Ռոնալդ Ռեյգանը կնոջ հետ

Մահափորձը որպես սիրո ամենամեծ դրսևորում, կամ ինչու էր տղամարդն ուզում սպանել ԱՄՆ նախագահին

225
(Թարմացված է 21:23 30.03.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Ամերիկացի նախագահների դեմ մահափորձերի շարժառիթները տարբեր են եղել։
Մահափորձը որպես սիրո ամենամեծ արտահայտություն

Աբրահամ Լինքոլնը սպանվեց այն պատճառով, որ հանդես էր գալիս ստրկատիրությունը վերացնելու օգտին։ Ջոն Քենեդիի սպանության պատճառների շուրջ վեճերը մինչև հիմա էլ շարունակվում են։ Բայց եղել է նաեւ մահափորձ, որի կատարողը պնդում է՝ անհուն սիրուց դրդված եմ արել։ Այո՛, խոսքը Ռոնալդ Ռեյգանի դեմ իրականացրած մահափորձի մասին է։

Ինչու եմ հիմա այս մասին հիշել։ Այն պարզ պատճառով, որ դա տեղի է ունեցել ուղիղ 40 տարի առաջ՝ 1981 թվականի մարտի 30-ին։ Ամենահետաքրքիրն այն է, որ դրանից ընդամենը մոտ մեկ շաբաթ առաջ՝ մարտի 21-ին, նորընտիր նախագահ Ռոնալդ Ռեյգանը կնոջ՝ Նենսիի հետ այցելել էր Վաշինգտոնի Ֆորդի թատրոնը։ Ահա թե ինչ է պատմել հետագայում նախկին նախագահը. «Թատրոնի դահլիճում ես նայեցի վերև, որտեղ գտնվում է նախագահական օթյակը։ Հենց այն օթյակը, որտեղ սպանվել էր Աբրահամ Լինքոլնը… Ես մտածեցի՝ ախր նույնիսկ հիմա, երբ գաղտնի ծառայություններն այդքան մեծ հնարավորություններով են օժտված, ինչ-որ մեկը, որը հստակ նպատակ ունի, կարող է մոտենալ նախագահին ու սպանել նրան»։

 Համաձայնեք, պարզապես ցնցող է, որ այն, ինչ անցավ նախագահի մտքով, գրեթե իրականացավ ընդամենը մեկ շաբաթ անց։

​Ընդ որում, այն մարդը, որը ցանկանում էր սպանել  նախագահին, ամենևին ոչինչ չուներ Ռոնալդ Ռեյգանի դեմ։ Ընդհակառակը, դեռ Ռեյգանի ընտրարշավի ժամանակ Ջոն Հինքլին մի առիթով ասել էր ծնողներին. «Մեր երկրի համար շատ լավ կլինի, եթե այս մարդը ընտրվի նախագահ»։ Պատկերացնո՞ւմ եք՝ միանգամայն դրական կարծիք ունենաս ինչ-որ մեկի մասին և այնուամենայնիվ փորձես սպանել նրան։ Նորմալ մարդու ուղեղում սա դժվար տեղավորվի, եթե հաշվի չառնենք մի հանգամանք՝ Հինքլին հենց Ռեյգանին չէր ուզում սպանել, նա ուղղակի նախագահ էր ուզում սպանել։ Սրա ապացույցն այն է, որ ինչպես հետագայում պարզեցին իրավապահ մարմինները, Հինքլին հետապնդում էր նաև Ջիմի Քարթերին, երբ նա նախագահ էր։

​Հիմա շատերը կարող են ասել՝ դե այդ մոլագարը պարզապես սևեռուն գաղափար ուներ՝ սպանել նախագահին։ Մասամբ ճիշտ եք, բայց արդյոք գիտե՞ք գլխավոր հարցի պատասխանը՝ հանուն ինչի՞ սպանել նախագահին։ Հանուն մի շատ հայտնի կնոջ, որի անունն է Ջոդի Ֆոսթեր։ Այս տաղանդավոր դերասանուհին նկարահանվել է բազմաթիվ կինոնկարներում, երևի տեսել եք նրան նաև «Գառների լռությունը» թրիլերում։ Իսկ տարիներ առաջ «Փիփլ» ամերիկյան հանդեսը Ջոդի Ֆոսթերին էր շնորհել աշխարհի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը։ Բայց Հինքլիին առանձնապես դուր էր գալիս «Տաքսու վարորդը» ֆիլմը` Ջոդի Ֆոսթերի և Ռոբերտ դե Նիրոյի մասնակցությամբ։ Նա դիտել էր այդ կինոնկարը 15 անգամ։

Տիեզերքից երևացող սխալներ, կամ Սուեզի ջրանցքի «առեղծվածը»

Ավելին, դերասանուհին նրան այնքան էր գերել, որ Հինքլին, տեղեկանալով, որ Ջոդի Ֆոսթերը սովորում է Յեյլի համալսարանում, ինքն էլ ընդունվեց այդ համալսարանը։ Անընդհատ զանգահարում էր ու նամակներ գրում դերասանուհուն, բայց Ջոդի Ֆոսթերը շատ քաղաքավարի պատասխանում էր, որ չի պատրաստվում հարաբերություններ հաստատել անծանոթ մարդու հետ։ Եվ այդ ժամանակ Ջոն Հինքլին որոշեց՝ դու հայտնի ես, ես՝ սովորական անծանոթ, բայց այդպես չի մնա, ողջ աշխարհը շուտով կխոսի իմ մասին։

​40 տարի առաջ` մարտի նախավերջին օրը Ռոնալդ Ռեյգանը ելույթ էր ունենում Վաշինգտոնի «Հիլթոն» հյուրանոցում անցկացվող մի միջոցառմանը։ Ատրճանակով զինված Հինքլին լրագրողների հետ միասին դրսում սպասում էր այն գորգի մոտ, որով պետք է անցներ Ռոնալդ Ռեյգանը։ Երբ նախագահը հավասարվեց Հինքլիին, Ջոնը հասկացավ՝ նման հարմար առիթ այլևս երբեք չի ունենալու։ Հանեց ատրճանակը և սկսեց կրակել։ Միգուցե հուզմունքից ձեռքերն էին դողում, բայց նրա արձակած գնդակներից որևէ մեկը այդպես էլ անմիջականորեն չդիպավ նախագահին։ Միայն այն բանից հետո, երբ Ռեյգանի թիկնապահները գրկեցին նախագահին և ուղղակի գցեցին ավտոմեքենայի բաց դռնից ներս, Հինքլին ևս մի գնդակ արձակեց, որը, անդրադարձ կատարելով բաց դռան ներսի մասից, մխրճվեց Ռեյգանի կուրծքը ու կանգ առավ սրտից ընդամենը 25 միլիմետր հեռավորության վրա։

​Որպես վերջաբան։ Ռեյգանին վիրահատեցին, մի քանի շաբաթ անց նա ապաքինվեց և վերադարձավ Սպիտակ տուն։ Իսկ Հինքլիին դատեցին ու գտան, որ նա անմեղսունակ է։ Իր արածի համար Ջոնը մինչև հիմա էլ չի զղջում, ընդհակառակը, ասում է, որ դա մարդկության պատմության ընթացքում սիրո ամենամեծ արտահայտությունն էր։ Համաձայնե՛ք՝ մահափորձի չափազանց հետաքրքիր հիմնավորում։

225
թեգերը:
Ռոնալդ Ռեյգան, սեր, Նախագահ, ԱՄՆ, մահափորձ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (349)
Ըստ թեմայի
Զենքի իրավունքը կյանքից ավելի թա՞նկ է, կամ երբ հրացան գնելը հեծանիվ ունենալու պես հեշտ է
Հայաստանն այս տարի էլ «Օսկարի» հույսեր չունի, բայց ամերիկահայերը կարող են ստանալ
2 պատերազմ և համավարակ. 3 անգամ օլիմպիական խաղերը հետաձգվել կամ չեն կայացել
Թթի օղի

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

336
(Թարմացված է 23:02 11.04.2021)
Հայաստանի հատուկ ծառայությունները վերջին շրջանում հաճախ են բավականին կոշտ քննադատության ենթարկվում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է մի դրվագ, որը ցույց է տալիս՝ ինչպես է հանրապետության ՊԱԿ-ն աշխատել խորհրդային ժամանակներում։

Վերջերս անընդհատ լսում ես՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաճախ իր գործով չի զբաղված, լրտեսներին բռնելու, գործակալական ցանցերը վնասազերծելու, սահմանն ու պետական գաղտնիքները փակի տակ պահելու փոխարեն շեղվում է երկրորդական հարցերի վրա, մանր-մունր բաներով է զբաղվում։ Եթե այսպես շարունակվի, ապա, ինչպես պնդում են քննադատները, կարելի է կորցնել նախորդ սերունդների փորձը, ավանդույթները և մոռանալ «մկներին բռնելու» ունակությունը։

Աշնանային մի գեղեցիկ օր Երևանից ոչ հեռու գտնվող Ջանֆիդա գյուղ հեռագիր եկավ․ «Կայծ շեշտ․ Շտապ ծանր ջուր ուղարկի կետ․ Ֆանը կատաղած է կետ․ Շատ ապակե տարաներով բեռնեք կետ․ Ժամկետն անցել է կետ»։ Ստորագրությունը՝ Արթուր, Սերժ։

Այն ժամանակ Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող գյուղը կոչվում էր Ջանֆիդա։ Տեղի բնակչությունը ապրում էր խիստ սահմանային ռեժիմի կանոններով։ Մուտք գործելուց անցագիր էր հարկավոր, դուրս գալուց՝ հեռանալու թույլտվություն, բնապատկերներ լուսանկարելը խստիվ արգելվում էր, այլ քաղաքներից ժամանած հյուրերին կարելի էր ընդունել միայն ուղեկալի պետի իմացությամբ։ Եվ հանկարծ այդ հեռախոսագիրը։

Հեռագրի հետևանքներն առաջինը զգաց «Կայծը»՝ Ռոբերտ Արամայիսի Կայծունին, Ջանֆիդա գյուղի դպրոցի (այն ժամանակ՝ Հոկտեմբերյանի շրջանի, այժմ՝ Արմավիրի մարզի) ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչը։

«Ձեզ հետևում են»,- գաղտնի նրա ականջին շշնջացել էր հարևան գյուղատնտեսը։

Անտեսելով հաղորդագրությունը՝ Կայծունին շարունակում էր երեխաներին գիր ու գրականություն սովորեցնել, ընդունել գյուղացիների հարսանիքների ու ծննդյան օրերի հրավերներն ու ընկերություն անել ուղեկալի պետի՝ կապիտան Զուբկովի հետ։

Անհանգստության առիթ չունեին նաև այս տարօրինակ հեռագիրն ուղարկողները։ Արթուր Կիրակոսյանն ու «Սերժը» (ձեր սյունակագիրը) ասես ոչինչ չի եղել՝ հաճախում էին Երևանի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսություններին, իսկ երեկոյան գնում էին աշխատանքի։

Աշխատանքի վայրը Հայկական ԽՍՀ կապի նախարարությունն էր, որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Հանրապետության հրապարակում։ Արթուրը երկրորդ հարկում հեռագրիչ էր, ես էլ (մի հարկ վերև) գծային-ապարատային դահլիճում միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի։ Այնպես չէ, որ լավ էին վարձատրում, բայց կրթաթոշակի հետ գրպանի ծախսերի համար բավականացնում էր։

Հերոսից` հակահերոս, կամ ինչպես կարողացան բռնել Հայկ Բժշկյանցին ու «կոտրել» նրան

... Այն ժամանակ հայերը շատ էին կարդում, իսկ բանասիրական ֆակուլտետի ուսանողները՝ ավելի շատ, և ահա անգլերենից թարգմանաբար լույս տեսավ Ռոբերտ Յունգի «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը։ Բոլորը կարդում էին այն։

Յունգը պատմում է նախապատերազմական ֆիզիկայի մեջ ատոմային զենքի գաղափարի զարգացման, հաջողության չհասած գերմանական միջուկային ծրագրի, ԱՄՆ-ում միջուկային զենքի շուրջ բուռն քաղաքական բանավեճով Մանհեթենի նախագծի մասին: Մանրամասն նկարագրված է նաև Ռոբերտ Օպենհեյմերի դատավարությունը։ Մի խոսքով, ընթերցողին ամեն ինչ հետաքրքիր ու ճանաչողական էր, բայց երեք անգամ ավելի հետաքրքիր կլիներ, եթե իմանայինք, որ ծանր ջրի հիմքով ռեակտորի ստեղծման խորհրդային նախագծի ղեկավարը մեր հայրենակից Արտյոմ Ալիխանովն էր։

Մի խոսքով, կարդալով ու նույնիսկ վերընթերցելով Յունգի գիրքը, որոշեցինք, որ ատոմային ֆիզիկայի «ծանր ջրի» արժանի անալոգը կենցաղում կարող է լինել թթի օղին, իսկ այն սարքում էին ոչ միայն Քարահունջում, այլև Ջանֆիդայում: Կայծը, որը չնչին գումարով էր գնում այն համագյուղացիներից, ուղարկում էր օղին կամ ինքն էր բերում Երևան։ Բայց հանկարծ սրտամաշ դադար առաջացավ, բջջային հեռախոսներ այն ժամանակ չկային, բայց կար Արթուրը՝ հեռագրի վրա աշխատող ու պատկան մարմիններին վախեցնող մեր ընկերը։

Այստեղ պետք է նշել. ՊԱԿ-ում, իհարկե, հասկանում էին, որ բաց տեքստով նման հաղորդագրություն ուղարկելու համար պետք է ապուշ լինել, իսկ ԿՀՎ-ում կամ այլ օտարերկրյա հետախուզությունում ապուշների դժվար թե պահեն։ Այնուամենայնիվ, հեռագրում «ծանր ջուր» կար, հայկական ԱԷԿ-ը Ջանֆիդայի մոտակայքում է, ֆրանսիական հնչողություն ունեցող «Սերժն» էլ ամեն դեպքում մեր հայկական Սերոժը չէր: Իսկ դա նշանակում է, որ սա այն դեպքն է, երբ ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել վտանգը։

Արտաքին վերահսկողության որևէ նշան մեզանից ոչ ոք չէր զգացել, բայց նախազգուշացնող «ձեզ հետևում են» արտահայտությունը տեղին էր, ինչի մասին ուղեկալի ղեկավարը, կապիտան Զուբկովը մի անգամ ասել էր Ռոբերտին, քանի որ նրանք հին ընկերներ էին։

Բարեխղճորեն ավարտելով հետաքննությունը՝ պետանվտանգության կոմիտեն պետական դավաճանության փորձի նշաններ չգտավ, պարզվեց՝ «ծանր ջրի» պատմությունը թթի օղու վերաբերյալ հիմարություն էր, սակայն կանխարգելիչ միջոցառումներ ամեն դեպքում ձեռնարկվեցին:

Արթուր Կիրակոսյանին ազատեցին աշխատանքից։

«Երիտասարդները պետք է ոչ թե գիրք կարդան, այլ գործ անեն», - ասաց հեռագրատան տնօրեն, ընկեր Բաչաչյանը՝ ակնարկելով «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը:

Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային

Ինձ չկայացած հանցագործության հանցակից ճանաչելու հիմքեր չկային, ու ես ինչպես միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի, այդպես էլ մնացի մինչ ուսմանս ավարտը։

Անհրաժեշտ բացատրություն. «ծանր ջրի», հեռագրի և օղու պատմությունն այն բանի մասին է, որ երբ խոսքը վերաբերում է երկրի անվտանգությանը, հատուկ ծառայությունները պարտավոր են հավասարապես լուրջ ու պատասխանատու վերաբերվել ցանկացած տեղեկատվության: Հաստատվեց՝ լավ է, չհաստատվեց՝ նույնպես լավ, գուցե նույնիսկ ավելի լավ է։ Հարցն այլ է՝ որքանով կարող է ԱԱԾ-ն հաջողությամբ հաղթահարել այդ խնդիրը, եթե վերջին երկու տարում հինգ տնօրեն է փոխվել և, ինչպես պնդում են, ուր որ է կնշանակվի վեցերորդը։

336
թեգերը:
օղի, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, լրտես
Ըստ թեմայի
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին
Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում
Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է, կամ ինչով են նման Հայաստանն ու Շվեյցարիան
Վերին Դվին

Վերին Դվինի ասորիները․ կյանքի, պատմության, պատերազմի ու հայր Նիկոդիմի մասին

228
(Թարմացված է 13:14 10.04.2021)
Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Գևորգյանն այցելել է Արարատի մարզի Վերին Դվին գյուղ և տեսել, որ այս գարունն առանձնապես չի ուրախացնում տեղի բնակիչներին։

Վերին Դվինում ծիրանենիները ծաղկել են, բայց գյուղացիները մռայլ են ու մտահոգ։ Պատերազմն իր դառը հետքն է թողել նրանց հոգում։ Անգամ ասորական ազգային տոնը, որն ավանդաբար նշվում է ապրիլի սկզբին, առանձնապես ուրախ չի անցել։ Գյուղում հիմնականում ապրում են աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի ներկայացուցիչները՝ ասորիները։

Цветущее дерево в селе Верин Двин, Араратская область
© Sputnik / Ashot Gevorgyan
Վերին Դվին

Հայաստանի ազգային փոքրամասնություններից թվով երրորդն են եզդիներից և ռուսներից հետո։ Ժամանակին մեր երկրում գրեթե վեց հազար ասորի էր ապրում, բայց շրջափակման խիստ պայմանների պատճառով համայնքը գրեթե կրկնակի կրճատվեց. նրանց մեծ մասը մեկնեց Ռուսաստանում բախտ փնտրելու։

Дорожный указатель при въезде в село Верин Двин, Араратская область
© Sputnik / Ashot Gevorgyan
Վերին Դվին

Հայ-ասորական հարաբերությունները գոյություն են ունեցել դեռևս անտիկ ժամանակներից։ Հայաստանին նախորդած Ուրարտուն հաճախ էր հակամարտություններ ունենում Ասորեստանի հետ։ Ասորական մշակույթի կարևորագույն սյունը մնում է մայրենի լեզուն, որը վերապրել է հին արամերենի էվոլյուցիան։ Հայաստանի ասորիները խոսում են արևելյան արամերենով և արամերեն այբուբեն են օգտագործում։ Նրանք նաև հիանալի տիրապետում են հայերենին և ռուսերենին, իսկ արտաքինով շատ նման են տեղացի հայերին։

«Մեր հայրենակից առաջին հինգ ընտանիքները ժամանակակից Հայաստանի տարածքում են հայտնվել 1805թ․-ին, որն այն ժամանակ պարսկական լծի տակ էր, իսկ զանգվածաբար սկսել են այստեղ բնակություն հաստատել 1826-1828 թվականներին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո։ Մեր նախնիները Ռուսական կայսրության նոր կովկասյան տարածքներ են տեղափոխվել հայերի հետ միասին Ուրմիա լճի շրջակայքից։ Իսկ քսաներորդ դարի 20-ական թվականներից բազմաթիվ ասորի ընտանիքներ Հայաստան են փախել Օսմանյան կայսրության հարավարևելյան վիլայեթներից, որտեղ մեր 750 000 հայրենակիցները թուրք դահիճների զոհ են դարձել։ Մենք նրանց հիշատակին հարգանքի տուրք ենք մատուցում օգոստոսի 7-ին»,-ասում է Լյուդմիլա Պետրովան, որը գյուղապետարանը ղեկավարում է 2004թ․-ից։

Староста села Верин Двин Людмила Петрова
© Sputnik / Ashot Gevorgyan
Լյուդմիլա Պետրովա

Աշխարհում ասորիներին ընդհանուր թիվը գրեթե հինգ միլիոն է, կրոնը՝ միայն քրիստոնեություն։ Շատ առումներով դա մտերմացնում է նրանց ու հայերին։ Հայաստանում ասորիները բնակվում են հիմնականում Արզնիում և Արարատի մարզի երեք գյուղերում՝ Կոյլասար (կամ Դմիտրով), Նոր Արտագերս և Վերին Դվին, ավանդաբար զբաղվում են հողագործությամբ։

Վերին Դվինում ասորիները գրեթե 80 տոկոս են կազմում։ Գյուղում գործում է 1828թ․-ին կառուցված Մար Թումա եկեղեցին և «Մարեզ» մատուռը, որը թվագրվում է 1830 թվականով։ Գործում է «Աթուր» ՀԿ-ն, ինչպես նաև ազգային երգի և պարի համանուն համույթը։ Գյուղի դպրոցում երեխաները սովորում են մայրենի լեզուն և ասորական պատմությունը` պահպանելով ազգային ու մշակութային ավանդույթները։

Ассирийский храм в селе Верин Двин
© Sputnik / Ashot Gevorgyan
Ասորիների մատուռը

Տեղի ասորական վանքի վանահայրը՝ հայր Նիկոդիմը, պատմում է, որ ասորիները առաջին քրիստոնյաներից են եղել հնագույն Մերձավոր Արևելքում։ Պատմաբան Մովսես Խորենացին գրում էր, որ Հիսուս Քրիստոսի առաքյալների հետ միասին Հայաստան են եկել նաև առաջին քիրստոնյա քարոզիչները, որոնք ասորիներ են եղել։

Настоятель ассирийского храма в селе Верин Двин, отец Никодим
© Sputnik / Ashot Gevorgyan
Հայր Նիկոդիմ

«Թեև 7-րդ դարում Միջագետք ներխուժեցին արաբ նվաճողները և սկսեցին հրով ու սրով շատ ասորիների մահմեդականացնել, բայց մեր մեջ հիմա էլ չկան այնպիսիք, որ մայրենի լեզվով խոսեն, բայց մուսուլման լինեն»,-ասում է հայր Նիկոդիմը։

Խորհրդային տարիներին, երբ գերակայում էր աթեիզմի քաղաքականությունը, ասորիները եկեղեցիներ ու հոգևոր կյանք չունեին։ Մարդիկ մատուռներ էին սարքում իրենց նկուղներում կամ հեռավոր քարանձավներում` հնագույն հավատքը պահպանելով իրեն հոգում։ Հայաստանում ասորիների համար առաջին եկեղեցական պատարագը մայրենի լեզվով կայացել է 2003թ․-ին։ Այդ օրվանից էլ սկսվել է վերածնունդը։

Աստիճանաբար խոսքը թեքվում է արցախյան պատերազմի կողմ։ Մարտական գործողությունների մասնակիցների թվում է եղել նաև հոգևորական Նիկոդիմ Յուխոնաևը․ կամավոր է եղել։

«Մարտական գործողությունների բնույթը մեզ ստիպեց որոշում ընդունել ասորիների առանձին ջոկատ չստեղծել, այլ միանալ տարբեր կամավորական խմբերին։ Հակառակորդը կետային հարվածում էր կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե հարվածի տակ ընկնեին մեր մարտիկներից քսանը։ Վշտի մեջ կընկեր միանգամից քսան ասորի ընտանիք»,-ասում է հայր Նիկոդիմը։

Նրա խոսքով՝ ամբողջ ասորի համայնքից 140 կամավորական է մասնակցել պատերազմին։ Ութը զոհվել են (մեկը՝ Վերին Դվինից), մեկ անհետ կորած կա, քսանը վիրավորվել են։ Ռազմաճակատ է ուղարկվել 8 բեռնատար օգնություն․ մթերք, քնապարկեր, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ․․․

«Մեր հայրենակիցներից շատերը ապաստան էին տվել արցախցի փախստականներին։ Արցախցիների թվում նաև ասորիների մի քանի ընտանիք կա Բերձորից ու Ստեփանակերտից»,-ասում է նա։

Վերջում հայր Նիկոդիմին խնդրում եմ «Հայր մերը» կարդալ արամերենով։ Ցնցող է հնչում։

Վերևին Դվինի ասորական վանքի վանահայր հայր Նիկոդիմը հայր Նիկոդիմը «Հայր մերն» է կարդում արամերենով

Հետդարձի ճանապարհին մտքերի մեջ եմ ընկնում ու մտածում՝ Աստված չանի, որ հայրենիքը կորցրած մեր ասորի եղբայրների ճակատագիրն ունենանք․․․

228
թեգերը:
հայեր, Պատերազմ, ասորի, Հայաստան
Ըստ թեմայի
Արագածից մինչև Արարատ․ ազգ, որը հայերի չափ սիրում է հայոց լեռները
Մոլոկանները Հայաստանում. կյանքն առանց հեռուստացույցի, խոզի մսի և օղու
Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը