Թիկնապահ

Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին

811
(Թարմացված է 22:55 28.02.2021)
Մարդը կարող է և՛ շատ ընկերներ ունենալ, և՛ շատ թշնամիներ, իսկ երկրի առաջնորդները նաև թիկնապահներ ունեն, որոնք ստվերի պես քայլում են նրանց հետևից ու պատրաստ են սեփական կյանքի գնով պաշտպանել առաջնորդներին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է այս թեմայի շուրջ։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական մի շենքից մյուսը գնաց գրեթե հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ, բայց անմիջապես վարչապետի կողքին միայն նրա թիկնապահներն էին` առաջին դեմքի անվտանգության թիվ մեկ պատասխանատուները։

Премьер-министр Никол Пашинян заходит в здание Правительства (23 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Փաշինյան

Հիշեմ նրանց, ովքեր եղել են Հայաստանի առաջին դեմքերի անձնական թիկնապահները։ Իվան Հարությունով`պատասխանատու էր ԿԿ առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին անվտանգության համար։ Թովմասյանը հեռացավ, հեռացավ նաև Հարությունովը, եկավ Քոչինյանն իր անվտանգության աշխատակցով։ Անունը Սաշիկ էր (ազգանունը չեմ հիշում), նա էլ հեռացավ Քոչինյանի հետ` տեղը զիջելով Ալիկ Մերանգուլյանին, որը մինչև վերջ աշխատեց Հայաստանի ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ։ Առանց անձնական թիկնապահի չմնաց նաև Սուրեն Հարությունյանը` Խորհրդային Հայաստանի առաջին դեմքերից վերջինը։

Այդ ողջ ընթացքում Հայաստանում որևէ մահափորձ տեղի չունեցավ։ ՊԱԿ–ի 9-րդ վարչության թիկնապահներն իրենց գործին լավ էին տիրապետում` ի տարբերություն նրանց, ում հանձնարարված էր ապահովել Լևոն Տեր–Պետրոսյանի անվտանգությունը։

Գերագույն խորհրդի դահլիճ։ Լրագրողները մոտենում են Լևոն Տեր–Պետրոսյանին, թիկնապահները նայում են առաջին նախագահին` իրենց անվտանգության տակ գտնվողին, ոչ թե այնտեղ, որտեղ պետք է, այսինքն` շուրջը։ Նայում են սիրով ու հավատարմությամբ` մոռանալով, որ Տեր–Պետրոսյանին հարցախեղդ անող լրագրողների կողքին կարող է նաև ահաբեկիչ լինել։ Ամեն ինչ, իհարկե, բարեհաջող ավարտ է ունենում, բայց Տեր–Պետրոսյանի թիկնազորին որոշ ժամանակ անց փոխում են` բացատրելով, թե ուր է պետք նայել։

Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

– Հին ժամանակներից մինչ օրս թիկնապահներն իրենց պահպանության տակ գտնվող դեմքերի պաշտպանության համար առանձնահատուկ մեթոդներն են կիրառում` առաջնորդվելով տարբեր պատճառներով։ Սակայն բոլոր ժամանակներում էլ թիկնապահ են դառնում նրանք, ովքեր հիանալի տիրապետում են ուրիշի կյանքը պաշտպանելու հնարքներին։ Դա մարդկանց հատուկ աշխարհ է,– բացատրում էր ինձ ընկերս` Դ.Պ.–ն, որն ապահովել է Ռուսաստանի գլխավոր ղեկավարներից մեկի անվտանգությունը։

Այստեղ պետք է մոռանալ այսօրվա իրողությունն ու հայացք գցել վաղվա ուղղությամբ` ասելու համար, որ պրոֆեսիոնալ թիկնապահ կարող են լինել ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, որոնք ինչպես ընդունված է համարել, ավելի նվիրված են իրենց ղեկավարներին։

Կոտ դ'Իվուարի նախագահ Լորան Գբագբոն անձնական թիկնապահների ջոկատը համալրել էր 300 կանանցով, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կին թիկնապահների ծառայություններից օգտվում էին բազմաթիվ պետական գործիչներ։ Այդուհանդերձ, Հայաստանում պաշտպանության տակ գտնվող այրերի կողքին ատրճանակով կին թիկնապահներ մենք դեռ չենք տեսել։

Հետաքրքիր մանրամասներ։ Հնում անձնական անվտանգությունն ապահովելու համար մարդկանց ընտրելիս` նրանց, ինչպես կասեին այսօր, թեստավորում էին։ Թեկնածուին մտցնում էին առյուծի վանդակն ու հետևում նրա դեմքի գույնին։ Համարվում էր, որ վտանգի պահին կտրուկ աճում է նրանց հնարամտությունը, ովքեր արագ են շիկնում։ Սփրթնածներին «մաղում» էին անմիջապես։

Իմ ընկեր Դ.Պ.–ին առյուծի վանդակ չեն մտցրել, բայց նրա հնարամտության ու խելքի վրա կարելի է չկասկածել։ «Մասնագիտական հմտությունները, – բացատրում է նա, – մնում են ամբողջ կյանքում։ Նստում ես սրճարանում ու ձայնից կռահում, թե ինչ առարկա ընկավ, թե աստիճանով ինչ սեռի ու տարիքի մարդ իջավ»։

– Բա ուրի՞շ, – հարցնում եմ ես։

– Եթե կառավարական ավտոմեքենան կանգնեց շենքի մոտ, պիտի մի վայրկյանում գնահատես իրավիճակը։

– Ինչպե՞ս։

– Բաց պատուհան ես տեսնում, հեռավորությունը 100 մետր է, մինչև թիրախին հասնելը փամփուշտի թռիչքի տևողությունը տասներեք հարյուրերորդական վայրկյան է։ Այդ ընթացքում մարդը կարողանում է տեղաշարժվել 22 սմ։ Մարդասպանը չի հասցնի հաշվել թիրախի շարժման հետագիծը։ Հետևություն` այնտեղից չեն կրակի, թիկնապահը կհասցնի փակել իր պաշտպանության տակ գտնվողին։

– Հիմա նստած ենք փողոցում գտնվող սրճարանում ու նախաճաշում ենք, ի՞նչ ես տեսնում դու, որը ես կարող եմ չնկատել։

– Շարունակեմ խիստ ուսումնական ձեռնարկի համաձայն։ Կասկածելի արկղ։ Իր չափերով կարող է 30 տրոտիլային պայթագլանիկ տեղավորել, յուրաքանչյուրը` 400 գրամ, ընդհանուր` 12 կգ։ Բայց եթե արկղում այդքան լիներ, այդպես կախված չէր լինի։ Այդ դեպքում ինչի՞ համար է այն այստեղ։ Պարզ է, որ շեղող հնարք է։ Նկատում եմ տոպրակներով կանգնած մի մարդու, որի ոտքերի տակ սիգարետի մնացորդներ կան. ակնհայտ է, որ ինչ–որ մեկին է սպասում։

– Եվ ի՞նչ ես անում։

– Մի կողմ եմ քաշում նրան, ում անվտանգության պատասխանատուն եմ, կրակում եմ մարդասպանին, ինձնով փակում իմ պաշտպանության տակ գտնվողին, հասցնում մեքենայի մոտ, ու արագ հեռանում ենք։ Մահափորձը ձախողվում է։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

ԽՍՀՄ ՊԱԿ գեներալ–մայոր Վլադիմիր Վելիչկոյի հիշողություններից։

«Գորբաչովի կինը` Ռաիսա Մաքսիմովնան, հաճախ ասում էր ամուսնուն. «Միշ, տեսե՞լ ես` Ռեյգանն ինչ թիկնապահներ ունի։ Իսկ մեզ մոտ ինչ փոքր են, նիհար»։ Նրան դժվար էր բացատրել, որ այս դեպքում «փոքրը» վատ բան չէ։ Հակառակը` լավ է։ Թիկնապահը բազմության մեջ է աշխատում, իր հանդեպ մեծ ուշադրություն չի գրավում»։

... Այնուամենայնիվ, պետությունների ղեկավարների և կառավարությունների համար մահափորձից խուսափելու լավագույն տարբերակը սեփական համաքաղաքացիների կյանքն անվտանգ, ապահով և երջանիկ դարձնելն է։

811
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, թիկնապահ, Հայաստան
Ըստ թեմայի
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
Ո՞վ կմտածեր, որ Ամերիկան ու Հայաստանն ընդհանուր բան կունենան, կամ ոչինչ անհետ չի անցնում
Սյունիք

Ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը, կամ հայրենիքի վտանգի դեպքում պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները

21
Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է ստեղծված իրավիճակը և ՀԱՊԿ–ին դիմելու անհրաժեշտությունն ու սպասելիքները։

Հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավորությունները

Եկեք անկեղծ լինենք։ Անցած տարվա աշնանը, երբ Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողությունները, շատերն էին հարց տալիս. «Բա լավ, ինչո՞ւ Հայաստանը չի դիմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, էլ ո՞ր օրվա համար է ՀԱՊԿ-ը, եթե չի էլ ցանկանում օգնություն ցուցաբերել իր անդամներից մեկին»։ Մեր պաշտոնյաները շատ հակիրճ էին պատասխանում. «Որովհետեւ Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվել»։

Վերջին օրերին, սակայն, իրավիճակը կտրուկ փոխվեց և ադրբեջանցիները մտան բուն Հայաստանի տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։  Հայաստանն էլ չհապաղեց և միանգամից դիմեց ՀԱՊԿ-ին։ Խոստովանենք, հայաստանյան հասարակության առնվազն մի մասը այնքան էլ տեղյակ չի, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը և ինչպիսին են նրա գործառույթները։ Եվ ուրեմն, թույլ տվեք մի երկու խոսք ասել այն կազմակերպության մասին, որից հիմա շատ որոշակի ակնկալիքներ ունենք։

​Նախ, միանգամից փաստենք՝ իր ստեղծման օրվանից ՀԱՊԿ-ը որևէ հակամարտության չի միջամտել ընդհանրապես։ Չնայած միջամտելու խնդրանք եղել է հենց վերջերս. ՀԱՊԿ-ի անդամ Ղրղզստանը ՀԱՊԿ-ից խնդրել է ազդել ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ Տաջիկստանի վրա՝ սահմանային բախումները կանխելու համար։ Սակայն Տաջիկստանն էլ հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ի միջամտության կարիքը չունի, և երկու երկրները ինքնուրույն կարող են լուծել սահմանի հստակեցման հետ կապված բոլոր հարցերը։

Միջամտությունն այդպես էլ չկայացավ, թեև շատերն այն ժամանակ հեգնանքով ասում էին՝ դե ի՞նչ կարելի է սպասել մի կազմակերպությունից, որի երկու անդամները միմյանց հետ լեզու չեն կարողանում գտնել։ Ընդդիմախոսները հակադարձում էին՝ ՆԱՏՕ-ն շատ ավելի հին ու հզոր կազմակերպություն է, բայց նրա երկու անդամները՝ Թուրքիան և Հունաստանը, առճակատում են տասնամյակներ շարունակ։

​Քանզի խոսեցինք ՆԱՏՕ-ի մասին, փաստենք, որ ՀԱՊԿ-ը շատ ավելի միակենտրոն է։ Դա երևում է թեկուզ երկու կազմակերպությունների բյուջեների վերլուծությունից։ Տեսեք։ 2015 թվականի տվյալներով` Ռուսաստանն ապահովում էր ՀԱՊԿ-ի տարեկան բյուջեի մոտ 50 տոկոսը, այսինքն` ուղիղ կեսը։ Մնացած 5 երկրներին բաժին էր հասնում 10-ական տոկոս։ Անկեղծ ասեմ՝ այդպես էլ ստույգ տեղեկություն չգտա, թե որքան է մուծում Հայաստանը, բայց քանի որ, օրինակ, Բելառուսի բաժինը հայտնի է՝ ավելի քան 500 հազար դոլար, որոշ մասնագետներ համոզված են, որ Հայաստանն էլ է մոտավորապես այդքան տալիս։ Այնինչ, ՆԱՏՕ-ի ամենահզոր անդամը՝ ԱՄՆ-ը, մուծում է այդ կազմակերպության բյուջեի ընդամենը 16 տոկոսը, ընդ որում, ճիշտ այդքան էլ բաժին է հասնում Գերմանիային։

Փաշինյանն ու Ալիևը համաձայնությա՞ն են եկել. Սյունիքի նախկին մարզպետը` իրավիճակի մասին

​Պետք է իհարկե հաշվի առնել, որ մոտ կես միլիոն դոլար տարեկան մուծելով` ՀԱՊԿ-ի անդամները շահում են՝ կարող են ժամանակակից զենք ձեռք բերել Ռուսաստանի ներքին գներով։ Այնինչ Ադրբեջանն, օրինակ, նման հնարավորություն չունի, թեև հաստատ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ Անկարան Բաքվին համոզել է՝  ինչների՞դ է պետք ռուսաստանյան զենքը, մենք ձեզ անսահման քանակությամբ զենք կվաճառենք ավելի շահեկան պայմաններով, քան Ռուսաստանը։ Էլ չեմ ասում այն մասին, որ նավթից ու գազից ստացված եկամուտներն Ադրբեջանին թույլ են տալիս ամենաժամանակակից դրոնները գնել, ենթադրենք, Իսրայելից։

​Եվ վերջապես չպետք է մոռանանք, որ ՀԱՊԿ-ը բոլորովին էլ հայ-ադրբեջանական առճակատման նման ռազմական հակամարտությունների կարգավորման նպատակով չի ստեղծվել, այլ հիմնականում ահաբեկչության, ծայրահեղականության, թմրամիջոցների տեղափոխման, անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար։ Սա՝ մեկ։ Եվ երկրորդ՝ ախր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամները միասնական ռազմավարություն էլ չունեն հակամարտությունների կարգավորման բարդագույն հարցում։

Սա ես չեմ ասում։ Հենց մի կես տարի առաջ՝ 2020-ի դեկտեմբերին կայացած ՀԱՊԿ-ի հերթական նիստի մասնակիցներից ոմանք են նշել այդ փաստը, իսկ դա նշանակում է, որ եթե հայ-ադրբեջանական հակամարտությունն անմիջական վտանգ չի ներկայացնում, ասենք, Բելառուսի կամ Ղրղզստանի համար, դժվար թե այդ հեռավոր երկրները մեծ շահագրգռություն ցուցաբերեն նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում ամրագրված շատ կոնկրետ պարտավորության առկայության դեպքում՝ կազմակերպության մի անդամի դեմ ոտնձգությունը դիտվում է որպես ոտնձգություն ողջ կազմակերպության հանդեպ։ Որտեղի՞ց է գալիս այդ անտարբերությունը։ Ախր բոլորն էլ հրաշալի հասկանում են՝ միջամտությունը շատ մեծ ավելորդ գլխացավանք է։

Ինչո՞վ են տարբեր հայերն ու հրեաները. ՀՀ–ի անհաջողության և Իսրայելի հաջողության գրավականը

​Եվ այնուամենայնիվ վերջում ուզում եմ ասել՝ կարելի է տարբեր կերպ վերաբերվել ՀԱՊԿ-ին,  բայց եթե քո հայրենիքին վտանգ է սպառնում, դու ուղղակի պարտավոր ես օգտագործել բոլոր հնարավորությունները։

21
թեգերը:
Ադրբեջան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Սահման, Սյունիք, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
«Նախկիններ, նախկիններ...» ստեղծագործությունը իշխանությունների քաղաքական հիթն է դարձել
Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ

Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին

243
(Թարմացված է 09:35 14.05.2021)
Ինչպես հայտնի է, Հայաստանը պտղաբեր հողերի պակաս ունի։ Հարց է ծագում` ի՞նչ կարելի է անել երկիրը մթերքով ապահովելու համար։ Sputnik Արմենիայի թղթակիցը հիշեցնում է մի մեթոդ, որին պետությունը դեռևս լուրջ ուշադրություն չի դարձնում։

Կար ժամանակ, երբ Հայաստանի պատվավոր հյուրերին Մատենադարանից, հռչակավոր կոնյակի գործարանից և Մարտիրոս Սարյանի արվեստանոցից բացի, տանում էին նաև Երևանի ծայրամասերից մեկը։ 60-ականների կեսեր։ «Ամենաամենաների» ցանկում ներառված տեսարժան վայրը՝ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ։

Ինչո՞վ է լավ հիդրոպոնիկան։ 90-ականների հուշերից․ Երևանի Թումանյան և Հանրապետության (այն ժամանակ՝ Ալավերդյան) փողոցների անկյունում բազմահարկ շենք կա, այն տարիներին այդ շենքում էր տեղակայված մշակույթի նախարարությունը։

Հարևանությամբ ապրողները (իսկ ես հենց հարևանությամբ էի ապրում) չէին կարող չլսել աքաղաղի զրնգուն ծուղրուղուն, որն ամեն առավոտ լսվում էր վերևներում ինչ-որ տեղից։ Վեր նայելով` կարելի էր որոշել ձայնի աղբյուրը․ աքլորները կանչում էին նախարարության շենքի հարթ տանիքից, իսկ թե ինչ էին նրանք անում այդ տանիքին, մնում էր գուշակել։

-Հա, տիկին Գոհարն է` հարևանուհիս, տանիքին հավ է պահում, կանաչի, բանջարեղեն է աճեցնում, նաև սունկ, ելակ։ Ընտանիքն է կերակրում, ավելացածն էլ վաճառում է,-բացատրեց մշակույթի նախարարության դիմացի շենքում ապրող հին ընկերս՝ բանասիրության պրոֆեսոր Ալբերտ Շարուրյանը։

-Կարո՞ղ ես ծանոթացնել։

-Հեշտ ու հանգիստ։

․․․Ագրոքիմիական պրոբլեմների ինստիտուտի նախկին աշխատակից տիկին Գոհարն ինձ տարավ շենքի տանիք` ընթացքում փառաբանելով ակադեմիկոս Գագիկ Դավթյանին (Հիդրոպոնիկայի ինստիտուտի հիմնադրին և առաջին տնօրենին) և հայհոյելով իշխանություններին` գիտությունը մոռացության մատնելու համար, մինչդեռ․․․

- Ինքդ կտեսնես,-տիկին Գոհարը բացեց տանիքի դուռը, և ինձ մնում էր տեսնել ու զարմանալ։

Իսկ զարմանալու բան կար։ Շարքով արկղեր՝ արհեստական լցանյութի (հողի փոխարինիչ) վրա աճող սամիթով, համեմով, հատապտուղներով։ Մեծ ծաղկամաններում՝ ցածրիկ խնձորենիներ և տանձենիներ, քիչ այն կողմ` հավաբուն՝ վերոնշյալ զրնգուն աքաղաղի գլխավորությամբ։ Վերևում երկինքը չէր երևում. հարթակի վրա պոլիէթիլենային վարագույր էր, պատի տակ՝ թասերի և դույլերի մեջ` քարե փշրանքի և ինչ-որ անորոշ զանգվածի խառնուրդ։

Տիկին Գոհարի՝ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի նախկին կրտսեր գիտաշխատողի բացատրություններից․

-Բույսերը, որոնք նման ձևով են խնամվում, հիվանդություններ չունեն, իսկ պտուղները պահպանում են իրենց հատկություններն ու համը։ Բայց դրա համար պետք է կայուն միկրոկլիմա պահպանել, հավասարակշռված սնուցում տալ և բերքը ճիշտ ժամանակին հավաքել։

Իջնենք բարձր տանիքից ու վերադառնանք երկրային խնդիրներին։ ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհում ամեն տարի կրճատվում է պտղաբեր հողերի մակերեսը։ Հայաստանում` նույնպես։

Ընդամենը մեկ տարում (2014-ից մինչև 2015թ.) այն կրճատվել է 800 հեկտարով, և այդ ժամանակից ի վեր մենք կորցնում ու կորցնում ենք (էլ չասենք պատերազմի և հետպատերազմական քաղաքականության հետևանքով հողերի կորստի մասին): Իսկ մեզ մոտ, ինչպես Ֆրունզիկն էր ասում. «Թանկագինս, հասկանո՞ւմ եք, մեզ մոտ լեռներ են, լեռներ...»: Լեռները կազմում են Հայաստանի տարածքի ավելի քան 90 տոկոսը, ընդամենը մոտ կես միլիոն հեկտար վարելահող է մնում։

Մինչդեռ հիդրոպոնիկայի համար, ինչպես պարզվեց, լեռները ոչ միայն վատ չեն, այլև հենց այն են, ինչ պետք է։ Հիդրոպոնիկայում կիրառվող ամենատարածված (բայց բնավ ոչ միակ) լցանյութը գրանիտի խճաքարն է։ Մեր երկրում գրանիտ ամեն տեղ չկա, իսկ այն բազմաթիվ կիլոմետրեր տեղափոխելը չափազանց թանկ է։ Ուստի այն հաճախ փոխարինում են հրաբխային տուֆով. իր ծակոտկենության և մեծ քանակի խոնավություն պահելու հատկության շնորհիվ դա հենց այն է, ինչ պետք է։

…Ակադեմիկոս Գագիկ Դավթյանը մեծ ապագա էր խոստանում հիդրոպոնիկային, նրան հավատացին, և որպեսզի խոսքը գործ դարձնելն ավելի հեշտ լինի, խորհրդային տարիներին չլսված-չտեսնված քայլի դիմեցին. գիտնականին նշանակեցին Հայաստանի Մինիստրների խորհրդի փոխնախագահ։ Այդպիսով, ԵՊՀ նախկին ռեկտորի (1957-1961թթ.), այնուհետև ամբողջ ԽՍՀՄ-ում հայտնի դարձած ինստիտուտի տնօրենի կենսագրության մեջ նոր տող գրվեց։

-Մենք նախատեսում ենք հիդրոպոնիկ բերքը մոտեցնել օրգանականին։ Դրա համար բույսերը կսնուցենք ոչ թե հանքային, այլ օրգանական պարարտանյութերով, մանրակրկիտ կընտրենք լցանյութերը և կօգտագործենք վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդներ,-հարցազրույցներից մեկում պատմել է ակադեմիկոս Դավթյանը։

Հիդրոպոնիկ բերքը շահավետ է նաև բերքը սպառողին արագ և առանց խնդիրների հասցնելու առումով։ Ինչպես տիկին Գոհարի մոտ էր․ այն ամենը, ինչ աճեցնում էր տանիքին, փողոցն անցնում ու տուն էր հասցնում, մնացածն էլ հանձնում էր մոտակա խանութին։

Եթե հիշենք, որ արդեն այսօր Երկրի բնակչության 50 տոկոսը քաղաքներում է ապրում, իսկ մինչև 2050թ․-ը այդ թիվը կհասնի 80 տոկոսի, մթերքն էլ գյուղերից քաղաք հասցնելը էժան չէ, ապա տանիքներից ու այլ օժանդակ կառույցներից բերք հավաքող ընկերությունները կարող էին նկատելիորեն օգնել պետությանը մարդկանց կերակրելու հարցում։

․․․Ի՞նչ է մնացել ակադեմիկոս Դավթյանից հետո, բացի Մաշտոցի պողոտայում նրա ապրած շենքի պատին ամրացված հուշատախտակից։ Մնացել է նրա անվան ինստիտուտը՝ հայտնի գիտնական Խաչատուր Մայրապետյանի գլխավորությամբ։ Բայց ի՞նչ կարող է անել գիտությունն առանց պետության աջակցության։ Տեսնում ենք։ Տխրում ենք։

243
թեգերը:
մթերք, տանիք, շենք, Հայաստան
Ըստ թեմայի
Իրանական նավթն ու հայկական ոսկին. ինչպես տապալեցին Մոսադեղի կառավարությունը
Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային
«Ավելի շատ աբսուրդ, պարոնա՛յք». ով ու ինչպես է ավերում Հայաստանը