Գայի արձանը Երևանում

Հերոսից` հակահերոս, կամ ինչպես կարողացան բռնել Հայկ Բժշկյանցին ու «կոտրել» նրան

338
(Թարմացված է 18:40 26.03.2021)
3 Գեորգիևյան խաչ` Առաջին աշխարհամարտում խիզախության համար, քաղաքացիական պատերազմի տարիներին Կարմիր դրոշի 2 շքանշան, «Երկաթե» անունը ստացած դիվիզիայի հրամանատար, բանակի հրամանատար... Թվում էր՝ Հայկ Բժշկյանցին («Գայ»)՝ հաղթող հերոսին, այլևս վախեցել, «կոտրել» չի լինի...

Պարզվում է` նույնիսկ ամենախիզախ ու ամենաանկոտրում մարդիկ կարող են վերածվել հակահերոսի։ Սկզբում դա բոլորի տարակուսանքն առաջ կբերի, ապա արհամարհանք կծնի, հետո` բողոք, քանի որ ոչ ոք չի ուզում խաչ դնել հերոսի կերպարի վրա։ Այդ թվում` նաև ես։  Բայց…

...1935 թվականի հոկտեմբերի 22-ին, տեղական ժամանակով ժամը 19-ին, №64 ուղևորատար գնացքը գտնվում էր Բերենեդեևո կայարանից երեք կիլոմետր հեռավորության վրա, երբ Յարոսլավլի բանտից տեղափոխվող կալանավորը խնդրեց զուգարան գնալ: Հսկիչի և ՆԳԺԿ օպերատիվ բաժնի սպայի ուղեկցությամբ նա մոտեցավ սանհանգույցին։ Հսկիչը մնաց դռան մոտ, և դա նրա առաջին սխալն էր։

Երկրորդ խախտումն այն էր, որ (ներողություն եմ խնդրում մանրամասների համար) բնական կարիքները հոգալու համար կալանավորը ոտքերով կանգնել էր զուգարանակոնքի  վրա՝ ցատկելու համար հարմար դիրք ընդունելով։ Ու նա ցատկեց, կոտրեց ապակին և ազատության մեջ հայտնվեց։

Այդ տարիների տասնյակ հազարավոր բանտարկյալ-զինվորականներից  դա միակ փախուստի դեպքն էր, և այդ միակը Գայ Բժիշկյանցն էր։ Երևանի Գայի պողոտայով երթևեկելիս հիշեք այդ մասին։

Այժմ պատմենք՝ ինչպես էին նրան բռնում։ ՆԳԺԿ նախարար Հենրիխ Յագոդայի՝ Ստալինին ուղարկած հաղորդումից․ «Փախուստի վայրից հարյուր կիլոմետր շառավղով օղակ ձևավորելու համար ուղարկվել են բարձրագույն սահմանապահ դպրոցի 900 հրամանատարներ, բացի այդ, ՆԳԺԿ բոլոր աշխատակիցները, օդատիեզերական ուժերի անդամները, կոմսոմոլցիներն ու Իվանովոյի արդյունաբերական շրջանի կոլխոզնիկները»: Նույն օրվա կեսգիշերին Կրեմլ հասավ «Գայը ձերբակալվել է» գաղտնագիրը։

Կրեմլում ավելի շատ զայրացան, քան ուրախացան։ «Եթե մի անզեն կալանավորի բռնելու համար ստիպված են եղել մոբիլիզացնել պետանվտանգության գրեթե ողջ ապարատը, նաև՝ ներգրավել աշխատավորների լայն զանգվածներին, ուրեմն Յագոդան ի վիճակի չէ գործը ճիշտ կազմակերպել», - բարկացել է ընկեր Ստալինը:

ԱԳՆ-ն ոչինչ չէր որոշում, կամ ովքեր են զբաղեցրել Արա Այվազյանի աշխատասենյակը

Իսկ հիմա այն մասին, թե ինչպես է նախարար Յագոդան կազմակերպել գործը, ինչի արդյունքում Գային դատել են։

Ինչո՞ւմ են մեղադրել լեգենդար հրամանատարին: ՆԳԺԿ աշխատակցի՝ Յագոդային ուղղված զեկույցից. «Խմած լինելով՝ անկուսակցական Գայը մասնավոր զրույցում ասել է, որ պետք է վերացնել Ստալինին, միևնույն է վաղ թե ուշ նրան կվերացնեն»:

Ասել էր, թե չէր ասել՝ այսօր ոչ ոքից չենք կարող հարցնել, իսկ այն ժամանակ մեղադրյալից էին հարցնում։ «Ասե՞լ ես, սրիկա։ Խոստովանի՛ր, ստոր»։ Գայը վճռականորեն հերքում էր մեղադրանքը, բայց շատ շուտով նույն վճռականությամբ խոստովանեց մեղքն ու Յագոդային խոստավանական նամակ գրեց․ՆԳԺԿ-ում կարողանում էին մարդկանցից «խոսք քաշել»։

Եվ ահա հաղթողը, հերոսը, որը ՆԳԺԿ նկուղներում է երկու տարի անցկացնելուց հետո բոլորովին այլ մարդ էր դարձել, Յագոդային գրում է. «Հիմա մենակ նստած, ես մտածում եմ իմ  զազրելի արարքի մասին։ Քննիչների ու ընկեր Մոլչանինովի հետ բաց ու ազնիվ խոսելով` ես պատկերացնում եմ իմ կատարած հանցագործության ողջ սարսափը»։

Նամակը շարունակվում էր․«Խնդրում և աղերսում եմ  կուսակցությանը (մասնավորապես ձեզ, ընկեր Յագոդա) ինձ հնարավորություն տալ հատուցել իմ մեղքը կուսակցության առաջ, կուսակցության առաջնորդ ընկեր Ստալինի առաջ։ Աղերսում եմ Ձեզ, եթե հնարավոր է՝ ինձ տարեք ՆԳԺԿ մարմիններ, տվեք ինձ ամենավտանգավոր հանձնարարությունը, որ կարողանամ իմ արյամբ, իմ սխրանքներով ևս մեկ անգամ ապացուցել իմ նվիրվածությունը կուսակցությանը և հատուցել իմ մեղքը»։

Բայց կուսակցությունը ու դրա առաջնորդը չխախտեցին ավանդույթը: 1937 թվականի դեկտեմբեր 11-ին Գային դատապարտեցին գերագույն պատժին ու նույն օրը նրան գնդակահարեցինն։

Անկեղծ խոստովանություն։

Խորհրդային շրջանի այլախոհներ Պարույր Հայրիկյանի և Ազատ Արշակյանի կողմից Հայաստանի քաղաքական իրավիճակի գնահատման մեջ շատ բան ընդունել չեմ կարող։

Միևնույն ժամանակ, չեմ կարող չընդունել, որ նրանք երկուսն էլ, դեմ լինելով ԽՄԿԿ-ին և Խորհրդային պետությանը, ազատազրկման ու ճամբարներում տարիներ են անցկացրել, բայց իրենց սկզբունքներից չեն նահանջել և ապաշխարող նամակներ չեն գրել։

Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում

Քաղաքական հոդվածներով դատվողների մեջ կային նաև ուրիշ մարդիկ, որոնց չհաջողվեց կոտրել։ Հարց՝ իսկ ես կամ դուք, կամ որևէ մեկը կարող էր դիմանալ: Չգիտեմ։

Այլ կերպ ասած. «Մի հարցրու՝ ում մահն է գուժում զանգը, այն քո մահն էլ կգուժի»։

338
թեգերը:
գնդակահարություն, Իոսիֆ Ստալին, ԽՍՀՄ, Հայկ Բժշկյանցին («Գայ»)
Ըստ թեմայի
Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին
«Ղարաբաղը հայկական հող է», կամ ինչպես ժողովուրդը միավորվեց 1988 թվականի փետրվարին
«Ավելի շատ աբսուրդ, պարոնա՛յք». ով ու ինչպես է ավերում Հայաստանը
Թթի օղի

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

359
(Թարմացված է 23:02 11.04.2021)
Հայաստանի հատուկ ծառայությունները վերջին շրջանում հաճախ են բավականին կոշտ քննադատության ենթարկվում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է մի դրվագ, որը ցույց է տալիս՝ ինչպես է հանրապետության ՊԱԿ-ն աշխատել խորհրդային ժամանակներում։

Վերջերս անընդհատ լսում ես՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաճախ իր գործով չի զբաղված, լրտեսներին բռնելու, գործակալական ցանցերը վնասազերծելու, սահմանն ու պետական գաղտնիքները փակի տակ պահելու փոխարեն շեղվում է երկրորդական հարցերի վրա, մանր-մունր բաներով է զբաղվում։ Եթե այսպես շարունակվի, ապա, ինչպես պնդում են քննադատները, կարելի է կորցնել նախորդ սերունդների փորձը, ավանդույթները և մոռանալ «մկներին բռնելու» ունակությունը։

Աշնանային մի գեղեցիկ օր Երևանից ոչ հեռու գտնվող Ջանֆիդա գյուղ հեռագիր եկավ․ «Կայծ շեշտ․ Շտապ ծանր ջուր ուղարկի կետ․ Ֆանը կատաղած է կետ․ Շատ ապակե տարաներով բեռնեք կետ․ Ժամկետն անցել է կետ»։ Ստորագրությունը՝ Արթուր, Սերժ։

Այն ժամանակ Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող գյուղը կոչվում էր Ջանֆիդա։ Տեղի բնակչությունը ապրում էր խիստ սահմանային ռեժիմի կանոններով։ Մուտք գործելուց անցագիր էր հարկավոր, դուրս գալուց՝ հեռանալու թույլտվություն, բնապատկերներ լուսանկարելը խստիվ արգելվում էր, այլ քաղաքներից ժամանած հյուրերին կարելի էր ընդունել միայն ուղեկալի պետի իմացությամբ։ Եվ հանկարծ այդ հեռախոսագիրը։

Հեռագրի հետևանքներն առաջինը զգաց «Կայծը»՝ Ռոբերտ Արամայիսի Կայծունին, Ջանֆիդա գյուղի դպրոցի (այն ժամանակ՝ Հոկտեմբերյանի շրջանի, այժմ՝ Արմավիրի մարզի) ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչը։

«Ձեզ հետևում են»,- գաղտնի նրա ականջին շշնջացել էր հարևան գյուղատնտեսը։

Անտեսելով հաղորդագրությունը՝ Կայծունին շարունակում էր երեխաներին գիր ու գրականություն սովորեցնել, ընդունել գյուղացիների հարսանիքների ու ծննդյան օրերի հրավերներն ու ընկերություն անել ուղեկալի պետի՝ կապիտան Զուբկովի հետ։

Անհանգստության առիթ չունեին նաև այս տարօրինակ հեռագիրն ուղարկողները։ Արթուր Կիրակոսյանն ու «Սերժը» (ձեր սյունակագիրը) ասես ոչինչ չի եղել՝ հաճախում էին Երևանի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսություններին, իսկ երեկոյան գնում էին աշխատանքի։

Աշխատանքի վայրը Հայկական ԽՍՀ կապի նախարարությունն էր, որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Հանրապետության հրապարակում։ Արթուրը երկրորդ հարկում հեռագրիչ էր, ես էլ (մի հարկ վերև) գծային-ապարատային դահլիճում միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի։ Այնպես չէ, որ լավ էին վարձատրում, բայց կրթաթոշակի հետ գրպանի ծախսերի համար բավականացնում էր։

Հերոսից` հակահերոս, կամ ինչպես կարողացան բռնել Հայկ Բժշկյանցին ու «կոտրել» նրան

... Այն ժամանակ հայերը շատ էին կարդում, իսկ բանասիրական ֆակուլտետի ուսանողները՝ ավելի շատ, և ահա անգլերենից թարգմանաբար լույս տեսավ Ռոբերտ Յունգի «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը։ Բոլորը կարդում էին այն։

Յունգը պատմում է նախապատերազմական ֆիզիկայի մեջ ատոմային զենքի գաղափարի զարգացման, հաջողության չհասած գերմանական միջուկային ծրագրի, ԱՄՆ-ում միջուկային զենքի շուրջ բուռն քաղաքական բանավեճով Մանհեթենի նախագծի մասին: Մանրամասն նկարագրված է նաև Ռոբերտ Օպենհեյմերի դատավարությունը։ Մի խոսքով, ընթերցողին ամեն ինչ հետաքրքիր ու ճանաչողական էր, բայց երեք անգամ ավելի հետաքրքիր կլիներ, եթե իմանայինք, որ ծանր ջրի հիմքով ռեակտորի ստեղծման խորհրդային նախագծի ղեկավարը մեր հայրենակից Արտյոմ Ալիխանովն էր։

Մի խոսքով, կարդալով ու նույնիսկ վերընթերցելով Յունգի գիրքը, որոշեցինք, որ ատոմային ֆիզիկայի «ծանր ջրի» արժանի անալոգը կենցաղում կարող է լինել թթի օղին, իսկ այն սարքում էին ոչ միայն Քարահունջում, այլև Ջանֆիդայում: Կայծը, որը չնչին գումարով էր գնում այն համագյուղացիներից, ուղարկում էր օղին կամ ինքն էր բերում Երևան։ Բայց հանկարծ սրտամաշ դադար առաջացավ, բջջային հեռախոսներ այն ժամանակ չկային, բայց կար Արթուրը՝ հեռագրի վրա աշխատող ու պատկան մարմիններին վախեցնող մեր ընկերը։

Այստեղ պետք է նշել. ՊԱԿ-ում, իհարկե, հասկանում էին, որ բաց տեքստով նման հաղորդագրություն ուղարկելու համար պետք է ապուշ լինել, իսկ ԿՀՎ-ում կամ այլ օտարերկրյա հետախուզությունում ապուշների դժվար թե պահեն։ Այնուամենայնիվ, հեռագրում «ծանր ջուր» կար, հայկական ԱԷԿ-ը Ջանֆիդայի մոտակայքում է, ֆրանսիական հնչողություն ունեցող «Սերժն» էլ ամեն դեպքում մեր հայկական Սերոժը չէր: Իսկ դա նշանակում է, որ սա այն դեպքն է, երբ ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել վտանգը։

Արտաքին վերահսկողության որևէ նշան մեզանից ոչ ոք չէր զգացել, բայց նախազգուշացնող «ձեզ հետևում են» արտահայտությունը տեղին էր, ինչի մասին ուղեկալի ղեկավարը, կապիտան Զուբկովը մի անգամ ասել էր Ռոբերտին, քանի որ նրանք հին ընկերներ էին։

Բարեխղճորեն ավարտելով հետաքննությունը՝ պետանվտանգության կոմիտեն պետական դավաճանության փորձի նշաններ չգտավ, պարզվեց՝ «ծանր ջրի» պատմությունը թթի օղու վերաբերյալ հիմարություն էր, սակայն կանխարգելիչ միջոցառումներ ամեն դեպքում ձեռնարկվեցին:

Արթուր Կիրակոսյանին ազատեցին աշխատանքից։

«Երիտասարդները պետք է ոչ թե գիրք կարդան, այլ գործ անեն», - ասաց հեռագրատան տնօրեն, ընկեր Բաչաչյանը՝ ակնարկելով «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը:

Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային

Ինձ չկայացած հանցագործության հանցակից ճանաչելու հիմքեր չկային, ու ես ինչպես միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի, այդպես էլ մնացի մինչ ուսմանս ավարտը։

Անհրաժեշտ բացատրություն. «ծանր ջրի», հեռագրի և օղու պատմությունն այն բանի մասին է, որ երբ խոսքը վերաբերում է երկրի անվտանգությանը, հատուկ ծառայությունները պարտավոր են հավասարապես լուրջ ու պատասխանատու վերաբերվել ցանկացած տեղեկատվության: Հաստատվեց՝ լավ է, չհաստատվեց՝ նույնպես լավ, գուցե նույնիսկ ավելի լավ է։ Հարցն այլ է՝ որքանով կարող է ԱԱԾ-ն հաջողությամբ հաղթահարել այդ խնդիրը, եթե վերջին երկու տարում հինգ տնօրեն է փոխվել և, ինչպես պնդում են, ուր որ է կնշանակվի վեցերորդը։

359
թեգերը:
օղի, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, լրտես
Ըստ թեմայի
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին
Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում
Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է, կամ ինչով են նման Հայաստանն ու Շվեյցարիան
Վերին Դվին

Վերին Դվինի ասորիները․ կյանքի, պատմության, պատերազմի ու հայր Նիկոդիմի մասին

229
(Թարմացված է 13:14 10.04.2021)
Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Գևորգյանն այցելել է Արարատի մարզի Վերին Դվին գյուղ և տեսել, որ այս գարունն առանձնապես չի ուրախացնում տեղի բնակիչներին։

Վերին Դվինում ծիրանենիները ծաղկել են, բայց գյուղացիները մռայլ են ու մտահոգ։ Պատերազմն իր դառը հետքն է թողել նրանց հոգում։ Անգամ ասորական ազգային տոնը, որն ավանդաբար նշվում է ապրիլի սկզբին, առանձնապես ուրախ չի անցել։ Գյուղում հիմնականում ապրում են աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի ներկայացուցիչները՝ ասորիները։

Цветущее дерево в селе Верин Двин, Араратская область
© Sputnik / Ashot Gevorgyan
Վերին Դվին

Հայաստանի ազգային փոքրամասնություններից թվով երրորդն են եզդիներից և ռուսներից հետո։ Ժամանակին մեր երկրում գրեթե վեց հազար ասորի էր ապրում, բայց շրջափակման խիստ պայմանների պատճառով համայնքը գրեթե կրկնակի կրճատվեց. նրանց մեծ մասը մեկնեց Ռուսաստանում բախտ փնտրելու։

Дорожный указатель при въезде в село Верин Двин, Араратская область
© Sputnik / Ashot Gevorgyan
Վերին Դվին

Հայ-ասորական հարաբերությունները գոյություն են ունեցել դեռևս անտիկ ժամանակներից։ Հայաստանին նախորդած Ուրարտուն հաճախ էր հակամարտություններ ունենում Ասորեստանի հետ։ Ասորական մշակույթի կարևորագույն սյունը մնում է մայրենի լեզուն, որը վերապրել է հին արամերենի էվոլյուցիան։ Հայաստանի ասորիները խոսում են արևելյան արամերենով և արամերեն այբուբեն են օգտագործում։ Նրանք նաև հիանալի տիրապետում են հայերենին և ռուսերենին, իսկ արտաքինով շատ նման են տեղացի հայերին։

«Մեր հայրենակից առաջին հինգ ընտանիքները ժամանակակից Հայաստանի տարածքում են հայտնվել 1805թ․-ին, որն այն ժամանակ պարսկական լծի տակ էր, իսկ զանգվածաբար սկսել են այստեղ բնակություն հաստատել 1826-1828 թվականներին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո։ Մեր նախնիները Ռուսական կայսրության նոր կովկասյան տարածքներ են տեղափոխվել հայերի հետ միասին Ուրմիա լճի շրջակայքից։ Իսկ քսաներորդ դարի 20-ական թվականներից բազմաթիվ ասորի ընտանիքներ Հայաստան են փախել Օսմանյան կայսրության հարավարևելյան վիլայեթներից, որտեղ մեր 750 000 հայրենակիցները թուրք դահիճների զոհ են դարձել։ Մենք նրանց հիշատակին հարգանքի տուրք ենք մատուցում օգոստոսի 7-ին»,-ասում է Լյուդմիլա Պետրովան, որը գյուղապետարանը ղեկավարում է 2004թ․-ից։

Староста села Верин Двин Людмила Петрова
© Sputnik / Ashot Gevorgyan
Լյուդմիլա Պետրովա

Աշխարհում ասորիներին ընդհանուր թիվը գրեթե հինգ միլիոն է, կրոնը՝ միայն քրիստոնեություն։ Շատ առումներով դա մտերմացնում է նրանց ու հայերին։ Հայաստանում ասորիները բնակվում են հիմնականում Արզնիում և Արարատի մարզի երեք գյուղերում՝ Կոյլասար (կամ Դմիտրով), Նոր Արտագերս և Վերին Դվին, ավանդաբար զբաղվում են հողագործությամբ։

Վերին Դվինում ասորիները գրեթե 80 տոկոս են կազմում։ Գյուղում գործում է 1828թ․-ին կառուցված Մար Թումա եկեղեցին և «Մարեզ» մատուռը, որը թվագրվում է 1830 թվականով։ Գործում է «Աթուր» ՀԿ-ն, ինչպես նաև ազգային երգի և պարի համանուն համույթը։ Գյուղի դպրոցում երեխաները սովորում են մայրենի լեզուն և ասորական պատմությունը` պահպանելով ազգային ու մշակութային ավանդույթները։

Ассирийский храм в селе Верин Двин
© Sputnik / Ashot Gevorgyan
Ասորիների մատուռը

Տեղի ասորական վանքի վանահայրը՝ հայր Նիկոդիմը, պատմում է, որ ասորիները առաջին քրիստոնյաներից են եղել հնագույն Մերձավոր Արևելքում։ Պատմաբան Մովսես Խորենացին գրում էր, որ Հիսուս Քրիստոսի առաքյալների հետ միասին Հայաստան են եկել նաև առաջին քիրստոնյա քարոզիչները, որոնք ասորիներ են եղել։

Настоятель ассирийского храма в селе Верин Двин, отец Никодим
© Sputnik / Ashot Gevorgyan
Հայր Նիկոդիմ

«Թեև 7-րդ դարում Միջագետք ներխուժեցին արաբ նվաճողները և սկսեցին հրով ու սրով շատ ասորիների մահմեդականացնել, բայց մեր մեջ հիմա էլ չկան այնպիսիք, որ մայրենի լեզվով խոսեն, բայց մուսուլման լինեն»,-ասում է հայր Նիկոդիմը։

Խորհրդային տարիներին, երբ գերակայում էր աթեիզմի քաղաքականությունը, ասորիները եկեղեցիներ ու հոգևոր կյանք չունեին։ Մարդիկ մատուռներ էին սարքում իրենց նկուղներում կամ հեռավոր քարանձավներում` հնագույն հավատքը պահպանելով իրեն հոգում։ Հայաստանում ասորիների համար առաջին եկեղեցական պատարագը մայրենի լեզվով կայացել է 2003թ․-ին։ Այդ օրվանից էլ սկսվել է վերածնունդը։

Աստիճանաբար խոսքը թեքվում է արցախյան պատերազմի կողմ։ Մարտական գործողությունների մասնակիցների թվում է եղել նաև հոգևորական Նիկոդիմ Յուխոնաևը․ կամավոր է եղել։

«Մարտական գործողությունների բնույթը մեզ ստիպեց որոշում ընդունել ասորիների առանձին ջոկատ չստեղծել, այլ միանալ տարբեր կամավորական խմբերին։ Հակառակորդը կետային հարվածում էր կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե հարվածի տակ ընկնեին մեր մարտիկներից քսանը։ Վշտի մեջ կընկեր միանգամից քսան ասորի ընտանիք»,-ասում է հայր Նիկոդիմը։

Նրա խոսքով՝ ամբողջ ասորի համայնքից 140 կամավորական է մասնակցել պատերազմին։ Ութը զոհվել են (մեկը՝ Վերին Դվինից), մեկ անհետ կորած կա, քսանը վիրավորվել են։ Ռազմաճակատ է ուղարկվել 8 բեռնատար օգնություն․ մթերք, քնապարկեր, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ․․․

«Մեր հայրենակիցներից շատերը ապաստան էին տվել արցախցի փախստականներին։ Արցախցիների թվում նաև ասորիների մի քանի ընտանիք կա Բերձորից ու Ստեփանակերտից»,-ասում է նա։

Վերջում հայր Նիկոդիմին խնդրում եմ «Հայր մերը» կարդալ արամերենով։ Ցնցող է հնչում։

Վերևին Դվինի ասորական վանքի վանահայր հայր Նիկոդիմը հայր Նիկոդիմը «Հայր մերն» է կարդում արամերենով

Հետդարձի ճանապարհին մտքերի մեջ եմ ընկնում ու մտածում՝ Աստված չանի, որ հայրենիքը կորցրած մեր ասորի եղբայրների ճակատագիրն ունենանք․․․

229
թեգերը:
հայեր, Պատերազմ, ասորի, Հայաստան
Ըստ թեմայի
Արագածից մինչև Արարատ․ ազգ, որը հայերի չափ սիրում է հայոց լեռները
Մոլոկանները Հայաստանում. կյանքն առանց հեռուստացույցի, խոզի մսի և օղու
Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը