«Օսկար» մրցանակ

Հայաստանն այս տարի էլ «Օսկարի» հույսեր չունի, բայց ամերիկահայերը կարող են ստանալ

134
(Թարմացված է 23:17 26.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Տարեցտարի կրկնվում է նույն տխուր պատկերը՝ մենք Երևանից հերթական ֆիլմն ենք ներկայացնում «Օսկարի», իսկ ամերիկյան կինոակադեմիան այն հերթական անգամ մերժում է։
Հայաստանն այս տարի էլ Օսկարի հույսեր չունի, բայց ամերիկահայերը կարող են ստանալ

Այս տարին ամենևին բացառություն չէր, թեև «Օսկարի» հանձնման արարողությունը, որը սպասվում էր փետրվարին, այժմ կայանալու է մեկ ամիս անց՝ ապրիլի 25-ին։ Ինչևէ, Հայաստանը «Օսկարի» էր ներկայացրել Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» կինոնկարը։ Ֆիլմը նվիրված է Կոմիտասի կյանքի այն ժամանակաշրջանին, որը համընկնում է նախանցած դարի վերջի Համիդյան սարսափելի ջարդերին։ Բայց այս կինոստեղծագործությունը, որը ներկայացված էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, այդպես էլ չընդգրկվեց այսպես կոչված «շորթ լիսթում», այսինքն՝ այն 15 կինոնկարների ցանկում, որից պետք է ընտրություն կատարեին ժյուրիի անդամները։

Փոխարենը տարբեր անվանակարգերում տեղ գտան այնպիսի կինոնկարներ, որոնց ստեղծմանը այս կամ այն կերպ անմասն չեն ամերիկահայերը։ Մեկը «Բույնը» մուլտիպլիկացիոն ֆիլմն է, որի ռեժիսորը և սցենարիստը Մադլեն Շարաֆյանն է Կալիֆոռնիայից։ Այս կինը միանգամից հայտնի դարձավ իր երկրորդ անիմացիոն ֆիլմով, որը կոչվում է «Օմլետ» և պատմում է մի համակրելի ու հոգատար շան մասին, որն իր պատրաստած ուտեստներով փորձում է գոնե մի քիչ ուրախացնել տխուր տիրոջը։ Կինոքննադատներից մեկը գրել է. «Սա ցնցող և անասելի հուզիչ մի կարճամետրաժ մուլտ է, իր տեսակի մեջ եզակի»։

Երկաթե վարագույր. ինչո՞ւ էր լավ «Սովետի» ժամանակ

Իսկ այս տարի «Օսկարին» է ներկայացվել Մադլեն Շարաֆյանի «Բույնը»։ Այն պատմում է նապաստակի մասին, որը փորձում է բույն սարքել գետնի տակ, բարեկարգել այն, բայց ամեն անգամ պատը փորելիս հայտնաբերում է, որ շրջակա ողջ տարածքը վաղուց արդեն զբաղեցրել են բազմաթիվ բնակիչներ` մրջյուններից ու մկներից սկսած մինչև խլուրդ և նույնիսկ փորսուղ։ Նապաստակին բոլորովին դուր չի գալիս այդքան շատ ու բազմազան ստորգետնյա հարևանների ներկայությունը։ Նա փորձում է իր բույնը տեղափոխել դեպի գետնի խորքերը, բայց հանկարծ… Լավ, չեմ պատմի, թե ինչ պատահեց, որովհետև, ինչպես բոլորս գիտենք, կինոն նախօրոք պատմելը լավ բան չէ։ Միայն ասեմ, որ Մադլեն Շարաֆյանը համոզված է՝ նույնիսկ ձանձրալի և նյարդայնացնող հարևանները դժվար պահին քեզ սատար կկանգնեն։

Եվ շատ կարճ՝ «Օսկարի» ներկայացված երկրորդ ֆիլմի մասին, որի պրոդյուսերն է Սևակ Օհանյանը։ Դեռ 20 տարեկանում Օհանյանը նկարահանեց «Իմ մեծ, չաղ հայկական ընտանիքը» կինոկատակերգությունը, որը, ինչպես նշում են կինոքննադատները, բավական մեծ հաջողություն ունեցավ մանավանդ աշխարհի տարբեր հայ համայնքներում։ Այնինչ ողջ լիամետրաժ ֆիլմի բյուջեն կազմում էր, չեք հավատա, ընդամենը 800 դոլար։

Իսկ այն կինոնկարը, որը մեկ ամսից հավակնելու է «Օսկարին», կոչվում է «Հուդան և սև մեսիան», պատմում է 60-ականներին Ամերիկայում տեղի ունեցած իրական դեպքերի մասին, երբ ոստիկանությունը քրեական հանցագործություն կատարած մի ամերիկացու հետ գործարք է կնքում՝ մենք քեզ ազատ կարձակենք, բայց փոխարենը դու պիտի հետևես մարդու իրավունքների համար պայքարող «Սև հովազներ» կազմակերպության Չիկագոյի բաժանմունքի ղեկավար Ֆրեդ Հեմփթոնի ամեն քայլափոխին։

«Գրին» քարտ չունեցանք, գոնե դեղին ստանանք

«Էսքուայր» հանդեսին Սևակ Օհանյանը պատմել է, որ նկարահանող խմբի ոգեշնչման աղբյուրը 60-ականներին էկրան բարձրացած արաբական լավագույն ֆիլմերից մեկն էր՝ «Ճակատամարտ Ալժիրի համար», որտեղ նկարագրվում է ալժիրցիների պայքարը իրենց իրավունքների, ազատության, արժանապատվության և Ֆրանսիայի տիրապետությունը թոթափելու համար։

6 անվանակարգերում ներկայացված ամերիկյան այս ֆիլմի սյուժեն էլ չեմ ուզում վերապատմել։ Ասեմ միայն, որ Սևակ Օհանյանի առջև ռեժիսորը այսպիսի խնդիր էր դրել՝ գտնել Հեմփթոնի որդուն, մասնակից դարձնել նրան կինոյի նկարահանումներին և անընդհատ ճշտել նրանից՝ արդյոք մենք հավաստի՞ ենք ներկայացնում քո հոր կերպարը։ Ըստ մասնագետների` Սևակ Օհանյանը փայլուն է կատարել առաջադրանքը, ավելին՝ ջերմ ընկերական հարաբերություններ է հաստատել կրտսեր Հեմփթոնի հետ, որոնք շարունակվում են մինչ այժմ։

Հանուն նախագահ դառնալու կբաժանվեի՞ք ամուսնուց, կամ տնից մեկը պիտի զբաղվի քաղաքականությամբ

134
թեգերը:
ֆիլմ, հայեր, «Օսկար» մրցանակաբաշխություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (349)
Ըստ թեմայի
«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»
Լսելով կապիտուլյացիայի մասին` նա արտասվեց. լեյտենանտի համար պատերազմն ավարտվեց 29 տարի ուշ
Ժպտացեք անծանոթներին ու երջանիկ կլինեք, կամ հայուհիները չե՞ն տարբերվում մյուսներից
Վերին Դվին

Վերին Դվինի ասորիները․ կյանքի, պատմության, պատերազմի ու հայր Նիկոդիմի մասին

215
(Թարմացված է 13:14 10.04.2021)
Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Գևորգյանն այցելել է Արարատի մարզի Վերին Դվին գյուղ և տեսել, որ այս գարունն առանձնապես չի ուրախացնում տեղի բնակիչներին։

Վերին Դվինում ծիրանենիները ծաղկել են, բայց գյուղացիները մռայլ են ու մտահոգ։ Պատերազմն իր դառը հետքն է թողել նրանց հոգում։ Անգամ ասորական ազգային տոնը, որն ավանդաբար նշվում է ապրիլի սկզբին, առանձնապես ուրախ չի անցել։ Գյուղում հիմնականում ապրում են աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի ներկայացուցիչները՝ ասորիները։

Цветущее дерево в селе Верин Двин, Араратская область
© Sputnik / Ashot Gevorgyan
Վերին Դվին

Հայաստանի ազգային փոքրամասնություններից թվով երրորդն են եզդիներից և ռուսներից հետո։ Ժամանակին մեր երկրում գրեթե վեց հազար ասորի էր ապրում, բայց շրջափակման խիստ պայմանների պատճառով համայնքը գրեթե կրկնակի կրճատվեց. նրանց մեծ մասը մեկնեց Ռուսաստանում բախտ փնտրելու։

Дорожный указатель при въезде в село Верин Двин, Араратская область
© Sputnik / Ashot Gevorgyan
Վերին Դվին

Հայ-ասորական հարաբերությունները գոյություն են ունեցել դեռևս անտիկ ժամանակներից։ Հայաստանին նախորդած Ուրարտուն հաճախ էր հակամարտություններ ունենում Ասորեստանի հետ։ Ասորական մշակույթի կարևորագույն սյունը մնում է մայրենի լեզուն, որը վերապրել է հին արամերենի էվոլյուցիան։ Հայաստանի ասորիները խոսում են արևելյան արամերենով և արամերեն այբուբեն են օգտագործում։ Նրանք նաև հիանալի տիրապետում են հայերենին և ռուսերենին, իսկ արտաքինով շատ նման են տեղացի հայերին։

«Մեր հայրենակից առաջին հինգ ընտանիքները ժամանակակից Հայաստանի տարածքում են հայտնվել 1805թ․-ին, որն այն ժամանակ պարսկական լծի տակ էր, իսկ զանգվածաբար սկսել են այստեղ բնակություն հաստատել 1826-1828 թվականներին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո։ Մեր նախնիները Ռուսական կայսրության նոր կովկասյան տարածքներ են տեղափոխվել հայերի հետ միասին Ուրմիա լճի շրջակայքից։ Իսկ քսաներորդ դարի 20-ական թվականներից բազմաթիվ ասորի ընտանիքներ Հայաստան են փախել Օսմանյան կայսրության հարավարևելյան վիլայեթներից, որտեղ մեր 750 000 հայրենակիցները թուրք դահիճների զոհ են դարձել։ Մենք նրանց հիշատակին հարգանքի տուրք ենք մատուցում օգոստոսի 7-ին»,-ասում է Լյուդմիլա Պետրովան, որը գյուղապետարանը ղեկավարում է 2004թ․-ից։

Староста села Верин Двин Людмила Петрова
© Sputnik / Ashot Gevorgyan
Լյուդմիլա Պետրովա

Աշխարհում ասորիներին ընդհանուր թիվը գրեթե հինգ միլիոն է, կրոնը՝ միայն քրիստոնեություն։ Շատ առումներով դա մտերմացնում է նրանց ու հայերին։ Հայաստանում ասորիները բնակվում են հիմնականում Արզնիում և Արարատի մարզի երեք գյուղերում՝ Կոյլասար (կամ Դմիտրով), Նոր Արտագերս և Վերին Դվին, ավանդաբար զբաղվում են հողագործությամբ։

Վերին Դվինում ասորիները գրեթե 80 տոկոս են կազմում։ Գյուղում գործում է 1828թ․-ին կառուցված Մար Թումա եկեղեցին և «Մարեզ» մատուռը, որը թվագրվում է 1830 թվականով։ Գործում է «Աթուր» ՀԿ-ն, ինչպես նաև ազգային երգի և պարի համանուն համույթը։ Գյուղի դպրոցում երեխաները սովորում են մայրենի լեզուն և ասորական պատմությունը` պահպանելով ազգային ու մշակութային ավանդույթները։

Ассирийский храм в селе Верин Двин
© Sputnik / Ashot Gevorgyan
Ասորիների մատուռը

Տեղի ասորական վանքի վանահայրը՝ հայր Նիկոդիմը, պատմում է, որ ասորիները առաջին քրիստոնյաներից են եղել հնագույն Մերձավոր Արևելքում։ Պատմաբան Մովսես Խորենացին գրում էր, որ Հիսուս Քրիստոսի առաքյալների հետ միասին Հայաստան են եկել նաև առաջին քիրստոնյա քարոզիչները, որոնք ասորիներ են եղել։

Настоятель ассирийского храма в селе Верин Двин, отец Никодим
© Sputnik / Ashot Gevorgyan
Հայր Նիկոդիմ

«Թեև 7-րդ դարում Միջագետք ներխուժեցին արաբ նվաճողները և սկսեցին հրով ու սրով շատ ասորիների մահմեդականացնել, բայց մեր մեջ հիմա էլ չկան այնպիսիք, որ մայրենի լեզվով խոսեն, բայց մուսուլման լինեն»,-ասում է հայր Նիկոդիմը։

Խորհրդային տարիներին, երբ գերակայում էր աթեիզմի քաղաքականությունը, ասորիները եկեղեցիներ ու հոգևոր կյանք չունեին։ Մարդիկ մատուռներ էին սարքում իրենց նկուղներում կամ հեռավոր քարանձավներում` հնագույն հավատքը պահպանելով իրեն հոգում։ Հայաստանում ասորիների համար առաջին եկեղեցական պատարագը մայրենի լեզվով կայացել է 2003թ․-ին։ Այդ օրվանից էլ սկսվել է վերածնունդը։

Աստիճանաբար խոսքը թեքվում է արցախյան պատերազմի կողմ։ Մարտական գործողությունների մասնակիցների թվում է եղել նաև հոգևորական Նիկոդիմ Յուխոնաևը․ կամավոր է եղել։

«Մարտական գործողությունների բնույթը մեզ ստիպեց որոշում ընդունել ասորիների առանձին ջոկատ չստեղծել, այլ միանալ տարբեր կամավորական խմբերին։ Հակառակորդը կետային հարվածում էր կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե հարվածի տակ ընկնեին մեր մարտիկներից քսանը։ Վշտի մեջ կընկեր միանգամից քսան ասորի ընտանիք»,-ասում է հայր Նիկոդիմը։

Նրա խոսքով՝ ամբողջ ասորի համայնքից 140 կամավորական է մասնակցել պատերազմին։ Ութը զոհվել են (մեկը՝ Վերին Դվինից), մեկ անհետ կորած կա, քսանը վիրավորվել են։ Ռազմաճակատ է ուղարկվել 8 բեռնատար օգնություն․ մթերք, քնապարկեր, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ․․․

«Մեր հայրենակիցներից շատերը ապաստան էին տվել արցախցի փախստականներին։ Արցախցիների թվում նաև ասորիների մի քանի ընտանիք կա Բերձորից ու Ստեփանակերտից»,-ասում է նա։

Վերջում հայր Նիկոդիմին խնդրում եմ «Հայր մերը» կարդալ արամերենով։ Ցնցող է հնչում։

Վերևին Դվինի ասորական վանքի վանահայր հայր Նիկոդիմը հայր Նիկոդիմը «Հայր մերն» է կարդում արամերենով

Հետդարձի ճանապարհին մտքերի մեջ եմ ընկնում ու մտածում՝ Աստված չանի, որ հայրենիքը կորցրած մեր ասորի եղբայրների ճակատագիրն ունենանք․․․

215
թեգերը:
հայեր, Պատերազմ, ասորի, Հայաստան
Ըստ թեմայի
Արագածից մինչև Արարատ․ ազգ, որը հայերի չափ սիրում է հայոց լեռները
Մոլոկանները Հայաստանում. կյանքն առանց հեռուստացույցի, խոզի մսի և օղու
Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը
ԱԷԿ

Քաղաքականացված էներգետիկան, կամ ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցմանը Բաքուն ամեն կերպ խանգարելու է

283
(Թարմացված է 23:57 09.04.2021)
Էներգետիկան ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքականության մաս է կազմում։ Ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանում նոր կառուցվող ատոմակայանը տարածաշրջանի համար, ինչ կեցվածք ունեն այս հարցում մեր հարևաններն ու ինչ դեր ունի Ռուսաստանը` վերլուծել է սյունակագիր Արտյոմ Երկանյանը։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմանը Ռուսաստանի մասնակցության հեռանկարները: Եթե պետության ղեկավարների մակարդակով այդ հարցը նախկինում անգամ քննարկվել է, ապա այդ մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն եղել։ Քանի որ այս անգամ սպասվող համագործակցության մասին կողմերն արդեն հրապարակային են խոսում, կարելի է ենթադրել, որ այդ հարցում արդեն իսկ սկզբունքային որոշում կա։

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հարցն ավելի ու ավելի արդիական է դառնում, քանի որ ներկայում գործող ատոմակայանի շահագործման ժամկետը սպառվում է։ Երևանում ոչ ոք լրջորեն նույնիսկ չի քննարկում ատոմային էներգետիկայից հրաժարվելու հնարավորությունը։ Ստեղծված պայմաններում այն այլընտրանք չունի և առաջիկայում չի կարող ունենալ։ Հայաստանի կառավարությունը հունվար ամսին էներգետիկայի զարգացման նոր ռազմավարություն է ընդունել, որը ենթադրում է շեշտը դնել ատոմային էներգետիկայի զարգացման վրա։

Հիմա Երևանից 30 կմ հեռու՝ Մեծամոր քաղաքում գտնվող ատոմակայանն արտադրում է երկրին անհրաժեշտ էլեկտրականության գրեթե կեսը։ Դրա առաջին բլոկը գործարկվել է 1976թ․-ին։ Ներկայում գործող էներգաբլոկը՝ 407 ՄՎտ հզորությամբ, գործում է 1980թ․-ից։ Բարոյապես հնացած ՋՋԷՌ-440 (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր)տիպի ռեակտորի աշխատանքի նորմատիվ ժամկետն անցել է։ Միջազգային փորձագետների հավանությամբ դրա շահագործումը երկու անգամ երկարացվել է։ Մասնագետները հավատացնում են, որ ռեակտորն առանց խնդիրների կարող է աշխատել ընդհուպ մինչև 2036 թվականը։ Բայց դա ծայրագույն ժամկետն է։ Դրանից ամենաքիչը 10 տարի առաջ պետք է սկսել նոր կայանի կառուցման գործնական աշխատանքները։

Թեև նոր ատոմակայանի կառուցման թեման քննարկվում է արդեն 20 տարի, սակայն նկատելի է, որ երկրի ղեկավարությունը մինչև վերջերս չէր շտապում վերջնական որոշում կայացնել։ Պատճառները ծանրակշիռ են։ 2018-ի մարտին էներգետիկ ենթակառուցվածքների այն ժամանակվա նախարար Աշոտ Մանուկյանը, պատասխանելով այն ժամանակ խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հարցին, պարզաբանել էր.

«Միջուկային տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում։ Եթե 5 տարի առաջ մենք ընտրություն ունեինք երկու տարբեր տեխնոլոգիաների միջև, ապա այսօր արդեն 5 այլընտրանք ունենք, որոնցից յուրաքանչյուրը շատ ավելի էժան է և հուսալի։ Այդ պատճառով կառավարությունը հստակ որոշում է ընդունել գործող էներգաբլոկն օգտագործել այնքան ժամանակ, քանի դեռ դրա ռեսուրսը չի սպառվել։ Իսկ այդ ժամկետին ավելի մոտ կորոշվի, թե ինչպես և ինչ տեխնոլոգիայով կառուցել նոր էներգաբլոկը»։

Հիմա արդեն անիմաստ է հետաձգել խնդրի լուծումը։

Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը

Վերջին անգամ նոր ատոմակայանի կառուցման հարցը կառավարությունում լրջորեն քննարկվել է 2016թ․-ի  փետրվարին։ Այդ ժամանակ Էներգետիկայի նախարարության ներկայացրած 5 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը որոշվեց վերադարձնել լրամշակման։ Սկզբունքային ճշգրտումները մի քանիսն էին։

Առաջին հերթին վերանայվեց ապագա կայանի հզորությունը՝ 1000 ՄՎտ-ից իջեցնելով 600-ի(դա թույլ կտա 1,5-2 մլրդ դոլարով կրճատել ծախսերի նախահաշիվը)։ Երկրորդ՝ որոշվեց հրաժարվել շինարարության համար վարկ վերցնելու մտադրությունից։ Նախապատվությունը տրվեց ուղղակի ներդրումներին՝ պետական երաշխիքներով։

Ի սկզբանե կառավարությունը նախատեսում էր ներդրողների համաշխարհային կոնգրես հրավիրել ԱԷԿ-ի կառուցման միջոցներ ներգրավելու համար։ Բայց այդ մտքից ստիպված եղան հրաժարվել։ Պարզ դարձավ, որ ավելի հեշտ է ներդրողներ փնտրել նրանց շրջանում, ովքեր ի վիճակի են կառուցել բուն կայանը։ Այսինքն՝ նախագիծը, ամենայն հավանականությամբ, պետք է ֆինանսավորեն ոչ թե ընկերություններն ու բանկերը, այլ գործընկեր երկրների պետական կամ մերձպետական կառույցները։

Էներգետիկան ժամանակակից աշխարհում  աշխարհաքաղաքականության մաս է կազմում։ ԱԷԿ-ի կառուցմանն ու շահագործմանը մասնակցելը երկրում և տարածաշրջանում քաղաքական ներկայության ձև է։ Հենց այդ պատճառով էր Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նախագիծն այդպիսի հետաքրքրություն առաջացնում հայկական աշխարհաքաղաքական դաշտում հանդես եկող հիմնական խաղացողների շրջանում։ Որպես առավել հեռանկարային միշտ դիտարկվել է Ռուսաստանի ներգրավումը։ Բայց այլ տարբերակներ նույնպես քննարկվել են։ Նախագծի հանդեպ հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Ֆրանսիան։

2011թ․-ին Նիկոլա Սարկոզին Երևան կատարած իր այցի ժամանակ ասել էր, որ քննարկվում է Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը ֆրանսիական ընկերությունների մասնակցության հարցը։ Արտաքին տնտեսական կապերի պետքարտուղար Պիեռ Լելուշն այն ժամանակ հայտարարել էր. «Ֆրանսիան լրջորեն դիտարկում է իր մասնակցությունը Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը»։ Ավելի ուշ Երևան այցելեց ատոմային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած ֆրանսիական ORANO ընկերության մասնագետների խումբը:

Նրանք հանդիպում ունեցան փոխվարչապետի հետ։ 2018 թ․-ի նոյեմբերին էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ հետաքրքիր առաջարկներ կան ոչ միայն ֆրանսիացիներից, այլև չինացիներից։ Հայաստանյան և արտասահմանյան մամուլում զանազան մեկնաբանություններ ստացան Բաղրամյանի այս խոսքեր։ Գրվեց, թե «Ռուսաստանը դեռևս չի դիտարկվում որպես նոր ատոմակայանը կառուցող»։

Հայկական «խելացի» բիզնեսը․ էներգաարդյունավետության մասնագետները ոչ մեկին պետք չեն

Ինչ-որ մեկը շտապեց դա անվանել ԱԷԿ-ի կառուցման գործում Ռուսաստանի հետ գործընկերությունից հրաժարվելու Երևանի մտադրություն։ Բայց 2018թ․-ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հստակ հայտարարեց. «Ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում ես հույս եմ դնում Ռուսաստանի օգնության վրա, քանի որ այս պահին մենք նախագծի իրականացման համար բավարար ռեսուրսներ չունենք։ Եթե մեր ռուս գործընկերները ցանկանան մեզ օգնել, մենք հաճույքով կընդունենք այդ օգնությունը»։

Ատոմային էներգետիկայում մասնագիտացած ռուսական պետական կորպորացիաները կոմերցիոն և քաղաքական շահագրգռվածության դեպքում կարող են պետությունից 3-4 միլիարդ դոլար ներդրում ներգրավել։ Ղեկավարների համապատասխան կամքը լինի, մնացածը տեխնիկայի հարց է։ Եթե չնախատեսված հանգամանքներ չլինեն, շինարարական աշխատանքները կտևեն 6 տարուց ոչ ավելի։

Մասնագետները նշում են, որ տրանսպորտային ենթակառուցվածքների սպասվող գործարկումը զգալիորեն կհեշտացնի նախագծի իրականացումը։ Բանն այն է, որ շրջափակման պայմաններում ռեակտորի առաքման հետ կապված լուրջ դժվարություններ կարող էին առաջանալ։ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը թույլ կտա լուծել այդ խնդիրը։

Ի դեպ, անբարյացակամ տրամադրված հարևանները խանգարելու հնարավորություններ ունեն։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անդրսահմանային համատեքստի մասին կոնվենցիայի (Էսպոյի կոնվենցիա) համաձայն՝ նախքան ատոմային էլեկտրակայանի կառուցումը պետությունը պարտավոր է շրջակա բոլոր երկրներին մանրամասն զեկույց տրամադրել բնապահպանական ռիսկերի մասին:

2011թ.-ի մայիսին ադրբեջանական կողմը, հղում անելով այդ միջազգային փաստաթղթին, պահանջեց դիտարկել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման թույլատրելիության հարցը։ Ադրբեջանի տրանսպորտի նախարարությանը կից Միջուկային հետազոտությունների կենտրոնի նախագահ Ադիլ Ղարիբովը վերջերս հայտարարել էր, որ Բաքուն չափազանց խիստ է լինելու Հայաստանի հանդեպ իր պահանջներում:

Ըստ էության, սա ակնարկ է, որ Բաքուն նոր ԱԷԿ-ի կառուցմանը խանգարելու է իրեն հասանելի բոլոր միջոցներով։ Այդ ոգով է արտահայտվել նաև Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Մահմուդ Քարիմովը։

Հանդես գալով ԱՏԷՄԻԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն)հաշվետու ժողովում, նա հայտարարել էր, որ հայերին պետք է մերժել նոր ԱԷԿ կառուցելու իրավունքը, քանի որ «Հայաստանը տնտեսական տեսանկյունից թույլ երկիր է և չի կարողանա սպասարկել մեծ հզորություն ունեցող ռեակտորը»։ Բավականին վիճելի պնդում է, նկատի ունենալով, որ Հայաստանն ամբողջ տարածաշրջանում ատոմային էլեկտրակայան ունեցող միակ պետությունն է և այն պահելու ու սպասարկելու հետ կապված բարդություններ երբևէ չի ունեցել։ Համենայն դեպս՝ ԱՏԷՄԻԳ-ի կողմից բողոքներ չեն եղել։

Բացառված չէ, որ Անկարան նույնպես մեր նախագիծը ձախողելու փորձեր անի։ Մի քանի տարի առաջ Թուրքիայի Մեջլիսում Մեծամորի էլեկտրակայանը փակելու պահանջ առաջ քաշելու փորձեր անգամ արեցին։ Ազգային Մեծ ժողովի  պատգամավոր Սինան Օհանն առաջարկել էր հատուկ խորհրդարանական հանձնաժողով ձևավորել՝ «սահմանակից պետությունների շրջակա միջավայրի վրա հայկական ԱԷԿ-ի բացասական ազդեցության գնահատման համար»։

Էրդողանը կկարողանա՞ ԱԷԿ-ն օգտագործել ատոմային ռումբ ստեղծելու համար

Էթնիկ ադրբեջանցի Սինան Օհանն այն ժամանակ Վրաստանին ու Իրանին այս արկածախնդրության մեջ ներգրավելու զուր փորձեր արեց։ Նա հատուկ առաքելությամբ այցելեց Թբիլիսի և Թեհրան։ Իսկ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց․ «Ես հանդիպել եմ Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ և ներկայացրել նրանց Հայաստանից բխող ռադիոակտիվ վտանգը։ Հիմա նրանք կիսում են մեր դիրքորոշումը։ Իրանում նույնպես պետք է գիտակցեն, որ Մեծամորի ԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում Հայաստանի բոլոր հարևանների համար»։

Մինչդեռ Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցումը պետք է որ ձեռնտու լինի հարևաններին։ Չէ՞ որ մեր երկիրը կարող է էժան էլեկտրաէներգիա արտահանող լինել։ Հայաստանը, որը խաղաղ ատոմի շահագործման հսկայական փորձ ունի, կարող է յուրօրինակ էներգետիկ հանգույց դառնալ ամբողջ տարածաշրջանի համար։

Երևանը պատրաստ է հանդես գալ այս դերում։ 2009թ․-ին, ելույթ ունենալով Ծաղկաձորում կայացած «Կամուրջ» միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց․«Հայաստանում ատոմային էլեկտրակայանի կառուցումը կայունացնող դեր կխաղա տարածաշրջանում։ Երևանը հետաքրքրված է այդ նախագծում Թուրքիայի մասնակցությամբ։ Մենք բաց ենք երկխոսության համար»։

Եվ իսկապես, Թուրքիան չի խորշում հայկական էլեկտրականությունից։ Այդ է վկայում 2008թ․-ի սեպտեմբերին ստորագրված պայմանագիրը։ Այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլի Երևան կատարած այցի հաջորդ օրը թուրքական «Յունիթ Գրուպ Ինթերնեյշնլ» ընկերության ներկայացուցիչները և «Հայաստանի Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավարները ստորագրեցին մի փաստաթուղթ, որի համաձայն Հայաստանը պարտավորվում էր հարևան երկիր մատակարարել մինչև երեքուկես միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Նշեմ, որ մեր հարևաններին էլ են գայթակղել խաղաղ ատոմի առավելությունները։ Թուրքիայում հիմա երկու ատոմակայան է կառուցվում։ Եվ անգամ Ադրբեջանում, որը պարծենում է ածխաջրածինների հսկայական պաշարներով, ԱԷԿ-ի կառուցման նախագիծ է մշակվել։ Եթե անգամ Անկարան ու Բաքուն են հանգել այն եզրակացության, որ ատոմային էներգետիկան առաջնահերթություն է, ապա Երևանի համար հաստատ կասկածելու տեղ չկա։

283
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)
Ըստ թեմայի
Հայկական ԱԷԿ-ն ու «ՏՎԷԼ»–ը միջուկային վառելիքի մատակարարման փաստաթղթեր են ստորագրել
Ինչու է Հայաստանը մերժել ԱԷԿ–ի վերանորոգման ՌԴ–ի վարկը. պարզաբանում է փոխնախարարը
Ռազմավարության նպատակը` նոր ատոմակայանի կառուցում. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ԱԷԿ են այցելել
Գյուղատնտեսական աշխատանքներ Արցախում

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի ուղղությամբ

98
(Թարմացված է 18:37 11.04.2021)
Ռուսական զորակազմի հետ բանակցություններ են վարվում՝ հետագա դեպքերը բացառելու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ադրբեջանցիները կրակել են Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի ուղղությամբ։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, Արցախի ոստիկանություն կրակոցների մասին հաղորդում չի ստացվել, այդ մասին ավելի ուշ է հայտնի դարձել։

«Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են։ Հարցն Անվտանգության խորհրդի տիրույթում է, բայց մենք ներքին անվտանգության հարցից ելնելով՝ ավելի ենք ուժեղացրել ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերը»,- նշեց Թադևոսյանը։

Առաջիկայում նախատեսվում է այդ ճանապարհին մի քանի դիրք ևս ավելացնել։

Թադևոսյանի խոսքով՝ նախարարի մակարդակով բանակցություններ են անցկացվել նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հետ՝ բացառելու նման դեպքերի կրկնությունը։ Ադրբեջանական կողմից էլ նշել են, թե կրակոցները թիրախավորված չեն եղել։

Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե 20 րոպե կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ։

«Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ կրակոցները գրեթե 20 րոպե են շարունակվել։

Հուսով ենք` ռուսական կողմը պատշաճ կարձագանքի կատարվածին. Արցախի նախագահի խոսնակ

Նշում է՝ նախկինում եղել է, որ օդ կրակեն՝ որպես զգուշացում, բայց գյուղի ուղղությամբ կրակելու առաջին դեպքն էր։

Դրանից հետո գյուղում խուճապ չկա, գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են, թեպետ նշված դաշտում աշխատել դեռ վախենում են։

Սարուշեն գյուղն այսօր սահմանամերձ է՝ դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հրադադարից հետո այն վերաբնակեցվել է։

98
թեգերը:
կրակոց, ադրբեջանցի, Արցախ
Ըստ թեմայի
Պուտինը բանակցություններ է վարել Էրդողանի հետ ու քննարկել Ղարաբաղի թեման
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Վարդաձորի բնակիչներին
«The Halo trust»-ը զինամթերքի պայթեցման աշխատանք է իրականացնելու Իվանյան գյուղում