Ամուլսար

Նույն կարգախոսները, կամ ի՞նչ նմանություն կա հայաստանյան Ամուլսարի և վրացական «Թվիշիի» միջև

270
(Թարմացված է 21:21 01.04.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե ասեմ, որ շատ կոնկրետ զուգահեռներ կարելի է անցկացնել հայաստանյան ոսկու հանքի և վրացական «Թվիշի» գինու միջև, շատերը, բնականաբար, կզարմանան։
Ինչ նմանություն կա հայաստանյան Ամուլսարի ու վրացական «Թվիշիի» միջև

Իրականում զարմանալին այն է, թե ինչ նման են երկու հարևան հանրապետություններում՝ Հայաստանում և Վրաստանում, դրսից ֆինանսավորվող խոշորածավալ ներդրումային ծրագրերի հետ կապված գործընթացները։

Հիշենք՝ «Ամուլսարի» ոսկու հանքավայրի շահագործումը դեռ չէր էլ սկսվել, երբ ակտիվիստները  փակեցին ճանապարհները և հայտարարեցին՝ թույլ չենք տա, որ ապականվի մեր բնությունը և հարցականի տակ դրվի մեր անվտանգությունը։ Վրացի ակտիվիստները, որոնք արդեն գրեթե կես տարի է, ինչ արգելափակել են ճանապարհները Ռիոնի գետի կիրճում, ուղղակի բառացի կրկնում են այն նույն կարգախոսները, որոնք հնչում են Ամուլսարում։

​Մեր հայաստանյան մտահոգությունները բոլորիդ հայտնի են՝ նրանք, ովքեր կտրականապես դեմ են, որ «Լիդիան» ընկերությունը ոսկի արդյունահանի Հայաստանում, համոզված են, որ չնայած օտարերկրացիները աննախադեպ ներդրումներ են խոստանում, բայց իրականում նրանց գործունեության հետևանքով թունավոր նյութերը, մասնավորապես՝ ցիանիդը, թափանցելու են մինչև ստորերկրյա ջրերը, և ի վերջո անդառնալի կորուստներ է կրելու մեր լեռնային գեղեցկուհին՝ Սևանա լիճը։

Հիմա դառնանք վրացական մտահոգություններին։ Թուրքական ԷՆԿԱ ընկերությունը պատրաստ է վճարել պատկառելի մի գումար՝ 800 միլիոն դոլար, և հզորագույն էներգետիկ հանգույց ստեղծել Ռիոնի գետի կիրճում՝ կառուցելով երկու հսկայական ջրամբար և երկու ամբարտակ։ Վրաստանի իշխանությունները վստահեցնում են՝ սա խոշորագույն էներգետիկ ծրագիր է, որն իրականացվելու է երկրում անկախություն հռչակումից ի վեր, կարելի է ասել՝ դարի կառույցն է, որը կապահովի Վրաստանի էներգետիկ անկախությունը, որովհետև նավթի ու գազի պաշարներից զուրկ Վրաստանի էներգետիկայի ավելի քան մեկ երրորդը մինչև հիմա կախված է էներգակիրների ներմուծումից։

Ավելին, տնտեսությունը այսպես թե այնպես զարգանում է, և 10 տարի հետո այդ մեկ երրորդը դառնալու է 50 տոկոս, ավելի ու ավելի մեծ կախվածության մեջ են ընկնելու այն երկրներից, որտեղից ներկրում են կա՛մ էլեկտրականություն, կա՛մ էլ գազ՝ մեր ջերմակայաններն աշխատեցնելու համար։ Այնինչ հզորագույն հիդրոէլեկտրակայանները, որոնք թուրքերը մտադիր են կառուցել Ռիոնի գետի կիրճում, կապահովեն էներգետիկ պահանջարկի 12 տոկոսը։ Ի վերջո, երկու օր առաջ Վրաստանի իշխանությունները որոշեցին առայժմ սառեցնել այն շինարարությունը, որը պետք է իրականացնեին թուրքերը։

Ամուլսարը ռադիոակտի՞վ է․ պատասխանում են ոչ թե ակտիվիստները, այլ մասնագետները

Ի դեպ, երբ այս ամիս Վրաստանի իշխանությունները խնդրի շուրջ «կլոր սեղան» կազմակերպեցին ակտիվիստների և բնապահպանների մասնակցությամբ, տնտեսության նախարարը մեղադրեց նրանց ազգատյացության մեջ՝ ասելով. «Դեմ եք, որովհետեւ թուրքերն են կառուցում»։ Այդ մեղադրանքն, իհարկե, զայրացրեց ակտիվիստներին, և դա հասկանալի է՝ այնուամենայնիվ վրացիների վերաբերմունքը թուրքերի նկատմամբ, մեղմ ասած, խիստ տարբերվում է հայերի վերաբերմունքից։ Էդ դեպքում, ո՞րն է բողոքների իրական պատճառը։ Հասանք Թվիշիին։

Հենց այդ գյուղի անունով է կոչվում այն կիսաքաղցր սպիտակ գինին, որը, համոզված եմ, շատերդ համտեսել եք դեռ Սովետի օրոք։ Հիմա ավելի է աճել այն խաղողի գինը, որից պատրաստում են «Թվիշին»։ Մարդիկ, ովքեր 90-ականներին հեռացել էին Վրաստանից, ԲիԲիՍի-ի վկայությամբ, սկսել են վերադառնալ և զբաղվել այն գինու արտադրությամբ, որը վաճառվում է նույնիսկ Միացյալ Նահանգներում։ Բայց եթե թուրքական նախագիծը կյանքի կոչվի, խաղողի այդ եզակի այգիների մի զգալի մասը հայտնվելու է երկու խոշոր ջրամբարների արանքում։ Մասնագետները համոզված են՝ դա խիստ բացասական ազդեցություն է գործելու խաղողի որակի վրա։

Բայց, ինչպես հասկանում եք, «Թվիշի» գինին չի գլխավոր մտահոգությունը։ Անվտանգությո՛ւնն է։ Թբիլիսյան բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը նույնիսկ համակարգչային հոլովակ է պատրաստել, որտեղ նկարագրված է, թե ինչ է լինելու, եթե Ռիոնի գետի վրա կառուցվելիք ամբարտակներից մեկը, որի բարձրությունն, ի դեպ, հասնում է 100 մետրի, հանկարծ փլուզվի, ասենք, ուժգին երկրաշարժի հետևանքով։ Երևի միանգամից մտաբերեցիք հոլիվուդյան ֆիլմերի այն դրվագները, երբ հսկա ամբարտակի վրա ճեղքեր են առաջանում, հետո դրանք լայնանում ու լայնանում են, և ի վերջո ջուրը հորդում է դեպի բնակավայրերը։ Վրացի բնապահպանների հաշվարկներով` Ռիոնի կիրճում ջրի տակ կանցնի մոտ 70 գյուղ։

Բայց ամենասարսափելին. երկրի երրորդ քաղաքի՝ Քութաիսիի բնակիչները ուղիղ 19 րոպե կունենան, որպեսզի փորձեն փրկվել 35 մետր բարձրություն ունեցող մահաբեր ալիքից։ Թուրքական ընկերության ղեկավարությունը հակադարձում է. «Ի՞նչ եք ասում, չի լինի այդպիսի բան»։ Համաձայնեք՝ շատ է հիշեցնում Կոզմա Պրուտկովի երևի թե  ամենահայտնի արտահայտությունը՝ «Նման բան չի կարող պատահել, որովհետև նման բան չի կարող պատահել երբեք»։

270
թեգերը:
Բողոքի ակցիա, Թուրքիա, բնապահպանական, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Ամուլսար
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (356)
Ըստ թեմայի
Հայաստանն այս տարի էլ «Օսկարի» հույսեր չունի, բայց ամերիկահայերը կարող են ստանալ
Տիեզերքից երևացող սխալներ, կամ Սուեզի ջրանցքի «առեղծվածը»
Մահափորձը որպես սիրո ամենամեծ դրսևորում, կամ ինչու էր տղամարդն ուզում սպանել ԱՄՆ նախագահին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. արխիվային լուսանկար

Եվրոպացիների հռչակած «պատմական հաշտությունը» Վրաստանում. իրականությո՞ւն, թե՞ պատրանք

93
(Թարմացված է 22:38 21.04.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Շատ դժվար է պատկերացնել, թե ինչ շոշափելի արդյունք կարող է տալ հայ գերիների վերաբերյալ երեկվա քննարկումը Ստրասբուրգում. բոլորս հրաշալի հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը իրավիճակի վրա ազդելու որևէ արդյունավետ լծակ չունի։
Եվրոպացիների հռչակած «պատմական հաշտությունը» Վրաստանում. իրականությո՞ւն, թե՞ պատրանք

Հարավային Կովկասում եվրոպացիների համար շատ ավելի գայթակղիչ է գոնե ինչ-որ հաջողություն արձանագրել Վրաստանում՝ հաշտեցնելով իշխանություններին և ընդդիմությանը։ Հենց այդ նպատակով Թբիլիսի էին ժամանել Եվրամիության ներկայացուցիչները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ։

Եվ պայմանագիրն իրոք ստորագրվեց։ Նախ դա արեցին կուսակցությունների առաջնորդները Հավլաբարի նախագահական պալատում, իսկ երեկ անհատ պատգամավորները` Եվրամիության գրասենյակում։

«Պատմական հաղթանակ»,- շտապեցին հայտարարել եվրոպացիները։ Այնինչ ընդդիմության մի մասն ամենևին չի կիսում Բրյուսելից ժամանածների այս ոգևորությունը։

Եթե ինձ թույլ տաք շատ հակիրճ ներկայացնել նախապատմությունը, հաստատ կարձանագրեք. «Վա՞յ, ինչ նման ենք մենք ու վրացիները»։

Հոկտեմբերին Վրաստանում կրկնվեց այն, ինչ գրեթե 30 տարի շարունակ մենք տեսնում էինք Հայաստանում։ Արևմտյան դիտորդները բարձրաձայնեցին այն նույն  ավանդական գնահատականները, որոնք Հայաստանում երևի թե անգիր գիտեն նույնիսկ դպրոցահասակ երեխաները.

«Ընտրությունները հիմնականում համապատասխանում էին… Սա հերթական առաջընթաց քայլ էր…»։ Էլ չշարունակեմ։ Վրաստանի ընդդիմությունն էլ ճիշտ հայաստանյան ընդդիմության նման հակադարձեց. «Ընտրությունները ծայրից ծայր կեղծվել են»։ Բայց, ի տարբերություն մեր հարազատ ընդդիմադիրների, որոնք իշխանություններին «ոչ լեգիտիմ» անվանելով մշտապես շատ լավ էլ մասնակցում են այդ «ոչ լեգիտիմ» պառլամենտի աշխատանքին, Վրաստանի ընդդիմությունն ավելի սկզբունքային գտնվեց և հայտարարեց բոյկոտ, որը տևեց մոտ կես տարի։

Հանուն նախագահ դառնալու կբաժանվեի՞ք ամուսնուց, կամ տնից մեկը պիտի զբաղվի քաղաքականությամբ

Բայց երբ այս շաբաթ գործը հասավ հաշտության պայմանագրի ստորագրմանը, պարզվեց, որ ընդդիմության շարքերում միասնություն չկա. որոշ քաղաքական ուժեր ստորագրեցին, մյուսները, և առաջին հերթին՝ Միխեիլ Սաակաշվիլիի ստեղծած գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը», հայտարարեցին՝ շարունակելու ենք բոյկոտը։

Դե արի ու կրկին մի բացականչիր՝ վա՞յ, էս ինչ նման ենք։ Ախր մեզ մոտ էլ սկզբում բոլոր ընդդիմադիրները կարծես թե համակարծիք էին՝ այս վարչապետի օրոք անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները չենք ընդունի ոչ մի դեպքում։ Բայց ժամանակի ընթացքում ահագնացավ մեր և ոչ միայն մեր ընդդիմության խրոնիկ հիվանդությունը՝ ՊԱ-ՌԱԿ-ՏՈւՄ։

Նախ խորհրդարանական ընդդիմությունը շատ հանգիստ համաձայնեց, որ այո′, ընտրությունները պիտի անցկացվեն հունիսի 20-ին։ Իսկ ընդամենը մի քանի օր առաջ պառլամենտի դիմաց հանրահավաքներ անցկացնող ընդդիմադիր դաշինքի անդամները մեկը մյուսի հետևից սկսեցին հայտարարել. «Դուք՝ ինչպես ուզում եք, իսկ ես կամ մենք անպայման մասնակցելու ենք վարչապետի օրոք անցկացվելիք ընտրություններին»։  

Բայց դառնանք Վրաստանին։ Եվրոպացիներն, ախր, շատ են ուզում հպարտությամբ հռչակել իրենց կատարյալ հաղթանակը, բայց հաշտությունն ամենևին կատարյալ չէ, քանի որ գլխավոր ընդդիմադիր ուժը շարունակում է համառել ու պայման դնել՝ մինչև մեկուսարանից ազատ չարձակվի կուսակցության նախագահ Նիկանոր Մելիան, չենք հրաժարվի բոյկոտից։

Լսելով կապիտուլյացիայի մասին` նա արտասվեց. լեյտենանտի համար պատերազմն ավարտվեց 29 տարի ուշ

Ախր շատ բան էլ պետք չէ այդ մարդուն ազատ արձակելու համար. նա ուղղակի չի ուզում վճարել մոտ 10 հազար եվրոյի գրավը։ Եվրոպացիներն ասում են՝ մենք կվճարենք, Նիկանո′ր, դու միայն դուրս արի։ Չի համաձայնում։ Եվրոպացիներն անցել են «պլան Բ»-ին, որի էությունը սա է՝ խորհրդարանը համաներման որոշում է ընդունում, և այդ համաներումը տարածվում է նաև Նիկանոր Մելիայի վրա։ Ու նրան, այսպես ասած, զոռով դուրս են բերում մեկուսարանից։

Իհարկե, այս շաբաթ ստորագրված հաշտության պայմանագրի մեջ գոնե ինձ համար անհասկանալի կետեր կան, որոնց բացատրությունը չգտա որևէ մեկնաբանի հիմնավորումներում։ Ստորագրողները համաձայնության են եկել առ այն, որ Վրաստանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել, բայց…. էստեղ ուշադրություն՝ միայն այն դեպքում, եթե աշնանը կայանալիք տեղական ընտրություններում իշխող ուժը՝ «Վրացական երազանքը», հավաքի 43 տոկոսից պակաս ձայն։

Ա′յ, հենց սա է ինձ համար մութ մնացել։ Նախ` ինչպե՞ս կարելի է պառլամենտական ընտրությունները կախման մեջ դնել տեղական ընտրություններից, և երկրորդ՝ որտեղի՞ց այդ մոգական թիվը՝ 43 տոկոս։ Ինչո՞ւ ոչ 42 կամ 45։

Սա ինձ համար Քարահունջի Զորաց քարերի գաղտնիքի նման մի բան է` ճիշտ այնպես, ինչպես Բերմուդյան եռանկյունու առեղծված կմնա ինձ համար ժամանակին մեր Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթը, ըստ որի` պառլամենտում պիտի անպայման լինի 54 տոկոսանոց կայուն մեծամասնություն։

Շահո՞ւմ են, թե՞ կորցնում՝ երկրի ղեկավար դառնալով

Մի ժամանակ ասում էին՝ երկրի անվտանգության հարց է։ Կներե′ք, բա էդ ինչպե՞ս եղավ, որ հենց այդ կայուն, շատ կայուն մեծամասնության օրոք պատերազմում ջախջախիչ պարտություն կրեցինք։ Միգուցե դուք ինձնից լավ եք հասկանում։ Եթե գիտեք պատասխանը, շատ եմ խնդրում, ինձ էլ լուսավորեք։

93
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, գերի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (356)
Ըստ թեմայի
Ում է պետք առանց վիզայի Եվրոպա գնալը, երբ Վրաստանը հող է կորցրել. ուժը կորցրած արդարացում
Վարչապետություն, որի հիմքում սուտն էր. ինչպես իսրայելցի քաղտեխնոլոգն օգնեց Նեթանյահուին
«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ

175
(Թարմացված է 23:22 20.04.2021)
Մինչ վերջերս Ադրբեջանն ակնհայտ հետաքրքրություն չէր դրսևորում Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու նկատմամբ. պարզ էր, որ նման հարցերի լուծման ժամանակ վետոյի իրավունք ունեցող Հայաստանը դեմ կլինի դրան։

Այժմ, երբ նոյեմբերի եռակողմ հայտարարության համաձայն կողմերը որոշակի պարտավորություններ են ստանձնել լարվածությունը նվազեցնելու համար, ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցության թեման կրկին արդիական է դառնում։ Sputnik Արմենիայի մեկնաբանը վերլուծում է իրավիճակի հնարավոր զարգացման հեռանկարները։

Ապրիլի 29–ին Կազանում իր աշխատանքն է սկսում Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։ Մի շարք վստահելի աղբյուրներ վկայում են այն մասին, որ այդ նիստին մասնակցելու է Ադրբեջանի կառավարական պատվիրակությունը։ Դատելով ամեն ինչից` դա կնշանավորի աշխատանքների մեկնարկը` ուղղված եթե ոչ Ադրբեջանի անդամակցութանը կազմակերպությանը, ապա գոնե լայն տնտեսական ինտեգրմանը։ Սկզբի համար դա կարող է լինել Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելը, որը ներկայում ունեն Մոլդովան, Տաջիկստանը և Կուբան։

Հաջորդ քայլը կարող է դառնալ ազատ առևտրի գոտում ներգրավվելը, ինչպես դա եղել է Սերբիայի, Վիետնամի, Իրանի և Սինգապուրի դեպքում։ Բայց բանն այն է, որ բոլոր դեպքերում պարտադիր պետք է լինի կազմակերպության բոլոր անդամների համաձայնությունը։ Նշանակում է` Ադրբեջանի ինտեգրման հեռանկարը կախված է նրանից` կօգտվի՞ արդյոք Հայաստանը վետոյի իրավունքից, թե՞ կնախընտրի չանել դա։

Առայժմ դժվար է հասկանալ, թե որ փուլում է հարցի լուծումը։ Բավական հակասական տեղեկություններ են ստացվում։ Ռուսաստանի ԱԳՆ–ն ռուսական մեդիային պատասխանել է, որ Ադրբեջանի մասնակցության հարցը ԵԱՏՄ գալիք միջկառավարական խորհրդի նիստին իսկապես քննարկվում է, բայց ոչ մի որոշում դեռ չկա։ Միաժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան Sputnik գործակալությանը հայտնել է, որ Ադրբեջանին նիստի մասնակցության հրավեր է ուղարկվել։

Քաղաքականացված էներգետիկան, կամ ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցմանը Բաքուն ամեն կերպ խանգարելու է

Դժվար է հասկանալ` կարելի՞ է հրավեր ուղարկել, եթե այդ հարցի շուրջ դեռ չեն հանգել համաձայնության։ Ամեն դեպքում երևում է, որ կազմակերպության մնացած անդամները, Հայաստանից բացի, ողջունում են Ադրբեջանին ներգրավելու գաղափարը և տրամադրված են համոզել Հայաստանին չխոչընդոտել դրան։

Միամտություն կլիներ հուսալը, որ Հայաստանն այդքան հեշտ հավանություն կտա երկրի ինտեգրմանը ԵԱՏՄ–ին, որի հետ դեռ կես տարի առաջ պատերազմում էր, և որը մինչ օրս հրաժարվում է վերադարձնել ռազմագերիներին։ Նույնքան միամիտ կլիներ այն համոզմունքը, որ Հայաստանը մինչև վերջ վճռական կլինի։ Դատելով ամեն ինչից` վաղ թե ուշ կգտնվի փոխզիջում, որը թույլ կտա Ադրբեջանին ինտեգրվել ԵԱՏՄ կառույցներին։

Երևանում չեն հերքում, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իսկապես քննարկվում է Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հարցը, և որ Հայաստանը կոնկրետ դիրքորոշում ունի այդ հարցում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 16–ին հասկացրել է, որ Երևանը կարող է արգելափակել նիստին Բաքվի ներկայացուցիչների մասնակցությունը, եթե չտրվեն որոշ հարցերի պատասխաններ։

«Կա ֆորմալ գործընթաց, որն առաջիկա օրերին կավարտվի։ Այդ գործընթացը ենթադրում է համաձայնեցում։ Օրը կգա և մենք կասենք այո կամ ոչ»,–հայտարարել է Գրիգորյանը։

Նա չի բացառել, որ այդ հարցի քննարկման համատեքստում դիտարկվելու են հայկական կողմի պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության իրագործմանը, որը նախատեսում է ռազմագերիների վերադարձ։

Ըստ երևույթին, այդ հարցի շուրջ ոչ անմիջական երկխոսություն կընթանա։ Փոխվարչապետի խոսքերից պարզ է դառնում, որ խնդիրը պետք է քննարկել ռուսական կողմի հետ, որն ավելի շատ է շահագրգռված ԵԱՏՄ–ին Ադրբեջանի ինտեգրմամբ, քան Ադրբեջանն ինքը։ Մոսկվան իր հերթին որոնելու է մեխանիզմներ, որոնք կառուցողականության կմղեն Բաքվին։ Ադրբեջանի ինտեգրմամբ բավական հետաքրքրված են նաև Բելառուսը և Ղազախստանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինայի խոսքով` Ադրբեջանին միջկառավարական խորհրդի նիստին հրավիրելու նախաձեռնությունը բխել է Ղազախստանի ղեկավարությունից։ Հիշեցնեմ, որ ժամանակին Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է քննարկել է ՀԱՊԿ–ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Հայաստանն այդ ժամանակ կտրուկ դեմ է եղել, և թեման նույնիսկ չի մտել օրակարգ։

Պաշտոնական Մինսկը նույնպես բավական ակտիվ է Եվրասիական գործընկերության կառույցներում Բաքվի շահերն առաջ մղելու հարցում։ Անցած շաբաթ ռուսական ԶԼՄ–ներում հիմնավորված առաջարկություն է հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի` ԵԱՏՄ–ի անդամ դառնալու հարցում Բելառուսը խաղում է հիմնական միջնորդի դերը։

Դատելով ամեն ինչից` Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվում քննարկել է այդ թեման Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահը հեռուստախցիկների առաջ իր հյուրին ասել է. «Բելառուսը` որպես Հայաստանի գործընկեր, որպես ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, միևնույն ժամանակ որպես Ադրբեջանի մտերիմ ընկեր, կարող է կարևոր դեր խաղալ կապեր հաստատելու մեջ»։

Կկարգավորվե՞ն արդյոք հայ-իսրայելական հարաբերությունները Նեթանյահուի հեռանալուց հետո

Հյուրը համաձայնել է աջակցել։ Դա կարող է նշանակել Ալեքսանդր Լուկաշենկոյի պատրաստակամությունը` օգտագործելու իր ազդեցությունը, որ համոզի Հայաստանի վարչապետին` չխոչընդոտել Ադրբեջանի ներգրավումը եվրասիական ինտեգրացիոն կառույցներ։ Դրանից հետո Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը հայտարարել է, որ «Բելառուսը ջանքեր կգործադրի Ադրբեջանի և ԵԱՏՄ–ի միջև ավելի սերտ համագործակցություն հաստատելու համար»։

«Անկասկած, առաջիկա ամիսներին մենք կտեսնենք ԵԱՏՄ և Մաքսային միության հարթակներում Ադրբեջանի ակտիվ աշխատանքը», – ասել է պատգամավորը։

Որտեղի՞ց այդ վստահությունը, եթե կազմակերպության անդամներից առնվազն մեկը չի տվել իր համաձայնությունը։

Դրա հետ կապված` տեղին է այն հարցը, թե կարելի՞ է ապահովել Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին առանց Հայաստանի համաձայնության։ Կազմակերպության գործող կանոնադրությունը չի բացառում, քանի որ նոր անդամներ ընդունելը պահանջում է բոլոր լիիրավ գործընկերների համաձայնությունը։ Բայց պետք է նշել, որ Եվրասիական տնտեսական միության որոշ անդամներ փորձեր են ձեռնարկել վերանայելու ընդունված որոշումները։

Դրա մասին շատ չի բարձրաձայնվել, բայց փորձերի մասին տեղեկություններ տարածվել են։ Այսպես, 2019թ–ի մայիսին Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյը հայտարարել է, որ իր երկիրն առաջարկում է չեղարկել անդամ երկրների վետոյի իրավունքը կարևոր որոշումներ կայացնելիս։

Խոսքն այն մասին է, որ կազմակերպությունում որոշումներն ընդունվեն ոչ թե ընդհանուր համաձայնությամբ, ինչպես հիմա, այլ ձայների մեծամասնությամբ։ Մինսկի առաջարկին գործընկերների արձագանքը հայտնի չէ։ Բայց համարձակվում եմ ենթադրել, որ Հայաստանը հաստատ հավանություն չէր տա այդ գաղափարին։

Նախաձեռնությունը շարունակություն չի ունեցել, քանի որ առաջարկված շտկումներն ընդունելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ոչ միայն կազմակերպության կանոնադրությունում, այլ նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում։ Իսկ դրա համար նույնպես պետք է հանգել կոնսենսուսի։ Ավելին, միջազգային պայմանագրում փոփոխություններին հավանություն տալու համար անհրաժեշտ է այդ անդամ երկրների խորհրդարանների վավերացումը։ Այնպես որ, կոնսենսուսի սկզբունքից հրաժարվելու գաղափարը մեծ հեռանկարներ չունի։

Ադրբեջանը հետապնդում է Արցախում կռված սփյուռքահայերին՝ «մոռանալով» իր վարձկաններին

Քանի դեռ ԵԱՏՄ–ում գործում է որոշումներ կայացնելու ներկա կարգը, անհնար է անտեսել Երևանի կարծիքը։ Այլ բան է, թե կկարողանա՞ արդյոք Երևանը երկար և հաջողությամբ դիմանալ այն անխուսափելի ճնշմանը, որը կգործադրվի նրա վրա այն գործընկերների կողմից, որոնք շահագրգռված են ԵԱՏՄ–ում Ադրբեջանի ներգրավմամբ։ Ամեն դեպքում, Հայաստանի համար արդեն դրական է այն փաստը, որ ևս մի հարթակ է հայտնվել` քննարկելու Ադրբեջանին ներկայացվող պահանջները։

Բաքուն չի կարող հաշվի չնստել այն բանի հետ, որ Երևանն ամեն դեպքում ունի ազդեցության մեխանիզմներ։ Դրա հետ կապված` տեղին է հիշել Մոսկվայի և Թբիլիսիի միջև երկարատև ու ծանր բանակցությունները, որոնք նախորդել են Ռուսաստանի անդամակցությանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Վրաստանը, որն այդ ժամանակ ԱՀԿ լիիրավ անդամ էր, մի շարք նախապայմաններ էր առաջադրել Ռուսաստանին։

Միայն կարևոր քաղաքական պայմանավորվածությունների հանգելուց հետո Թբիլիսին պաշտոնապես հայտարարեց, որ վետո չի դնի Ռուսաստանին կազմակերպություն ընդունելու վրա։ Ենթադրում եմ, որ նմանատիպ ինչ–որ բան էլ կլինի Ադրբեջանի հայտը քննարկելու դեպքում։ Ուղիղ կամ միջնորդավորված խորհրդակցություններն անխուսափելի են։ Որքան շուտ սկսվեն դրանք, այնքան լավ։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

175
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
Պենտագոն

Վաշինգտոնը մեծացնում է Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

0
(Թարմացված է 14:37 22.04.2021)
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին, որ հավանություն է տվել Կիևին տրվող ռազմական օգնությունն ավելացնելու օրինագծին:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ամերիկյան Սենատը հավանություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է ավելացնել Ուկրաինային ռազմական օգնությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է «Անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ գործընկերության մասին» երկկուսակցական օրինագիծը, որով Կիևին տրվող ամենամյա ամերիկյան ռազմական օգնությունը հասնելու է 300 մլն դոլարի։

Դեսպանը Facebook–ի իր էջում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին օրինագիծն ընդունելու համար: Այժմ սպասում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսն արագ կընդունի օրինագիծը», - հավելել է նա:

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում Կիևին ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն էր խոստացել: Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջնահերթ ուշադրություն է դարձնում Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին:

Ինչո՞ւ է Բայդենին պետք ռուսների արտաքսումը Չեխիայից

0
թեգերը:
Ուկրաինա, Պենտագոն, ԱՄՆ