Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում. 24 մարտի, 2021

Ցեղասպանության տարելիցի նախաշեմին Էրդողանը ստամբուլահայերին առաջ է մղում. ո՞րն է նպատակը

690
(Թարմացված է 18:54 02.04.2021)

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարը մարտի վերջին ձևավորել է բարձրագույն մարմնի նոր կազմ։ Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի կազմում, կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկով, ընդգրկվել է ստամբուլահայ Սևան Սևաջիօղլուն։ Ի՞նչ նպատակովՀարցի պատասխանը փնտրել է Sputnik Արմենիայի սյունակագիրը։

39-ամյա ստամբուլահայի քաղաքական կարիերայի սրընթաց վերելքն անսպասելի էր նույնիսկ նրա շրջապատի մարդկանց համար։ Նրա ընկերներից ու ազգականներից շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ նա կուսակցության անդամ է։ Ու հանկարծ լուրերից տեղեկացան, որ նա, պարզվում է, նախագահ Էրդողանի վստահված անձանց շրջանակում է։ Ավելին, մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ առաջիկա ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Սևան Սևաջիօղլուին կառաջադրի որպես պատգամավորության թեկնածու՝ ընդգրկելով նրան ընտրացուցակի առաջին երեսնյակում։

Սևան Սևաջիօղլուի մասին բաց աղբյուրներում քիչ տեղեկություններ կան։ Հայտնի է, որ ծնվել է Ստամբուլում, թեև ծնողները Մալաթիայից են։  Ստացել է հայկական կրթություն։ Համայնքում բավականին հայտնի մարդ է: Ի տարբերություն ստամբուլահայ հայրենակիցների մեծամասնության՝ վատ չի տիրապետում մայրենի լեզվին ու չի կորցնում կապերը սփյուռքի կառույցների հետ։  Նրան հաճախ կարելի է հանդիպել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում կամ Սուրբ Աստվածածին Մայր տաճարում մատուցված պատարագի ժամանակ։ Մասնագիտությամբ բժիշկ է։ Քաղաքի լավագույն օրթոպեդիկ վիրաբույժներից է: Նրա մոտ նաև հայտնի մարդիկ են բուժում ստացել։ Նա բուժում էր նաև հանգուցյալ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին։

Ստամբուլի Բժշկական համալսարանի վնասվածքաբանության բաժանմունքում խորհրդատվությունները համատեղում է աշխատանքի հետ հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցում։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է։ Բանն այն է, որ այդ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն ու դրա գլխավոր ֆինանսավորողը ազդեցիկ օլիգարխ Պետրոս Շիրինօղլուն է, որը հայտնի է պետության ղեկավարի ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններով։ Տեղեկություններ կան, որ հենց նա է Սևանի համար «բարեխոսել» նախագահ Էրդողանի մոտ։

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է Շուշի այցելել

Այն, որ Սևան Սևաջիօղլուն Պետրոս Շիրինօղլուի մարդն է, պակաս կարևոր չէ, եթե նկատի ունենանք, որ վերջինս համարվում է հայ համայնքն ու թուրքական իշխանությունը կապող գլխավոր կամուրջը։ Եվ մեծ հարց է՝ ում է այս կամուրջը ծառայում՝ համայնքի՞ն, թե՞ իշխանությանը։ Իշխանությունը Պետրոս Շիրինօղլուին օգտագործում է ամեն անգամ, երբ պետք է այնպիսի տպավորություն ստեղծել, թե հայ համայնքը կտրականապես դեմ է 1915 թվականի Ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Հենց Շիրինօղլուն էր առաջինը, որ 2016-ին նախաձեռնել էր Էրդողանի առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Սևան Սևաջիօղլուն այդ մարդու հովանավորյալն է։ Մնացածը կարելի է պատկերացնել։

Ակնհայտ է, որ պետական բարձր պաշտոններում հայերի առաջադրումը կառավարության կողմից ձեռնարկված միջոցների մի մասն է՝ ուղղված Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հակազդելուն։ Հիմա դա արվում է ապրիլի 24-ի նախօրեին, երբ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, ամենայն հավանականությամբ, կհամարձակվի վերջապես համարժեք գնահատական տալ երիտթուրքական դահիճների հանցագործություններին։

Սևան Սևաջիօղլուն Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը տապալելու նպատակով գործադրվող մեծ մեխանիզմի միայն չնչին մասն է։ Խնդիրն է ցույց տալ, որ թուրքական իշխանության ու հայերի միջև կրկին արդյունավետ երկխոսություն է սկսվել, որին կարող են խանգարել երրորդ կողմերի անզգույշ գործողությունները։ Մարտավարությունը նոր չէ։ «Մենք միշտ հայերի հետ ընդհանուր լեզու ենք գտել։ Հայերի նշանակումը պետական պաշտոններում հենց դա է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»։

Հայերին իշխանության մեջ ներգրավելու և քարոզչության նպատակով նրանց օգտագործելու նախաձեռնողը ստամբուլահայ հայտնի պսևդոպատմաբան Լևոն Փանոս Դաբաղյանն է, ով իր ողջ գիտակցական կյանքում փորձել է ապացուցել, թե ոչ մի ցեղասպանություն չի եղել։ Հենց նա է ժամանակին դիմել ղեկավարներին՝ կոչ անելով «ստուգված» հայերին բարձր պաշտոնների նշանակել, նրանց առաջ տանել խորհրդարան և Եվրոպայի խորհուրդ, որ կարողանան ամենաբարձր ամբիոններից «պսակազերծել հայկական կոտորածի առասպելը»։ Հենց դա էլ հիմա արվում է։

Առաջին նման նշանակումը «Ակոս» հայկական թերթի Ստամբուլի նախկին խմբագիր Էթյեն Մահչուփյանինն էր, ում Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ վստահեցին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ Սկզբում նա հնազանդորեն անում էր այն, ինչ իրենից պահանջվում էր։ Ժամանակին հարցազրույց եմ վերցրել Մահչուփյանից։ Պատկերացրեք զարմանքս, երբ զրուցակիցս հայտարարեց, թե մենք պետք է ներողություն խնդրենք Թուրքիայից հայդուկների «արյունոտ խռովությունների» համար, որոնք «թուրք ղեկավարններին հրահրել են անհամաչափ ուժային միջոցներ կիրառել»...

Սակայն պետք է նշեմ, որ Մահչուփյանը ոչ ամբողջությամբ է արդարացրել իշխանավորների սպասելիքները։ Նա, այնուամենայնիվ, բավարար ինքնասիրություն ու արժանապատվություն ունեցավ, որ հրաժարվի ամենակեղտոտ աշխատանքից։ Էթյեն Մահչուփյանը նշանակումից ընդամենը մի քանի ամիս անց հրաժարական տվեց։

Կիսատ թողած առաքելությունը փոխանցվեց մեկ այլ նախկին լրագրող, «Տարաֆ» թերթի մեկնաբան Մարգար Եսայանին։ Իշխող կուսակցությունը նրան դարձրել էր մեջլիսի պատգամավոր և լիազորել էր Թուրքիան ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Ստրասբուրգում նրան օգտագործում էին ոչ միայն ցեղասպանության ճանաչմանը հակազդելու, այլ Թուրքիայի բարեկամ Ադրբեջանին աջակցելու նպատակով։ 2016-ի հունվարին Եսայանը կողմ էր քվեարկել ԵԽԽՎ-ում երկու բացահայտ հակահայկական բանաձևերի ընդունմանը, որոնցում հիշատակվում էր «հայերի կողմից օկուպացված Ղարաբաղը»։ Թուրքական և ադրբեջանական մամուլն այն օրերին լեփ-լեցուն էր հրապարակումներով, որոնց էությունը հետևյալն էր. որքան սխալ են հայերը, որ անգամ իրենց հայրենակիցն է նրանց դեմ քվեարկում։

«Եթե Թուրքիայի հետ զարգացումներ լինեն, մենք չենք թաքցնի». Արսեն Թորոսյան

Ադրբեջանա-թուրքական քարոզչությանը Եսայանի մատուցած ծառայությունն իսկապես անգնահատելի էր։ Նրա հետ հսկայական հույսեր էին կապում։ Սակայն անցյալ տարվա հոկտեմբերին 51-ամյա պատգամավորն անսպասելիորեն մահացավ քաղցկեղից։ Նրան փոխարինող գտնելու շտապ փորձերը, կարծես, հաջողությամբ են պսակվել։ Սևան Սևաջիօղլուն պատրաստ է ստանձնել այդ դերը։ Իսկ ինչպե՞ս դրան կվերաբերվի համայնքը...

690
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, հայեր, Թուրքիա
Ըստ թեմայի
Թուրքիան այլևս Հայաստանի թշնամին չէ՞. ԱԽ քարտուղարի զարմանալի պատասխանը
Պարետային ժամ և խստացումներ. Թուրքիայում կորոնավիրուսի նոր հակառեկորդ է գրանցվել
Ատելությունը հայերի նկատմամբ Ադրբեջանում ու Թուրքիայում նոր դրսևորումներ է ստանում. ՄԻՊ
Թթի օղի

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

377
(Թարմացված է 23:02 11.04.2021)
Հայաստանի հատուկ ծառայությունները վերջին շրջանում հաճախ են բավականին կոշտ քննադատության ենթարկվում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է մի դրվագ, որը ցույց է տալիս՝ ինչպես է հանրապետության ՊԱԿ-ն աշխատել խորհրդային ժամանակներում։

Վերջերս անընդհատ լսում ես՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաճախ իր գործով չի զբաղված, լրտեսներին բռնելու, գործակալական ցանցերը վնասազերծելու, սահմանն ու պետական գաղտնիքները փակի տակ պահելու փոխարեն շեղվում է երկրորդական հարցերի վրա, մանր-մունր բաներով է զբաղվում։ Եթե այսպես շարունակվի, ապա, ինչպես պնդում են քննադատները, կարելի է կորցնել նախորդ սերունդների փորձը, ավանդույթները և մոռանալ «մկներին բռնելու» ունակությունը։

Աշնանային մի գեղեցիկ օր Երևանից ոչ հեռու գտնվող Ջանֆիդա գյուղ հեռագիր եկավ․ «Կայծ շեշտ․ Շտապ ծանր ջուր ուղարկի կետ․ Ֆանը կատաղած է կետ․ Շատ ապակե տարաներով բեռնեք կետ․ Ժամկետն անցել է կետ»։ Ստորագրությունը՝ Արթուր, Սերժ։

Այն ժամանակ Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող գյուղը կոչվում էր Ջանֆիդա։ Տեղի բնակչությունը ապրում էր խիստ սահմանային ռեժիմի կանոններով։ Մուտք գործելուց անցագիր էր հարկավոր, դուրս գալուց՝ հեռանալու թույլտվություն, բնապատկերներ լուսանկարելը խստիվ արգելվում էր, այլ քաղաքներից ժամանած հյուրերին կարելի էր ընդունել միայն ուղեկալի պետի իմացությամբ։ Եվ հանկարծ այդ հեռախոսագիրը։

Հեռագրի հետևանքներն առաջինը զգաց «Կայծը»՝ Ռոբերտ Արամայիսի Կայծունին, Ջանֆիդա գյուղի դպրոցի (այն ժամանակ՝ Հոկտեմբերյանի շրջանի, այժմ՝ Արմավիրի մարզի) ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչը։

«Ձեզ հետևում են»,- գաղտնի նրա ականջին շշնջացել էր հարևան գյուղատնտեսը։

Անտեսելով հաղորդագրությունը՝ Կայծունին շարունակում էր երեխաներին գիր ու գրականություն սովորեցնել, ընդունել գյուղացիների հարսանիքների ու ծննդյան օրերի հրավերներն ու ընկերություն անել ուղեկալի պետի՝ կապիտան Զուբկովի հետ։

Անհանգստության առիթ չունեին նաև այս տարօրինակ հեռագիրն ուղարկողները։ Արթուր Կիրակոսյանն ու «Սերժը» (ձեր սյունակագիրը) ասես ոչինչ չի եղել՝ հաճախում էին Երևանի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսություններին, իսկ երեկոյան գնում էին աշխատանքի։

Աշխատանքի վայրը Հայկական ԽՍՀ կապի նախարարությունն էր, որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Հանրապետության հրապարակում։ Արթուրը երկրորդ հարկում հեռագրիչ էր, ես էլ (մի հարկ վերև) գծային-ապարատային դահլիճում միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի։ Այնպես չէ, որ լավ էին վարձատրում, բայց կրթաթոշակի հետ գրպանի ծախսերի համար բավականացնում էր։

Հերոսից` հակահերոս, կամ ինչպես կարողացան բռնել Հայկ Բժշկյանցին ու «կոտրել» նրան

... Այն ժամանակ հայերը շատ էին կարդում, իսկ բանասիրական ֆակուլտետի ուսանողները՝ ավելի շատ, և ահա անգլերենից թարգմանաբար լույս տեսավ Ռոբերտ Յունգի «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը։ Բոլորը կարդում էին այն։

Յունգը պատմում է նախապատերազմական ֆիզիկայի մեջ ատոմային զենքի գաղափարի զարգացման, հաջողության չհասած գերմանական միջուկային ծրագրի, ԱՄՆ-ում միջուկային զենքի շուրջ բուռն քաղաքական բանավեճով Մանհեթենի նախագծի մասին: Մանրամասն նկարագրված է նաև Ռոբերտ Օպենհեյմերի դատավարությունը։ Մի խոսքով, ընթերցողին ամեն ինչ հետաքրքիր ու ճանաչողական էր, բայց երեք անգամ ավելի հետաքրքիր կլիներ, եթե իմանայինք, որ ծանր ջրի հիմքով ռեակտորի ստեղծման խորհրդային նախագծի ղեկավարը մեր հայրենակից Արտյոմ Ալիխանովն էր։

Մի խոսքով, կարդալով ու նույնիսկ վերընթերցելով Յունգի գիրքը, որոշեցինք, որ ատոմային ֆիզիկայի «ծանր ջրի» արժանի անալոգը կենցաղում կարող է լինել թթի օղին, իսկ այն սարքում էին ոչ միայն Քարահունջում, այլև Ջանֆիդայում: Կայծը, որը չնչին գումարով էր գնում այն համագյուղացիներից, ուղարկում էր օղին կամ ինքն էր բերում Երևան։ Բայց հանկարծ սրտամաշ դադար առաջացավ, բջջային հեռախոսներ այն ժամանակ չկային, բայց կար Արթուրը՝ հեռագրի վրա աշխատող ու պատկան մարմիններին վախեցնող մեր ընկերը։

Այստեղ պետք է նշել. ՊԱԿ-ում, իհարկե, հասկանում էին, որ բաց տեքստով նման հաղորդագրություն ուղարկելու համար պետք է ապուշ լինել, իսկ ԿՀՎ-ում կամ այլ օտարերկրյա հետախուզությունում ապուշների դժվար թե պահեն։ Այնուամենայնիվ, հեռագրում «ծանր ջուր» կար, հայկական ԱԷԿ-ը Ջանֆիդայի մոտակայքում է, ֆրանսիական հնչողություն ունեցող «Սերժն» էլ ամեն դեպքում մեր հայկական Սերոժը չէր: Իսկ դա նշանակում է, որ սա այն դեպքն է, երբ ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել վտանգը։

Արտաքին վերահսկողության որևէ նշան մեզանից ոչ ոք չէր զգացել, բայց նախազգուշացնող «ձեզ հետևում են» արտահայտությունը տեղին էր, ինչի մասին ուղեկալի ղեկավարը, կապիտան Զուբկովը մի անգամ ասել էր Ռոբերտին, քանի որ նրանք հին ընկերներ էին։

Բարեխղճորեն ավարտելով հետաքննությունը՝ պետանվտանգության կոմիտեն պետական դավաճանության փորձի նշաններ չգտավ, պարզվեց՝ «ծանր ջրի» պատմությունը թթի օղու վերաբերյալ հիմարություն էր, սակայն կանխարգելիչ միջոցառումներ ամեն դեպքում ձեռնարկվեցին:

Արթուր Կիրակոսյանին ազատեցին աշխատանքից։

«Երիտասարդները պետք է ոչ թե գիրք կարդան, այլ գործ անեն», - ասաց հեռագրատան տնօրեն, ընկեր Բաչաչյանը՝ ակնարկելով «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը:

Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային

Ինձ չկայացած հանցագործության հանցակից ճանաչելու հիմքեր չկային, ու ես ինչպես միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի, այդպես էլ մնացի մինչ ուսմանս ավարտը։

Անհրաժեշտ բացատրություն. «ծանր ջրի», հեռագրի և օղու պատմությունն այն բանի մասին է, որ երբ խոսքը վերաբերում է երկրի անվտանգությանը, հատուկ ծառայությունները պարտավոր են հավասարապես լուրջ ու պատասխանատու վերաբերվել ցանկացած տեղեկատվության: Հաստատվեց՝ լավ է, չհաստատվեց՝ նույնպես լավ, գուցե նույնիսկ ավելի լավ է։ Հարցն այլ է՝ որքանով կարող է ԱԱԾ-ն հաջողությամբ հաղթահարել այդ խնդիրը, եթե վերջին երկու տարում հինգ տնօրեն է փոխվել և, ինչպես պնդում են, ուր որ է կնշանակվի վեցերորդը։

377
թեգերը:
օղի, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, լրտես
Ըստ թեմայի
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին
Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում
Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է, կամ ինչով են նման Հայաստանն ու Շվեյցարիան
Վերին Դվին

Վերին Դվինի ասորիները․ կյանքի, պատմության, պատերազմի ու հայր Նիկոդիմի մասին

229
(Թարմացված է 13:14 10.04.2021)
Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Գևորգյանն այցելել է Արարատի մարզի Վերին Դվին գյուղ և տեսել, որ այս գարունն առանձնապես չի ուրախացնում տեղի բնակիչներին։

Վերին Դվինում ծիրանենիները ծաղկել են, բայց գյուղացիները մռայլ են ու մտահոգ։ Պատերազմն իր դառը հետքն է թողել նրանց հոգում։ Անգամ ասորական ազգային տոնը, որն ավանդաբար նշվում է ապրիլի սկզբին, առանձնապես ուրախ չի անցել։ Գյուղում հիմնականում ապրում են աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի ներկայացուցիչները՝ ասորիները։

Цветущее дерево в селе Верин Двин, Араратская область
© Sputnik / Ashot Gevorgyan
Վերին Դվին

Հայաստանի ազգային փոքրամասնություններից թվով երրորդն են եզդիներից և ռուսներից հետո։ Ժամանակին մեր երկրում գրեթե վեց հազար ասորի էր ապրում, բայց շրջափակման խիստ պայմանների պատճառով համայնքը գրեթե կրկնակի կրճատվեց. նրանց մեծ մասը մեկնեց Ռուսաստանում բախտ փնտրելու։

Дорожный указатель при въезде в село Верин Двин, Араратская область
© Sputnik / Ashot Gevorgyan
Վերին Դվին

Հայ-ասորական հարաբերությունները գոյություն են ունեցել դեռևս անտիկ ժամանակներից։ Հայաստանին նախորդած Ուրարտուն հաճախ էր հակամարտություններ ունենում Ասորեստանի հետ։ Ասորական մշակույթի կարևորագույն սյունը մնում է մայրենի լեզուն, որը վերապրել է հին արամերենի էվոլյուցիան։ Հայաստանի ասորիները խոսում են արևելյան արամերենով և արամերեն այբուբեն են օգտագործում։ Նրանք նաև հիանալի տիրապետում են հայերենին և ռուսերենին, իսկ արտաքինով շատ նման են տեղացի հայերին։

«Մեր հայրենակից առաջին հինգ ընտանիքները ժամանակակից Հայաստանի տարածքում են հայտնվել 1805թ․-ին, որն այն ժամանակ պարսկական լծի տակ էր, իսկ զանգվածաբար սկսել են այստեղ բնակություն հաստատել 1826-1828 թվականներին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո։ Մեր նախնիները Ռուսական կայսրության նոր կովկասյան տարածքներ են տեղափոխվել հայերի հետ միասին Ուրմիա լճի շրջակայքից։ Իսկ քսաներորդ դարի 20-ական թվականներից բազմաթիվ ասորի ընտանիքներ Հայաստան են փախել Օսմանյան կայսրության հարավարևելյան վիլայեթներից, որտեղ մեր 750 000 հայրենակիցները թուրք դահիճների զոհ են դարձել։ Մենք նրանց հիշատակին հարգանքի տուրք ենք մատուցում օգոստոսի 7-ին»,-ասում է Լյուդմիլա Պետրովան, որը գյուղապետարանը ղեկավարում է 2004թ․-ից։

Староста села Верин Двин Людмила Петрова
© Sputnik / Ashot Gevorgyan
Լյուդմիլա Պետրովա

Աշխարհում ասորիներին ընդհանուր թիվը գրեթե հինգ միլիոն է, կրոնը՝ միայն քրիստոնեություն։ Շատ առումներով դա մտերմացնում է նրանց ու հայերին։ Հայաստանում ասորիները բնակվում են հիմնականում Արզնիում և Արարատի մարզի երեք գյուղերում՝ Կոյլասար (կամ Դմիտրով), Նոր Արտագերս և Վերին Դվին, ավանդաբար զբաղվում են հողագործությամբ։

Վերին Դվինում ասորիները գրեթե 80 տոկոս են կազմում։ Գյուղում գործում է 1828թ․-ին կառուցված Մար Թումա եկեղեցին և «Մարեզ» մատուռը, որը թվագրվում է 1830 թվականով։ Գործում է «Աթուր» ՀԿ-ն, ինչպես նաև ազգային երգի և պարի համանուն համույթը։ Գյուղի դպրոցում երեխաները սովորում են մայրենի լեզուն և ասորական պատմությունը` պահպանելով ազգային ու մշակութային ավանդույթները։

Ассирийский храм в селе Верин Двин
© Sputnik / Ashot Gevorgyan
Ասորիների մատուռը

Տեղի ասորական վանքի վանահայրը՝ հայր Նիկոդիմը, պատմում է, որ ասորիները առաջին քրիստոնյաներից են եղել հնագույն Մերձավոր Արևելքում։ Պատմաբան Մովսես Խորենացին գրում էր, որ Հիսուս Քրիստոսի առաքյալների հետ միասին Հայաստան են եկել նաև առաջին քիրստոնյա քարոզիչները, որոնք ասորիներ են եղել։

Настоятель ассирийского храма в селе Верин Двин, отец Никодим
© Sputnik / Ashot Gevorgyan
Հայր Նիկոդիմ

«Թեև 7-րդ դարում Միջագետք ներխուժեցին արաբ նվաճողները և սկսեցին հրով ու սրով շատ ասորիների մահմեդականացնել, բայց մեր մեջ հիմա էլ չկան այնպիսիք, որ մայրենի լեզվով խոսեն, բայց մուսուլման լինեն»,-ասում է հայր Նիկոդիմը։

Խորհրդային տարիներին, երբ գերակայում էր աթեիզմի քաղաքականությունը, ասորիները եկեղեցիներ ու հոգևոր կյանք չունեին։ Մարդիկ մատուռներ էին սարքում իրենց նկուղներում կամ հեռավոր քարանձավներում` հնագույն հավատքը պահպանելով իրեն հոգում։ Հայաստանում ասորիների համար առաջին եկեղեցական պատարագը մայրենի լեզվով կայացել է 2003թ․-ին։ Այդ օրվանից էլ սկսվել է վերածնունդը։

Աստիճանաբար խոսքը թեքվում է արցախյան պատերազմի կողմ։ Մարտական գործողությունների մասնակիցների թվում է եղել նաև հոգևորական Նիկոդիմ Յուխոնաևը․ կամավոր է եղել։

«Մարտական գործողությունների բնույթը մեզ ստիպեց որոշում ընդունել ասորիների առանձին ջոկատ չստեղծել, այլ միանալ տարբեր կամավորական խմբերին։ Հակառակորդը կետային հարվածում էր կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե հարվածի տակ ընկնեին մեր մարտիկներից քսանը։ Վշտի մեջ կընկեր միանգամից քսան ասորի ընտանիք»,-ասում է հայր Նիկոդիմը։

Նրա խոսքով՝ ամբողջ ասորի համայնքից 140 կամավորական է մասնակցել պատերազմին։ Ութը զոհվել են (մեկը՝ Վերին Դվինից), մեկ անհետ կորած կա, քսանը վիրավորվել են։ Ռազմաճակատ է ուղարկվել 8 բեռնատար օգնություն․ մթերք, քնապարկեր, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ․․․

«Մեր հայրենակիցներից շատերը ապաստան էին տվել արցախցի փախստականներին։ Արցախցիների թվում նաև ասորիների մի քանի ընտանիք կա Բերձորից ու Ստեփանակերտից»,-ասում է նա։

Վերջում հայր Նիկոդիմին խնդրում եմ «Հայր մերը» կարդալ արամերենով։ Ցնցող է հնչում։

Վերևին Դվինի ասորական վանքի վանահայր հայր Նիկոդիմը հայր Նիկոդիմը «Հայր մերն» է կարդում արամերենով

Հետդարձի ճանապարհին մտքերի մեջ եմ ընկնում ու մտածում՝ Աստված չանի, որ հայրենիքը կորցրած մեր ասորի եղբայրների ճակատագիրն ունենանք․․․

229
թեգերը:
հայեր, Պատերազմ, ասորի, Հայաստան
Ըստ թեմայի
Արագածից մինչև Արարատ․ ազգ, որը հայերի չափ սիրում է հայոց լեռները
Մոլոկանները Հայաստանում. կյանքն առանց հեռուստացույցի, խոզի մսի և օղու
Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը
Անձրևային օր

Անձրև կգա, բայց ոչ Երևանում. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 15:29 11.04.2021)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ տեղումները կդադարեն ապրիլի 15-ին:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության մեծ մասում ապրիլի 12-14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Տեղումները կդադարեն ապրիլի 15-ին:

Եղանակի կանխատեսում

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում ապրիլի 12-ին սպասվում է հիմնականում ամպամած, բայց առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի +19-ից +21, երեկոյան՝ +12-ից +14 աստիճան։

Հայաստանում եղանակային անոմալիա է գրանցվել. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում

0
թեգերը:
եղանակ, Երևան, Հայաստան, Անձրև
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Մալթան պատրաստ է մինչև 200 եվրո վճարել յուրաքանչյուր զբոսաշրջիկի
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս
«Սուրենյան ջան, ինչի՞ եք այդպես բարկացել». օգտատերերը միացել են օդերևութաբանի չելենջին