Վարձկան գրոհայիններ

Թշնամուն գրկի մեջ խեղդելու արվեստը․ ի՞նչ խաղ են խաղում Ռուսաստանն ու Թուրքիան

7295
(Թարմացված է 23:46 23.03.2021)
Արցախի վրա զինված հարձակման առաջին իսկ օրից Ադրբեջանում ծածանվում էին Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի դրոշները՝ որպես աջակիցների խորհրդանիշ, մինչդեռ նրանց ԶԼՄ–ները հայտարարում էին, թե Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է։ Բաքվի փողոցներում նույնիսկ այրեցին ՌԴ դրոշը։

Ամենաթեժ օրերին Ռուսաստանի նախագահը մի քանի անգամ հայտարարեց, թե ահաբեկչական խմբավորումներ են բերվել Արցախ, ինչը անթույլատրելի է։ Վլադիմիր Պուտինի այդ հայտարարություններից հետո հայ հանրության շրջանում արթնացավ հույս, թե ռուսական զորքը կմտնի Արցախ՝ պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ՝ պաշտպանելով նաև արցախահայությանը ադրբեջանաթուրքական հարձակումից։

Ռուսները Արցախ մտան նոյեմբերի 10-ին՝ խաղաղապահների տեսքով։ Մոտ 2000 ռուսական համազգեստով զինվորական ստանձնել է նոր բախումները կանխելու, խաղաղ բնակիչներին պաշտպանելու առաքելություն՝ կանգնելով հայկական և ադրբեջանական զինված ուժերի մեջտեղում։ Պաշտոնական Ստեփանակերտը սա անվանում է նաև թուրքական ախորժակի զսպման միջոց։

«Այստեղ մենք տեսնում ենք ՌԴ-ի ու Թուրքիայի տարբեր նպատակներ ու մոտեցումներ։ Թուրքիան ունի հեռու գնացող պանթուրքիստական ծրագրեր, մինչդեռ ՌԴ-ն պարտավոր է կանխել դրանք, հակառակ դեպքում այդ ծրագրերը անկանխատեսելի հետևանքներ կունենան նաև Ռուսաստանի համար։ Պանթուրքիզմը եթե իրականանա, առաջին հերթին թիրախը հենց ՌԴ-ն է»,-մեզ հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Թուրքագետ և ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը մատնանշեց պանթուրքիստական ծրագրերում Ռուսաստանի դեմ լարված թակարդները՝ շեշտելով, թե ռուսական գործոնը մեր տարածաշրջանում ուժեղանում է առաջին հերթին հենց իրենց անվտանգային համակարգի համար։

«Մկանախաղ» կռվից հետո․ ՀՀ-ն ու Ադրբեջանը միաժամանակյա զորավարժություններ են անցկացնում

«Վստահորեն կարելի է ասել, որ Ռուսաստանը երբեք ձեռք չի քաշի Հարավային Կովկասից, քանի որ այդ դեպքում ամբողջ Հյուսիսային Կովկասը՝ Դաղստանը և մյուս շրջանները շատ արագ կանցնեն Թուրքիայի հսկողության տակ»։

Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչ է պանթուրքիզմը և ինչ վտանգ է սպառնում Ռուսաստանի համար, նայենք քարտեզին ու աչքերով սահուն ճանապարհ անցնենք ժամանակակից Թուրքիայից մինչև Իրան ու Ադրբեջան, հետո Կասպից ծովի ափով դեպի հյուսիս-արևելք՝ մինչև Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան և վերջապես՝ Չինաստանի արևմտյան շրջաններ՝ Ալթայ, որը համարվում է թյուրքական ժողովուրդների նախահայրենիքը։ Սա ընդգրկում է առնվազն 8 պետություն, որոնց ցամաքային միավորմանը խանգարում է երկու երկիր՝ Հայաստանը և Ռուսաստանը։

Չեչնիայի, Դաղստանի և Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի մյուս ժողովուրդները հիմնականում մահմեդական են և վաղուց թուրքական ազդեցության տակ են։ Միակ սեպը, որ համառորեն խրված է թյուրքական աշխարհաքաղաքական ծրագրերի մեջտեղում, Հայաստանն է։ Եթե վերանա հայկական գործոնը, մեկը մյուսի հետևից՝ դոմինոյի քարերի նման կընկնեն ոչ միայն ՌԴ հարավի ինքնավար հանրապետությունները, այլև Թուրքիան անթաքույց ոտնձգություններ կանի Ղրիմի և Սև ծովի հյուսիսային ափերի բնակավայրերի նկատմամբ։ Չմոռանանք, որ դեռևս 20-րդ դարասկզբին թուրքական իշխանությունը որոշել էր Սև ծովը դարձնել իր համար ներքին ծով, ինչին խանգարեց Խորհրդային Միության ձևավորումը։ Հիմա չկա Խորհրդային Միությունը, փոխարենը կա ռուս-ամերիկյան դիմակայություն, և Թուրքիան նորից փորձում է տիրանալ Ռուսաստանի հարավին։

Մոսկվայում նստած պաշտոնյաները, բնականաբար, սա լավ են հասկանում՝ Թուրքիայի նկատմամբ կիրառելով բլիթի ու մտրակի քաղաքականություն։ Մի կողմից ռուսները խորացնում են տնտեսական ու ռազմական համագործակցությունը, պայմաններ են ստեղծում, որ Թուրքիայի կախվածությունն իրենցից ավելի շատ լինի, մյուս կողմից Թուրքիայի դիմաց կանգնեցնում են ռուսական դրոշ ու արգելում ագրեսիա կիրառել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

«Ահաբեկիչների հետ մեկտեղ Թուրքիան շատ ակտիվ դերակատարություն ու ապակայունացնող դերակատարություն ունի Մերձավոր Արևելքում։ Նրա շահերը բախվում են Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի շահերին։ Այս առումով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները ունակ են և պարտավոր են դիմակայել թուրքական սադրանքներին»,-ասաց Արցախի ԱԳ նախարարը, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Ալիևը մարտի սկզբին դժգոհեց, թե հենց ռուսական կողմն է աչք փակում Արցախ մուտք գործող անձանց ու մեքենաների ծագման վրա։

«Երբ հիմա անհասկանալի գործընթացներ են լինում Լեռնային Ղարաբաղ օտարերկրացիների գաղտնի մուտքի առումով, մենք սկսում են չհասկանալ խաղաղապահների գործողությունները։ Մենք ռուսական կողմի հետ պայմանավորվել էինք, որ օտարերկրացիները կարող են այնտեղ հասնել միայն մեր թույլտվությամբ, իսկ պայմանավորվածությունը խախտվում է»,-նշել է Ալիևը։ 

Ո՞վ է իրականում խախտում պայմանավորվածությունները։

Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով Ադրբեջանում կամ Արցախում թուրքական զորք չպետք է լիներ, մինչդեռ 2021-ի հունվարին Արցախի Հանրապետության սահմանից 11կմ հեռու՝ Աղդամ քաղաքի մոտակայքում բացվեց թուրքերի հիմնած դիտորդական կենտրոն՝ ռուս զինվորականների խորհրդանշական ներկայությամբ։ Պաշտոնական ձևակերպումներով դա պետք է ունենա տվյալներ հավաքելու և Արցախի կայունությունը վերահսկելու նպատակ, մինչդեռ դժգոհություն արտահայտող իր հայտարարություններով Ադրբեջանը արդեն պատրաստվում է 5 տարի անց խաղաղապահների ռուսական դրոշը փոխարինելու թուրքականով, մանավանդ որ թուրքական բազան արդեն կա հենց Արցախի քթի տակ։

«Շատ բարդ գործողություն է». Շոյգուն` Ղարաբաղի հարցով Թուրքիայի հետ գործակցելու մասին

Մարտի 10-ին Սիրիայի տարածքում թուրքական 20 «Բայրաքթար» անօդաչու սարքեր հարձակվել են ռուսական «Պանցիր» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի վրա՝ փորձելով ոչնչացնել այն։ Ռուսական զենքը փոքր-ինչ վնասվել է, ինչը արագ շտկել են ռուս զինվորականները՝ արդեն մարտի 14-ին հայտարարելով, թե իրենց զինանոցում կա գերբարձր հաճախականության թնդանոթ, որը ունակ է խոցել թուրքական դրոնները մինչև 20 կմ հեռավորության վրա։

Ադրբեջանը մարտի 15-ին հայտարարեց զորավարժություն սկսելու մասին՝ շեշտելով, որ այն պետք է լինի ՀՀ և Արցախի սահմանին՝ փորձարկելով լեռնային տեղանքում իրենց զորքի կարողությունները։ Սիրիական վերլուծական շրջանակները զգուշացնում են, որ Քարվաճառի մի հատվածում զորք կուտակելով՝ Թուրքիան իր հերթին նրանց հետ այնտեղ է տարել թուրքոման ահաբեկիչների, որոնց համար ամենամեծ թշնամին ռուս զինվորն է։ 2015-ի աշնանը հենց թուրքոմանները Սիրիայի հյուսիսում սպանեցին ռուս օդաչուներին։ Թուրքոման ահաբեկիչներին տեղավորելով Քարվաճառի լեռներում ու թիրախ դարձնելով ռուս խաղաղապահներին՝ Թուրքիան մյուս կողմից մեծ քանակությամբ հարվածային դրոններ է մատակարարում Ուկրաինային՝ Ղրիմի ու Դոնեցկի վրա հարձակվելու համար։

Ռուս–թուրքական լարվածությունը կարող է հանգեցնել ռազմական բախման. փորձագետ

Ռուսաստանը մարտի 20-ին Ղրիմում լայնամասշտաբ զորավարժություն անցկացրեց՝ բեմադրելով ռազմական օդանավակայանի գրավման սցենար։ Տանկերն ու հետևակի մարտական մեքենաները թռչող օդանավից իջնում են պարաշյուտով, իսկ գետնի վրա արագ գործի են անցնում ու մտնում հակառակորդի տարածք։ Վերլուծաբանները սա համարում են յուրատեսակ պատասխան Արցախի Վարանդայում (Ֆիզուլի) ու Քաշաթաղում (Լաչին) ռազմական օդանավակայաններ կառուցող ադրբեջանաթուրքական քայլերին։

7295
թեգերը:
վարձկաններ, Արցախ, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան
Ըստ թեմայի
Վարձկաններին դուրս բերելու համար ԵԱՀԿ երկրները պետք է ազդեն Թուրքիայի վրա. Այվազյան
ԵԽ–ն դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը արցախյան պատերազմում
Ադրբեջանը հետապնդում է Արցախում կռված սփյուռքահայերին՝ «մոռանալով» իր վարձկաններին
Արխիվային լուսանկար

Կրքեր բրենդի շուրջ, կամ Կոնյակ քաղաքը կլուծե՞ր հայկական խմիչքի հարցը

165
(Թարմացված է 16:23 19.04.2021)
ԵՄ-ի հետ համաձայնագրի պահանջներից մեկի համաձայն` Հայաստանը պետք է մինչև 2043 թ-ը հրաժարվի ալկոհոլային խմիչքների ֆիրմային անվանումից: Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է, թե ինչպես է հաջողվել պահպանել հայրենական կոնյակը խորհրդային տարիներին։

Ժամանակն անասելի արագ է անցնում: 22 տարին մի ակնթարթ է. չես հասցնի հետ նայել, արդեն վրա կհասնի 2043 թ-ը, և հայկական կոնյակը կմնա միայն հիշողության մեջ։ Հետքն էլ չի մնա։

Այդպիսին է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագրի կոշտ պահանջը, որի համաձայն մեր կոնյակ արտադրող ընկերությունները պարտավորվել են հրաժարվել այդ ալկոհոլային խմիչքի ֆիրմային անվանումից։ Նույնը վերաբերում է նաև շամպայնին, որը, ենթադրաբար, կդառնա «փրփրուն գինի», իսկ կոնյակը, ամենայն հավանականությամբ, «բրենդի»։

Հարցի պատմությունից։ Մեծ ու հզոր Խորհրդային Միության տարիներին խոսք անգամ չէր կարող գնալ խմիչքի անվանումը փոխելու մասին։ Ուինսթոն Չերչիլը (ինչպես ամբողջ աշխարհը) բնականաբար գիտեր, որ Հայաստանում Կոնյակ քաղաք չկա, ուստի արտադրանքը չի կարող այդպես կոչվել։ Բայց սա այն դեպքն է, երբ իրավունքի ուժն աներկբայորեն զիջել է ուժի իրավունքին․ Մոսկվայի հետ վիճելն անիմաստ էր, ավելի լավ էր խմել ու ձայնը կտրել։

Պետք է ասել, որ Երևանի կոնյակի գործարանի արտադրանքը ոչ միայն լավն էր, այլ նաև մատչելի։ Հիշում եմ այն ժամանակները (անցած դարի 50-ականները), երբ Հայաստանում օղի քիչ էին խմում, իսկ կոնյակ՝ գրեթե բոլորը և բոլոր առիթներին։ Հետաքրքիր է, որ երեքաստղանի կոնյակը համով գրեթե չէր զիջում տեսակավոր կոնյակներին, որոնք ավելի հաճախ նվեր էին տանում, քան սեղանին դնում։

Առօրյա կյանքում դա այսպես էր լինում․ ինչ-որ մեկին «Նաիրի» էին բերում շքեղ փաթեթավորմամբ, նվերն ընդունում էին և պահում պահարանի խորքերում։ Հետո տուփը հանում էին պահոցից և նվիրում հարգարժան մեկին։ Նա սրտանց շնորհակալություն էր հայտնում և ճիշտ նույն կերպ վարվում՝ պահելով շիշը մինչ հարմար առիթը։ Չէր կարելի բացառել, որ որոշ ժամանակ անց, բնական շրջապտույտ կատարելով, ձեռքից ձեռք անցած «Նաիրին» կրկին կվերադառնար առաջին տիրոջ մոտ, կհայտնվեր նույն պահարանում և նույն տեղում։

Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին

Ես առաջին շոկն ապրեցի բոլորի հետ 1998 թ-ին, երբ Երևանի կոնյակի գործարանը 30 միլիոն դոլարով նվիրեցին ֆրանսիական Pernod Ricard ընկերությանը։ Ճիշտ է, ֆրանսիացիները խոստացան հինգ տարվա ընթացքում ևս մեկ միլիոն ներդրում անել Հայաստանի գյուղատնտեսության մեջ, բայց դա ոչ մեկին չէր սփոփում։

Առաջին բանը, ավելի ճիշտ մարդը, որին այսօր հիշեցի, մեծն Մարգար Սեդրակյանն է՝ սոցիալիստական աշխատանքի հերոսը, արևային խմիչքի հայկական տեխնոլոգիայի հիմնադիրը, որը ստեղծել էր 15 տեսակ։ Նրա հետ միասին անմիջապես աչքիս առաջ եկավ Միխայիլ Խանոյանը՝ Երևանի կոնյակի գործարանի ամենահայտնի տնօրենը։ Երկուսին էլ ճանաչում էի, կարող եմ պատկերացնել նրանց ցավն ու դառնությունը, եթե ողջ լինեին։

Բայց եղածը հետ չես բերի։ Ոչ ոք չի խանգարել, և այդ ժամանակ ԵՄ-ում որոշել են` ԱՊՀ երկրում մեր արտադրանքը կմնա նախկին փառավոր անվանումով, իսկ հեռավոր արտասահման (որտեղ մինչ օրս չի հաջողվել նվաճել շուկաները և հազիվ թե երբևէ հաջողվի) կարտահանվի «Բրենդի» դժգույն և աղոտ անվանումով։ Խանգարելու ոչ մի հնարավորություն չկար։

- Ինչո՞ւ, - բորբոքվեց ընկերս՝ Վիգեն Կարապետյանը, -մենք կարծես խելոք ազգ ենք, կարող էին ձիով քայլ անել և հայավարի լուծել հարցը։

- Այդ ինչպե՞ս։

- Շատ հեշտ։ Պետք էր ընդամենը ասենք` Այգեշատի, Այգեձորի, Ծաղկունք-Մաղկունքի գյուղխորհրդին հանձնարարել այդ գյուղերից մեկն անվանափոխել «Կոնյակ»։ Եվ մեր ջերմ «մերսին» ուղարկել Կոնյակի ֆրանսիացիներին։

- Չգիտեմ, միգուցե․․․

Մյուս կողմից` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է, և հայկական կոնյակը գնահատողների թիվը գնալով պակասում է, իսկ «Նաիրիի» և «Դվինի» փոխարեն վառված շաքարով կեղծ խմիչք ստեղծողների թիվը՝ մեծանում։

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն

50-ականների վերջին մեզ մոտ ընդհանրապես չկային դրանք, առաջին կեղծողները հայտնվեցին 60-ականների կեսին, բայց նրանց դեմ խստորեն պայքարում էին․ խմիչքը թափում էին, արտադրողներին՝ բանտ նստեցնում։ Հետո արշավ սկսվեց խմելու և հարբեցողության դեմ․ 1972 թ-ին՝ Բրեժնևի օրոք (Հայաստանի առաջին դեմքը Անտոն Քոչինյանն էր), 1985 թ-ին՝ Գորբաչովի օրոք (Հայաստանի առաջին դեմքը Կարեն Դեմիրճյանն էր)։

Երկրորդ արշավն ավելի լավ եմ հիշում։

Գործուղման էին գնացել Գորիս։ Օղու դեմ արշավի օրը Քարահունջի բնակիչները սգո ժապավեններով փաթաթեցին թթենիների բները և սկսեցին հաշվել վնասները։ Ելնում էին նրանից, որ 1984 թ-ին ալկոհոլի սպառումը, հաշվի առնելով ընդհատակյա օղեթորումը, հասնում էր մեկ շնչին տարեկան 10,5 լիտրի կամ 90-110 շիշ օղու` մեկ չափահաս տղամարդու հաշվով։ Դա` ԽՍՀՄ-ում, բնականաբար` ներառյալ Հայաստանը։ Գորիսեցիներն առանձին իրենց համար էին հաշվել և սրտնեղել։ Բացառելով չխմողների չնչին թիվը՝ ստացվում էր, որ թթի օղու արտադրությունը կրկնակի կամ եռակի կրճատվելու էր։ Իսկ ինչո՞վ էին ապրելու։

Բայց սա մանրուք է` երկրորդային, նույնիսկ երրորդային հարց։ Այդ ժամանակ 1988 թ-ի երկրաշարժի նման բոլորը միանգամից հիշեցին հայկական ԱԷԿ-ի մասին․ կանգնուն կմնա՞, թե՞ կքանդվի։ 1985 թ-ին բոլորը հիշեցին Երևանի կոնյակի գործարանը։ Ի՞նչ կլինի դրա հետ։ Ոչինչ չպատահեց, գործարանը պահեցին։

Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները

Թեև շատ հանրապետություններում շտապեցին կտրել խաղողի այգիները և գինու գործարանները վերածեցին կաթնամթերքի գործարանների։ Ինչպես 1970-ականներին Անտոն Քոչինյանը, այնպես էլ 1985-ին Կարենը Դեմիրճյանը, որտեղ պետք է` խելքով, որտեղ պետք է` խորամանկությամբ, փրկեցին մեր կոնյակի գործարանը։

Կհաջողվի՞ արդյոք փրկել հայկական կոնյակը 2043 թ-ին։ Կապրենք, կտեսնենք։

165
թեգերը:
ալկոհոլ, բրենդ, Հայաստան, կոնյակ
Ըստ թեմայի
Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան
«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»
Իմ Գագարինը, հայերն ու տիեզերքը
Կուբա

«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»

370
(Թարմացված է 21:43 19.04.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանին և Կուբային միավորում է երկու հանգամանք՝ երկուսն էլ անմիջական առնչություն ունեն ԵԱՏՄ-ի հետ՝ Հայաստանը՝ որպես լիիրավ անդամ, Կուբան՝ որպես դիտորդ, և երկուսն էլ ընդհանուր սահման չունեն այդ կազմակերպության հետ։

Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով

Ինչո՞ւ եմ որոշել այսօր խոսել Կուբայի մասին. ապրիլի 19-ին, Հավանայում ավարտվում է ոչ միայն Կուբայի կոմունիստական կուսակցության քառօրյա համագումարը, այլև փաստորեն ավարտվում է Կաստրոների դարաշրջանը, քանզի Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին, միակ կուսակցության առաջնորդի պաշտոնում այսուհետ փոխարինելու է Միգել Դիաս-Կանելը։ Նա Կուբայի նախագահն է, բայց, ինչպես և ժամանակակից Հայաստանում, նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, հենց այդ պատճառով երկու երկրներում էլ նախագահը սահմանափակ լիազորություններ ունի։

Երկնաքար. արխիվային լուսանկար
© CC BY 2.0 / Hubble ESA / Artist's view of watery asteroid in white dwarf star system GD 61

​Այ հիմա Միգել Դիաս-Կանելը լիակատար իշխանություն կունենա, որովհետև գոնե առայժմ Կուբան մնում է սոցիալիստական պետություն, իսկ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները հաստատ հիշում են, թե ինչպիսին էր սոցիալիստական Հայաստանը։ Իհարկե, ամեն ինչ էլի որոշվում էր Բաղրամյան պողոտայի այն շենքում, որտեղ այժմ նիստեր է անցկացնում մեր պառլամետը, պարզապես Սովետի օրոք այնտեղ նստում էին կոմունիստները, որոնք որոշում էին ամեն ինչ, իսկ խորհրդարանը, որը ժամանակ առ ժամանակ հավաքվում էր Մելիք Ադամյան փողոցի նիստերի դահլիճում, ուղղակի միահամուռ հավանություն էր տալիս Կոմկուսի Կենտկոմից ստացված բոլոր օրինագծերին։

​Արդյոք համեմատաբար երիտասարդ Միգել Դիաս-Կանելը, որն այսօր դեռ 60 տարեկան է, իսկ 61-ը կբոլորի վաղը՝ երեքշաբթի օրը, կարո՞ղ է ստանձնել, այսպես ասենք՝ կուբայական Գորբաչովի դերը և արմատական բարեփոխումներ իրականացնել, որոնք ի վերջո կհանգեցնեն բազմակարծության և ժողովրդավարության հաղթանակին։ Հենց այս մասին են վիճաբանում բազմաթիվ վերլուծաբաններ, սակայն թող ներեն ինձ տարբեր երկրների մեկնաբանները, բայց պիտի ասեմ՝ գոնե այս դեպքում ես նրանց հոռետեսական կանխատեսումներին մեծ, շատ մեծ վերապահումներով են վերաբերվում՝ հիշելով անհերքելի փաստը. նույնիսկ առաջատար ամերիկացի վերլուծաբանները խոստովանել են, որ 80-ականներին չեն կարողացել ճիշտ կանխատեսել այն, ինչ 90-ականների սկզբին տեղի ունեցավ հզոր տերությունում՝ Խորհրդային Միությունում։

Ստախոսը երբեք հաջողություն չէր ունենա, եթե մենք հակված չլինեինք հավատալ իր ստերին

​Իհարկե, կան օբյեկտիվ գործընթացներ, որոնք առաջիկա տարիներին իրենց ազդեցությունն են գործելու Կուբայում տիրող իրավիճակի վրա։ Օրինակ՝ օրեցօր ընդլայնվող տեղեկատվական ազատությունը։ Հիշեցնեմ, որ դեռ Սովետի ճահճացման տարիներին հայտնի գրող Ալեքսանդր Սոլժենիցինը փաստել էր՝ այս պետությունը խարսխվում է ստի վրա, եթե հանկարծ գոնե մեկ օր բոլորը հրաժարվեն ստից, այս իշխանությունը կտապալվի։ Համաձայնե՛ք, մոտավորապես այդպես էլ եղավ։ Ավելին, կարծում եմ, որ այս ձևակերպումը՝ «եթե բոլորը գոնե մի օր հրաժարվեն ստից, իշխանությունները կտապալվեն» ամենատարբեր երկրներում շատ հրատապ է մինչև հիմա։ Հասկանում եք, չէ՞, թե կոնկրետ որ երկիրը նկատի ունեմ։ Իհարկե, Հյուսիսային Կորեան։

​Սակայն երևի ճիշտ են նաև այն փորձագետները, որոնք պնդում են՝ Սովետը քանդվեց հիմնականում տնտեսական գործոնների պատճառով։ Այս առումով իրավիճակը Կուբայում ամենևին էլ մխիթարական չէ։ Երբ կազմալուծվեց Խորհրդային Միությունը, Կուբան միանգամից զրկվեց հսկայական օգնությունից, որը ստանում էր Մոսկվայից։ Իսկ անհավատալի էժան նավթից Հավանան զրկվեց այն ժամանակ, երբ այդ նավթը փաստորեն որպես նվեր մատուցող Ուգո Չավեսի մահից հետո Վենեսուելայում բազում անլուծելի պրոբլեմներ առաջացան, վերացավ նույնիսկ զուգարանի թուղթը։

​Ընդամենը երկու օրինակ բերեմ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է խորհրդային տիպի սոցիալիզմը խոչընդոտում Կուբայի տնտեսության զարգացմանը։ Շատերը հավատացած են, թե բոլոր կողմերից ծովերով ու օվկիանոսներով շրջապատված Կուբա կղզում էժան ծովամթերքը լիքն է։ Չարաչար սխալվում եք՝ ծովամթերք հիմնականում կարող եք ըմբոշխնել ռեստորաններում, որտեղ այն շատ թանկ է, որովհետև ամսական 30 դոլար ստացող կուբացին ռեստորան չի գնում, օտարերկրյա զբոսաշրջիկներն են գնում։ Ու սա հետևանք է այն բանի, որ ձկնորսությամբ զբաղվում է հիմնականում միայն պետությունը, որը բազում խոչընդոտներ է հարուցում մասնավորի համար։

​Նույնն է վիճակը նաև կովաբուծության բնագավառում, ինչի արդյունքում խիստ սահմանափակ է ազատ վաճառվող տավարի մսի ծավալը։ Հիշո՞ւմ եք՝ Ստալինի մահից հետո երկրի փաստացի ղեկավար դարձավ Գեորգի Մալենկովը, և եթե Իոսիֆ Վիսարիոնովիչի օրոք գյուղացուն թույլատրում էին պահել ընդամենը երկու ոչխար և մեկ կով, ապա Մալենկովը վերացրեց այդ սահմանափակումը, և ժողովրդի կողմից արժանացավ այս գովասանական երկտողին. «Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»։ Արդյոք Կուբայի նոր ղեկավարին էլ ժողովուրդը երկտող կձոնի։

Ինչպես սիրում են ասել հայաստանցի վերլուծաբանները՝ ժամանակը ցույց կտա։

370
թեգերը:
ԽՍՀՄ, Կուբայի Հանրապետություն
Ըստ թեմայի
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը
Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի արևմտյան սահմաններին իրավիճակը լարված է. Շոյգու

0
(Թարմացված է 17:27 20.04.2021)
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի նիստում հայտարարել է երկրի արևմտյան սահմանների երկայնքով լարվածության աճի մասին:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ղեկավարությունը փորձում է ապակայունացնել իրավիճակը Դոնբասում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ:

Դրան զուգահեռ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են սադրանքներ իրականացնել օդային տարածքում և Սև ծովի ջրային տարածքում:

«Ռազմաքաղաքական իրադրությունը հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ բարդ է մնում», - ասել է Շոյգուն:

Լարված իրավիճակը կապված է այն բանի հետ, որ մի շարք պետություններ փորձում են մեծացնել իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի Դաշնության արևմտյան և հարավային սահմանների մոտ։

0