Ռեջեփ Էրդողան

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

591
(Թարմացված է 21:17 05.04.2021)
Ինչո՞ւ է Էրդողանը ապրիլի 24–ից առաջ որոշել կրկին խոսել Մոնտրեի կոնվենցիայի դուրս գալու մասին։ Ուր է տանում նրա աշխարհաքաղական խաղը, կամ ինչպես այս դեպքում իրեն կդրսևորի քաղաքակիրթ աշխարհը` վերլուծել է Sputnik Արմենիայի սյունակագիր Արտյոմ Երկանյանը։

Թուրքիայի իշխանությունը հայտարարել է, որ լրջորեն մտածում է մի շարք միջազգային պայմանագրերից ու համաձայնագրերից դուրս գալու մասին։ Այս անգամ խոսքը Մոնտրեի կոնվենցիայի մասին է, որը սահմանում է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների կարգավիճակը: Էրդողանը կրկին շանտաժի է ենթարկում Արևմուտքին՝ հասկացնելով, որ կփլուզի տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգը, եթե չստանա այն, ինչի հույս ունի։ Դա կարող է կապված լինել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի ծրագրերի հետ։

Անցյալ շաբաթվա վերջին ավելի քան հարյուր թուրք պաշտոնաթող ծովակալներ ստորագրել են բաց նամակի տակ, որում իրենց ծայրահեղ անհանգստությունն են հայտնել Մոնտրեի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու հնարավորության կապակցությամբ: Նախկին բարձրաստիճան հրամանատարները կարծում են, որ Էրդողանի այդ ծրագրերը հետապնդում են այսօրեական շահեր։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում կոնվենցիայից դուրս գալը, ծովակալների համոզմամբ, հղի է Թուրքիայի բացարձակ ձախողմամբ, քանի որ տարածաշրջանային անվտանգության նոր համակարգից Անկարան կարող է «դուրս մնալ»: Հնչած գնահատականը, հավանաբար, չափազանց ցավոտ էր Էրդողանի համար։ Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը ասել է, որ բաց նամակում նկատելի են «զինվորականների դավադրության նշաններ՝ կառավարության տապալման նպատակով»:

Դրանից անմիջապես հետո Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ 14 ստորագրողների ձերբակալման հրամանագրեր են տրվել։ Նրանցից տասին անմիջապես ձերբակալել են, տներում` խուզարկություններ անցկացրել։ Ծովակալներից 4–ին չի հաջողվել գտնել։ Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Իրավապահները չեն շտապում բացատրել, թե միջազգային կոնվենցիայից դուրս գալու ծրագրերի մասին բացասական նամակն ինչպես կարող էր սպառնալ պետական անվտանգությանն ու սահմանադրական կարգին:

Թշնամուն գրկի մեջ խեղդելու արվեստը․ ի՞նչ խաղ են խաղում Ռուսաստանն ու Թուրքիան

Էրդողանի ծրագրերից դժգոհ են ոչ միայն զինվորականները, այլև դիվանագետները։ Վերջերս Թուրքիայի Հանրապետության 126 նախկին դեսպաններ համատեղ ուղերձ են տարածել, որում երկրի իշխանությանը ներկայացրել են այն վտանգները, որոնք կարող են առաջանալ Մոնտրեի կոնվենցիայից դուրս գալու դեպքում: Նախկին բարձրաստիճան դիվանագետները պնդում են, որ այդ համաձայնագիրը Սևծովյան տարածաշրջանում խաղաղության գրավականն է ու դրանից հրաժարվելով Անկարան կբացի «Պանդորայի տուփը»: «Մոնտրեի կոնվենցիայի շուրջ քննարկումները կհանգեցնեն նրան, որ Թուրքիան կկորցնի իր ձեռքբերումները։ Դա անվտանգության խնդիրներ կծնի և հարցականի տակ կդնի պետության գոյությունը», - նշված է դեսպանների ստորագրած նամակում։

Բայց վերադառնանք բուն կոնվենցիային։ Մինչև դրա ստորագրումը նեղուցներով նավագնացությունը կարգավորվում էր Թուրքիայի համար շատ ավելի ոչ ձեռնտու նորմերով։ 1923-ին Անկարան ստիպված էր ստանձնել Բոսֆորի ու Դարդանելի երկայնքով ամբողջ տարածքի ապառազմականացման պարտավորությունը։ Իսկ բուն նեղուցների նկատմամբ վերահսկողությունը Անկարան զիջեց միջազգային հանձնաժողովին, որի վրա չէր կարող ոչ մի կերպ ազդել։ 13 տարի անց՝ 1936 թվականի հուլիսի 21-ին, Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում ստորագրվեց կոնվենցիա, որը սահմանեց նավագնացության կանոնները, որոնք գործում են առ այսօր։

Այս փաստաթղթի շնորհիվ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին հաջողվեց հասնել միջազգային հանձնաժողովի վերացմանն ու նեղուցների նկատմամբ փաստացի վերահսկողության վերադարձին (և՛ խաղաղ, և՛ պատերազմական ժամանակներում): Թուրքիայի համար դա մեծ ձեռքբերում էր։ Բայց ահա Էրդողանը համարում է, որ կոնվենցիան իր երկրին չի բավարարում, քանի որ գործող կանոնները սահմանափակում են երկրի ինքնիշխանությունն ու թույլ չեն տալիս գումար վաստակել տարանցման շնորհիվ։

Խախուտ խաղաղություն, կամ ով ինչ շահ է հետապնդում տարածաշրջանային հարթակ ունենալու հարցում

Բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը։ Մոնտրեի կոնվենցիան կարգավորում է Բոսֆորի ու Դարդանելի օգտագործման նորմերը՝ Թուրքիային զրկելով այս կամ այն պետության նավերի համար առանց պատճառի մուտքն արգելելու իրավունքից։ Փաստաթուղթը պաշտպանում է առաջին հերթին Սևծովյան երկրների շահերը։ Սևծովյան պետություններից յուրաքանչյուրը խաղաղ ժամանակ կարող է նեղուցներով անցկացնել ցանկացած դասի իր ռազմանավերը։ Առանց  սահմանափակման: Անկարան չի կարող սահմանափակել այդ իրավունքը։ Այլ երկրների ռազմանավերի համար գործում են դասի ու քաշի հետ կապված սահմանափակումներ։ Դրանք չեն կարող Սև ծովում 21 օրից երկար մնալ։

Թուրքիան բազմիցս աչք է փակել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների ռազմածովային ուժերի նավերի կողմից այդ պահանջի խախտման վրա։ Սակայն առավել աղաղակող դեպքերի համար հարկ էր պատասխան տալ, քանի որ կոնվենցիայով նախատեսված միջազգային վերահսկողության նորմերը դեռ գործում են։ Էրդողանի խնդիրն է ազատվել միջազգային վերահսկողությունից ու ինքնուրույն որոշել նավագնացության կանոնները։

Թուրքիան, իհարկե, չէր կարող միանգամից հրաժարվել Մոնտրեի կոնվենցիայից բխող պարտավորություններից։ Հետևաբար այն շրջանցելու ուղիներ է փնտրում։ Սկզբի համար Էրդողանը սկսեց կիրառել սահմանափակումներ, որոնք ֆորմալ առումով չէին հակասում փաստաթղթի պահանջներին։ 2002-ին խստացվել էր նավթատար տանկերների նեղուցներով անցնելու կարգը։ Թուրքիան իր գործողությունները բացատրում էր տարածքային ջրերի  էկոլոգիական անվտանգության մասին հոգ տանելով։ Անկարան իրականում ուղղակի ճնշում էր գործադրում նավթափոխադրողների վրա՝ նպատակ ունենալով հասնել այն ժամանակ կառուցվող Բաքու-Ջեյհան նավթամուղի շահութաբերությանը:

Ավելի ուշ Էրդողանի խորհրդականները Մոնտրեի կոնվենցիային վերջ տալու արմատական միջոց գտան։ Նախաձեռնվել էր շրջանցիկ ջրանցքի կառուցման լայնածավալ նախագիծ, որը կոչված էր փոխարինելու Բոսֆորի ու Դարդանելի ջրանցքները։ Հորինված լեգենդ սա էր՝ իբր նեղուցները չափազանց նեղ են ու նավագնացությունն անվտանգ չէ: Այդ պատճառով կառուցվելու է ավելի լայն ջրանցք, որի օգտագործումը կկարգավորվի նորմերով, որոնք կապված չեն Մոնտրեի կոնվենցիայից բխող պարտավորություններից։

Պատճառաբանությունը համոզիչ չի թվում։ Նախ, անհասկանալի է, թե Թուրքիայում ինչու են որոշել «խաչ քաշել» Բոսֆորի ու Դարդանելի վրա, որոնք առանց խնդիրների կատարում են Միջերկրական և Սև ծովերի միջև կապող օղակի դերը։ 1936-ից հետո Բոսֆորը ո՛չ լայնացել է, ո՛չ էլ նեղացել։ Համաձայնեք, նույնիսկ անփորձ նավապետը պետք է լավ ջանք գործադրի, որ «վրիպի» ու չկարողանա քառասուն մետրանոց (լայնությամբ) տանկերով մտնել 800-մետրանոց (800 մետրը դրա ամենանեղ մասն է) նեղուց։ Երկրորդը՝ ինչու Էրդողանը որոշեց, որ Մոնտրեի կոնվենցիայի դրույթները չպետք է տարածվեն նոր ջրանցքով նավագնացության վրա։

Չէ որ ջրանքցը կատարելու է նույն գործառույթը, որն այժմ կատարում են նեղուցները։ Ջրանցքի կառուցման համար Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է 10 մլրդ դոլարի ներդրում կատարել։ Այդ գումարը պատրաստվում են վերադարձնել ջրանցքով նավերի անցման համար հսկայական մաքսատուրքեր սահմանելով։

Ադրբեջանական քարոզչամեքենայի հնարքները, կամ ինչպես են սեպ խրում հայերի ու ռուսների միջև

Թեև այս նախագիծը ոչ այնքան կոմերցիոն է, որքան աշխարհաքաղաքական։ Դրա գործարկումը թույլ կտա Էրդողանին ունենալ հարմար լծակ, որը կարող է ազդել Մերձսևծովյան տարածաշրջանում ուժերի դասավորության վրա։ Թուրքիայի առաջնորդը կկարողանա այդ լծակը տեղափոխել այս կամ այն կողմ՝ կախված նրանից, թե ով իրեն ինչ կխոստանա։ Մոնտրեի կոնվենցիայից բխող սահմանափակումների բացակայության դեպքում Թուրքիան կարող է նպաստել ԱՄՆ-ի՝ Սև ծովի ջրատարածքի ռազմականացման ծրագրերին, կամ հակառակը՝ արգելել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական նավերին ջրանցք մուտք գործել։ Էրդողանի ձեռքերն ազատ կլինեն։

Այն, որ Էրդողանի հետաքրքրությունը նախագծի նկատմամբ սրվեց հենց ապրիլի 24-ի նախօրեին, կարծում եմ, բնավ էլ պատահական չէ։ Անկարայում Մոնտրեի կոնվենցիայից դուրս գալու և ջրանցք կառուցելու մտադրության մասին կրկին բարձրաձայն խոսեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը վճռականորեն կատարելու է իր նախընտրական խոստումը և վերջապես ճանաչելու է երիտթուրքական ռեժիմի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը։

Նեղուցների շուրջ համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին հայտարարությունը հերթական ահազանգն է, որը կոչված է համոզել վաշինգտոնյան վարչակազմին, որ Անկարան կարող է հուսալի ու շահավետ գործընկեր լինել: Էրդողանը Բայդենին ակնարկում է, որ Ցեղասպանության ճանաչումը կարող է շատ թանկ նստել նրա վրա։

 Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Թուրքիան կրկին շահարկում է իր աշխարհագրական դիրքը։ Պե՞տք է արդյոք միջազգային հանրությունը հանդուրժի դա։ Հիշում եմ, երբ 60-ականների սկզբին Գամալ Աբդել Նասերը հայտարարեց Սուեզի ջրանցքի ազգայնացման մասին, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իսրայելը Եգիպտոսին պատերազմ հայտարարեցին։

591
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, ԱՄՆ, Ջո Բայդեն, Դարդանելի նեղուց, Բոսֆորի նեղուց, Մոնտրեի կոնվենցիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա
Ըստ թեմայի
Պակիստանն Արցախի հարցում հիասթափեցրեց Իլհամ Ալիևին
Ադրբեջանը հետապնդում է Արցախում կռված սփյուռքահայերին՝ «մոռանալով» իր վարձկաններին
Կկարգավորվե՞ն արդյոք հայ-իսրայելական հարաբերությունները Նեթանյահուի հեռանալուց հետո
Արխիվային լուսանկար

Կրքեր բրենդի շուրջ, կամ Կոնյակ քաղաքը կլուծե՞ր հայկական խմիչքի հարցը

170
(Թարմացված է 16:23 19.04.2021)
ԵՄ-ի հետ համաձայնագրի պահանջներից մեկի համաձայն` Հայաստանը պետք է մինչև 2043 թ-ը հրաժարվի ալկոհոլային խմիչքների ֆիրմային անվանումից: Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է, թե ինչպես է հաջողվել պահպանել հայրենական կոնյակը խորհրդային տարիներին։

Ժամանակն անասելի արագ է անցնում: 22 տարին մի ակնթարթ է. չես հասցնի հետ նայել, արդեն վրա կհասնի 2043 թ-ը, և հայկական կոնյակը կմնա միայն հիշողության մեջ։ Հետքն էլ չի մնա։

Այդպիսին է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագրի կոշտ պահանջը, որի համաձայն մեր կոնյակ արտադրող ընկերությունները պարտավորվել են հրաժարվել այդ ալկոհոլային խմիչքի ֆիրմային անվանումից։ Նույնը վերաբերում է նաև շամպայնին, որը, ենթադրաբար, կդառնա «փրփրուն գինի», իսկ կոնյակը, ամենայն հավանականությամբ, «բրենդի»։

Հարցի պատմությունից։ Մեծ ու հզոր Խորհրդային Միության տարիներին խոսք անգամ չէր կարող գնալ խմիչքի անվանումը փոխելու մասին։ Ուինսթոն Չերչիլը (ինչպես ամբողջ աշխարհը) բնականաբար գիտեր, որ Հայաստանում Կոնյակ քաղաք չկա, ուստի արտադրանքը չի կարող այդպես կոչվել։ Բայց սա այն դեպքն է, երբ իրավունքի ուժն աներկբայորեն զիջել է ուժի իրավունքին․ Մոսկվայի հետ վիճելն անիմաստ էր, ավելի լավ էր խմել ու ձայնը կտրել։

Պետք է ասել, որ Երևանի կոնյակի գործարանի արտադրանքը ոչ միայն լավն էր, այլ նաև մատչելի։ Հիշում եմ այն ժամանակները (անցած դարի 50-ականները), երբ Հայաստանում օղի քիչ էին խմում, իսկ կոնյակ՝ գրեթե բոլորը և բոլոր առիթներին։ Հետաքրքիր է, որ երեքաստղանի կոնյակը համով գրեթե չէր զիջում տեսակավոր կոնյակներին, որոնք ավելի հաճախ նվեր էին տանում, քան սեղանին դնում։

Առօրյա կյանքում դա այսպես էր լինում․ ինչ-որ մեկին «Նաիրի» էին բերում շքեղ փաթեթավորմամբ, նվերն ընդունում էին և պահում պահարանի խորքերում։ Հետո տուփը հանում էին պահոցից և նվիրում հարգարժան մեկին։ Նա սրտանց շնորհակալություն էր հայտնում և ճիշտ նույն կերպ վարվում՝ պահելով շիշը մինչ հարմար առիթը։ Չէր կարելի բացառել, որ որոշ ժամանակ անց, բնական շրջապտույտ կատարելով, ձեռքից ձեռք անցած «Նաիրին» կրկին կվերադառնար առաջին տիրոջ մոտ, կհայտնվեր նույն պահարանում և նույն տեղում։

Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին

Ես առաջին շոկն ապրեցի բոլորի հետ 1998 թ-ին, երբ Երևանի կոնյակի գործարանը 30 միլիոն դոլարով նվիրեցին ֆրանսիական Pernod Ricard ընկերությանը։ Ճիշտ է, ֆրանսիացիները խոստացան հինգ տարվա ընթացքում ևս մեկ միլիոն ներդրում անել Հայաստանի գյուղատնտեսության մեջ, բայց դա ոչ մեկին չէր սփոփում։

Առաջին բանը, ավելի ճիշտ մարդը, որին այսօր հիշեցի, մեծն Մարգար Սեդրակյանն է՝ սոցիալիստական աշխատանքի հերոսը, արևային խմիչքի հայկական տեխնոլոգիայի հիմնադիրը, որը ստեղծել էր 15 տեսակ։ Նրա հետ միասին անմիջապես աչքիս առաջ եկավ Միխայիլ Խանոյանը՝ Երևանի կոնյակի գործարանի ամենահայտնի տնօրենը։ Երկուսին էլ ճանաչում էի, կարող եմ պատկերացնել նրանց ցավն ու դառնությունը, եթե ողջ լինեին։

Բայց եղածը հետ չես բերի։ Ոչ ոք չի խանգարել, և այդ ժամանակ ԵՄ-ում որոշել են` ԱՊՀ երկրում մեր արտադրանքը կմնա նախկին փառավոր անվանումով, իսկ հեռավոր արտասահման (որտեղ մինչ օրս չի հաջողվել նվաճել շուկաները և հազիվ թե երբևէ հաջողվի) կարտահանվի «Բրենդի» դժգույն և աղոտ անվանումով։ Խանգարելու ոչ մի հնարավորություն չկար։

- Ինչո՞ւ, - բորբոքվեց ընկերս՝ Վիգեն Կարապետյանը, -մենք կարծես խելոք ազգ ենք, կարող էին ձիով քայլ անել և հայավարի լուծել հարցը։

- Այդ ինչպե՞ս։

- Շատ հեշտ։ Պետք էր ընդամենը ասենք` Այգեշատի, Այգեձորի, Ծաղկունք-Մաղկունքի գյուղխորհրդին հանձնարարել այդ գյուղերից մեկն անվանափոխել «Կոնյակ»։ Եվ մեր ջերմ «մերսին» ուղարկել Կոնյակի ֆրանսիացիներին։

- Չգիտեմ, միգուցե․․․

Մյուս կողմից` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է, և հայկական կոնյակը գնահատողների թիվը գնալով պակասում է, իսկ «Նաիրիի» և «Դվինի» փոխարեն վառված շաքարով կեղծ խմիչք ստեղծողների թիվը՝ մեծանում։

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն

50-ականների վերջին մեզ մոտ ընդհանրապես չկային դրանք, առաջին կեղծողները հայտնվեցին 60-ականների կեսին, բայց նրանց դեմ խստորեն պայքարում էին․ խմիչքը թափում էին, արտադրողներին՝ բանտ նստեցնում։ Հետո արշավ սկսվեց խմելու և հարբեցողության դեմ․ 1972 թ-ին՝ Բրեժնևի օրոք (Հայաստանի առաջին դեմքը Անտոն Քոչինյանն էր), 1985 թ-ին՝ Գորբաչովի օրոք (Հայաստանի առաջին դեմքը Կարեն Դեմիրճյանն էր)։

Երկրորդ արշավն ավելի լավ եմ հիշում։

Գործուղման էին գնացել Գորիս։ Օղու դեմ արշավի օրը Քարահունջի բնակիչները սգո ժապավեններով փաթաթեցին թթենիների բները և սկսեցին հաշվել վնասները։ Ելնում էին նրանից, որ 1984 թ-ին ալկոհոլի սպառումը, հաշվի առնելով ընդհատակյա օղեթորումը, հասնում էր մեկ շնչին տարեկան 10,5 լիտրի կամ 90-110 շիշ օղու` մեկ չափահաս տղամարդու հաշվով։ Դա` ԽՍՀՄ-ում, բնականաբար` ներառյալ Հայաստանը։ Գորիսեցիներն առանձին իրենց համար էին հաշվել և սրտնեղել։ Բացառելով չխմողների չնչին թիվը՝ ստացվում էր, որ թթի օղու արտադրությունը կրկնակի կամ եռակի կրճատվելու էր։ Իսկ ինչո՞վ էին ապրելու։

Բայց սա մանրուք է` երկրորդային, նույնիսկ երրորդային հարց։ Այդ ժամանակ 1988 թ-ի երկրաշարժի նման բոլորը միանգամից հիշեցին հայկական ԱԷԿ-ի մասին․ կանգնուն կմնա՞, թե՞ կքանդվի։ 1985 թ-ին բոլորը հիշեցին Երևանի կոնյակի գործարանը։ Ի՞նչ կլինի դրա հետ։ Ոչինչ չպատահեց, գործարանը պահեցին։

Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները

Թեև շատ հանրապետություններում շտապեցին կտրել խաղողի այգիները և գինու գործարանները վերածեցին կաթնամթերքի գործարանների։ Ինչպես 1970-ականներին Անտոն Քոչինյանը, այնպես էլ 1985-ին Կարենը Դեմիրճյանը, որտեղ պետք է` խելքով, որտեղ պետք է` խորամանկությամբ, փրկեցին մեր կոնյակի գործարանը։

Կհաջողվի՞ արդյոք փրկել հայկական կոնյակը 2043 թ-ին։ Կապրենք, կտեսնենք։

170
թեգերը:
ալկոհոլ, բրենդ, Հայաստան, կոնյակ
Ըստ թեմայի
Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան
«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»
Իմ Գագարինը, հայերն ու տիեզերքը
Կուբա

«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»

380
(Թարմացված է 21:43 19.04.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանին և Կուբային միավորում է երկու հանգամանք՝ երկուսն էլ անմիջական առնչություն ունեն ԵԱՏՄ-ի հետ՝ Հայաստանը՝ որպես լիիրավ անդամ, Կուբան՝ որպես դիտորդ, և երկուսն էլ ընդհանուր սահման չունեն այդ կազմակերպության հետ։

Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով

Ինչո՞ւ եմ որոշել այսօր խոսել Կուբայի մասին. ապրիլի 19-ին, Հավանայում ավարտվում է ոչ միայն Կուբայի կոմունիստական կուսակցության քառօրյա համագումարը, այլև փաստորեն ավարտվում է Կաստրոների դարաշրջանը, քանզի Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին, միակ կուսակցության առաջնորդի պաշտոնում այսուհետ փոխարինելու է Միգել Դիաս-Կանելը։ Նա Կուբայի նախագահն է, բայց, ինչպես և ժամանակակից Հայաստանում, նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, հենց այդ պատճառով երկու երկրներում էլ նախագահը սահմանափակ լիազորություններ ունի։

Երկնաքար. արխիվային լուսանկար
© CC BY 2.0 / Hubble ESA / Artist's view of watery asteroid in white dwarf star system GD 61

​Այ հիմա Միգել Դիաս-Կանելը լիակատար իշխանություն կունենա, որովհետև գոնե առայժմ Կուբան մնում է սոցիալիստական պետություն, իսկ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները հաստատ հիշում են, թե ինչպիսին էր սոցիալիստական Հայաստանը։ Իհարկե, ամեն ինչ էլի որոշվում էր Բաղրամյան պողոտայի այն շենքում, որտեղ այժմ նիստեր է անցկացնում մեր պառլամետը, պարզապես Սովետի օրոք այնտեղ նստում էին կոմունիստները, որոնք որոշում էին ամեն ինչ, իսկ խորհրդարանը, որը ժամանակ առ ժամանակ հավաքվում էր Մելիք Ադամյան փողոցի նիստերի դահլիճում, ուղղակի միահամուռ հավանություն էր տալիս Կոմկուսի Կենտկոմից ստացված բոլոր օրինագծերին։

​Արդյոք համեմատաբար երիտասարդ Միգել Դիաս-Կանելը, որն այսօր դեռ 60 տարեկան է, իսկ 61-ը կբոլորի վաղը՝ երեքշաբթի օրը, կարո՞ղ է ստանձնել, այսպես ասենք՝ կուբայական Գորբաչովի դերը և արմատական բարեփոխումներ իրականացնել, որոնք ի վերջո կհանգեցնեն բազմակարծության և ժողովրդավարության հաղթանակին։ Հենց այս մասին են վիճաբանում բազմաթիվ վերլուծաբաններ, սակայն թող ներեն ինձ տարբեր երկրների մեկնաբանները, բայց պիտի ասեմ՝ գոնե այս դեպքում ես նրանց հոռետեսական կանխատեսումներին մեծ, շատ մեծ վերապահումներով են վերաբերվում՝ հիշելով անհերքելի փաստը. նույնիսկ առաջատար ամերիկացի վերլուծաբանները խոստովանել են, որ 80-ականներին չեն կարողացել ճիշտ կանխատեսել այն, ինչ 90-ականների սկզբին տեղի ունեցավ հզոր տերությունում՝ Խորհրդային Միությունում։

Ստախոսը երբեք հաջողություն չէր ունենա, եթե մենք հակված չլինեինք հավատալ իր ստերին

​Իհարկե, կան օբյեկտիվ գործընթացներ, որոնք առաջիկա տարիներին իրենց ազդեցությունն են գործելու Կուբայում տիրող իրավիճակի վրա։ Օրինակ՝ օրեցօր ընդլայնվող տեղեկատվական ազատությունը։ Հիշեցնեմ, որ դեռ Սովետի ճահճացման տարիներին հայտնի գրող Ալեքսանդր Սոլժենիցինը փաստել էր՝ այս պետությունը խարսխվում է ստի վրա, եթե հանկարծ գոնե մեկ օր բոլորը հրաժարվեն ստից, այս իշխանությունը կտապալվի։ Համաձայնե՛ք, մոտավորապես այդպես էլ եղավ։ Ավելին, կարծում եմ, որ այս ձևակերպումը՝ «եթե բոլորը գոնե մի օր հրաժարվեն ստից, իշխանությունները կտապալվեն» ամենատարբեր երկրներում շատ հրատապ է մինչև հիմա։ Հասկանում եք, չէ՞, թե կոնկրետ որ երկիրը նկատի ունեմ։ Իհարկե, Հյուսիսային Կորեան։

​Սակայն երևի ճիշտ են նաև այն փորձագետները, որոնք պնդում են՝ Սովետը քանդվեց հիմնականում տնտեսական գործոնների պատճառով։ Այս առումով իրավիճակը Կուբայում ամենևին էլ մխիթարական չէ։ Երբ կազմալուծվեց Խորհրդային Միությունը, Կուբան միանգամից զրկվեց հսկայական օգնությունից, որը ստանում էր Մոսկվայից։ Իսկ անհավատալի էժան նավթից Հավանան զրկվեց այն ժամանակ, երբ այդ նավթը փաստորեն որպես նվեր մատուցող Ուգո Չավեսի մահից հետո Վենեսուելայում բազում անլուծելի պրոբլեմներ առաջացան, վերացավ նույնիսկ զուգարանի թուղթը։

​Ընդամենը երկու օրինակ բերեմ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է խորհրդային տիպի սոցիալիզմը խոչընդոտում Կուբայի տնտեսության զարգացմանը։ Շատերը հավատացած են, թե բոլոր կողմերից ծովերով ու օվկիանոսներով շրջապատված Կուբա կղզում էժան ծովամթերքը լիքն է։ Չարաչար սխալվում եք՝ ծովամթերք հիմնականում կարող եք ըմբոշխնել ռեստորաններում, որտեղ այն շատ թանկ է, որովհետև ամսական 30 դոլար ստացող կուբացին ռեստորան չի գնում, օտարերկրյա զբոսաշրջիկներն են գնում։ Ու սա հետևանք է այն բանի, որ ձկնորսությամբ զբաղվում է հիմնականում միայն պետությունը, որը բազում խոչընդոտներ է հարուցում մասնավորի համար։

​Նույնն է վիճակը նաև կովաբուծության բնագավառում, ինչի արդյունքում խիստ սահմանափակ է ազատ վաճառվող տավարի մսի ծավալը։ Հիշո՞ւմ եք՝ Ստալինի մահից հետո երկրի փաստացի ղեկավար դարձավ Գեորգի Մալենկովը, և եթե Իոսիֆ Վիսարիոնովիչի օրոք գյուղացուն թույլատրում էին պահել ընդամենը երկու ոչխար և մեկ կով, ապա Մալենկովը վերացրեց այդ սահմանափակումը, և ժողովրդի կողմից արժանացավ այս գովասանական երկտողին. «Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»։ Արդյոք Կուբայի նոր ղեկավարին էլ ժողովուրդը երկտող կձոնի։

Ինչպես սիրում են ասել հայաստանցի վերլուծաբանները՝ ժամանակը ցույց կտա։

380
թեգերը:
ԽՍՀՄ, Կուբայի Հանրապետություն
Ըստ թեմայի
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը
Արա Այվազյան

Արա Այվազյանը զրուցել է Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկերոջ հետ

0
(Թարմացված է 18:07 20.04.2021)
Հայաստանի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳ կայքը։

Զրուցակիցներն անդրադարձել են նախարար Այվազյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված քայլերի համատեքստում երկուստեք ընդգծվել է փոխայցելությունների և գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման կարևորությունը:

Հայաստանի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998-ի հունիսին։ 2015-ից Հայաստանում գործում է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը։

Արա Այվազյանը Մոսկվայում խոսել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ու գերիների մասին

2018-ի հոկտեմբերից Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է Մհեր Մկրտումյանը։ 2019-ի փետրվարից ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն է Մուհամմադ Ալ Զաաբիին։

Հայաստանը ԱՄԷ-ից ներմուծում է ներկանյութեր, շինանյութ, հրուշակեղեն, պլաստմասե իրեր, կահույք, էլեկտրատեխնիկա, տրանսպորտային միջոցներ եւ այլն, իսկ արտահանում է պղինձ, ալյումին ու մարգարիտ։

0
թեգերը:
Արաբական միացյալ էմիրություններ (ԱՄԷ), Հայաստան, Արա Այվազյան
Ըստ թեմայի
Արա Այվազյանը մեկնաբանել է ԱԽ քարտուղարի սկանդալային հայտարարությունը
Արա Այվազյանն աշխատանքից չի ազատվելու
Արա Այվազյանն անհապաղ լուծում պահանջող հարցերի մասին է խոսել Պոլ Ռիչարդ Գալագերի հետ