցնի ժողովրդի վստահությունը կամ փորձի խլել նրա իշխանությունը։ Բայց մեզ մոտ այդ մեխանիզմը ոչ միայն չաշխատեց, այլև ավելին՝ խորհրդարանը հնազանդ գործիք դարձավ իշխանության ձեռքում, ավելի ճիշտ՝ մնաց նույնը, ինչ կառավարման նախորդ՝ նախագահական ձևի ժամանակ էր, և մոտավորապես նույն համամասնությամբ` իշխանամետ մեծամասնություն և ընդդիմադիր փոքրամասնություն։

Մի՞թե մեր տառապյալ ժողովուրդը դատապարտված է ու պիտի հավերժ թափառի այս արատավոր շրջանի ներսում։ Այսօր անգամ աշխարհի ամենամեծ ու հզոր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր, արդեն խոսում են ժողովրդավարության ընդունված ձևերի ճգնաժամի մասին։ Ժողովրդավարությունն անվանում են վարագույր իշխող վերնախավի համար։ Բայց եթե այդ մեծ երկրները հսկայական ռեսուրսներ ունեն, ապա Հայաստանը, լինելով փոքր երկիր և պատմական Հայաստանի բեկոր, չի կարող իրեն թույլ տալ, որ ընթանա այդ աղետալի ճանապարհով։

Եվ հենց այստեղ էլ մեզ կարող է օգնության հասնել այն, ինչով հատկապես հարուստ է մեր երկիրը՝ պատմությունն ու պատմական հսկայական ժառանգությունը։ Մեր ժողովուրդն ունի փրկության բանաձև, այն, ինչ մեր նախնիներն ունեին որպես սեփական ժողովրդավարություն, ժողովրդի իրական կառավարում Հին Հունաստանի և Հռոմի դեմոկրատիաներից հազար տարի առաջ` Հին Հայաստանի Աշխարհաժողովը։

Միշտ համարվել է, որ ժողովրդավարությունը ծնունդ է առել Եվրոպայում՝ Անտիկ Հունաստանի ժամանակներում, իսկ Արևելքում ամենաբռնատիրական և տոտալիտար կառավարման ձևերն են եղել։ Հին Պարսկաստանի և Ասորեստանի դաժան արքաների կերպարները, ավելի ուշ՝ Օսմանյան կայսրության սուլթանների կերպարները, որոնք անգամ հարազատ եղբայրներին էին սպանում, որպեսզի ոչ մեկին գահի համար պայքարելու հնարավորություն չտան, ասոցացվում են Մերձավոր Արևելքի և Ասիայի ժողովուրների ամբողջ պատմական անցյալի հետ։

Սակայն հնագույն տեքստերն ապշեցուցիչ տեղեկություններ են տալիս ժողովրդավարության շատ ավելի վաղ ձևերի մասին։ Հատկապես հետաքրքիր են Հին Հայաստանի Աշխարհաժողովի լիազորությունների նկարագրությունները։ Դրա ավելի վաղ ձևը եղել է Արատտա երկրում, որը գտնվել է Հայկական լեռնաշխարհում Ուրարտուից երկու հազար տարի առաջ, այնուհետև՝ Հայասա-Ազզի թագավորությունում (մ.թ.ա. 16-13-րդ դդ․), ինչպես նաև բուն Ուրարտուում։

Արտաշեսյան և Արշակունի արքայատոհմերի ժամանակներում Ժողովրդական ժողովը կոչվում էր Աշխարհաժողով, որը փաստացի բնակչության բոլոր սոցիալական խավերի ժողովն էր, որտեղ ընդունվում էին բոլոր կարևոր որոշումները։ Ժողովրդական ժողովում ներկայացված էին զինվորականները, զորավարները, քրմերը, հողագործները, դարբինները, կոշկակարները և առհասարակ բոլոր արհեստների և տարածաշրջանների ներկայացուցիչները։ Ընդ որում՝ նրանք շարքային քաղաքացիներ չէին, այլ ամենահեղինակավոր, ամբողջ երկրին հայտնի մարդիկ, որոնց խորհուրդները լսում էր պետության ղեկավարը, երբեմն էլ ուղղակիորեն հնազանդվում նրանց որոշմանը։

Աշխարհաժողովը կարող էր պատերազմ հայտարարել, պաշտոնանկ անել անարժան աշխարհիկ և հոգևոր առաջնորդներին, օրենքներ ու կանոններ հաստատել։ Հենց այդ ժամանակներում էր, որ Հայաստանը հասավ առավելագույն հզորության և չափերի։ Տիգրան Մեծի կայսրությունն ու Մեծ Հայքը դրա լավագույն վկայությունն են։ Եվ դա տեղի է ունեցել ոչ թե պատմության ինչ-որ քմահաճույքների կամքով, այլ որովհետև երկիրը կառավարման փաստացի ամենաառաջադեմ ձևն ուներ։ Իսկ երբ հետագայում՝ վաղ միջնադարում, կորցրեց այն և միանձնյա թագավորական իշխանություն հաստատեց, կորցրեց իր լավագույն ձեռքբերումները և մասնատվեց` հայտնվելով ավելի հզոր հարևանների կազմում։

Հետաքրքիր է, եթե այսօրվա իրողությունները համեմատենք հնագույն խորհրդարանական համակարգի հետ, դրանցից ո՞րն առավել ժողովրդավարական կլինի։ Հայ պատմաբանները կարծում են, որ հենց հնագույն համակարգն էր ավելի ժողովրդավարական։ Հին շումերական աղբյուրներում հիշատակումներ կան այն մասին, որ արքան ընտրվում էր։ Որքան էլ զարմանալի է, բայց անգամ բաբելոնյան Ուտնապիշտիմը՝ Աստվածաշնչյան Նոյի իրական նախատիպը, որը հնագույն շումերական Շուրուպպակ քաղաքի ղեկավարն էր, նույնպես ընտրվել էր։

Նույն համակարգը հնագույն ժամանակներում գոյություն է ունեցել Հայաստանի տարածքում և պահպանվել ընդհուպ մինչև Միջնադար։ Եվ պարզվում է, որ վատ թագավորներին կարելի էր հեշտ ու արագ ազատել պաշտոնից, ընդ որում՝ առանց ապստամբությունների և հեղափոխությունների։ Օրինակ՝ մեր թվարկության 1-ին դարում՝ 16թ․-ին, Նպատ լեռան լանջին ժողովը Ոնոնես Արշակունուն զրկեց գահից, այսինքն՝ Աշխարհաժողովն արքային զրկեց իշխանությունից և «թոշակի» ուղարկեց։ Այս համակարգը շարունակեց գործել ընդհուպ մինչև քրիստոնեական միջնադար՝ մինչև 4-րդ դար, այնուհետև չեղարկվեց։

Ովքեր ուզում են առավել մանրամասն ծանոթանալ այս թեմային, կարող եմ խորհուրդ տալ ընթերցել հիանալի պատմաբան Արտակ Մովսիսյանի (1970-2020թթ․) «Աշխարհաժողով. Հին Հայաստանի բարձրագույն խորհրդակցական ժողովը՝ երկրի դասային համերաշխության երաշխավոր» հոդվածը։

Հին ժողովրդավարության մեթոդը բնավ հնացած չէ նաև այսօր։ Ներկայիս աշխարհում ժողովրդավարության հասկացությունն անգամ ամենաառաջադեմ արևմտաեվրոպական երկրներում միանգամայն այլ բնույթ է կրում։

Իսկ ինչպիսի՞ն կարելի է պատկերացնել Աշխարհաժողովն այսօր, եթե դրա սկզբունքները տեղափոխենք ժամանակակից իրականություն։ Ժողովուրդը պետք է ընտրի ոչ թե ինչ-որ քաղաքական գործիչների, որոնք բոլորը գեղեցիկ ճառեր են ասում, բայց իշխանության գալուն պես մոռանում են երկրի և ժողովրդի շահերը` այդպիսով վատթարացնելով առանց այդ էլ բարդ իրավիճակը։ Իսկ եթե մենք կիրառեինք Աշխարհաժողովի սկզբունքները, ապա յուրաքանչյուր խավի ներկայացուցիչները պետք է ընտրեին միայն նրանց, ում իրենց շրջապատում բոլոր լավ են ճանաչում, ամենահեղինակավոր և առաջադեմ մարդկանց, որոնք պատրաստ են պաշտպանել հենց նրանց շահերը, ոչ թե դավաճանել նրանց հանուն սեփական շահի, բարձր աշխատավարձերի և այլն։

Եվ այդ ժամանակ նույն այդ Աշխարհաժողովը՝ բաղկացած ազգի ամենաարժանավոր մարդկանցից, կկարողանա իր հերթին կառավարություն ընտրել լավագույն ղեկավարներից, որոնք կկարողանան զարգացնել և առաջ տանել երկիրը հակամարտություններով և թշնամաբար տրամադրված հարևաններով լի մերօրյա աշխարհում։

Ոմանք Աշխարհաժողովը համեմատում են մերիտոկրատիայի հետ (բառացիորեն՝ «արժանավորների իշխանություն») և անգամ արհմիությունների հետ․ հնարավոր է` դա մասամբ ճիշտ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ Չինաստանն աշխարհի առաջնորդներից մեկն է դարձել այդ թվում իր հնամենի Կոնֆուցիոսականության շնորհիվ, որտեղ մերիտոկրատիան շատ մեծ նշանակություն ունի։ Բայց բանն այն է, որ այս գործում երրորդ ճանապարհ չկա` կա՛մ ժողովուրդն ինքն է պահպանում ամբողջ իշխանությունը և անհրաժեշտության դեպքում վերընտրում այն իրականացնողներին, կա՛մ չի անում դա, և այդ դեպքում իրականացնողներն իշխանությունն իրենց ձեռքն են վերցնում և, ինչպես ասում են, ինչ ուզում՝ անում են։

Նման մի բան կար նաև ԽՍՀՄ-ում։ Բոլշևիկները հասկանում էին, որ եթե իրենք հայտարարել են, որ իշխանությունը ժողովրդին են տվել, ապա գոնե պետք է տպավորություն ստեղծեն, որ ժողովուրդն իշխանություն ունի։ ԽՍՀՄ-ում բարձրագույն մարմինը Գերագույն Խորհուրդն էր, որտեղ ամբողջ երկրից հավաքվում էին պատգամավոր դարձած սովորական բանվորներն ու կոլտնտեսականները, հիմնականում, իհարկե, ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամների ելույթներին ծափահարելու և քվեարկելու այնպես, ինչպես արդեն նրանք փոխարեն որոշել էր պարտիան, իսկ հետո ցրվելու իրենց քաղաքներն ու գյուղերը։

Բայց եթե Կոմունիստական կուսակցությունն իրոք հասկանար ու գնահատեր ժողովրդի դերը, կմտածեր նաև նրա կյանքի որակի բարձրացման անհրաժեշտության մասին։ Մինչդեռ ԽՍՀՄ-ում, սպառազինության արտադրության հսկայական ծավալների պարագայում 20 տարում այդպես էլ չլուծվեց Պարենի ծրագիրը։ Խորհրդային Միությունը, որն ավելի շատ կոմբայն ու տրակտոր էր արտադրում, քան ԱՄՆ-ն ու Կանադան, չէր կարողանում իր բնակչությունն ապահովել տարրական սննդով։ Հետո նույն ԱՄՆ-ից ու Կանադայից հացահատիկ էր գնում։ Այսինքն` փողերը շարունակ ներդրվում էին մեքենաների ու երկաթի մեջ, իսկ մարդկանց ուղղակի վախենում էին ավելի շատ վճարել։

Խորհրդային տարիներին Նոյեմբերյանի շրջանի առաջին քարտուղարը՝ շատ խելացի ու շատ բարի Գևորգ Նախշքարյանը, պատմում էր, որ իր շրջանում կառավարության որոշմամբ աշխատանքի արտադրողականության բարձրացման փորձ է արվել։ Էությունը պարզ էր` կոլտնտեսականներին ոգևորում էին այն ժամանակների համար մեծ գումարով։

Վճարման սահմանափակումներ չկային, և գյուղացիները 1000%-ի հասնող արդյունք էին ցույց տալիս, այսինքն՝ նորմայից 10 անգամ շատ։ Թվում է՝ ամեն ինչ հիանալի էր, փորձ ստացվել էր, վերցրու և տարածիր երկրով մեկ։ Իսկ հետո ոչ թե դու ուրիշներից պարենամթերք գնիր, այլ թող իրենք քեզնից գնեն։ Բայց ո՜չ, նորից վերևներում նստած «գորշ կարդինալները» սկսեցին վախենալ, որ եթե ժողովուրդը սկսի ավելի լավ ապրել, ապա կմոռանա խորհրդային արժեքները և կընդդիմանա իշխանությանը։

Վերջնական արդյունքում հենց այդ պատճառով էլ Միությունը քանդվեց, միայն դա բավական էր, էլ չասենք ազգամիջյան բախումների մասին, որոնք մենք՝ հայերս, բոլորից լավ գիտենք։ Մեր օրերում հետխորհրդային երկրների մեծ մասում շարունակվում է խորհրդային՝ փաստացի ձևական և ցուցադրական ժողովրդավարության ավանդույթը։ Որոշ փոփոխություններ տեղի ունեցան 90-ականներին, երբ իշխանության եկան նոր ուժեր, որոնք պայքարում էին հանուն ինքնիշխանության և ազգային շահերի։ Բայց հետո խորհրդային անցյալի իներցիան կրկին գերիշխող դարձավ։

Իսկ այսօր արդեն իրավիճակը մոտ է կրիտիկականի․ պատերազմները, կորուստները, գունավոր հեղափոխությունները, աճող ճգնաժամը, համաճարակները, գերտերությունների խառնվելը փոքր երկրների ներքին գործերին և մի շարք այլ խնդիրներ ու աղետներ ժողովուրդներին այլ ելք չեն թողնում, քան վերադառնալ ժողովրդավարության ամենաիսկական և իրական ձևերին։ Հայաստանը կկարողանա՞ կիրառել իր հարուստ պատմական փորձը և օրինակ դառնալ ամբողջ աշխարհի համար։ Դա կախված է մեզնից, նրանից, թե որքանով ենք մենք հասկանում խնդիրն ու դրա լուծումը։ Իսկ եթե իրական ժողովրդավարության վերադառնալու՝ կենսական կարևորության գործում մեր երկիրը չլինի առաջինը, հետո էլ կարող է անել դա` օրինակ վերցնելով ուրիշներից։ Այդ ժամանակ ամբողջ հարցը միայն այն կլինի, թե մեզ և մեր երեխաների համար ինչ գին կունենա ժամանակի այդ կորուստը։

480
թեգերը:
ժողովրդավարություն, հայեր, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես հայկական հեծելազորը գրեթե կասեցրեց Մակեդոնացու առաջխաղացումը դեպի Արևելք
Հայերը պահպանում էին մասունքը, քանի դեռ գերմանացիները մոլորության մեջ էին. ռուսական թերթ
Հայաստանում իրականացված բացառիկ պեղումների հնգյակը. գտածոները տանում են մինչև մ.թ.ա.
Արխիվային լուսանկար

Կրքեր բրենդի շուրջ, կամ Կոնյակ քաղաքը կլուծե՞ր հայկական խմիչքի հարցը

176
(Թարմացված է 16:23 19.04.2021)
ԵՄ-ի հետ համաձայնագրի պահանջներից մեկի համաձայն` Հայաստանը պետք է մինչև 2043 թ-ը հրաժարվի ալկոհոլային խմիչքների ֆիրմային անվանումից: Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է, թե ինչպես է հաջողվել պահպանել հայրենական կոնյակը խորհրդային տարիներին։

Ժամանակն անասելի արագ է անցնում: 22 տարին մի ակնթարթ է. չես հասցնի հետ նայել, արդեն վրա կհասնի 2043 թ-ը, և հայկական կոնյակը կմնա միայն հիշողության մեջ։ Հետքն էլ չի մնա։

Այդպիսին է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագրի կոշտ պահանջը, որի համաձայն մեր կոնյակ արտադրող ընկերությունները պարտավորվել են հրաժարվել այդ ալկոհոլային խմիչքի ֆիրմային անվանումից։ Նույնը վերաբերում է նաև շամպայնին, որը, ենթադրաբար, կդառնա «փրփրուն գինի», իսկ կոնյակը, ամենայն հավանականությամբ, «բրենդի»։

Հարցի պատմությունից։ Մեծ ու հզոր Խորհրդային Միության տարիներին խոսք անգամ չէր կարող գնալ խմիչքի անվանումը փոխելու մասին։ Ուինսթոն Չերչիլը (ինչպես ամբողջ աշխարհը) բնականաբար գիտեր, որ Հայաստանում Կոնյակ քաղաք չկա, ուստի արտադրանքը չի կարող այդպես կոչվել։ Բայց սա այն դեպքն է, երբ իրավունքի ուժն աներկբայորեն զիջել է ուժի իրավունքին․ Մոսկվայի հետ վիճելն անիմաստ էր, ավելի լավ էր խմել ու ձայնը կտրել։

Պետք է ասել, որ Երևանի կոնյակի գործարանի արտադրանքը ոչ միայն լավն էր, այլ նաև մատչելի։ Հիշում եմ այն ժամանակները (անցած դարի 50-ականները), երբ Հայաստանում օղի քիչ էին խմում, իսկ կոնյակ՝ գրեթե բոլորը և բոլոր առիթներին։ Հետաքրքիր է, որ երեքաստղանի կոնյակը համով գրեթե չէր զիջում տեսակավոր կոնյակներին, որոնք ավելի հաճախ նվեր էին տանում, քան սեղանին դնում։

Առօրյա կյանքում դա այսպես էր լինում․ ինչ-որ մեկին «Նաիրի» էին բերում շքեղ փաթեթավորմամբ, նվերն ընդունում էին և պահում պահարանի խորքերում։ Հետո տուփը հանում էին պահոցից և նվիրում հարգարժան մեկին։ Նա սրտանց շնորհակալություն էր հայտնում և ճիշտ նույն կերպ վարվում՝ պահելով շիշը մինչ հարմար առիթը։ Չէր կարելի բացառել, որ որոշ ժամանակ անց, բնական շրջապտույտ կատարելով, ձեռքից ձեռք անցած «Նաիրին» կրկին կվերադառնար առաջին տիրոջ մոտ, կհայտնվեր նույն պահարանում և նույն տեղում։

Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին

Ես առաջին շոկն ապրեցի բոլորի հետ 1998 թ-ին, երբ Երևանի կոնյակի գործարանը 30 միլիոն դոլարով նվիրեցին ֆրանսիական Pernod Ricard ընկերությանը։ Ճիշտ է, ֆրանսիացիները խոստացան հինգ տարվա ընթացքում ևս մեկ միլիոն ներդրում անել Հայաստանի գյուղատնտեսության մեջ, բայց դա ոչ մեկին չէր սփոփում։

Առաջին բանը, ավելի ճիշտ մարդը, որին այսօր հիշեցի, մեծն Մարգար Սեդրակյանն է՝ սոցիալիստական աշխատանքի հերոսը, արևային խմիչքի հայկական տեխնոլոգիայի հիմնադիրը, որը ստեղծել էր 15 տեսակ։ Նրա հետ միասին անմիջապես աչքիս առաջ եկավ Միխայիլ Խանոյանը՝ Երևանի կոնյակի գործարանի ամենահայտնի տնօրենը։ Երկուսին էլ ճանաչում էի, կարող եմ պատկերացնել նրանց ցավն ու դառնությունը, եթե ողջ լինեին։

Բայց եղածը հետ չես բերի։ Ոչ ոք չի խանգարել, և այդ ժամանակ ԵՄ-ում որոշել են` ԱՊՀ երկրում մեր արտադրանքը կմնա նախկին փառավոր անվանումով, իսկ հեռավոր արտասահման (որտեղ մինչ օրս չի հաջողվել նվաճել շուկաները և հազիվ թե երբևէ հաջողվի) կարտահանվի «Բրենդի» դժգույն և աղոտ անվանումով։ Խանգարելու ոչ մի հնարավորություն չկար։

- Ինչո՞ւ, - բորբոքվեց ընկերս՝ Վիգեն Կարապետյանը, -մենք կարծես խելոք ազգ ենք, կարող էին ձիով քայլ անել և հայավարի լուծել հարցը։

- Այդ ինչպե՞ս։

- Շատ հեշտ։ Պետք էր ընդամենը ասենք` Այգեշատի, Այգեձորի, Ծաղկունք-Մաղկունքի գյուղխորհրդին հանձնարարել այդ գյուղերից մեկն անվանափոխել «Կոնյակ»։ Եվ մեր ջերմ «մերսին» ուղարկել Կոնյակի ֆրանսիացիներին։

- Չգիտեմ, միգուցե․․․

Մյուս կողմից` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է, և հայկական կոնյակը գնահատողների թիվը գնալով պակասում է, իսկ «Նաիրիի» և «Դվինի» փոխարեն վառված շաքարով կեղծ խմիչք ստեղծողների թիվը՝ մեծանում։

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն

50-ականների վերջին մեզ մոտ ընդհանրապես չկային դրանք, առաջին կեղծողները հայտնվեցին 60-ականների կեսին, բայց նրանց դեմ խստորեն պայքարում էին․ խմիչքը թափում էին, արտադրողներին՝ բանտ նստեցնում։ Հետո արշավ սկսվեց խմելու և հարբեցողության դեմ․ 1972 թ-ին՝ Բրեժնևի օրոք (Հայաստանի առաջին դեմքը Անտոն Քոչինյանն էր), 1985 թ-ին՝ Գորբաչովի օրոք (Հայաստանի առաջին դեմքը Կարեն Դեմիրճյանն էր)։

Երկրորդ արշավն ավելի լավ եմ հիշում։

Գործուղման էին գնացել Գորիս։ Օղու դեմ արշավի օրը Քարահունջի բնակիչները սգո ժապավեններով փաթաթեցին թթենիների բները և սկսեցին հաշվել վնասները։ Ելնում էին նրանից, որ 1984 թ-ին ալկոհոլի սպառումը, հաշվի առնելով ընդհատակյա օղեթորումը, հասնում էր մեկ շնչին տարեկան 10,5 լիտրի կամ 90-110 շիշ օղու` մեկ չափահաս տղամարդու հաշվով։ Դա` ԽՍՀՄ-ում, բնականաբար` ներառյալ Հայաստանը։ Գորիսեցիներն առանձին իրենց համար էին հաշվել և սրտնեղել։ Բացառելով չխմողների չնչին թիվը՝ ստացվում էր, որ թթի օղու արտադրությունը կրկնակի կամ եռակի կրճատվելու էր։ Իսկ ինչո՞վ էին ապրելու։

Բայց սա մանրուք է` երկրորդային, նույնիսկ երրորդային հարց։ Այդ ժամանակ 1988 թ-ի երկրաշարժի նման բոլորը միանգամից հիշեցին հայկական ԱԷԿ-ի մասին․ կանգնուն կմնա՞, թե՞ կքանդվի։ 1985 թ-ին բոլորը հիշեցին Երևանի կոնյակի գործարանը։ Ի՞նչ կլինի դրա հետ։ Ոչինչ չպատահեց, գործարանը պահեցին։

Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները

Թեև շատ հանրապետություններում շտապեցին կտրել խաղողի այգիները և գինու գործարանները վերածեցին կաթնամթերքի գործարանների։ Ինչպես 1970-ականներին Անտոն Քոչինյանը, այնպես էլ 1985-ին Կարենը Դեմիրճյանը, որտեղ պետք է` խելքով, որտեղ պետք է` խորամանկությամբ, փրկեցին մեր կոնյակի գործարանը։

Կհաջողվի՞ արդյոք փրկել հայկական կոնյակը 2043 թ-ին։ Կապրենք, կտեսնենք։

176
թեգերը:
ալկոհոլ, բրենդ, Հայաստան, կոնյակ
Ըստ թեմայի
Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան
«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»
Իմ Գագարինը, հայերն ու տիեզերքը
Կուբա

«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»

384
(Թարմացված է 21:43 19.04.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանին և Կուբային միավորում է երկու հանգամանք՝ երկուսն էլ անմիջական առնչություն ունեն ԵԱՏՄ-ի հետ՝ Հայաստանը՝ որպես լիիրավ անդամ, Կուբան՝ որպես դիտորդ, և երկուսն էլ ընդհանուր սահման չունեն այդ կազմակերպության հետ։

Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով

Ինչո՞ւ եմ որոշել այսօր խոսել Կուբայի մասին. ապրիլի 19-ին, Հավանայում ավարտվում է ոչ միայն Կուբայի կոմունիստական կուսակցության քառօրյա համագումարը, այլև փաստորեն ավարտվում է Կաստրոների դարաշրջանը, քանզի Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին, միակ կուսակցության առաջնորդի պաշտոնում այսուհետ փոխարինելու է Միգել Դիաս-Կանելը։ Նա Կուբայի նախագահն է, բայց, ինչպես և ժամանակակից Հայաստանում, նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, հենց այդ պատճառով երկու երկրներում էլ նախագահը սահմանափակ լիազորություններ ունի։

Երկնաքար. արխիվային լուսանկար
© CC BY 2.0 / Hubble ESA / Artist's view of watery asteroid in white dwarf star system GD 61

​Այ հիմա Միգել Դիաս-Կանելը լիակատար իշխանություն կունենա, որովհետև գոնե առայժմ Կուբան մնում է սոցիալիստական պետություն, իսկ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները հաստատ հիշում են, թե ինչպիսին էր սոցիալիստական Հայաստանը։ Իհարկե, ամեն ինչ էլի որոշվում էր Բաղրամյան պողոտայի այն շենքում, որտեղ այժմ նիստեր է անցկացնում մեր պառլամետը, պարզապես Սովետի օրոք այնտեղ նստում էին կոմունիստները, որոնք որոշում էին ամեն ինչ, իսկ խորհրդարանը, որը ժամանակ առ ժամանակ հավաքվում էր Մելիք Ադամյան փողոցի նիստերի դահլիճում, ուղղակի միահամուռ հավանություն էր տալիս Կոմկուսի Կենտկոմից ստացված բոլոր օրինագծերին։

​Արդյոք համեմատաբար երիտասարդ Միգել Դիաս-Կանելը, որն այսօր դեռ 60 տարեկան է, իսկ 61-ը կբոլորի վաղը՝ երեքշաբթի օրը, կարո՞ղ է ստանձնել, այսպես ասենք՝ կուբայական Գորբաչովի դերը և արմատական բարեփոխումներ իրականացնել, որոնք ի վերջո կհանգեցնեն բազմակարծության և ժողովրդավարության հաղթանակին։ Հենց այս մասին են վիճաբանում բազմաթիվ վերլուծաբաններ, սակայն թող ներեն ինձ տարբեր երկրների մեկնաբանները, բայց պիտի ասեմ՝ գոնե այս դեպքում ես նրանց հոռետեսական կանխատեսումներին մեծ, շատ մեծ վերապահումներով են վերաբերվում՝ հիշելով անհերքելի փաստը. նույնիսկ առաջատար ամերիկացի վերլուծաբանները խոստովանել են, որ 80-ականներին չեն կարողացել ճիշտ կանխատեսել այն, ինչ 90-ականների սկզբին տեղի ունեցավ հզոր տերությունում՝ Խորհրդային Միությունում։

Ստախոսը երբեք հաջողություն չէր ունենա, եթե մենք հակված չլինեինք հավատալ իր ստերին

​Իհարկե, կան օբյեկտիվ գործընթացներ, որոնք առաջիկա տարիներին իրենց ազդեցությունն են գործելու Կուբայում տիրող իրավիճակի վրա։ Օրինակ՝ օրեցօր ընդլայնվող տեղեկատվական ազատությունը։ Հիշեցնեմ, որ դեռ Սովետի ճահճացման տարիներին հայտնի գրող Ալեքսանդր Սոլժենիցինը փաստել էր՝ այս պետությունը խարսխվում է ստի վրա, եթե հանկարծ գոնե մեկ օր բոլորը հրաժարվեն ստից, այս իշխանությունը կտապալվի։ Համաձայնե՛ք, մոտավորապես այդպես էլ եղավ։ Ավելին, կարծում եմ, որ այս ձևակերպումը՝ «եթե բոլորը գոնե մի օր հրաժարվեն ստից, իշխանությունները կտապալվեն» ամենատարբեր երկրներում շատ հրատապ է մինչև հիմա։ Հասկանում եք, չէ՞, թե կոնկրետ որ երկիրը նկատի ունեմ։ Իհարկե, Հյուսիսային Կորեան։

​Սակայն երևի ճիշտ են նաև այն փորձագետները, որոնք պնդում են՝ Սովետը քանդվեց հիմնականում տնտեսական գործոնների պատճառով։ Այս առումով իրավիճակը Կուբայում ամենևին էլ մխիթարական չէ։ Երբ կազմալուծվեց Խորհրդային Միությունը, Կուբան միանգամից զրկվեց հսկայական օգնությունից, որը ստանում էր Մոսկվայից։ Իսկ անհավատալի էժան նավթից Հավանան զրկվեց այն ժամանակ, երբ այդ նավթը փաստորեն որպես նվեր մատուցող Ուգո Չավեսի մահից հետո Վենեսուելայում բազում անլուծելի պրոբլեմներ առաջացան, վերացավ նույնիսկ զուգարանի թուղթը։

​Ընդամենը երկու օրինակ բերեմ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է խորհրդային տիպի սոցիալիզմը խոչընդոտում Կուբայի տնտեսության զարգացմանը։ Շատերը հավատացած են, թե բոլոր կողմերից ծովերով ու օվկիանոսներով շրջապատված Կուբա կղզում էժան ծովամթերքը լիքն է։ Չարաչար սխալվում եք՝ ծովամթերք հիմնականում կարող եք ըմբոշխնել ռեստորաններում, որտեղ այն շատ թանկ է, որովհետև ամսական 30 դոլար ստացող կուբացին ռեստորան չի գնում, օտարերկրյա զբոսաշրջիկներն են գնում։ Ու սա հետևանք է այն բանի, որ ձկնորսությամբ զբաղվում է հիմնականում միայն պետությունը, որը բազում խոչընդոտներ է հարուցում մասնավորի համար։

​Նույնն է վիճակը նաև կովաբուծության բնագավառում, ինչի արդյունքում խիստ սահմանափակ է ազատ վաճառվող տավարի մսի ծավալը։ Հիշո՞ւմ եք՝ Ստալինի մահից հետո երկրի փաստացի ղեկավար դարձավ Գեորգի Մալենկովը, և եթե Իոսիֆ Վիսարիոնովիչի օրոք գյուղացուն թույլատրում էին պահել ընդամենը երկու ոչխար և մեկ կով, ապա Մալենկովը վերացրեց այդ սահմանափակումը, և ժողովրդի կողմից արժանացավ այս գովասանական երկտողին. «Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»։ Արդյոք Կուբայի նոր ղեկավարին էլ ժողովուրդը երկտող կձոնի։

Ինչպես սիրում են ասել հայաստանցի վերլուծաբանները՝ ժամանակը ցույց կտա։

384
թեգերը:
ԽՍՀՄ, Կուբայի Հանրապետություն
Ըստ թեմայի
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը
Военная каска

Զորամասերից մեկում հայտնաբերել են նորակոչիկ զինվորի դի` ծառից կախված

0
(Թարմացված է 18:41 20.04.2021)
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի առնչությամբ կատարվում է քննություն։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Այսօր հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողներից մեկի դին։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, Արագածոտնի զինկոմիսարիատ)՝ ծառից կախված վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

0