Նիկոլ Փաշինյան. 20 մարտի, 2021

«Ավելի շատ աբսուրդ, պարոնա՛յք». ով ու ինչպես է ավերում Հայաստանը

323
(Թարմացված է 21:38 22.03.2021)
Sputnik-ի սյունակագիրը վերլուծում է Հայաստանի վերջին քաղաքական գործընթացները, հանրության և առհասարակ պետության տրամադրությունները՝ ընդգծելով հնարավորինս արագ սթափվելու և պետության ու պետականության կորուստը թույլ չտալու անհրաժեշտությունը։

Թե ինչու այդպես պատահեց՝ բացատրելը երկար կլինի, բայց պատահեց այսպես․ Հայաստանի զինված ուժերում Գլխավոր շտաբի միաժամանակ երեք պետ կա։ Իրավաբանները, կախված այն բանից, թե որ կողմն են ներկայացնում, խառնաշփոթին բարդ ստորադասական բացատրություններ են տալիս։ Ամենահետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուրն իր ձևով իրավացի է, միայն թե այն բանակը, որը երեք հրամանատար ունի, բանակ չէ։

Խորհրդարանական հանձնաժողովն արդեն երեք տարի է՝ հետաքննում է 2016թ․-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքները և չի պատասխանում «ո՞վ, «ինչպե՞ս» և «ինչո՞ւ» հարցերին։ Քաշում-քաշում են ու տեղ չեն հասնում․․․ Այսօր հարցը մասամբ հնացել է, Ղարաբաղում նոր պատերազմ է բռնկվել՝ սեփական հարցերով․ ո՞վ և ե՞րբ կպատասխանի դրանց։

Պարգևավճարը, ինչպես գրված է բառարաններում, որևէ գործունեության տպավորիչ արդյունքների համար խրախուսանքի ձևերից մեկն է։ Հիշում ենք․ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Ազգային ժողովը, նախարարությունները, կառավարությանը ենթարկվող գերատեսչությունները, ինքը՝ կառավարությունն էլ ոչ միայն տպավորիչ, այլև գոնե քիչ թե շատ նկատելի արդյունքներ դեռևս չեն ցուցաբերել։ Սակայն պարբերաբար պարգևավճարներ ստանում են։

Աբսուրդի մեկ այլ տարատեսակ․ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախաճաշում է սրճարանում։ Մոտենում է լրագրող Փայլակ Ֆահրադյանը, հետաքրքրվում է․ ինչո՞ւ պաշտոնատար անձը աշխատանքային ժամին աշխատավայրում չի գտնվում։ Ընդհանուր առմամբ, նրբանկատության և էթիկայի լավագույն օրինակը չէ, քանի որ լանչի տեղն ու ժամը պաշտոնյան կարող է ընտրել առանց ԶԼՄ-ների հետ համաձայնեցնելու։

Այնուամենայնիվ, ի՞նչ կարող էր անել նախարարը։ Կարող էր օրինակ, ինչպես Արմեն Ջիգարխանյանը, ասել․ «Քո նման շան գործը չէ, թե որտեղ եմ նախաճաշում», բայց Ջիգարխանյանից ոչ ոք չէր նեղանում, որովհետև նրան սիրում էին բոլորը, իսկ Արշակյանին՝ ընտրողաբար։

Հակոբ Արշակյանը կարող էր լրագրողին առաջարկել նստել, լուսավորել նրան բարձր տեխնոլոգիական գործընթացների մանրամասներով, վերջապես՝ խնդրել ավելի ուշ մոտենալ։ Միակ բանը, որ նախարարը չպետք է աներ՝ Ֆահրադյանի սեղանից համակարգիչը շպրտելն ու նրան ապտակելն է։

Ինչպես վարչապետն ու գեներալներն ինքնասպանություն գործեցին պատերազմից հետո

Պաշտոնական անձանց մասնակցությամբ ծեծկռտուքները հիմա գրեթե ոչ մեկին չեն զարմացնում։ Նորմատիվ հարաբերություններից անցումը ոչ նորմատիվի (ոչ միայն բառապաշարում) նույնպես սովորական է դառնում։ Կյանքը փոխվում է՝ ձեռք բերելով «Միացում»-ի ոգուն միանգամայն հակառակ հատկություններ, և ահա շատերն արդեն Արցախն ընկալում են որպես կտրված կտոր՝ նախկին կարգավիճակին վերադառնալու չնչին շանսերով։

Տեղափոխվում են ոչ միայն սահմանները, այլև հասկացությունները, որոնք ոչ այնքան վաղուց եթե ոչ անսասան, ապա գոնե հաստատուն էին թվում։ Երկիրը, երևում է, շեղվել է ճանապարհից, ռիթմից ընկել, հալվել ու անձևաջրի պես հոսում է «Զվարթնոց» օդանավակայան։ Մարդիկ խորը ձմեռային քնի մեջ են, և ինչպես էլ ցնցում ես՝ արթնանալ չեն ուզում։ Գուցե մի օր կբացենք մեր աչքերը, կձգվենք, Երևանում թուրքերեն խոսակցություն կլսենք, գլուխներս կքորենք ու կհարցնենք․ ո՞նց, արդեն թուրքերի տա՞կ ենք։

Թևավոր «Կադրերն են ամեն ինչ որոշում» արտահայտությունը մեզ համար այսօր էլ արդիական է, բայց երբ «Բոլորը՝ վերև» հրամանով վերևում հայտնվում են ոչ թե ով պետք է, այլ՝ ով ասես, ստանում ենք այն, ինչ ստացանք։ Մարդիկ կան, որոնք ոչինչ հաստատ չգիտեն։ Իսկ կան մարդիկ, որոնք ամեն ինչ գիտեն, բայց ոչ հաստատ։ Որոշ ժամանակներից ի վեր մեզ մոտ իշխանության են այնպիսիք, որոնք առհասարակ ոչինչ չգիտեն։

․․․ Ոչ մեկին վստահել չի կարելի, բայց ոմանց՝ հատկապես։ Այդպես էր ասում դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին և գիտեր, թե ինչ է ասում։ Բայց որտեղի՞ց նա կարող էր իմանալ, որ հարյուր տարի անց մեզ մոտ մարդիկ կհայտնվեն, որոնք եթե անգամ ճշմարտությունն ասեն, նրանց միևնույնն է՝ ոչ ոք չի հավատա։

Շեղված ուղենիշներով ճանապարհի հետևանքները աբսուրդի են հանգեցնում, և ստացվում է, որ պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, իսկ պարտությունը՝ հաղթանակ։

Փաշինյանի թարմերից․ «Մեր սխալների պատճառն այն էր, որ մենք, որպես իշխանություն, շատ սիրված ենք ժողովրդի կողմից։ Այնքան սիրված, որ փորձելով արդարացնել այդ ժողովրդական սերն ու մեր սերը ժողովրդի և հայրենիքի հանդեպ՝ փորձում էինք ամեն ինչ կատարյալ անել։ Կատարյալի որոնումները շատ դեպքերում հանգեցնում էին անգործության»։ Դուք մի բան հասկացա՞ք;

․․․ Ասում են՝ մի անգամ Ստալինը օթերևութաբաններին հարցրել է, թե քանի տոկոս է նրանց կանխատեսումների ճշգրտությունը։ «Քառասուն տոկոս, ընկեր Ստալին»,-պատասխանել է երկրի գլխավոր օթերևութաբանը։ «Իսկ դուք հակառակն ասեք, այդ դեպքում 60 տոկոս կլինի»,-խորհուրդ է տվել Ստալինը։ Այդպես էլ անում ենք։

Մեր կյանքի աբսուրդի պատճառներից մեկը․ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքը․

«Երեսուն տարի ժողովրդին կերակրել են հեշտ յուրացվող սերիալներով՝ ֆասթֆուդի նման, մարդկանց ընկալելով միայն որպես ընտրազանգված։ Այդ սերիալները նկարող մարդկանց բարձրագույն պետական պարգևներ են շնորհվել, և նրանք շարունակել են մարդուց «ջնջել» քաղաքացուն։ Եվ նրանց մոտ ստացվել է»։ Ավաղ․․․

․․․Անկյուն քշված և ձեռքով ղեկավարվող պետությունն ավելի արագ է քանդվում, քան ատոմային ռումբի պայթյունից հետո, և քանդված բարաքի աղյուսներից կարելի է գուցե մեկ այլ բարաք կառուցել, բայց տաճար կառուցել հաստատ չի ստացվի։ Եվ այնուամենայնիվ, դեռ ամեն բան կորած չէ։

323
թեգերը:
հասարակություն, Իշխանություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Ղարաբաղը հայկական հող է», կամ ինչպես ժողովուրդը միավորվեց 1988 թվականի փետրվարին
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին
Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է, կամ ինչով են նման Հայաստանն ու Շվեյցարիան
Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ

Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին

239
(Թարմացված է 09:35 14.05.2021)
Ինչպես հայտնի է, Հայաստանը պտղաբեր հողերի պակաս ունի։ Հարց է ծագում` ի՞նչ կարելի է անել երկիրը մթերքով ապահովելու համար։ Sputnik Արմենիայի թղթակիցը հիշեցնում է մի մեթոդ, որին պետությունը դեռևս լուրջ ուշադրություն չի դարձնում։

Կար ժամանակ, երբ Հայաստանի պատվավոր հյուրերին Մատենադարանից, հռչակավոր կոնյակի գործարանից և Մարտիրոս Սարյանի արվեստանոցից բացի, տանում էին նաև Երևանի ծայրամասերից մեկը։ 60-ականների կեսեր։ «Ամենաամենաների» ցանկում ներառված տեսարժան վայրը՝ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ։

Ինչո՞վ է լավ հիդրոպոնիկան։ 90-ականների հուշերից․ Երևանի Թումանյան և Հանրապետության (այն ժամանակ՝ Ալավերդյան) փողոցների անկյունում բազմահարկ շենք կա, այն տարիներին այդ շենքում էր տեղակայված մշակույթի նախարարությունը։

Հարևանությամբ ապրողները (իսկ ես հենց հարևանությամբ էի ապրում) չէին կարող չլսել աքաղաղի զրնգուն ծուղրուղուն, որն ամեն առավոտ լսվում էր վերևներում ինչ-որ տեղից։ Վեր նայելով` կարելի էր որոշել ձայնի աղբյուրը․ աքլորները կանչում էին նախարարության շենքի հարթ տանիքից, իսկ թե ինչ էին նրանք անում այդ տանիքին, մնում էր գուշակել։

-Հա, տիկին Գոհարն է` հարևանուհիս, տանիքին հավ է պահում, կանաչի, բանջարեղեն է աճեցնում, նաև սունկ, ելակ։ Ընտանիքն է կերակրում, ավելացածն էլ վաճառում է,-բացատրեց մշակույթի նախարարության դիմացի շենքում ապրող հին ընկերս՝ բանասիրության պրոֆեսոր Ալբերտ Շարուրյանը։

-Կարո՞ղ ես ծանոթացնել։

-Հեշտ ու հանգիստ։

․․․Ագրոքիմիական պրոբլեմների ինստիտուտի նախկին աշխատակից տիկին Գոհարն ինձ տարավ շենքի տանիք` ընթացքում փառաբանելով ակադեմիկոս Գագիկ Դավթյանին (Հիդրոպոնիկայի ինստիտուտի հիմնադրին և առաջին տնօրենին) և հայհոյելով իշխանություններին` գիտությունը մոռացության մատնելու համար, մինչդեռ․․․

- Ինքդ կտեսնես,-տիկին Գոհարը բացեց տանիքի դուռը, և ինձ մնում էր տեսնել ու զարմանալ։

Իսկ զարմանալու բան կար։ Շարքով արկղեր՝ արհեստական լցանյութի (հողի փոխարինիչ) վրա աճող սամիթով, համեմով, հատապտուղներով։ Մեծ ծաղկամաններում՝ ցածրիկ խնձորենիներ և տանձենիներ, քիչ այն կողմ` հավաբուն՝ վերոնշյալ զրնգուն աքաղաղի գլխավորությամբ։ Վերևում երկինքը չէր երևում. հարթակի վրա պոլիէթիլենային վարագույր էր, պատի տակ՝ թասերի և դույլերի մեջ` քարե փշրանքի և ինչ-որ անորոշ զանգվածի խառնուրդ։

Տիկին Գոհարի՝ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի նախկին կրտսեր գիտաշխատողի բացատրություններից․

-Բույսերը, որոնք նման ձևով են խնամվում, հիվանդություններ չունեն, իսկ պտուղները պահպանում են իրենց հատկություններն ու համը։ Բայց դրա համար պետք է կայուն միկրոկլիմա պահպանել, հավասարակշռված սնուցում տալ և բերքը ճիշտ ժամանակին հավաքել։

Իջնենք բարձր տանիքից ու վերադառնանք երկրային խնդիրներին։ ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհում ամեն տարի կրճատվում է պտղաբեր հողերի մակերեսը։ Հայաստանում` նույնպես։

Ընդամենը մեկ տարում (2014-ից մինչև 2015թ.) այն կրճատվել է 800 հեկտարով, և այդ ժամանակից ի վեր մենք կորցնում ու կորցնում ենք (էլ չասենք պատերազմի և հետպատերազմական քաղաքականության հետևանքով հողերի կորստի մասին): Իսկ մեզ մոտ, ինչպես Ֆրունզիկն էր ասում. «Թանկագինս, հասկանո՞ւմ եք, մեզ մոտ լեռներ են, լեռներ...»: Լեռները կազմում են Հայաստանի տարածքի ավելի քան 90 տոկոսը, ընդամենը մոտ կես միլիոն հեկտար վարելահող է մնում։

Մինչդեռ հիդրոպոնիկայի համար, ինչպես պարզվեց, լեռները ոչ միայն վատ չեն, այլև հենց այն են, ինչ պետք է։ Հիդրոպոնիկայում կիրառվող ամենատարածված (բայց բնավ ոչ միակ) լցանյութը գրանիտի խճաքարն է։ Մեր երկրում գրանիտ ամեն տեղ չկա, իսկ այն բազմաթիվ կիլոմետրեր տեղափոխելը չափազանց թանկ է։ Ուստի այն հաճախ փոխարինում են հրաբխային տուֆով. իր ծակոտկենության և մեծ քանակի խոնավություն պահելու հատկության շնորհիվ դա հենց այն է, ինչ պետք է։

…Ակադեմիկոս Գագիկ Դավթյանը մեծ ապագա էր խոստանում հիդրոպոնիկային, նրան հավատացին, և որպեսզի խոսքը գործ դարձնելն ավելի հեշտ լինի, խորհրդային տարիներին չլսված-չտեսնված քայլի դիմեցին. գիտնականին նշանակեցին Հայաստանի Մինիստրների խորհրդի փոխնախագահ։ Այդպիսով, ԵՊՀ նախկին ռեկտորի (1957-1961թթ.), այնուհետև ամբողջ ԽՍՀՄ-ում հայտնի դարձած ինստիտուտի տնօրենի կենսագրության մեջ նոր տող գրվեց։

-Մենք նախատեսում ենք հիդրոպոնիկ բերքը մոտեցնել օրգանականին։ Դրա համար բույսերը կսնուցենք ոչ թե հանքային, այլ օրգանական պարարտանյութերով, մանրակրկիտ կընտրենք լցանյութերը և կօգտագործենք վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդներ,-հարցազրույցներից մեկում պատմել է ակադեմիկոս Դավթյանը։

Հիդրոպոնիկ բերքը շահավետ է նաև բերքը սպառողին արագ և առանց խնդիրների հասցնելու առումով։ Ինչպես տիկին Գոհարի մոտ էր․ այն ամենը, ինչ աճեցնում էր տանիքին, փողոցն անցնում ու տուն էր հասցնում, մնացածն էլ հանձնում էր մոտակա խանութին։

Եթե հիշենք, որ արդեն այսօր Երկրի բնակչության 50 տոկոսը քաղաքներում է ապրում, իսկ մինչև 2050թ․-ը այդ թիվը կհասնի 80 տոկոսի, մթերքն էլ գյուղերից քաղաք հասցնելը էժան չէ, ապա տանիքներից ու այլ օժանդակ կառույցներից բերք հավաքող ընկերությունները կարող էին նկատելիորեն օգնել պետությանը մարդկանց կերակրելու հարցում։

․․․Ի՞նչ է մնացել ակադեմիկոս Դավթյանից հետո, բացի Մաշտոցի պողոտայում նրա ապրած շենքի պատին ամրացված հուշատախտակից։ Մնացել է նրա անվան ինստիտուտը՝ հայտնի գիտնական Խաչատուր Մայրապետյանի գլխավորությամբ։ Բայց ի՞նչ կարող է անել գիտությունն առանց պետության աջակցության։ Տեսնում ենք։ Տխրում ենք։

239
թեգերը:
մթերք, տանիք, շենք, Հայաստան
Ըստ թեմայի
Իրանական նավթն ու հայկական ոսկին. ինչպես տապալեցին Մոսադեղի կառավարությունը
Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային
«Ավելի շատ աբսուրդ, պարոնա՛յք». ով ու ինչպես է ավերում Հայաստանը
Իսրայել

Ինչո՞վ են տարբեր հայերն ու հրեաները. ՀՀ–ի անհաջողության և Իսրայելի հաջողության գրավականը

358
​Եկեք անկեղծ լինենք։ Քննադատական վերաբերմունքն իրականության նկատմամբ սովորաբար շատ ավելի լավ արդյունքներ է տալիս, քան հաջողությունների ճոխացրած թվարկումը։
Իսրայելը կարող է տոնել իր լիակատար հաջողությունը միայն արաբական ողջ աշխարհի հետ խաղաղություն հաստատելուց հետո

Թույլ տվեք ներկայացնել մի մեջբերում, իսկ դուք փորձեք կռահել, թե ով է նման գնահատական տվել սեփական պետությանը։ «Մենք ավելի շատ նման ենք գավառի, քան մշակույթի կենտրոնի։ Ըստ երևույթին, մեր ազգին հատուկ հանճարեղությունը շրջանցել է մեր պետությանը։ Մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, սակայն անհնար է պնդել, թե աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների իղձերն ուղղված են դեպի այս պետությունը, և որ նրանք այն ընկալում են որպես իրենց մշակույթի կենտրոն»։ ​Միանգամից ասեմ՝ այս ավելի քան խիստ խոսքերը` մենք ավելի շատ նման ենք գավառի, քան մշակույթի կենտրոնի, պատկանում են Իսրայելի վարչապետներից մեկին՝ Արիել Շարոնին, որը որպես հմուտ զինվորական մասնակցել է Իսրայելի վարած բոլոր պատերազմներին և հարազատ պետության կայացման համար արել է ամեն ինչ։

Համեմատեք այն գնահատականների հետ, որոնք մեր հարազատ երկրին տվել են մեր հարազատ ղեկավարները։ «Հայաստանը տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունն է», «մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է», «մեր ջանքերի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճ է արձանագրել», «մենք մեկ տարում ստեղծել ենք 40 հազար աշխատատեղ»։

Էլ չեմ խոսում այն նվաճումների մասին, որոնց երկար ցանկը հրապարակեցին իշխող ուժի ներկայացուցիչները մեր խորհրդարանի վերջին նիստում։ Պարզվեց, որ նույնիսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրներում մեր իշխանությունների անխոնջ աշխատանքի արդյունքն է։ Լավ էր գոնե մեր ֆուտբոլային հաջողություններն իրենց չվերագրեցին։ Թե՞ դա էլ արեցին. ամբողջ նիստը չեմ նայել։ ​Ինձ հեգնանքով անվանեք անուղղելի ոչմիթիզական, բայց ես պարզապես որպես լրագրող փաստում եմ անհերքելի ճշմարտությունը՝ Իսրայելն իր ողջ գոյության ընթացքում չի զիջել ոչ մի թիզ հող, միայն գրավել է։ Միգուցե նաև այն բանի շնորհիվ, որ ոչ թե շարունակ ուռճացրել է իր ձեռքբերումները, այլ համառ ու հետևողական աշխատանքով իրական նվաճումների է հասել։ Եվ մայիսի 14-ի նախօրեին, երբ նշվելու է Իսրայելի կազմավորման 73-ամյակը, «Ֆիգարո» թերթը թվարկում է այդ նվաճումները։ ​

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

«Իսրայելը Մերձավոր Արևելքի միակ դեմոկրատական պետությունն է»,-գրում է ֆրանսիական պարբերականը։ Ի դեպ, այս փաստարկը դեռ տասնամյակներ առաջ մշտապես օգտագործում էր ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Աբբա Էբանը, որն ասում էր. «Եթե ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկն է ժողովրդավարության հաստատումն աշխարհում, ապա չեք կարող անտեսել, որ դեմոկրատական սկզբունքներով առաջնորդվող Իսրայելի դեմ կռվող բոլոր պետությունները բռնապետական են։ Թերթի հեղինակը շարունակում է. «Տնտեսական առումով Իսրայելը տարածաշրջանի առաջատարն է բարձր տեխնոլոգիաների բնագավառում»։ ​Իսրայելը նաև ստեղծել է տարածաշրջանի ամենահզոր բանակը։ Իսկ ռազմական արդյունաբերության տեսակետից Իսրայելը գերազանցում է Ֆրանսիային»,– փաստում է թերթը, բերելով այն օրինակը, որը մեզ` հայերիս, համար շատ ու շատ ցավալի է հնչում. «Վերջին տեխնոլոգիաների վրա հիմնված պատերազմները մշտական են դարձել աշխարհում, և հենց իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը մեծապես նպաստեցին Ադրբեջանի հաղթանակին Լեռնային Ղարաբաղում», - կարծիք է հայտնում «Ֆիգարոն»։

Համաձայնեք՝ ավելի քան զարմանալի է, մի՞թե ֆրանսիական թերթի հոդվածագիրը պիտի տեղեկացնի Հայաստանի իշխանություններին, որ այսպես կոչված կիբեռպատերազմները վաղուց արդեն մշտական են դարձել աշխարհում, և այս կամ այն կողմի ռազմական հաջողությունները ամենաժամանակակից դրոններից են կախված։ ​Մի փաստ էլ, ու վերջ։ Ինչպես նշում է «Ֆիգարոն», համավարակի դեմ պայքարում Իսրայելն աշխարհի չեմպիոնն է։ Պետությունը, որն ունակ է կանխատեսելու և ցանկացած գործ առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու, դեռ գարնան կեսերին ապահովել էր պատվաստանյութի 110 չափաբաժին յուրաքանչյուր 100 բնակչի հաշվով։

Թող ներեն ինձ նրանք, ովքեր տանել չեն կարողանում Հայաստանի համեմատությունը Իսրայելի հետ, բայց հո հանրահայտ փաստ է՝ մեզ մոտ մինչեւ հիմա չի պատվաստվել բնակչության 99 տոկոսը։ ​Գիտեմ, թե ինչ հակափաստարկ եք հիմա հնչեցնելու՝ եթե Իսրայելում ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է այդքան վատ, և ինչո՞ւ են իսրայելցիներն ամեն օր նետվում դեպի ռմբապաստարանները՝ տագնապի ազդանշանը լսելիս։ Կներեք, բայց հենց իրենք՝ իսրայելցիներն են անվերապահորեն ընդունում. «Այո՛, մենք իրավունք կունենանք տոնելու մեր պետության լիակատար հաջողությունը միայն այն ժամանակ, երբ խաղաղություն հաստատենք արաբական ողջ աշխարհի հետ»։

358
թեգերը:
Պատերազմ, Իսրայել, հրեա, հայ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է
Ռադիոյի օգտակար և վնասակար կողմերը, կամ ինչպես Էյֆելյան աշտարակը փրկվեց ռադիոյի շնորհիվ
10 հատ ձու, անվճար օղի. պատվաստումը խթանելու ինչ եղանակներ են կիրառվում տարբեր երկրներում
И.о премьер-министра Никол Пашинян на заседании Парламента (10 мая 2021). Еревaн

ՀԱՊԿ–ով գործարկել ենք մեխանիզմ, որը քաղաքական և ուժային լուծում է նախատեսում. Փաշինյան

0
Առաջիկա օրերին պետք է գործարկվի համատեղ կոնսուլտացիաների մեխանիզմը, ձևավորվի համատեղ գործողությունների առաջարկ։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Հայաստանը ՀԱՊԿ–ին է դիմել, քանի որ, ըստ ամենայնի, գործ ունենք Ադրբեջանի կողմից ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Եթե խնդիրը լիներ մեկ տեղանք կամ բլուր, ապա ՀՀ զինված ուժերն ի վիճակի էին լուծել այդ հարցը, սակայն քանի որ վերլուծությունը ցույց տվեց, որ լոկալ բախում հրահրելու հետ գործ ունենք, դիմեցինք ՀԱՊԿ–ին։ Հարցն այն է, որ հետո, եթե բախում սկսվեր, այդ աղմուկի մեջ դժվար կլիներ ապացուցել, թե ով որտեղ է կանգնած եղել»,–ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ երեկ երեկոյան հանձնարարել է, որ դիմեն ՀԱՊԿ, և այսօր կեսօրից հետո բոլոր փաստաթղթերն արդեն հասել են հասցեատերերին։ Առաջիկա օրերին պետք է գործարկվի համատեղ կոնսուլտացիաների մեխանիզմը, և ձևավորվի համատեղ գործողությունների առաջարկ։

Փաշինյանի խոսքով` ստեղծված ճգնաժամային իրավիճակը ռազմաքաղաքական, քաղաքական եղանակներով հանգուցալուծելը ՀԱՊԿ պայմանագրի առաջնահերթություններից է։ Բայց նախատեսված է նաև ուժի կիրառման պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով ՀԱՊԿ անդամ պետության տարածքում նախազգուշացման տեղակայման համար որոշում կայացնել և զինված հարձակումը կանխելուն ուղղված քայլեր իրականացնել։

«Հիմա գործարկել ենք մի մեխանիզմ, որտեղ նախատեսվում է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմաքաղաքական և ուժային լուծումներ»,–ասաց Փաշինյանը։

0