Մերի Կոշտոյան

Հին արհեստի նոր լեզուն. գյումրեցի արվեստագետի թաղիքագործական ձեռքբերումները

1940
(Թարմացված է 19:15 26.03.2021)
Թաղիքը նորաձև դարձնելն ու թաղիքե հագուստի հավաքածուներ ունենալը գյումրեցի արվեստագետի երազանքն է, որը նա փորձում է կյանքի կոչել փոքր քայլերով։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Թաղիքե պայուսակներ, ոտնամաններ, շարֆեր, վերարկուներ, բաճկոններ, ձեռագործ բարձեր... Գյումրեցի Մերի Կոշտոյանի համար վերջին տարիներին թաղիքագործությունը հոբբիից վերածվել է աշխատանքի:

Гюмрийская художница Мери Коштоян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մերի Կոշտոյան

Մերիի աշխատանքներում գեղանկարչությունը սահուն անցում է կատարում թաղիքագործության: Նախշազարդ իրերը տարբերվում են միմյանցից՝ ամեն մեկն իր յուրահատուկ ձեռագիրն ունի ու անկրկնելի է: «Ոչ միայն պատրաստելն է թերապիա, այլև կրելը: Ջերմությունը հա՛մ ներդնում ես, հա՛մ ստանում, հա՛մ էլ տալիս»,-ասում է Մերին:

Վառ երևակայության, նորարարական մոտեցման, նաև Ավստրիայում վերապատրաստվելու շնորհիվ սովորական բուրդը Մերիի ձեռքերում վերածվում է գեղեցիկ հագուստի կամ աքսեսուարի։ Ու այդպես արդեն 10 տարի։

Հայկական ավանդական արվեստը՝ եվրոպական ձեռագրով, իսկ տեղական կոշտ բուրդը՝ գունավոր բարակ մանրաթելերով ու նուրբ բրդի համադրությամբ, առավել ընդունելի դարձան երիտասարդների շրջանում. գունեղ է ու տարբերվող՝ տրամադրություն է հաղորդում: Երիտասարդները ոչ միայն կրելու, այլ նաև թաղիքե իրեր պատրաստելու ցանկություն ունեն: Մերին իր փորձով նաև երիտասարդների հետ է կիսվում:

Изделия из войлока гюмрийской художницы Мери Коштоян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մերի Կոշտոյանի աշխատանքներից

Սկզբում տանն էր աշխատում, հիմա արդեն՝ արվեստանոցում: Պատվերներ ունի. թաղիքե իրերի գնահատողներն ինչպես Հայաստանից են, այնպես էլ՝ արտերկրից:

«Հայաստանում ավելի շատ թոռնիկների ու երեխաների համար թաղիքե տաք հողաթափեր են պատվիրում: Կանայք էլ հիմնականում նախընտրում են շարֆերը՝ ընդգծելու համար իրենց ինքնատիպությունը»,-ասում է Մերին: 

Պատվիրատուները քմահաճ չեն, բայց նրանց լավ մտքերը կյանքի են կոչվում: Իրը հեշտ է պատրաստվում, երբ հասցեատերը ծանոթ է՝ հստակ է նրա գունային ու ոճային ճաշակը:

Թաղիքագործությամբ զբաղվելը հեշտ չէ. երբեմնի տղամարդկանց արհեստը ֆիզիկական ուժ է պահանջում: Մերիի կարծիքով, սակայն, պետք է հաղթահարել արդյունքին հասնելու դժվարությունը: «Մեկ օրում հնարավոր է 1 շարֆ պատրաստել: Չափազանց հոգնեցուցիչ է, բայց արդյունքն արդարացնում է այդ հոգնածությունը»:

  • Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    Մերի Կոշտոյանի աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Մերի Կոշտոյան
    Մերի Կոշտոյան
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 11
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մերի Կոշտոյանի աշխատանքներից

Թաղիքը նորաձև դարձնելն ու թաղիքե հագուստի հավաքածուներ ունենալը գյումրեցի արվեստագետի երազանքն է, որը նա փորձում է կյանքի կոչել փոքր քայլերով։

Մերիի ձեռագործ աշխատանքները հանգրվանել են Փարիզում, Մարսելում, Լիոնում, Սանկտ Պետերբուրգում, Օդեսայում... Հայկական ժամանակակից թաղիքե իրերի «ճանապարհորդական» աշխարհագրությունը աճում է:

1940
Ըստ թեմայի
Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը
Չափավոր ապրելու խնդիր ունենք. ի՞նչ է առաջարկում գյումրեցի գործարարը Մարտի 8–ի հետ կապված
Կտավի ու նյութի փոխարեն գյումրեցի արվեստագետը ջինս է օգտագործում
Վալերի Պլոտնիկով

Ժպիտը կարո՞ղ է փոխել աշխարհը. լեգենդար հայերը Վալերի Պլոտնիկովի ֆոտոտարեգրություններում

9
(Թարմացված է 14:20 22.04.2021)
Սերգեյ Փարաջանովի, Միքայել Թարիվերդիևի, Սերգեյ Դովլաթովի և շատ այլ հայտնի հայերի ժպտացող դեմքերը Պլոտնիկովի ստեղծած ժպտացող մարդկանց ֆոտոտարեգրության մի փոքր մասն են։

Լեգենդար լուսանկարիչ Վալերի Պլոտնիկովը, որը բազմաթիվ անգամ է եղել Երևանում, մի խորհուրդ է տալիս, որը չի վերաբերում լուսանկարչությանը, բայց անմիջականորեն կապված է մեզ հետ։

«Ես չեմ կարող համոզել աշխարհին, տրամվային, տրոլեյբուսին, որ ժպիտով սկսելով առավոտը, չհայհոյելով, չչարանալով կարելի է փոխել աշխարհը։ Դա հեշտ է։ Օրը սկսեք ժպիտով», – առաջարկում է Պլոտնիկովը։

Նա լուսանկարել է հազարավոր աշխարհահռչակ դեմքերի, որոնք հաճախ ժպտում են, բայց չեմ համարձակվի ասել, թե դա ինչ–որ կերպ ազդել է աշխարհակարգի փոփոխության վրա։ Լուսանկարչի ալբոմում հայկական դեմքեր շատ կան` Սերգեյ Փարաջանով, Սերգեյ Դովլաթով, Միքայել Թարիվերդիև, Ֆրունզիկ Մկրտչյան, Ալեքսեյ Հեքիմյան։ Ինչպես տեսնում եք, բոլորն արվեստի մարդիկ են, բոլորի դեմքին ժպիտ է։ Մի քանի տարի առաջ Պլոտնիկովը ներկա էր իր երևանյան ցուցահանդեսի բացմանը։

– Ինչո՞վ հիշվեցին հայերը, –հարցնում եմ ես։

– Աչքերի տխրությամբ, – պատասխանում է Պլոտնիկովը։

Ժպիտի օգնությամբ աշխարհը փոխելու հեռանկարը հակասում է կյանքի իրողություններին ու ևս մեկ անգամ հաստատվում Սերգեյ Փարաջանովի խոսքերով։ «Կենսագրություն... Ես այդքան լավ չեմ հիշում իմ կենսագրությունը։ Իմ կենսագրությունն ի՞նչ է։ Դարդ, ահա սա է նրա հավերժ բանաձևը»:

Պլոտնիկովը լավ է հիշում իր կենսագրությունը, իսկ ավելի լավ` այն մարդկանց, որոնց նկարել է։ Նրանցից շատերը` դերասաններ, ռեժիսորներ, բալետի արտիստներ, հայտնվել են «Խորհրդային էկրանի» շապիկին, ինչն այն տարիներին ճանաչման բարձրագույն աստիճան էր համարվում։

Զրուցակցիս դիտարկումներից, որոնք կարող են հաշվի առնել մեր լուսանկարիչները։

- Դերասաններ կան, որոնք այնքան էլ լավ չեն լուսանկարվում։

- Ինչո՞ւ է այդպես, - հարցնում եմ։

- Որովհետև լուսանկարահանման և կինոնկարահանման միջև մեծ տարբերություն կա։ Կինոյում կա գործընկեր, շարժում, տեքստ։

Լուսանկարում այդ ամենը չկա։ Ընդհանրապես, եթե մարդն ինձ հետաքրքիր չէ, ես նույնիսկ չեմ փորձում լուսանկարել նրան, որովհետև գիտեմ՝ ինձ մոտ ոչինչ չի ստացվի։ Ո՛չ երևակայություն, ո՛չ զգացմունքներ, ո՛չ ինտուիցիա, ոչինչ չի աշխատի։

- Իսկ կարո՞ղ է անհետաքրքիր լինել Ալլա Պուգաչովան։
- Չի կարող։ Մինչև հիմա ափսոսում եմ, որ հրաժարվել եմ լուսանկարել նրա ու Կիրկորովի ամուսնությունը։ Ինչ-որ անհասկանալի բան կատարվեց և․․․

Թերթում եմ ֆոտոալբոմները։ Շատ են հայտնի անձանց հետ խմբային լուսանկարները՝ Յուրի Լյուբիմով, Վլադիմիր Վիսոցկի, Ալեքսեյ Բատալով, Մարինա Վլադի, Ռոստրոպովիչ, Վոզնեսենսկի, Բոյարսկի․․․

Ինչպե՞ս է ստացվել, որ մի ակնթարթում բոլորին դեմքերին ուրախ զարմանք է հայտնվել։
- Ինչպես Եսենինի մոտ․ «Մատները բերանը և ուրախ սուլոցով․․․»։

«Պետք լինի՝ շնչելն էլ կարգելենք», կամ երբ ցավից երգեր են ծնվում

Պլոտնիկովի հետ զրուցելը մեծագույն հաճույք է․ անհայտ բաներ ես իմանում հայտնիների մասին։ Օրինակ` Մարինա Վլադին ելույթ է ունեցել Խորհրդային Միության Կոմկուսում, որպեսզի ավելի հեշտ լինի ԽՍՀՄ գալը և Վլադիմիր Վիսոցկու հետ հանդիպելը։ Կամ ֆիլմի ցուցադրությունից հետո Մարինա Վլադին ԽՍՀՄ-ում դարձել է ժողովրդի սիրելին, և նրա շուրջ հավաքվել են ԽՍՀՄ բոլոր ժողովրդական արտիստներն ու դափնեկիրները, իսկ նրանց մեջքի հետևում թռչկոտել է Վիսոցկին, որը հասակով ցածր է եղել․ «Է՜յ, տղերք, այդ կինն իմն է»։

Իսկ նրանք ուշադրություն չեն դարձնում, աքլորանում են Մարինայի շուրջը։

Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը

Դովլաթովին նկարել է Ամերիկայում, իսկ նա լուսանկարվել չէր սիրում, բայց Պլոտնիկովը համոզել է նրան։ Լույսն ու լուսանկարչական ապարատը դրել է․ «Արդեն ամեն ինչ պատրաստ է, դու պետք է միայն նստես»։ Եվ նա նստել է մի քանի կադրի համար։ «Կյանքումս մի քանի անգամ եմ տեսել, թե ինչպես է մարդը «մթագնում» հեռանալուց առաջ․․․ Այդ լուսանկարը վերջինն էր, մեկուկես ամիս անց Սերգեյ Դովլաթովը հեռացավ կյանքից»։

Մենք տոլմա ենք ուտում, խոսում Հայաստանի, Դիլիջանի, Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, հիշում ենք նրա անմոռանալի խոսքերը. «Դու տոլմա սիրո՞ւմ ես․․․»։

- Սիրում եմ ժապավենով լուսանկարել, սիրում եմ ձեռակերտ ամեն ինչ, - ասում է վարպետը և շարունակում։ - Այո, հիմա լուսանկարչության հանդեպ վերաբերմունքը բոլորովին այլ է։ Իհարկե, հիմա ավելի հեշտ է նկարել ժամանակակից տեխնիկայով։ Երբ ուզում եմ արագ հոնորար ստանալ, նկարում եմ թվային խցիկով, բայց հաճույքի համար մինչև հիմա աշխատում եմ միայն ժապավենով։ Թվայինը արագ է, հարմար, բայց փչացնում է։

Պլոտնիկովը կարծում է, որ ավելի լավ է լինել տաղանդավոր ու առողջ, քան հանճարեղ, բայց հիվանդ։ Այսօր նա գոհ է, որ ոչ մեկին ոչինչ պարտք չէ և ինչ կարող է անել, արել է։ Նա երջանիկ մարդ է, ունի հինգ դուստր և մեկ որդի, նրանցից ոչ ոք չի ընտրել հոր ուղին, բայց բոլորն էլ հիանալի մարդիկ են։ Նրանք բոլորը իմ ընկերներն են։ Կյանքը շարունակվում է։

Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա

9
թեգերը:
Ալլա Պուգաչովա, Սերգեյ Դովլաթով, Մհեր Մկրտչյան (Ֆրունզիկ), Լուսանկար, Վալերի Պլոտնիկով, հայեր
Ըստ թեմայի
Ում պատճառով «ջնջեցին» Ֆրունզիկին, կամ ինչ «առակ» է պտտվում Լևոն Տեր–Պետրոսյանի մասին
«Ժամանակին սարերում էինք ապրում». ինչու են հայերը նեղացել Դովլաթովից
«Սովորական ռուս մեծ գրողը». ով ստիպեց Դովլաթովին իր երակներում զգալ հայկական արյունը
Ֆրունզիկի հետ ապրել նույն շենքում. ինչպիսին էր դերասանն իրական կյանքում
Մահաթմա Գանդիի հուշարձանը Երևանում

Ինչո՞ւ նախօրոք չկազմակերպվեց հանրային քննարկում. Մահաթմա Գանդիի վիճելի հուշարձանը Երևանում

120
​Եկեք անկեղծ լինենք։ Երևանյան արձանները, որոնք տեղադրվել են նորանկախ Հայաստանում, միշտ էլ թեժ վեճերի առիթ են տվել։

 

Երևանյան հերթական վիճահարույց հուշարձանը. այս անգամ՝ Աջափնյակում

Հեռու չգնանք։ Ընդամենը մի քանի օր առաջ կառավարական շենքերից մեկի մուտքի մոտ հայտնված բրոնզաձույլ «Անվախ աղջկա» մասին ինչ ասես ասացին։ Եթե այդ խեղճ աղջիկը կարողանար խոսել, հաստատ կհիշեցներ մեզ. «Ախր դուք Նժդեհի արձանն էլ չէիք ընդունում, ասում էիք սա Նժդեհը չի, Պետրոս առաջինն է, ու նաև հեգնական ժպիտով հարցնում էիք. «Բա ինչո՞ւ է մեջքով շրջվել դեպի Հանրապետականների կենտրոնակայանը, որոնք իրենց նվիրյալ նժդեհական են համարում»»։

 

Ի դեպ, անվախ այդ աղջկա մյուս կողմում էլ մի քանի տարի առաջ բացվեց Արամ Մանուկյանի արձանը, որը նույնպես հայտնվեց որոշ մարդկանց քննադատության թիրախում։ Էլ չեմ ասում Առնո Բաբաջանյանի արձանի մասին՝ ախր «Տերմինատոր» էին անվանում։

​Այս ամենը հաշվի առնելով` համաձայնե՛ք, այլևս զարմանք չի առաջացնում այն հանգամանքը, որ, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել նաև Մահաթմա Գանդիի հուշարձանի տեղադրումը Երևանի Աջափնյակ թաղամասում՝ Հանրապետական հիվանդանոցի դիմացի այգում։ Իհարկե, որևէ մեկը չի կարող հերքել, որ Գանդին բացառիկ անձնավորություն է եղել, 5 անգամ ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Ճիշտ է, այդպես էլ չի ստացել այդ մրցանակը, բայց 2006 թվականին Նոբելյան կոմիտեի անդամները խոստովանել են՝ դա անարդար էր, նա միանշանակ պիտի Նոբելյան դափնեկիր հռչակվեր։ Իհարկե, նույնիսկ այն հայտնի գործիչները, որոնք լիովին ընդունում էին Գանդիի ուսմունքը, բավական վիճահարույց էին համարում այդ ուսմունքի որոշ դրույթներ։ Օրինակ` բրիտանացի գրող Ջորջ Օրուելը խոստովանում էր, որ իր համար անընդունելի է Գանդիի այն միտքը, թե մարդը չպիտի շատ սիրի իր հարազատներին և ընկերներին, որպեսզի կախման մեջ չընկնի նրանցից։

​Չգիտեմ, միգուցե Երևանի քաղաքապետարանն այնուամենայնիվ սխալ գործեց, որ նախօրոք չկազմակերպեց հանրային քննարկում։ Ախր դրա նախադեպերը կան։ Ընդամենը երկու ամիս առաջ Ռուսաստանում առցանց հանրաքվե անցկացվեց՝ ո՞ւմ արձանը տեղադրել Մոսկվայի Լուբյանկայում՝ Ֆելիքս Ձերժինսկո՞ւ, թե՞ Ալեքսանդր Նևսկու։ Ի վերջո ոչ մի արձան էլ չկանգնեցվեց։ Եվ ինչու հեռուն գնանք. տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանն արդեն որոշում էր կայացրել ու մտադիր էր տեղադրել Անաստաս Միկոյանի հուշարձանը, որպես հայտնի գործչի, որը ոչ միայն մեծ դեր է խաղացել Խորհրդային Միության տնտեսության զարգացման գործում, այլև 60-ականների սկզբներին անմիջականորեն մասնակցել է, այսպես կոչված՝ Կարիբյան ճգնաժամի կարգավորմանը` անձամբ բանակցելով Ջոն Քենեդիի հետ։

Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»

Սակայն ընդդիմախոսները հիշեցրին, որ 30-ականների ռեպրեսիաների ժամանակ, երբ Կրեմլը հանձնարարել էր Հայաստանում ձերբակալել և գնդակահարել 500 մարդու, Միկոյանը նամակ էր գրել Իոսիֆ Ստալինին՝ առաջարկելով կրկնապատկել այդ թիվը։ Այս հուշարձանից էլ ի վերջո մնաց միայն դրա տեղադրման մասին չկատարված որոշումը։

​Չմոռանանք, որ հուշարձանները նաև հանում են։ Չէ՛, խոսքը Վլադիմիր Իլիչի հսկա արձանը նրա անվան երևանյան հրապարակից հանելու մասին չէ։ Շատերը, հավանաբար, կհիշեն Մեքսիկայի մայրաքաղաքի Կենտրոնական զբոսայգում բացված՝ Հեյդար Ալիևի հուշարձանի հետ կապված պատմությունը։ Ադրբեջանի իշխանությունները խոստացել էին մեքսիկացիներին՝ մեր նախկին առաջնորդի արձանը տեղադրելու դիմաց մենք պարտավորվում ենք բարեկարգել ամբողջ զբոսայգին և նրան հարող տարածքները, հետո էլ ամեն տարի պատկառելի գումար հատկացնել այգին խնամելու համար։ Բայց ի վերջո Ալիևին հանեցին, երբ Մեքսիկայի մայրաքաղաքի բնակիչները սկսեցին բողոքել՝ լավ, ի՞նչ է արել այս բռնակալը մեր երկրի համար, որ մենք նրան նման պատվի ենք արժանացնում։

​Համաձայնեք, սա շատ լուրջ հարց է՝ իսկ ի՞նչ է արել այս մարդը մեր երկրի համար։ Երբ տարիներ առաջ Երևանի կենտրոնում կանգնեցվեց հայտնի բևեռախույզ, գիտնական և հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին, ո՞ւմ մտքով կանցներ նման հարց հնչեցնել։ Ախր նույնիսկ դպրոցականները գիտեն, թե ինչեր է արել նորվեգացին հայերիս համար։ Չեմ ուզում հիշեցնել այն հազարավոր հայ փախստականների մասին, որոնք, այսպես կոչված, «Նանսենյան անձնագրեր» ստացան։ Թույլ տվեք պարզապես մեջբերել Նանսենին. «Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որն իր հավասարն ունենա 1915 թվականին սկսված ջարդերի հետ։

Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը

Բայց չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը»։ Այս խոսքերը Նանսենն արտասանել է այն ժամանակ, երբ աշխարհի բազմաթիվ հայտնի, շատ հայտնի գործիչներ ուղղակի խուսափում էին խոսել Հայոց ցեղասպանության մասին։

120
թեգերը:
Հուշարձան, Երևան, Մահաթմա Գանդի
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Երկու հեղափոխությունների արանքում. ավելի լավ է պետական պաշտոնյա դառնալ
«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»
Եվրոպացիների հռչակած «պատմական հաշտությունը» Վրաստանում. իրականությո՞ւն, թե՞ պատրանք
Արխիվային լուսանկար

Փաշինյանի այցից հետո բերման ենթարկված Հարթաշեն բնակավայրի ղեկավարն ազատ է արձակվել

7
(Թարմացված է 08:55 23.04.2021)
Իրավապահները բերման էին ենթարկել Մեղրիի քաղաքապետին, Շուռնուխի գյուղապետի եղբորն ու այլ սյունեցիների։ Նախնական տվյալներով` 16 մարդու։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Գորիսի Հարթաշեն գյուղի վարչական ղեկավարն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20–ին և 21–ին գնացել էր Սյունիք, որտեղ նրան մեղմ ասած` գրկաբաց չընդունեցին։ Քաղաքացիները տարբեր համայնքներում փողոց էին դուրս եկել ու հնչեցրին ոչ այնքան կոռեկտ արտահայտություններ վարչապետի հասցեին։ Ապրիլի 22–ի առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները բերման են ենթարկել Մեղրիի քաղաքապետին, Շուռնուխի գյուղապետի եղբորն ու այլ սյունեցիների։ Նախնական տվյալներով` 16 մարդու։

«Հայտնի քրեական գործի շրջանակներում ապօրինի ձերբակալված Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանը դատավոր Դավիթ Հարությունյանի օրինական որոշմամբ ազատ արձակվեց»,–գրել է նա։

Տեղեկություն կա, որ Սյունիքի նախկին մարզպետին և նրա կնոջը ձերբակալելու են. հայտարարություն

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Խուլիգանության հոդվածով բերման էին ենթարկել Սյունիքի 16 բնակչի։

7
թեգերը:
Գյուղապետ, Ձերբակալություն, Բողոքի ակցիա, Սյունիք
Ըստ թեմայի
«Սյունեցիների քայլերն արդարացի էին». Սյունիքի նախկին մարզպետը մասնակցում է բողոքի ակցիային
Դուք իրավասու չեք կոնկրետ գործերով գնահատական տալ. ՄԻՊ–ի կոշտ արձագանքը Սյունիքի դեպքերին
Սյունիքից բերման ենթարկվածների թիվը 16-ն է. կան նաև ինքնակամ ներկայացողներ