Դոնալդ Թրամփի կողմնակիցները Կոնգրեսի շենքի մոտ. 7 դեկտեմբերի, 2021

Ովքե՞ր և ինչո՞ւ էին սպասում Թրամփի վերադարձին մարտի 4-ին

116
(Թարմացված է 21:41 05.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ամերիկացիները լավ պրծան։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ երկրի իրավապահ մարմինները տեղեկություններ ունեին, որ մարտի 4-ին ծայրահեղականները կրկին հարձակվելու էին Կապիտոլիումի, այսինքն՝ իրենց պառլամենտի շենքի վրա։

Դոնալդ Թրամփը, որի վերադարձին սպասում էին մարտի 4-ին, այդպես էլ չվերադարձավ

Կոնգրեսի ստորին պալատի անդամները նույնիսկ որոշեցին անվտանգության նկատառումներով չեղյալ հայտարարել հինգշաբթի օրվա իրենց նիստը։ Ինչպես հայերն են ասում՝ շառից հեռու։ Բայց սենատորներն այնուամենայնիվ տղամարդ գտնվեցին և նիստ արեցին, չնայած լրիվ իրավունք ունեին ձեռնպահ մնալու, հիշելով հունվարի 6-ի դեպքերը, երբ Կապիտոլիումի վրա հարձակում ձեռնարկվեց։ Երևի հիշում եք՝ այն ժամանակ զոհվեց 5 մարդ, դեմոկրատները պնդեցին, թե հենց նոյեմբերյան ընտրություններում պարտված Դոնալդ Թրամփն է սադրել մարդկանց և դրդել նրանց հարձակվել խորհրդարանի վրա։ Կոնգրեսում իմպիչմենտ նախաձեռնվեց, այն էլ աննախադեպ իմպիչմենտ, որովհետև մինչ այդ Ամերիկայի որևէ նախագահի նկատմամբ երկրորդ անգամ պաշտոնազրկելու գործընթաց չէր նախաձեռնվել, բայց Սենատը արդարացրեց Դոնալդ Թրամփին։

​Կարող եմ ենթադրել, որ հիմա ձեզ մոտ հաստատ բնական հարց է ծագել՝ բայց ինչու էր Կոնգրեսի վրա երկրորդ հարձակումը սպասվում հենց մարտի 4-ին։ Ուղղակի մինչև 1933 թվականը Ամերիկայի բոլոր նախագահների պաշտոնադրման արարողությունը միշտ տեղի էր ունենում նույն օրը՝ մարտի 4-ին։ Բայց մոտ 90 տարի առաջ ընդունվեց ԱՄՆ-ի Սահմանադրության 20-րդ ուղղումը, որով այդ արարողության ամսաթիվը փոխվեց, և այժմ, ինչպես գիտեք, ամերիկացի նախագահները երդում են տալիս հունվարին։ Բայց կա Ամերիկայում առնվազն մի շատ տարօրինակ կազմակերպություն, որը շատ է նման աղանդի, և դրա հետևորդները չգիտես ինչու, հավատում են, թե Թրամփը կարող էր «օրինական հիմքերով» վերադառնալ Սպիտակ տուն հենց մարտի 4-ին ու կդառնար Ամերիկայի 19-րդ նախագահը Ուլիս Գրանտից հետո, որը պաշտոնավարել է 1869-ից մինչև 1877 թվականը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ինչո՞ւ են «Քենոն» կոչվող կազմակերպության կամ աղանդի անդամները Ամերիկայի պատմությունից դուրս թողնում մի հսկա հատված և համարում, որ 1871 թվականից հետո ընդունված բոլոր օրենքները որևէ իրավական ուժ չունեն։ Ուղղակի այդ թվականին Ամերիկայի իշխանությունները կազմավորեցին, այսպես կոչված, Կոլումբիայի շրջանը, որտեղ, ինչպես հայտնի է, գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը։ «Քենոնի» անդամները համոզված են, որ նման իրավասություն կառավարությունը չուներ այն պարզ պատճառով, որ երկիրը կազմված է նահանգներից, հենց այդպես էլ կոչվում է Միացյալ նահանգներ, այլ ոչ թե նահանգներ և շրջան։ 

​Ավելին, ծայրահեղականները համոզված են, որ չպիտի լինեն դաշնային, այսինքն բոլոր բնակիչների համար պարտադիր օրենքներ, քաղաքացին չպետք է հարկեր մուծի՝ սա, իհարկե, որոշ հայաստանցիների սրտով է, և վերջապես ազգային տարադրամ՝ դոլար, չպիտի գոյություն ունենա, քանզի այդ դոլարը սահմանափակում է մարդկանց անձնական իրավունքները։ Այ սա հազիվ թե դուր գա հայաստանցիներին, որոնք թե դոլարով փող են ստանում արտերկրից, թե իրենց կուտակումներն են առաջվա պես դոլարով պահում, չնայած մեր հարազատ դրամը, կարծես թե, վաղուց է ապացուցել իր կենսունակությունը։

Չգիտեմ՝ արդյո՞ք Վաշինգտոնում իրավապահները ժողովրդից անթաքույց պաշտպանում էին իրենց հարազատ պատգամավորներին լուսաձայնային սարքերով, ինչպես մեր Ազգային ժողովի բակում՝ Բաղրամյան պողոտայում ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ, բայց փաստն այն է, որ Կապիտոլիումի վրա հունվարյան հարձակումից հետո, ինչպես տեղեկացնում է ԲիԲիՍի-ն, աշխատանքից ազատվել է ամերիկյան պառլամենտի պահպանության գլխավոր պատասխանատուն։

​Եվ վերջում այն մասին, թե արդյոք ոմանք իրոք ցանկանում էին, որ Թրամփը հետ գա և կարգ ու կանոն հաստատի Ամերիկայում, և ինչու չստացվեց։ Այն, որ ուզում էին՝ նույնիսկ Ամերիկայի Հետաքննությունների դաշնային բյուրոն և Ներքին անվտանգության նախարարությունն են հաստատում։ Նրանց տվյալներով, դեռ այս տարվա փետրվարին ծայրահեղականները Կապիտոլիումի վրա հարձակվելու ծրագրեր էին կազմում և մտադիր էին 4 հազար ամերիկացի հավաքել մարտի 4-ին Կոնգրեսի շենքի մոտ։

Դժվար է ասել, թե ինչը խանգարեց՝ միգուցե լավ չէին մշակել ծրագրերը, միգուցե Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, այդքան մեծ հեղինակություն չի վայելում։ Սակայն վարկածներից մեկն էլ սա է՝ մարդիկ չուզեցին դիպուկահարների զոհ դառնալ։ Իհարկե, եթե այդ դիպուկահարները կային։

116
թեգերը:
իմպիչմենտ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (336)
Ըստ թեմայի
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Նիկոլ Փաշինյան. 20 մարտի, 2021

«Ավելի շատ աբսուրդ, պարոնա՛յք». ով ու ինչպես է ավերում Հայաստանը

186
(Թարմացված է 21:38 22.03.2021)
Sputnik-ի սյունակագիրը վերլուծում է Հայաստանի վերջին քաղաքական գործընթացները, հանրության և առհասարակ պետության տրամադրությունները՝ ընդգծելով հնարավորինս արագ սթափվելու և պետության ու պետականության կորուստը թույլ չտալու անհրաժեշտությունը։

Թե ինչու այդպես պատահեց՝ բացատրելը երկար կլինի, բայց պատահեց այսպես․ Հայաստանի զինված ուժերում Գլխավոր շտաբի միաժամանակ երեք պետ կա։ Իրավաբանները, կախված այն բանից, թե որ կողմն են ներկայացնում, խառնաշփոթին բարդ ստորադասական բացատրություններ են տալիս։ Ամենահետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուրն իր ձևով իրավացի է, միայն թե այն բանակը, որը երեք հրամանատար ունի, բանակ չէ։

Խորհրդարանական հանձնաժողովն արդեն երեք տարի է՝ հետաքննում է 2016թ․-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքները և չի պատասխանում «ո՞վ, «ինչպե՞ս» և «ինչո՞ւ» հարցերին։ Քաշում-քաշում են ու տեղ չեն հասնում․․․ Այսօր հարցը մասամբ հնացել է, Ղարաբաղում նոր պատերազմ է բռնկվել՝ սեփական հարցերով․ ո՞վ և ե՞րբ կպատասխանի դրանց։

Պարգևավճարը, ինչպես գրված է բառարաններում, որևէ գործունեության տպավորիչ արդյունքների համար խրախուսանքի ձևերից մեկն է։ Հիշում ենք․ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Ազգային ժողովը, նախարարությունները, կառավարությանը ենթարկվող գերատեսչությունները, ինքը՝ կառավարությունն էլ ոչ միայն տպավորիչ, այլև գոնե քիչ թե շատ նկատելի արդյունքներ դեռևս չեն ցուցաբերել։ Սակայն պարբերաբար պարգևավճարներ ստանում են։

Աբսուրդի մեկ այլ տարատեսակ․ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախաճաշում է սրճարանում։ Մոտենում է լրագրող Փայլակ Ֆահրադյանը, հետաքրքրվում է․ ինչո՞ւ պաշտոնատար անձը աշխատանքային ժամին աշխատավայրում չի գտնվում։ Ընդհանուր առմամբ, նրբանկատության և էթիկայի լավագույն օրինակը չէ, քանի որ լանչի տեղն ու ժամը պաշտոնյան կարող է ընտրել առանց ԶԼՄ-ների հետ համաձայնեցնելու։

Այնուամենայնիվ, ի՞նչ կարող էր անել նախարարը։ Կարող էր օրինակ, ինչպես Արմեն Ջիգարխանյանը, ասել․ «Քո նման շան գործը չէ, թե որտեղ եմ նախաճաշում», բայց Ջիգարխանյանից ոչ ոք չէր նեղանում, որովհետև նրան սիրում էին բոլորը, իսկ Արշակյանին՝ ընտրողաբար։

Հակոբ Արշակյանը կարող էր լրագրողին առաջարկել նստել, լուսավորել նրան բարձր տեխնոլոգիական գործընթացների մանրամասներով, վերջապես՝ խնդրել ավելի ուշ մոտենալ։ Միակ բանը, որ նախարարը չպետք է աներ՝ Ֆահրադյանի սեղանից համակարգիչը շպրտելն ու նրան ապտակելն է։

Ինչպես վարչապետն ու գեներալներն ինքնասպանություն գործեցին պատերազմից հետո

Պաշտոնական անձանց մասնակցությամբ ծեծկռտուքները հիմա գրեթե ոչ մեկին չեն զարմացնում։ Նորմատիվ հարաբերություններից անցումը ոչ նորմատիվի (ոչ միայն բառապաշարում) նույնպես սովորական է դառնում։ Կյանքը փոխվում է՝ ձեռք բերելով «Միացում»-ի ոգուն միանգամայն հակառակ հատկություններ, և ահա շատերն արդեն Արցախն ընկալում են որպես կտրված կտոր՝ նախկին կարգավիճակին վերադառնալու չնչին շանսերով։

Տեղափոխվում են ոչ միայն սահմանները, այլև հասկացությունները, որոնք ոչ այնքան վաղուց եթե ոչ անսասան, ապա գոնե հաստատուն էին թվում։ Երկիրը, երևում է, շեղվել է ճանապարհից, ռիթմից ընկել, հալվել ու անձևաջրի պես հոսում է «Զվարթնոց» օդանավակայան։ Մարդիկ խորը ձմեռային քնի մեջ են, և ինչպես էլ ցնցում ես՝ արթնանալ չեն ուզում։ Գուցե մի օր կբացենք մեր աչքերը, կձգվենք, Երևանում թուրքերեն խոսակցություն կլսենք, գլուխներս կքորենք ու կհարցնենք․ ո՞նց, արդեն թուրքերի տա՞կ ենք։

Թևավոր «Կադրերն են ամեն ինչ որոշում» արտահայտությունը մեզ համար այսօր էլ արդիական է, բայց երբ «Բոլորը՝ վերև» հրամանով վերևում հայտնվում են ոչ թե ով պետք է, այլ՝ ով ասես, ստանում ենք այն, ինչ ստացանք։ Մարդիկ կան, որոնք ոչինչ հաստատ չգիտեն։ Իսկ կան մարդիկ, որոնք ամեն ինչ գիտեն, բայց ոչ հաստատ։ Որոշ ժամանակներից ի վեր մեզ մոտ իշխանության են այնպիսիք, որոնք առհասարակ ոչինչ չգիտեն։

․․․ Ոչ մեկին վստահել չի կարելի, բայց ոմանց՝ հատկապես։ Այդպես էր ասում դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին և գիտեր, թե ինչ է ասում։ Բայց որտեղի՞ց նա կարող էր իմանալ, որ հարյուր տարի անց մեզ մոտ մարդիկ կհայտնվեն, որոնք եթե անգամ ճշմարտությունն ասեն, նրանց միևնույնն է՝ ոչ ոք չի հավատա։

Շեղված ուղենիշներով ճանապարհի հետևանքները աբսուրդի են հանգեցնում, և ստացվում է, որ պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, իսկ պարտությունը՝ հաղթանակ։

Փաշինյանի թարմերից․ «Մեր սխալների պատճառն այն էր, որ մենք, որպես իշխանություն, շատ սիրված ենք ժողովրդի կողմից։ Այնքան սիրված, որ փորձելով արդարացնել այդ ժողովրդական սերն ու մեր սերը ժողովրդի և հայրենիքի հանդեպ՝ փորձում էինք ամեն ինչ կատարյալ անել։ Կատարյալի որոնումները շատ դեպքերում հանգեցնում էին անգործության»։ Դուք մի բան հասկացա՞ք;

․․․ Ասում են՝ մի անգամ Ստալինը օթերևութաբաններին հարցրել է, թե քանի տոկոս է նրանց կանխատեսումների ճշգրտությունը։ «Քառասուն տոկոս, ընկեր Ստալին»,-պատասխանել է երկրի գլխավոր օթերևութաբանը։ «Իսկ դուք հակառակն ասեք, այդ դեպքում 60 տոկոս կլինի»,-խորհուրդ է տվել Ստալինը։ Այդպես էլ անում ենք։

Մեր կյանքի աբսուրդի պատճառներից մեկը․ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքը․

«Երեսուն տարի ժողովրդին կերակրել են հեշտ յուրացվող սերիալներով՝ ֆասթֆուդի նման, մարդկանց ընկալելով միայն որպես ընտրազանգված։ Այդ սերիալները նկարող մարդկանց բարձրագույն պետական պարգևներ են շնորհվել, և նրանք շարունակել են մարդուց «ջնջել» քաղաքացուն։ Եվ նրանց մոտ ստացվել է»։ Ավաղ․․․

․․․Անկյուն քշված և ձեռքով ղեկավարվող պետությունն ավելի արագ է քանդվում, քան ատոմային ռումբի պայթյունից հետո, և քանդված բարաքի աղյուսներից կարելի է գուցե մեկ այլ բարաք կառուցել, բայց տաճար կառուցել հաստատ չի ստացվի։ Եվ այնուամենայնիվ, դեռ ամեն բան կորած չէ։

186
թեգերը:
հասարակություն, Իշխանություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Ղարաբաղը հայկական հող է», կամ ինչպես ժողովուրդը միավորվեց 1988 թվականի փետրվարին
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին
Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է, կամ ինչով են նման Հայաստանն ու Շվեյցարիան
Արխիվային լուսանկար

Որն է հոգեպես ավելի ազնիվ. թույլ տալ` մարդը տանջվի՞, թե՞ վերջին ներարկումն անել նրան

66
(Թարմացված է 21:10 22.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Երբ հերթական անգամ վեճ է սկսվում էֆթանազիայի շուրջ, այսինքն քննարկվում է շատ նուրբ ու վիճահարույց մի հարց՝ արդյո՞ք կարելի է աջակցել անբուժելի հիվանդին, որ նա հեռանա կյանքից, միշտ գտնվում են դրան դեմ արտահայտվող քաղաքացիներ ու բժիշկներ։
Էվթանազիա՝ ընտրություն տանջալից կյանքի եւ անցավ մահվա՞ն միջև

Նրանք անդրդվելի տեսքով ասում են. «Ո′չ, երբե′ք, նույնիսկ Սահմանադրությունում է գրված, որ մարդն ունի կյանքի իրավունք, և որևէ մեկը իրավունք չունի մարդուն զրկել այդ իրավունքից»։ Հայաստանում այդ հարցը վաղուց է փակված, այն էլ՝ օրենսդրորեն։ Բայց, ախր, օրենքները հնարավոր է փոխել, և այն, ինչ երեկ անթույլատրելի էր համարվում, նույնիսկ քրեորեն պատժելի, վաղը կարող է դառնալ սովորական պրակտիկա։

Հենց այդպես վարվեցին Իսպանիայում, որտեղ անցած շաբաթ խորհրդարանն ընդունեց օրենք, որով էֆթանազիան թույլատրվում է։ Միանգամից ասեմ՝ տարբեր կարծիքներ կան, թե աշխարհի քանի երկրում է օրենսդրորեն թույլատրված էֆթանազիան։ Ոմանք ասում են՝ Իսպանիան հինգերորդն է, մյուս աղբյուրները պնդում են՝ ո′չ, վեցերորդն է, մասնագետներ էլ կան, որոնք փաստում են՝ լիքը երկրներում և նույնիսկ որոշ երկրների առանձին մասերում է կիրառվում էֆթանազիան, միայն թե՝ դաշնային մակարդակով ընդունված օրենք չկա։ Այս մասին՝ քիչ հետո, իսկ այժմ թույլ տվեք մի օրինակ բերել հենց Իսպանիայից։

​Այս պատմությունը «Թայմ» ամերիկյան հանդեսում կարդացել եմ շատ վաղուց, երբ ոչ միայն Իսպանիայում, այլև այլ երկրներում էֆթանազիան թույլատրված չէր։ Իսպանացի մի երիտասարդ՝ Խոսե Մարիա Սանչեսը, ընկերների հետ գնում է Միջերկրական ծովի ափ և այնտեղ գտնվող ժայռից ցատկում է ջուրը։ Շատ անհաջող է ցատկում, հաշվի չի առնում, որ ժայռի տակ ծանծաղ է, դիպչում է հատակին ցցված քարին և կոտրում ողնաշարը։ Ընկերները նրան փրկում են, բայց Խոսեն դառնում է հաշմանդամ։ Զրկվում է ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունից և մշտապես սարսափելի ցավեր է ունենում։ Խնդրում է ընկերներին՝ ես այլևս այսպես չեմ կարող, զրկե′ք ինձ կյանքից։

ԱՄՆ–ում էլ են Սահմանադրություն խախտում, կամ հայը կարո՞ղ է այնտեղ նախագահ ընտրվել

Ընկերները, բնականաբար, հրաժարվում են։ Բայց անցնում է մեկ տարի, Խոսեի համար տառապանքով լի մեկ տարի, և մի օր նրան գտնում են մահացած։

Ոստիկանները ենթադրում են, որ ինչ-որ մեկը նրան կյանքի հետ անհամատեղելի դեղամիջոց է սրսկել, հարցաքննում են ընկերներին, բայց նրանք կտրականապես հերքում են, թե օգնել են Խոսեին վերջ տալ տառապանքներին։ Որոշ ժամանակ անց քննությունը դադարեցվում է, բայց ոստիկանները մինչև հիմա էլ համոզված են՝ իհարկե, ընկերներն էին արել, ուղղակի դա անհնար է ապացուցել։

​Եթե ապացուցվեր, ընկերներին, որոնք ամեն օր տեսնում էին Խոսեի տառապանքները և ի վերջո, ըստ երևույթին, չդիմացան նրա պարբերական խնդրանքներին,  երկար ազատազրկում էր սպասվում։ Հիմա հարց՝ լավ  չի՞, որ Իսպանիայում մի քանի օր առաջ ընդունվեց էֆթանազիան թույլատրող օրենքը, և անբուժելի հիվանդությամբ տառապողն առանց մերձավորներին ճաղերի հետևում հայտնվելու վտանգի ենթարկելու` կարող է պարզապես դիմել  բժիշկների աջակցությանը։

Մանավանդ, որ էֆթանազիան օրինականացրած բոլոր երկրներում գործում է նույն կանոնը՝ եթե բժիշկը հրաժարվում է, նրան ոչ ոք չի կարող ստիպել վերջին անգամ սրսկել հիվանդին։ Լավ չի՞, որ ինչ-որ մեկը վերջապես ազատվում է անասելի տանջանքներից, որոնք կարող են տարիներ տևել։ Լավ չի՞, որ նրա հարազատներն էլ ազատվում են իրենց ընտանիքի անդամի ամենօրյա ցավերը տեսնելու տառապանքից։ Լավ չի՞, որ ոչ ունևոր ընտանիքը այլևս ստիպված չէ…. Լավ, չեմ շարունակում։

Հանուն նախագահ դառնալու կբաժանվեի՞ք ամուսնուց, կամ տնից մեկը պիտի զբաղվի քաղաքականությամբ

​Բայց քանի որ փողի մասին խոսեցինք, ասեմ, որ վճարովի էֆթանազիան կիրառվում է նաև այն երկրներում, որոնց իշխանություններն այն չեն օրինականացրել։

Օրինակ, վերջերս հաղորդագրություն եղավ այն մասին, որ 104-ամյա մի բնակիչ Ավստրալիայից, որտեղ էֆթանազիան արգելված է, գալիս է Շվեյցարիա, որտեղ էֆթանազիան նույնպես արգելված է, բայց թույլատրված է։ Ինչպե՞ս։ Դեռ 1940-ական թվականներին Շվեյցարիայի Քրեական օրենսգրքում ամրագրվեց, որ անբուժելի հիվանդին կյանքից զրկելն անօրինական է միայն այն դեպքում, եթե դա արվում է շահադիտական նպատակներով՝ ժառանգություն ստանալու, նրան պատկանող գույքը տնօրինելու և այլն և այլն։ Իսկ իրավաբանները շատ լավ գիտեն հանրահայտ օրենքը՝ եթե որևէ բան օրենքով արգելված չէ, ուրեմն թույլատրված է։

Այսինքն, եթե միայն որոշ պայմաններում է արգելվում էֆթանազիան, ապա մնացած դեպքերում, մանավանդ հիվանդի հստակ և բժիշկների ներկայությամբ մի քանի անգամ արտահայտված կամքի առկայության դեպքում, այդ ցանկությունը կարող է կատարվել։

Սակայն ելնելով այն իրողությունից, որ մինչև հիմա էֆթանազիան թույլատրված է ընդամենը մի քանի երկրներում, պիտի փաստենք, որ այս հարցը, այո′, մնում է խիստ վիճահարույց։

Ահավոր դավաճա՞ն, թե՞ մեծագույն պետական գործիչ. ինչ գիտենք Միխայիլ Գորբաչովի մասին

66
թեգերը:
Էֆթանազիա, հիվանդ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (336)
Ըստ թեմայի
«Ես չէի կարող այդ խոսքերը հանդուրժել». Էրդողանի 27–ամյա թիկնապահն ինքնասպան է եղել
Ինչպես վարչապետն ու գեներալներն ինքնասպանություն գործեցին պատերազմից հետո
Ինքնասպանության պատճառներն ու նշանները. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը Հայաստանում
Մեծամորի ատոմակայան

Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը

0
(Թարմացված է 16:04 22.03.2021)
Կուսումնասիրվի նման նախագծերով կառուցված ռուսական կայանների փորձը, որոնց ծառայության ժամկետը արդեն երկու անգամ հաջողությամբ երկարաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Մեծամորի ԱԷԿ-ի էներգետիկները կուսումնասիրեն ռադիոակտիվ թափոնների պահպանման ու ռեակտորի վթարային պաշտպանության համակարգերի արդիականացման ժամանակակից մեթոդների հարցում ռուսական կայանների փորձը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ընկերության մասնագետ, ռուսական կողմից Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

Ապրիլի կեսերին կայանի մասնագետները ճանաչողական այց կկատարեն երկու ռուսական ատոմակայան՝ Նովովորոնեժկայա (4-րդ բլոկ) ու Կոլսկայա: Այդ կայարաններում առավել հարմար է ուսումնասիրել հայկական ԱԷԿ-ի սպասարկման ժամկետը 2026 թվականից հետո կրկին երկարացնելու հնարավորությունը։ Վերոնշյալ կայանները, որտեղ արդեն նման աշխատանքներ են իրականացվել, նախագծով նման են  Մեծամորի ԱԷԿ-ին, քանի որ նույնպես կառուցված են ՎՎԵՐ-440 ռեակտորների վրա:

Փորձի փոխանակման ընթացքում շեշտը դրվելու է կայանի հետևյալ հանգույցների վրա.

Ռեակտորի վթարային սառեցում

Առաջինը՝ նոր անվտանգության համակարգերի ներդրում, ինչպիսիք են ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցումը: Կուսումնասիրվեն նաև ԱԷԿ-ի անվտանգության այլ համակարգեր։

Ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ, թափոնների կառավարման մեթոդներ

Երկրորդ շեշտը դրվելու է ռադիոակտիվ թափոնների պահեստարանների ու դրանց երկարատև պահպանման համար նոր տարաների, ինչպես նաև հեղուկ թափոնների գոլորշիացման նոր տեխնոլոգիաների վրա:

«Այսինքն՝ ուսումնասիրվելու են հարցեր՝ ինչպես նվազեցնել թափոնների քանակը, ինչպես դրանք պահել։ Խոսքը թաղելու մասին չէ, այլ ժամանակավոր, բայց երկարաժամկետ՝ մի քանի տասնամյակ, անվտանգ պահման մասին է», - նշել է Սվիրիդենկոն։

«Հետ –Ֆուկուսիմա»

Վերջապես, ուշադրություն կդարձնեն ԱԷԿ-ի պահուստային ու վթարային սնուցման համակարգերին: Դրա համար կայարանում կան դիզելային գեներատորներ, որոնք կայանին էլեկտրականություն են մատակարարում պլանային դադարի (վերանորոգման աշխատանքների) ժամանակ ու վթարի դեպքում:

Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը

«Այդ վթարային համակարգերը, որոնք անվանում են «հետ-ֆուկուսիմյան», ներդրվել են Կոլսկայա եւ Նովովորոնեժսկայա կայաններում, ու հայ գործընկերները կկարողանան ծանոթանալ դրանց», - ավելացրեց Սվիրիդենկոն:

Սառեցման աշտարակներ

Համագործակցության ընդհանուր համատեքստում քննարկվում է նաև սառեցման աշտարակների (հովացման աշտարակներ) վերանորոգման տեխնոլոգիան։ Դրանք սառեցնում են ջուրը, որն օգտագործվում է տուրբինները պտտելու համար։ Որքան արդյունավետ է սառեցումը, այնքան ավելի մեծ հզորությամբ կգործեն տուրբինները և այնքան ավելի շատ էլեկտրաէներգիա կկարողանա տալ կայանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մի շարք մասնագետներ առաջ են քաշում չոր (թացի փոխարեն) սառեցում մտցնելու գաղափարը։ Այս դեպքում այն ջուրը, որը պտտեցնում է գեներատորները, չի գոլորշիանա սառեցման ժամանակ, ու կայանը ստիպված չի լինի մշտապես համալրել ջրի պաշարը (մոտակա Սևջուր գետից): 2016-17 թվականներին «Ռոսատոմի» ձեռնարկությունները կազմել են գործող,  «թաց» սառեցման համակարգերի արդիականացման նախագիծ և զուգահեռաբար դիտարկել դրանք «չորով» փոխարինելու հնարավորությունը։

«Անհրաժեշտ է քննարկել տնտեսական արդյունավետությունը, դրա համար պետք է տեսնել, թե ինչպիսի նոր նախագծային լուծումներ են առաջարկում հայ գործընկերները», - ավելացրեց Սվիրիդենկոն:

Այս բոլոր աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել 2026 թվականից հետո կայանի ծառայության ժամկետը երկարացնելու համար։

0
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ատոմակայան, Մեծամոր
Ըստ թեմայի
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը. 10 տարի է` Ճապոնիայում այս օրը սգո օր է. լուսանկարներ
Հայաստանի ատոմակայանում թափոնները կկրճատեն նոր տեխնոլոգիայով
Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի ատոմակայանում. պարզաբանում է գլխավոր տնօրենը