Երեխա

Տառապանքը ակնթարթ է երջանկության ծովում․ հոգեբանը՝ պատերազմից չկոտրված հայ երեխաների մասին

127
(Թարմացված է 23:55 18.03.2021)
Անուշ Շահբենդերյանը հանդիպում է անցկացրել հայ հոգեբանների, սոցաշխատողների և կամավորների հետ ու պատմել երեխաների հետ աշխատելու իր մեթոդների մասին։

Սփյուռքը արցախյան պատերազմին հետևում էր ուշիուշով` զարթնելով ու քնելով Հայաստանից եկող նորությունների հետ։ Կարելի է պատկերացնել` որքան մեծ էր նրանց անզորությունը, երբ իրենց պետությունների աջակցությունը Հայաստանին բավարար չէր լինում։

Հենց նման զգացողություններն ու ապրումները հայերից շատերին ստիպեցին ստանձնել Հայաստանին և Արցախին օգնելու առաքելությունը ոչ թե սոցցանցերի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին դրամական փոխանցումներ անելու միջոցով, այլ իրենց այցով ու հայրենիքում նոր նախաձեռնություններ իրականացնելով։

Ֆրանսիայում բնակվող հոգեբան Անուշ Շահբենդերյանն այդ նպատակով ժամանեց Հայաստան։ Նա արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում է և իր գիտելիքներով ու հմտություններով փորձում է օգնել հայրենակիցներին։ Ասում է այդ աշխատանքն օգնում է մոռանալ անօգնական լինելու տանջող զգացողությունը։

Психолог Ануш Шахбендерян на семинаре Как работать с детьми, которых затронула война
© Sputnik / Janna Poghosyan
Անուշ Շահբենդերյան

Շահբենդերյանը հայ և ֆրանսիացի կամավոր բժիշկների «Santé Arménie» նախաձեռնության շրջանակում աշխատում է արցախյան պատերազմից տուժած երեխաների հետ։ Նրա մոտեցման մեջ առանցքայինը երեխայի վիկտիմիզացիայի (զոհի կերպարի ստեղծում) հավանականության բացառումն է։

«Երեխաների և մեծերի աշխարհը շատ են տարբերվում իրարից։ Պարտադիր չէ, որ պատերազմ ու պոտենցիալ տրավմատիկ իրադարձություններ վերապրած երեխան տրավմա ունենա։ Երեխաները լի են կյանքով, էներգիայով և խաղով։ Անկախ առաջացող դժվարություններից նրանք հարմարվելու անհավանական ունակություն ունեն, և այդ ունակությունն իրենց մոտ ավելի լավ է զարգացած, քան մեծահասակների մոտ», - «Ինչպես աշխատել պատերազմից տուժած երեխաների հետ» սեմինարի ժամանակ ասաց Անուշը։

Միջոցառումը կայացավ Երևանում։ «Kooyrigs» հայ-ամերիկյան նախաձեռնության կազմակերպած սեմինարին հոգեբաններ, սոցաշխատողներ և կամավորներ էին մասնակցում։ Անուշ Շահբենդերյանը ֆրանսերեն պատմում էր երեխաների հետ աշխատելու իր փորձի մասին։

«Պետք չէ հավատալ այն լուսանկարներին կամ տեսանյութերին, որոնցում տառապող երեխաներ են պատկերված։ Երեխաների համար տառապանքը կարող է ընդամենը մի ակնթարթ լինել։ Նրանք ապրում են պահով։ Եվ ծնողներն ու երեխաների հետ աշխատող մասնագետները պետք է գիտակցեն դա։ Պետք չէ երեխային տրավմաների ենթարկել հարցերով` կարոտո՞ւմ ես տունդ, ընկերներիդ, զոհված հարազատիդ։ Հակառակը` պետք է կենտրոնանալ նրա վրա, թե ինչ է երեխայի հետ կատարվում հենց այդ պահին», - ասում է հոգեբանը։

«Therapists for Armenia» նախաձեռնությունը, որի անդամ է նաև Անուշը, 6-12 տարեկան երեխաների հետ աշխատելու նպատակով գունազարդելու համար նախատեսված հատուկ թերապևտիկ նյութեր է պատրաստել։ Այնտեղ կան նաև տարբեր վարժություններ։ Երեխային առաջարկում է նկարել իր երազը, գունազարդել սեփական հույզերը, նկարագրել սնվելու և զբոսնելու ժամանակ առաջացող մտքերը։

Պատերազմի հետևանքով 472 անձ է հաշմանդամ դարձել. ՀՀ–ում անկախ կյանքի կենտրոններ կգործեն

Հոգեբանը պատմում է, որ երեխաների հետ աշխատելու հիմնական նպատակն է օգնել նրանց արտահայտել էմոցիաները։ Երեխայի խոսքում կարող են բացակայել այս կամ այն իրադարձությունը նկարագրող բառերը, և հենց դրա համար օգնության են գալիս գունազարդումը, մատիտներն ու գրիչը։

«Մենք երեխաների հետ այդ նյութերով աշխատել ենք Վանաձորում ու Գյումրիում։ Շատ կարևոր է, որ երեխան տետրում աշխատելիս մենակ լինի։ Եթե նույն սենյակում լինեն նաև նրա ծնողները, ապա երեխան կարող է իրեն պարտավորված զգալ, որ բոլորի համար ընդունված պատկերներ նկարի, օրինակ՝ արև, երկինք և խոտ։ Անկեղծ ասած, երբ մենք երեխաների տատիկների և մայրերի մոտ ցայտնոտային վիճակ տեսանք, մտածեցինք, որ իրենց էլ նման գունազարդումը չի խանգարի», - պատմեց հոգեբանը։

Սեմինարին ներկա էր նաև կլինիկական հոգեբանության դոկտոր Լիլիթ Մնացականյանը։ Նա պատմեց նաև իր փորձի մասին։

Психологи Лилит Мнацаканян и Ануш Шахбендерян на семинаре Как работать с детьми, которых затронула война
© Sputnik / Janna Poghosyan
Լիլիթ Մնացականյանն ու Անուշ Շահբենդերյանը

«Հայաստանի քաղաքացիները հոգեբանական օգնություն չեն ընդունում։ Տարածված է այն կարծիքը, թե այդ օգնությունը, միևնույնն է, մեծ արդյունք չի տա։ Բացի այդ, կրիտիկական իրավիճակը կտրում է արտաքին աշխարհի հետ մարդու կապը, և նա շրջակա միջավայրի հետ որևէ ընդհանուր բան ունենալ չի ցանկանում», - ասաց Մնացականյանը։

Sputnik Արմենիայի թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է պատերազմից տուժածների համար հոգեբանական օգնությունը պարտադիր դարձնել և հատուկ պետական ծրագիր նախաձեռնել, հոգեբանը պատասխանեց` գրեթե անհնար է։

Ժամանակը դեռ չի բուժել այդ վերքերը. ինչ դասեր է քաղել պատերազմից երիտասարդ իրավաբանը

«Դա հիանալի նախաձեռնություն կլիներ, սակայն պետությունն այդքան ռեսուրս չունի՝ ո՛չ ֆինանսական, ո՛չ մարդկային։ Հայաստանում շատ քիչ են մասնագետները, որոնք պատերազմ վերապրած մարդկանց հետ աշխատելու փորձ ու հմտություն ունեն։ Բարեբախտաբար, կան մի շարք կամավորական և հասարակական նախաձեռնություններ, որոնք ստանձնել են աշխատանքների մի մասը։ Նման նախաձեռնություններից մեկը «Դեպի կյանք» ՀԿ-ն է», - պատմեց Մնացականյանը։

Участники семинара Как работать с детьми, которых затронула война
© Sputnik / Janna Poghosyan
Սեմինարի մասնակիցներ

Մասնագետները խորհուրդ են տալիս զգույշ աշխատել նաև պատերազմից տուժած երեխաների ծնողների հետ։

«Եթե ընտանիքը չի կարողացել համակերպվել մտերիմ մարդու մահվան հետ, երեխան ընդհանրապես չի կարողանա հասկանալ, ինչ է տեղի ունեցել։ Պետք է երեխային օգնել, որ ձերբազատվի կուտակված ցավից», - ասում են մասնագետները։

Образец тетради для работы с детьми, которых затронула война
© Sputnik / Janna Poghosyan
Երեխաների հետ աշխատելու համար նախատեսված տետրեր

Եթե գունազարդման թերապևտիկ նյութեր ձեռքի տակ չկան, հոգ չէ։ Անուշ Շահբենդերյանը խորհուրդ է տալիս երեխայի հետ անել այն, ինչ կարող եք՝ պարեք, խաղացեք, երգեք, խոհանոցում որևէ բան պատրաստեք։ Նրա հետ ժամանակ անցկացրեք, եղեք նրա կողքին։ Հոգատար մեծահասակի ներկայությունը հենց այն է, ինչ պետք է բոլոր երեխաներին, իսկ սթրես տարած երեխային՝ առավել ևս։

127
թեգերը:
երեխա, հոգեբան, Պատերազմ, Հայաստան
Ըստ թեմայի
Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան
Լսելով կապիտուլյացիայի մասին` նա արտասվեց. լեյտենանտի համար պատերազմն ավարտվեց 29 տարի ուշ
«Եթե ապոկալիպսիս էլ լինի, չենք գնալու»․ ռուս հարսն ու Արցախյան պատերազմի տպավորությունները
Երևան, 1969 թվական

Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան

101
(Թարմացված է 22:25 15.04.2021)
Հայաստանում կաշառակերությունն ամենևին էլ անկախության ժամանակաշրջանում չի հայտնվել, այն ծաղկում էր դեռ ԽՍՀՄ–ի գոյության շրջանում։ Այն ժամանակ խնդիրը փորձեցին լուծել իշխանափոխության օգնությամբ։ Թե ինչ դուրս եկավ դրանից, ընթերցեք Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։

Վերջերս ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու մի խումբ գեներալներ իրենց անվստահությունը հայտնեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով նրա հրաժարականը։

«Ռազմական հեղաշրջում է լինելու», – ոմանք այսպես գնահատեցին զինվորականների դեմարշը։ Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա սխալ կանխատեսում էր։ Իշխանափոխության փորձ գուցե եղել է, բայց գործը հայտարարությունից այն կողմ չգնաց։

1973 թվական, Երևան։ Հեղաշրջման փորձը ձախողվեց աչքիս առաջ։ Հայաստանի բարձրագույն կուսակցական ղեկավարներից մեկի աշխատասենյակում զնգում է կառավարական կապի հեռախոսը։ Ալբերտ Ստեփանյանը վերցնում է խոսափողը, լսում, զանգահարողին ասում` ցտեսություն, կախում է հեռախոսը։

– Ժորան էր, – բացատրեց Ալբերտ Ստեփանյանը։

– Եվ ի՞նչ, – հարցրի ես։

– Ոչինչ։ Նստած է ԽՄԿԿ ԿԿ միջազգային բաժնում, երկիր է ընտրում։

«Ժորան» ՀՀ ԿԿ երկրորդ քարտուղար Գեորգի Տեր–Ղազարյանցն էր։ Անտոն Քոչինյանին աշխատանքից ազատելու դեպքում նա դառնում էր առաջինը։ Իսկ մյուսը` Ալբերտ Ստեփանյանը, կազմակերպչական և կուսակցական աշխատանքների բաժնի վարիչը (ԿԿ աշխատակազմի կարևորագույն բաժին)։ Կադրային այլ փոփոխություններ էլ էին սպասվում։

Իսկ ի՞նչ կապ ունեմ ես այդ ամենի հետ։ Իմ մասին` քիչ ուշ, իսկ հիմա` հանրապետությունում տիրող իրավիճակի մասին, որը հիշեցնում էր մեր օրերի Հայաստանը և ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի բոլոր երկրները, եթե խոսենք կոռուպցիայի մասին, որի հետ պայքարել է պետք, սակայն այն արմատախիլ անել դեռ ոչ մի տեղ և ոչ ոքի չի հաջողվել։

Հայաստանում, երբ առաջին դեմքը Անտոն Քոչինյանն էր, նրանց թիվը, ովքեր չէին ուզում արդար ապրել, հետզհետե շատանում էր, և ամեն ինչ այդքան վատ չէր լինի, եթե կաշառակերությունն ու ծանոթի միջոցով հարց լուծելու սովորությունը չընդլայնվեին ղեկավար կադրերի հաշվին` նախարարներ, քարտուղարներ, քաղկոմներ և շրջկոմներ, ոստիկաններ, դատախազության աշխատակիցներ (ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ, բայց ՊԱԿ–ի աշխատակիցներն այն ժամանակ բացառություն էին)։

Զայրացած քաղաքացիները հազարավոր նամակներ էին ուղարկում Մոսկվա, որտեղից ժամանակ առ ժամանակ տարբեր հանձնաժողովներ էին գալիս Հայաստան։ Գալիս էին, նայում ու գնում։ Օգուտ չկար։ Գործի անցան «դավադիրները» և որոշեցին իշխանափոխություն անել այսպես կոչված հեղաշրջման օգնությամբ։

Դուք, իհարկե, հասկանում եք, որ խորհրդային տարիներին դասական իմաստով (երբ տանկեր են փողոց հանվում, կառավարության անդամներին բանտարկում, պարետային ժամ մտցնում և այլն) հեղաշրջում անելն անհնար էր։ Կարելի էր անել միայն այն, ինչ արվեց` հանրապետության ղեկավար Անտոն Քոչինյանից գաղտնի ողջ Խորհրդային Միության ղեկավար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին հասցնել Հայաստանում տիրող իրավիճակի օբյեկտիվ պատկերը։

Իսկ հիմա` իմ մասին։ Այդ տարիներին ես գլխավորում էի ԿԿ ինֆորմացիայի բաժինը, սակայն դավադրության մասնակից դարձնելու համար դա քիչ էր։ Բայց ղեկավարությունը համարում էր, որ հստակ բառեր գտնելն ու դրանցով ճիշտ նախադասություն կազմելը (շնորհակալություն ռուսական բանասիրության ֆակուլտետին) ինձ մոտ լավ է ստացվում։ Հետո հայրս վաղեմի բարեկամական հարաբերություններ ուներ Ալբերտ Ստեփանյանի հետ։ Բացի այդ, անթաքույց ցանկություն կար` վարչական ռեսուրսն օգտագործելով` աշխատանքի անցնել «Իզվեստիա» թերթում։ Մի խոսքով, ինձ հետ հույս կապեցին։

Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Իմ խնդիրը հետևյալն էր` աշխատավորների հարյուրավոր ցասումնալից (առանց չափազանցության) նամակներից ու հայտարարություններից սեղմ, բայց իրենց բովանդակությամբ հոգեցունց ակնարկներ կազմել։ Երկրորդ քարտուղարի ստորագրությամբ դրանք անմիջապես Մոսկվա էին ուղարկվում։

Բայց ոչ միայն դա։ Դժվար չէր կռահել, որ հեղաշրջում նախաձեռնողների դրդմամբ Կրեմլ նամակ էին ուղարկում ոչ միայն հասարակ մարդիկ, այլև իշխող դասի բարձրաստիճան ներկայացուցիչները, և դա արդեն իմ գծով չէր։

Ես կարծես թե լավ էի անում գործս, թեև չեմ կարող ասել, որ դրանք իմ կյանքի լավագույն տեքստերն էին, բայց ազատ (իհարկե, համեմատաբար ազատ) լրագրությամբ զբաղվելու հեռանկարը ոգեշնչող էր։

«Դավադիրների» գլխավոր շտաբը գտնվում էր Ալբերտ Ստեփանյանի բնակարանում, ուր ինձ մի օր, կեսգիշերին մոտ հասցրին կառավարական լիմուզինով։

– Շքամուտք մտեք բակի կողմից, – գլխավոր մուտքին չհասած` ասաց Ավոն` Ալբերտ Ստեփանյանի վարորդը։

– Որ Սաշիկի (Քոչինյանի թիկնապահ) մարդիկ չբռնեն, – բացատրեց Ավոն։

Շքամուտք մտա բակի կողմից, սեղմեցի անհրաժեշտ դռան զանգը։ Բնակարանում, տանտիրոջից բացի, ներկա էին Ջոն Կիրակոսյանը (այն ժամանակ ՀՀ արտգործնախարար, հետագայում ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հայրը) և ՀՀ ՊԱԿ–ի փոխնախագահ Դմիտրի Թարջիմանովը։ Չեմ հիշում, թե ինչ փաստաթղթեր էր պետք շտապ խմբագրել։ Խմբագրեցի։

...Անցավ մի քանի շաբաթ, եկավ այն օրը, երբ Ստեփանյանին Մոսկվայից զանգեց Տեր–Ղազարյանցն ու հայտնեց, որ ընտրում է այն երկիրը, ուր պիտի կմեկնի որպես դեսպան։ Նշանակում էր` հեղաշրջումը ձախողվել է։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

Տեր–Ղազարյանցը ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակով սկզբում մեկնեց Սենեգալ (համատեղությամբ` Գամբիա), այնուհետև` Զամբիա։ Ճանաչված ու բոլորի կողմից հարգված դիվանագետ դարձավ։

Ստեփանյանին նշանակեցին անտառտնտեսության և փայտամշակման արդյունաբերության նախարարի պաշտոն: Ոլորտը սկսեց զարգանալ։ Թարջիմանովը Բրյանսկի մարզի ՊԱԿ պետ նշանակվեց։ Քոչինյանը մնաց իր պաշտոնին, բայց ոչ երկար։ Շուտով նրան փոխարինեց Կարեն Դեմիրճյանը։

«Ինքնուրույն» իշխանափոխության փորձից հետո Մոսկվան հետևություններ արեց։ Հայաստանն այդ ժամանակ Խորհրդային Միությունում միակ պետությունն էր, որտեղ թույլատրվում էր ԿԿ երկրորդ քարտուղարի պաշտոնում տիտղոսային ազգի ներկայացուցիչ նշանակել։ Բայց չստացված հեղաշրջումից անմիջապես հետո` դեռ Քոչինյանի օրոք, Մոսկվայից երկրորդի պաշտոնի համար գործուղեցին Պավել Անիսիմովին։

Սակայն կոռուպցիան արմատախիլ անել այդպես էլ չհաջողվեց։ Սկզբնական փուլում «համակիրների» խանդավառությունը փոքր–ինչ մարեց, բայց միայն սկզբում, այնուհետև ամեն ինչ նորից սկսվեց։ Մի կարևոր մանրուք` այդ ամենի հետ մեկտեղ հանրապետություն էր կառուցվում, մարդիկ գերազանց կրթություն էին ստանում, գիտությունը բարգավաճում էր։

Այո, կոռուպցիան մնաց նաև և՛ Դեմիրճյանի օրոք, և՛ նրանից հետո, իսկ թե այսօր ինչ վիճակ է այդ առումով, ես չէ, որ պիտի պատմեմ այդ մասին։

101
թեգերը:
Հեղաշրջում, իշխանափոխություն, կոռուպցիա, Հայաստան
Նարեկ սարկավագ

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

1208
(Թարմացված է 23:14 15.04.2021)
Սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք պատերազմի մեկնարկի մասին, կիրակի էր։ Նարեկ սարկավագը պատարագ ուներ, բայց շտապեց նախարարություն, երեկոյան տուն եկավ զինվորականի հագուստով։ Ուղիղ 1 ամիս նա զինվորների կողքին եղավ ու դեռ կլիներ, եթե թշնամու գնդակը չխլեր Նարեկի կյանքը։

Գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանն ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ վերջին պատերազմում զինվորներին մենակ չթողեց` մարտերը սկսվելուն պես շտապելով առաջնագիծ։ Այժմ էլ նա իր զինվորների կողքին է` Եռաբլուրում...

Նարեկ սարկավագի մասին պետք է զրուցեմ նրա կնոջ` Մարիամ Բզնունու հետ։ Մարիամը տրամադրված է հարցազրույցին, սկզբում անկեղծորեն ասում է` փակվել էր և մինչ այս չէր կարողանում մարդկանց հետ շփվել։ Զրույցի ընթացքում հանդարտորեն, մեղմ ժպիտով պատմում է ամուսնու մասին և, միայն երբեմն–երբեմն հուզվելով, լռում. ժամանակ է վերցնում` չուզենալով զգացմունքներին տեղիք տալ։

Дьякон Нарек Петросян с супругой Мариам Бзнуни
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը կնոջ հետ

Ապրիլյանի ժամանակ Մարիամն ու Նարեկ սարկավագը դեռ ամուսնացած չէին։ Կինը պատմում է, որ երբ Նարեկը հայտնել է առաջնագիծ մեկնելու մասին, շատ է անհանգստացել և խնդրել է, որ ինքն էլ հետը գնա։ Բայց Նարեկ սարկավագը վստահեցրել է` լավ է լինելու. Մարիամին մնում էր միայն օրուգիշեր աղոթել։

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

«Պատերազմի ավարտից հետո, սակայն, Նարեկը չշտապեց տուն վերադառնալ. նա դեռ երկար ժամանակ այնտեղ էր, որպեսզի օգներ զինվորներին. գառներ էր գնում և մատաղ անում։ Երբ առաջնագիծ «Սնիկերս» էին ուղարկում, ասում էր, որ դա սնունդ չի, պետք է օգտակար բաներ ուտեն։ Ուշքումիտքը զինվորներն էին»,–ասում է Մարիամը։

Ամեն ինչ այլ էր այս անգամ. Մարիամն արդեն ավելի քիչ էր անհանգստանում, քանի որ նախորդ անգամվա փորձն ուներ, մտածում էր` ապրիլյանի նման սա էլ մի քանի օր է տևելու. կաղոթի, և Նարեկը նորից կվերադառնա...

Дьякон Нарек Петросян с военнослужащими
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը զինծառայողների հետ

Պատերազմը սկսվելու օրը` առավոտյան, Նարեկ սարկավագը պատարագ ուներ, քանի որ կիրակի էր, սակայն իմանալով, որ մարտեր են սկսվել` շտապել է պաշտպանության նախարարություն։ Երեկոյան զինվորական համազգեստով է վերադարձել և այդպես` մի ձեռքին` զենք, մյուսին` խաչ, մեկնել է Արցախ։ 

Дьякон Нарек Петросян
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագ

«Ինձ ասաց` Մարիամս, իմացա, որ ամենաթեժ կետը Հադրութում է, որոշեցի այնտեղ մեկնել։ Իսկ երբ ասում էի` հետ արի, դու Մարիա ունես, ինձ պատասխանում էր, թե այստեղ բոլորը Մարիա ունեն. մինչև պատերազմը չվերջանա, հետ չեմ գա»,–հիշում է Մարիամը։

Дьякон Нарек Петросян с семьей
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը կնոջ ու դստեր հետ

Նարեկ սարկավագն առաջնագծում ազատ ժամանակ զինվորների համար սուրճ, թեյ էր պատրաստում, նրանց հետ Աստծո մասին զրուցում։ Երբ իմանում էր, որ զինվորը մկրտված չէ, նաև մկրտություն էր կազմակերպում` կանչում էր տեր հայրերին, իսկ երբ տղաներից մեկը հոգնած էր լինում, նրան էր փոխարինում, որ զինվորը քնի, հանգստանա։ Սոցցանցերում տարածվող լուսանկարներում Մարիամը մի օր տեսել է, որ ամուսինը խաչ է գցում զինվորներից մեկի վզին. Նարեկ սարկավագն Էդգար անունով մի զինվորի կնքահայրն է դարձել։ Հետագայում Մարիամը գտել է զինծառայողին, որն այս ամռանն է զորացրվելու։ Էդգարին մկրտելիս, ինչպես կարգն է պահանջում, սարկավագը նրան նոր անուն է տվել` Նարեկ...

Дьякон Нарек Петросян на передовой
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը զինծառայողների հետ

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

Պատերազմի ընթացքում Նարեկ սարկավագը տուն է եկել` կնոջն ու երեխային տեսնելու։ Մարիամն ասում է` լռակյաց էր դարձել, տխուր էր, հարցերին պատասխանում էր կարճ` այո կամ ոչ։

Дьякон Нарек Петросян с семьей
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը կնոջ ու դստեր հետ

«Երբ տուն եկավ, չէի հարցնում` գնալու է, թե ոչ, համբերատար սպասում էի, որ ինքն ասի որոշման մասին։ Մեր փոքրիկի` Մարիայի հետ մի լավ խաղաց, անգամ ինչ–որ տեսանյութ նկարեց հեռախոսով։ Հաջորդ օրն առավոտ շուտ նորից Արցախ գնաց, ասաց` պիտի իր զինվորների կողքին լինի»,–ասաց Մարիամը։

Дьякон Нарек Петросян
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագ

Չնայած ամուսինը տխուր էր, սակայն հաղթահարել էր մահվան վախը։ Մարիամը հիշում է` երբ Նարեկը Ճարտար համայնքում էր (Մարտունու շրջան), զանգել, ասել է, որ հիանալի վայր է` ասես դրախտ լինի, ուզում է հետագայում ընտանիքով այնտեղ տեղափոխվեն ապրելու։ Ի դեպ, Նարեկ սարկավագը ծնվել է հենց Արցախում` Մարտակերտի Վաղուհաս գյուղում, իսկ սովորել Շուշիի դպրոցներից մեկում. նրա համար Արցախի բնությունը նորություն չէր։

Дьякон Нарек Петросян с военнослужащими
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը զինծառայողների հետ

Նարեկ սարկավագը հարազատ Մարտունիում է զոհվել` պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց` հոկտեմբերի 29-ին։ Մարիամն ասում է` Նարեկն այնքան հոգատար և ուշադիր ամուսին էր, որ հիմա իրեն շատ դժվար է, և նրա բացակայությունն ամենուր է զգացվում։ Կենցաղային հարցերից սկսած` սարկավագը կնոջն աջակցում էր. Մարիամը հիշում է, երբ հղի էր, հետո էլ դուստրը ծնվեց, Նարեկը գնումներ անելիս ամեն ինչից երկու տարբերակ էր վերցնում, որպեսզի կինն ընտրի։

Дьякон Нарек Петросян с семьей
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագկնոջ ու դստեր հետ

«Հիմա ամեն ինչ իրեն է հիշեցնում` սենյակում մեր նկարները, պահարանում գտնվող կոշիկները, հագուստը, որոնք դեռ խնամքով դասավորում եմ։ Փետրվարի 4-ին մեր դստեր ծնունդն էր, 1 տարեկան դարձավ. նրա համար ամեն ինչ անում եմ, տարեդարձն էլ, ատամհատիկն էլ վառ գույներով կազմակերպեցի»,–ասում է Մարիամը։

Նրանց փոքրիկ դուստրը նույնպես կարոտում է հորը` նկարն ամեն անգամ տեսնելիս ժպտում է, շոյում, համբուրում։ Մարիամն ասում է` դուստրն իր հետ հիմա ավելի է կապվել և հայրիկի կարոտն էլ իրենից է ասես առնում։

«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ

Նարեկ սարկավագը երազում էր տեր հայր դառնալ, նախորդ ամռանը քննություն էր տվել։ Բացի այդ, երազում էր իր առանձնատունն ունենալ` հողատարածքով, որպեսզի բնական ու մաքուր սնունդ ապահովեր ընտանիքի համար, այգի մշակեր, ճագարներ պահեր... Ուզում էր 4 աղջիկ ունենալ, ինչպես կնոջ ընտանիքում էր։ Մարիամը պատմում է, որ ամուսինն ասում էր` իրենց տանը միշտ հանգիստ է, իսկ Նարեկենք 3 եղբայրն են եղել, երեքն էլ` աշխույժ։ Նարեկի եղբայրները նույնպես հոգևոր կրթություն են ստացել, բայց միայն Նարեկն է շարունակել այդ ճանապարհը։

Детская фотография Нарека Петросяна
© Photo : provided by Mariam Bznuni
Նարեկ սարկավագը մանուկ հասակում

Մինչ Մարիամը դադար է վերցնում, մեր զրույցին ներկա փոքրիկ Նարեկը (Նարեկ սարկավագի սանիկն է), որը մինչև այդ հազիվ էր իրեն զսպել ու լուռ մնացել, ասում է. «Գիտե՞ս, թագավորն ինձ թողնում էր, որ իր մեքենայի հետ խաղայի։ Ինձ նստեցնում էր իր մեքենան, միասին լավ ծիծաղում էինք։ Թագավորը միշտ իմ գլուխը շոյում էր»։

Նարեկն ու Նարեկ սարկավագն իրար «թագավոր»-ով էին դիմում, քանի որ տարիներ առաջ ցույց տալով սարկավագին` երեխային հարցրել են, թե կուզի՞ նրա պես «թագավոր մարդ» դառնալ։ Երեխան էլ, տեսնելով, որ սարկավագի գլխին թագ չկա, հագուստն էլ թագավորական չէ, մի փոքր հիասթափված պատասխանել է, թե թագավորներն այսպե՞ս են լինում իրականում։ Նարեկ սարկավագին այս պատմությունը շատ է դուր եկել, և նա դրանից հետո միշտ երեխային թագավոր է ասել, փոքրիկն էլ հակադարձել է` թագավորը դու ես։

Нарек, крестник дьякона Нарека Петросяна
© Sputnik / Andranik Ghazaryan
Նարեկ սարկավագի սանիկը

Երեխայի մայրը` Արփինե Մարուքյանը, պատմում է, որ Նարեկ սարկավագի հետ ծանոթացել է հաճախակի եկեղեցի այցելելով։ Առաջին իսկ հանդիպմանը Նարեկ սարկավագը հետաքրքրվել է` արդյոք փոքրիկը մկրտվա՞ծ է, և իմանալով, որ մկրտված չէ, գործի է անցել։ Մայրն ասում է, որ երկու Նարեկների կապն այնքան ուժեղ է, որ բոլորն են դա զգում։

«Նարեկ սարկավագին երեխաները շատ են սիրում, և եկեղեցում միշտ նրա շուրջն էին հավաքվում։ Հիմա տղայիս համար դժվար է պատարագի ժամանակ խորան բարձրանալ. Նարեկի բացակայությամբ 2 անգամ է գնացել։ Նարեկ սարկավագը մեր ընտանիքի լույսն է, նրա ներկայությունը միշտ զգում եմ պատարագների ժամանակ»,–ասում է Արփինեն։

Մոր խոսքն ընդհատում է փոքրիկ Նարեկը ու հարցնում` թագավորները հրեշտակ դառնո՞ւմ են։ Մայրն ի պատասխան գլխով նշան է անում, իսկ երեխան աշխուժանում է. «Ուրեմն թագավորը հիմա հրեշտակ է դարձել։ Իրեն մենակ թագավորական տեղն էր պակասում, որ նստեր»։

Нарек, крестник дьякона Нарека Петросяна
© Sputnik / Andranik Ghazaryan
Նարեկ սարկավագի սանիկը

... Նարեկ սարկավագի հայրն էլ Արցախյան առաջին պատերազմին է մասնակցել. նա անհետ կորած է համարվում։

1208
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո
Թշնամուն արհամարհական ժպիտ թողեց․ Գևորգը հաղթել էր թշնամուն՝ պահել էր Շուշին
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

Նունե Սարգսյանի այցի պատվին Թբիլիսիի «Art Palace» թանգարանում բացվել է հայկական անկյուն

0
(Թարմացված է 11:35 16.04.2021)
Տիկին Սարգսյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում՝ ներկայացնելով իր տպավորությունները:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Встреча президента Армении Армена Саркисяна и Патриарха всея Грузии Илии II (16 апреля 2021 год), Тбилиси
© Sputnik / Aram Nersesyan
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

Պատմական այս շենքը հայտնի է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև վրացական մշակույթի ու արվեստի ցուցանմուշների յուրօրինակ հավաքածուներով: Այստեղ պահվում են վրացական թատրոնին, կինոյին, օպերային ու բալետին, բանահյուսությանը վերաբերող ավելի քան 300 հազար ցուցանմուշներ, այդ թվում՝ հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող բազմաթիվ նմուշներ:

Супруга президента Нунэ Саркисян посетила музей искусств Art Palace (16 апреля 2021). Тбилиси
© Photo / official site of the President of RA / Karo Sahakyan
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

«Տիկին Սարգսյանը թանգարանի գլխավոր տնօրեն Գիորգի Կալանդիայի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել արվեստի տարբեր ճյուղերի պատմությունն ու զարգացումը ներկայացնող իրերին ու ցուցանմուշներին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Արմեն Սարգսյանը Թբիլիսիի Հերոսների հրապարակում ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ

Տեղեկացվում է, որ տիկին Սարգսյանի այցի կապակցությամբ թանգարանում բացվել է յուրահատուկ «հայկական անկյուն», որտեղ, մասնավորապես, ներկայացվել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի տարբեր տարիների խաղացանկերը՝ սկսած դեռևս 19-րդ դարից, երբ այն հանդես էր գալիս որպես հայկական պրոֆեսիոնալ թատրոն։

Супруга президента Нунэ Саркисян посетила музей искусств Art Palace (16 апреля 2021). Тбилиси
© Photo / official site of the President of RA / Karo Sahakyan
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

Ներկայացված էին նաև մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում օգտագործված արքունական տարազները, ինչպես նաև Ախալցխայի արծաթագործության հիանալի նմուշներ և միջնադարյան Անի մայրաքաղաքի եկեղեցիների ու վանքերի արխիվային լուսանկարների հավաքածուներ:

Супруга президента Нунэ Саркисян посетила музей искусств Art Palace (16 апреля 2021). Тбилиси
© Photo / official site of the President of RA / Karo Sahakyan
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

Տիկին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի ղեկավարին՝ նման գեղեցիկ ու տպավորիչ ցուցադրության կազմակերպման համար: Նա նաև գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում՝ ներկայացնելով իր տպավորությունները և խոստանալով վերադառնալ ու ավելի շատ ժամանակ անցկացնել թանգարանում:

0
թեգերը:
Թանգարան, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Թբիլիսի, Արմեն Սարգսյան, Նունե Սարգսյան