Հիրո Օնոդա

Լսելով կապիտուլյացիայի մասին` նա արտասվեց. լեյտենանտի համար պատերազմն ավարտվեց 29 տարի ուշ

145
(Թարմացված է 17:11 11.03.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Դժվար, շատ դժվար է սեփական երկրի կապիտուլյացիայի մասին տեղեկանալը։ Մանավանդ եթե տասնամյակներ շարունակ տառապել ես ծանրագույն պայմաններում ու չես հավատացել, որ հայրենիքդ արդեն 30 տարի է, ինչ կատարյալ պարտություն է կրել։
Լսելով իր երկրի կապիտուլյացիայի մասին` նա արտասվեց

Ինչպես հիշում ենք դասագրքերից, Ճապոնիան ճանաչեց իր վերջնական պարտությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում 1945 թվականի սեպտեմբերի 2-ին։ Ճապոնական բանակի կրտսեր լեյտենանտ Հիրո Օնոդայի համար պատերազմն ավարտվեց 1974 թվականի մարտի 9-ին։

​1944 թվականի վերջին հետախույզ Օնոդան իր ենթակայության տակ գտնվող երեք զինվորների հետ գործուղվում է Ֆիլիպինների Լուբանգ կղզին՝ ամերիկյան հնարավոր ներխուժմանը դիմակայելու համար։ Նրա հրամանատար գեներալը միայն մի ցուցում է տալիս. «Երբեք, երբեք չմտածեք ինքնասպանության մասին, նույնիսկ ամենածանր պահերին հավատացեք, որ ամեն ինչ լավ է լինելու»։ Ընդամենը 10 ամսից Երկրորդ աշխարհամարտն ավարտվում է։ Ամերիկյան մի օդանավ պտտվում է կղզու երկնքում և թռուցիկներ գցում, որոնում ճապոնացի զինվորականներին ուղղված կոչ էր պարունակվում. «Պատերազմն ավարտվել է, դադարեցրեք բոլոր ռազմական գործողությունները և դուրս եկեք ջունգլիներից»։ Տեքստը բազմաթիվ ուղղագրական սխալներով էր գրված, անհասկանալի է, թե ինչու ամերիկացիները գոնե մի գրագետ ճապոնացի չէին գտել։ Եթե նորմալ գրած լիներ, միգուցե Օնոդան հավատար, որ պատերազմն արդեն ավարտվել է, ու դրանով կավարտվեին նաև նրա ու երեք ենթակաների արկածները։ Տեսնում եք, ինչ մեծ դեր կարող է խաղալ գրագիտությունը։

​Բայց քանի որ կասկածի որդն արդեն սկսել էր տանջել Օնոդային, նա չհավատաց նաև այն թռուցիկներին, որոնք տարածում էր Ճապոնիայի կառավարությունը։ Ի դեպ, չունենալով կապ Օնոդայի ջոկի հետ և որեւէ հավաստում չստանալով, որ զինվորականները ողջ են` Ճապոնիայի իշխանությունները նրանց պարզապես համարեցին մահացած։ Սակայն 1950 թվականին զինվորներից մեկը հանձնվեց Ֆիլիպինների ոստիկանությանը և պատմեց, որ Օնոդան ու նրա ենթակաները ողջ են ու շարունակում են պայքարը։ Թե ում դեմ, պարզ չէ, բայց հետո պարզվեց, որ այդ ջոկը մոտ 30 մարդու է սպանել, գլխավորապես հրաձգությունների ժամանակ, երբ ֆիլիպինյան հատուկ ջոկատայինները փորձում էին բռնել ճապոնացիներին։ Այդ բախումների ընթացքում սպանվեցին Օնոդայի հրամանատարության տակ գտնվող երկու զինվորները, ու նա մնաց մենակ։

​Ճապոնիայից կղզի բերվեցին Օնոդայի հարազատները, նա նրանց մոտ չթողեց ու ոչ էլ հավատաց եղբոր ու քրոջ բարձրախոսով հնչեցրած հավաստիացումներին պատերազմի ավարտի մասին, չնայած տեսնում էր, որ կղզու ափերի մոտ արդեն լողում են ոչ թե ռազմանավերը, ինչպես առաջ էր, այլ հարմարավետ տուրիստական հսկա նավերը։ Բայց շարունակում էր հավատալ, որ նույնիսկ եթե պատերազմը 100 տարի տևի, ի վերջո հաղթելու է իր հզոր հայրենիքը՝ աստվածների երկիրը։ Այլ կերպ ուղղակի չէր կարող լինել, այդպես էին սովորեցրել իրեն։

Ովքե՞ր և ինչո՞ւ էին սպասում Թրամփի վերադարձին մարտի 4-ին

​Ուտելիքը Օնոդան պատրաստում էր միայն գիշերով, որպեսզի տեղացիները չտեսնեին խարույկի ծուխը։ Տարին մեկ կամ երկու անգամ Օնոդան սարերից իջնում էր գյուղ և կով սպանում։ Դա միշտ անում էր ամպրոպի ժամանակ, որպեսզի կրակոցի ձայնը չլսվի։ Հետո միսը բաժանում էր շերտերի, չորացնում ու ծխեցնում այն։ Մեր բաստուրմայի նման մի բան էր ստացվում, որը կարելի էր պահել ու օգտագործել երկար ժամանակ։

​1974 թվականի փետրվարին Լուբանգ կղզի եկավ երիտասարդ ճանապարհորդ, ուսանող Նորիո Սուձուկին, որն իր առաջ խնդիր էր դրել անպայման գտնել Օնոդային և համոզել, որ վերադառնա Ճապոնիա։ Գտնելը հեշտ ստացվեց, բայց Օնոդան պայման դրեց՝ թող իմ անմիջական հրամանատարը ինձ հրամայի դադարեցնել առաքելությունս։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե մայոր Տանիգուտին այլևս ողջ չլիներ։ Օնոդան կմնար կղզում միգուցե մինչև մահը։ Բայց պաշտոնաթող մայորին գտան, նա աշխատում էր գրքի խանութում։

Շահո՞ւմ են, թե՞ կորցնում՝ երկրի ղեկավար դառնալով

​Երբ Օնոդան վերադարձավ Տոկիո, համոզվեց, որ պատերազմն ավարտվել է, իսկ իր երկիրը կապիտուլյացիայի է ենթարկվել, նա արտասվեց։ Միգուցե ունեցած տեղեկատվության հիման վրա ինչ-որ տեղ կարող էր ենթադրել, որ իր երկիրը պարտություն է կրել, բայց խայտառակ կապիտուլյացիա ստորագրել… Մնում էր միայն հիշել գեներալի հորդորը. «Երբեք, երբեք մի մտածեք ինքնասպանության մասին։ Նույնիսկ ամենածանր պահերին հավատացեք, որ ամեն ինչ լավ է լինելու»։

145
թեգերը:
կապիտուլյացիա, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Ճապոնիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (367)
Ըստ թեմայի
Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները
Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա
Անքննելի է ընտրողների վարքագիծը
Մարիամ Զաքարյանի հավաքածուից

Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է

9
(Թարմացված է 21:59 06.05.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե ասեմ, որ Էկվադորում ուր որ է կավարտվի Լենինի դարաշրջանը, իսկ Հնդկաստանում այս շաբաթ մեծ հաջողության է հասել Ստալինը՝ հաստատ շատ կզարմանաք։

 

Փորձեք կռահել, թե ինչ է նշանակում Ույուրվկոս

Ավելի կզարմանաք, եթե ասեմ, որ Հնդկաստանի Ստալինը դեմոկրատ է և մի ժամանակ ճաղերի հետևում է հայտնվել իր ժողովրդավարական հայացքների պատճառով։ Շատ ճիշտ եք, խոսքն ընդամենն այն մասին է, որ Հնդկաստանի Թամիլնադ նահանգում առաջատար կուսակցություններից մեկի ղեկավար է ընտրվել Ստալին անունով քաղաքական գործիչը՝ Մութհուվել Քարունանիդհի Ստալինը։ Ինչ վերաբերում է Էկվադորին, ապա, երևի գիտեք, որ վերջին տարիներին այնտեղ նախագահում էր Լենին Մորենոն, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի երկրորդ կեսին։

​Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ հեռավոր Էկվադորում  նախագահում էր մի մարդ, որի անունը Լենին է, սակայն մասնագետները պնդում են՝ Լատինական Ամերիկայում դա շատ սովորական երևույթ է, որովհետև անցած դարի 60-ական թվականներին՝ Կուբայի հեղափոխությունից հետո, Խորհրդային Միության և այդ պետությունների հարաբերությունները շատ  էին սերտացել, և կտրուկ ավելացել էր այն ծնողների թիվը, որոնք իրենց երեխաներին տալիս էին խորհրդային հայտնի առաջնորդների անունները։ Մի հանրահայտ օրինակ բերեմ։ Հաստատ լսել եք Շնագայլ Կառլոսի անունը։ Վենեսուելացի այդ ահաբեկիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման և գտնվում է Ֆրանսիայի բանտերից մեկում։ Նրա լրիվ անունն է Իլյիչ Ռամիրես Սանչես։ Ինչո՞ւ։ Հայրը՝ Խոսե Ռամիրեսը, Մարքսի և Լենինի ուսմունքների մոլի հետևորդ էր և ավագ որդուն անվանել էր Վլադիմիր, միջնեկին՝ Իլյիչ, իսկ կրտսերին, բնականաբար, Լենին։

​Ասենք, ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում։ Չէ՞ որ մեզ մոտ՝ Հայաստանում էլ են տարածված այն անունները, որոնք առնչվում են համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի և նրա զինակիցների հետ՝ Վիլեն, Վլադիլեն, վերջապես Լենդրոշ։ Շատերը կարծում են, թե դա նշանակում է Լենինյան դրոշ։ Այնինչ ի սկզբանե այդ անունը հնչել է այսպես՝ Լենտրոշ, այսինքն՝ Լենին, Տրոցկի, Շահումյան։ Իհարկե, Հայաստանում շատ ավելի տարածված են շեքսպիրյան անունները, մանավանդ՝ Համլետը , ինչը շատերը բացատրում են նրանով, որ մենք՝ հայերս, առանձնակի սեր ունենք մեծ անգլիացու հանդեպ։ Բայց վերջերս կարդացի, որ Մոսկվայի զագսերում միայն անցած տարի գրանցվել է առնվազն 5 Համլետ։ Իհարկե, շատ ճիշտ եք, չի բացառվում, որ այդ նորածինները Մոսկվայում ապրող հայերի երեխաներն են։

​Այո, հայերը սիրում են իրենց երեխաներին անսովոր անուններ տալ։ Ունեինք Ժակ և Շիրակ, վերջերս ունեցանք նաեւ Ջոբայդեն։ Այս վերջինն, ասում են` կատակ է. ինչևէ։ Սա նոր երևույթ չէ։ Դեռ դպրոցական տարիքում հայրս ու մայրս ինձ տարել էին Սև ծով։ Եվ, պատկերացրեք զարմանքս, երբ ավազին պառկած մի կին, որի ամուսինը լողում էր ափից բավական հեռու, հանկարծ վեր թռավ տեղից ու բղավեց. «Ժուլվեռն, հե՛տ արի, ես քեզ ասում եմ՝ հե՛տ արի, այ Ժուլվեռն»։ Ու հեռվից լսվեց ամուսնու զիլ ձայնը. «Բրդուճը պատրաստիր, գալիս եմ, Դեզդեմոնա ջան»։

​Բայց ասեմ ձեզ՝ եթե կարծում եք, թե մենք՝ հայերս, այս իմաստով եզակի ազգ ենք, չարաչար սխալվում եք։ Մի քանի տարի առաջ Նոր Զելանդիայում իշխանությունները հրապարակեցին մոտ 100 անունների ցուցակ և զգուշացրեցին քաղաքացիներին՝ այսպիսի անուններ համապատասխան մարմինները չեն գրանցելու։ Շատ արտասովոր անուններ կան այդ ցուցակում, բայց ինձ ամենից շատ դուր եկավ այս մեկը՝ «16 համարի ավտոբուսի կանգառ»։ Ծիծաղո՞ւմ եք, իսկ ես պատկերացնում եմ, որ ծնողները, որոնք նման ոչ կոնվենցիոնալ անունով են ցանկացել կոչել իրենց տղային, հանդիպել են հենց 16 համարի ավտոբուսի կանգառում և ուղղակի ցանկացել են որդու անվան միջոցով հավերժացնել իրենց սիրո մասին հիշողությունը։ Պարզապես չեմ պատկերացնում, թե հետո, երբ տղան դպրոց գնա, ինչպե՞ս է մայրը դուրս գալու պատշգամբ ու կանչելու բակում ընկերների հետ ֆուտբոլ խաղացող որդուն. «16 համարի ավտոբուսի կանգա՛ռ, արի տուն՝ դասերդ արա»։

Ամեն մեկն իր սեփական, մյուսներից տարբերվող վարկածն է պատմում, կամ բեն Լադենի սպանությունը

​Բայց երևի թե տարօրինակ անունների ամենամեծ բազմազանությունը ժամանակին գոյություն ուներ ԽՍՀՄ-ում, և դա երբեմն կապված էր կոնկրետ իրադարձությունների հետ։ Վերջերս Վիքիպեդիայում կարդացի, որ կար նույնիսկ այսպիսի անուն՝ Դոգնած-Պերեգնած։ Ես հո լավ եմ հիշում Կոմիտասի փողոցի շենքերից մեկին փակցրած խռուշչովյան կարգախոսը. «Догнать и перегнать Америку!»։ Եվ վերջում, եկեք գրազ գանք, որ երբեք չեք կռահի, թե որտեղից է ծնվել էլի Սովետի ժամանակ տղաներից մեկին տված անունը՝ Уюрвкос։ Լավ, հուշեմ՝ դա եղել է ուղիղ 60 տարի առաջ։ Չկռահեցի՞ք։ Էդ դեպքում վերջին հուշումը՝ այդ երեխան ծնվել էր ապրիլի 12-ին։ Տեսաք, որ ճիշտ էի, երբ պնդում էի, որ կյանքում երբեք չեք կռահի, թե ինչ է նշանակում Уюрвкос։ Էլ չտանջեմ ձեզ և ասեմ, որ Уюрвкос  հապավումը բացվում է շատ հասարակ՝ «Ура, ЮРа В КОСмосе!»։ Իսկ դուք ասում եք՝ Դոգնած-Պերեգնած։

9
թեգերը:
անուն, ԽՍՀՄ, Վլադիմիր Իլյիչ Լենին, Իոսիֆ Ստալին, Հնդկաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (367)
Ըստ թեմայի
Էրդողանի խորամանկ ծրագիրը, կամ միջազգային հանրության վրա հույս դնող միամիտներ էլի կան
Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում
Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը
Ալեքսանդր Պոզդնյակովը` Նապոլեոնի դերում

Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները

247
(Թարմացված է 23:50 05.05.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Գոյություն ունեն տարածված շատ արտահայտություններ, որոնք առաջին հերթին չափազանց խորիմաստ են թվում, սակայն իրականում պարզապես իմաստազուրկ են և օգտագործվում են հատուկ նպատակով՝ կասկածելի իրողություններին գոնե ինչ-որ հավաստի երանգ հաղորդելու համար։

 

Թումանյանի ասած` Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ՝ այն է, որ հաստատ ոչ մի բան չկա

Օրինակ` մեր ամենասիրած պնդումներից մեկը. «Առանց կրակ ծուխ չի լինում»։ Իմաստը սա է՝ Պողոսն, իհարկե, ինձ վրա ազնիվ մարդու տպավորություն է թողնում, բայց եթե մեր հարևան Սոնիկը հաստատ ասում է, որ Պողոսը կաշառակեր է, ուրեմն մի բան գիտի, որ ասում է։ Սոնիկենց տուն ախր այնպիսի հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս, որ նրա տեղեկացվածությանը ուղղակի հնարավոր չէ կասկածել։

Բայց այսօր թույլ տվեք անդրադառնալ համատարած տարածում ստացած մեկ այլ արտահայտության. «Պատմությունն ամեն ինչ դնում է իր տեղը»։ Տո ոչ մի բան էլ իր տեղը չի դնում, բացի գեղեցիկ խոսքերից՝ տակը ուրիշ բան չկա։ Հեռու չգնանք։ Երևի ինքներդ էլ ամեն օր մտնում եք Ֆեյսբուք ու տեսնում, թե ինչպես են իրար կոկորդ կրծում նրանք, ովքեր մեր այսինչ նախկին ղեկավարին կա՛մ աստվածացնում են, կա՛մ էլ դույլերով կեղտաջուր լցնում վրան։ Հիմա կասեք՝ բայց այդ գործիչները դեռ չեն դարձել պատմություն, որը նրանց իրենց տեղը պիտի դնի։ Շատ լավ, էդ դեպքում անդրադառնանք աշխարհի ամենահայտնի գործիչներից մեկին՝ Նապոլեոնին, մանավանդ, որ հենց այսօր՝ մայիսի 5-ին, լրանում է նրա մահվան 200-ամյակը։

Պատկերացնո՞ւմ եք՝ երկու դար է անցել, իսկ նրա գործունեությունն ուսումնասիրող գիտնականներն ու մասնագետները 180 աստիճանով տարբերվող գնահատականներ են տալիս։ Կան, իհարկե, անհերքելի փաստեր՝ նա ստեղծեց հզոր բանակ, շրջանառության մեջ դրեց հռոմեական իրավունքի վրա հիմնված քաղաքացիական օրենսդրությունը, որից մինչև հիմա օգտվում են բազմաթիվ երկրներում։ Մինչև Նապոլեոնը Ֆրանսիան քանդվող պետություն էր, իսկի բյուջե չուներ, հասարակությունը պառակտված էր։ Նապոլեոնը միավորեց բոլորին՝ քաղաքական և հասարակական գործիչներին, գիտնականներին, զինվորականներին, ազնվականներին ու նոր բուրժուազիայի ներկայացուցիչներին։

Նա անձամբ զբաղվում էր ֆինանսական և հարկային հարցերով, նույնիսկ ամենաչնչին գողացված գումարները գանձարան էր վերադարձնում։ Ավելին՝ առաջին հայացքից անկարևոր թվացող հարցերն էր կարգավորում։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են համարակալված շենքերը մեր փողոցներում՝ մի կողմում միայն կենտ համարներն են, մյուսում՝ միայն զույգերը։ Ախր սա էլ է Նապոլեոնի գաղափարը։

Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը

Հիմա հակառակ կարծիքը։ Մի անգամ Հինգերորդ հանրապետության առաջին նախագահ Շառլ դը Գոլը մտնում է իր կառավարության մշակույթի նախարար, հայտնի գրող Անդրե Մալրոյի առանձնասենյակը և տեսնում է, որ նախարարը Նապոլեոնի մասին գիրք է կարդում։ «Ի՞նչ գնահատական կտաս Նապոլեոնին», հարցնում է նախագահը։ Եվ գրողը պատասխանում է. «Շատ մեծ խելքի տեր մարդ էր, բայց փոքր հոգի ուներ»։ Ֆրանսիացի նախարարի գնահատականի երկրորդ մասի հետ միանգամայն համաձայն է պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չուդինովը, որն ասում է. «Իսկապես, փոքրոգի էր Նապոլեոնը։

Նրա համար մարդիկ ոչինչ չարժեին, նա նրանց վերաբերվում էր արհամարհանքով և մանիպուլյացիայի էր ենթարկում։ Շատ հեշտությամբ ու մեծ ոգևորությամբ ստում էր։ Խոստումներ էր շռայլում` նախօրոք իմանալով, որ չի կատարելու դրանք։ Իսկ երբ հասկացավ, որ իր արշավը դեպի Մոսկվա ավարտվելու է լիակատար ձախողմամբ, պարզապես փախավ Ֆրանսիա` ծանրագույն վիճակում թողնելով բանակը»։

Գիտնականը նաև էսպիսի մի օրինակ է բերում, որը, նրա կարծիքով, օգնում է բացահայտել Նապոլեոնի օգտագործած հնարքները։ Սիրիական արշավի ժամանակ բանակում ժանտախտ բռնկվեց։ Նապոլեոնը խստորեն արգելեց բժիշկներին խոսել այդ մասին, որպեսզի բանակում խուճապ չառաջանա։ Բայց հետո հիվանդների թիվն այնքան աճեց, որ նրանց պարզապես ճանապարհին էին թողնում։ Ի՞նչ արեց Նապոլեոնը։ Ասաց՝ բժիշկներն են մեղավոր, որ ժամանակին չեն բացահայտել հիվանդությունը։ Այսինքն`ամենածանր պահերին այդ մարդը մեղքը բարդում էր ուրիշների վրա, պնդելով՝ ես մեղավոր չեմ, նրանք են կրում պատասխանատվությունը։

Չգիտեմ, թե որքանով է բնորոշ Նապոլեոնի օրինակը, համենայնդեպս, թույլ տվեք մի խորհուրդ տալ՝ երբ հերթական անգամ կորոշեք արտասանել այդ գեղեցիկ բառերը՝ «Պատմությունն ամեն ինչ դնում է իր տեղը», չմոռանաք նաև Հովհաննես Թումանյանի ասածը, որն իմ կարծիքով, շատ ավելի ճիշտ է արտացոլում իրականությունը. ​«Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ, այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»։

247
թեգերը:
Նապոլեոն Բոնապարտ, Ֆրանսիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (367)
Ըստ թեմայի
«Գիտեմ, թե ինչպես են վարվել ձեր նախնիների հետ իմ հայրենիքում։ Ներե՛ք, եթե կարող եք»
​3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​
Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում
Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

0
(Թարմացված է 22:16 06.05.2021)
Հայցը վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։ Դատական գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։

«Նիկոլ Վովայի Փաշինյանի 25.04.2021թ ՀՀ նախագահի կողմից թիվ ՆՀ-80-Ա հրամանագիրը հրապարակելու պահից ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին», - գրված է գործի նկարագրության մեջ։

Այսինքն՝ փաստաբանը դատարանից պահանջում է ճանաչել ապրիլի 25-ին՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը։

Հայցը վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին, այն մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։

Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Աթանեսյան, Հայաստան