Պոլիտեխնիկ

Հայկական «խելացի» բիզնեսը․ էներգաարդյունավետության մասնագետները ոչ մեկին պետք չեն

221
(Թարմացված է 00:15 28.03.2021)
Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը ուսումնական ծրագիր է կազմել, որը որոշել է հարմարեցնել գործող ձեռնարկությունների կարիքներին։ Արդյունքը վհատեցնող է․ բիզնեսին էներգիայի խնայողությունը չի հետաքրքրում։

Էներգաարդյունավետության մասին շատերն են խոսում, բայց Հայաստանում քչերը գիտեն, թե ինչպես կարելի է խնայել էներգիան՝ առանց մեծ վնաս հասցնելու տանը կամ ձեռնարկությանը։ Պարադոքս է, բայց բիզնեսը, ինչպես երևում է, դրանում ամենաքիչն է շահագրգռված։ Ամեն դեպքում, երբ Պոլիտեխնիկական համալսարանում էներգախնայողության ուսումնական կուրս բացվեց, այն որևէ կերպ չհետաքրքրեց ձեռնարկություններին։ «Մինչդեռ նրանցից այնքան էլ շատ բան չէինք խնդրում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն Արամ Գևորգյանը։

Բողոքելը հեշտ է, ուղղելը՝ դժվար

Երկու տարի առաջ ինստիտուտի (հիմա ՀՀ բուհերի մեծ մասում այդպես են կոչում ֆակուլտետները) ավագ կուրսերում էներգաարդյունավետության ծրագիր բացվեց։ Ուսումնական ծրագրի հիմքում դրվեցին եվրոպական բուհերում ընդունված ստանդարտ առարկաները։

Իհարկե, լավ ուսանող-էներգետիկն ընդհանուր առմամբ կհասկանա ցանկացած ձեռնարկության կամ օբյեկտի էներգետիկ խնդիրները (նա ամեն դեպքում թերմոդինամիկայի ընդհանուր կուրս է անցել), բայց մասնագիտացման հարցն էլ է կարևոր։

Պարզելու համար, թե բիզնեսն ինչ գիտելիքներ է պահանջում ապագա մասնագետներից, ֆակուլտետում մանրամասն անկետաներ կազմեցին և ուղարկեցին տասնյակ ձեռնարկություններ։ Արդյունքը գերազանցեց բոլոր սպասումները, միայն թե բոլորովին հակառակ իմաստով։ Մեկն ասաց․ «Ասեք` ինչ է պետք, մենք կգրենք»։ Շատերն էլ պարզապես անտեսեցին։

Ճիշտ է, հարցաշարերն էլ պարզունակ չէին․ ոչ թե «այո-ոչ» պատասխան պահանջող ընդհանուր հարցեր էին, այլ մանրամասն պատասխաններ պահանջող մի քանի տասնյակ հարցադրումներ։

«Հավի ոտքերի վրա». ինչու են հայաստանյան թռչնաֆաբրիկաները դոփում տեղում

Սակայն պետք է հասկանալ, որ դրանք ուղղված էին ոչ թե մաքրման ծառայության մասնագետներին, այլ էներգետիկներին։ Վերջիններս, որպես կանոն, ձեռքերը թափ տվեցին․ ձեռնարկություններում առանց այդ էլ աշխատանքը շատ է, իսկ այս հարցաշարերի վրա մեկ-երկու օր կծախսվի։ Եթե նրանց դեռ ինչ-որ կերպ հնարավոր է հասկանալ, ապա ինչպե՞ս հասկանալ մենեջերներին։ Չէ՞ որ էներգիա խնայելը նրանց անմիջական պարտականությունն է։ Կարելի է հարյուր անգամ բողոքել, որ «գազը թանկացել է» կամ «հոսանքի հաշիվներն աճել են», բայց ինչո՞ւ չի կարելի փորձել ուղղել ինչ-որ բան, առավել ևս, եթե ձեզ պատրաստ են օգնել։

«Մենք բիզնեսին առաջարկում էինք մասնագետներ պատրաստել ըստ նրանց կարիքների, ընդ որում՝ միանգամայն անվճար։ Չէ՞ որ սովորելու համար ուսանողներն են վճարում, մենք նրանց սովորեցնում ենք, իսկ բիզնեսն առանց որևէ ծախսի պատրաստի կադրեր է ստանում և նրանց շնորհիվ կրճատում իր էներգիայի ծախսերը։ Բայց դա, չգիտես ինչու, չհետաքրքրեց նրանց»,-ասում է Գևորգյանը։

Համոզվելու համար, որ անկետաները հանուն եվրոպական դրամաշնորհի չէին կազմվել, այլ տեղը–տեղին ու խելքը գլխին, պարզապես կարելի է անդրադառնալ Գևորգյանի աշխատանքային ուղուն։ 2013թ․-ից նա ՄԱԳԱՏԷ–ի փորձագետ է, կազմակերպության հովանու ներքո հրապարակված մի քանի հետազոտական նյութերի հեղինակ։

Քեզ ոչ ոք չի՞ սպասում

Հասկանալով, որ իր գիտելիքները ոչ մեկին պետք չեն և որ իրեն ոչ մի տեղ չեն սպասում` ուսանողը եթե անգամ չի կորցնում սովորելու ցանկությունը, ապա հաստատ հիասթափվում է։ Հիմա խորհրդային տարիները չեն, երբ կրթությունն անվճար էր, և դեռ 40 ռուբլի էլ կրթաթոշակ էին տալիս, մնում էր միայն սովորել։

Իսկ հիմա կրթվելու համար տարեկան ավելի քան հազար դոլար պիտի վճարես։ Ինչ-որ մեկը կասի` Արևմուտքում էլ է այդպես։ Եվրոպայում անապահովների համար զեղչերի մի ամբողջ համակարգ է գործում, շատ երկրներում պետական համալսարաններն անվճար կրթություն են առաջարկում։ Անգամ Հունաստանում, որը Եվրամիության ամենահարուստ երկիրը չէ, կրթությունն անվճար է ԵՄ քաղաքացի ուսանողների համար։ ԱՄՆ-ում բուհերն էժան չեն, բայց այնտեղ երկարաժամկետ ուսանողական վարկերի զարգացած համակարգ կա, որից օգտվում է ուսանողների 70 տոկոսը։
Հայաստանում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը գրեթե չկա։

«Ուսանողներն աշխատում են։ Գոնե մասնագիտությամբ աշխատեին․․․ Մեկը խանութում է, մյուսը՝ մի ուրիշ տեղ։ Իսկ ի՞նչ անեն, եթե ուսման վարձը տարեկան 500 հազար դրամ է։ Շատերն ինձ այդպես էլ ասում են․ «Ե՞րբ սովորեմ, եթե հազիվ հասցնում եմ աշխատել, որ վարձը տամ»»,-ասում է Գևորգյանը։

Բայց եթե, չնայած բոլոր խոչընդոտներին, դուք այնուամենայնիվ ուզում եք մասնագետ դառնալ և լավ եք սովորում, միևնույնն է, ոչ մի երաշխիք չկա, որ հայաստանյան «խելացի» բիզնեսը ձեզ չի ասի․ «Մենք ձեր ժամանակը չունենք, ուր ուզում եք, գնացեք»։

Խորհրդային տարիներին, ի թիվս այլ բաների, հանրապետություններում հատուկ գիտահետազոտական ինստիտուտներ էին գործում, որոնք բուհերի ուսումնական ծրագրերը համակարգում էին ձեռնարկությունների պահանջների հետ։ Հիմա այդ գործառույթից հրաժարվել է ոչ միայն բիզնեսը, այլև պետությունը։ Բիզնեսը մեծ փողեր է ծախսում` վճարելով լույսի և գազի դիմաց, իսկ պետությունը, որը ֆինանսավորում է բուհերի մեծ մասը, քամուն է տալիս այդ գումարները, քանի որ բուհերի շրջանավարտներն իրենց գիտելիքները հօգուտ տնտեսության չեն օգտագործում։ Ո՛չ բիզնեսին, ո՛չ էլ պետությանը դա, ինչպես երևում է, չի հետաքրքրում։

«Եվրոպայում շատ հաճախ գործարաններն ու կազմակերպություններն իրենք են համալսարաններին նախագծեր առաջարկում, իսկ դասախոսներն ու ուսանողները աշխատում են դրանց վրա։ Այդպիսի գործնական աշխատանքները շատ հաճախ դիպլոմային աշխատանք են դառնում ուսանողների համար։ Մեզ մոտ, ցավոք, նման բան չկա»,-ասում է նշված ինստիտուտի դեկան, դոցենտ Անդրանիկ Առաքելյանը։

Մինչդեռ կարող է այլ կերպ լինել

Օրերս էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը (ինստիտուտը) համագործակցության հուշագիր է ստորագրել Հայկական ԱԷԿ-ի հետ։ Ավագ կուրսերի մի քանի ուսանողի ատոմակայանը կրթաթոշակներ կտրամադրի և Պոլիտեխնիկի դասախոսների հետ ամեն ամիս կստուգի նրանց գիտելիքները։ Ամսական մի քանի անգամ գործնական դասերի համար նրանց կտանեն ատոմակայան։ Իսկ մագիստրատուրայում պրոֆիլային ուսուցումը կմշակվի ատոմակայանի կարիքների հիման վրա և մասնագետների հետ (ինչն այդպես էլ չստացվեց մասնավոր բիզնեսի դեպքում)։ Ուսանողներին աշխատանքի են ընդունում։ Ավելին, բակալավր-ուսանողներ կան, որոնք արդեն իսկ աշխատում են ԱԷԿ-ում։

221
թեգերը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, բիզնես, Ուսանող, Հայաստան
Վալերի Պլոտնիկով

Ժպիտը կարո՞ղ է փոխել աշխարհը. լեգենդար հայերը Վալերի Պլոտնիկովի ֆոտոտարեգրություններում

1
(Թարմացված է 14:20 22.04.2021)
Սերգեյ Փարաջանովի, Միքայել Թարիվերդիևի, Սերգեյ Դովլաթովի և շատ այլ հայտնի հայերի ժպտացող դեմքերը Պլոտնիկովի ստեղծած ժպտացող մարդկանց ֆոտոտարեգրության մի փոքր մասն են։

Լեգենդար լուսանկարիչ Վալերի Պլոտնիկովը, որը բազմաթիվ անգամ է եղել Երևանում, մի խորհուրդ է տալիս, որը չի վերաբերում լուսանկարչությանը, բայց անմիջականորեն կապված է մեզ հետ։

«Ես չեմ կարող համոզել աշխարհին, տրամվային, տրոլեյբուսին, որ ժպիտով սկսելով առավոտը, չհայհոյելով, չչարանալով կարելի է փոխել աշխարհը։ Դա հեշտ է։ Օրը սկսեք ժպիտով», – առաջարկում է Պլոտնիկովը։

Նա լուսանկարել է հազարավոր աշխարհահռչակ դեմքերի, որոնք հաճախ ժպտում են, բայց չեմ համարձակվի ասել, թե դա ինչ–որ կերպ ազդել է աշխարհակարգի փոփոխության վրա։ Լուսանկարչի ալբոմում հայկական դեմքեր շատ կան` Սերգեյ Փարաջանով, Սերգեյ Դովլաթով, Միքայել Թարիվերդիև, Ֆրունզիկ Մկրտչյան, Ալեքսեյ Հեքիմյան։ Ինչպես տեսնում եք, բոլորն արվեստի մարդիկ են, բոլորի դեմքին ժպիտ է։ Մի քանի տարի առաջ Պլոտնիկովը ներկա էր իր երևանյան ցուցահանդեսի բացմանը։

– Ինչո՞վ հիշվեցին հայերը, –հարցնում եմ ես։

– Աչքերի տխրությամբ, – պատասխանում է Պլոտնիկովը։

Ժպիտի օգնությամբ աշխարհը փոխելու հեռանկարը հակասում է կյանքի իրողություններին ու ևս մեկ անգամ հաստատվում Սերգեյ Փարաջանովի խոսքերով։ «Կենսագրություն... Ես այդքան լավ չեմ հիշում իմ կենսագրությունը։ Իմ կենսագրությունն ի՞նչ է։ Դարդ, ահա սա է նրա հավերժ բանաձևը»:

Պլոտնիկովը լավ է հիշում իր կենսագրությունը, իսկ ավելի լավ` այն մարդկանց, որոնց նկարել է։ Նրանցից շատերը` դերասաններ, ռեժիսորներ, բալետի արտիստներ, հայտնվել են «Խորհրդային էկրանի» շապիկին, ինչն այն տարիներին ճանաչման բարձրագույն աստիճան էր համարվում։

Զրուցակցիս դիտարկումներից, որոնք կարող են հաշվի առնել մեր լուսանկարիչները։

- Դերասաններ կան, որոնք այնքան էլ լավ չեն լուսանկարվում։

- Ինչո՞ւ է այդպես, - հարցնում եմ։

- Որովհետև լուսանկարահանման և կինոնկարահանման միջև մեծ տարբերություն կա։ Կինոյում կա գործընկեր, շարժում, տեքստ։

Լուսանկարում այդ ամենը չկա։ Ընդհանրապես, եթե մարդն ինձ հետաքրքիր չէ, ես նույնիսկ չեմ փորձում լուսանկարել նրան, որովհետև գիտեմ՝ ինձ մոտ ոչինչ չի ստացվի։ Ո՛չ երևակայություն, ո՛չ զգացմունքներ, ո՛չ ինտուիցիա, ոչինչ չի աշխատի։

- Իսկ կարո՞ղ է անհետաքրքիր լինել Ալլա Պուգաչովան։
- Չի կարող։ Մինչև հիմա ափսոսում եմ, որ հրաժարվել եմ լուսանկարել նրա ու Կիրկորովի ամուսնությունը։ Ինչ-որ անհասկանալի բան կատարվեց և․․․

Թերթում եմ ֆոտոալբոմները։ Շատ են հայտնի անձանց հետ խմբային լուսանկարները՝ Յուրի Լյուբիմով, Վլադիմիր Վիսոցկի, Ալեքսեյ Բատալով, Մարինա Վլադի, Ռոստրոպովիչ, Վոզնեսենսկի, Բոյարսկի․․․

Ինչպե՞ս է ստացվել, որ մի ակնթարթում բոլորին դեմքերին ուրախ զարմանք է հայտնվել։
- Ինչպես Եսենինի մոտ․ «Մատները բերանը և ուրախ սուլոցով․․․»։

«Պետք լինի՝ շնչելն էլ կարգելենք», կամ երբ ցավից երգեր են ծնվում

Պլոտնիկովի հետ զրուցելը մեծագույն հաճույք է․ անհայտ բաներ ես իմանում հայտնիների մասին։ Օրինակ` Մարինա Վլադին ելույթ է ունեցել Խորհրդային Միության Կոմկուսում, որպեսզի ավելի հեշտ լինի ԽՍՀՄ գալը և Վլադիմիր Վիսոցկու հետ հանդիպելը։ Կամ ֆիլմի ցուցադրությունից հետո Մարինա Վլադին ԽՍՀՄ-ում դարձել է ժողովրդի սիրելին, և նրա շուրջ հավաքվել են ԽՍՀՄ բոլոր ժողովրդական արտիստներն ու դափնեկիրները, իսկ նրանց մեջքի հետևում թռչկոտել է Վիսոցկին, որը հասակով ցածր է եղել․ «Է՜յ, տղերք, այդ կինն իմն է»։

Իսկ նրանք ուշադրություն չեն դարձնում, աքլորանում են Մարինայի շուրջը։

Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը

Դովլաթովին նկարել է Ամերիկայում, իսկ նա լուսանկարվել չէր սիրում, բայց Պլոտնիկովը համոզել է նրան։ Լույսն ու լուսանկարչական ապարատը դրել է․ «Արդեն ամեն ինչ պատրաստ է, դու պետք է միայն նստես»։ Եվ նա նստել է մի քանի կադրի համար։ «Կյանքումս մի քանի անգամ եմ տեսել, թե ինչպես է մարդը «մթագնում» հեռանալուց առաջ․․․ Այդ լուսանկարը վերջինն էր, մեկուկես ամիս անց Սերգեյ Դովլաթովը հեռացավ կյանքից»։

Մենք տոլմա ենք ուտում, խոսում Հայաստանի, Դիլիջանի, Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, հիշում ենք նրա անմոռանալի խոսքերը. «Դու տոլմա սիրո՞ւմ ես․․․»։

- Սիրում եմ ժապավենով լուսանկարել, սիրում եմ ձեռակերտ ամեն ինչ, - ասում է վարպետը և շարունակում։ - Այո, հիմա լուսանկարչության հանդեպ վերաբերմունքը բոլորովին այլ է։ Իհարկե, հիմա ավելի հեշտ է նկարել ժամանակակից տեխնիկայով։ Երբ ուզում եմ արագ հոնորար ստանալ, նկարում եմ թվային խցիկով, բայց հաճույքի համար մինչև հիմա աշխատում եմ միայն ժապավենով։ Թվայինը արագ է, հարմար, բայց փչացնում է։

Պլոտնիկովը կարծում է, որ ավելի լավ է լինել տաղանդավոր ու առողջ, քան հանճարեղ, բայց հիվանդ։ Այսօր նա գոհ է, որ ոչ մեկին ոչինչ պարտք չէ և ինչ կարող է անել, արել է։ Նա երջանիկ մարդ է, ունի հինգ դուստր և մեկ որդի, նրանցից ոչ ոք չի ընտրել հոր ուղին, բայց բոլորն էլ հիանալի մարդիկ են։ Նրանք բոլորը իմ ընկերներն են։ Կյանքը շարունակվում է։

Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա

1
թեգերը:
Ալլա Պուգաչովա, Սերգեյ Դովլաթով, Մհեր Մկրտչյան (Ֆրունզիկ), Լուսանկար, Վալերի Պլոտնիկով, հայեր
Ըստ թեմայի
Ում պատճառով «ջնջեցին» Ֆրունզիկին, կամ ինչ «առակ» է պտտվում Լևոն Տեր–Պետրոսյանի մասին
«Ժամանակին սարերում էինք ապրում». ինչու են հայերը նեղացել Դովլաթովից
«Սովորական ռուս մեծ գրողը». ով ստիպեց Դովլաթովին իր երակներում զգալ հայկական արյունը
Ֆրունզիկի հետ ապրել նույն շենքում. ինչպիսին էր դերասանն իրական կյանքում
Մահաթմա Գանդիի հուշարձանը Երևանում

Ինչո՞ւ նախօրոք չկազմակերպվեց հանրային քննարկում. Մահաթմա Գանդիի վիճելի հուշարձանը Երևանում

113
​Եկեք անկեղծ լինենք։ Երևանյան արձանները, որոնք տեղադրվել են նորանկախ Հայաստանում, միշտ էլ թեժ վեճերի առիթ են տվել։

 

Երևանյան հերթական վիճահարույց հուշարձանը. այս անգամ՝ Աջափնյակում

Հեռու չգնանք։ Ընդամենը մի քանի օր առաջ կառավարական շենքերից մեկի մուտքի մոտ հայտնված բրոնզաձույլ «Անվախ աղջկա» մասին ինչ ասես ասացին։ Եթե այդ խեղճ աղջիկը կարողանար խոսել, հաստատ կհիշեցներ մեզ. «Ախր դուք Նժդեհի արձանն էլ չէիք ընդունում, ասում էիք սա Նժդեհը չի, Պետրոս առաջինն է, ու նաև հեգնական ժպիտով հարցնում էիք. «Բա ինչո՞ւ է մեջքով շրջվել դեպի Հանրապետականների կենտրոնակայանը, որոնք իրենց նվիրյալ նժդեհական են համարում»»։

 

Ի դեպ, անվախ այդ աղջկա մյուս կողմում էլ մի քանի տարի առաջ բացվեց Արամ Մանուկյանի արձանը, որը նույնպես հայտնվեց որոշ մարդկանց քննադատության թիրախում։ Էլ չեմ ասում Առնո Բաբաջանյանի արձանի մասին՝ ախր «Տերմինատոր» էին անվանում։

​Այս ամենը հաշվի առնելով` համաձայնե՛ք, այլևս զարմանք չի առաջացնում այն հանգամանքը, որ, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել նաև Մահաթմա Գանդիի հուշարձանի տեղադրումը Երևանի Աջափնյակ թաղամասում՝ Հանրապետական հիվանդանոցի դիմացի այգում։ Իհարկե, որևէ մեկը չի կարող հերքել, որ Գանդին բացառիկ անձնավորություն է եղել, 5 անգամ ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Ճիշտ է, այդպես էլ չի ստացել այդ մրցանակը, բայց 2006 թվականին Նոբելյան կոմիտեի անդամները խոստովանել են՝ դա անարդար էր, նա միանշանակ պիտի Նոբելյան դափնեկիր հռչակվեր։ Իհարկե, նույնիսկ այն հայտնի գործիչները, որոնք լիովին ընդունում էին Գանդիի ուսմունքը, բավական վիճահարույց էին համարում այդ ուսմունքի որոշ դրույթներ։ Օրինակ` բրիտանացի գրող Ջորջ Օրուելը խոստովանում էր, որ իր համար անընդունելի է Գանդիի այն միտքը, թե մարդը չպիտի շատ սիրի իր հարազատներին և ընկերներին, որպեսզի կախման մեջ չընկնի նրանցից։

​Չգիտեմ, միգուցե Երևանի քաղաքապետարանն այնուամենայնիվ սխալ գործեց, որ նախօրոք չկազմակերպեց հանրային քննարկում։ Ախր դրա նախադեպերը կան։ Ընդամենը երկու ամիս առաջ Ռուսաստանում առցանց հանրաքվե անցկացվեց՝ ո՞ւմ արձանը տեղադրել Մոսկվայի Լուբյանկայում՝ Ֆելիքս Ձերժինսկո՞ւ, թե՞ Ալեքսանդր Նևսկու։ Ի վերջո ոչ մի արձան էլ չկանգնեցվեց։ Եվ ինչու հեռուն գնանք. տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանն արդեն որոշում էր կայացրել ու մտադիր էր տեղադրել Անաստաս Միկոյանի հուշարձանը, որպես հայտնի գործչի, որը ոչ միայն մեծ դեր է խաղացել Խորհրդային Միության տնտեսության զարգացման գործում, այլև 60-ականների սկզբներին անմիջականորեն մասնակցել է, այսպես կոչված՝ Կարիբյան ճգնաժամի կարգավորմանը` անձամբ բանակցելով Ջոն Քենեդիի հետ։

Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»

Սակայն ընդդիմախոսները հիշեցրին, որ 30-ականների ռեպրեսիաների ժամանակ, երբ Կրեմլը հանձնարարել էր Հայաստանում ձերբակալել և գնդակահարել 500 մարդու, Միկոյանը նամակ էր գրել Իոսիֆ Ստալինին՝ առաջարկելով կրկնապատկել այդ թիվը։ Այս հուշարձանից էլ ի վերջո մնաց միայն դրա տեղադրման մասին չկատարված որոշումը։

​Չմոռանանք, որ հուշարձանները նաև հանում են։ Չէ՛, խոսքը Վլադիմիր Իլիչի հսկա արձանը նրա անվան երևանյան հրապարակից հանելու մասին չէ։ Շատերը, հավանաբար, կհիշեն Մեքսիկայի մայրաքաղաքի Կենտրոնական զբոսայգում բացված՝ Հեյդար Ալիևի հուշարձանի հետ կապված պատմությունը։ Ադրբեջանի իշխանությունները խոստացել էին մեքսիկացիներին՝ մեր նախկին առաջնորդի արձանը տեղադրելու դիմաց մենք պարտավորվում ենք բարեկարգել ամբողջ զբոսայգին և նրան հարող տարածքները, հետո էլ ամեն տարի պատկառելի գումար հատկացնել այգին խնամելու համար։ Բայց ի վերջո Ալիևին հանեցին, երբ Մեքսիկայի մայրաքաղաքի բնակիչները սկսեցին բողոքել՝ լավ, ի՞նչ է արել այս բռնակալը մեր երկրի համար, որ մենք նրան նման պատվի ենք արժանացնում։

​Համաձայնեք, սա շատ լուրջ հարց է՝ իսկ ի՞նչ է արել այս մարդը մեր երկրի համար։ Երբ տարիներ առաջ Երևանի կենտրոնում կանգնեցվեց հայտնի բևեռախույզ, գիտնական և հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին, ո՞ւմ մտքով կանցներ նման հարց հնչեցնել։ Ախր նույնիսկ դպրոցականները գիտեն, թե ինչեր է արել նորվեգացին հայերիս համար։ Չեմ ուզում հիշեցնել այն հազարավոր հայ փախստականների մասին, որոնք, այսպես կոչված, «Նանսենյան անձնագրեր» ստացան։ Թույլ տվեք պարզապես մեջբերել Նանսենին. «Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որն իր հավասարն ունենա 1915 թվականին սկսված ջարդերի հետ։

Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը

Բայց չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը»։ Այս խոսքերը Նանսենն արտասանել է այն ժամանակ, երբ աշխարհի բազմաթիվ հայտնի, շատ հայտնի գործիչներ ուղղակի խուսափում էին խոսել Հայոց ցեղասպանության մասին։

113
թեգերը:
Հուշարձան, Երևան, Մահաթմա Գանդի
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Երկու հեղափոխությունների արանքում. ավելի լավ է պետական պաշտոնյա դառնալ
«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»
Եվրոպացիների հռչակած «պատմական հաշտությունը» Վրաստանում. իրականությո՞ւն, թե՞ պատրանք