Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Ընտրազանգվածի «ցավոտ կետերը», կամ արդյո՞ք հայերը պատերազմ են ուզում

316
(Թարմացված է 09:01 06.04.2021)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն փորձում է երկրի բնակչությանը համոզել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտվելը դրական կողմեր ունի։ Կա՞ն հարաբերությունների կարգավորման լուրջ հիմքեր, թե՞ վարչապետը նոր խաղ է սկսել ընտրազանգվածի հետ։ Վերլուծել է Sputnik-ի սյունակագիրը։

Գաղտնիք չէ, որ ավելի քան 30 տարվա ընթացքում հայ հասարակությունը հոգնել է արցախյան խնդրից, Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների արգելափակումից, լճացումից և սոցիալ-տնտեսական խնդիրներից։ Զինծառայողների ծնողներն ուզում են հնարավորինս շուտ իրենց որդիներին հետ բերել Արցախից, առևտրով զբաղվողները երազում են ճանապարհների բացման և առևտրի նոր հեռանկարների մասին, բնակչության ինչ-որ մասն էլ միամտորեն կարծում է, որ օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, հակառակորդը կսահմանափակվի դրանով և կդադարի հավակնել մեր հողերին։

Այս տրամադրություններից վարպետորեն օգտվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նորից բռնել է ալիքը և սկսել խաղալ հանրային կարծիքի վրա։

Խաղաղասիրությո՞ւն, թե՞ պոպուլիզմի հերթական ալիք

Փաշինյանը, որը դե-ֆակտո սկսել է նախընտրական արշավը, մոռանալով «նոր Սարդարապատի» մասին վերջին կոչերը, համառորեն խոսում է տարածաշրջանում մեր երկրի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորման մասին։

«Որքան մենք ենք ուրիշներին որպես թշնամի ընկալում, այնքան էլ մեզ են որպես թշնամի ընկալում։ Եվ շատ դժվար է գտնել այն սկզբնական կետը, որից սկսվել է այդ գործընթացը»,-հայտարարել է Փաշինյանը Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ։

Հարց է առաջանում․ իսկ գուցե հակառա՞կը, որքան մեզ են թշնամի ընկալում, այնքան էլ մե՞նք ենք ուրիշներին թշնամի ընկալում։ Ո՞րն է տարբերությունը, կհարցնեք դուք։ Ինչպես պատմությունն է ցույց տվել, հայերն ավելի հաճախ ստիպված են եղել պաշտպանվել, ոչ թե հարձակվել։ Եթե վարչապետին մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է այդ «սկզբնական կետը», որտեղից է սկսվել թշնամանքը, նա կարող է ավելի ուշադիր կարդալ հայ ժողովրդի պատմությունը։

Փաշինյանի մտքերը կրկնում են նրա թիմի ներկայացուցիչները, որոնք հարցականի տակ են դնում Քարվաճառի հայկականությունը, կոչ են անում «շտկումներ մտցնել Թուրքիայի հանդեպ մոտեցումներում» և հայտարարում են, որ Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու լավ հնարավորություն է ի հայտ եկել։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին։

Ի՞նչ է արել Թուրքիան մեզ համար, որ ձգտում ենք հաշտության եզրեր գտնել նրա հետ. Բալասանյան

Կարո՞ղ եք պատկերացնել, որ հարևան երկրում շարքային քաղաքացիներից, առավել ևս՝ քաղաքական գործիչներից որևէ մեկը հրապարակավ հայտարարի, որ Շուշին, Արցախը հայկական հողեր են (ի հեճուկս այդ փաստի անվիճելիության)։

Այս լեզվակռվի հետ կապված միայն մի դրական կողմ կա․ այսպիսի «խռովարարության» համար Հայաստանում չեն քարկոծում, ինչը տեղի կունենար, օրինակ, բռնապետական երկրներում։ Դա խոսում է մեր հանրության հասունության և կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրացման մասին։

Այնուամենայնիվ, նման ելույթները, որոնք վերջերս ավելի ու ավելի հաճախ են հնչում, վկայում են (ինչպես իրավացիորեն նշում են փորձագետներն ու ընդդիմադիրները) Հայաստանի գործող իշխանությունների նպատակաուղղված քաղաքականության մասին։

Այդ քաղաքականության տրամաբանության մեջ են տեղավորվում, օրինակ, Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը ձեռնտու է Երևանին, քանի որ կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Դա անվիճելի է, բայց որտե՞ղ է երաշխիքը, որ ճանապարհների բացումը չի իրականացվի ի վնաս Երևանի շահերի։

Իսկ ահա հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը վերադառնում է «միջազգայնորեն ճանաչված սահմաններին» (որոնք «ճշգրտվում են» GPS-ի օգնությամբ) միայն տարակուսանք է առաջացնում։ Աշխարհի քարտեզը հենց միայն 20-րդ դարում այնքան շատ է փոփոխվել, որ շատերը եզրակացնում են․ քո սահմաններն այնտեղ են, որտեղ կանգնած են քո զինվորները։

Փաշինյանը ելույթները լսելիս հարց է առաջանում` որտեղի՞ց վարչապետին այդքան վստահություն, որ Թուրքիան և Ադրբեջանը կգնան Հայաստանի հետ իրական հաշտության։ Փաշինյանն իսկապե՞ս հավատում է ադրբեջանցի գործընկերոջ խոսքերին այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն հետևում է մնացել։

Ընդդիմության տեղապտույտը, կամ ինչ է թաքնված Շուշիի մասին Փաշինյանի խոսքերի տակ

Համարձակվենք նկատել, որ Հայաստանի իշխանությունները մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության երաշխիքներ չունեն և չեն կարող ունենալ։ Չկասկածելով Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության լրջությանը, պարզապես հիշեցնենք, որ 1994թ․-ին ստորագրվել էր զինադադարի մասին ոչ պակաս լուրջ փաստաթուղթ, որն ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է։ Ինչ-որ մեկը 2016թ․-ին կամ 2020թ․-ին հայերին հարցրե՞լ է՝ նրանք ուզում են պատերազմել, թե ոչ։ Երկու դեպքում էլ հակառակորդը մարտական գործողություններ է սկսել, իսկ մենք ստիպված ենք եղել պատասխանել։

Հայաստանի հանդեպ մեր սիրով հանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ երկիրը հանդես է գալիս թեթևագույն քաշային կարգում և ինքը չի որոշում՝ լինելու է պատերազմ տարածաշրջանում, թե ոչ։ Չի որոշում դա նաև Ադրբեջանը, թեև Բաքվի ախորժակի մասին կարելի է դատել ըստ այն բանի, թե ինչպես Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտն (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,–խմբ.) իր հայտարարություններում բացահայտորեն հավակնում է Զանգեզուրին ու նույնիսկ Երևանին, հայտարարելով, որ դրանք «բուն ադրբեջանական տարածքներ են»։

Ժամանակն է, որ Հայաստանի վարչապետը շուրջը նայի ու տեսնի՝ ամբողջ աշխարհում խաղաղություն չկա։ Հիբրիդային պատերազմներն ընթանում են աշխարհի տարբեր անկյուններում։ Դեղագործական հսկաները հակամարտություն են ծավալում բոլոր մայրցամաքներում։ Թեժ ընթանում են տեխնոլոգիական պատերազմները, օրինակ, պայքարը չինական ցանցի 5G–ի դեմ։ Եվ այս ֆոնին «քարոզել» միակողմանի խաղաղություն տարածաշրջանում, որտեղ բախվել են հզոր խաղացողների շահերը, առնվազն անհեռատես է։

Բայց հարցն անհեռատեսությունը չէ։ Վարչապետի` նման հայտարարություններն ունեն մի պարզ բացատրություն՝ Փաշինյանը ձգտում է պահպանել իշխանությունը՝ սեղմելով ընտրազանգվածի «ցավոտ կետերին»։

Ի՞նչ են վկայում վարկանիշային աղյուսակները

Չնայած այս պոպուլիզմին՝ Gallup International Association-ի հարցման համաձայն՝ «Իմ քայլը» իշխող դաշինքը ժողովրդականությամբ գերազանցում է երկրում մնացած բոլոր քաղաքական ուժերին: Դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով ընդդիմադիր ուժերի մասնատվածությունը։ Դրանցից յուրաքանչյուրը որոշել է իր ճանապարհով գնալ։

Gallup-ի հարցման մեջ մեկ այլ ուշագրավ բան կա։ Չնայած այն հանգամանքին, որ «Իմ քայլը» վարկանիշային աղյուսակում մյուս ուժերից առաջ է անցել, իշխող դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ժողովրդականությամբ զիջում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Փաստը հետաքրքրական է, քանի որ մարդու իրավունքների պաշտպանը հաճախ է իշխանության հասցեին կառուցողական և բավական կոշտ քննադատություն հնչեցնում։ Հենց նա է բազմիցս հայտարարել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի ռազմական հանցագործությունների, Ադրբեջանի հետ նոր սահմանների գծանշման անթույլատրելի մեթոդների, հայկական սահմանամերձ բնակիչների իրավունքների պաշտպանության կարևորության մասին, ինչպես նաև նախազգուշացրել է Բաքվի կեղծ խաղաղասիրության մասին:

Հայաստանն ամենից վեր է, կամ ով չի ուզում կերակրել սեփական բանակին, կկերակրի օտարի բանակին

Դա նշանակում է, որ ժողովուրդը (որին այդքան սիրում է հղում անել վարչապետը), չսիրելով «նախկինների» հետ կապված քաղաքական ուժերին, այնուամենայնիվ, հավանություն չի տալիս Փաշինյանի քաղաքական կուրսին։

Արդյո՞ք հայերը պատերազմ են ուզում

Ըստ էության, Փաշինյանն այժմ իրականացնում է այն թեզը, որը նախկինում էլ առաջ էին տանում հայ լիբերալները. նա «հասարակությանը նախապատրաստում է խաղաղության։ Միայն, ինչպես հայտնի ասացվածքն է ասում, «խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի»։

Նույն Արագածոտն կատարած այցի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե հանուն ինչի հազարավոր հայ զինվորներ զոհվեցին մարտի դաշտում, հայտարարել է, որ զոհվեցին Արցախում հայությունը պահպանելու համար։ Հարկ է ավելացնել, որ նրանք զոհվեցին, առաջին հերթին, երկու անգամ ավելի շատ կորուստներ հասցնելով ադրբեջանական զինուժին, իսկ երկրորդ՝ իրենց կյանքի գնով թույլ չտվեցին խաղաղ բնակչության զանգվածային ջարդեր, որոնք եղել էին նախկինում։

Թեև Հայաստանի ներկա վիճակն անհույս է թվում, ճգնաժամը միշտ նոր հնարավորություններ է ծնում, և լավ է, երբ «թշնամին չափազանցնում է քո թերությունները, իսկ ընկերը թերագնահատում է քո արժանիքները»։

Հարցն անգամ այն չէ, թե արդյո՞ք հայերը պատերազմ են ուզում (քանի որ մեզ ոչ ոք չի հարցնելու), այլ այն, թե արդյո՞ք մենք պատրաստվում ենք տարածաշրջանում իրավիճակի զարգացման տարբեր սցենարների։

Պարտության հիմքը, կամ ինչ է լինում, երբ «դուխով» հրամանատարը քար է գցում եկեղեցու բոստանը

316
թեգերը:
խաղաղություն, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Սիրել թշնամուն` չի նշանակում հպատակվել. եպիսկոպոսը՝ թուրքերի հանդեպ վերաբերմունքի մասին
Պարտության հիմքը, կամ ինչ է լինում, երբ «դուխով» հրամանատարը քար է գցում եկեղեցու բոստանը
ԱՄՆ–ն Թուրքիայի նկատմամբ կիրառելու է մտրակի ու թխվածքաբլիթի մեթոդը. Սարգսյան
Վերին Դվին

Վերին Դվինի ասորիները․ կյանքի, պատմության, պատերազմի ու հայր Նիկոդիմի մասին

226
(Թարմացված է 13:14 10.04.2021)
Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Գևորգյանն այցելել է Արարատի մարզի Վերին Դվին գյուղ և տեսել, որ այս գարունն առանձնապես չի ուրախացնում տեղի բնակիչներին։

Վերին Դվինում ծիրանենիները ծաղկել են, բայց գյուղացիները մռայլ են ու մտահոգ։ Պատերազմն իր դառը հետքն է թողել նրանց հոգում։ Անգամ ասորական ազգային տոնը, որն ավանդաբար նշվում է ապրիլի սկզբին, առանձնապես ուրախ չի անցել։ Գյուղում հիմնականում ապրում են աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի ներկայացուցիչները՝ ասորիները։

Цветущее дерево в селе Верин Двин, Араратская область
© Sputnik / Ashot Gevorgyan
Վերին Դվին

Հայաստանի ազգային փոքրամասնություններից թվով երրորդն են եզդիներից և ռուսներից հետո։ Ժամանակին մեր երկրում գրեթե վեց հազար ասորի էր ապրում, բայց շրջափակման խիստ պայմանների պատճառով համայնքը գրեթե կրկնակի կրճատվեց. նրանց մեծ մասը մեկնեց Ռուսաստանում բախտ փնտրելու։

Дорожный указатель при въезде в село Верин Двин, Араратская область
© Sputnik / Ashot Gevorgyan
Վերին Դվին

Հայ-ասորական հարաբերությունները գոյություն են ունեցել դեռևս անտիկ ժամանակներից։ Հայաստանին նախորդած Ուրարտուն հաճախ էր հակամարտություններ ունենում Ասորեստանի հետ։ Ասորական մշակույթի կարևորագույն սյունը մնում է մայրենի լեզուն, որը վերապրել է հին արամերենի էվոլյուցիան։ Հայաստանի ասորիները խոսում են արևելյան արամերենով և արամերեն այբուբեն են օգտագործում։ Նրանք նաև հիանալի տիրապետում են հայերենին և ռուսերենին, իսկ արտաքինով շատ նման են տեղացի հայերին։

«Մեր հայրենակից առաջին հինգ ընտանիքները ժամանակակից Հայաստանի տարածքում են հայտնվել 1805թ․-ին, որն այն ժամանակ պարսկական լծի տակ էր, իսկ զանգվածաբար սկսել են այստեղ բնակություն հաստատել 1826-1828 թվականներին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո։ Մեր նախնիները Ռուսական կայսրության նոր կովկասյան տարածքներ են տեղափոխվել հայերի հետ միասին Ուրմիա լճի շրջակայքից։ Իսկ քսաներորդ դարի 20-ական թվականներից բազմաթիվ ասորի ընտանիքներ Հայաստան են փախել Օսմանյան կայսրության հարավարևելյան վիլայեթներից, որտեղ մեր 750 000 հայրենակիցները թուրք դահիճների զոհ են դարձել։ Մենք նրանց հիշատակին հարգանքի տուրք ենք մատուցում օգոստոսի 7-ին»,-ասում է Լյուդմիլա Պետրովան, որը գյուղապետարանը ղեկավարում է 2004թ․-ից։

Староста села Верин Двин Людмила Петрова
© Sputnik / Ashot Gevorgyan
Լյուդմիլա Պետրովա

Աշխարհում ասորիներին ընդհանուր թիվը գրեթե հինգ միլիոն է, կրոնը՝ միայն քրիստոնեություն։ Շատ առումներով դա մտերմացնում է նրանց ու հայերին։ Հայաստանում ասորիները բնակվում են հիմնականում Արզնիում և Արարատի մարզի երեք գյուղերում՝ Կոյլասար (կամ Դմիտրով), Նոր Արտագերս և Վերին Դվին, ավանդաբար զբաղվում են հողագործությամբ։

Վերին Դվինում ասորիները գրեթե 80 տոկոս են կազմում։ Գյուղում գործում է 1828թ․-ին կառուցված Մար Թումա եկեղեցին և «Մարեզ» մատուռը, որը թվագրվում է 1830 թվականով։ Գործում է «Աթուր» ՀԿ-ն, ինչպես նաև ազգային երգի և պարի համանուն համույթը։ Գյուղի դպրոցում երեխաները սովորում են մայրենի լեզուն և ասորական պատմությունը` պահպանելով ազգային ու մշակութային ավանդույթները։

Ассирийский храм в селе Верин Двин
© Sputnik / Ashot Gevorgyan
Ասորիների մատուռը

Տեղի ասորական վանքի վանահայրը՝ հայր Նիկոդիմը, պատմում է, որ ասորիները առաջին քրիստոնյաներից են եղել հնագույն Մերձավոր Արևելքում։ Պատմաբան Մովսես Խորենացին գրում էր, որ Հիսուս Քրիստոսի առաքյալների հետ միասին Հայաստան են եկել նաև առաջին քիրստոնյա քարոզիչները, որոնք ասորիներ են եղել։

Настоятель ассирийского храма в селе Верин Двин, отец Никодим
© Sputnik / Ashot Gevorgyan
Հայր Նիկոդիմ

«Թեև 7-րդ դարում Միջագետք ներխուժեցին արաբ նվաճողները և սկսեցին հրով ու սրով շատ ասորիների մահմեդականացնել, բայց մեր մեջ հիմա էլ չկան այնպիսիք, որ մայրենի լեզվով խոսեն, բայց մուսուլման լինեն»,-ասում է հայր Նիկոդիմը։

Խորհրդային տարիներին, երբ գերակայում էր աթեիզմի քաղաքականությունը, ասորիները եկեղեցիներ ու հոգևոր կյանք չունեին։ Մարդիկ մատուռներ էին սարքում իրենց նկուղներում կամ հեռավոր քարանձավներում` հնագույն հավատքը պահպանելով իրեն հոգում։ Հայաստանում ասորիների համար առաջին եկեղեցական պատարագը մայրենի լեզվով կայացել է 2003թ․-ին։ Այդ օրվանից էլ սկսվել է վերածնունդը։

Աստիճանաբար խոսքը թեքվում է արցախյան պատերազմի կողմ։ Մարտական գործողությունների մասնակիցների թվում է եղել նաև հոգևորական Նիկոդիմ Յուխոնաևը․ կամավոր է եղել։

«Մարտական գործողությունների բնույթը մեզ ստիպեց որոշում ընդունել ասորիների առանձին ջոկատ չստեղծել, այլ միանալ տարբեր կամավորական խմբերին։ Հակառակորդը կետային հարվածում էր կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե հարվածի տակ ընկնեին մեր մարտիկներից քսանը։ Վշտի մեջ կընկեր միանգամից քսան ասորի ընտանիք»,-ասում է հայր Նիկոդիմը։

Նրա խոսքով՝ ամբողջ ասորի համայնքից 140 կամավորական է մասնակցել պատերազմին։ Ութը զոհվել են (մեկը՝ Վերին Դվինից), մեկ անհետ կորած կա, քսանը վիրավորվել են։ Ռազմաճակատ է ուղարկվել 8 բեռնատար օգնություն․ մթերք, քնապարկեր, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ․․․

«Մեր հայրենակիցներից շատերը ապաստան էին տվել արցախցի փախստականներին։ Արցախցիների թվում նաև ասորիների մի քանի ընտանիք կա Բերձորից ու Ստեփանակերտից»,-ասում է նա։

Վերջում հայր Նիկոդիմին խնդրում եմ «Հայր մերը» կարդալ արամերենով։ Ցնցող է հնչում։

Վերևին Դվինի ասորական վանքի վանահայր հայր Նիկոդիմը հայր Նիկոդիմը «Հայր մերն» է կարդում արամերենով

Հետդարձի ճանապարհին մտքերի մեջ եմ ընկնում ու մտածում՝ Աստված չանի, որ հայրենիքը կորցրած մեր ասորի եղբայրների ճակատագիրն ունենանք․․․

226
թեգերը:
հայեր, Պատերազմ, ասորի, Հայաստան
Ըստ թեմայի
Արագածից մինչև Արարատ․ ազգ, որը հայերի չափ սիրում է հայոց լեռները
Մոլոկանները Հայաստանում. կյանքն առանց հեռուստացույցի, խոզի մսի և օղու
Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը
ԱԷԿ

Քաղաքականացված էներգետիկան, կամ ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցմանը Բաքուն ամեն կերպ խանգարելու է

291
(Թարմացված է 23:57 09.04.2021)
Էներգետիկան ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքականության մաս է կազմում։ Ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանում նոր կառուցվող ատոմակայանը տարածաշրջանի համար, ինչ կեցվածք ունեն այս հարցում մեր հարևաններն ու ինչ դեր ունի Ռուսաստանը` վերլուծել է սյունակագիր Արտյոմ Երկանյանը։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմանը Ռուսաստանի մասնակցության հեռանկարները: Եթե պետության ղեկավարների մակարդակով այդ հարցը նախկինում անգամ քննարկվել է, ապա այդ մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն եղել։ Քանի որ այս անգամ սպասվող համագործակցության մասին կողմերն արդեն հրապարակային են խոսում, կարելի է ենթադրել, որ այդ հարցում արդեն իսկ սկզբունքային որոշում կա։

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հարցն ավելի ու ավելի արդիական է դառնում, քանի որ ներկայում գործող ատոմակայանի շահագործման ժամկետը սպառվում է։ Երևանում ոչ ոք լրջորեն նույնիսկ չի քննարկում ատոմային էներգետիկայից հրաժարվելու հնարավորությունը։ Ստեղծված պայմաններում այն այլընտրանք չունի և առաջիկայում չի կարող ունենալ։ Հայաստանի կառավարությունը հունվար ամսին էներգետիկայի զարգացման նոր ռազմավարություն է ընդունել, որը ենթադրում է շեշտը դնել ատոմային էներգետիկայի զարգացման վրա։

Հիմա Երևանից 30 կմ հեռու՝ Մեծամոր քաղաքում գտնվող ատոմակայանն արտադրում է երկրին անհրաժեշտ էլեկտրականության գրեթե կեսը։ Դրա առաջին բլոկը գործարկվել է 1976թ․-ին։ Ներկայում գործող էներգաբլոկը՝ 407 ՄՎտ հզորությամբ, գործում է 1980թ․-ից։ Բարոյապես հնացած ՋՋԷՌ-440 (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր)տիպի ռեակտորի աշխատանքի նորմատիվ ժամկետն անցել է։ Միջազգային փորձագետների հավանությամբ դրա շահագործումը երկու անգամ երկարացվել է։ Մասնագետները հավատացնում են, որ ռեակտորն առանց խնդիրների կարող է աշխատել ընդհուպ մինչև 2036 թվականը։ Բայց դա ծայրագույն ժամկետն է։ Դրանից ամենաքիչը 10 տարի առաջ պետք է սկսել նոր կայանի կառուցման գործնական աշխատանքները։

Թեև նոր ատոմակայանի կառուցման թեման քննարկվում է արդեն 20 տարի, սակայն նկատելի է, որ երկրի ղեկավարությունը մինչև վերջերս չէր շտապում վերջնական որոշում կայացնել։ Պատճառները ծանրակշիռ են։ 2018-ի մարտին էներգետիկ ենթակառուցվածքների այն ժամանակվա նախարար Աշոտ Մանուկյանը, պատասխանելով այն ժամանակ խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հարցին, պարզաբանել էր.

«Միջուկային տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում։ Եթե 5 տարի առաջ մենք ընտրություն ունեինք երկու տարբեր տեխնոլոգիաների միջև, ապա այսօր արդեն 5 այլընտրանք ունենք, որոնցից յուրաքանչյուրը շատ ավելի էժան է և հուսալի։ Այդ պատճառով կառավարությունը հստակ որոշում է ընդունել գործող էներգաբլոկն օգտագործել այնքան ժամանակ, քանի դեռ դրա ռեսուրսը չի սպառվել։ Իսկ այդ ժամկետին ավելի մոտ կորոշվի, թե ինչպես և ինչ տեխնոլոգիայով կառուցել նոր էներգաբլոկը»։

Հիմա արդեն անիմաստ է հետաձգել խնդրի լուծումը։

Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը

Վերջին անգամ նոր ատոմակայանի կառուցման հարցը կառավարությունում լրջորեն քննարկվել է 2016թ․-ի  փետրվարին։ Այդ ժամանակ Էներգետիկայի նախարարության ներկայացրած 5 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը որոշվեց վերադարձնել լրամշակման։ Սկզբունքային ճշգրտումները մի քանիսն էին։

Առաջին հերթին վերանայվեց ապագա կայանի հզորությունը՝ 1000 ՄՎտ-ից իջեցնելով 600-ի(դա թույլ կտա 1,5-2 մլրդ դոլարով կրճատել ծախսերի նախահաշիվը)։ Երկրորդ՝ որոշվեց հրաժարվել շինարարության համար վարկ վերցնելու մտադրությունից։ Նախապատվությունը տրվեց ուղղակի ներդրումներին՝ պետական երաշխիքներով։

Ի սկզբանե կառավարությունը նախատեսում էր ներդրողների համաշխարհային կոնգրես հրավիրել ԱԷԿ-ի կառուցման միջոցներ ներգրավելու համար։ Բայց այդ մտքից ստիպված եղան հրաժարվել։ Պարզ դարձավ, որ ավելի հեշտ է ներդրողներ փնտրել նրանց շրջանում, ովքեր ի վիճակի են կառուցել բուն կայանը։ Այսինքն՝ նախագիծը, ամենայն հավանականությամբ, պետք է ֆինանսավորեն ոչ թե ընկերություններն ու բանկերը, այլ գործընկեր երկրների պետական կամ մերձպետական կառույցները։

Էներգետիկան ժամանակակից աշխարհում  աշխարհաքաղաքականության մաս է կազմում։ ԱԷԿ-ի կառուցմանն ու շահագործմանը մասնակցելը երկրում և տարածաշրջանում քաղաքական ներկայության ձև է։ Հենց այդ պատճառով էր Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նախագիծն այդպիսի հետաքրքրություն առաջացնում հայկական աշխարհաքաղաքական դաշտում հանդես եկող հիմնական խաղացողների շրջանում։ Որպես առավել հեռանկարային միշտ դիտարկվել է Ռուսաստանի ներգրավումը։ Բայց այլ տարբերակներ նույնպես քննարկվել են։ Նախագծի հանդեպ հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Ֆրանսիան։

2011թ․-ին Նիկոլա Սարկոզին Երևան կատարած իր այցի ժամանակ ասել էր, որ քննարկվում է Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը ֆրանսիական ընկերությունների մասնակցության հարցը։ Արտաքին տնտեսական կապերի պետքարտուղար Պիեռ Լելուշն այն ժամանակ հայտարարել էր. «Ֆրանսիան լրջորեն դիտարկում է իր մասնակցությունը Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը»։ Ավելի ուշ Երևան այցելեց ատոմային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած ֆրանսիական ORANO ընկերության մասնագետների խումբը:

Նրանք հանդիպում ունեցան փոխվարչապետի հետ։ 2018 թ․-ի նոյեմբերին էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ հետաքրքիր առաջարկներ կան ոչ միայն ֆրանսիացիներից, այլև չինացիներից։ Հայաստանյան և արտասահմանյան մամուլում զանազան մեկնաբանություններ ստացան Բաղրամյանի այս խոսքեր։ Գրվեց, թե «Ռուսաստանը դեռևս չի դիտարկվում որպես նոր ատոմակայանը կառուցող»։

Հայկական «խելացի» բիզնեսը․ էներգաարդյունավետության մասնագետները ոչ մեկին պետք չեն

Ինչ-որ մեկը շտապեց դա անվանել ԱԷԿ-ի կառուցման գործում Ռուսաստանի հետ գործընկերությունից հրաժարվելու Երևանի մտադրություն։ Բայց 2018թ․-ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հստակ հայտարարեց. «Ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում ես հույս եմ դնում Ռուսաստանի օգնության վրա, քանի որ այս պահին մենք նախագծի իրականացման համար բավարար ռեսուրսներ չունենք։ Եթե մեր ռուս գործընկերները ցանկանան մեզ օգնել, մենք հաճույքով կընդունենք այդ օգնությունը»։

Ատոմային էներգետիկայում մասնագիտացած ռուսական պետական կորպորացիաները կոմերցիոն և քաղաքական շահագրգռվածության դեպքում կարող են պետությունից 3-4 միլիարդ դոլար ներդրում ներգրավել։ Ղեկավարների համապատասխան կամքը լինի, մնացածը տեխնիկայի հարց է։ Եթե չնախատեսված հանգամանքներ չլինեն, շինարարական աշխատանքները կտևեն 6 տարուց ոչ ավելի։

Մասնագետները նշում են, որ տրանսպորտային ենթակառուցվածքների սպասվող գործարկումը զգալիորեն կհեշտացնի նախագծի իրականացումը։ Բանն այն է, որ շրջափակման պայմաններում ռեակտորի առաքման հետ կապված լուրջ դժվարություններ կարող էին առաջանալ։ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը թույլ կտա լուծել այդ խնդիրը։

Ի դեպ, անբարյացակամ տրամադրված հարևանները խանգարելու հնարավորություններ ունեն։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անդրսահմանային համատեքստի մասին կոնվենցիայի (Էսպոյի կոնվենցիա) համաձայն՝ նախքան ատոմային էլեկտրակայանի կառուցումը պետությունը պարտավոր է շրջակա բոլոր երկրներին մանրամասն զեկույց տրամադրել բնապահպանական ռիսկերի մասին:

2011թ.-ի մայիսին ադրբեջանական կողմը, հղում անելով այդ միջազգային փաստաթղթին, պահանջեց դիտարկել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման թույլատրելիության հարցը։ Ադրբեջանի տրանսպորտի նախարարությանը կից Միջուկային հետազոտությունների կենտրոնի նախագահ Ադիլ Ղարիբովը վերջերս հայտարարել էր, որ Բաքուն չափազանց խիստ է լինելու Հայաստանի հանդեպ իր պահանջներում:

Ըստ էության, սա ակնարկ է, որ Բաքուն նոր ԱԷԿ-ի կառուցմանը խանգարելու է իրեն հասանելի բոլոր միջոցներով։ Այդ ոգով է արտահայտվել նաև Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Մահմուդ Քարիմովը։

Հանդես գալով ԱՏԷՄԻԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն)հաշվետու ժողովում, նա հայտարարել էր, որ հայերին պետք է մերժել նոր ԱԷԿ կառուցելու իրավունքը, քանի որ «Հայաստանը տնտեսական տեսանկյունից թույլ երկիր է և չի կարողանա սպասարկել մեծ հզորություն ունեցող ռեակտորը»։ Բավականին վիճելի պնդում է, նկատի ունենալով, որ Հայաստանն ամբողջ տարածաշրջանում ատոմային էլեկտրակայան ունեցող միակ պետությունն է և այն պահելու ու սպասարկելու հետ կապված բարդություններ երբևէ չի ունեցել։ Համենայն դեպս՝ ԱՏԷՄԻԳ-ի կողմից բողոքներ չեն եղել։

Բացառված չէ, որ Անկարան նույնպես մեր նախագիծը ձախողելու փորձեր անի։ Մի քանի տարի առաջ Թուրքիայի Մեջլիսում Մեծամորի էլեկտրակայանը փակելու պահանջ առաջ քաշելու փորձեր անգամ արեցին։ Ազգային Մեծ ժողովի  պատգամավոր Սինան Օհանն առաջարկել էր հատուկ խորհրդարանական հանձնաժողով ձևավորել՝ «սահմանակից պետությունների շրջակա միջավայրի վրա հայկական ԱԷԿ-ի բացասական ազդեցության գնահատման համար»։

Էրդողանը կկարողանա՞ ԱԷԿ-ն օգտագործել ատոմային ռումբ ստեղծելու համար

Էթնիկ ադրբեջանցի Սինան Օհանն այն ժամանակ Վրաստանին ու Իրանին այս արկածախնդրության մեջ ներգրավելու զուր փորձեր արեց։ Նա հատուկ առաքելությամբ այցելեց Թբիլիսի և Թեհրան։ Իսկ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց․ «Ես հանդիպել եմ Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ և ներկայացրել նրանց Հայաստանից բխող ռադիոակտիվ վտանգը։ Հիմա նրանք կիսում են մեր դիրքորոշումը։ Իրանում նույնպես պետք է գիտակցեն, որ Մեծամորի ԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում Հայաստանի բոլոր հարևանների համար»։

Մինչդեռ Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցումը պետք է որ ձեռնտու լինի հարևաններին։ Չէ՞ որ մեր երկիրը կարող է էժան էլեկտրաէներգիա արտահանող լինել։ Հայաստանը, որը խաղաղ ատոմի շահագործման հսկայական փորձ ունի, կարող է յուրօրինակ էներգետիկ հանգույց դառնալ ամբողջ տարածաշրջանի համար։

Երևանը պատրաստ է հանդես գալ այս դերում։ 2009թ․-ին, ելույթ ունենալով Ծաղկաձորում կայացած «Կամուրջ» միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց․«Հայաստանում ատոմային էլեկտրակայանի կառուցումը կայունացնող դեր կխաղա տարածաշրջանում։ Երևանը հետաքրքրված է այդ նախագծում Թուրքիայի մասնակցությամբ։ Մենք բաց ենք երկխոսության համար»։

Եվ իսկապես, Թուրքիան չի խորշում հայկական էլեկտրականությունից։ Այդ է վկայում 2008թ․-ի սեպտեմբերին ստորագրված պայմանագիրը։ Այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլի Երևան կատարած այցի հաջորդ օրը թուրքական «Յունիթ Գրուպ Ինթերնեյշնլ» ընկերության ներկայացուցիչները և «Հայաստանի Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավարները ստորագրեցին մի փաստաթուղթ, որի համաձայն Հայաստանը պարտավորվում էր հարևան երկիր մատակարարել մինչև երեքուկես միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Նշեմ, որ մեր հարևաններին էլ են գայթակղել խաղաղ ատոմի առավելությունները։ Թուրքիայում հիմա երկու ատոմակայան է կառուցվում։ Եվ անգամ Ադրբեջանում, որը պարծենում է ածխաջրածինների հսկայական պաշարներով, ԱԷԿ-ի կառուցման նախագիծ է մշակվել։ Եթե անգամ Անկարան ու Բաքուն են հանգել այն եզրակացության, որ ատոմային էներգետիկան առաջնահերթություն է, ապա Երևանի համար հաստատ կասկածելու տեղ չկա։

291
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)
Ըստ թեմայի
Հայկական ԱԷԿ-ն ու «ՏՎԷԼ»–ը միջուկային վառելիքի մատակարարման փաստաթղթեր են ստորագրել
Ինչու է Հայաստանը մերժել ԱԷԿ–ի վերանորոգման ՌԴ–ի վարկը. պարզաբանում է փոխնախարարը
Ռազմավարության նպատակը` նոր ատոմակայանի կառուցում. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ԱԷԿ են այցելել
Քննչական կոմիտե

39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

0
(Թարմացված է 22:32 11.04.2021)
Դիակի կողքին հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. 39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2021թ ապրիլի 11-ին՝ ժամը 17:05-ին, ՀՀ ոստիկանության Զեյթունի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ կինն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Դ.Անհաղթի շենքերից մեկի բնակարանի պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերվել է նույն բնակարանի՝ 1981թ. ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ վնասվածքով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիակի կողքին հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։ Ատրճանակը՝ որպես պարգևատրում, տրվել է ինքնասպանություն գործած կնոջ հորը։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի վայրից վերցվել են հրազենը, փամփուշտները, կրակված պարկուճը և գնդակը, դիակի ձեռքերից վերցվել են կրակոցի արգասիքներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական-ձգաբանական համալիր փորձաքննություններ։

Սպանություն Արցախում. գլխի և ոտքի վրա կտրված վերքերով դիակ է հայտնաբերվել

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը):

Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացած կնոջ հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտ է:

0
թեգերը:
Քրեական գործ, ինքնասպանություն
Ըստ թեմայի
Վերիշենում 36-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով խփել է 30–ամյա համագյուղացու կրծքին
Երևանում դաժանաբար սպանված Համբարձում Ղանդիլյանի անունով էլեկտրաքարշ գործարկվեց
Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են հրաժարվել իրենց տիտղոսից