Դոնալդ Թրամփի կողմնակիցները Կոնգրեսի շենքի մոտ. 7 դեկտեմբերի, 2021

Ովքե՞ր և ինչո՞ւ էին սպասում Թրամփի վերադարձին մարտի 4-ին

126
(Թարմացված է 21:41 05.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ամերիկացիները լավ պրծան։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ երկրի իրավապահ մարմինները տեղեկություններ ունեին, որ մարտի 4-ին ծայրահեղականները կրկին հարձակվելու էին Կապիտոլիումի, այսինքն՝ իրենց պառլամենտի շենքի վրա։

Դոնալդ Թրամփը, որի վերադարձին սպասում էին մարտի 4-ին, այդպես էլ չվերադարձավ

Կոնգրեսի ստորին պալատի անդամները նույնիսկ որոշեցին անվտանգության նկատառումներով չեղյալ հայտարարել հինգշաբթի օրվա իրենց նիստը։ Ինչպես հայերն են ասում՝ շառից հեռու։ Բայց սենատորներն այնուամենայնիվ տղամարդ գտնվեցին և նիստ արեցին, չնայած լրիվ իրավունք ունեին ձեռնպահ մնալու, հիշելով հունվարի 6-ի դեպքերը, երբ Կապիտոլիումի վրա հարձակում ձեռնարկվեց։ Երևի հիշում եք՝ այն ժամանակ զոհվեց 5 մարդ, դեմոկրատները պնդեցին, թե հենց նոյեմբերյան ընտրություններում պարտված Դոնալդ Թրամփն է սադրել մարդկանց և դրդել նրանց հարձակվել խորհրդարանի վրա։ Կոնգրեսում իմպիչմենտ նախաձեռնվեց, այն էլ աննախադեպ իմպիչմենտ, որովհետև մինչ այդ Ամերիկայի որևէ նախագահի նկատմամբ երկրորդ անգամ պաշտոնազրկելու գործընթաց չէր նախաձեռնվել, բայց Սենատը արդարացրեց Դոնալդ Թրամփին։

​Կարող եմ ենթադրել, որ հիմա ձեզ մոտ հաստատ բնական հարց է ծագել՝ բայց ինչու էր Կոնգրեսի վրա երկրորդ հարձակումը սպասվում հենց մարտի 4-ին։ Ուղղակի մինչև 1933 թվականը Ամերիկայի բոլոր նախագահների պաշտոնադրման արարողությունը միշտ տեղի էր ունենում նույն օրը՝ մարտի 4-ին։ Բայց մոտ 90 տարի առաջ ընդունվեց ԱՄՆ-ի Սահմանադրության 20-րդ ուղղումը, որով այդ արարողության ամսաթիվը փոխվեց, և այժմ, ինչպես գիտեք, ամերիկացի նախագահները երդում են տալիս հունվարին։ Բայց կա Ամերիկայում առնվազն մի շատ տարօրինակ կազմակերպություն, որը շատ է նման աղանդի, և դրա հետևորդները չգիտես ինչու, հավատում են, թե Թրամփը կարող էր «օրինական հիմքերով» վերադառնալ Սպիտակ տուն հենց մարտի 4-ին ու կդառնար Ամերիկայի 19-րդ նախագահը Ուլիս Գրանտից հետո, որը պաշտոնավարել է 1869-ից մինչև 1877 թվականը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ինչո՞ւ են «Քենոն» կոչվող կազմակերպության կամ աղանդի անդամները Ամերիկայի պատմությունից դուրս թողնում մի հսկա հատված և համարում, որ 1871 թվականից հետո ընդունված բոլոր օրենքները որևէ իրավական ուժ չունեն։ Ուղղակի այդ թվականին Ամերիկայի իշխանությունները կազմավորեցին, այսպես կոչված, Կոլումբիայի շրջանը, որտեղ, ինչպես հայտնի է, գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը։ «Քենոնի» անդամները համոզված են, որ նման իրավասություն կառավարությունը չուներ այն պարզ պատճառով, որ երկիրը կազմված է նահանգներից, հենց այդպես էլ կոչվում է Միացյալ նահանգներ, այլ ոչ թե նահանգներ և շրջան։ 

​Ավելին, ծայրահեղականները համոզված են, որ չպիտի լինեն դաշնային, այսինքն բոլոր բնակիչների համար պարտադիր օրենքներ, քաղաքացին չպետք է հարկեր մուծի՝ սա, իհարկե, որոշ հայաստանցիների սրտով է, և վերջապես ազգային տարադրամ՝ դոլար, չպիտի գոյություն ունենա, քանզի այդ դոլարը սահմանափակում է մարդկանց անձնական իրավունքները։ Այ սա հազիվ թե դուր գա հայաստանցիներին, որոնք թե դոլարով փող են ստանում արտերկրից, թե իրենց կուտակումներն են առաջվա պես դոլարով պահում, չնայած մեր հարազատ դրամը, կարծես թե, վաղուց է ապացուցել իր կենսունակությունը։

Չգիտեմ՝ արդյո՞ք Վաշինգտոնում իրավապահները ժողովրդից անթաքույց պաշտպանում էին իրենց հարազատ պատգամավորներին լուսաձայնային սարքերով, ինչպես մեր Ազգային ժողովի բակում՝ Բաղրամյան պողոտայում ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ, բայց փաստն այն է, որ Կապիտոլիումի վրա հունվարյան հարձակումից հետո, ինչպես տեղեկացնում է ԲիԲիՍի-ն, աշխատանքից ազատվել է ամերիկյան պառլամենտի պահպանության գլխավոր պատասխանատուն։

​Եվ վերջում այն մասին, թե արդյոք ոմանք իրոք ցանկանում էին, որ Թրամփը հետ գա և կարգ ու կանոն հաստատի Ամերիկայում, և ինչու չստացվեց։ Այն, որ ուզում էին՝ նույնիսկ Ամերիկայի Հետաքննությունների դաշնային բյուրոն և Ներքին անվտանգության նախարարությունն են հաստատում։ Նրանց տվյալներով, դեռ այս տարվա փետրվարին ծայրահեղականները Կապիտոլիումի վրա հարձակվելու ծրագրեր էին կազմում և մտադիր էին 4 հազար ամերիկացի հավաքել մարտի 4-ին Կոնգրեսի շենքի մոտ։

Դժվար է ասել, թե ինչը խանգարեց՝ միգուցե լավ չէին մշակել ծրագրերը, միգուցե Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, այդքան մեծ հեղինակություն չի վայելում։ Սակայն վարկածներից մեկն էլ սա է՝ մարդիկ չուզեցին դիպուկահարների զոհ դառնալ։ Իհարկե, եթե այդ դիպուկահարները կային։

126
թեգերը:
իմպիչմենտ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (425)
Ըստ թեմայի
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Արմեն Սարգսյան

Օլիմպիադան և Պանդորայի արկղը, կամ երբ Սարգսյանը չի կարող բարձրաձայն քաջալերել մարզիկներին

191
Օլիմպիական շարժումն ու Պանդորայի արկղը

Եկեք անկեղծ լինենք։ Այս օրերին, երբ նշվում է ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի 125-ամյակը, և Տոկիոյում շարունակվում է աշխարհի պատմության ընթացքում երևի թե ամենատարօրինակ օլիմպիադան, շատերն են հարց տալիս՝ իսկ միգուցե սա ողջ օլիմպիական շարժման զարգացման բնականոն, տրամաբանական հետևա՞նքն է։

Չեմ ուզում հիշեցնել, որ ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ, պատմաբան, մանկավարժ և գրող բարոն Պիեռ դը Կուբերտենը, որը նախաձեռնեց այդ շարժումը, ինքն էլ ժամանակին խիստ քննադատության է ենթարկվել, մասնավորապես Ադոլֆ Հիտլերի հետ համագործակցելու համար։ Իրականում նա ռոմանտիկ էր, անկեղծորեն հավատում էր մարդկության լուսավոր ապագային, երբ միմյանց դեմ պատերազմներ հրահրելու փոխարեն ազգերը կմրցեն սպորտային ասպարեզում։ Ցավոք, մեր սեփական պատերազմական փորձից հրաշալի գիտենք, որ այդ մարդու նվիրական երազանքներն այդպես էլ մնացին անկատար։

Ֆրանսիացիները տապալեցին միապետությունը՝ է՛լ ավելի անսահմանափակ միապետություն ստանալով

Համաձայնե՛ք` կան անչափ գեղեցիկ ու գերող արտահայտություններ, որոնք իրականության հետ բացարձակ որևէ կապ չունեն։ «Խաղաղությունն այլընտրանք չունի».շարունակում ենք կրկնել ու կրկնել մենք՝ նույնիսկ հսկայական կորուստներ ունենալով խաղաղությանը փոխարինած պատերազմում։ «Խաղաղությունը այլընտրանք չունի». շարունակում էին կրկնել մարդիկ մոտ մեկ դար առաջ, երբ դեռ մանուկ հասակում գտնվող oլիմպիադան առաջին անգամ դարձավ Եվրոպայում ծավալված աննախադեպ ռազմական գործողությունների զոհ. այն չեղարկվեց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

1936 թվականին էլ ոմանք հույս ունեին, որ Բեռլինի oլիմպիական խաղերը նացիստական Գերմանիայում կկանխեն նոր աղետաբեր պատերազմը, փորձում էին աչք փակել այն ակնհայտ իրողության վրա, որ այդ երկրում հաստատված մարդատյաց ռեժիմը սեփական քաղաքացիներին հետապնդում էր զուտ իրենց ազգային պատկանելության համար և արդեն չէր էլ թաքցնում ագրեսիվ նկրտումները հարևան պետությունների նկատմամբ։ Բոլորը տեսան ու ծափահարեցին ֆյուրերին, որը բացման արարողության ժամանակ կանգնած էր տրիբունայում։ Իսկ հաջորդ օլիմպիադան չկայացավ հենց այն պատճառով, որ այդ մարդը հրահրեց աշխարհի պատմության մեջ ամենաարյունալի պատերազմը։

Երկրորդ աշխարհամարտից հետո օլիմպիական խաղերը վերսկսվեցին, և կրկին հույսեր առաջացան, որ սպորտը այնուամենայնիվ վերջապես կմիավորի մարդկությանը, կօգնի մարդկանց դառնալ ավելի ազնիվ, ավելի բարի ու ավելի մաքուր։ Զուր պատրանքներ։ Օլիմպիական շարժում ներխուժեց քաղաքականությունը, սկսվեցին խաղերի բոյկոտները՝ դեմ եմ Խորհրդային Միության ղեկավարության քայլերին, չե՛մ գնա Մոսկվա։ Ուզում եմ դրա համար պատժել ամերիկացիներին, չե՛մ գնա Լոս Անջելես։ Եվ երբ արդեն թվում էր, թե այդ ժամանակաշրջանն էլ ավարտվեց, եկավ կորոնավիրուսը։ Աշխարհը կրկին մասնատվեց։

Բարձրաստիճան հայի բախտը Երկրի հակառակ կողմերում

Առաջին հայացքից սա բավական զարմանալի է՝ չէ՞ որ միշտ ասում ենք. «Ընդհանուր փորձությունը միավորում է բոլորին»։ Էլի չափազանց գեղեցիկ մի արտահայտություն, որը չափազանց հեռու է իրականությունից։ Եվս մեկ անգամ գործնականում համոզվեցի դրանում, երբ երեկ կարդացի, որ հայաստանցի գործընկերոջս, որը մի 1000 անգամ եղել է Եվրոպայում, այս անգամ կորոնավիրուսի պատճառաբանությամբ մերժել են այդ մայրցամաքի ամենաառաջատար պետություններից մեկի երևանյան դեսպանատանը։ Իսկ դուք ասում եք՝միասնականություն, համերաշխություն, համատեղ ջանքեր։ Ինչ համատեղ ջանքեր, ամեն մեկս՝ մեզ համար։

Նույնիսկ ավանդական ձեռքսեղմումն է արգելված Տոկիոյի օլիմպիական ավանում, իսկ հաղթողին գրկելու մասին խոսք լինել չի կարող։

Փոքրաթիվ հյուրերն էլ, օրինակ, Հայաստանի նախագահը կամ Թուրքմենստանի ղեկավարի որդի փոխվարչապետը, իրենց երկրների մարզիկներին չեն կարող բարձրաձայն քաջալերել՝ միայն ծափերով։ Մեղավո՞ր է արդյոք այս ամենում Ճապոնիան։ Իհարկե, ո՛չ։ Այդ երկիրը անցած տարի էլ պատրաստ էր անցկացնել օլիմպիադան։ Թույլ չտվեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի չինովնիկները, որոնք հիմա խոստովանում են՝ ախր հիմարություն արեցինք, կարծում էինք, թե մի տարուց համավարակը կվերանա, այնինչ այժմ կորոնավիրուսային իրավիճակը Ճապոնիայում շատ ավելի մտահոգիչ է, քան անցած տարի։

Ինչ ասես չտեսավ օլիմպիական շարժումը անցած 125 տարվա ընթացքում՝ համաշխարհային պատերազմներ, երկու մեծ տերությունների առճակատում, ողբերգական հետևանքներով ահաբեկչություն Մյունխենում, վերջապես համավարակ։ Ու միգուցե զարմանաք, բայց ոմանք օլիմպիական շարժումը նմանեցնում են Պանդորայի արկղին։ Երբ այդ արկղը բացվեց, աշխարհը ողողեցին այնտեղ պահվող արհավիրքներն ու փորձությունները՝ պատերազմներ, հիվանդություններ, մարդկային արատներ։ Բայց հիշո՞ւմ եք, թե ինչը մնաց վերջում, արկղի հատակին։ Այո՛, շատ ճիշտ եք՝ վերջում մնաց հույսը։

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում, կամ ինչ էր, ինչ դարձավ Ցուկերբերգի Facebook–ը

191
թեգերը:
Ադոլֆ Հիտլեր, Տոկիո, օլիմպիադա, Օլիմպիական խաղեր
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (425)
Վիսոցկու հուղարկավորությունը

Ինչպես իր մահով անգամ Վլադիմիր Վիսոցկին խանգարեց կոմունիստական իշխանությունների քունը

727
Եկեք անկեղծ լինենք։ Միանգամայն արդարացի են նրանք, ովքեր պնդում են՝ Վլադիմիր Վիսոցկին խնդիրներ էր ստեղծում իշխանությունների համար կենդանության օրոք, խնդիր ստեղծեց նաև իր մահով։
Վլադիմիր Վիսոցկի. խնդրահարույց կյանք, խնդրահարույց մահ

Համաձայնե՛ք, դասական իմաստով այլախոհ չէր, դիսիդենտին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ չէին շնորհի «Հանդիպման վայրը փոխել չի լինի» ֆիլմում խաղացած դերի համար։ Բայց նաև ենթարկվող չէր։ Հայտնի է, որ իշխանությունները, ընդ որում ոչ միայն խորհրդային իշխանությունները, նման մարդկանց չեն սիրում։

Իսկ նա իր մահով էլ խնդիր ստեղծեց, որովհետև, ինչպես և հիմա, այդ օրերին՝ 1980–ի հուլիսի վերջերին, ընթանում էին Օլիմպիական խաղերը։ Տխուր կատակ էին անում ընկերները. «Միայն Վիսոցկու մտքով կանցներ կյանքից հեռանալ Մոսկվայի օլիմպիադայի ժամանակ՝ խանգարելով կոմունիստական իշխանությունների քունը»։

Ու թեև սովետի կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի Վիսոցկու մահը հնարավորինս աննկատ մնա, ժողովրդի սիրած երգչին, պոետին և դերասանին վերջին հրաժեշտը տալու համար հավաքվել էր այնքան մարդ, որ հերթը Տագանկայի թատրոնի դիմացից  ձգվում էր մինչև 10 կիլոմետր։ Թվում էր, թե ողջ Մոսկվան մեկ օրով ընդհանրապես մոռացել էր Օլիմպիադայի մասին։ Վիսոցկու մտերիմ Դավիթ Կարապետյանի հուշերի գիրքն ավարտվում է հենց հուլիսի 26-ով, երբ նա էլ եկավ հայտնի ընկերոջը հրաժեշտ տալու Մալայա Գրուզինսկայա փողոցի նրա բնակարանում։ Երկար տարիներ Դավիթ Կարապետյանը լռում էր, ու երբ հարցնում էին. «Բա ինչո՞ւ ընկերոջդ մասին չես գրում, չէ՞ որ նրա հետ առնվազն մեկ անգամ հանդիպածն այդ պատահական շփման մասին ամենաքիչը երկուհատորանոց գիրք է հրատարակում», Դավիթը պատասխանում էր. «Հենց դրա համար էլ չեմ գրում, չեմ ուզում մասնակցել «Ես ու Վիսոցկին» հնչեղ անունով ներկայացմանը»։

Եվ այնուամենայնիվ, մոտ 20 տարի առաջ, երբ վերջապես լույս տեսավ Դավիթ Կարապետյանի հիշողությունների գիրքը, շնորհանդեսի ժամանակ նա լրագրող Գենադի Չարոդեևին մի հետաքրքիր դիպված պատմեց, որը չէր ներառել իր գրքում։ Խոսքն այն մասին է, թե ինչպես են Վլադիմիր Վիսոցկին ու Դավիթ Կարապետյանը հանդիպել Խորհրդային Միության նախկին ղեկավար Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի հետ, որն այն ժամանակ՝ 1970 թվականին, իհարկե, վաղուց արդեն երկրի կոմունիստական  առաջնորդը չէր, ապրում էր իր բավական համեստ առանձնատանը. այնտեղ, որտեղ Իստրա գետը միախառնվում է Վոլգային։ Այդ այցելության ժամանակ, որը կազմակերպել էր Խրուշչովի թոռնուհի Յուլյան, Վիսոցկու առաջին զարմանքն այն էր, որ Նիկիտա Սերգեևիչը երբեք չէր լսել իր երգերից որևէ մեկը, ընդհանրապես նրա մասին ոչինչ չգիտեր։

«Ի՞նչ եմ արել, որ տաք սուրճ էլ չեք տալիս. ընդամենը 77 մարդու եմ սպանել»

Քանզի այդ թեման ինքնըստինքյան փակվեց, մնում էր խոսել Խրուշչովի թողած ժառանգության մասին, որը հասարակությունն այնքան էլ միանշանակ չէր ընդունում։ Երբ հերթը հասավ, այսպես կոչված՝ «խռուշչովյան տներին», նախկին առաջնորդն անկեղծորեն նեղսրտեց. «Ինձ հիմա բոլորը հայհոյում են, բայց ախր մոռանում են, որ այն ժամանակ մենք մարդկանց բառիս բուն իմաստով հանեցինք նկուղներից, որտեղ զուգարան էլ չկար, բնակարաններ տվեցինք։ Ճիշտ է, փոքր էին, ցածր առաստաղով, բայց հո կարելի էր ապրել։ Չէ՞ որ Ստալինի օրոք բնակելի շենքեր շատ քիչ էին կառուցում»։

Ի դեպ, Խռուշչովը Վիսոցկուն և Կարապետյանին Ստալինի մասին էսպիսի բան պատմեց. «Մի անգամ պատերազմից հետո Ստալինը ինձ ու Միկոյանին ճաշի հրավիրեց Ռիցա լճի ափին գտնվող կառավարական առանձնատանը։ Մեր երեքից բացի սեղանի շուրջն էլ ոչ ոք չկար, և Ստալինը ի զարմանս մեզ լրիվ անկեղծացավ, ասաց. «Ես ոչ մեկին չեմ հավատում» և ավելացրեց. «Նույնիսկ ինքս ինձ չեմ հավատում»։ 

Քիչ անց Վիսոցկին և Կարապետյանը իմացան, որ ինքը՝ Խրուշչովը, հավատում էր մարդկանց և հենց այդ պատճառով էլ չնկատեց իր դեմ պատրաստվող դավադրությունը։ Լեոնիդ Բրեժնևի պահվածքը ծիծաղաշարժ ժեստերով ընդօրինակելով` Խրուշչով ասաց. «Էս մեկը դավաճան դուրս եկավ։ Սուսլովի մասին էլ էին ինձ զգուշացնում, խորհուրդ էին տալիս ազատվել նրանից, բայց ես չլսեցի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հիմար էի»։ 

Սկանդալ Վիսոցկու գերեզմանի հուշարձանի շուրջ. երգչի որդին պատասխանել է դերասանին

Եվ վերջում։ Վլադիմիր Վիսոցկին մահացավ 80 թվականի հուլիսի 25-ին, բայց նրա մահվան մասին ասեկոսները պարբերաբար էին շրջանառվում։ Հենց ինքն է մի առիթով ասել. «Ինձ այնքան հաճախ են թաղել, որ մի անգամ, երբ Նովոսիբիրսկում համերգի ժամանակ մի աղջիկ հարցրեց. «Դա ճի՞շտ է, որ դուք մեռել եք», ես անկեղծորեն պատասխանեցի. «Չգիտեմ»։

727
թեգերը:
օլիմպիադա, Մոսկվա, ԽՍՀՄ, Մահ, Վլադիմիր Վիսոցկի
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (425)
Ըստ թեմայի
«Բարև, Լևոն Վիսոցկի». ինչպես է մեծ բանաստեղծը փոխել հայի կյանքը
Ծաղրածու, որ շատերին ստիպում էր արտասվել. Վիսոցկու սիրելի Ենգիբարովը
Վիսոցկու երևանյան համերգի գաղտնիքը, կամ նա արդեն ամեն ինչ ասել է քեզանից առաջ

Թուրքիայի անտառներում բռնկված հրդեհը մոտեցել է բնակելի տներին ու հյուրանոցներին. տեսանյութ

0
(Թարմացված է 16:57 28.07.2021)
Ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է։ Հրդեհի հետևանքով երեք բնակելի թաղամասերի բնակիչներին տարհանել են։

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթի շրջանում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին ինքնաթիռներ և ուղղաթիռներ են մասնակցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի վարչակազմին։

«Մենք փորձում ենք վերահսկողության տակ վերցնել Մանավգաթի շրջանում ուժեղ անտառային հրդեհը։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են երկու ինքնաթիռ, 15 ուղղաթիռ, վեց էքսկավատոր և 106 հրշեջ մեքենա», - նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել. տարերքը տներ է քանդել

NTV հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է հրդեհը մոտեցել բնակելի շենքերին ու հյուրանոցներին։ Ողջ քաղաքը սև ծխով է պատված։

Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է։ Հրդեհի հետևանքով երեք բնակելի թաղամասերի բնակչությունը տարհանվել է։

Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 41-ի

0
թեգերը:
հրդեհ, Անտառ, Թուրքիա
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ
Թուրքիայում հորդառատ անձրևները վերածվել են ջրհեղեղի. տեսանյութ
Պայթյուն Գերմանիայի քիմգործարանում. մեկ մարդ մահացել է, հինգին դեռ չեն գտել. տեսանյութ