Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Ընդամենը երկու տառ, և կստանաք աշխարհի ամենատարածված բառը

4562
(Թարմացված է 22:50 16.03.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Ողջ աշխարհում ամեն օր հնչում է երկտառանոց մի բառ, բայց քչերը գիտեն, որ դա մոլորակում ամենատարածված բառն է։

Ընդամենը երկու տառ և կստանաք աշխարհի ամենատարածված բառը

Համենայն դեպս, այդպես է պնդում «Գլոբալ Լենգուիջ Մոնիթոր» կազմակերպությունը, որն արձանագրում է, թե որքանով է տարածված ողջ աշխարհում այս կամ այն անգլալեզու բառը։ OK, չեմ թաքցնի, որ այդ ամենատարածված բառն է OK (օքեյ)։ Ու մի′ ասեք, թե շատ լավ գիտեք այդ բառի ծագման պատմությունը, որովհետև իրականում շրջանառվում են մոտ 10 վարկածներ։ Բայց մասնագետներն ամենահավանականը համարում են այն, ինչ պատահեց Ամերիկայում 182 տարի առաջ մարտ ամսին։ Քանզի մարտի կեսն է, եկեք մի փոքր ավելի մանրամասն անդրադառնանք այս հարցին։ Օքե՞յ։

Ասում են, թե դա պարզապես կատակ էր, արված 1839 թվականին։ «Բոստոն մորնինգ փոստ» թերթը մի նյութ էր տպել գրագիտության կամ ավելի ճիշտ՝ անգրագիտության մասին և այդ նյութի մեջ օգտագործել էր «all correct» բառակապակցությունը, որտեղ «all» բառն, ինչպես գիտեք, անգլերեն այբուբենի առաջին տառով է սկսվում։ Սակայն կատակասեր հեղինակը «օ»-ով էր գրել այդ բառը, հետո էլ այդ «all correct»-ը կրճատել էր, դարձրել էր երկու տառ և առաջացել էր հանրահայտ OK–ը, որն այնքան էր դուր եկել խմբագիրներին, որ շատ կարճ ժամանակահատվածում մյուս թերթերն էլ սկսեցին լայնորեն օգտագործել այդ բառը, վկայում է «Էկոնոմիստ» բրիտանական հանդեսը։

Ահավոր դավաճա՞ն, թե՞ մեծագույն պետական գործիչ. ինչ գիտենք Միխայիլ Գորբաչովի մասին

​Հետաքրքիր է, որ OK-ի ծագման այս թերթակատակային վարկածը միայն 1960 թվականին բացահայտեց և հիմնավորեց հայտնի մասնագետ Ալեն Ռիդը, թե, համաձայնեք, ինքը՝ բառն էլ առանձնապես հին չէ, բայց քանի որ ըստ ամենատարածված վարկածի, այն սկսեց տարածում ստանալ 1840-ական թվականներին, մի նոր ենթադրություն ծագեց՝ OK-ը հնարել է ԱՄՆ-ի ութերորդ նախագահ Մարտին վան Բյուրենը, որը, բնականաբար, ուզում էր վերընտրվել, և, ծնված լինելով Նյու Յորքի նահանգի Քինդերհուք քաղաքում, իր հիմնական նախընտրական կարգախոսը ձևակերպեց այսպես. «Old Kinderhook is OK», ինչը կարելի է մոտավորապես այսպես թարգմանել.

«Բնիկ քինդերհուքցին հենց նա է, ում ընտրությունների ժամանակ պետք է ասել օքեյ»։

Ճիշտ է, այս դեպքում մասնագետների գերակշիռ մասը համակարծիք է՝ Մարտին վան Բյուրենը ոչ թե հնարեց այդ բառը, այլ պարզապես օգտագործեց եղածը և հանրայնացրեց այն։  

Հանուն նախագահ դառնալու կբաժանվեի՞ք ամուսնուց, կամ տնից մեկը պիտի զբաղվի քաղաքականությամբ

​Միանգամից ասեմ, որ այդ կարգախոսի OK–ն ամենևին չօգնեց վան Բյուրենին։ Նա չվերընտրվեց։ Ավելին, նրա մրցակիցը՝ Ուիլյամ Հենրի Հարիսոնը, շատ լավ օգտագործեց նույն OK-ը հենց վան Բյուրենի դեմ՝ լուրեր տարածելով, թե վան Բյուրենի հոգեհայր համարվող նախկին նախագահ Էնդրյու Ջեքսոնը, որը Դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկն է, այնքան անգրագետ էր, որ իսկի «all correct» բառակապակցությունը չէր կարողանում առանց տառասխալների գրել, դրա համար էլ իրեն ներկայացրած փաստաթղթերի տակ պարզապես գրում էր OK։ Որոշ մարդիկ սրան հավատացին։ Համաձայնեք` մինչև հիմա էլ շատերը սիրում են վատ բաներ լսել կամ կարդալ հայտնի մարդկանց մասին։ Ակնհայտորեն զգացվում է, որ դա նրանց գերագույն հաճույք է պատճառում։

​Կան նաև այդ OK–ի ծագման բազմաթիվ այլ վարկածներ։ Օրինակ, երբ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակահիտլերյան կոալիցիան ներկայացնող ռազմական օդաչուները վերադառնում էին իրենց ռազմակայանը և կորուստներ չէին ունենում, նախապես հաղորդում էին՝ «0 killed», այսինքն, փառք Աստծո, զոհեր չունենք։ Այդ զրոն ի վերջո դարձավ պարզապես «օ», «killed» բառի առաջին տառն էլ միացվեց այդ «օ»-ին ու ստացվեց հայտնի OK–ը, որը տվյալ դեպքում հենց այն էր, ինչ ամենից հաճախ արտահայտում է «օքեյ» բառը՝ ամեն ինչ կարգին է։​

Գիտեք, իհարկե, որ «ամեն ինչ կարգին է» միտքը կարելի է նաև ձեռքով արտահայտել՝ ցուցամատի ու բութ մատի ծայրերը միմյանց եք միացնում, ստանում եք «օ», մնացած մատներն էլ հնարավորինս ուղղահայաց եք պահում, դա էլ «քեյ»-ն է։ Միայն թե զգուշացնեմ՝ Բրազիլիայում հանկարծ չփորձեք նման բան անել, այնտեղ դա բոլորովին այլ բան է նշանակում, իսկ թե ինչ՝ հանրագիտարաններում գտեք ինքներդ։ Օքե՞յ։

Ժպտացեք անծանոթներին ու երջանիկ կլինեք, կամ հայուհիները չե՞ն տարբերվում մյուսներից

4562
թեգերը:
OK
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (367)
Ըստ թեմայի
Զրոն կյանքի շրջափուլն է և կոչվում է «հավերժության օձ». ինչով այն կօգնի ընտրություններին
Հայերն աղմուկ կբարձրացնեին, իսկ ամերիկացիներն ուրախ են. ամերիկյան իմպիչմենտի դասերը
Կարելի՞ է դատել գիտնականներին միայն այն հիմքով, որ նրանք հստակ չեն կանխատեսել երկրաշարժը
Մարիամ Զաքարյանի հավաքածուից

Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է

3
(Թարմացված է 21:59 06.05.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե ասեմ, որ Էկվադորում ուր որ է կավարտվի Լենինի դարաշրջանը, իսկ Հնդկաստանում այս շաբաթ մեծ հաջողության է հասել Ստալինը՝ հաստատ շատ կզարմանաք։

 

Փորձեք կռահել, թե ինչ է նշանակում Ույուրվկոս

Ավելի կզարմանաք, եթե ասեմ, որ Հնդկաստանի Ստալինը դեմոկրատ է և մի ժամանակ ճաղերի հետևում է հայտնվել իր ժողովրդավարական հայացքների պատճառով։ Շատ ճիշտ եք, խոսքն ընդամենն այն մասին է, որ Հնդկաստանի Թամիլնադ նահանգում առաջատար կուսակցություններից մեկի ղեկավար է ընտրվել Ստալին անունով քաղաքական գործիչը՝ Մութհուվել Քարունանիդհի Ստալինը։ Ինչ վերաբերում է Էկվադորին, ապա, երևի գիտեք, որ վերջին տարիներին այնտեղ նախագահում էր Լենին Մորենոն, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի երկրորդ կեսին։

​Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ հեռավոր Էկվադորում  նախագահում էր մի մարդ, որի անունը Լենին է, սակայն մասնագետները պնդում են՝ Լատինական Ամերիկայում դա շատ սովորական երևույթ է, որովհետև անցած դարի 60-ական թվականներին՝ Կուբայի հեղափոխությունից հետո, Խորհրդային Միության և այդ պետությունների հարաբերությունները շատ  էին սերտացել, և կտրուկ ավելացել էր այն ծնողների թիվը, որոնք իրենց երեխաներին տալիս էին խորհրդային հայտնի առաջնորդների անունները։ Մի հանրահայտ օրինակ բերեմ։ Հաստատ լսել եք Շնագայլ Կառլոսի անունը։ Վենեսուելացի այդ ահաբեկիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման և գտնվում է Ֆրանսիայի բանտերից մեկում։ Նրա լրիվ անունն է Իլյիչ Ռամիրես Սանչես։ Ինչո՞ւ։ Հայրը՝ Խոսե Ռամիրեսը, Մարքսի և Լենինի ուսմունքների մոլի հետևորդ էր և ավագ որդուն անվանել էր Վլադիմիր, միջնեկին՝ Իլյիչ, իսկ կրտսերին, բնականաբար, Լենին։

​Ասենք, ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում։ Չէ՞ որ մեզ մոտ՝ Հայաստանում էլ են տարածված այն անունները, որոնք առնչվում են համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի և նրա զինակիցների հետ՝ Վիլեն, Վլադիլեն, վերջապես Լենդրոշ։ Շատերը կարծում են, թե դա նշանակում է Լենինյան դրոշ։ Այնինչ ի սկզբանե այդ անունը հնչել է այսպես՝ Լենտրոշ, այսինքն՝ Լենին, Տրոցկի, Շահումյան։ Իհարկե, Հայաստանում շատ ավելի տարածված են շեքսպիրյան անունները, մանավանդ՝ Համլետը , ինչը շատերը բացատրում են նրանով, որ մենք՝ հայերս, առանձնակի սեր ունենք մեծ անգլիացու հանդեպ։ Բայց վերջերս կարդացի, որ Մոսկվայի զագսերում միայն անցած տարի գրանցվել է առնվազն 5 Համլետ։ Իհարկե, շատ ճիշտ եք, չի բացառվում, որ այդ նորածինները Մոսկվայում ապրող հայերի երեխաներն են։

​Այո, հայերը սիրում են իրենց երեխաներին անսովոր անուններ տալ։ Ունեինք Ժակ և Շիրակ, վերջերս ունեցանք նաեւ Ջոբայդեն։ Այս վերջինն, ասում են` կատակ է. ինչևէ։ Սա նոր երևույթ չէ։ Դեռ դպրոցական տարիքում հայրս ու մայրս ինձ տարել էին Սև ծով։ Եվ, պատկերացրեք զարմանքս, երբ ավազին պառկած մի կին, որի ամուսինը լողում էր ափից բավական հեռու, հանկարծ վեր թռավ տեղից ու բղավեց. «Ժուլվեռն, հե՛տ արի, ես քեզ ասում եմ՝ հե՛տ արի, այ Ժուլվեռն»։ Ու հեռվից լսվեց ամուսնու զիլ ձայնը. «Բրդուճը պատրաստիր, գալիս եմ, Դեզդեմոնա ջան»։

​Բայց ասեմ ձեզ՝ եթե կարծում եք, թե մենք՝ հայերս, այս իմաստով եզակի ազգ ենք, չարաչար սխալվում եք։ Մի քանի տարի առաջ Նոր Զելանդիայում իշխանությունները հրապարակեցին մոտ 100 անունների ցուցակ և զգուշացրեցին քաղաքացիներին՝ այսպիսի անուններ համապատասխան մարմինները չեն գրանցելու։ Շատ արտասովոր անուններ կան այդ ցուցակում, բայց ինձ ամենից շատ դուր եկավ այս մեկը՝ «16 համարի ավտոբուսի կանգառ»։ Ծիծաղո՞ւմ եք, իսկ ես պատկերացնում եմ, որ ծնողները, որոնք նման ոչ կոնվենցիոնալ անունով են ցանկացել կոչել իրենց տղային, հանդիպել են հենց 16 համարի ավտոբուսի կանգառում և ուղղակի ցանկացել են որդու անվան միջոցով հավերժացնել իրենց սիրո մասին հիշողությունը։ Պարզապես չեմ պատկերացնում, թե հետո, երբ տղան դպրոց գնա, ինչպե՞ս է մայրը դուրս գալու պատշգամբ ու կանչելու բակում ընկերների հետ ֆուտբոլ խաղացող որդուն. «16 համարի ավտոբուսի կանգա՛ռ, արի տուն՝ դասերդ արա»։

Ամեն մեկն իր սեփական, մյուսներից տարբերվող վարկածն է պատմում, կամ բեն Լադենի սպանությունը

​Բայց երևի թե տարօրինակ անունների ամենամեծ բազմազանությունը ժամանակին գոյություն ուներ ԽՍՀՄ-ում, և դա երբեմն կապված էր կոնկրետ իրադարձությունների հետ։ Վերջերս Վիքիպեդիայում կարդացի, որ կար նույնիսկ այսպիսի անուն՝ Դոգնած-Պերեգնած։ Ես հո լավ եմ հիշում Կոմիտասի փողոցի շենքերից մեկին փակցրած խռուշչովյան կարգախոսը. «Догнать и перегнать Америку!»։ Եվ վերջում, եկեք գրազ գանք, որ երբեք չեք կռահի, թե որտեղից է ծնվել էլի Սովետի ժամանակ տղաներից մեկին տված անունը՝ Уюрвкос։ Լավ, հուշեմ՝ դա եղել է ուղիղ 60 տարի առաջ։ Չկռահեցի՞ք։ Էդ դեպքում վերջին հուշումը՝ այդ երեխան ծնվել էր ապրիլի 12-ին։ Տեսաք, որ ճիշտ էի, երբ պնդում էի, որ կյանքում երբեք չեք կռահի, թե ինչ է նշանակում Уюрвкос։ Էլ չտանջեմ ձեզ և ասեմ, որ Уюрвкос  հապավումը բացվում է շատ հասարակ՝ «Ура, ЮРа В КОСмосе!»։ Իսկ դուք ասում եք՝ Դոգնած-Պերեգնած։

3
թեգերը:
անուն, ԽՍՀՄ, Վլադիմիր Իլյիչ Լենին, Իոսիֆ Ստալին, Հնդկաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (367)
Ըստ թեմայի
Էրդողանի խորամանկ ծրագիրը, կամ միջազգային հանրության վրա հույս դնող միամիտներ էլի կան
Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում
Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը
Ալեքսանդր Պոզդնյակովը` Նապոլեոնի դերում

Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները

245
(Թարմացված է 23:50 05.05.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Գոյություն ունեն տարածված շատ արտահայտություններ, որոնք առաջին հերթին չափազանց խորիմաստ են թվում, սակայն իրականում պարզապես իմաստազուրկ են և օգտագործվում են հատուկ նպատակով՝ կասկածելի իրողություններին գոնե ինչ-որ հավաստի երանգ հաղորդելու համար։

 

Թումանյանի ասած` Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ՝ այն է, որ հաստատ ոչ մի բան չկա

Օրինակ` մեր ամենասիրած պնդումներից մեկը. «Առանց կրակ ծուխ չի լինում»։ Իմաստը սա է՝ Պողոսն, իհարկե, ինձ վրա ազնիվ մարդու տպավորություն է թողնում, բայց եթե մեր հարևան Սոնիկը հաստատ ասում է, որ Պողոսը կաշառակեր է, ուրեմն մի բան գիտի, որ ասում է։ Սոնիկենց տուն ախր այնպիսի հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս, որ նրա տեղեկացվածությանը ուղղակի հնարավոր չէ կասկածել։

Բայց այսօր թույլ տվեք անդրադառնալ համատարած տարածում ստացած մեկ այլ արտահայտության. «Պատմությունն ամեն ինչ դնում է իր տեղը»։ Տո ոչ մի բան էլ իր տեղը չի դնում, բացի գեղեցիկ խոսքերից՝ տակը ուրիշ բան չկա։ Հեռու չգնանք։ Երևի ինքներդ էլ ամեն օր մտնում եք Ֆեյսբուք ու տեսնում, թե ինչպես են իրար կոկորդ կրծում նրանք, ովքեր մեր այսինչ նախկին ղեկավարին կա՛մ աստվածացնում են, կա՛մ էլ դույլերով կեղտաջուր լցնում վրան։ Հիմա կասեք՝ բայց այդ գործիչները դեռ չեն դարձել պատմություն, որը նրանց իրենց տեղը պիտի դնի։ Շատ լավ, էդ դեպքում անդրադառնանք աշխարհի ամենահայտնի գործիչներից մեկին՝ Նապոլեոնին, մանավանդ, որ հենց այսօր՝ մայիսի 5-ին, լրանում է նրա մահվան 200-ամյակը։

Պատկերացնո՞ւմ եք՝ երկու դար է անցել, իսկ նրա գործունեությունն ուսումնասիրող գիտնականներն ու մասնագետները 180 աստիճանով տարբերվող գնահատականներ են տալիս։ Կան, իհարկե, անհերքելի փաստեր՝ նա ստեղծեց հզոր բանակ, շրջանառության մեջ դրեց հռոմեական իրավունքի վրա հիմնված քաղաքացիական օրենսդրությունը, որից մինչև հիմա օգտվում են բազմաթիվ երկրներում։ Մինչև Նապոլեոնը Ֆրանսիան քանդվող պետություն էր, իսկի բյուջե չուներ, հասարակությունը պառակտված էր։ Նապոլեոնը միավորեց բոլորին՝ քաղաքական և հասարակական գործիչներին, գիտնականներին, զինվորականներին, ազնվականներին ու նոր բուրժուազիայի ներկայացուցիչներին։

Նա անձամբ զբաղվում էր ֆինանսական և հարկային հարցերով, նույնիսկ ամենաչնչին գողացված գումարները գանձարան էր վերադարձնում։ Ավելին՝ առաջին հայացքից անկարևոր թվացող հարցերն էր կարգավորում։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են համարակալված շենքերը մեր փողոցներում՝ մի կողմում միայն կենտ համարներն են, մյուսում՝ միայն զույգերը։ Ախր սա էլ է Նապոլեոնի գաղափարը։

Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը

Հիմա հակառակ կարծիքը։ Մի անգամ Հինգերորդ հանրապետության առաջին նախագահ Շառլ դը Գոլը մտնում է իր կառավարության մշակույթի նախարար, հայտնի գրող Անդրե Մալրոյի առանձնասենյակը և տեսնում է, որ նախարարը Նապոլեոնի մասին գիրք է կարդում։ «Ի՞նչ գնահատական կտաս Նապոլեոնին», հարցնում է նախագահը։ Եվ գրողը պատասխանում է. «Շատ մեծ խելքի տեր մարդ էր, բայց փոքր հոգի ուներ»։ Ֆրանսիացի նախարարի գնահատականի երկրորդ մասի հետ միանգամայն համաձայն է պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չուդինովը, որն ասում է. «Իսկապես, փոքրոգի էր Նապոլեոնը։

Նրա համար մարդիկ ոչինչ չարժեին, նա նրանց վերաբերվում էր արհամարհանքով և մանիպուլյացիայի էր ենթարկում։ Շատ հեշտությամբ ու մեծ ոգևորությամբ ստում էր։ Խոստումներ էր շռայլում` նախօրոք իմանալով, որ չի կատարելու դրանք։ Իսկ երբ հասկացավ, որ իր արշավը դեպի Մոսկվա ավարտվելու է լիակատար ձախողմամբ, պարզապես փախավ Ֆրանսիա` ծանրագույն վիճակում թողնելով բանակը»։

Գիտնականը նաև էսպիսի մի օրինակ է բերում, որը, նրա կարծիքով, օգնում է բացահայտել Նապոլեոնի օգտագործած հնարքները։ Սիրիական արշավի ժամանակ բանակում ժանտախտ բռնկվեց։ Նապոլեոնը խստորեն արգելեց բժիշկներին խոսել այդ մասին, որպեսզի բանակում խուճապ չառաջանա։ Բայց հետո հիվանդների թիվն այնքան աճեց, որ նրանց պարզապես ճանապարհին էին թողնում։ Ի՞նչ արեց Նապոլեոնը։ Ասաց՝ բժիշկներն են մեղավոր, որ ժամանակին չեն բացահայտել հիվանդությունը։ Այսինքն`ամենածանր պահերին այդ մարդը մեղքը բարդում էր ուրիշների վրա, պնդելով՝ ես մեղավոր չեմ, նրանք են կրում պատասխանատվությունը։

Չգիտեմ, թե որքանով է բնորոշ Նապոլեոնի օրինակը, համենայնդեպս, թույլ տվեք մի խորհուրդ տալ՝ երբ հերթական անգամ կորոշեք արտասանել այդ գեղեցիկ բառերը՝ «Պատմությունն ամեն ինչ դնում է իր տեղը», չմոռանաք նաև Հովհաննես Թումանյանի ասածը, որն իմ կարծիքով, շատ ավելի ճիշտ է արտացոլում իրականությունը. ​«Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ, այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»։

245
թեգերը:
Նապոլեոն Բոնապարտ, Ֆրանսիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (367)
Ըստ թեմայի
«Գիտեմ, թե ինչպես են վարվել ձեր նախնիների հետ իմ հայրենիքում։ Ներե՛ք, եթե կարող եք»
​3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​
Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում