Բաքվի ռազմական շքերթը. արխիվային լուսանկար

Խախուտ խաղաղություն, կամ ով ինչ շահ է հետապնդում տարածաշրջանային հարթակ ունենալու հարցում

333
(Թարմացված է 22:52 29.03.2021)
Որքանով են իրատեսական պաշտոնական Թբիլիսիի` հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում միջնորդ դառնալու փորձերն ու որոնք են լինելու տարածաշրջանային հարթակի հեռանկարներն առանց Վրաստանի մասնակցության: Խնդիրն ուսումնասիրել է Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Վրաստանը վերջնականապես մերժեց տարածաշրջանային համագործակցության վեցակողմ հարթակ ձևավորելու Թուրքիայի նախաձեռնությունը, որը կոչված էր նպաստելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին բացառել է Ռուսաստանի հետ նույն հարթակում իր երկրի մասնակցության հնարավորությունն ու միևնույն ժամանակ բացահայտ հայտ է ներկայացրել այն դերի համար, որն այսօր խաղում է Մոսկվան:

Որ Վրաստանը չի մասնակցելու Էրդողանի առաջարկած գործընկերության վեցակողմ ձևաչափին, պարզ դարձավ դեռևս մարտի 4-ին Անկարայում կայացած Դավիթ Զալկալիանիի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի բանակցություններից հետո։ Անցած հինգշաբթի վրացական դիվանագիտության ղեկավարը պարզաբանեց պատճառները և այլընտրանքային առաջարկ արեց։ Նախաձեռնության էությունը հետևյալն է՝ Վրաստանը միջնորդ է դառնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, Թբիլիսին` երկխոսության վայր, իսկ միջազգային կառույցները` ձեռք բերվող պայմանավորվածությունների իրականացման երաշխավորներ։

Խնդիրը հասկանալի է․եթե Ռուսաստանին դուրս չմղեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից, ապա գոնե զրկեն միջնորդի մենաշնորհից։ Դժվար է հասկանալ, թե արդյոք Դավիթ Զալկալիանիի գաղափարը ենթադրում է, որ տարածաշրջանից պետք է հեռանան ռուս խաղաղապահները, որոնք այսօր խախուտ խաղաղության միակ երաշխավորներն են։ Ամեն դեպքում նախաձեռնությունն առանձնապես գրավիչ չի թվում։ Հատկապես, եթե նկատի ունենանք հիմնավորված կասկածները այն հարցում, թե արդյո՞ք Ադրբեջանից էներգետիկ կախվածության պատճառով Վրաստանը կարող է անկողմնակալ միջնորդ լինել։ Բայց գլխավոր պատճառը, որը թույլ չի տալիս հավատալ նախաձեռնության հաջողությանը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը հարկադրելու համար Վրաստանի ռեսուրսների բացակայությունն է։ Դժվար է չխոստովանել, որ այսօր նման ռեսուրսներ ունի միայն Ռուսաստանը։

Հատկանշական է, որ Դավիթ Զալկալիանիի հայտարարությունը հակասում է կոչին, որը դեռևս դեկտեմբերի 11-ին հնչեցրել է Վրաստանի նախագահը։ Ամենամյա դիվանագիտական համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Էրդողանի նախաձեռնությունը՝ խորին վստահություն հայտնելով, որ Վրաստանը անմասն ու պասիվ չի մնա Կովկասում համագործակցության հարթակի ստեղծման հարցում: Միաժամանակ երկրի ղեկավարը կարևորել է «Վրաստանի՝ Կովկասում միավորող դերի վերադարձը»:

Հասարակությունն այդ խոսքերն ընկալել էր որպես Էրդողանի առաջարկած ձևաչափով համագործակցության պատրաստակամություն։ Առավել ևս, որ Սերգեյ Լավրովը դա անուղղակիորեն հաստատել էր՝ նշելով, որ Ռուսաստանը ողջունում է Ղարաբաղում խաղաղության հաստատմանը միանալու Իրանի, Թուրքիայի ու Վրաստանի ձգտումը: Սակայն վրացի դիվանագետներն այն ժամանակ շտապեցին ուղղել իրենց նախագահին՝ ասելով, որ տիկին Զուրաբիշվիլիին սխալ են հասկացել։ ԱԳՆ-ի հետ խորհրդակցություններից հետո Վրաստանի նախագահի վարչակազմը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե ինչ-որ մեկի առաջարկած ձևաչափին մասնակցելու, այլ սեփական նախաձեռնության մասին էր, որը հաշվի է առնում «Կովկասում Վրաստանի պատմական, միավորող դերը»:

Էրդողանը կկարողանա՞ ԱԷԿ-ն օգտագործել ատոմային ռումբ ստեղծելու համար

Բայց վերադառնանք հենց հարթակին։ Համարձակվեմ ենթադրել, որ Վրաստանի հրաժարվելուց հետո դրա հեռանկարներն ավելի մշուշոտ կդառնան։ Էրդողանի գաղափարը իրականություն դառնալու շատ քիչ հնարավորություն ունի։ Այնուամենայնիվ, պետք է վերլուծել վեցակողմ համագործակցության գաղափարի շուրջ տարբեր երկրների մոտեցումների փոփոխության դինամիկան։ Տարածաշրջանային գործընկերային ձևաչափի ստեղծման հնարավորությունը սկսեց քննարկվել ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Առաջին անգամ կովկասյան անվտանգության պլատֆորմի ձևավորման նախաձեռնությունը, որը կոչված էր նպաստելու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը, հնչեցրել է Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը: Փորձն անհաջող էր։

Այնուհետև Մոհամմադ Խաթամիի օրոք նման նախաձեռնությամբ է հանդես եկել Իրանը և առաջարկել «3+3» բանաձևը: Նույնպես առանց շոշափելի հաջողությունների։ Ռուսաստանն այս ամբողջ ընթացքում նման նախաձեռնություններով հանդես չի եկել, բայց ամեն անգամ ողջունել է դրանք ու հաստատել է դրանց իրականացմանը մասնակցելու իր պատրաստակամությունը։

2008 թվականի օգոստոսին Անկարան կրկին համագործակցություն առաջարկեց Կովկասյան խաղաղության հարթակի շրջանակում։ Մոսկվա իր այցի ժամանակ Էրդողանը քննարկեց այդ թեման Ռուսաստանի նախագահի հետ՝ ստանալով նրա լիարժեք աջակցությունը։ Դրական ազդակներ եղան նաև Երևանից, Թբիլիսիից և Բաքվից։  Արդեն կես տարի անց՝ 2009 թվականի հունվարին, Ստամբուլում՝ հարթակի պոտենցիալ հիմնադիրներին ներկայացնող բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ կոնֆերանս տեղի ունեցավ։ Հայաստանը հաստատեց հարթակի հիմքում ներդրված սկզբունքներին իր հավանությունը։  Իսկ ահա Ադրբեջանը դեմ հանդես եկավ, ինչի պատճառով էլ չհաջողվեց ընդունել համատեղ ամփոփիչ հռչակագիրը։ Փոխարտգործնախարար  Արազ Ազիմովը հայտարարեց, որ «Բաքուն անհնար է համարում մի հարթակի ստեղծումը, որը ճանապարհեր է հարթում Հայաստանի հետ համագործակցության համար առանց Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու»։ Միևնույն ժամանակ Էրդողանի նախաձեռնությունը կայանում էր հենց նրանում, որ փորձ արվի հակամարտությունը լուծել համագործակցության շնորհիվ։

Ադրբեջանը հետապնդում է Արցախում կռված սփյուռքահայերին՝ «մոռանալով» իր վարձկաններին

Հատկանշական է, որ այն ժամանակ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները համընկնում էին, իսկ Բաքվի մոտեցումները, ըստ էության, հակառակ էին Անկարայի մոտեցումներին։ Դա զարմանալի չէ։ Չէ՞ որ «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակահատվածն էր։ Ադրբեջանը ջանում էր ձախողել առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի և Թուրքիայի փորձերը։ Անկարան, սակայն,  չհրաժարվեց Բաքվին հարթակի ստեղծման մեջ ներգրավելու մտադրությունից։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիջին նույնիսկ հայտարարեց, որ մինչև 2009 թվականի վերջ հարթակի ստեղծման մասին  համաձայնագիրը կստորագրվի։ Սակայն Օսեթիայում պատերազմից հետո Մոսկվայի և Թբիլիսիի միջև սրված հարաբերությունները ստիպեցին Էրդողանին ժամանակավոր մոռանալ իր գաղափարի մասին։

Թուրքիայի առաջնորդը հարթակի ստեղծման  նախաձեռնությանը վերադարձավ արդեն արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Վեցակողմ համագործակցության մասին առաջարկով նա հանդես եկավ Բաքու իր այցի ժամանակ, որտեղ մասնակցում էր ռազմական շքերթին։ Այս անգամ Իլհամ Ալիևը երկու ձեռքով կողմ էր ու աջակցեց նախաձեռնությանը։ Վլադիմիր Պուտինը ևս հավանության արժանացրեց այն։ Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարությունն այն ժամանակ ընկալվեց որպես խաղաղապահ նախաձեռնությանը միանալու պատրաստակամության հաստատում։ Առաջարկին աջակցեց նաև Իրանը։ ԻԻՀ-ի արտգործնախարարը նույնիսկ այցելեց այն երկրների մայրաքաղաքները, որոնց հետո մտադիր էր համագործակցել սպասվող վեցակողմ ձևաչափի շրջանակում։ Այսպիսով, հարթակի 6 հավանական համահիմնադիրներից 5-ը այսպես թե այնպես արտահայտվեցին։ Պարզ է, որ այդ երկրներից յուրաքանչյուրը մտադիր է բանակցային ձևաչափն օգտագործել իր նպատակների համար։ Թեհրանի ու Մոսկվայի խնդիրը տարածաշրջանից ԱՄՆ-ին և Եվրոպային դուրս մղելն է։ 

Վրաստանը ձգտում է հասնել Ռուսաստանի դերի սահմանափակման։ Թուրքիան ուզում է ավելի ամուր դիրքեր զբաղեցնել Կովկասում։  Բայց Հայաստանին պետք չէ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը ո՛չ երրորդը։ Մեզ համար դեռ ընդհանրապես իմաստ չկա մտածելու համագործակցության նոր ձևաչափերի մասին։ Չէ՞ որ ակնհայտ է, որ մենք դեռ այն վիճակում չենք, որպեսզի կարողանանք հակազդել իրենց գաղափարները մեր վզին փաթաթելու հարևանների փորձերին։ Եթե նույնիսկ կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, դրանք ավելի լավ է քննարկել երկկող մակարդակով՝ միջազգային հանրության կողմից լիազորված միջնորդ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Թշնամուն գրկի մեջ խեղդելու արվեստը․ ի՞նչ խաղ են խաղում Ռուսաստանն ու Թուրքիան

Որևէ պատճառ չկա արձագանքելու մեր շահերի հետ չհամընկնող նախաձեռնություններին։ Առավել ևս, որ մեզ ոչ թե առաջարկ են արել, այլ, ըստ էության, վերջնագիր ներկայացրել։ Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի ժողովուրդը «պետք է խելք հավաքի և սեղմի մեկնած ձեռքը, ինչի արդյունքում  տարածաշրջանային գործընկերության նոր էջ կբացվի»։ Իսկ եթե մենք դա չանենք, իբրև թե խնդիրներ կունենանք։ Էրդողանի ակնարկը բավական թափանցիկ էր։ Իզուր չէր, որ նա հայտարարեց, որ «ադրբեջանական հողերի ազատագրման համար պայքարը ավարտված չէ» ու միաժամանակ հիշեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Էնվեր փաշային, որի «հոգին կցնծա»։ 

Էլ ինչպե՞ս ընկալել այս խոսքերը, եթե ոչ որպես նոր ցեղասպանության սպառնալիք։  Մի՞թե նման պայմաններում կարելի է լրջորեն խոսել հանուն խաղաղության ու համերաշխության համագործակցություն ստեղծելու մասին...

333
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան, Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, տարածաշրջան
Ըստ թեմայի
Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի. Սասունում ապրող հայի պատգամը
Իմ տեսած պատերազմը․ ինչպես հայ կամավորներն օդային հարձակման ենթարկվեցին Շուշիում
Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը
Ներսես Ներսիսյանի հայրը պատմում է` ինչպես է որդին հողը սեղմած եղել բռի մեջ

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

1407
(Թարմացված է 23:31 18.04.2021)
Ներսես Ներսիսյանն արևելյան սպորտաձևերի աշխարհի բացարձակ չեմպիոն էր, հերոսաբար զոհվեց 20-ամյակի նախորդ օրը՝ հասցնելով մարտական ընկերներից մի քանիսի կյանքը փրկել։

Чемпионы не умирают, они уходят покорять небеса («Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են նվաճելու երկինքը»)․ բանակ մեկնելու նախորդ օրը ձեռքին արված այս դաջվածքով հայրը ճանաչեց իր առաջնեկ որդու՝ Ներսեսի մարմինը։ Տղան հերոսաբար զոհվել էր ավիառումբի հարվածից հոկտեմբերի 25-ին Մարտունիում՝ 20 տարեկան դառնալուց ընդամենը ժամեր պակաս։ Այն, որ Ներսոն գնացել է երկնակամարը նվաճելու, ընտանիքն իմացավ հենց նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 26-ին...

Родители погибшего военнослужащего Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի ծնողները

Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հոկտեմբերի 26-ից օդը մի տեսակ կանգնած է, կյանքը շարունակվում է, բայց ուրիշ է։ Դարչնագույն աչքերով, լայն ժպիտով Ներսես Ներսիսյանը (սիրում էր, որ իրեն Ներսո ասեն) գյուղի ուրախությունն ու պարծանքն էր։ Կառատեի գրեթե 100 մարտ էր անցկացրել՝ առանց պարտության... Ձեռքերի վրա էին դիմավորելու հերթական մեդալով կամ գավաթով գյուղ վերադառնալիս, բայց ձեռքերի վրա հողին հանձնեցին։

Отчий дом погибшего военнослужащего Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսիսյանների տունը

Չեմպիոնի ճանապարհն ու նոկաուտ արված ադրբեջանցին

Հենց որ տուն ես մտնում, առաջին բանը, որ աչքիդ է ընկնում, Ներսեսի պատվո անկյունն է՝ ոսկե գավաթներով, մեդալներով, որոնք հազիվ են տեղավորվում պահարանում։ Որդու մասին պատմում է հայրը՝ Արթուրը՝ սևը սրտում, հպարտությունն աչքերում։  Հենց ինքն է սկսել նրան մարզել, երբ դեռ 6 տարեկան էր։ Այդպես սկսվեց ապագա չեմպիոնի ճամփան։ 9 տարեկանում առաջին միջազգային մրցույթին մասնակցեց Վրաստանում․ հակառակորդն ադրբեջանցի էր։ Մենամարտն ավարտվեց՝ ժամանակից շուտ՝ նոկաուտով։ Ներսեսն աշխարհի բացարձակ չեմպիոն դարձավ։

Спортивные медали Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի պատվոգրերից ու մեդալներից

«Սպորտում միշտ մեդալներով էր հետ գալիս, հիմա էլ էս հետմահու մեդալները...»։

Հայրը պատմում է՝ Ներսոյի հաջողություններին արտերկրից էլ էին հետևում, տարբեր երկրներ ներկայացնելու գայթակղիչ առաջարկներ էր ստանում, բայց միշտ մերժում էր։ Ասում էր՝ միայն հայկական դրոշի ներքո է հանդես գալու ու մեր եռագույնն է բարձրացնելու։ Ընդունվեց Ֆիզկուլտ ինստիտուտ, հետո մեկնեց բանակ։

Родители погибшего военнослужащего Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի ծնողները

Ատում էր դաջվածքները, բայց բանակ մեկնելու նախորդ օրը ձեռքին դաջվածքով տուն վերադարձավ՝ Чемпионы не умирают, они уходят покорять небеса։

Կռիվն արյան մեջ էր

Արթուրն ասում է՝ հանուն հայրենիքի կռվելը Ներսոյի արյան մեջ էր։ Ինքն էլ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է, երկու անգամ ծանր վիրավորում է ստացել, հրաշքով փրկվել, դեմքին ու մարմնին տեսածի ու ապրածի սպիներն են։ Պապը Հայրենական պատերազմի մասնակից էր, Բեռլին էր հասել, նախնիները Վանում ազատագրական պայքարի մասնակիցներ են եղել։ 

Артур Нерсисян, папа погибшего военнослужащего Нерсеса у Стены почета сына
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի հայրը

«Մի անգամ զանգեց, թե՝ պապ, հարսանիք եմ հարամել, չհասկացա պահի տակ... Ասեցի՝ տղա ջան, պատերազմ է, ինչ հարսանիք։ Ջղայնացավ, ասեց՝ ամոթ ա, դու կռված տղա ես, ոնց չհասկացար․․․» (ի նկատի է ունեցել` թշնամու մեծ խումբ են ոչնչացրել)։

Артур Нерсисян, папа погибшего военнослужащего Нерсеса
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի հայրը պատմում է` ինչպես է որդին հողը սեղմած եղել բռի մեջ

Ներսոն հրետանավոր էր, ծառայում էր Իվանյանում, պատերազմը սկսվելու առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում։ Այդ մասին ընտանիքը նրա զոհվելուց հետո է միայն իմացել։

Нерсес Нерсисян во время службы
© Photo : provided by Nersisyan's family
Ներսես Ներսիսյան

«Երբեք սուտ չէր խոսել, պատերազմը սկսվելուց հետո սկսեց խաբել մեզ, որ չանհանգստանանք։ Ասում էր՝ «գնում եմ կոֆե խմելու», կամ «գնում եմ քնելու», բայց իրականում ամեն անգամ գնում էր կենաց-մահու կռվի»։

Родители погибшего военнослужащего Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի ծնողները

Մարտական ընկերները պատմել են, որ Ներսոն անգամ ադրբեջանցի դիվերսանտի է բացահայտել։ Նա հայի անձնագրով` Արթուր Օսիպյան անուն-ազգանունով, ներթափանցել էր իրենց շարքեր՝ իբրև ՄՈԲ-ի անդամ։ Ներսոն ինչ-որ կերպ գլխի է ընկել, որ մի բան այն չէ, զեկուցել հրամանատարներին, դրանից հետո դիվերսանտը ձերբակալվել էր։ Շատ մանրամասներ չգիտեն, որովհետև հրամանատարն էլ է Ներսոյի հետ զոհվել։

Портрет Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյան

«Վիրավոր տղաների է օգնել, դուրս բերել։  Տղաների խոսքով՝ զոհվելուց առաջ էլ ասել է. «տղերք, հող չկա տալու»...»։

Սենյակի օդը ծանրանում է... Ամուսնու կողքին լուռ նստած Գայանեն ավելի է սեղմում շուրթերը, արագ-արագ սեղան դնող քույրը՝ Թինան, աննկատ ու արագ սրբում է թափվող արցունքները, փոքր եղբայրը՝ Նարեկը, տղամարդավարի կախում է գլուխը։

Нарек Нерсисян, брат погибшего военнослужащего Нерсеса
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի եղբայրը` Նարեկը

Վերջին անգամ Ներսոյի հետո խոսել են հոկտեմբերի 22-ին, սպասում էին, որ հոկտեմբերի 25-ին՝ ուղիղ կեսգիշերին, կզանգահարի, որ իր ծննդյան օրը շնորհավորեն։ Ներսոյից զանգ այդպես էլ չեկավ...

«Ես զգացի դա..Տանը նստած էի, հյուր ունեինք, նենց ծանրացավ սիրտս..»,–ասում է հայրը։

Հաջորդ օրը նա մեկնեց Գորիս՝ որդուն ճանաչելու։

«Դեմքին չկարողացա նայել, ամեն ինչ նորմալ էր, դեմքը վնասված չէր, բայց ես չկարողացա նայել։ Տեսա, որ բռունցքը սեղմած է։ Բացեցին, մեջը հող էր ամուր սեղմած պահել...»։

Военные вещи погибшего военнослужащего Нерсеса Нерсисяна
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի համազգեստը

Թինան բերում է եղբոր հիշատակին պատվիրված լուսանկարների տուփը․․․ Այստեղ են նաև Ներսոյի վերջին լուսանկարները՝ պատերազմի օրերին՝ զոհվելուց օրեր առաջ։

«Ես իրեն մահացած չեմ համարում, իրեն ողջերի մեջ եմ փնտրում, ես իր հետ նորմալ զրուցում եմ, կարող է թվալ՝ ցնդաբանություն է, բայց ես իրեն տեսնում ու զգում եմ։ Հիմա էլ եմ զգում, որ կողքիս նստած է՝ ինչպես միշտ համեստ ու ժպիտը դեմքին։ Հպարտանում եմ իրենով...»։

Ներսոյի ծառայության ավարտին երկու ամսից մի քիչ ավելի էր մնացել, հունվարի 14-ին զորացրվելու էր։ Ընտանիքն արդեն պատրաստվում էր վերադարձի «բանակի քեֆին»։ Վայրը որոշված էր, հյուրերի ցուցակն էին կազմել։ Միայն մատաղի գառը դեռ չէին գնել։ Նվերն էլ էր պատրաստ՝ Ներսոյի սիրելի ավտոմեքենան։ Տանը վերանորոգման աշխատանքներ էին սկսել, հեռվից հեռու Ներսոն հետևում էր, խնդրում ամեն փոփոխությունը լուսանկարել, ուղարկել։ Շատ էր սպասում բակի պատի փոփոխությանը, այդ լուսանկարը չհասցրեցին ուղարկել...

  • Ներսես Ներսիսյանի քույրը` Թինան
    Ներսես Ներսիսյանի քույրը` Թինան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի մայրը` Գայանեն
    Ներսես Ներսիսյանի մայրը` Գայանեն
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի լուսանկարներից
    Ներսես Ներսիսյանի լուսանկարներից
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի ծնողները
    Ներսես Ներսիսյանի ծնողները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    Ներսես Ներսիսյանի լուսանկարները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյանի մեդալներն ու պատվոգրերը
    Ներսես Ներսիսյանի մեդալներն ու պատվոգրերը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ներսես Ներսիսյան
    Ներսես Ներսիսյան
    © Photo : provided by Nersisyan's family
  • Ներսես Ներսիսյան
    Ներսես Ներսիսյան
    © Photo : provided by Nersisyan's family
  • Ներսես Ներսիսյանը` մարզման ժամանակ
    Ներսես Ներսիսյանը` մարզման ժամանակ
    © Photo : provided by Nersisyan's family
  • Ներսես Ներսիսյանը` մարզումից առաջ
    Ներսես Ներսիսյանը` մարզումից առաջ
    © Photo : provided by Nersisyan's family
  • Ներսեսի լուսանկարներով ժամացույց
    Ներսեսի լուսանկարներով ժամացույց
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 14
© Sputnik / Asatur Yesayants
Ներսես Ներսիսյանի քույրը` Թինան
1407
թեգերը:
Հայաստան, Զոհ, Զինվոր, զինծառայող, Արցախյան պատերազմ, Արցախ
Հայ-թուրքական սահման

Ի՞նչ կտա մեզ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը

386
(Թարմացված է 23:04 17.04.2021)
Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հայատյաց քայլերի ֆոնին Հայաստանի կառավարության ու խորհրդարանի իշխող խմբակցության մի շարք ներկայացուցիչներ պնդում են, թե Թուրքիայի հետ հաշտվելու լավ հնարավորություն է ստեղծվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Շուշի այցելելու մտադրության մասին՝ հայկական բերդաքաղաքը անվանելով իրենց համար հաղթանակի և հպարտության խորհրդանիշ։ Էրդողանը շեշտել է, որ կշարունակի Ադրբեջանին աջակցությունը բոլոր միջոցներով՝ Արցախը վերջնականապես թուրքականացնելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հատուկ պարգևի  է արժանացրել Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարին, ում նախագծած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայկական մի շարք տարածքների գրավումը Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների կողմից։

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հայատյաց քայլերի ֆոնին Հայաստանի կառավարության ու խորհրդարանի իշխող խմբակցության մի շարք ներկայացուցիչներ պնդում են, թե լավ հնարավորություն է ստեղծվել՝ հաշտվելու Թուրքիայի հետ և նոր հարաբերություններ սկսել։

Ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների՝ Հայաստանի այսօրվա ղեկավարները ջանքեր չեն խնայում հարևան երկու երկրների հետ թշնամական հարաբերությունները վերափոխելու բարեկամականի։ Որքանո՞վ է դա հնարավոր։ Հայաստանի իշխանության տրամաբանությունն եմ փորձում հասկանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանից։

«Մենք ունենք խնդիրներ Թուրքիայի նկրտումների հետ կապված։ Թեկուզ 2020թ․ պատերազմում Թուրքիայի գործողություններն ու բացահայտ աջակցությունը Ադրբեջանին ցույց են տալիս, որ Թուրքիան իրեն դիրքավորում է։ Իմ դիտարկմամբ, թուրք-ադրբեջանական այս տանդեմը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»,-ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը։

Ստացվում է՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և Թուրքիայից սպասվող նոր վտանգների առումով դիրքորոշումը միատարր չէ նաև իշխանության ներսում։ Ադրբեջանի և Թուրքիայի գծով մասնագիտացած պատգամավորը չի կիսում իշխանության ներսում իր գործընկերների կարծիքը՝ այն համարելով առնվազն անհեռատես։

«Հնարավո՞ր է արդյոք այս իրավիճակում երկխոսություն Թուրքիայի հետ։ Եթե պետության անվտանգային շահը դա է պահանջում, ապա կարելի է երկխոսել անգամ սատանայի հետ, բայց արդյո՞ք Թուրքիան պատրաստ է դրան։ Իմ համոզմամբ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երկարաժամկետ կարգավորման մասին խոսելը անհեռատեսություն եմ համարում»։

Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը կերկարաձգվի. փոխվարչապետ

Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը հավաստիացնում է, թե որևէ մեկի արժանապատվությունը չի նվաստանա, եթե մենք անենք առաջին քայլը Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ թշնամանքը վերացնելու առումով։ Պատգամավոր Տաթև Հայրապետյանը հենց արժանապատվությունն է համարում պետությունների կարևոր արժեքներից մեկը։

«Ի վերջո, ինչպես մարդկային հարաբերություններում, պետությունների հարաբերություններում էլ պետք է լինի արժանապատվություն։ Ոչ ոք ոչ մեկից ոչինչ չի խնդրում։ Եթե Թուրքիան իրապես հարաբերությունների կարգավորում ցանկանար, ապա պետք է գնար քայլերի, այնինչ նրանք չեն գնում դրան, այլ հակառակը, ինչքան մենք հետքայլ ենք անում, այնքան նրանք առաջ են գալիս։ Նրանց քաղաքական գիծը չի փոխվում»,-նշեց Տաթև Հայրապետյանը։

Ի՞նչ կտա մեզ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը քաղաքական և տնտեսական առումով։ Սպուտնիկ Արմենիայի տաղավարում այս մասին հարցեր եմ ուղղում տարածաշրջանային քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանին։

«Ընդհանրապես Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գաղափարը շատ լավ է, բայց բոլոր այն մարդիկ, որոնք այժմ խոսում են հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու մասին, մի մեծ սխալ են գործում՝ հաշվի չառնելով աշխարհաքաղաքական կշիռները։ Հայաստանը որոշակի դերակատարում ուներ տարածաշրջանում իր կշիռներով՝ Հայոց ցեղասպանություն, արցախյան հակամարտություն, պանթուրքիզմի համար սեպ լինելու հանգամանքը... Իսկ երբ մենք հանեցինք բոլոր այդ գործոնները, այլևս մեզնից ոչինչ չենք ներկայացնում»,-կարծում է Սարո Սարոյանը՝ նշելով, որ տնտեսական համագործակցության խոստումները միֆ են։

Վերլուծաբանի կարծիքով՝ վերը նշվածից բացի՝ մեր տնտեսությունը նույնպես չունի բավարար ռեսուրս՝ ոտք մեկնելու Թուրքիայի հետ, որի տնտեսությունն իր զարգացման արագությամբ երկրորդն է՝ Չինաստանից հետո։

Հավելենք, որ Հայաստանից արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Չինաստանն ու Շվեյցարիան։ Այս վերջինը մեր երկրից գնում է հիմնականում ոսկու, պղնձի և մոլիբդենի հանքանյութ։ Թուրքիան կարող է դեպի Շվեյցարիա ճանապարհ լինել, բայց ինչպես այդ դեպքում, այնպես էլ հիմա երկաթուղային ճանապարհը հանքանյութը հասցնելու է մինչև Սև ծովի նավահանգիստներ, որտեղից արդեն ծովային երթուղով հայկական ապրանքը գնում է Եվրոպա։ Ռուսաստանին և Չինաստանին հետաքրքրում են տարբեր ապրանքատեսակներ, բայց Հայաստանը արտաքին աշխարհի հետ առևտուր անում է հիմնականում կոնյակի, հանքային ջրի, հագուստի միջոցով։ Այստեղ ևս Թուրքիայի դերը մոտենում է զրոյի։

«Մենք ի՞նչ առևտուր ենք անում, մենք միայն թուրքական ապրանք ենք ներկրում, իսկ հայկական արտադրանքի արտահանումը Թուրքիա արգելվում է։ Այսինքն մեր նկատմամբ իրականացնում է մի քաղաքականություն, երբ այն, ինչ իրեն ձեռնտու է, անում է, իսկ այն, ինչ մեզ է ձեռնտու, արգելում է։ Մենք ինչպե՞ս ենք պատկերացնում, օրինակ, երկաթուղային ենթակառուցվածքի աշխատանքը։ Վստահ եմ, որ դա ծառայելու է գլխավորապես Թուրքիայի շահերին, ոչ թե մեր»,-նշում է Սարո Սարոյանը։

Թուրքերը ագրեսիվ գործելաոճ են ընտրել նաև տնտեսական ոլորտում՝ փորձելով այդկերպ ներխուժել այլ երկրներ և քաղաքական ազդեցության ենթարկել։ Այդ առումով Հայաստանի համար ավերիչ կարող է լինել թուրքական գյուղատնտեսությունը։ 2007-ից մինչև օրս Թուրքիան աշխարհում առաջին տեղում է բալի, սերկևիլի, նռան, ուշադրություն դարձրեք՝ ծիրանի արտադրության ցուցանիշներով։ Երկրորդ տեղում է ձմերուկի, վարունգի, լոլիկի, սմբուկի արտադրությամբ։

Հայ գյուղացին կարո՞ղ է արդյոք մրցակցել կամ գոնե դիմադրել աշխարհի շուկաները գրավող և տնտեսական էքսպանսիայի հեռահար նպատակով Հայաստանում շատ ցածր գնով գյուղատնտեսական ապրանք ներմուծող Թուրքիային։

386
թեգերը:
Սահման, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Անդրանիկ Քոչարյանի` Թուրքիայի հետ երկխոսելու մասին հայտարարությունը
«Վիրավորված» Թուրքիան սառեցրել է Իտալիայի հետ 70 միլիոն եվրոյի գործարքը
Ուկրաինան՝ Թուրքիայի նոր դաշնակի՞ց
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

0
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

0
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը