Ռեջեփ Թայիփ Էրդողան. արխիվային լուսանկար

Էրդողանի «շպագատը». պատրա՞ստ է արդյոք Հայաստանը Անկարայում հնարավոր փոփոխություններին

2204
ԶԼՄ–ներում տարածված «օսմանյան քարտեզի» ֆոնին Sputnik Արմենիայի սյունակագիրը խոսում է այն մասին, թե Թուրքիայի առաջնորդի համար ինչի կարող է վերածվել այդքան հավակնոտ քաղաքականությունը, և թե ինչու Հայաստանում պետք է պատրաստ լինեն հարևան երկրի քաղաքական փոփոխություններին։

Արդեն մի քանի դար շարունակ Թուրքիան խուսանավելու քաղաքականություն է վարում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, հույսը դնելով այն բանի վրա, որ «գյավուրները» երբեք միմյանց հետ չեն հաշտվի։

Խաղ հակասությունների վրա

Թուրք քաղաքագետները՝ մանիպուլյացիաների և ինտրիգների վարպետները, նախկինում հիանալի խաղում էին Մոսկվայի և եվրոպական մայրաքաղաքների միջև առկա տարածայնությունների վրա, ինչը հատկապես ակնառու արտահայտվեց Սևծովյան նեղուցների հարցում։ Հենց որ Ռուսաստանը փորձում էր իր վերահսկողությունը հաստատել նեղուցների վրա, Արևմուտքն աջակցություն էր ցուցաբերում Թուրքիային՝ նրան իր կողմը ձգելով։ Եվ հակառակը` եվրոպական խաղացողներին մոտ չթողնելով այդ կարևորագույն ռազմատնտեսական զարկերակին, Ռուսաստանը թուրքերին օգնում էր ստանալ դրա վերահսկողությունը։

Օգտագործելով քրիստոնյա հզոր խաղացողների տարաձայնությունները՝ թուրքական իշխանությունները պետության ամրապնդման և ուժեղացման հետևողական քաղաքականություն էին վարում։

Էրդողանի «շպագատը»

Չնայած խուսանավելու այդպիսի տաղանդին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բազմիցս խնդիրներ է ունեցել դաշինքի իր գործընկերների հետ թե՛ 1970-ականներին Հունաստանի հետ՝ Կիպրոսի օկուպացիայի պատճառով, թե՛ 2000-ականների սկզբին՝ Իրաքում արևմտյան կոալիցիայի քաղաքականության պատճառով։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության տարիներին ՆԱՏՕ-ի հետ տարաձայնություններն ավելի խորացան։ Թուրքիայի ներկայիս առաջնորդն ավելի ու ավելի հաճախ է հրաժարվում «խաղալ Արևմուտքի կանոններով»։

Էրդողանի քաղաքականության շրջադարձային պահը դարձավ 2016թ․-ի հուլիսը, երբ երկրում ռազմական հեղաշրջման փորձ արվեց։ Ի դեպ, դա զինվորականների կողմից կազմակերպված հեղաշրջման առաջին անհաջող փորձն էր։ Նախկինում ռազմական էլիտային, որպես կանոն, հաջողվում էր կառավարումից հեռացնել իրենց համար անհարմար կառավարությանը։

Իշխանությունը պահպանած Էրդողանն աննախադեպ զտումներ իրականացրեց բանակում, ոստիկանությունում, դատական և պետական համակարգերում։ Նա վերացրեց ամբողջ ռազմական վերնախավը, որը փորձում էր զսպել նրա ախորժալը և հանդես էր գալիս ընդդեմ սիրիական արշավում Թուրքիայի մասնակցության։ Դրանից հետո կտրուկ փոխվեց նրա խաղը արտաքին քաղաքական դաշտում։ Անկարան դադարեց թաքցնել իր նվաճողական ձգտումները։ Արդեն 2016թ․-ի ապրիլին սկսվեց «Եփրատի վահան» գործողությունը և թուրքական ստորաբաժանումները ներխուժեցին Սիրիա։ Հետագա գործողությունները նրան թույլ թվեցին նոր տարածքներ օկուպացնել և ամրացնել դիրքերը ՍԱՀ-ում։

Միջազգային ասպարեզում Էրդողանն ավելի ու ավելի հանդուգն է գործում՝ ընդլայնելով ռազմական գործողությունների աշխարհագրությունը։ Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Կատարում (որտեղ Անկարան տեղակայել է իր ռազմաբազաները)։ Թուրքիայի ոչինչ չխանգարեց նաև 2020թ․-ին Ադրբեջանի կողմից խառնվել Ղաաբաղյան հակամարտությանը և քիթը մտցնել տարածաշրջան, որն ավանդաբար ռուսական ազդեցության գոտի էր համարվում։

Էրդողանը որոշել է փոխել Թուրքիայի սահմանադրությունը

Թուրքիայի նախագահը, անտեսելով գործընկերային հարաբերությունները, իրեն լկտիաբար է պահում նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամների նկատմամբ, մասնավորապես` Գերմանիայի։ Ի դեպ, նույն 2016թ․-ին, խոսելով Լոզանի պայմանագրի մասին, Էրդոգանը դժգոհեց, որ Անկարան «Հունաստանին է տվել Էգեյան ծովի կղզիները, որտեղ մզկիթներ են մնացել»։

Մինչդեռ ազանի ձայներն այդ կղզուց շարունակում են հասնել թուրքական ափ՝ Էրդողանի ականջին (միաժամանակ Թուրքիայի ղեկավարը չի նկատում, որ որոշակի քաղաքական դասավորության պարագայում կարող է զանգերի ձայն լսել Կոստանդնուպոլսում)։

Չնայած Մոսկվայի հետ «խաղերին», ժամանակակից սպառազինության ձեռբերման պայմանագրերին՝ Անկարան արդեն աչք է դրել ռուսական տարածքների վրա։ Պատահական չէ, որ բոլորովին վերջերս թուրքական հեռուստաալիքը քարտեզ ցուցադրեց՝ Ռուսաստանի հարավի (ներառյալ Կովկասը) և Ղրիմի վրա Անկարայի ազդեցության գոտու ընդլայնման կանխատեսմամբ։

Եվ թեև արդեն «շպագատ իջած» Էրդողանին տարբեր երկրների ղեկավարներ բազմիցս ճկուն քաղաքական գործիչ են անվանել, այնուամենայնիվ հույս կա, որ նրա ճկունությունը երկար չի ձգի։

Ավելորդ խաղաքար՝ շախմատի տախտակին

Չափի զգացողությունը կորցրած, նեոօսմանիզմի գաղափարներով հղի Էրդողանն ակնհայտորեն սկսել է խանգարել Արևմուտքին։ Ավելի ու ավելի հաճախ են թե՛ ԱՄՆ–ի, թե՛ Եվրոպայի բարձրաստիճան քաղաքական գործիչները խոսում Անկարայի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։

Բացառված չէ, որ ՆԱՏՕ-ի առանցքային խաղացողները, որոնց համար ավելի ու ավելի դժվար է դառնում համոզել կապը կտրած թուրք առաջնորդին, կարող են եզրակացության գալ, որ ավելի հեշտ է «գահընկեց» անել Էրդողանին, քան տարեցտարի նրա հետ պայմանավորվելու անօգուտ փորձեր ձեռնարկել։ Թուրքիայում հեղաշրջումների ավանդույթը դեռ ոչ ոք չի չեղարկել, անգամ չնայած նրան, որ դրանցից վերջինը, ինչպես ավելի վաղ նշվեց, ձախողվեց։

Իսկապես, Էրդողանին իշխանությունից հեռացնելը կօգներ հանդարտեցնել (գոնե որոշ ժամանակով) Թուրքիային՝ նրա կայսերական հավակնություններով հանդերձ։

Իզուր չէ, որ Թուրքիայի առաջնորդի նախկին կողմնակից (իսկ այժմ ընդդիմադիր), նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն բոլորովին վերջերս «բարեկամական նախազգուշացում» տվեց Էրդողանին՝ վերջինիս համար շուտափույթ «գահընկեցություն» կանխագուշակելով։

«Թուրքական բանակը կարող է մի գիշեր գնալ այնտեղ». Էրդողանը սպառնացել է Սինջար մտնել

Մենք հիմա չենք գնահատի հարևան երկրում իրավիճակի նման զարգացման հավանականությունը։ Մեզ ավելի շատ ուրիշ բան է հետաքրքրում` արդյո՞ք Հայաստանը պատրաստ է նման սցենարի։ Պատրա՞ստ է արդյոք սցենարի, որում Արդբեջանը կմնա առանց «ավագ եղբոր» աջակցության, որը Արցախից շատ ավելի լուրջ խնդիրներ կունենա։

Ոչ ոքի խաղալու` Հայաստանի ձգտումը

Երբ միջազգային վեհաժողովների ժամանակ մեր ղեկավարությունը հիշում է Հայաստանի երբեմնի փառքը՝ Տիգրան Մեծի նվաճումների օրինակով, մենք չեն նյարդայնացնում արտասահմանյան գործընկերներին, ինչպես փորձում են ներկայացնել որոշ վերլուծաբաններ, այլ ավելի շուտ ծիծաղեցնում ենք նրանց։ Գործնական Արևմուտքի համար անհասկանալի են հղումները մեր թվարկությունից առաջ ապրած հայ արքայի պատմությանը։

Մինդեռ չէր խանգարի, որ մենք ավելի հաճախ հիշեինք նաև մյուս Տիգրանին՝ ոչ թե թագավորին, այլ շախմատիստին։ Ինչպես հայտնի է՝ Տիգրան Պետրոսյանը հոյակապ խաղացող էր և աշխարհի չեմպիոն, սակայն խաղերի մեծ մասը ոչ ոքի էր ավարտում, ինչի համար նրան հաճախ անվանում են «ոչ ոքիի արքա»։ Այդպես էլ հայերը վերջին տաստնամյակների ընթացքում բանակցությունների սեղանի շուրջ փորձում էին ոչ ոքի խաղալ` պահել այն, ինչին հասել էինք 1990-ականներին, չափազանց թույլ և անհաջող փորձեր (առաջին հերթին՝ դիվանագիտական) ձեռնարկելով արցախյան առաջին պատերազմի հաղթանակն ամրապնդելու և զարգացնելու համար։

Իհարկե, «հայի վերջին խելքով» բոլորս էլ խելոք ենք։ Բայց փորձը ցույց է տալիս, որ կյանքը շախմատ չէ և ոչ-ոքիի տրամադրվելու դեպքում հաճախ կարելի է պարտության հասնել։ Հայերին ուժեղ հարված են հասցրել, բայց դա դեռ չի նշանակում, որ խաղը շահելու հնարավորություն այլևս չի լինի։ Պետք է համբերություն ցուցաբերել, որը չի կարելի շփոթել հնազանդության հետ։ Եվ երբ պահը գա, ապա ոչ միայն մեր զինվորականները, այլև մեր դիվանագետները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն արդեն ոչ թե ոչ-ոքիի, այլ իրական հաղթանակի համար։

Շուտով Էրդողանը կհեռացվի իր թիմի կողմից. Դավութօղլու

Այլ կերպ ասած` ինչպես ասում է «Գարնան տասնյոթ ակնթարթ» լեգենդար խորհրդային ֆիլմի հերոսը՝ Վերմախտի գեներալը Շտիրլիցին (որը նրա հետ հանդիպելիս ներկայացել էր որպես ԱԳՆ աշխատակից)՝ «եթե դուք՝ անիծյալ դիվանագետներդ, նորից ամեն ինչ խառնեք, ձեզ կոչնչացնեն, բոլորիդ հատ-հատ»։

Այլաբանորեն է ասված, բայց երգից բառերը չես հանի․ Հայաստանի քաղաքական էլիտան այլևս սխալվելու իրավունք չունի։

2204
թեգերը:
Հայաստան, Թուրքիա, Անկարա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
«Գահերի խաղը»՝ արցախյան ճանապարհին․ Երևանի և Բաքվի խաղադրույքները
«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում
Ընդդիմության տեղապտույտը, կամ ինչ է թաքնված Շուշիի մասին Փաշինյանի խոսքերի տակ
Դոնալդ Թրամփի կողմնակիցները Կոնգրեսի շենքի մոտ. 7 դեկտեմբերի, 2021

Ովքե՞ր և ինչո՞ւ էին սպասում Թրամփի վերադարձին մարտի 4-ին

92
(Թարմացված է 21:41 05.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ամերիկացիները լավ պրծան։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ երկրի իրավապահ մարմինները տեղեկություններ ունեին, որ մարտի 4-ին ծայրահեղականները կրկին հարձակվելու էին Կապիտոլիումի, այսինքն՝ իրենց պառլամենտի շենքի վրա։

Դոնալդ Թրամփը, որի վերադարձին սպասում էին մարտի 4-ին, այդպես էլ չվերադարձավ

Կոնգրեսի ստորին պալատի անդամները նույնիսկ որոշեցին անվտանգության նկատառումներով չեղյալ հայտարարել հինգշաբթի օրվա իրենց նիստը։ Ինչպես հայերն են ասում՝ շառից հեռու։ Բայց սենատորներն այնուամենայնիվ տղամարդ գտնվեցին և նիստ արեցին, չնայած լրիվ իրավունք ունեին ձեռնպահ մնալու, հիշելով հունվարի 6-ի դեպքերը, երբ Կապիտոլիումի վրա հարձակում ձեռնարկվեց։ Երևի հիշում եք՝ այն ժամանակ զոհվեց 5 մարդ, դեմոկրատները պնդեցին, թե հենց նոյեմբերյան ընտրություններում պարտված Դոնալդ Թրամփն է սադրել մարդկանց և դրդել նրանց հարձակվել խորհրդարանի վրա։ Կոնգրեսում իմպիչմենտ նախաձեռնվեց, այն էլ աննախադեպ իմպիչմենտ, որովհետև մինչ այդ Ամերիկայի որևէ նախագահի նկատմամբ երկրորդ անգամ պաշտոնազրկելու գործընթաց չէր նախաձեռնվել, բայց Սենատը արդարացրեց Դոնալդ Թրամփին։

​Կարող եմ ենթադրել, որ հիմա ձեզ մոտ հաստատ բնական հարց է ծագել՝ բայց ինչու էր Կոնգրեսի վրա երկրորդ հարձակումը սպասվում հենց մարտի 4-ին։ Ուղղակի մինչև 1933 թվականը Ամերիկայի բոլոր նախագահների պաշտոնադրման արարողությունը միշտ տեղի էր ունենում նույն օրը՝ մարտի 4-ին։ Բայց մոտ 90 տարի առաջ ընդունվեց ԱՄՆ-ի Սահմանադրության 20-րդ ուղղումը, որով այդ արարողության ամսաթիվը փոխվեց, և այժմ, ինչպես գիտեք, ամերիկացի նախագահները երդում են տալիս հունվարին։ Բայց կա Ամերիկայում առնվազն մի շատ տարօրինակ կազմակերպություն, որը շատ է նման աղանդի, և դրա հետևորդները չգիտես ինչու, հավատում են, թե Թրամփը կարող էր «օրինական հիմքերով» վերադառնալ Սպիտակ տուն հենց մարտի 4-ին ու կդառնար Ամերիկայի 19-րդ նախագահը Ուլիս Գրանտից հետո, որը պաշտոնավարել է 1869-ից մինչև 1877 թվականը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ինչո՞ւ են «Քենոն» կոչվող կազմակերպության կամ աղանդի անդամները Ամերիկայի պատմությունից դուրս թողնում մի հսկա հատված և համարում, որ 1871 թվականից հետո ընդունված բոլոր օրենքները որևէ իրավական ուժ չունեն։ Ուղղակի այդ թվականին Ամերիկայի իշխանությունները կազմավորեցին, այսպես կոչված, Կոլումբիայի շրջանը, որտեղ, ինչպես հայտնի է, գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը։ «Քենոնի» անդամները համոզված են, որ նման իրավասություն կառավարությունը չուներ այն պարզ պատճառով, որ երկիրը կազմված է նահանգներից, հենց այդպես էլ կոչվում է Միացյալ նահանգներ, այլ ոչ թե նահանգներ և շրջան։ 

​Ավելին, ծայրահեղականները համոզված են, որ չպիտի լինեն դաշնային, այսինքն բոլոր բնակիչների համար պարտադիր օրենքներ, քաղաքացին չպետք է հարկեր մուծի՝ սա, իհարկե, որոշ հայաստանցիների սրտով է, և վերջապես ազգային տարադրամ՝ դոլար, չպիտի գոյություն ունենա, քանզի այդ դոլարը սահմանափակում է մարդկանց անձնական իրավունքները։ Այ սա հազիվ թե դուր գա հայաստանցիներին, որոնք թե դոլարով փող են ստանում արտերկրից, թե իրենց կուտակումներն են առաջվա պես դոլարով պահում, չնայած մեր հարազատ դրամը, կարծես թե, վաղուց է ապացուցել իր կենսունակությունը։

Չգիտեմ՝ արդյո՞ք Վաշինգտոնում իրավապահները ժողովրդից անթաքույց պաշտպանում էին իրենց հարազատ պատգամավորներին լուսաձայնային սարքերով, ինչպես մեր Ազգային ժողովի բակում՝ Բաղրամյան պողոտայում ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ, բայց փաստն այն է, որ Կապիտոլիումի վրա հունվարյան հարձակումից հետո, ինչպես տեղեկացնում է ԲիԲիՍի-ն, աշխատանքից ազատվել է ամերիկյան պառլամենտի պահպանության գլխավոր պատասխանատուն։

​Եվ վերջում այն մասին, թե արդյոք ոմանք իրոք ցանկանում էին, որ Թրամփը հետ գա և կարգ ու կանոն հաստատի Ամերիկայում, և ինչու չստացվեց։ Այն, որ ուզում էին՝ նույնիսկ Ամերիկայի Հետաքննությունների դաշնային բյուրոն և Ներքին անվտանգության նախարարությունն են հաստատում։ Նրանց տվյալներով, դեռ այս տարվա փետրվարին ծայրահեղականները Կապիտոլիումի վրա հարձակվելու ծրագրեր էին կազմում և մտադիր էին 4 հազար ամերիկացի հավաքել մարտի 4-ին Կոնգրեսի շենքի մոտ։

Դժվար է ասել, թե ինչը խանգարեց՝ միգուցե լավ չէին մշակել ծրագրերը, միգուցե Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, այդքան մեծ հեղինակություն չի վայելում։ Սակայն վարկածներից մեկն էլ սա է՝ մարդիկ չուզեցին դիպուկահարների զոհ դառնալ։ Իհարկե, եթե այդ դիպուկահարները կային։

92
թեգերը:
իմպիչմենտ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

388
(Թարմացված է 11:48 05.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

388
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Վանեցյանն ասաց` ինչ կլինի, եթե Փաշինյանի օրոք ընտրություն կազմակերպվի

0
Արթուր Վանեցյանի խոսքով` հանրային ճնշման արդյունքում Նիկոլ Փաշինյանն ի վերջո հեռանալու է։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս, որ նա չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ, և եթե դրանք կազմակերպվեն Փաշինյանի վարչապետությամբ, չեն վայելելու ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ քիչ անց Բաղրամյան պողոտայում կմեկնարկի Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքը։

«Մեր օրակարգից չենք շեղվում. Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իսկ թե ով պետք է լինի իշխանության՝ կորոշի ժողովուրդը, սակայն Փաշինյանը վերջին շրջանում ցույց տվեց, որ ինքն ի վիճակի չէ շարունակել ՀՀ վարչապետ լինել»,–ասաց նա։

Վանեցյանի խոսքով` հանրային ճնշման արդյունքում Փաշինյանն ի վերջո հեռանալու է։

Նա նշեց նաև, որ սկզբում իշխանությունները փորձեցին ընդդիմության պայքարը վերածել նախկինների և ներկաների կռվի, սակայն հանրությունը հասկացավ, որ խոսքն ավելի լուրջ բաների մասին է` երկրի ապագայի հարցն է։

Ավելին, ըստ Վանեցյանի, կան մարդիկ, որոնք չունեն Հայրենիքի փրկության շարժման նկատմամբ համակրանք, սակայն գնում են Բաղրամյան պողոտա` իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելու։

0