COVID-19

8 կանխատեսում կորոնավիրուսի ընթացքի մասին. որո՞նք են իրականացել

150
(Թարմացված է 22:08 15.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ողջ աշխարհն այժմ փորձում է հասկանալ՝ մոտ մեկ տարի առաջ սկսված համավարակի վերաբերյալ այն ժամանակվա կանխատեսումները արդարացա՞ն, թե՞ ոչ։
Կորոնավիրուսի մեկ տարին. իրականացած և չիրականացած կանխատեսումներ

Համաձայնեք՝ շատ բարդ հարց է, որովհետև, նախ՝ հոռետեսները և լավատեսները, ինչպես միշտ, վիճում են՝ արդյոք բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ է։ Այսինքն` նույն իրականությանը միշտ կարելի է այնպիսի գնահատական տալ, որը համընկնում է ձեր պատկերացումներին և ապացուցում է, որ ձեր ընդդիմախոսները չարաչար սխալվում են։

Եվ երկրորդ՝ ախր աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքներն են միանգամայն տարբեր։ Իտալիայում, օրինակ, հենց այսօրվանից կրկին խստագույն սահմանափակումներ են գործելու, մինչդեռ, ասենք, Ավստրալիայում այս տարվա ընթացքում ժամանակաշրջաններ են եղել, երբ օրերով չի գրանցվել հիվանդանալու որևէ նոր դեպք ընդհանրապես։ ​Այնուամենայնիվ, աշխարհի ամենահայտնի լրատվամիջոցներից մեկը՝ «Վաշինգտոն փոստ» ամերիկյան թերթը, օրերս փորձել է ամփոփել՝ ինչպիսի մտավախություններ են եղել մեկ տարի առաջ, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համավարակ էր հայտարարել, թեև աշխարհի գրեթե բոլոր երկրներում այդ ժամանակ արդեն կորոնավիրուսի բազմաթիվ դեպքեր էին գրանցվել, և ինչպիսին է իրավիճակն այժմ։

Եվ այսպես՝ 8 կանխատեսում։ ​Մեկ տարի առաջ, փաստում է լրատվամիջոցը, մասնագետները պնդում էին, թե կորոնավիրուսը սեզոնային հիվանդություն է դառնալու՝ գրիպի նման։ Այս կանխատեսումը չիրականացավ, ավելին, պակասեցին նաև սովորական գրիպի դեպքերը, ինչն, իհարկե, կորոնավիրուսի դեմ միջոցների կիրառման արդյունք է։ ​Երկրորդ։ Այն ժամանակ՝ մեկ տարի առաջ, մասնագետների մի զգալի մասը պնդում էր՝ դիմակները պետք չեն, դրանք օգուտ չեն տալու։ Սա էլ ոչ ճիշտ դուրս եկավ, ինչի վառ ապացույցն է, որ եթե ոչ բոլորս, բայց գոնե հայաստանցիների պարտաճանաչ մասը, այնուամենայնիվ, դիմակ դնում է, իսկ որոշ երկրներում ոստիկանները պարզապես հենց տեղում տուգանում են, երբ տեսնում են, որ մարդն առանց դիմակի է դուրս եկել, թեկուզ հաց գնելու։ ​

Երրորդ։ Փախստականների ճամբարներն ամենից շատ կտուժեն համավարակից, որովհետև այնտեղ կան մարդկանց զգալի կուտակումներ, իսկ սանիտարական պայմանները բավարար չեն։ Մասնագետները եզրակացնում են, որ նման պնդում չի կարելի միանշանակ անել՝ փաստելով, որ հակառակ բոլոր հոռետեսական կանխատեսումներին, իրավիճակը փախստականների ճամբարներում կորոնավիրուսային տարում աղետալի չդարձավ։ ​

Հանուն նախագահ դառնալու կբաժանվեի՞ք ամուսնուց, կամ տնից մեկը պիտի զբաղվի քաղաքականությամբ

Չորրորդ։ Մարդիկ զանգվածաբար ձգտելու են դեպի լողափերը, որտեղ, ինչպես գիտենք՝ ամենևին չի պահպանվում այսպես կոչված սոցիալական հեռավորությունը, և այդ պատճառով դրանք դառնալու են կորոնավիրուսի տարածման հիմնական աղբյուրը։ Որոշ կառավարություններ նույնիսկ դրոններով փորձում էին ստույգ տեղեկություններ ստանալ, թե քանի մարդ կա տվյալ լողափում։ Մռայլ կանխատեսումները այս դեպքում էլ, բարեբախտաբար, չարդարացան։

​Հինգերորդ։ Կտրուկ կավելանա կենցաղային բռնությունը ողջ աշխարհում։ Այ, այս մի կանխատեսումն իրականություն դարձավ 100 տոկոսով, դեռ մի բան էլ ավելի։ Եվ դա հասկանալի է։ Ընտանիքի անդամները սահմանափակումների պատճառով ստիպված էին ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, իսկ մարդկանց սոցիալական պայմանները վատթարանում և վատթարանում էին, թեկուզ այն պատճառով, որ շատերը իրենցից անկախ պատճառներով մասամբ կամ լրիվ զրկվել էին աշխատանքից, խիստ նվազել էին ընտանիքի եկամուտները։ ​Վեցերորդ։ Աշխատանքի կորուստը և դպրոցների փակումը անհամեմատ ավելի շատ կազդեն կանանց վրա։ Երևի ինքներդ էլ նույնիսկ հայաստանյան իրականության վրա տեսնում ու զգում եք, որ այս մի բացասական կանխատեսումն էլ լիովին արդարացավ՝ կանանց առաջին հերթին են ազատում աշխատանքից, իսկ փակված դպրոցների ուսուցիչների գերակշիռ մասը կանայք են։

​Յոթերորդ։ Ճանապարհորդելու արգելքն ի վերջո կկանգնեցնի վիրուսի տարածումը։ Սա էլ է այն դժվար դեպքերից, երբ հնարավոր չէ միանշանակ պնդել որևէ բան։ Մի կողմից, իհարկե, անվիճելի է, որ տեղաշարժվելու սահմանափակումները որոշ չափով դանդաղեցրին կորոնավիրուսի տարածումը թե՛ առանձին երկրներում, թե՛ ողջ աշխարհում, բայց մյուս կողմից, մասնագետները փաստում են՝ արդյունքը շատ ավելի շոշափելի կարող էր լինել, եթե բոլոր պետությունները միասնական կանոններ սահմանեին ու ամենայն խստությամբ հետևեին դրանց կատարմանը։ ​Եվ վերջապես՝ ութերորդ։ Իշխանությունները կփորձեն միջամտել մարդկանց անձնական կյանքին` ձգտելով պարզել, թե ում հետ են նրանք շփվել կամ շփվում։ «Գոնե առայժմ նման բան կարծես թե չկա»,– զգուշորեն պնդում են մասնագետները՝ միաժամանակ վերապահում անելով. բայց կներե՛ք, ախր շարքային քաղաքացին այդ ե՞րբ է տեղյակ եղել իշխանությունների գործողությունների մանրամասներին։

150
թեգերը:
Հայաստան, աշխարհ, կանխարգելում, կորոնավիրուս
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (399)
Ըստ թեմայի
Կանանց ազատություն է «պարգևել» կնամոլ տղամարդը՝ Իսահակ Զինգերը. նա 22 երեխաների հայր էր
Լսելով կապիտուլյացիայի մասին` նա արտասվեց. լեյտենանտի համար պատերազմն ավարտվեց 29 տարի ուշ
Ժպտացեք անծանոթներին ու երջանիկ կլինեք, կամ հայուհիները չե՞ն տարբերվում մյուսներից
«Գորշ գայլեր» խմբավորման կողմնակիցներ

Ինչու Գերմանիայի հայերը չկարողացան հասնել «Գորշ գայլերի» գործունեության արգելքին