Օլիմպիական կրակ

2 պատերազմ և համավարակ. 3 անգամ օլիմպիական խաղերը հետաձգվել կամ չեն կայացել

105
Եկեք անկեղծ լինենք։ Օլիմպիադան, որը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր անցած տարվանից, ըստ երևույթին, ամռանը այնուամենայնիվ կկայանա Ճապոնիայում։
Ձախորդ Օլիմպիադան, որին ոչ միայն աշխարհում, այլեւ Ճապոնիայում են դեմ, բայց որն այնուամենայնիվ կկայանա

Այնտեղ այսօր սկսվել է օլիմպիական կրակի, այսպես ասենք՝ ճանապարհորդությունը երկրով մեկ, և օլիմպիական ջահի փոխանցումավազքին առաջիկա ամիսներին կմասնակցի 10 հազար մարդ։ Այնինչ դեռ այս տարվա սկզբին տարբեր պաշտոնյաներ ասում էին՝ ժամանակ կա, և եթե որոշենք այս տարի էլ հետաձգել կամ ընդհանրապես չանցկացնել 2020 թվականի Օլիմպիադան, դա կարող ենք անել մինչև մարտի 25-ը։

​Ծագող արևի երկրում արևն այսօր վաղ է ծագել. որոշում, կարծես թե, չկա և ուրեմն մոտ չորս ամսից՝ հուլիսի 23-ին, Տոկիոյում կմեկնարկեն օլիմպիական խաղերը՝ հակառակ այն հանգամանքին, որ աշխարհը հիմնականում դրանց դեմ է։ Շատ կոնկրետ թվեր կարող եմ բերել. վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն` Օլիմպիադային դեմ են ամերիկացիների երեք քառորդը, ֆրանսիացիների մոտ երկու երրորդը, Հարավային Կորեայի և Թաիլանդի բնակիչների 95 տոկոսը, ինչպես նաև չինացիների 82 տոկոսը։ Ինչպես տեսնում եք, խիստ բացասական վերաբերմունքը Օլիմպիադայի անցկացման հանդեպ գերակշռում է, այն էլ ինչպե՜ս է գերակշռում։ Բայց ամենահետաքրքիրը՝ այն երկրի բնակիչները, որտեղ անցկացվելու են սպորտային խաղերը, նույնպես ասում են՝ պետք չի մեզ ոչ մի Օլիմպիադա։ Այդպիսին է ճապոնացիների 72 տոկոսի տրամադրությունը։

​Ի դեպ, Օլիմպիադաների անցկացման հետ կապված խնդիրներ Ճապոնիայում առաջին անգամ չէ, որ ծագում են։ 1940 թվականին այդ երկրում նախատեսված էր անցկացնել նույնիսկ միանգամից երկու Օլիմպիադա. ամառայինը՝ Տոկիոյում և ձմեռայինը՝ Սապորո քաղաքում։ Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, 1937 թվականին սկսվեց լայնածավալ պատերազմը Ճապոնիայի և Չինաստանի միջև։ 1940 թվականի ամառային օլիմպիական խաղերը որոշվեց տեղափոխել Հելսինկի, իսկ ձմեռայինը՝ Գերմանիայում գտնվող Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքը, բայց 1939 թվականին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը,  և Օլիմպիադաների մասին բոլորը մոռացան։ Մոռացան ոչ միայն 1940-ի, այլև 1944 թվականի օլիմպիական խաղերի մասին, քանզի աշխարհամարտը շարունակվում էր։

​Հիշեցնեմ, որ մի անգամ էլ են պատերազմական գործողությունները խափանել Օլիմպիական խաղերը։ Այո՛, դա եղել է Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ չեղյալ հայտարարվեց 1916 թվականի Օլիմպիադան. դե, ողջ Եվրոպան կրակի մեջ էր։ Ի դեպ, հենց այդ չկայացած Օլիմպիադայի նախօրեին՝ 1914 թվականին, Փարիզում Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստում Պիեռ դե Կուբերտենն առաջին անգամ ներկայացրեց ժամանակակից օլիմպիական խաղերի խորհրդանիշները՝ դրոշը և հանրահայտ հինգ օղակները։ Ինչպես տեսնում եք, մինչև հիմա օլիմպիադաների հետ առնչվող պրոբլեմները ծագել էին երկու պատերազմների պատճառով։ Հիմա խոսքը համավարակի մասին է, ընդ որում, շատ դժվար է կանխատեսել, թե հիվանդության հետ կապված իրավիճակն ինչպիսին է լինելու հուլիսին և օգոստոսին։ Կան, իհարկե, լավատեսական կանխատեսումներ։

Հենց վերջերս Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը պնդեց, թե իր երկիրը հուլիսի 4-ի ազգային տոնը՝ Անկախության օրը, դիմավորելու է հիմնականում առանց կորոնավիրուսի, իսկ այս շաբաթ Ֆրանսիայի գլխավոր համաճարակաբանը հայտարարեց՝ մեր երկրում կորոնավիրուսը կհաղթահարվի այս տարվա կեսերին։ Կներեք, բայց նման հուսադրող խոսքեր մենք այս վերջին տարվա ընթացքում մի հազար անգամ ենք լսել։

Ճապոնիան մեծ վնասներ կկրի օլիմպիադայում արտասահմանցի հանդիսատեսի բացակայության պատճառով

​Հենց այդ պատճառով էլ Ճապոնիայի իշխանությունները փորձում են ամեն ինչ անել գոնե Օլիմպիադայի անցկացման հետ կապված ռիսկերը հնարավորինս նվազեցնելու համար։ Օրերս որոշում կայացվեց արտասահմանցիների մասնակցությունն արգելելու մասին։ Հասկանալի է, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաներ այնուամենայնիվ գալու են, բայց էստեղ էլ սահմանափակումներ կան՝ եթե երկրի ղեկավար եք, ձեզ ուղեկցողների թիվը չպիտի գերազանցի 11-ը, իսկ եթե սպորտի նախարարն եք՝ ընդամենը 4 մարդու կարող եք բերել ձեզ հետ։

Բայց սա, ինչպես ասում են, գովազդային հոլովակներում, դեռ ամենը չէ՝ խիստ սահմանափակվելու է այն ճապոնացիների թիվը, որոնք կցանկանան խաղերը դիտել մարզադաշտերում և մարզասրահներում։ Այս ամենն, իհարկե, նշանակում է հսկայական գումարների կորուստ, բայց, ինչպես արդարացիորեն նշել է հասարակ ճապոնացիներից մեկը. «Մարդու առողջությունը փողից կարևոր է»։

105
թեգերը:
Պատերազմ, կորոնավիրուս, Ճապոնիա, օլիմպիադա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (353)
Ըստ թեմայի
Որն է հոգեպես ավելի ազնիվ. թույլ տալ` մարդը տանջվի՞, թե՞ վերջին ներարկումն անել նրան
Վարչապետություն, որի հիմքում սուտն էր. ինչպես իսրայելցի քաղտեխնոլոգն օգնեց Նեթանյահուին
Զենքի իրավունքը կյանքից ավելի թա՞նկ է, կամ երբ հրացան գնելը հեծանիվ ունենալու պես հեշտ է
Երևան, 1969 թվական

Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան

102
(Թարմացված է 22:25 15.04.2021)
Հայաստանում կաշառակերությունն ամենևին էլ անկախության ժամանակաշրջանում չի հայտնվել, այն ծաղկում էր դեռ ԽՍՀՄ–ի գոյության շրջանում։ Այն ժամանակ խնդիրը փորձեցին լուծել իշխանափոխության օգնությամբ։ Թե ինչ դուրս եկավ դրանից, ընթերցեք Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։

Վերջերս ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու մի խումբ գեներալներ իրենց անվստահությունը հայտնեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով նրա հրաժարականը։

«Ռազմական հեղաշրջում է լինելու», – ոմանք այսպես գնահատեցին զինվորականների դեմարշը։ Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա սխալ կանխատեսում էր։ Իշխանափոխության փորձ գուցե եղել է, բայց գործը հայտարարությունից այն կողմ չգնաց։

1973 թվական, Երևան։ Հեղաշրջման փորձը ձախողվեց աչքիս առաջ։ Հայաստանի բարձրագույն կուսակցական ղեկավարներից մեկի աշխատասենյակում զնգում է կառավարական կապի հեռախոսը։ Ալբերտ Ստեփանյանը վերցնում է խոսափողը, լսում, զանգահարողին ասում` ցտեսություն, կախում է հեռախոսը։

– Ժորան էր, – բացատրեց Ալբերտ Ստեփանյանը։

– Եվ ի՞նչ, – հարցրի ես։

– Ոչինչ։ Նստած է ԽՄԿԿ ԿԿ միջազգային բաժնում, երկիր է ընտրում։

«Ժորան» ՀՀ ԿԿ երկրորդ քարտուղար Գեորգի Տեր–Ղազարյանցն էր։ Անտոն Քոչինյանին աշխատանքից ազատելու դեպքում նա դառնում էր առաջինը։ Իսկ մյուսը` Ալբերտ Ստեփանյանը, կազմակերպչական և կուսակցական աշխատանքների բաժնի վարիչը (ԿԿ աշխատակազմի կարևորագույն բաժին)։ Կադրային այլ փոփոխություններ էլ էին սպասվում։

Իսկ ի՞նչ կապ ունեմ ես այդ ամենի հետ։ Իմ մասին` քիչ ուշ, իսկ հիմա` հանրապետությունում տիրող իրավիճակի մասին, որը հիշեցնում էր մեր օրերի Հայաստանը և ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի բոլոր երկրները, եթե խոսենք կոռուպցիայի մասին, որի հետ պայքարել է պետք, սակայն այն արմատախիլ անել դեռ ոչ մի տեղ և ոչ ոքի չի հաջողվել։

Հայաստանում, երբ առաջին դեմքը Անտոն Քոչինյանն էր, նրանց թիվը, ովքեր չէին ուզում արդար ապրել, հետզհետե շատանում էր, և ամեն ինչ այդքան վատ չէր լինի, եթե կաշառակերությունն ու ծանոթի միջոցով հարց լուծելու սովորությունը չընդլայնվեին ղեկավար կադրերի հաշվին` նախարարներ, քարտուղարներ, քաղկոմներ և շրջկոմներ, ոստիկաններ, դատախազության աշխատակիցներ (ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ, բայց ՊԱԿ–ի աշխատակիցներն այն ժամանակ բացառություն էին)։

Զայրացած քաղաքացիները հազարավոր նամակներ էին ուղարկում Մոսկվա, որտեղից ժամանակ առ ժամանակ տարբեր հանձնաժողովներ էին գալիս Հայաստան։ Գալիս էին, նայում ու գնում։ Օգուտ չկար։ Գործի անցան «դավադիրները» և որոշեցին իշխանափոխություն անել այսպես կոչված հեղաշրջման օգնությամբ։

Դուք, իհարկե, հասկանում եք, որ խորհրդային տարիներին դասական իմաստով (երբ տանկեր են փողոց հանվում, կառավարության անդամներին բանտարկում, պարետային ժամ մտցնում և այլն) հեղաշրջում անելն անհնար էր։ Կարելի էր անել միայն այն, ինչ արվեց` հանրապետության ղեկավար Անտոն Քոչինյանից գաղտնի ողջ Խորհրդային Միության ղեկավար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին հասցնել Հայաստանում տիրող իրավիճակի օբյեկտիվ պատկերը։

Իսկ հիմա` իմ մասին։ Այդ տարիներին ես գլխավորում էի ԿԿ ինֆորմացիայի բաժինը, սակայն դավադրության մասնակից դարձնելու համար դա քիչ էր։ Բայց ղեկավարությունը համարում էր, որ հստակ բառեր գտնելն ու դրանցով ճիշտ նախադասություն կազմելը (շնորհակալություն ռուսական բանասիրության ֆակուլտետին) ինձ մոտ լավ է ստացվում։ Հետո հայրս վաղեմի բարեկամական հարաբերություններ ուներ Ալբերտ Ստեփանյանի հետ։ Բացի այդ, անթաքույց ցանկություն կար` վարչական ռեսուրսն օգտագործելով` աշխատանքի անցնել «Իզվեստիա» թերթում։ Մի խոսքով, ինձ հետ հույս կապեցին։

Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Իմ խնդիրը հետևյալն էր` աշխատավորների հարյուրավոր ցասումնալից (առանց չափազանցության) նամակներից ու հայտարարություններից սեղմ, բայց իրենց բովանդակությամբ հոգեցունց ակնարկներ կազմել։ Երկրորդ քարտուղարի ստորագրությամբ դրանք անմիջապես Մոսկվա էին ուղարկվում։

Բայց ոչ միայն դա։ Դժվար չէր կռահել, որ հեղաշրջում նախաձեռնողների դրդմամբ Կրեմլ նամակ էին ուղարկում ոչ միայն հասարակ մարդիկ, այլև իշխող դասի բարձրաստիճան ներկայացուցիչները, և դա արդեն իմ գծով չէր։

Ես կարծես թե լավ էի անում գործս, թեև չեմ կարող ասել, որ դրանք իմ կյանքի լավագույն տեքստերն էին, բայց ազատ (իհարկե, համեմատաբար ազատ) լրագրությամբ զբաղվելու հեռանկարը ոգեշնչող էր։

«Դավադիրների» գլխավոր շտաբը գտնվում էր Ալբերտ Ստեփանյանի բնակարանում, ուր ինձ մի օր, կեսգիշերին մոտ հասցրին կառավարական լիմուզինով։

– Շքամուտք մտեք բակի կողմից, – գլխավոր մուտքին չհասած` ասաց Ավոն` Ալբերտ Ստեփանյանի վարորդը։

– Որ Սաշիկի (Քոչինյանի թիկնապահ) մարդիկ չբռնեն, – բացատրեց Ավոն։

Շքամուտք մտա բակի կողմից, սեղմեցի անհրաժեշտ դռան զանգը։ Բնակարանում, տանտիրոջից բացի, ներկա էին Ջոն Կիրակոսյանը (այն ժամանակ ՀՀ արտգործնախարար, հետագայում ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հայրը) և ՀՀ ՊԱԿ–ի փոխնախագահ Դմիտրի Թարջիմանովը։ Չեմ հիշում, թե ինչ փաստաթղթեր էր պետք շտապ խմբագրել։ Խմբագրեցի։

...Անցավ մի քանի շաբաթ, եկավ այն օրը, երբ Ստեփանյանին Մոսկվայից զանգեց Տեր–Ղազարյանցն ու հայտնեց, որ ընտրում է այն երկիրը, ուր պիտի կմեկնի որպես դեսպան։ Նշանակում էր` հեղաշրջումը ձախողվել է։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

Տեր–Ղազարյանցը ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակով սկզբում մեկնեց Սենեգալ (համատեղությամբ` Գամբիա), այնուհետև` Զամբիա։ Ճանաչված ու բոլորի կողմից հարգված դիվանագետ դարձավ։

Ստեփանյանին նշանակեցին անտառտնտեսության և փայտամշակման արդյունաբերության նախարարի պաշտոն: Ոլորտը սկսեց զարգանալ։ Թարջիմանովը Բրյանսկի մարզի ՊԱԿ պետ նշանակվեց։ Քոչինյանը մնաց իր պաշտոնին, բայց ոչ երկար։ Շուտով նրան փոխարինեց Կարեն Դեմիրճյանը։

«Ինքնուրույն» իշխանափոխության փորձից հետո Մոսկվան հետևություններ արեց։ Հայաստանն այդ ժամանակ Խորհրդային Միությունում միակ պետությունն էր, որտեղ թույլատրվում էր ԿԿ երկրորդ քարտուղարի պաշտոնում տիտղոսային ազգի ներկայացուցիչ նշանակել։ Բայց չստացված հեղաշրջումից անմիջապես հետո` դեռ Քոչինյանի օրոք, Մոսկվայից երկրորդի պաշտոնի համար գործուղեցին Պավել Անիսիմովին։

Սակայն կոռուպցիան արմատախիլ անել այդպես էլ չհաջողվեց։ Սկզբնական փուլում «համակիրների» խանդավառությունը փոքր–ինչ մարեց, բայց միայն սկզբում, այնուհետև ամեն ինչ նորից սկսվեց։ Մի կարևոր մանրուք` այդ ամենի հետ մեկտեղ հանրապետություն էր կառուցվում, մարդիկ գերազանց կրթություն էին ստանում, գիտությունը բարգավաճում էր։

Այո, կոռուպցիան մնաց նաև և՛ Դեմիրճյանի օրոք, և՛ նրանից հետո, իսկ թե այսօր ինչ վիճակ է այդ առումով, ես չէ, որ պիտի պատմեմ այդ մասին։

102
թեգերը:
Հեղաշրջում, իշխանափոխություն, կոռուպցիա, Հայաստան
Նարեկ սարկավագ

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

1230
(Թարմացված է 23:14 15.04.2021)
Սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք պատերազմի մեկնարկի մասին, կիրակի էր։ Նարեկ սարկավագը պատարագ ուներ, բայց շտապեց նախարարություն, երեկոյան տուն եկավ զինվորականի հագուստով։ Ուղիղ 1 ամիս նա զինվորների կողքին եղավ ու դեռ կլիներ, եթե թշնամու գնդակը չխլեր Նարեկի կյանքը։

Գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանն ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ վերջին պատերազմում զինվորներին մենակ չթողեց` մարտերը սկսվելուն պես շտապելով առաջնագիծ։ Այժմ էլ նա իր զինվորների կողքին է` Եռաբլուրում...

Նարեկ սարկավագի մասին պետք է զրուցեմ նրա կնոջ` Մարիամ Բզնունու հետ։ Մարիամը տրամադրված է հարցազրույցին, սկզբում անկեղծորեն ասում է` փակվել էր և մինչ այս չէր կարողանում մարդկանց հետ շփվել։ Զրույցի ընթացքում հանդարտորեն, մեղմ ժպիտով պատմում է ամուսնու մասին և, միայն երբեմն–երբեմն հուզվելով, լռում. ժամանակ է վերցնում` չուզենալով զգացմունքներին տեղիք տալ։

Дьякон Нарек Петросян с супругой Мариам Бзнуни
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը կնոջ հետ

Ապրիլյանի ժամանակ Մարիամն ու Նարեկ սարկավագը դեռ ամուսնացած չէին։ Կինը պատմում է, որ երբ Նարեկը հայտնել է առաջնագիծ մեկնելու մասին, շատ է անհանգստացել և խնդրել է, որ ինքն էլ հետը գնա։ Բայց Նարեկ սարկավագը վստահեցրել է` լավ է լինելու. Մարիամին մնում էր միայն օրուգիշեր աղոթել։

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

«Պատերազմի ավարտից հետո, սակայն, Նարեկը չշտապեց տուն վերադառնալ. նա դեռ երկար ժամանակ այնտեղ էր, որպեսզի օգներ զինվորներին. գառներ էր գնում և մատաղ անում։ Երբ առաջնագիծ «Սնիկերս» էին ուղարկում, ասում էր, որ դա սնունդ չի, պետք է օգտակար բաներ ուտեն։ Ուշքումիտքը զինվորներն էին»,–ասում է Մարիամը։

Ամեն ինչ այլ էր այս անգամ. Մարիամն արդեն ավելի քիչ էր անհանգստանում, քանի որ նախորդ անգամվա փորձն ուներ, մտածում էր` ապրիլյանի նման սա էլ մի քանի օր է տևելու. կաղոթի, և Նարեկը նորից կվերադառնա...

Дьякон Нарек Петросян с военнослужащими
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը զինծառայողների հետ

Պատերազմը սկսվելու օրը` առավոտյան, Նարեկ սարկավագը պատարագ ուներ, քանի որ կիրակի էր, սակայն իմանալով, որ մարտեր են սկսվել` շտապել է պաշտպանության նախարարություն։ Երեկոյան զինվորական համազգեստով է վերադարձել և այդպես` մի ձեռքին` զենք, մյուսին` խաչ, մեկնել է Արցախ։ 

Дьякон Нарек Петросян
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագ

«Ինձ ասաց` Մարիամս, իմացա, որ ամենաթեժ կետը Հադրութում է, որոշեցի այնտեղ մեկնել։ Իսկ երբ ասում էի` հետ արի, դու Մարիա ունես, ինձ պատասխանում էր, թե այստեղ բոլորը Մարիա ունեն. մինչև պատերազմը չվերջանա, հետ չեմ գա»,–հիշում է Մարիամը։

Дьякон Нарек Петросян с семьей
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը կնոջ ու դստեր հետ

Նարեկ սարկավագն առաջնագծում ազատ ժամանակ զինվորների համար սուրճ, թեյ էր պատրաստում, նրանց հետ Աստծո մասին զրուցում։ Երբ իմանում էր, որ զինվորը մկրտված չէ, նաև մկրտություն էր կազմակերպում` կանչում էր տեր հայրերին, իսկ երբ տղաներից մեկը հոգնած էր լինում, նրան էր փոխարինում, որ զինվորը քնի, հանգստանա։ Սոցցանցերում տարածվող լուսանկարներում Մարիամը մի օր տեսել է, որ ամուսինը խաչ է գցում զինվորներից մեկի վզին. Նարեկ սարկավագն Էդգար անունով մի զինվորի կնքահայրն է դարձել։ Հետագայում Մարիամը գտել է զինծառայողին, որն այս ամռանն է զորացրվելու։ Էդգարին մկրտելիս, ինչպես կարգն է պահանջում, սարկավագը նրան նոր անուն է տվել` Նարեկ...

Дьякон Нарек Петросян на передовой
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը զինծառայողների հետ

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

Պատերազմի ընթացքում Նարեկ սարկավագը տուն է եկել` կնոջն ու երեխային տեսնելու։ Մարիամն ասում է` լռակյաց էր դարձել, տխուր էր, հարցերին պատասխանում էր կարճ` այո կամ ոչ։

Дьякон Нарек Петросян с семьей
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը կնոջ ու դստեր հետ

«Երբ տուն եկավ, չէի հարցնում` գնալու է, թե ոչ, համբերատար սպասում էի, որ ինքն ասի որոշման մասին։ Մեր փոքրիկի` Մարիայի հետ մի լավ խաղաց, անգամ ինչ–որ տեսանյութ նկարեց հեռախոսով։ Հաջորդ օրն առավոտ շուտ նորից Արցախ գնաց, ասաց` պիտի իր զինվորների կողքին լինի»,–ասաց Մարիամը։

Дьякон Нарек Петросян
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագ

Չնայած ամուսինը տխուր էր, սակայն հաղթահարել էր մահվան վախը։ Մարիամը հիշում է` երբ Նարեկը Ճարտար համայնքում էր (Մարտունու շրջան), զանգել, ասել է, որ հիանալի վայր է` ասես դրախտ լինի, ուզում է հետագայում ընտանիքով այնտեղ տեղափոխվեն ապրելու։ Ի դեպ, Նարեկ սարկավագը ծնվել է հենց Արցախում` Մարտակերտի Վաղուհաս գյուղում, իսկ սովորել Շուշիի դպրոցներից մեկում. նրա համար Արցախի բնությունը նորություն չէր։

Дьякон Нарек Петросян с военнослужащими
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը զինծառայողների հետ

Նարեկ սարկավագը հարազատ Մարտունիում է զոհվել` պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց` հոկտեմբերի 29-ին։ Մարիամն ասում է` Նարեկն այնքան հոգատար և ուշադիր ամուսին էր, որ հիմա իրեն շատ դժվար է, և նրա բացակայությունն ամենուր է զգացվում։ Կենցաղային հարցերից սկսած` սարկավագը կնոջն աջակցում էր. Մարիամը հիշում է, երբ հղի էր, հետո էլ դուստրը ծնվեց, Նարեկը գնումներ անելիս ամեն ինչից երկու տարբերակ էր վերցնում, որպեսզի կինն ընտրի։

Дьякон Нарек Петросян с семьей
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագկնոջ ու դստեր հետ

«Հիմա ամեն ինչ իրեն է հիշեցնում` սենյակում մեր նկարները, պահարանում գտնվող կոշիկները, հագուստը, որոնք դեռ խնամքով դասավորում եմ։ Փետրվարի 4-ին մեր դստեր ծնունդն էր, 1 տարեկան դարձավ. նրա համար ամեն ինչ անում եմ, տարեդարձն էլ, ատամհատիկն էլ վառ գույներով կազմակերպեցի»,–ասում է Մարիամը։

Նրանց փոքրիկ դուստրը նույնպես կարոտում է հորը` նկարն ամեն անգամ տեսնելիս ժպտում է, շոյում, համբուրում։ Մարիամն ասում է` դուստրն իր հետ հիմա ավելի է կապվել և հայրիկի կարոտն էլ իրենից է ասես առնում։

«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ

Նարեկ սարկավագը երազում էր տեր հայր դառնալ, նախորդ ամռանը քննություն էր տվել։ Բացի այդ, երազում էր իր առանձնատունն ունենալ` հողատարածքով, որպեսզի բնական ու մաքուր սնունդ ապահովեր ընտանիքի համար, այգի մշակեր, ճագարներ պահեր... Ուզում էր 4 աղջիկ ունենալ, ինչպես կնոջ ընտանիքում էր։ Մարիամը պատմում է, որ ամուսինն ասում էր` իրենց տանը միշտ հանգիստ է, իսկ Նարեկենք 3 եղբայրն են եղել, երեքն էլ` աշխույժ։ Նարեկի եղբայրները նույնպես հոգևոր կրթություն են ստացել, բայց միայն Նարեկն է շարունակել այդ ճանապարհը։

Детская фотография Нарека Петросяна
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը մանուկ հասակում

Մինչ Մարիամը դադար է վերցնում, մեր զրույցին ներկա փոքրիկ Նարեկը (Նարեկ սարկավագի սանիկն է), որը մինչև այդ հազիվ էր իրեն զսպել ու լուռ մնացել, ասում է. «Գիտե՞ս, թագավորն ինձ թողնում էր, որ իր մեքենայի հետ խաղայի։ Ինձ նստեցնում էր իր մեքենան, միասին լավ ծիծաղում էինք։ Թագավորը միշտ իմ գլուխը շոյում էր»։

Նարեկն ու Նարեկ սարկավագն իրար «թագավոր»-ով էին դիմում, քանի որ տարիներ առաջ ցույց տալով սարկավագին` երեխային հարցրել են, թե կուզի՞ նրա պես «թագավոր մարդ» դառնալ։ Երեխան էլ, տեսնելով, որ սարկավագի գլխին թագ չկա, հագուստն էլ թագավորական չէ, մի փոքր հիասթափված պատասխանել է, թե թագավորներն այսպե՞ս են լինում իրականում։ Նարեկ սարկավագին այս պատմությունը շատ է դուր եկել, և նա դրանից հետո միշտ երեխային թագավոր է ասել, փոքրիկն էլ հակադարձել է` թագավորը դու ես։

Нарек, крестник дьякона Нарека Петросяна
© Sputnik / Andranik Ghazaryan
Նարեկ սարկավագի սանիկը

Երեխայի մայրը` Արփինե Մարուքյանը, պատմում է, որ Նարեկ սարկավագի հետ ծանոթացել է հաճախակի եկեղեցի այցելելով։ Առաջին իսկ հանդիպմանը Նարեկ սարկավագը հետաքրքրվել է` արդյոք փոքրիկը մկրտվա՞ծ է, և իմանալով, որ մկրտված չէ, գործի է անցել։ Մայրն ասում է, որ երկու Նարեկների կապն այնքան ուժեղ է, որ բոլորն են դա զգում։

«Նարեկ սարկավագին երեխաները շատ են սիրում, և եկեղեցում միշտ նրա շուրջն էին հավաքվում։ Հիմա տղայիս համար դժվար է պատարագի ժամանակ խորան բարձրանալ. Նարեկի բացակայությամբ 2 անգամ է գնացել։ Նարեկ սարկավագը մեր ընտանիքի լույսն է, նրա ներկայությունը միշտ զգում եմ պատարագների ժամանակ»,–ասում է Արփինեն։

Մոր խոսքն ընդհատում է փոքրիկ Նարեկը ու հարցնում` թագավորները հրեշտակ դառնո՞ւմ են։ Մայրն ի պատասխան գլխով նշան է անում, իսկ երեխան աշխուժանում է. «Ուրեմն թագավորը հիմա հրեշտակ է դարձել։ Իրեն մենակ թագավորական տեղն էր պակասում, որ նստեր»։

Нарек, крестник дьякона Нарека Петросяна
© Sputnik / Andranik Ghazaryan
Նարեկ սարկավագի սանիկը

... Նարեկ սարկավագի հայրն էլ Արցախյան առաջին պատերազմին է մասնակցել. նա անհետ կորած է համարվում։

1230
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո
Թշնամուն արհամարհական ժպիտ թողեց․ Գևորգը հաղթել էր թշնամուն՝ պահել էր Շուշին
Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար

Լոռիում այնքան հանք կա, որ նորի տեղ այլևս չկա. բնակիչները բոյկոտեցին հանրային լսումները

10
(Թարմացված է 11:49 16.04.2021)
Չեխերն ուզում են Լոռու մարզում նոր հանք բացել, սակայն տեղի բնակիչները դեմ են ևս մեկ հանքի ի հայտ գալուն։ Նրանք ասում են, որ Լոռին առաջին տեղում է քաղցկեղով հիվանդների ցուցանիշով` նոր հանքի կարիք ընդհանրապես չկա։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում` նրանք դեմ են, որ գյուղի մոտակայքում պղնձի հանք շահագործվի։ Այսօր հենց Մարգահովիտում հանրային լսումներ պետք է իրականացվեին հանքի բացման կապակցությամբ, սակայն համայնքի բնակիչները բոյկոտեցին լսումները։

«Միայն Լոռու մարզում այնքան հանք կա, որ նորն ավելացնելու տեղ էլ չի մնացել։ Լոռին արդեն իսկ տեսել է հանքարդյունաբերության վնասները, և մենք այլևս չենք ուզում նորը բացվի։ Հիմա, երբ զբոսաշրջությունը մարզի համար գերակա ուղղություն է, չենք կարող նոր հանքի մասին անգամ խոսել»,–ասում են բնակիչները։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի Սոթքի հանքավայրում հաստիքներ չկրճատվեն

Որպես հանքի ներկայացուցիչ հանրային քննարկման եկած քաղաքական գործիչ Վազգեն Խաչիկյանը, սակայն, հակառակն է պնդում` ասելով, որ հանքը Մարգահովիտից 20 կիլոմետր հեռու է լինելու և փակ է լինելու։

«Պոչամբար չի ունենալու հանքը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ մինչև կես տոննա հանքաքարի մշակումը չպետք է իրականացվի պոչամբարի միջոցով. այն չոր պոչանքներ է ունենալու միայն։ Առաջին փուլում նախ երկրաբանահետախուզական աշխատանքներ են իրականացվելու, որից հետո, եթե տեսնեն այնտեղ պղինձ կա, նոր միայն կշահագործվի։ Եթե հանքի գործունեությունը վնաս լիներ, օրենքով կարգելեին»,–ասաց Խաչիկյանը` հավելելով, որ հանքի շահագործման դեպքում հանքանյութը պարզապես դուրս է բերվելու և Արարատի մարզ է տեղափոխվելու:

Խաչիկյանն ասաց, որ ինքն էլ աշխատելու է այդ հանքում, սակայն «փայ» չունի այնտեղից.  սեփականատերերը Չեխիայի քաղաքացիներ են՝ չեխեր:

Տեղում հավաքվածները հակաճառեցին Խաչիկյանին` ասելով, որ բոլոր հանքերի բացումն էլ սկսվում է առաջին փուլով` երկրաբանահետախուզական աշխատանքներով։

«Լոռու մարզն առաջին տեղում է քաղցկեղով հիվանդների ցուցանիշով` նոր  հանքի բացումն ավելի է վտանգելու իրավիճակը։ Ով գյուղացիներին համոզում է հանք բացել, տարիներ հետո գյուղացիների աջակցությունն է խնդրում, որ փակեն հանքը, քանի որ տեսնում է` առողջությանն ինչ վնասներ է տալիս»,–ասում են բնակիչները։

Նրանք նշում են, որ արդեն իսկ Թեղուտում, Ախթալայում, Շամլուղում հանքեր կան և  կիսլատայի հոտից խեղդվում են։ Համայնքի բնակիչները ասում են նաև, որ միայն երեկ են իմացել, որ հանրային քննարկում է լինելու, իսկ օրենքով նախատեսված է, որ 7 օր առաջ պետք է այդ մասին հայտնեն։

ՀՀ տնտեսությունը պահում են հանքերն ու առողջապահությունը. 2020թ–ի տնտեսական ցուցանիշները

Նշենք, որ հանրային քննարկումներ տեղի չունեցան, քանի որ բնակիչներն այդպես էլ համաձայնության չեկան, իսկ քննարկման եկածները հեռացան համայնքից։

Առաջիկայում հանրային քննարկումներ պետք է իրականացվեն Դեբեդի, Եղեգնուտի, Վահագնիի, Վահագնաձորի բնակավայրերում, սակայն բնակիչներն ասում են, որ բոյկոտելու են նաև դրանք։

10
թեգերը:
բնակիչ, հանք, Լոռի, Հայաստան